Մարատ Սիրունյանի բոլոր հրապարակումները

marat sirunyan

Ստալինի որդին ու ապրելու արհեստը

Իրապատում՝ Սարգիս Պողոսյանի հետ անցկացված հարցազրույցիս հիման վրա…

1946 թվականն էր: Պարսկաստանի ձմեռային սովորական օրերից մեկը՝ դեկտեմբերի 21-ը, դարձավ արյունոտ: Ադրբեջանցիները հարձակվեցին իր խաղաղ կյանքով ապրող մի հայ օջախի վրա:
Առաջին բանին, որ ականատես եղան ընտանիքի անդամները, երկու տարեց այրերի սպանությունն էր, հետո սպանվեցին նաև երկու երիտասարդներ, մեկին վիրավորեցին: Սպանություններին հաջորդեց թալանը: Սրբեցին ամեն ինչ, այն աստիճանի, որ նրանց գնալուց հետո հարուստ տան մեջ մի լաթի կտոր անգամ չգտնվեց արնաքամվող վիրավորի վերքը կապելու համար:

Թալանի ընթացքում տան չորս-հինգ երեխաներին լցրին թոնիրը, որ վառեին ողջ-ողջ, բայց ինչ-որ հրաշքով կամ էլ «ոսկու փայլից» կուրացած, մոռացան սպանելու մոլուցքն ու գնացին: Վախեցած երեխաներին տատը հավաքեց թոնրի շուրջ, ու այդպես կուչ եկած սպասում էին, թե ինչ է լինելու: Եվ հանկարծ գիշերվա մի ժամի երդիկը բացվեց: Տատը, կարծելով, թե վերադարձել են իրենց էլ վերացնելու, երեխաներին քաշեց մի անկյուն.
-Եկել են գիշերով սաղիս մորթեն:

Այդ պահին վերևից լսվեց կնոջ ձայն.
-Ես եմ, Շանին եմ,- թուրք կին էր,- գիտեմ, հայասպանություն ա եղել, ձեզ հաց եմ բերել…

Լավաշը կապել էր փորին, մի ամանով կաթ, մի ամանով էլ մածուն, պարանով երդիկից իջեցրեց անօգնական մնացած հայերին.
-Կերե՛ք, մենակ չասեք, որ ես հաց եմ բերել …

Այսպես մի կերպ փրկվեցին,  բայց դժբախտությունները նրանց հանգիստ չթողեցին…
Բանտարկեցին նրան, ում ոտքից վիրավորել էին ադրբեջանցիները՝ Ստալինին: «Ստալինը» նրա մականունն էր. նրան այդպես էին անվանում բռնապետ Ստալինին արտաքնապես շատ նման լինելու պատճառով: Իսկ իրական անուն ազգանունը Պողոս Պողոսյան էր: Այն չարաբաստիկ օրը սպանված տարեց այրերից մեկը իր հայրն էր, մյուսը՝ կնոջ հայրը, սպանված երիտասարդներից մեկը՝ իր եղբայրը, մյուսը՝ կնոջ քրոջ տղան: Ինքը սկսել էր զբաղվել հայրենիք ներգաղթի կազմակերպմամբ: Առաջին խումբն ուղարկել էր արդեն հայրենիք, երկրորդ խմբի մեջ պետք է լինեին նաև ինքն ու ընտանիքի անդամները, բայց ձերբակալեցին:
Բանտից դուրս գալուց հետո իրեն էլ, ընտանիքին էլ աքսորեցին, իրենց հետ ևս մի հայ և մի ասորի ընտանիքի: Աքսորավայրը Պարսկաստանի ամենատաք վայրն էր՝ Լորիստանը, ուր կիսավայրենի ժողովրդի հետ էին ապրում: Չորս կողմը փշալարեր էին, փախչելու ելք չկար:
Մի գետ էր հոսում այդտեղով: Դրա մեջ մի օր Պողոսը ձուկ  նկատեց: Եկավ տուն  և սկսեց թոռ գործել: Հաջորդ օրը, որդու՝ Սարգսի հետ գնացին ձուկ բռնելու: Նրանց այնտեղ էլ ոստիկաններ էին հսկում:
Սարգիսն այդ ժամանակ ինը, թե տասը տարեկան էր. ադրբեջանցիների վայրագությունից փրկված երեխաներից մեկը:
Փաստորեն գետում ձուկն այնքան շատ էր, որ թոռը գցելն ու ամբողջությամբ ձկով լցվելը մեկ եղավ: Այսպես իրենց ձկնորսությունն էին անում, երբ նկատեցին իրենց մոտեցող մարդկանց. հարևան գյուղից էին: Երբ եկան, մի պահ նայեցին Պողոսի ուղղությամբ, ապա շրջվեցին ու փութով շարժվեցին գյուղի կողմը: Անցավ մոտ տասը-տասնհինգ րոպե: Հայր ու որդի այն տեսան, որ քիչ առաջ գնացած մարդիկ վերադառնում են մեծ բազմությամբ, ձեռքերին առած փայտ, մուրճ, բահ, և ինչ ձեռքները կընկներ: Դա տեսնելով՝ հսկող ոստիկանն ասում է, որ փախչեն, որովհետև այդ կատաղած մարդիկ գալիս են իրենց վրա: Իսկ պատճառն այն էր, որ Պողոսի թևին Մարիամ Աստվածածնի պատկերն էր դաջած: Այդ դաջվածքը տեսնելով՝ գյուղացիներն ասել էին.
-Կիկո՜ն, Կիկո՜ն, Կիկոյի ցեղից են…

Այդ Կիկոն Պարսկաստանի բանակի փոխգնդապետ էր: Կռիվների ժամանակ հենց նա էր գրավել Լորիստանը:
Կատաղած ամբոխը հետապնդում էր հայր ու որդուն, որ բռնեին ու իրենց ոխն առնեին: Պողոսն ու Սարգիսը թաքնվեցին դարպասների հետևում, իսկ ամբոխը, չգտնելով նրանց, հետ դարձավ: Վտանգն այդ պահին անցավ, բայց վախը մնաց նրանց սրտում. վախենում էին դուրս գալ: Եթե դուրս գային, կարող էին սպանել:

Այդպես նրանց տեղափոխեցին Քաշամ քաղաք: Քաշամ քաղաքում այդ ժամանակ հայ չկար, կամ էլ գուցե ծպտյալ էին:
Պողոսը շատ մտածելուց հետո, թե ինչ անի, վերցրեց մի քանի տախտակ, մեխեց իրար, երկու լաթ գտավ. Կոշիկի քսուկ և օր ու գիշեր սկսեց կոշիկներ էր մաքրում: Պողոսը մաքրում էր կոշիկները, իսկ Սարգիսը դրանք հասցնում էր հարուստներին կամ խանութներին, փողը բերում, տալիս էր հորը: Այդպես գոյատևում էին…

Օրերից մի օր էլ, երբ Սարգիսն իր սովորական գործին էր, կոշիկներն էր տարել հարուստի տուն ու հետ էր վերադառնում, փողոցով քայլելիս նկատեց, որ երկու հոգի իր հետևից գնում են: Մեկի անունը Նազար էր, մյուսինը՝ Բենո: Հանկարծ այդ երկուսն սկսեցին խոսել.
-Նազա՛ր,- Բենոն դիմեց ընկերոջը:

-Ի՞նչ ա:
-Էս էրեխեն, որ գնում ա, է, արունս  իրա վրա եռում ա, ոնց որ հայ էլնի…
-Ա՜,- անհավատ ձայնեց Նազարը,- դու էլ բան ասիր. էս քաղաքում հայ կա՞ որ: Հայն էստե ի՞նչ ա  անում:

Այդ միջոցին Սարգիսը շրջվեց .
-Քեռի՛, հայ եմ:
Այդ լսելուն պես երկու ընկերները վազեցին ու փարվեցին Սարգսին:

-Քեզ ո՞վ ա բերե ստեղ, ո՞վ ա գողացե բերե,- զարմացած հարցրին հուզված ընկերները:
-Չեն գողացել: Մենք աքսորված ենք: Ստեղ մնում ենք, կոշիկները տանում եմ, պապաս մաքրում ա, բերում եմ տալիս հարուստներին:
Հետո Սարգիսը ցույց տվեց իրենց տան տեղը: Նոր ծանոթները խոստացան, որ երեկոյան կայցելեն: Երբ հորը պատմեց, որ շատ հարուստ հայերի է հանդիպել ինքը, ու նրանք ասել են, որ երեկոյան կգան, Պողոսը պատասխանեց՝ չեն գա…
Այնուամենայնիվ երեկոյան այդ հայերը եկան: Եկան ու կարծես արդեն որոշած, ասացին նրանց.
-Էստեղ դուք չպետք է մնաք, ձեզ անպայման պետք է տեղափոխել. ո՛չ եկեղեցի կա, ո՛չ գերեզմանատուն կա, ո՛չ հայ կա, ոչ մի բան չկա: Աստված ոչ անի, մի բան պատահի…

Հայեր մնում էին Իշվահան քաղաքում: Այդ քաղաքում էլ հենց ապրում էին այդ երկու հարուստ հայերը: Պողոսի ընտանիքին էլ գետն անցկացրին, տարան իրենց մոտ՝ իրենց հարևան: Տուն վարձեցին նրանց համար: Այսպես վերջապես բախտը մի փոքր ժպտաց այս դժբախտ հայ ընտանիքին…
Անցավ մի տարի: Մի տարի հետո Սարգսենք ընտանիքով տեղափոխվեցին Թեհրան: Պատերազմական ժամանակ էր: Պատերազմի մի ընթացքում ֆաշիստները փորձեցին Թուրքիայով մտնել Պարսկաստան, այնտեղից էլ ճակատ բացել՝ Սովետական Միության վրա հարձակվելու համար: Բայց այդ ընթացքում սովետական բանակն արդեն մտավ Պարսկաստան:
Սովետական բանակի շատ հայերի հետ կար նաև մի փոխգնդապետ՝ Չարխչյան ազգանունով: Պողոսենց տունը գտնվում էր այն շենքի հարևանությամբ, որտեղ աշխատում էր այդ փոխգնդապետը: Նա, տեսնելով Սարգսին, շատ է կապվում նրա հետ: Ամեն երեկո գալիս է, նրան վերցնում ու իր ձիու վրա դրած իր հետ տանում զորամաս: Զորամասը գտնվում էր մոտակա գյուղից դուրս գտնվող սարի տակ: Իր քայլը Չարխչյանը Սարգսին բացատրում էր այսպես.
-Ես էլ քո տարիքի մի երեխա ունեմ, որին շատ եմ կարոտել:

Երեկոները տանում էր, առավոտյան բերում: Հետո Սարգիսը պետք է արհեստ սովորեր ու դարձավ աշակերտ: Չորս տարի սովորելով՝ ձեռք բերեց խառատի մասնագիտություն: Բացի դա նաև երաժշտական կրթություն ստացավ. ակորդեոն էր նվագում ու երգում:
Հետո եկավ բանակ գնալու ժամանակը: Բանակը երկու տարով էր, բայց Սարգիսը ծառայեց տասնհինգ ամիս: Հայաստան տեղափոխվելու համար նրան գումար ու քսանչորս ժամ ժամանակ տվին, որ Պարսկաստանից դուրս գա: Ու նա եկավ: Եկավ Պարսից ծոցի ափը, այնտեղից նստեց ռուսական «Пионер» նավը: Առավոտյան ժամը ինին նստեց նավը ու հաջորդ օրը նույն ժամին իջավ Բաքվում:

Երբ իջավ, հեռվից տեսավ, որ մեկը ձայն է տալիս.
-Սերո՜ժ, Սերո՜ժ, Սերո՜ժ…
«Իյա՜,- մտածեց նա ,- Սովետական Միություն, Բաքու, առաջին անգամ եմ եկել, ի՞նչ իմանամ` Սերոժն ով ա. հո էդ մենակ իմ անունը չի՞»: Մտերիմները Սարգսին անվանում էին Սերոժ:
Հետո, անցակետն անցնելով, տեսավ ընկերոջ մեծ եղբորը, որը սահմանն ավելի շուտ արդեն անցել էր: Գրկախառնվեցին և հենց այդ պահին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ այն ժամանակվա «кгбеичник»-ները, եկան ու բռնեցին այդ տղային: Հարց ու փորձ արեցին, թե որտեղից է ճանաչում նոր եկած երիտասարդին՝ Սարգսին, և պատասխանն ստանալուց հետո թողեցին, որ գնան: Սարգսին տարավ ու տեղավորեց մի հյուրանոցում, որտեղ տասնհինգ օր մնաց մենակ, հետո ընտանիքն էլ միացավ իրեն ու բոլորով տեղափոխվեցին Հայաստան:
Երբ եկան Հայաստան, հաստատվեցին Վանաշեն գյուղում: Սարգիսը գնաց շրջանի զինկոմիսարիատ ներկայացավ, տեղեկացրեց, որ ծառայել է պարսկական բանակում:
Հետո ընդունվեց հարևան գյուղի «Հայգյուղտեխնիկա» աշխատանքի՝ որպես բանվոր:

Աշխատանքի անցնելուց հետո, երբ աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր, արհեստանոցի վարիչը եկավ ու հանձնարարություն տվեց նրան, որ կցորդիչի համար հեղյուսներ պատրաստի.
-Ի՞նչ կարգի ես,- նորեկ աշխատողին հարցրեց արհեստանոցի վարիչը:

«Այ մարդ, կարգն ի՞նչ ա, կա՞ռք ա, ֆայտո՞ն ա…»,- մտածմունքի մեջ ընկավ Սարգիսը՝ չիմանալով, թե ի՞նչ է՝ «կարգը»:
-Գործը կանեմ՝ տես,- ելքը գտավ Սարգիսը:
Գործն արեց, վարիչը նորից եկավ.
-Հը՞ն, արե՞լ ես:

-Հա:
-Քանի՞ հատ:
- Երեսունութ հատ:
- Ո՜ւ, դու հլը սորվելու տեղ ունես,- դժգոհեց վարիչն ու խոսքն ուղղեց հին աշխատողներին,- Արմո՛,  Զու՛լիկ, քանի՞ հատ եք տաշում օրեկան:
-Օրեկան հարյուր հիսուն- հարյուր վաթսուն հատ: Էդքան տաշում ենք,- պատասխանեցին աշխատողները:
Ապա վարիչը նորից խոսքն ուղղեց Սարգսին.
-Ո՞ւր ա գործդ:
Երբ Սարգիսը պատրաստած հեղյուսները հանձնեց նրան, վարիչը պոռթկաց.
-Դավայ, քելե, գնում ենք դիրեկտորի մոտ:
Գնացին տնօրենի մոտ: Երբ ներս մտան, արհեստանոցի վարիչը խոսեց.
-Ընկե՛ր Սարգսյան, վարպետին ո՞նց վարձատրենք:
«Մինչև էս պտի սորվեի, հմի ասում ա՝ վարպետ». մտքում զարմացավ Սարգիսը:
-Քանի՞ հատ է սարքել,- հարցրեց տնօրենը:
-Երեսունութ հատ,- պատասխանեց արհեստանոցի վարիչը:
-Օ՜, չէ՜, տար տղերքից մեկի մոտ, թող սովորի:
-Ընկե՛ր Սարգսյան, ինքը չի սովորելու, ինքը պետք է սովորեցնի…- Սարգսի պատրաստած հեղյուսներից մի քանիսը դնելով սեղանին՝ վստահ պատասխանեց  արհեստանոցի վարիչը:
Զարմացած տնօրենը խոսքն ուղղեց նորեկ բանվորին.

-Շիլիֆովկա՞ ես արել:
-Չէ:
Պարզվում է` մյուսները բարձր հաճախությամբ աշխատող սարքի միջոցով էին պատրաստում, առանց մանր բաների հետևից ընկնելու, իսկ Սարգիսը՝ ձեռքով աշխատող սարքով՝ մանրակրկիտ:
-Տա՛ր, վարձատրիր էնպես, ոնց որ պետքն է,- կարգադրեց տնօրենը:
Երբ դուրս եկան տնօրենի սենյակից, արհեստանոցի վարիչը Սարգսին պատվիրեց, որ տեսնի, թե ինչպես են պատրաստում մյուսները, և այդպես էլ ինքը պատրաստի: Եկավ հաջորդ օրը.
-Հը՞, տաշե՞լ ես:
-Հա:
-Քանի՞ հատ:
-Երկու հարյուր հիսուն հատ:
-Ես քեզ փչացրի: Սրանից հետո, որ գործ լինի, ու ես կգամ քեզ կասեմ, դու քո իմացած ձևով կսարքես, եթե չէ՝ տես տղերքը ոնց են անում, տենց էլ դու արա:

Այդպիսով Սարգիսը քիչ-քիչ դարձավ արհեստանոցի ամենալավ բանվորը:
Մի օր զինկոմիսարիատից նրան նորից կանչեցին:  Կանչել էին, որ առաջարկություն անեին:
-Կուզե՞ս մեզ մոտ սովորել, աշխատավարձն ու մնացած բաները կպահպանվի, տարին երեք ամիս:
Սարգիսը համաձայնվեց: Հետախույզ էին պատրաստելու: Մտածում էր, որ կարող է պատահի իրեն ուղարկեն Պարսկաստան, որտեղ սպանել էին հարազատներին, և վրեժը կլուծեր: Ոչ, նա այնտեղ բոլորի հանդեպ չէր վրեժով լցված, միշտ ասում էր, որ ադրբեջանցիների մեջ էլ շատ լավ մարդիկ կան: Ու որպես ապացույց ասում էր.
-Ասենք՝ հենց Շանին: Դրա ձեռի պոպոքն օրը ցերեկով չէիր ուտի, բայց ես էդ թուրք կնգա արածը կարո՞ղ ա պատահի` մոռանամ. օրը հազար անգամ դրան ողորմի կտամ:

Բայց արի ու տես, պարզվեց իրեն ուղարկելու են Թուրքիա: Սկսվեցին պարապմունքները: Սախարով ազգանունով մեկը սովորեցնում էր քարտեզն ու դրա հետ կապված բաները, մի ազգությամբ ադրբեջանցի ավագ լեյտենանտ սովորեցնում էր թուրքերեն և  Սարգսյան ազգանունով մեկն էլ սովորեցնում էր Մորզեի այբուբենը: Պարապմունքները զորամասի փոխարեն անցկացվում էին մի սովորական շենքում:
Եկավ առաջին առաջադրանքը կատարելու ժամանակը: Եկան ու հայտնեցին Սարգսին, որ պետք է իրեն ուղարկեն Թուրքիա: Հոկտեմբերյանի մոտից սահմանն անցկացրին և ուղարկեցին: Մոտ երեք-չորս կիլոմետր խորանալուց հետո նրան դիմավորեցին ու տարան: Երկու օր մնաց Սարիղամիշում: Թղթեր պետք է տար՝ տվեց, նրանցից էլ թղթեր վերցրեց, հետո բերեցին նույն տեղն ու ճանապարհեցին հետ: Յոթ տարի, տարին երեք ամսով աշխատեց որպես հետախույզ ու այդ ընթացքում երեք անգամ գնաց Թուրքիա:
Մի օր, երբ մի սեղանի շուրջ խմում էին, ինքն ու այն ադրբեջանցի սպան, հանկարծ սպան մի խոսք բերանից թռցրեց.
-Ես սխալվեցի եկա, դու ինչի՞ եկար:
-Ո՞նց թե,- զարմացավ Սարգիսը:
Ադրբեջանցի սպան խառնվեց իրար.
-Ոչ մի բան, ոչ մի բան:
-Չէ՜, պիտի ասես: Թե չես ասել, իրիկունը կգա Սախարովը, Սախարովին կասեմ:
-Խնդրում եմ, տենց բան չանես, ես կասեմ պատճառը:
-Ասա:
-Հիմա, թե մե սխալ բան անես կամ ստեղ գլուխդ կուտեն կամ եթե գնացիր, ուղարկեցին արտասահման, էնտեղ կվերացնեն:
-Բա ո՞նց անեմ, որ սրանցից պրծնեմ,- անհանգստացավ Սարգիսը:
-Ոչ մի բան չի փրկի, մենակ թե փրկի՝ Մորզեի վրա էդ հաղորդել-ընդունելուց սխալներ պիտի շատ անես, որ քեզ հեռացնեն:

Այս իմանալուց հետո Սարգիսը սկսեց այդպես էլ անել: Սխալներ էր թույլ տալիս, Սարգսյանը, ով Մորզեի հետ կապված դասավանդողն էր, բարկանում էր.
-Դու լավ գիտեիր, ախր, լավ էիր սովորում…
-Եսիմ, էլի լավ գիտեմ, ի՞նչ ա եղել,- իրեն միամիտի տեղ էր դնում Սարգիսը:
Մի օր էլ, երբ տարել էին Գառնիի կողմ, ու այնտեղից հաղորդումներ էր տալիս, հեռվից մի մեքենա նկատեց: Ասացին, որ գեներալն է գալիս: Գեներալը եկավ, այն էլ ինչ գեներալ. ֆաշիստ սպաներից էլ գեշ: Թե մինչ այդ Սարգիսը սխալներ էր թույլ տալիս, նրան տեսնելուց հետո էլ ավելի սկսեց սխալվել: Եվ դրա արդյունքում նպատակը կատարվեց. գեներալը կարգադրեց՝ հեռացնել աշխատանքից…
Նորից եկավ իր գործին:
1971 թվականին մարշալ Բաղրամյանը եկավ Արարատի մարզ: Գործկոմի նախագահը կանչեց Սարգսին:
-Քեռի՛, Բաղրամյանը գալու ա Վեդի, Վեդիից էլ գալու ա գյուղ՝ ճաշկերույթի: Տղերքին կվերցնեք, կգաք նախագահի տունը, որ նվագեք:
Սարգիսը համաձայնվեց: Բաղրամյանը շրջելուց հետո եկավ գյուղ՝ նախագահի տուն, Սարգիսն էլ երաժիշտ ընկերների հետ գնաց այնտեղ: Առաջին բաժակը բարձրացրին, որ խմեն Բաղրամյանի կենացը: Մեկը մյուսին հերթ չտալով՝ խոսեցին. հերթը հասավ Բաղրամյանին: Նա շնորհակալություն հայտնեց, ուզում էր խմել, երբ Սարգիսը ձայն տվեց.
-Ընկե՛ր մարշալ, մի՛ խմեք՝ Ձեր բաժակին երգեմ:
Բաղրամյանը բաժակը ցած դրեց: «Անդրանիկ»-ը նվագեցին: Չորս կողմից ձեռքով-ոտքով հասկացնում էին, որ դադարեցնեն, որովհետև այն ժամանակ դա արգելված երգ էր: Դա նկատելով՝ Բաղրամյանը սանձում է.
-Ջահելին մի՛ խանգարեք,- հետո խոսքն ուղղում է Սարգսին,- շարունակի՛ր երգը:
Երբ ավարտեց երգը, Բաղրամյանը պատվիրեց, որ նորից երգի, հետն էլ՝ մի այլ ֆիդայական երգ: Դրանք էլ երգելուց հետո Բաղրամյանը բաժակը վերցրեց  ու ասաց.
-Չենք խմում Բաղրամյանի կենացը, բոլորս մի մարդու պես խմում ենք Անդրանիկի կենացը. Անդրանիկը մի մարդ էր, եկավ ու գնաց… Բաղրամյանը կյանքում Անդրանիկ չի դառնա, Անդրանիկն ուրիշ մարդ էր:
Վերջում գնալու ժամանակ Սարգիսը մոտեցավ Բաղրամյանին: Երբ ուզում էր մոտենալ, շրջկոմի քարտուղարը ձեռքով հրեց նրան՝ ասելով, թե մարշալին չանհանգստացնի: Բաղրամյանն այդ պահին բռնեց Սարգսի ձեռքն ու իր մոտ քաշեց.
-Ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում:
-Ուզում եմ՝ իրար հետ նկարվենք, եթե կարելի է:
Երաժիշտներից մեկի զուռնան վերցրեց Բաղրամյանն ու այդպես՝ զուռնան ձեռքին էլ նկարվեցին:
Ժամանակի ընթացքում Սարգիսը հասարակ բանվորից դարձավ արհեստանոցի ավագ վարպետ, աշակերտներ ունեցավ: Աշակերտներից հատկապես առանձնացնում էր Գառնիկին՝ որպես լավագույն:
Մի օր գործ անելիս զգաց, որ մոռացել է, թե ինչպես էր պետք անել: Որոշեց զանգել Գառնիկին:
-Գառնի՛կ ջան, էս գործը ո՞նց էր արվում:
-Այ վարպե՞տ, ձե՞ռ ես առնում ինձ: Ախր, դու ես էդ ինձ սովորացրել, հիմա ինձնից ես հարցնում:
-Է՜, մեծացել եմ, Գառնի՛կ ջան, մոռացել եմ:
Այդպիսով վարպետն աշակերտի բացատրությամբ վերհիշեց ձևն ու ավարտին հասցրեց գործը:
Աշխատանքի վայրը փոխեց, հետո առողջական խնդիրների պատճառով անցավ թոշակի:
Մի անգամ էլ որոշեց հաղթանակի օրը գնալ Երևան՝ Հաղթանակի զբոսայգի: Գնաց՝ հետը վերցնելով Բաղրամյանի հետ ունեցած նկարը: Հավաքված տարեց մարդկանց մոտով անցնելիս, որոնց կրծքերը զարդարված էին բազում շքանշաններով, լսեց, որ նրանցից մեկն ասում է, թե եղել է Բաղրամյանի զինվորը.
-Որ Բաղրամյանի նկարը ցույց տամ, կճանաչե՞ս ,- քմծիծաղ տալով ու հավաքվածներին մոտենալով հարցրեց նա:
Երբ նկարը ցույց տվեց, այն ծերունու զարմանքը քար կտրեց.

- Յա՜հ: Բաղրամյանը: Բարեկա՞մ եք դուք:
Այսօր ծիծաղով պատմում էր այս դեպքը իր տարեկից հարևանին ու նրա թոռանը: Ծերացել է արդեն այդ կյանքի փորձություններ տեսած մարդը, ով մինչև կոկորդը լցված է վրեժով, որն այդպես էլ մնաց անկատար: Ծերացել է, բայց աշխատանքից ձեռք չի քաշում. 1952 թ.-ից աշխատում է՝ տասը տարի Պարսկաստանում, 1960 թ.-ից մինչև 2000 թ.-ը աշխատեց Շիրազլուի (Ոսկետափ) «Հայգյուղ տեխնիկայում» որպես ավագ վարպետ, դրանից հետո էլ 2000թ.-ից մինչև 2016 թ.-ը «Վեդի Ալկո»-ում, բայց յոթանասունութամյա Սերոժ պապը մինչ օրս էլ աշխատում է: Իր ձեռքերով տարբեր սարքավորումներ է ստեղծել՝ ցորեն մշակող, ու իհարկե, իր արհեստի գործիքը: Իր կյանքի վատ օրերը համարում է նրանք, երբ չի աշխատել, ու զարմանում է, որ  տեսնում է հիմա երիտասարդները չեն աշխատում: Ամենալավ օրն էլ համարում է այս օրը, որ տարեկից դրկիցի հետ նստած կողք-կողքի հին օրերն են հիշում:
Հետո սկսեց երգել այն երգը, որը Բաղրամյանի կենացին էր երգել.

«Կարկուտն ելավ Խանասորա դաշտումը, Ֆիդայիներ՝ հայրենասեր, վրեժ լուծող, ջան ֆիդայ…
Մեկ ժամվա մեջ մզրա ցեղը ջնջվեցավ, Խանասորա կանաչ դաշտեր, արյան գույնով ներկվեցան»

…-Էն ժամանակ ավելի լավ էի երգում: Է՜, հմի ատամ չկա…

-Ատամ չկա՞, ասա մի երկու հատ պարտքով տանք,- կատակեց տարեկից-դրկիցը:
-Հա՜ բա: Ատամ էլնի` կքցես քո բերան, էլի, ինձ խի՞ կտաս ,- կատակը շարունակեց ինքն, ու սկսեցին ծիծաղել:

Ասեց-խոսեց, հետո վեր կացավ ու գնաց. գործ կար անելու…

marat sirunyan

Օձն էլ սիրտ ունի, սիրել գիտի

Մայրս պատմում էր, որ իր հայրական գյուղում` Վանաշենում, մի զրույց կար: Ըստ դրա, շատ տարիներ առաջ գյուղում երիտասարդ մի ամուսնական զույգ զարմանալի բանի առաջ  էին կանգնել:

Ամուսինները մի անգամ բակում տեսնում են հսկայական օձ:  Չեն համարձակվում  մոտենալ, սպանել:  Հետո օձը հանգիստ, ինքնուրույն հեռանում է: Բայց ամիսը մեկ հայտնվում է բակում, նորից վախենում են սպանել, բացի վախենալն էլ, հասկանում են, որ օձն իրենց վնասելու մտադրություն չունի, և ուղղակի խուսափում են նրանից: Քիչ-քիչ օձն այցերի հաճախությունը մեծացնում է, ու երբ հայտնվում է՝ միշտ շրջում է տան տիկնոջ հետևից:

Բայց մի որոշ ժամանակ օձը չի հայտնվում: Ու օրերից մի օր էլ տան տիկինը տան դուռը բացում է ու տեսնում օձին՝  ներսում: Վախեցած փախչում է, երբ մարդիկ հավաքվում են ու գալիս օձին վնասազերծելու, նրան այլևս տանը չեն գտնում…

Շատ ժամանակ է անցնում, օձը չի հայտնվում: Ամուսինները մտածում են, որ երևի էլ չի գա, ու ազատվել են նրանից: Սկսում են մոռանալ օձի մասին: Բայց մի երեկո, երբ կինը մտնում է ննջասենյակ ու բացում է անկողնու ծածկոցը, վախից քարանում է. օձը ողջ երկայնքով անկողնու մեջ պառկած է լինում: Վախեցած կինը փախչում է սենյակից ու ասում է ամուսնուն տեղի ունեցածի մասին: Քանի որ երկուսն էլ վախենում են հսկայական օձից, շտապում են իրենց հարևանի տուն` օգնություն խնդրելու: Իսկ հարևանը ազգությամբ հայ չի լինում, այլ կարծեմ եզդի, և լինում է շատ աժդահա: Ասում են, որ օձն արդեն իրենց անկողին է մտել և այլ ելք չկա, քան սպանելը:

Հարևանը գնում ու սպանում է այդ օձին: Ու ասում են, որ այդ ամենի պատճառն այն էր, որ օձը սիրահարված է եղել այդ գեղեցիկ կնոջը:

Փաստորեն օձերն էլ սիրտ ունեն ու սիրել գիտեն: Բայց ոչ ոք չէր կարող իմանալ, թե այդ սերն ինչ արդյունքների կարող էր հանգեցնել…

Եթե միայն հավատաս` հրաշքներ վրանում էլ կլինեն

Արարատից՝ Լոռի, Վանաշենից՝ Լեռնավան ձգված ուղի: Ավերված տնից՝ մինչև մեռածի հարություն տեսած աչքեր: Ցավալի կորուստներից՝ մինչև դժվարությունների հաղթահարում ու ժպիտ…  49 տարվա խրթին ճանապարհ, որը լի է եղել ինչպես հետաքրքիր ու դրական, այնպես էլ հուզիչ, ծանր ու դժվարին իրադարձություններով ու պատմություններով:

Զրույց մորս՝ Ժաննա Այվազյանի հետ:

-Կխնդրեի՝ մի փոքր պատմեիր քո մասին:

-Ծնվել եմ 1966թ.-ին Արարատի շրջանի Վանաշեն գյուղում: 1974-1984 թթ. սովորել եմ գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել եմ ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Նախքան ավարտելս ամուսնացել և եկել եմ Լոռու մարզի Լեռնավան գյուղ: Ավարտել եմ 1989թ.-ին և նույն տարում էլ ընդունվել եմ Սպիտակի Ֆ. Նանսենի անվան հիվանդանոցում որպես ավագ տնտեսագետ: Այնտեղ աշխատել եմ 7 տարի: Մոտ 10 տարի ընդմիջումից հետո, որի ընթացքում մեծացրել եմ 3 երեխա, 2010թ.-ից աշխատանքի եմ անցել Լեռնավանի գյուղապետարանում, որպես՝ գյուղապետի օգնական:

-Ի՞նչ կպատմես ձեր հայրական գյուղից՝ Վանաշենից:

-Գյուղի բնակչության մի մասը գաղթել է Վանից, իսկ մյուս մասը հայրենադարձվել են Իրանից և Սիրիայից: Գյուղի նախկին անունը եղել է Թայթան, հետո, երբ Հովհաննես Շիրազը այցելել է գյուղ, իր առաջարկությամբ գյուղը անվանափոխվել է՝ Վանաշեն: Գյուղն ունի շատ գեղեցիկ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, իսկ վերջերս Եղեռնի հարյուրամյակի առթիվ գյուղում բացվել է հուշակոթող: Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ: Գյուղում հայերի հետ կողք-կողքի համերաշխ ապրում են նաև եզդիներ: Բավականին բարեկեցիկ գյուղ է:

- Ի՞նչ կասես Լեռնավանի մասին, որտեղ այժմ բնակվում ես:

-Լեռնավան համայնքը ոչ մեծ գյուղ է: Ունի 1600 բնակչություն: Այս գյուղի նախկին անունը եղել է ՝ Ղաչաղան: Տեղացիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից, իսկ ավելի փոքրաթիվ մասը՝ Մշո Գոպալ գյուղից: Գյուղը  շատ է տուժել երկրաշարժից. երկրաշարժի ժամանակ քանդվել են բոլոր կարևոր նշանակության շինությունները: Նախկինում ունեցել է մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, որոնք մինչև այժմ չեն վերականգնվել: Գյուղում կա 19-րդ դարի եկեղեցի, որը վերակառուցվել է բարերար Մանվել Կարապետյանի միջոցներով 1996 թ.-ին: Գյուղի աջաթևյան բարձունքում կա պուրակ, որտեղ տեղադրված են Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների անվանական  հուշաքար և հուշակոթող, դրանց հարակից՝ երկրաշարժի զոհերի հիշատակին՝ խաչքար, ինչպես նաև վերջերս՝ գյուղի ազատամարտիկներից՝ Վոլոդյա Հովհաննիսյանի (Քեռի) մահից հետո տեղադրվեց աղբյուր-հուշաքար: Գյուղը շրջապատող լեռներից մի քանիսում կան դեռևս չուսումնասիրված քարանձավներ, օրինակ՝ Արջի բուն, Թագավորի թախտ անունները ստացած քարանձավները: Գյուղում գործում է դպրոց և նախակրթարան՝ մեկ շենքում: Գյուղի տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ:

-Որո՞նք են Վանաշենի և Լեռնավանի գլխավոր տարբերությունները:

-Վանաշեն գյուղը ունենալով մշակույթի տուն, գրադարան, մարզասրահ, գյուղի երեխաներին, երիտասարդությանը լրացուցիչ կրթվելու և հագեցած առօրյա ունենալու հնարավորություն է տալիս: Իսկ Լեռնավանը չունի նմանատիպ կառույցներ: Վանաշենը, գտնվելով մայրաքաղաքին մոտ, ավելի լայն հնարավորություն է ստեղծում բնակչության համար: Շատ է նաև կլիմայական տարբերությունը, քանի որ Արարատյան դաշտավայրում ամռանը շատ շոգ է, իսկ Լեռնավանը գտնվելով լեռնային շրջանում, գտնվելով ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա ավելի զով է:

-Մեկում ծնվել, հասակ ես առել, իսկ մյուսում ապրում ես արդեն երկար տարիներ, այժմ ո՞ր գյուղն է քեզ ավելի հոգեհարազատ և ինչո՞ւ:

-Այս գյուղը, որովհետև այստեղ ես տուն եմ կառուցել, լավ այգի եմ հիմնել, իմ երեխաները այստեղ են ծնվել, մեծացել: Այստեղ աշխատում եմ և իմ աշխատանքով ինչ-որ չափով իմ ներդրումն ունեմ գյուղի զարգացման հարցում: Եվ հետո, ես Վանաշենում ապրել եմ ընդամենը 17 տարի, այսպես ասած, երեխա հասակում, և շատերին չեմ ճանաչել, այդ պատճառով շատ կապված չեմ այնտեղի բնակչության հետ: Իսկ Լեռնավանում ապրել եմ իմ գիտակից կյանքի տարիները և աշխատանքի բերումով արդեն կապվել եմ, կարելի է ասել, ամբողջ գյուղի բնակչության հետ:

-Դու նշեցիր, որ ԵՊՀ-ն ավարտել ես 1989թ.-ին, այսինքն՝ Սպիտակի երկրաշարժից մեկ տարի անց, բայց ամուսնացել և Լեռնավան ես տեղափոխվել ավելի վաղ: Երկրաշարժի ժամանակ դու գյուղո՞ւմ ես եղել, ի՞նչ հիշողություններ ունես կապված այդ չարաբաստիկ աղետի հետ:

-Ոչ, գյուղում չեմ եղել: Քանի որ դեռևս ուսանող էի, ամսի 6-ի երեկոյան Սպիտակից ամուսնուս հետ եկանք Երևան: Երկրաշարժի պահին գտնվել եմ հանրակացարանի իմ սենյակում: Շենքն ահավոր ցնցվեց, վազեցի միջանցք, բոլորը խառնվել էին իրար՝ չհասկանալով՝ ինչ է կատարվում: Երբ ցնցումն անցավ, մի քանի համակուրսեցիներով հավաքվեցինք մի սենյակում, քննարկում  և անգամ կատակում էինք՝ չիմանալով, թե ինչ է կատարվել այստեղ…

-Ինչպե՞ս իմացար, թե ինչ է եղել:

-Այն ժամանակ ամուսինս նույնպես ուսանող էր և այդ պահին դասի էր: Երբ վերադարձավ դասից, որոշեցինք գնալ Երևանում ապրող իր քրոջ տուն: Երբ գնացինք, քրոջ ամուսինն արդեն իմացել էր, և ամուսինս վերջինիս հետ եկան Սպիտակ, իսկ ինձ ասաց, որ առավոտյան գնամ Վանաշեն: Երբ ես առավոտյան գնացի Վանաշեն, պարզվեց՝ հայրս երեկոյան իմանալով դեպքի մասին, և չիմանալով, որ ես արդեն Երևանում եմ եղել այդ ժամանակ, մեքենայով անհապաղ մեկնել է Լեռնավան: Հեռվից քանդված տեսնելով ամուսնուս հայրական տունը, մեծ վախ է ապրել, հետո մոտենալով, դրսում տեսել է ամուսնուս հորն ու մորը: Բայց քանի որ մեզ չի տեսել, մտածել է, թե մենք մնացել ենք փլատակների տակ, և ընկել է ծանր հոգեկան վիճակի մեջ: Հետո է միայն իմացել, որ մենք դեռ ամսի 6-ին մեկնել էինք Երևան: Բայց դեռ չէր հավատում: Ինքը լինելով Լեռնավանի հարևանությամբ գտնվող՝ Ջրաշեն գյուղի ծնունդ, գնում է այնտեղ, տեսնելու իր հարազատների վիճակը: Դրսում՝ անօթևան մնացած  հարազատներից մի քանիսի երեխաներին իր եկած մեքենայով, իր հետ եկած մարդու հետ ուղարկում է Վանաշեն, և պատվիրում է այդ մարդուն, տեսնել՝ իրո՞ք ես այնտեղ եմ, թե ոչ, ու վերադառնա: Այդ մարդը գալ-գնալով հաստատում է իմ ողջ լինելը, բայց հայրս 40 օր մնաց Ջրաշենում՝ օգնելու ում ինչպես կարողանա…

-Ձեր ընտանիքը ինչպիսի՞ կորուստներ ունեցավ երկրաշարժի պատճառով:

-Ամենամեծ կորուստը մարդկային էր… Մահացան ամուսնուս քույրը և տղան… Քանդվեց տունը: Հայրդ, գիտես, մասնագիտությամբ նկարիչ էր, թեև երիտասարդ տարիքին, արդեն հասցրել էր ունենալ մի քանի ցուցահանդեսներ և բավականին ճանաչում: Պատրաստվում էր հերթական ցուցահանդեսին՝ Վանաձորում, և ներկայացվելիք նկարները թողել էր հայրական տանը: Երկրաշարժի հետևանքով նկարների մեծ մասը վնասվեցին… Փրկվեցին միայն մի քանիսը… Մեծ կորուստ էր նաև այն, որ Երկրաշարժից հետո հետո նա այլևս երբեք վրձին ձեռքը չառավ…

-Ի՞նչ ապրումներ ունեցար, երբ  եկար և ամեն ինչ տեսար ավերված:

-Երբ եկա ու տեսա, սարսափ ապրեցի… Ինձ թվում էր, որ էլ երբեք հնարավոր չի լինի վերականգնել այդ ավերածությունները: Շատ մեծ ցավ ապրեցի:
Հայրիկիդ պատմած մի դեպք եմ հիշում: Երբ գալիս հասնում են Սպիտակ, գիշեր է լինում: Դե, պարզ է, որ այն ժամանակ էլ լույսի հնարավորություն չկար: Երբ քայլերն ուղղում է քրոջ բնակարանի կողմը, ասում էր՝ զգացի, որ ոտքս մի կլոր բանի դիպավ, մտածեցի ինչ-որ առարկա է, բայց… Կրակայրիչի լույսը երբ գցում է ոտքի ճամփան տեսնելու համար, տեսնում է մահացած կնոջ գլուխ… Եվ այդ պահին ահավոր վախ է ապրում…
Երբ ավարտեցի՝ 1989թ.-ի ամռանը, վերադարձա Լեռնավան: Ապրում էինք վագոն-տնակում: Երբ աշխատանքի անցա Սպիտակի հիվանդանոցում, հիվանդանոցը գործում էր Սպիտակի ստադիոնում՝ վրանային պայմաններում, և մի քանի վագոն-տնակներում: Այդ ժամանակ հիմնականում Երևանից եկած բժիշկներ էին, մի տղայի՝ 17 տարեկան, հոսանքահարված վիճակում բերել էին մեզ մոտ: Ծնողները կարծում էին, թե այլևս հույս չկա: Մի երիտասարդ բժիշկ՝ Գուրգեն Հարությունյան էր անուն-ազգանունը՝ լավ եմ հիշում, արեց նույնիսկ անհնարինը, և շատ ջանք թափելուց հետո կարողացավ կյանք տալ գրեթե մահացած այդ պատանուն… Բոլորը ասում էին, թե մահացած է, իզուր մի տանջվիր, բայց փառք Աստծո, իր բարձր գիտելիքների, թե մեծ հավատի շնորհիվ՝ չգիտեմ,  չլսեց ոչ ոքի, և արդյունքում փրկվեց մի երիտասարդ կյանք… Բոլորը մտածում էին, որ դա հրաշք է… Դա տպավորվել է իմ մեջ, քանի որ այդ ժամանակ հասկացա, որ հրաշքներ լինում են, անգամ վրաններում…
Եվ հիմա զարմանում եմ նաև մի բանի վրա, թե ինչպե՞ս էի այն ժամանակ, երբ շատ բաների հետ մեկտեղ չկար նաև տրանսպորտ, ոտքով մոտ 10կմ անցնում՝ անգամ ձմռան ցրտին, որը այս շրջանում սարսափելի է լինում,  որպեսզի հասնեմ աշխատանքի, և նույն կերպ այդ նույն ճանապարհով վերադառնում…

Երևի մարդ արարածը պետք է համակերպվի նրան, ինչն իր համար բախտորոշված է: Գիտակցում էի, որ դա միայն իմ տառապանքը չէր, այլ շատ-շատերս էինք նույն օրի… Հասկանում էինք, որ երկիրն ավերվել էր, պատերազմ էր… Կարևորը մեզ համար այն էր, որ խաղաղություն հաստատվեր, քանի որ խաղաղ պայմաններում արդեն մարդն ամեն ինչ էլ կստեղծի…

-Իսկ Արցախյան պատերազմից ի՞նչ ես հիշում:

-Այն ժամանակ շատ երիտասարդ էինք: 1988-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, մենք նույնպես մասնակցել ենք: Քանի որ Ղարաբաղ կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը մեր ֆակուլտետում դասախոս էր, ինքն էր մեզ առաջնորդում ցույցերին: Դժվար տարիներ էին… Իմ երկու գյուղերից էլ եղան կամավորներ: Այստեղի՝ Լեռնավանի 6 կամավորները բոլորը, փառք Աստծո, վերադարձան, միայն Քեռին էր վիրավոր,  իսկ Վանաշենի մոտ 40 կամավորներից եղան զոհեր և անհետ կորածներ…

-Ես այդ տարիներից շատ հետո եմ ծնվել, և ուզում եմ իմանալ այդ դժվար տարիներին արդյոք չկա՞ր ինչ-որ լուսավոր կետ: Մի՞թե «մութ ու ցուրտ»  որակում ստացած տարիները իրոք ամբողջությամբ սև ու սպիտակ էին:

-Ինձ համար այդ լուսավոր կետը եղել է բարի մարդկանց գոյությունը: Շրջապատված եմ եղել բարի, լուսավոր մարդկանցով: Հենց այդ տարիներին եմ աշխատել այդպիսի մարդկանց՝ բժիշկների հետ, և այդ տեսանկյունից կարող եմ այդ տարիները համարել նաև՝ լավ: Ինչպես նաև, լավ՝ պատերազմի հաղթական ավարտի շնորհիվ…

-Ինչպե՞ս կարողացար դիմակայել այդ տարիներին, արդյոք չեկա՞վ մի պահ, որ ուզեցիր դուք էլ շատերի պես թողնել ու հեռանալ երկրից:

-Երբ մարդու մեջ կա մեծ սեր՝ իր ամուսնու, իր ընտանիքի, իր երկրի, աշխատանքի, իր երեխաների և շրջապատող ամեն ինչի հանդեպ, կարողանում է հաղթահարել ամեն դժվարություն… Մարդու համար ամենաթանկն իր հայրենիքն ա, իր հողն ա. Ուրիշ ոչ մի տեղ չես կարող քեզ ազատ զգալ ու երջանիկ…
Մենք ինքներս պիտի ստեղծենք թե լավ տունը, թե լավ ապրելակերպը, բայց հենց հայրենիքում: Եթե մարդը ունի ձգտում ու աշխատասեր է, իր հայրենիքում էլ կարող է լավ ապրի… Չէ՞ որ կան նյութականից ավելի վեհ արժեքներ… Մի բան էլ պատմեմ…
Էդ դժվար տարիների օրերից մեկն էր: Աշխատավարձը քիչ էր, հոգսերը գնալով շատանում էին: Ամուսինս որոշեց ու իր նկարած նկարներից երեք նկար տարավ, որ վաճառի… Շատերն էին հետաքրքրվել, որ գնեն՝ ընդ որում, շատ բարձր գնով, սակայն չէր վաճառել ու հետ էր բերել… Ասում էր՝ ինձ թվում էր, թե իմ էրեխուց պիտի բաժանվեի… Իմ ստեղծածն էր, չկարողացա տալ ոչ մեկին…

-Իսկ ի՞նչ հետաքրքիր պատմություններ կան հիշողությանդ գանձանակում՝ քո հայրենի երկու գյուղերի մասին:

-Այս գյուղի հետ կապված պատմություններին, անկեղծ ասած, լավ չեմ տիրապետում, դա ավելի լավ կարող են տեղացիները պատմել: Իսկ այ, Վանաշեն գյուղի հետ կապված փորձեմ հիշել մեկ-երկուսը:

Իմ մանկության տարիներին մեզ համար շատ հետաքրքիր էր եզդիների հարսանիքը: Երբ հարսին պետք է բերեին փեսայի տուն, փեսան բարձրանում էր կտուրը, ծառի ճյուղի վրա կապում էին կոնֆետներ, փող: Փեսան այդ ճյուղը թափ էր տալիս այնպես, որ վրայի եղածները թափվի հարսի գլխին, ու փեսան կտուրից խնձորով պետք է խփեր հարսի գլխին… Մենք էլ սրտի թրթիռով նայում էինք ՝ հո չի՞ դիպչի, վնասի… Բայց մարդիկ կողքից օդում բռնում էին խնձորը, որ չկպչի… Բացի դա հարսանիքների ժամանակ եզդիների աղջիկներն ու կանայք հագնում էին փայլփլուն, գույնզգույն տարազներ՝ ազգային, շրջան էին բռնում, պարում էին, և մեզ համար գեղեցիկ տեսարան էր դա…
Եվ նորից այդ գյուղի հետ կապված, մի զվարճալի պատմություն պատմեմ:
Քանի որ ասում են, թե վանեցիները ժլատ են, գյուղացիները պատմում են, որ գյուղացի մի վանեցի ծեր կին, տեսնում է, որ աղվեսը իր հավին բռնել, տանում է, վազում է հետևից ու կանչում. «Աղվե՜ս ջան, աղվե՜ս, էտի ածան խավ (հավ) ի, բեր՝ ես քզի հայլոր (աքլոր) կիտամ…»:
Երևի թե այսքանը…

marat sirunyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. կարևոր նշանակության էպիզոդներ

Շատ հաճախ որևէ բանի վրա կենտրոնանալով մենք չենք նկատում և այդպես էլ ստվերում ենք թողնում որոշ մանրուքներ, էպիզոդիկ դետալներ, որոնք երբեմն շատ խորը իմաստով, մտորումների տեղիք տվող, հետաքրքիր բաներ են լինում:

Ճամբարի չորրորդ  օրը ես էլ մասնակցեցի ֆոտոարշավի: Ուղղությունը` Լոռու մարզի Մարգահովիտ գյուղ:

Առաջին կանգառը կատարեցինք Դիլիջան-Մարգահովիտ ճանապարի մի հատվածում` Ֆիոլետովո գյուղում, որտեղ ռուս-մոլոկանները վաճառում էին բանջարեղեն, թթուներ և նման բաներ:  Իրենք հրաժարվեցին նկարվել, բայց ասացին, որ կարող ենք նկարել երեխային, ով նստած էր տաղավարի հետևում հարմարեցված տեղում: Այդ հարմարեցված տեղը` փայտաշեն, պատուհանների փոխարեն ցելոֆան փակցված, մոտ երկու մետր բարձությամբ և կես մետր լայնությամբ մի բան էր, որի ներսում էլ հենց երեխան էր: Բջջայինով միացված մուլտֆիլմ էր դիտում:

Առաջին հայացքից` արտասովոր ոչինչ չկար, բայց երբ մի փոքր ուշադիր էիր նայում և սկսում էիր մտածել` շատ բան կար այդտեղ:
Մեկ նայում էի այն տեղին, որտեղ հարմարվել էր փոքրիկ տղան, մյուս պահին նայում էի երեխայի աչքերին, հայացքին ու հասկանում, որ իրոք երջանկությունն ամենևին էլ ճոխությունից կախված չէ:
Նայում ես այդ ամենին ու տեսնում` պարզություն, անկեղծություն, ինչ-որ տեղ միամտություն, անհոգություն նաև երջանկություն, մի խոսքով` մանկություն:

Մինչ  ես տարվել էի այդ ամենով, խմբակիցներս գնացել էին նկարելու քիչ հեռվում`դաշտում աշխատող գյուղացիներին: Իսկ ես գտա ինձ հետաքրքրող մեկ այլ բան, ու առա~ջ:
Քիչ այն կողմ` հանդամասում արածում էր մի ձի:  Մի գաղտնիք բացեմ` որքան ինձ հիշում եմ, երբևէ ձիուն այդքան մոտիկից չէի տեսել: Երբ մոտեցա, որ նկարեմ,  մի պահ վեր թռավ, ոչ` ծառս չեղավ, ուղղակի երևի հանկարծակիի եկավ: Հետո փորձեցի ավելի մոտենալ: Մեկ քայլ, երկու քայլ, երրորդն ավելի վստահ, և այդպես դանդաղորեն բավական մոտեցա նրան: Սկզբում իրեն ինձնից հեռու էր պահում, բայց մի քանի րոպե նկարելու ընթացքում քիչ-քիչ սկսեց մոտենալ: Մի փոքր անց արդեն կարծես ընկերացավ ինձ հետ: Մոտենում էր այն աստիճան,  որ զգում էի նույնիսկ շնչառությունը, քիչ-քիչ ավելի էր մոտենում ու հպվում ինձ: Նրա հայացքում մի տեսակ տխրություն կար, ճանճերն էլ հավաքվել էին աչքերի շուրջ ու բաց վերքին լցվող աղի նման տանջում էին: Նրա առջևի աջ ոտքին անցկացված էր անազատության շղթա: Բայց ախր, ինքը ծնվել է ազատության գրկում անհոգ վազվզելու, այլ ոչ թե շղթայված պահվելու, ու բանելու համար: Նրա աչքերը մեծ էին ու խորը, ասես` թախիծով լեցուն օվկիանոսներ:
Հիմա եմ հասկանում, որ նա իմ ներկայության շնորհիվ մի պահ կտրվել էր այդ ամենից: Նրան չէին հետաքրքրում ո’չ աներես ճանճերը, ո’չ էլ անգամ դիմացի աջ ոտքի շղթայակերպ դառնությունը:
Նա այլևս մենակ չէր, և ամեն կերպ փորձում էր մտերմանալ ինձ հետ: Ինձ կիպ մոտենալով երևի ուզում էր` շոյեմ իրեն, խաղամ իր հետ: Եվ ես սկսեցի այդպես էլ անել: Ձեռքս կամացուկ տարա բաշին: Չառարկեց… Մի քանի վայրկյան տևեց այդ պահը և ցավոք վերջացավ, քանի որ շտապեցրին` պետք է գնալ:
Չնայած իր ոգևորության պատճառով «թույլ չտվեց» ինձ իրենից լավ կադր ունենալ, բայց միևնույնն է, ես սիրեցի նրան: Հիմա անկեղծ` ես կարոտում եմ նրան` հայացքը, աչքերը, շնչառությունը: Մեղավոր եմ զգում ինձ, որ մենակ թողեցի նրան: Իսկ տեսնես` նա հիմա հիշո՞ւմ է ինձ:
Նա ինձ շատ բան հիշելու ու խորհելու առիթ տվեց: Դժվար թե մոռանամ նրան:

Ցավոք, շատ բաներ հասկանում ենք ուշացած: Ինչևէ, հուսամ նա նորից մենակ չի մնա… Ախր, նա հրեղեն ձի է… Բայց շղթայված…

Ինչպես արդեն ասացի` պետք էր առաջ շարժվել, այդպես էլ արեցինք…
Մարգահովիտ հասնելուն պես սկսեցինք անցնել փողոցներով: Հետաքրքրական մի բան էլ այդ ընթացքում եղավ, քայլելու ընթացքում մի քանի տան դռների ուշադրություն դարձրեցինք, մի քանիսով փորձեցինք ներս մտնել` մի բաժակ ջուր ուզել, բայց դռները փակ էին… Ամեն փակ դռան հանդիպելիս ակամայից մտածում էի արտագաղթի մասին: Բայց չմտածեք, թե բոլորն արտագաղթել էին, ոչ, ուղղակի նման պատկերներ էին… Երբ որևէ գյուղով շրջում ես ու տեսնում կողպված դռներ, որոնք էլ երբևէ գուցե չեն բացվելու, մի տեսակ հոգիդ սկսում է ճմլվել: Մի՞թե չկա մի բանալի` փակ դռներ բացելու, ինչո՞ւ ենք միայն կողպեքների մեջ գտնում փրկությունը… Ախր, դա փրկություն չէ, այլ ճիշտ հակառակը` կործանում… Ազգի ու հայրենիքի կործանում… Հուսամ, ոչ մի դուռ հավերժ կողպված չի մնա, այլ կբացվի ու նոր կյանք կբերի… Ինչպես օրինակ մեզ հանդիպած այն դռներն էին շուտով բացվելու…

Մի քանի բառ կասեմ հաջորդ երևույթի մասին և ենթադրություններն ու մտորումները կթողնեմ ձեզ… Ծանր է տեսնել մանկական կոշիկներ` կիսաքանդ, խարխուլ ու աղքատիկ կիսատան դռան դիմաց…

Բայց հոդվածս ավարտեմ դրական: Մյուս էպիզոդիկ հերոսները դրանք շներն էին: Ամեն բակ մտնելիս, կամ տան մոտով անցնելիս աչքս նրանց էր փնտրում: Պատճառն այն չէ, որ վախենում եմ նրանցից, այլ հակառակը` շատ եմ սիրում: Եվ շատ եմ  ուրախանում, որ տան բակում տեսնում եմ նրանց: Մի քանի տան բակում հանդիպեցին. բոլորն էլ լավն էին, բայց կառանձնացնեմ մեզ հյուրընկալած տան բակում ապաստանող շանը: Նա  առաջինը դիմավորեց մեզ, ուրախ թռվռոցներով ու ծամածռություններով: Ստիպեց ժպտալ… Մի տեսակ այնքան բարություն ու դրական բան զգացի այդ շնից, որքան նրա տերերից… Այսօրվանից ավելի շատ սկսեցի սիրել շներին և ընդհանրապես կենդանիներին…

Շատ մանրուքներ երբեմն ավելի նշանակալից են լինում: Հասարակ զրույցի ժամանակ էլ,  շատ կարևոր բաները հիմնականում ասվում են աննկատ` խոսքի մեջ…

Անտարբերությունը դժվար թե լավ բանի բերի:

Երբ խոսում են ավագները

Հարցազրույց լեռնավանցի 89-ամյա Կոլյա Սիրունյանի հետ

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Կարծում եմ պատմության ոչ մի դասագիրք չի կարող իր մեջ ներառել այն, ինչ ամփոփված է համարյա մեկ դար ապրած մարդու դեմքի կնճիռ-ձորերում և կյանքի գեղեցկությունն ու դաժանությունը տեսած գեղեցիկ, բայց թախծոտ աչքերում: Դե ինչ, ձեզ եմ ներկայացնում հարցազրույցը…

-Կխնդրեի՝ նախ որպես լեռնավանցիների ավագ սերնդի ներկայացուցիչ մի քանի բառով նկարագրեիք գյուղը, գյուղացիներին:

-Լեռնավանը լավ գյուղ է, մարտիկ աշխադասեր: Շադ լավ գյուղ է, համեն բանով գովելի…

-Իսկ հնո՞ւմ էր գյուղը, ապրելակերպն ավելի լավը, թե՞ հիմա:

-Հիմի: Էն ճաղը, այ բալա ջան, բան չկար ուդելու, էն ժամանագ էլի: Կերտայինկ շալգծի, որ մե-երգու վեդրո գարի կեղնիր, գշալգեինկ, գտանեինկ Նալբանդ կամ Թափանլի գյուղեր կա, ինդեղ ջաղաչ կար, տանեինկ, կաղաինկ, գբերեինկ մայրս ճաշ կեպեր: Շադ ժամանագ էլ, շադ ժամանագ էլ, մերս կսեր, թե` գնածեկ թմբերեն ռսի սինձ կսեին էլի՝ կատնուգ. կատ ունիր, այդի սնձերեն քաղեինկ բերեինկ գը, մերս գջառտեր, լծեր գը ճաշի մեճը, կուդեինկ՝ հինգ երեխա էինկ: Այդման, բալա ջան, հառաճ քյասիբ (աղքատ) էինկ, տո չկար աշխադանկ… Իսկ հիմի հուրդեղ գուզեն էրտան, աշխադին, բերեն, բոլորը ավտո ունին, նստին, ուրախ-զվարտ ման գուկան, երջանիգ են հիմի, շադ երջանիգ են…

-Ի՞նչ կասեք ազգատոհմերի մասին, որտեղի՞ց է գալիս լեռնավանցու արմատները:

-Մերոնկ՝ Սիրունյանները, էգել են Մշո Գոպլվա՝ Կոպ կամ տե Գոպլ (Գոպալ) գյուղեն: Սիրունյանները, Այվազյանները, Տոնոյանները, Ենգոյանները էդոնկ էգել են Մշո Գոպլվա:
Իրանկ հուշ գուկան, շադ հուշ գուկան, չորս տարի հուշ գուկան (նկատի ունի 1915-ից ուշ): Սիրունի աղճիգն, որ գելնի դուս տնիծ, հմը թուրկի տղեն գվազե ու էնոր գքաշքշե: Որ գքաշքշե, հերը դուս գելնի, գելնի տեսնի գը, որ ախճգան թուրկը գքաշքշե, կսե՝ Սրկե, Ենգո, Տոնո, էս գիշերը կերտամ: Կերտան ռսի օկնուտյամպ, ռուսը գուկա էսոնկ սելերը գբառնան իրանծ քոճերը ու գուկան: Գուկան հարի Ջրաշեն գյուղը: Ջրաշեն գյուղը տեղ չի տա. կսե՝ մենկ շադվոր ենկ, իրանկ էլ մշեծի կեղնին էլի, էսոնկ (լեռնավանցիները)` բասենծի: Հեդև գուկան այստեղ բասենու գյուղը՝ Ղաչաղան գյուղ է էղե անունը, էգել են` բասենծիկ չեն թողե: Մշեծիկ ելե էգել են: Չիդե՞ս մշեծու խոսկը, էգե ըսել են, որ այսի գեղի տագը Սրկեն, Սիրունը, Ենգոն էստեղ դի տուն շինեն, ու էս տարածկը մշեծոնծ տեղն է: Ու միշտ էլ մեզի մշեծի կսեն, որ խոսկ կեղնի, էդման իկ (բան) կենեն կսեն խոսկի՝ մշու մայլեն… Այդման…

-Իսկ որ մշեցիները եկել ու հաստատվել են գյուղում, բայց տեղացիները բասենցիներ էին, դա ինչ-որ խնդիր չի՞ հանդիսացել: Անհանդուրժողականություն, վիճաբանություններ չե՞ն եղել:

-Չէ: Էգել են ու համեստ, հիրար հեդ աշխադել են ու աբռել են, ոչ մի դավի-դալաբա: Բայծ նոր որ էգել են մշեծիկ, հարսնկի ժամանագ էղել է, մշու ու բասենու հարսնկի ժամանագ, որ հարսին ժամը (եկեղեցի) գտանին էղել է՝ մշեծիկ ու բասենծիկ կռվել են հիրար հեդ:

-Ի՞նչ պատճառով:

-Հարսին մշեծիկ ուզեծել են հիրանկ թեզ տանին ժամ, բասենծիկ էլ` հիրանկ, այդոր համար կռվել են: Այդի մեգն է էղե:

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

-Շատ բարի: Կխնդրեի պատմել նաև Հայրենական Մեծ պատերազմից, ի՞նչ եք հիշում կամ գիտեք այդ տարիներից:

-Հայրենագան պադերազմի մասնագից, իմ պաբս ունեծել է 9 տղա, 7-ը գնածել են հայրենագան պադերազմ: Քառասնմեգ (41) թվին իմ հորոխպերս էղէլ է վաշտի հրամանատար՝ պադպալկովնիգ:

-Անուն ազգանունը կասե՞ք:

-Սիրունյան Մաթևոս Ավագովիչ:

-Ձեր հայրը նույնպես մասնակցել է այդ պատերազմին, այդպես չէ՞:

-Իմ հայրս մասնակծել էր պադերազմին: Քառասնմեգ թվին գնածել է պադերազմ, քառասնիրեք թվին վիրավորվաձ  հեդ է էգել: Էգել է ու գյուղում աշխադել է ֆերմայի վարիչ, աշխադել է բրիգադիր՝ երգար տարիներ, կատ մշագող:

-Ինչ-որ բան պատմե՞լ է, որով կարող եք կիսվել մեզ հետ:

-Ինճի՞ չեմ կարա, ըսեմ… Շադ բան է պադերազմում էղե: Էղել է, որ, կսե՝ առտեն նեմեծը որ գխպեր՝ վերեվիծ, մենկ էլ դիրկերի մեճն էինկ, մեգմ էլ իմ կողկս էր մեր գյուղածի պարգաձ: Կամանդիրն ադրբեջանծի էր: Հրամայեծ, որ (Հարությունյան էր էլի եղե էդ մեր գեղածու ազգանունը) ՝ Հարությունյան, է’լ այսի գորձը էրա: Էդի մեր գեղածին էլ ըսել էր՝ ինչխոր թիպին գուկա էլի, ես մենագս ի՞նճղ էդի գորձն էնեմ:  Ադրբեջանծին ըսել էր՝ հրամայեմ գը, ե’լ. չէր ելե: Էդտեղ մեր գեղածուն խպել էր: Որ զարգել էր, ղարաբաղծի մե տղեմ էլ ըսել էր՝ քու նանն, ու խփե էդ ադրբեջանծուն, զարգե ու սբանել էր:

-Իսկ ի՞նչ կասեք շրջանի ամենացավոտ թեմաներից մեկի՝ Սպիտակի երկրաշարժի մասին: Լեռնավանին է՞լ էր վնաս հասցրել երկրաշարժը:

-Երգրաշարժնե, ինչ ըսեմ, բալա՜ ջան: Ես չոբան էի, ժամը ինն էր, ոչխարը տարա՝ Սարի հարդ կսենկ, էդ Սարի հարդը, սարի դեշի հեդ գելնեի, մեգ էլ երգրաշարժը ելավ: Ես բռնվել էի քարերեն, թափ կուդար, ոչխարը բոլորս հավակվավ, շներն էլ կողկես փախան: Երգրաշարժը թափ տվեց-թափ տվեց, զոռով-շառով թետեվծավ: Ելա վերևը` դուրան էր, ես ելա դուրանը, ոչխարը կայնավ: Մեգ էլ ներկև սեր էրի (նայեցի) գյուղին էդ բանծռ սարից, որ Ջրաշենը ինչխոր մուխ ու ծուխը բռնել էր, վառիր գը: Եդև դառա մեր գեղին, որ ավտոները կերտան-գուկան, գյուղածիկ գփախին, գելնին սարը: Այդկան բանը…
Հիրգունը ոչխարը բերի գեղ, հնգերս` Շաշիգը էգավ, ըսավ՝ այ տղա, երգիրն ավիրվավ, էս ընճի՞ չես գա:  Ըսի՝ ի՞նճ է էղե, այ տղա, երգրաշարժ էր էղավ, բայծ Որդնավը (Ջրաշեն) շադ մուխ բան եղավ: Տո, ըսավ, մեր գեղնել է էղե, ավիրել է, մարտ է մնածե-մահածե… Ու էդման… Մինճև Երևանիծ օկնուտյուն էգավ, մարտկանծ դիագները հանինկ, հուղարգավորեծինկ: Մարտ էլ կար, որ իրա մեռելին տաս օր էլ չէր կարա գդնի… Այդման…

-Լեռնավաննն ունենալով երկար տարիների պատմություն, ի՞նչ հետաքրքիր, տեսարժան վայրեր ունի:

-Մենկ ունինք քարանձավ, մենձ քարանձավ է, վայտե կիլոմերտրմ էղնի էդ քարանձավը: Ինչ տեսագ բան ըսես կա էդտեղ, հոդեկ (սենյակ) կա… Էդ հոդեկեն մեգի մեջը իմ անունս էլ կա գրաձ, որ աղճգա հեդ սիրահարվել եմ՝ իմ ու ինոր անունը կա էնդեղ գրաձ… Էդ քարանձավը էնկան մենձ քարանձավ էր, որ , Մարատ ջան, 500-1000 գլուխ ոչխար էդ քարանձավի տագը գկայնիր, պարգիր գը, որ ինճկան էլ գուզե անձրև գար, էդոր վրեն մե կատիլմ անձրև չէր հնգնի: Կսեն՝ Կախգլուխ քար, էդ քարանձավին: Հառճի բուն կա, հոդա կար, ավալ (հին, հնում) նառդվններով դրե ելել են հոն, ինդեղ հախպուր կար… Թուրկագան իկ է էղե իդտեղ՝ աբրողներ են էղե:
Մենձ դուռմ կա հոդիմ վրա, էդ դռնեն գը նե մդնեինկ, կերտայինկ նեղ ծագմ կար, էդ ծագով կերտայինկ էնդեղ, մենձ գոլ կար, ոչ տե գոլ՝ ֆոր, էդ հորի մեջնե ջուր էր, լիկը ջուր: Հառջի բնի անուն կուդային էդոր, կսեին՝ Հառճի բուն, յանի հառճն է աբռե էդտեղ…

-Կա՞ն այլ պատմություններ՝ Ձեր կամ գյուղի հետ կապված, որը կուզեիք պատմել:

-Հա, էն պադմուտյունը լավ գիդեմ որ, թուրկը մեր գեղեն պլեն գտանի, այդիգ գպադմեմ:
Թուրկերը գուկան մդնին գը մեր գյուղը, երիտասարդ ժողովրտին գբռնեն, կնիգ ունի-չունի, սաղին բռնեն տանին ու լծեն գը Ջրաշենի ժամը: Հարուր քսան (120) հոկի ժամը գլծեն, որ տանին դի պլեն: Մե երգում պայեն գը ժամի մեջը, հեդո դուս քանեն էդ ժողովրտին: Էս՝ Դեմերեսի կսենկ, էլի, էդ Դեմերեսով բերեն գնստեծուն  էդ սարի դեշը: Մեգիմ գղրգեն, տը` գնա տերդերին ըսա՝ ոսկի տա, էս ժողովրտին բաց թողնունկ: Տերդերը  եսիմ, ոսկի ունեծե՞լ է, չէ՞ ունեծե, չեմ կարա ըսեմ… Չի գա տա, չի տա: Նոր էսոնծ խառնեն հառաճ ու գտանին: Տանին ու տանին ու տանին գը… Էրգու հոկի հեդ գուկա իտտիծ (այդտեղից)՝ Սիրունենծ Գասպարը, մեգե Գալոյենծ Հովագը: Հովագը չալղջի է էղե՝ զուռնա չալող: Էդի հարուր քսանեն էդ էրգուսին գբրախեն, մնածաձը կերտան ու կերտան…

-Իսկ Ձեր կյանքից, Ձեր մասին  ի՞նչ կպատմեք: Ինչո՞վ եք զբաղվել երիտասարդ տարիներին:

-Գնածել եմ բանագ, չորս տարի ծառայել եմ բանագում՝ Կրասնադար քաղաքում: Մենկ ստրայիծելի բատալյոն էինկ: Չորս տարի աշխադանկ, համեն բանով լավ, գովասնագրով էգա… Էգել եմ, կոլխոզին աշխատել եմ հովիվ, ունիմ հմի պաչոտնի գրմտներ (պատվոգրեր): Արդաքին գորձերի մինիստրը Մոլոտովն էր, Մոլոտովեն ես պարկեվներ ունիմ, որ ստածել եմ: Պադվով աշխադել եմ: Գյուխսովետի դեպուտադ եմ էղե, ընձի տարել են լավ աշխադող որբես, ռայկոմի քարդուղարը նստաձ էր. ժողով էր մեմե իմ անունս կարտածին՝ Սիրունյան Կոլյա Հարութի, ըսի՝ ես եմ, ըսավ՝ արի հառաճ: Գնածի, հանեց էն ժամանագվա փողով եռեսնըհինգ (35) մանեթ, հանեծ տվեց ու ըսավ՝ հալալ էղնի, Սիրունյան Կոլյա Հարութի, որ այսպես միշտ աշխադել է ջանասեր: Ու իմ նգարս էլ միշտ զարգաձ է էղե գրասենյագի պադին, որբես լավ աշխադող:

-Որպես վերջաբան՝ ի՞նչ կմաղթեք երիտասարդ, նոր եկող սերնդին:

-Ես գմախտեմ հիմիգվա երիտասարդներուն ջանսաղուտյուն, առողճուտյուն, հաշխարկին` խաղաղուտյուն, իրանկ էլ խաղաղ ու երջանիգ աբրին այս լավ հաշխարհի մեջը…

Զրույցը գրի առավ` Մարատ Սիրունյանը