Էլիզաբեթ Հարությունյանի բոլոր հրապարակումները

Հանդիպում վարպետի հետ

-Ժողովուրդ, շարք կանգնեք, գալիս է։

-Յամէ, սենսենի ռեյ…

-Օս…

Բոլորը շունչները պահած, հայացքները դեպի մուտքի դուռը, սպասում էին… Սպասում էին ճապոնացի վարպետ Հիդեո Օչիին։

Կարծում եմ, հիմա դու էլ որոշակի զարմանքով կարդում ես, որ հասկանաս, թե ինչ եմ գրել։ «Յամէ, սենսենի ռեյ» նշանակում է՝ «Պատրաստ, խոնարհվիր ուսուցչին, որպես հարգանքի նշան», իսկ «Օս» նշանակում է՝ այո, լսում եմ կամ հասկացա։

Սկսեմ ամենասկզբից: Մայիսի 5-ին Հայաստան էր ժամանել ճապոնացի կարատեի վարպետ Հիդեո Օչին, և անցկացվեց սեմինար, որին ես մասնակցում էի։ Եվ հենց այս բառերով էլ սկսվեց մեր սեմինարը։

Ով է Օչին, արդեն հասկացավ ընթերցողը, բայց ցանկանում եմ մի փոքր էլ պատմել այս զարմանալի մարդու մասին։Հիդեո Օչին ծնվել է 1940 թվականի փետրվարի 29-ին՝ Ճապոնիայի Սայձյո քաղաքում: Շոտոկան կարատեով զբաղվել սկսել է 14 տարեկան հասակում։ 1970 թվականին Հիդեո Օչին Մասատոշի Նակայամայի կողմից ուղարկվել է Գերմանիա՝ փոխարինելու JKA Գերմանիայի գլխավոր մարզիչ Հիրոկազու Կանազավային։ Նրա գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը երեք անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում:
Շատ չձանձրացնելու համար պատմեմ իմ տպավորությունները այս մարդու մասին։
Երբ ես կարդում էի Օչիի կենսագրությունը մտածեցի, որ խիստ և շատ լուրջ անձնավորություն է, սակայն երբ տեսա, առաջին տպավորությունը այսպիսին էր. «Ինչ բարի պապիկ է»։  77 տարեկան այդ պապիկը ողջ սեմինարի ընթացքում ժպտում էր և ծիծաղում, գուցե և մեզ վրա, չգիտեմ, բայց հաճելի էր հետևել նրան և հատկապես նրա ժպիտին։

elizabet harutyunyan exvard

Տան ուրվականները

-Շըշշ…

-Հը՞, տեսա՞վ։

-Չէ, Էլիզ, ես հլը իրան չեմ տեսել, սուս, որ չգա մեզ գտնի։

-Մեզ կուտի՞։

-Որ սուս մնաս՝ չէ։

-Ես քնում եմ, որ գա՝ կարթնացնես։

-Էլի՜զ, Էլիզա՜, աղջի, հելի, ինձ մենակ մի՛ թող։

Տարօրինա՞կ է թվում։ Էլ մի զարմացեք ու ծիծաղեք, բոլորդ էլ վախեցել եք տան ուրվականներից ու հրեշներից։

Դե հիմա պատկերացրեք. ես ու հորեղբորս աղջիկը պահարանում, կծկված նստած ենք։ Ձմեռ, կարճ օրեր ու երկար գիշերներ։ Ժամը ութն է, և դրսում մութ է, տան լույսերը՝ անջատված, պատուհանից այն կողմ քամին տակնուվրա է անում ողջ քաղաքը, իսկ ես ու քույրս թաքնվում ենք։ Կարո՞ղ եք ասել՝ ինչից։ Հա, հա, հենց էն հրեշից, որ գոյություն չունի։ Լավ, հերիք է ծիծաղեք: Մի՞թե դուք էլ չեք եղել փոքր։ Զարմանում եմ հիմա. թաքնվում էինք մահճակալի տակ ապաստանած հրեշներից, իսկ պահարանի միջի հրեշներին հյո՞ւր էինք գնացել։

Լավ, հրեշները հասկացանք, բա լույսե՞րը, ինչի՞ չէինք միացնում։ Մենք ենք մեր վախը ստեղծողը։

-Էլիզ, լսո՞ւմ ես։

-Ա՜, էդ ինքն ա՞։

-Չգիտեմ, Էլիզ, ամեն դեպքում իմացի, որ ես քեզ շատ էի սիրում ու… Հա՜, հիշո՞ւմ ես, որ Նոր տարուն դիմակդ պատռվել էր, էդ ես էի արել, կներե՜ս քուրիկ։

Դռան ճռճռոցներ… Անցավ տասը վայրկյան լռության մեջ, բացվեցին պահարանի դռները։ Խավարի սարսափի մեջ տեսանք մի լույս, մի սիլուետ՝ մայրս էր։

Վա՜խ, մանկություն, ինչ քաղցր, ինչ հեռու ես դու արդեն։ Մանուկ, մի արարած, ում երևակայությունը չունի ո՛չ սկիզբ և ո՛չ էլ վերջ։

elizabet harutyunyan exvard

Կորեական դրամա

Համացանցով շփվում էի ընկերուհուս հետ, որին երկար ժամանակ չէի տեսել։ Հանկարծ խոսակցությունն ընդհատեց նրա այս խոսքը.

-Էլի՛զ, լրջացի՛, հիմա իրական պատմություն եմ պատմելու։
-Ապա՞։
-Այսօր նստած էի, մեկ էլ օդում մի հոգնած թթվածին տեսա։
-Ա՜զ, ես քեզ ինչքան բացահայտեմ, մեկ է՝ դեռ բացահայտելու տեղ կունենամ։ Լավ, շարունակի՛ր։
-Հա՛, լսի. ոտքը դրեց ածխաթթու գազի վրա ու սահեց։
-Հետո՞։
-Օգնության հասան քլորն ու ազոտը։
-Բա վե՞րջը։
-Էլ ի՞նչ վերջ, էս ածխաթթու գազը խեղճ թթվածնին տարավ «Կիսաբաց թոքեր»։
-Վա՜յ, ինչո՞ւ։
-Պարզվեց՝ ազոտը թթվածնի մայրն էր, ու իրեն մայրական իրավունքներից զրկեցին։
-Լա՛վ, բա դու ի՞նչ արեցիր։
-Մի հատ հազացի, ամեն ինչ ընկավ իր տեղը։
-Ազնա՞ր, բա չխղճացի՞ր։
-Դե, ես էլ էի կապվել արդեն իրենց հետ, ալերգիաս ու փոշին էին պատճառը։
-Փաստորեն ալերգիադ չէր սիրում էդ սերիալը։
-Պարզվեց, որ չէ, չէր սիրում։
-Լա՛վ, Ազ, քեզ մի հարց ունեմ՝ քիմիայի ժամի՞ն էիր պարապ մնացել, թե՞ վերջին նայածդ դրաման հետաքրքիր չէր։

Դե, մենք երկուսով հետաքրքրված ենք կորեական դորամաներով։ Ահա այստեղից էլ զարգացել է մեր երևակայությունը, բայց այսպիսի պատմության ոչ մի կերպ չէի սպասում։

-Էլ մի ասա, մի քանի դրամա պիտի դուրս գա, սպասում եմ դուրս գան, որ նայեմ, ու ձանձրույթս անցնի։
-Դե, հաջորդ անգամ եթե այսքան հետաքրքիր պատմությունների մեջ ընկնես, ինձ էլ կանչիր։

elizabet harutyunyan exvard

Բու, էլի քայլում եմ

Քայլ առ քայլ մոտենում եմ քեզ։ Իմ ընկերները անշունչ են, ոչնի՞նչ։ Թուղթ, գրիչ, որ գրեմ՝ ինչ եմ զգում, ախր, ասելն անհնար է, ոչ ոքի չի հետաքրքրում այն, ինչը դու ես ուզում ասել: Բոլորն ուզում են, որ դու ասես լոկ այն, ինչ իրենք են ուզում լսել։ Դրա համար ես ուղղակի կլռեմ ու կգրեմ, նրանք ովքեր կուզենան լսել ինձ, թո՛ղ կարդան։ Թուղթ, մատիտ, որ նկարեմ. ես երբ հիասթափված եմ, նկարում եմ։ Հեռախոս, ականջակալ, որ կտրվեմ էս աշխարհից։ Որ չլսեմ այն, ինչն ինձ ստիպելու է մատիտը ձեռքս վերցնել։

Հա,  քայլում եմ. մեկ, երկու, երեք… Մի քանի քայլ արել եմ դեպի քեզ, դեռ շատ կա, բայց քիչ մնաց։ Սպասո՞ւմ ես ինձ, իմ աղջիկ, թե՞ դեռ լեզու չես առել։ Դեռ անունդ էլ չգիտեմ, կարծեմ դեռ չես էլ ծնվել, բայց անունդ Էրլին կդնեմ։
Անհասկանալի՞ է, լավ սկսեմ սկզբից։ Դուք գիտե՞ք մանկատունն ինչ բան է։ Դա մի վայր է, որտեղ օթևանում են անտուն երեխաները։ Դու հիմա տանն ես, չէ՞, կամ էլ գիտես, որ տեղ ունես վերադառնալու, ուր քեզ սպասում են։ Իսկ նրանց չեն սպասում։ Պատկերացրեցի՞ր: Հա, շատ դժվար է պատկերացնելը, բայց դու փորձիր։ Ես տեսել եմ այդպիսի երեխաների։ Նրանք չեն տարբերվում քեզանից, ունեն երկու ոտք, ձեռք, քիթ, աչքեր, ականջներ, բայց դրա հետ մեկտեղ տանջվում են։ Ինչի՞ց: Սիրո պակասից։ Ամեն մեկը մտածում է. «Ինչո՞ւ հենց ես»։
Մի բան ասեմ՝ չզարմանաք։ Աստված գիտի ինչ է անում։ Հավատո՞ւմ եք հրաշքների։ Իսկ ես՝ այո՛, ինձ հետ շատ անգամներ են հրաշքներ կատարվել, ու ձեզ հետ նույնպես։ Ուզո՞ւմ եք պարզաբանեմ սկզբի գրածներս։ Ես էլ հրաշք կգործեմ, մանկատան մի մանկանը իմը կդարձնեմ։ Երևի ամեն կարդացող, եթե մանկատան մեկ երեխայի որդեգրի, մանկատները կդատարկվեն, և կշատանան  ժպիտները։

Իսկ դու ի՞նչ ես մտածում, մի փոքրիկի էլ դու չե՞ս ցանկանում երջանկացնել։

elizabet harutyunyan exvard

Էլի ես ու էլի սպորտը

Երբ ես փոքր էի, ինձ զարմացնելն անչափ հեշտ էր։ Ես միշտ իմ տարիքի աղջիկներից տարբերվել եմ։ Չեմ սիրել երկար մազեր, չեմ սիրել պարել, չեմ սիրել վարդագույնը, չեմ ցանկացել լինել արքայադուստր, դեռ ավելին՝ դասարանցիներիս խաբում էի ու ասում՝ իբր գնում եմ կարատեի, մազերս ձգտում էի կարճ կտրել, աղջիկների հետ խոսելու ընդհանուր թեմաներ կարծես թե չունեի, իսկ տղաներին անդադար նեղացնում էի։ Ու ծնողներիս միշտ խնդրում էի, որ ինձ տանեն կարատեի։ Հա՜, մոռացա ասել, որ այդ ժամանակ 9 տարեկան էի։ Փոքր էի, չէ՞։ Ինչպես ասում է տատիկս՝ «մեյմուն» եմ եղել։

Ծնունդիցս օրեր անց հայրս, ձեռքիցս բռնած, ինձ տարավ որևէ «սպորտի տալու»։ Սկզբում ոտք եմ դրել մի սպորտդահլիճ, որտեղ ձյուդո էին պարապում, ու սարսափահար փախել եմ, հետո՝ ըմբշամարտ, հետո՝ սամբո։ Շարունակ վախկոտի նման փախչում էի։ Շուտով հայրիկիս հետ առաջին անգամ ոտք դրեցի մի սպորտդահլիճ, որտեղ առաջին անգամ տեսա հիմա ինձ արդեն հարազատ ուսուցչիս և ընկերներիս։ Տարիները ձգվում էին մեկը մյուսի հետևից, և արդեն 7 տարի է, ինչ ես զբաղվում եմ կարատեով։

Ջեյ Քեյ Էյ (JKA) Արմենիա շոտոկան կարատեի ֆեդերացիան միակ և բացառիկ կարատեի կազմակերպությունն է, որը համալսարաններում և միջազգային կառույցներում ևս սկսեց անցկացնել պարապմունքներ և մարզումներ։
1957 թվականին Ճապոնիայում տեղի ունեցավ JKA-ի առաջին կարատեի առաջնությունը։ Այս ընթացքում կարատեի ուսուցման համակարգը ապրեց իր հետագա զարգացումն ու մշակումը և ընդլայնեց իր մասնաճյուղերը ողջ Ճապոնիայի տարածքով։ 2016 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Սևակ Հակոբյանը պաշտոնապես գրանցեց JKA Armenia-ի Ամերիկյան մասնաճյուղը, որը ստեղծեց սպորտային յուրահատուկ կամուրջ երկու երկրների միջև։ Ես շատ շնորհակալ եմ մարզիչիցս՝ Տիգրան Կարապետյանից, որ ծնողներիս հետ հավասար դաստիարակեց ինձ և սիրեց հարազատ աղջկա նման։ Լինելով նրա սանը՝ ծանոթացա ուրիշ տարբեր մարզիչների հետ, որոնցից շատ բան վերցրի և դեռ վերցնում եմ։ Սևակ Հակոբյանը նույնպես, և՛ ուսուցիչ է, և՛ ընկեր, լավ մարզիչ, և՛ ուղղակի սպորտին նվիրված մարդ։ Նրանք երկուսով բացեցին իմ առջև մի ճանապարհ, որով ես որոշել եմ ուղղորդվել ողջ կյանքիս ընթացքում։

 

elizabet harutyunyan exvard

Մարդկանց մտքերը

Ես Էլիզաբեթն եմ, 15 տարեկան եմ և սովորում եմ ավագ դպրոցում: Ապրում եմ ծնողներիս հետ, չունեմ ո՛չ քույր, ո՛չ եղբայր: Մանուկ հասակում հաճախել եմ պարի դասերի և շուրջ 5 տարի եղել եմ Սոֆի Դևոյանի սաների աշակերտը: Դրանից հետո հետաքրքրվել եմ նկարչությամբ և հաճախել նկարչական խմբակների, 5 տարի սովորելուց հետո սկսել եմ նկարել դիմանկարներ, սակայն միայն սիրողական: Այդ դասերին զուգահեռ գնացել եմ կարատեի և, արդեն 7-րդ տարին է՝ զբաղվում եմ այդ մարտարվեստով: Հարցին՝ ինչո՞ւ կարատե, մի աղջկա զբաղմունք չկա՞ր, պատասխանում եմ հետևյալը. ես կարծում եմ, որ աղջիկը պետք է կարողանա ինքնապաշտպանվել, և չեմ սիրում, երբ մարդիկ հույսը դնում են ուրիշի վրա: Կարատե բառը նշանակում է «դատարկ բռունցք»:

Լրագրությամբ հետաքրքրվել եմ վաղուց, ցանկանում եմ սիրել այն մասնագիտությունը, որով հետագայում գումար եմ վաստակելու: Սիրում եմ ճանապարհորդել, բայց երկրից դուրս եղել եմ միայն փոքր հասակում մայրիկիս հետ: Մայրս, լինելով ռուսաց լեզվի ուսուցչուհի, ինձ մանկուց սովորեցրել է սիրել լեզուները: Լավ եմ տիրապետում ռուսերենին, սակայն անգլերենին՝ ոչ այնքան: Հետաքրքրվում եմ կորեական մշակույթով: Որոշ ժամանակ հաճախել եմ կորեերենի դասերի և սովորել եմ կորեերեն տառերը: Ցանկանում եմ լինել լրագրող, որպեսզի կարողանամ լուսաբանել բոլոր այն հարցերը, որոնք հաճախ անտեսվում են, և ցանկանում եմ անել այդ ամենն առանց որևէ կողմնապահության, ինչը հիմա հաճախ եմ նկատում լրագրողական աշխատանքում:

Կարծում եմ՝ մարդը մարդ չէ, եթե չունի իրեն հուզող որևէ հարց: Ինչքան էլ տարօրինակ հնչի՝ ինձ հուզում է այն, թե ինչպես են մարդիկ մտածում: Ասում են, որ պետք է ապրել սեփական կյանքով, ի՞նչ կարևոր է, թե կողքինդ ինչ է մտածում, պետք է ո՛չ խառնվել և ո՛չ էլ հետաքրքրվել: Ես չեմ խառնվում, բայց չեմ հանդուրժում «ցենզուրայից» դուրս մտածելակերպ ունեցող մարդկանց: Ինձ անչափ հետաքրքիր են դիմացինիս մտքերը: Շատ նրբություններ կան այստեղ, ախր, եթե կարդաս դիմացինիդ մտքերը, քեզ էլ նրա մեջ ոչինչ չի հետաքրքրի, և իմանալով ողջ բացասականը՝ կհիասթափվես: Եթե կարողանայի մտքեր կարդալ, ինչքա՜ն հիասքանչ մտքեր կլսեի, հանճարեղ մտքեր, որոնք շատերը չեն բարձրաձայնում: Քանի-քանի մարդկանց իղձեր կիմանայի և իրականացնելու հնարավորություն կունենայի:

Օ՜հ, ես երևի վերջապես հասկացա՝ ինչն է ինձ հուզում: