Ժաննա Սարգսյանի բոլոր հրապարակումները

Հաղթողը

Հարցազրույց «X-Factor 4» նախագծի հաղթող Էդգար Ղանդիլյանի հետ: 

 

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

-Էդգար ջան, մի քիչ պատմիր քո մասին: 

-Ես Էդգարն եմ, 20 տարեկան: Ծնվել ու ապրում եմ Գյումրիում, սովորել եմ Գյումրու ակադեմիայի մասնաճյուղում, «Իմպրորիթմ» արվեստի դպրոցում: Բարձրագույն կրթություն չունեմ, աշխատում եմ ավտոտեխսպասարկման կետում՝ որպես զոդող:

-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «X-Factor» նախագծին: Մի քիչ պատմիր նախընտրական փուլի մասին:

-Նախագծին մասնակցել եմ ընկերուհուս խորհրդով, բայց ընդհանրապես հույս չեմ ունեցել, որ կանցնեմ: Չնայած դրան՝ ժյուրիի անդամները, լսելով իմ ձայնը, «այո» ասացին, ու անցա հաջորդ փուլ:

-Իսկ մինչ նախագծում հայտնվելը այլ տեղերում երգե՞լ ես:

-Մինչ այդ չեմ երգել, ծառայել եմ հայոց բանակում: Երգել սիրել եմ շատ փոքր հասակից, մայրիկս նույնպես երգում է, երևի հենց նրանից էլ ժառանգել եմ:

-Անցար նախընտրական փուլն ու հայտնվեցիր նախագծում: Ի՞նչ զգացողություններ ունեիր. արդյոք պատկերացում ունեի՞ր, որ կհաղթես եզրափակչում:

-Նախընտրական փուլն անցնելու օրն ինձ համար երևի ամենաերջանիկն էր: Ես կարողացա ապացուցել, որ ես էլ եմ կարողանում երգել ու նպատակ դրեցի հասնել եզրափակիչ: Չհաղթել, այլ ուղղակի հասնել եզրափակիչ՝ իմ թիմի հետ միասին, բայց, ափսոս, չկարողացանք: Դրանից հետո իմ նպատակն այն դարձավ, որ մեր թիմի «տեղը հանեմ» և հաղթեմ՝ ինչպես նշել էի հաղթանակի մասին իմանալու ժամանակ:

-Ի՞նչ ես հիշում մրցույթից. ի՞նչն էր դժվար քեզ համար, ինչպե՞ս էր նախագծի շրջանակներում անցնում ժամանակդ: 

-Դժվարություններ գրեթե չեմ ունեցել, որովհետև կողքիս միշտ հավատարիմ մարդիկ են կանգնած եղել, նրանց շնորհիվ ամեն ինչ հեշտ էր թվում: «X-Factor»-ի ժամանակ մենք չէինք հասկանում, թե ինչպես էին անցնում մեր օրերը: Ամեն մի օրն ուներ իր հետաքրքրությունը: Տխրում էինք, երբ մեզանից մեկը հեռանում էր նախագծից: Հիմա շատ եմ կարոտում այդ օրերը:

-Ի՞նչ տվեց մրցույթը քեզ: Հատկապես՝ ո՞ւմ հետ մտերմացար: 

-Շատ լավ ընկերներ, ճանաչում ձեռք բերեցի: Շատ մտերմացա մեր թիմից Յուրա Ադամյանի հետ, մինչ օրս էլ մենք մտերիմ ընկերներ ենք:

-Հիմա ինչո՞վ ես զբաղվում, արդյոք հրավերներ ունե՞ս տարբեր տեղերում երգելու: 

-Այժմ նույնպես աշխատում եմ ավտոտեխսպասարկման կետում՝ որպես զոդող, հրավերներ մի քանի տեղից ունեմ, երգիս ուղին շարունակում եմ:

-Ի՞նչ հետագա պլաններ, նոր երգեր, տեսահոլովակներ ունես:

-Մի երգ ունեմ՝ «Հայրիկ»-ը, որ պետք է ձայնագրվի: Երևի մի ամսից պատրաստ կլինի, իսկ տեսահոլովակ դեռ չունեմ:

janna sargsyan lori

Առանց դիպլոմի

-Դպրոցն ավարտե՞լ ես:

-Հա:

-Բա ինչի՞ չես սովորում: Ընդունվի մի տեղ, բարձրագույն կրթություն ստացի, որ դիպլոմ ունենաս:

-Ինչի՞, դիպլոմը կարևո՞ր ա:

-Հա, բա ոնց, դիպլոմը քեզ համար նոր ճանապարհ ա բացում, նոր ուղի՝ դեպի երազանքների իրականացում, նպատակների իրագործում:

Համարյա ամեն օր տարբեր մարդկանցից լսում եմ այս արտահայտությունը: Խորհուրդներ են տալիս, տարբեր ոլորտներ առաջարկում, բայց հաշվի չեն առնում դժվարությունները:

Ինձ կհասկանա գյուղում ապրող երիտասարդների մեծամասնությունը: Մենք գիտենք, թե ինչ դժվար է Երևանում կամ մյուս քաղաքներում սովորելը և բարձրագույն կրթություն ստանալը: Հիմնական և ամենամեծ դժվարությունը դասերին ժամանակին հասնելն է. նախ պետք է տրանսպորտի ժամերը հարմարեցվեն այնպես, որ դասաժամեր բաց չթողնենք: Երկրորդ խնդիրը ֆինանսական հարցն է: Եթե հաշվում ենք տարեկան կտրվածքով, ուսման վարձից բացի՝ մեծ գումար է կազմում նաև ամեն օր դասի գնալու ու գալու գումարը: Եթե ձմեռն էլ սաստիկ է լինում, գումարվում է նաև ճանապարհների փակվելը և դրա պատճառով դասերից հետ մնալը: Կան ուսումնական հաստատություններ, որտեղ եթե բարեհաջող ես հանձնում քննությունները, ընդունվում ես անվճար բաժին: Ընդունվում ես, բայց էլի գյուղից քաղաք հասնելու դժվարությունը մնում է նույնը: Եթե հարցում անցկացնեք ՀՀ-ի հեռավոր գյուղերում, որոնք լրիվ կտրված են քաղաքից, կտեսնեք, որ շատ խելացի և բանիմաց երիտասարդներ կան, որոնք հնարավորության դեպքում կդառնան լավագույն բժիշկներ, մանկավարժներ, ֆիզիկոսներ: Հենց այդ խնդիրների պատճառով էլ դպրոցն ավարտած երեխաների մեծ մասը մնում է առանց բարձրագույն կրթության: Տղաները բանակից վերադառնալուց հետո բռնում են արտագնա աշխատանքի ճանապարհն ու այնտեղ էլ հաստատվում՝ մոռանալով իրենց հնարավորությունների մասին: Բայց ես ու այն երիտասարդները, որոնք բարձրագույն կրթություն չեն ստացել և չունեն դիպլոմ, ապացուցելու ենք, որ առանց դիպլոմի էլ կարող ենք հասնել մեծ բարձունքների:

Նավասարդ

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Ըստ ավանդության՝ մ. թ. ա 2492 թվականին Հայկ Նահապետը նետահարում է Բելին և հաղթանակ տանում բաբելոնական բանակի դեմ: Այստեղից էլ սկսվում է Բուն հայոց տոմարը: 2008թ. Հարթագյուղի միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ ձևավորվեց «Հայկյան սերունդ» նախաձեռնողների խումբը, որը նշեց Հայկի հաղթանակի և Հայոց բուն տոմարի 4500 ամյակը: 2008թ-ին Հարթագյուղից 7 կմ հեռավորության վրա գտնվող Բագեր կոչվող սրբավայրում մեծ շուքով նշեցին այդ տոնը: Ներկա էին հյուրեր տարբեր վայրերից, կատարվեցին մի շարք ծիսակատարություններ, և հյուրերը հենց տեղում ճաշակեցին հայկական թոնրի լավաշը:

Հարթագյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Հունանյանի նախաձեռնությամբ՝ 2012թ.-ին ստեղծվեց «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունը: Պատրաստվեցին Հայքից մինչև Արցախ հայկական բոլոր թագավորությունների դրոշները: Դպրոցականներից կազմված այս խումբը ամեն տարի մայիսյան հաղթանակների օրերին, մայիսի 28-ին, սեպտեմբերի 21-ին, ապրիլի 24-ին այցելություններ է կատարում Հայաստանի պատմամշակութային վայրեր: Արդեն 9 տարի մեծ շուքով է նշվում այս տոնը: Այսօր Հարթագյուղում հուշամեդալ են թողարկում և պարգևատրում Հայաստանի կյանքում մեծ ավանդ ունեցողներին:

Վարդավառը Հարթագյուղում

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Մեր գյուղում՝ Հարթագյուղում, շուտով Վարդավառ է, բոլորիս կողմից շատ սիրված ու սպասված տոներից մեկը: Մեր գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես մատուռը, որն այդ օրը իր շուրջն է հավաքում հարյուրավոր այցելուների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Զբոսաշրջիկները ժամանում են տարբեր վայրերից, իրենց ուխտն են կատարում ու երազանք պահում՝ հուսալով, որ այն կկատարվի: Դրանից հետո սկսվում է ջրելու ու ջրվելու տոնը: Հավաքվում ենք բոլորով ու սկսում ենք ջրոցին: Ջրում ու ջրվում ենք, ուրախանում և տոնի վերածում օրը: Ջրոցին ավարտելուց հետո էլ հյուրերին հրավիրում ենք ճաշելու և փորձելու գյուղի ավանդական ու համեղ ուտեստները:

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Լուսանկարը` Ժաննա Սարգսյանի

Գյուղի հեքիաթային գեղեցկությունը տոնը դարձնում է իդեալական: Հյուրերը հեռանում են մեծ բավականություն ստացած և խոստումով, որ հաջորդ տարի անպայման նորից կայցելեն:

janna sargsyan lori

Վերջին նամակը

1941թվական, Հայրենական մեծ պատերազմ: Ինչպես գիտեք, մեծ թվով հայեր են մասնակցել պատերազմին: Միշա Գաբրիելյանը նրանցից մեկն է եղել: Միշա պապը պապիս եղբայրն է: 1942թ-ին մեկնել է ռազմադաշտ և չի  վերադարձել: Որոշ ժամանակ առաջ փորձեցի տեղեկություն փնտրել նրա մասին: Շատ փնտրտուքներից հետո գտա նրա ուղարկած նամակներից: Շատ մեծ դժվարությամբ ընթերցեցի նամակները: Դե, արդեն 74 տարի է անցել: Տառերը համարյա ջնջված էին, բայց մի քանի նամակ կարողացա կարդալ: Հիմնականում պատմում է իր առօրյայի մասին, թե ինչ են անում, որտեղ են գտնվում, բարևներ է ուղարկում քույրերին և եղբայրներին, ու ամեն անգամ նամակի վերջում կրկնում նույն նախադասությունը. «Ես հետ եմ գալու, սպասեք ինձ»: Այդպես և ամեն ամիսը մեկ անգամ կամ ավելի ուշ ուղարկել է նամակներ:

Վերջին նամակը, որ ուղարկվել է 1944 թվականին, նորից նույն բովանդակությամբ ու էլի վերջում նույն նախադասությունը. «Ես հետ եմ գալու, սպասեք ինձ»: Այդ վերջին նամակից հետո ոչ պապիս, ոչ մնացած բարեկամներիս նամակ չի ուղարկել: Պատերազմը ավարտվում է, բայց էլի ոչ մի լուր: Անցնում են օրեր, տարիներ, ամեն օրվա հետ հույսը մարում է: Ծնողներիս պատմելով պապիս մայրը միշտ սպասել է իր որդուն: Մինչև վերջին օրը այդ վերջին նամակը ձեռքին սպասելով, որ որդին հետ կվերադառնա:

janna sargsyan lori

Հարթագյուղ

Ես ապրում եմ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում: Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր է: Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45 կմ: Գյուղում է գտնվում Սուրբ Նարեկ եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռը։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Հարթագյուղը, ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, հիմնադրվել է 1828թ-ին։ Գյուղը հիմնադրել են Բասենից, Մուշից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած հայերը։ Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ՝ «Ղալթախչի», որը նշանակում է՝ թամբագործ։ Հարթագյուղից հայտնաբերված հնագիտական նյութերը, Հայկական լեռնաշխարհի այլ անկյուններից հայտնաբերված նյութերի հետ միասին ներկայացնում են նախաբնիկների մեկ միասնական, ծագումնաբանորեն շաղկապված և երկարատև զարգացող մշակույթը։ Հարթագյուղից շատ են հայտնաբերվել վաղ բրոնզեդարյան նյութեր։ Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանին պատկանող նյութեր։ Հարթագյուղի տարածքում գտնվում է Խոյի հսկայական քարե կերտվածք, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեկ» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարեր» մեգալիթային համակարգը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։

Խմբագրության կողմից. Հուսանք հետագա հոդվածներումդ արդեն կպատմես գյուղի այսօրվա մարդկանց, նրանց խնդիրների, հոգսերի, ուրախությունների և առօրյա կյանքի մասին: