janna sargsyan lori

Առանց դիպլոմի

-Դպրոցն ավարտե՞լ ես:

-Հա:

-Բա ինչի՞ չես սովորում: Ընդունվի մի տեղ, բարձրագույն կրթություն ստացի, որ դիպլոմ ունենաս:

-Ինչի՞, դիպլոմը կարևո՞ր ա:

-Հա, բա ոնց, դիպլոմը քեզ համար նոր ճանապարհ ա բացում, նոր ուղի՝ դեպի երազանքների իրականացում, նպատակների իրագործում:

Համարյա ամեն օր տարբեր մարդկանցից լսում եմ այս արտահայտությունը: Խորհուրդներ են տալիս, տարբեր ոլորտներ առաջարկում, բայց հաշվի չեն առնում դժվարությունները:

Ինձ կհասկանա գյուղում ապրող երիտասարդների մեծամասնությունը: Մենք գիտենք, թե ինչ դժվար է Երևանում կամ մյուս քաղաքներում սովորելը և բարձրագույն կրթություն ստանալը: Հիմնական և ամենամեծ դժվարությունը դասերին ժամանակին հասնելն է. նախ պետք է տրանսպորտի ժամերը հարմարեցվեն այնպես, որ դասաժամեր բաց չթողնենք: Երկրորդ խնդիրը ֆինանսական հարցն է: Եթե հաշվում ենք տարեկան կտրվածքով, ուսման վարձից բացի՝ մեծ գումար է կազմում նաև ամեն օր դասի գնալու ու գալու գումարը: Եթե ձմեռն էլ սաստիկ է լինում, գումարվում է նաև ճանապարհների փակվելը և դրա պատճառով դասերից հետ մնալը: Կան ուսումնական հաստատություններ, որտեղ եթե բարեհաջող ես հանձնում քննությունները, ընդունվում ես անվճար բաժին: Ընդունվում ես, բայց էլի գյուղից քաղաք հասնելու դժվարությունը մնում է նույնը: Եթե հարցում անցկացնեք ՀՀ-ի հեռավոր գյուղերում, որոնք լրիվ կտրված են քաղաքից, կտեսնեք, որ շատ խելացի և բանիմաց երիտասարդներ կան, որոնք հնարավորության դեպքում կդառնան լավագույն բժիշկներ, մանկավարժներ, ֆիզիկոսներ: Հենց այդ խնդիրների պատճառով էլ դպրոցն ավարտած երեխաների մեծ մասը մնում է առանց բարձրագույն կրթության: Տղաները բանակից վերադառնալուց հետո բռնում են արտագնա աշխատանքի ճանապարհն ու այնտեղ էլ հաստատվում՝ մոռանալով իրենց հնարավորությունների մասին: Բայց ես ու այն երիտասարդները, որոնք բարձրագույն կրթություն չեն ստացել և չունեն դիպլոմ, ապացուցելու ենք, որ առանց դիպլոմի էլ կարող ենք հասնել մեծ բարձունքների: