Մարատ Սիրունյանի բոլոր հրապարակումները

marat sirunyan

Քա չթողի՜ն, քասկնա՞ք…

Այս պատմության համար պետք է շնորհակալություն հայտնեմ ավագ ընկերներիցս մեկին՝ Նարինե Փայլակյանին, քանի որ հենց նա է այս պատմությունն ինձ պատմել: Նարինեի ամուսինը ավտոպահեստամասերի և սպասարկման կետ ունի Երևանում, որտեղ էլ երբեմն շատ հետաքրքիր դեպքերի է ականատես լինում: Բայց այս մեկն առանձնահատուկ էր:
«Ապրիլյան պատերազմի օրերին, երևի ամսի վեցը կամ յոթն էր, մի պապիկ եկավ: Ոգևորված՝ մարտական դիմեց տղերքին (ավտոմեխանիկներին).
-Տղե՛րք ջան, ձեր հոկուն ղուրբան, մարալս թըսթըսա գը, մե հադմ նայե՛ք, քանդե՛ք, հավկե՛ք, որ վազե, պառվծել է:
Մարալն էլ քսանհինգ-քսանյոթ տարվա ВАЗ 21-011 էր, նույն ինքը՝ «ջորի», է՜ն թվերի «տյունինգով»: Տղերքը իրար նայեցին, թե բա.
-Ա՛յ հեր, սրան ինչ էլ անենք, չի վազի: Դարն ապրել ա, համ էլ ժիգուլու գործ չենք անում, կներես, ուստա՛:
-Պա՜հ, էդ ընճի՞ որ, ժիգուլին ավտո չէ՞,- ակնհայտ նեղացավ: -Տղե՛րք ջան, ղուրբան էղնիմ ձեզի, բանըմ էրեք՝ Ղարաբաղ հասնիմ, հեդոյի հերն էլ անիձաձ…
-Ա՛յ հեր, Ղարաբաղ ինչի՞ ես գնում, քո համար ուշ չի՞:
-Չէ՛, ուշ չէ, կերտամ. ձագերիս դուխ տամ, ուդելիկ ու հակնելիք գտանիմ:
-Ուստա՛, քանի՞ տարեկան ես:
-Յոտանասունիրեկ:
-Ա՛յ պապի, ախր էն քո տեղը չի, մեկ ա, քեզ սահմանին մոտ չեն թողի, ինչո՞վ պտի օգնես:
-Ա՜խ, կերտամ, մեգ է՝ բդի էրտամ, քնաձ կեղնին` վրեկը գծածկեմ, խրամատ գփորեմ, ջրի կերտամ…
Լուռ հետևում էի էդ զրույցին: Տղերքը ճիշտ էին, բայց պապին համոզեց: Քանդեցին, բզբզացին, մի երկու ժամ տանջվեցին, ինչ կարող էին՝ արեցին, իսկ ես նայում էի մաշված անիվներին ու մտածում. «Էդ անիվներով չորս հարյուր կիլոմետր ո՞նց ա գնալու»: Պապի փորձառու հայացքից չվրիպեց իմ մտահոգությունը.
-Հա՛րս ջան, ճիշտ ես, կալոսներս քյաչալ են, բայծ գառաժս ունիմ մե զույկմ, գդնեմ դեմն ու քասնիմ, դարդ մի էրա, պառավ ձին մէ ոդով էլ կերտա: Էրտա՜մ, հեչ բան որ չենեմ, ձագերիս ոդները գլվամ, ըդիգ էլ խո՞ կըռնամ,- ապա խոսքն ուղղեց տղաներին,- տղե՛րք ջան, ի՞նչ բդի տամ:
-Բան չէ, ա՛յ հեր, լավ ա: Հաշվի մի բան էլ մենք ենք արել:
Պապը ավելի լայն ժպտաց: Էդ մի երկու-երեք ժամում պապը ջահելացավ…

-Դե, գնածի՛, հետ գամ՝ գուկամ, գպադմեմ:
-Սպասի՛, պա՛պ, ե՞րբ ես գնում:
-Հենց հմի: Տուն հասնիմ, կալոսներս փոխեմ: Պառավին ըսել եմ՝ ինչ կռնաս հավակե, էրտամ հասնիմ ձակերիս:
-Դե, որ էդպես է, սպասի, պա՛պ: Բան եմ պատվիրել, ուր որ է կբերեն:

Խոսքս կիսատ՝ ֆիրմայի մեքենան կանգնեց: Ինչ ուզել էի, մի բան էլ ավել՝ իրենց կողմից, բարձեցին ժիգուլու բագաժնիկը: Պապը մի տեսակ սսկվել էր, աչքերը թաց էին:
-Ա՛յ պապ, լացո՞ւմ ես:
-Գուլամ, հըբը, սիրդըս բարգծել (բարակել) է, գուլա՜մ, ձա՜կս, ի՞նճղ չլամ, գիշե՜ր-ցերե՜գ գուլամ…
Գրկեցի պապին, լացեցինք իրար հետ, հետո նրան ճանապարհեցինք՝ նորից հանդիպելու պայմանով:
-Էրտա՜մ,- վերջում արդեն մեքենայի միջից ասաց պապը,- էրտամ՝ մուրազս փորս չմնա, քանի սաղ եմ, բանըմ էնեմ… Ուշ չէ՜, երպեկ ուշ չի եղնի, կսպասե՛ք, հեդ գուկամ, գիշերվա երազս գպադմեմ: Ըդոր եդևեն կերտամ:
Ու գնաց:

Չգիտեմ՝ ինչու, պապի մասին լռում էինք, թեկուզ և հայտնի էր, որ բոլորս էլ մտածում էինք: Լռեցինք մի օր, երկու օր, երրորդ օրը մի հին հաճախորդ եկավ, որ նոր էր Արցախից վերադարձել: Դե, էդ օրերին բոլորի թեման նույնն էր, առանց հարցնելու էլ պատմում, կիսվում էին, մենք էլ ծարավի պես լսում ու լսում էինք: Իրար նման պատմություններ, բայց և տարբեր, տարբեր ճակատագրեր, գուցե և մի քիչ գունավորած, ինտրիգներով համեմված, մեկ է՝ լսում էինք: Բայց էս մեկն ուրիշ էր:

Պարզվեց, որ դեռ մարտի վերջից էր գնացել գործով, և էդ խառնաշփոթի պատճառով մնացել էր, սիրտը չէր տվել վերադառնա, որդին սահմանին էր ծառայում: Իմացանք, որ որդին ողջ-առողջ է, բան չմնաց, շուտով կգա, ուրախացանք իր համար: Տխուր էինք մնացածի համար, որ, ցավոք, էլ չեն գա:
-Բա՜, տղերք ջան, սենց բաներ,- շարունակեց հին հաճախորդը:-Բա որ իմանաք՝ ճամփին ում տեսա. մի լեննականցի համով բիձու, մատոռը խփել էր, մնացել էր ճամփին:
-Վա՜յ,- բերանիցս թռավ:
-Հա, քո՛ւր ջան, շատ նեղված էր, տղերքով օգնեցինք, ջորին քաշեցի տարա ծանոթիս տուն: Հիմա կպել ա ինձ, թե բագաժնիկս դատարկի քո ավտոն, հետ ենք գնում: Ասում եմ՝ այ ուստա, 10 օրից ավել ա տանը չեմ եղել, կգժվեն տնեցիք: Հնար չկա. «Չիդեմ, բանըմ էրա ընձի Ղարաբաղ հասծրա, ես եդ դառնողը չեմ: Չես օգնե՝ ոտով կերթամ, հըմը բագաժնիկս լի՜կը ուդելիկ է, ըդիգ չիդեմ ինճղ տանիմ»,- ասում էր ու լացում էս բիձեն: Սիրտս կտոր-կտոր եղավ, չօգնեմ՝ չի լինի, բայց չեմ էլ կարա հետ գնամ, բա ո՞նց անեմ:
Վերջը, ինչ գլուխներդ տանեմ, զանգեցի ստեղ-ընդեղ, դե շոֆեր մարդ եմ, սաղ գնացող-եկողի հետ ընկեր-բարեկամ ենք: Իմացա, որ ընկերս արդեն Գորիս ա հասել, ուրախացա: Պայմանավորվեցինք, հասցեն ասեցի, մնաց սպասենք, որ գա: Ասի՝ ուստա՛, հարցդ լուծեցի. ընկերս գնում ա Ղարաբաղ, հասել ա Գորիս, բան չմնաց, կհասնի, քեզ հետը կտանի: Պապն էլ մի քանի վայրկյանում օրհնեց աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար օրհնանքներով, մի կուշտ էլ քրֆեց հարևան թշնամիներին, դեսից-դենից խոսացինք, արցախյան ազատամարտում զոհված տղու մասին պատմեց, լացեց, մղկտաց, մինչև ընկերս հասավ, վեշերը բարձեցի, տեղավորեցի, մնաս բարով արեցի, ճանապարհեցի, գնացին:
Փաստորեն այդ ծերունին մեզ արդեն ծանոթ լեննականցի պապիկն էր եղել:
Մոտ 10 օր տեղեկություն չկար պապից: Ինչ ասես՝ մտածեցինք. ո՞ւր գնաց, ի՞նչ արեց: Վերջապես պապը եկավ: Մի քիչ մռայլ, տխուր էր: Սովորականի պես չժպտաց բարևելիս: Եկավ, նստեց, տղերքը գործ էին անում, ես էլ բան չհարցրի: Առանց մեքենայի էր:

-Պապ մի հատ համով սուրճ եփե՞մ:
-Չեմ ուզէ, հարս ջան, բաժագմ ջուր տուր…
Ջուրը խմեց, նայեց դեմքիս, հետաքրքրությունից պայթում էի, բայց կարծես վախենում էի հարցեր տալ:
-Բա՜, բալե՛ս, էս բիձուն սահման չթողին, հասա Ստեպանակերդ, չթողին, ինճղ լեզու թափի՝ չհամոզվան, չթողին: Ես էլ գիշերով մեգիմ հեդ գողդու ուզեծի էրտամ, բռնվա, թկին-մրին էս բիձա պաբուդ, վերջը տարաձս ղրգեծի սահման՝ տղեկին: Գնածի մե վայեննի հոսպիտալ, ըսի՝ գոնե հիվանդներուն պայեմ, չթողին,- դառնացավ, սկսեց լացել: -Հեդո տարան Երևանեն էգաձ տղեկի մոդ, իրանկ էլ ընձի շտաբ օկնուտյան ավտոյով ճամպու դրին Գորիս, ինդիծ էլ մե լավ տղում հեդ էգանկ Երևան… Քա՜, չթողի՜ն, քասկնա՞ք,- հոգուն հասած հայհոյեց,- ըսի՝ էրտամ, հեճ որ չէ՝ տղերկիս ոդները գլվամ… Չթողի՜ն…

Ինքը դառնացավ ու լացեց: Ես էլ լացեցի:
Դրանից հետո մի անգամ էլ եկավ, խոսեց, կիսվեց:
Էլ չեկավ… Իմացանք, որ ըմբոստ հոգին չէր դիմացել. գնացել էր որդու ու Աստծո մոտ»:

Հ.Գ. Պատմության հերոս ծերունու անունը չի նշվում, քանի որ նա, մահվանից առաջ, երբ կրկին եկել էր արհեստանոց, իմանալով, որ Նարինեն գրի է առել իր պատմությունը, խնդրել էր հանկարծ անունը և անմիջապես իրեն մատնացույց անող որևէ տեղեկություն չնշել:

marat sirunyan

Մի կտոր բարի

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպի՞սին է լինում բարի մարդը: Այ, հիմա ես ձեզ կծանոթացնեմ հենց այդպիսի շատ բարի, հետաքրքիր, գեղեցիկ ու խելացի մարդու՝ 26-ամյա Լուսինե Ներսիսյանի հետ: Լուսինեն մեկն է, ով շա՜տ-շատ է սիրում երեխաներին, և դա պարզ տեսանելի է դառնում նրա կատարած գործերից: Որպեսզի շատ չբացեմ չակերտները, միանգամից ձեր ուշադրությանը ներկայացնեմ մեր զրույցը:

-Լուսինե, նախ մի փոքր խոսենք քեզնից. կպատմե՞ս քո մանկություն-պատանեկությունից, ուսանողական տարիներից, որտե՞ղ ես սովորել, ի՞նչ մասնագիտություն ունես:

-Մանկապարտեզ 3 օր եմ գնացել, չսիրեցի, դուրս եկա։ Դպրոցս՝ Երևանի «համար 153»-ն է եղել: Այն ժամանակ անուն չուներ, մեր ավարտելուց հետո միայն անուն ստացավ, և որ ամենակարևորն է, նոր կաթսայատուն կառուցեցին: Ամենացավոտ կողմս է՝ ցուրտ տանել չեմ կարողանում, իսկ մեր դպրոցական տարիներին էնքան ցուրտ էր, որ միշտ բողոքում էինք: Դասղեկն այնքան էր ասել՝ վազեք, որ տաքանաք, մի օր դասարանով վեր կացանք ու սկսեցինք դասի ժամանակ վազել…,- լավ կամ վատ սովորելու մասին չի խոսում, ժպտում է ու ասում,- ատեստատս կարմիր էր, երևի սովորել եմ, էլի…
Մանկությանս լույս ու մութ տարիները չեմ հիշում, դրա ժամանակը չեմ ունեցել. կամ գյուղում էի՝ մայրական տանը, կամ էլ մեր 5 երեխաների հետ…

-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունես, ինչո՞վ ես զբաղվում հիմա:

-Սովորել եմ ԵՊՀ-ի, մաթեմաթիկայի ֆակուլտետում: Հիմա էլ ես եմ ուսուցիչ: Իմ մասնագիտությամբ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր»-ում: Հիմա զարմանում եմ, որ երեխաներն ասում են՝ ո՞նց կարող ենք սիրով դասի գնալ: Ախր, եթե սիրով չէ, ապա էլ ինչպե՞ս կարելի է անել: Եթե մի բան սիրով չես անում, ապա կարծում եմ՝ ավելի լավ է չանես: Մեր մայրը, երբ առավոտյան ասում էր՝ չնախաճաշեք՝ դասի չեք գնա, մեր սիրտը կանգնում էր, ու չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել պատճառ, որ սովորողը դասի չգնա: Այն ժամանակ մեր ծնողներն ինչքան էլ աշխատեին կամ լավ վաստակեին, միևնույնն է, այդ տարիները դժվար տարիներ էին, ու մենք գիտեինք, որ եթե սովորենք՝ համ մեզ կօգնենք, համ մեր ընտանիքին, և դեռ ավելիի մասին էինք մտածում:

-Իսկ աշխատելով կրթական ոլորտում, ի՞նչ թերություններ կարող ես մատնացույց անել:

-Այս պահին չեմ կարող կոնկրետ ասել, թե ինձ համար ինչն այնպես չէ, բայց եթե կարողանայի, հավանաբար 10-ամյա համակարգը հետ կբերեի: Ինձ թվում է, որ 10 տարին մեզ լրիվ բավական է:

-Միայն դա՞:

-Այս պահին դա եկավ մտքիս… Վերջերս բողոքական բնավորությունս անցել է. երևի մեծացել եմ,- կատակում է նա,- փոխարենը կարող եմ ասել, որ սերունդը լավն է, ճիշտ նախորդների նման, բայց իրենց հնարավորություններն ավելի շատ է…

-Այսինքն՝ դու վստա՞հ ես, որ մենք ունենք հուսալի սերունդ, ով մեր հայրենիքը կտանի դեպի պայծառ ապագա: Եվ իրականում մեծերը սխալվո՞ւմ են, երբ ասում են. «Նոր սերունդը «փչացել» է»:

-Տես, միշտ էլ նախորդ սերունդը դժգոհում է նորերից։ Նկատել եմ, որ մեծերը մոռանում են իրենց այդ տարիքը ու միանգամից փոքրերին մեծ ու խելացի մարդու հետ են համեմատում: Դե, պարզ է՝ էդ դեպքում նման ձևով կարտահայտվեն: Բայց ես մեր սերնդին էլ, նորին էլ ու դեռ եկողներին էլ հավատում եմ: Մենք լավն ենք: Մի ժամանակ ասում էի՝ մենք լավն ենք, ընկերներս մեղադրում էին ու հակառակվում: Անցած տարվա ապրիլյան դեպքերից հետո միանգամից բոլորը սկսեցին հասկանալ, որ մենք լա՜վն ենք։ Անկեղծ լինեմ, ես դրանից չեմ ուրախացել. ցավոտ է, որ վերջապես այդ կարծիքին եկան այդքան կյանքերի գնով,-տխրում է, հետո նորից հպարտանում,-Մենք հաստատ լավն ենք, բայց մի թերություն ունենք՝ հարմարվող ենք ու դիմացկուն։ Զարմանում եմ՝ ինչ ասես գլխներին խաղացել են մեր ազգի, էլի կանք ու էլի նույն կերպ, բայց էս նորե՜րը… Վա՜յ, մի քիչ ավելի պահանջող են: Սեփականատեր են,-ժպտում է ու ավելացնում,-Լավ է:

-Ես գիտեմ նաև, որ դու զբաղվում ես բարեգործական աշխատանքներով, ու առավելապես մանուկներին օգնելով: Մի փոքր կպատմե՞ս քո բարեգործական գործունեության մասին:

-Ես չեմ օգնում. ես մենակ ոչինչ չեմ կարող անել: Մենք ենք օգնում: Մեր թիմը, ու ոչ միայն մեր թիմը։ Այսօր ՀՀ-ում մի մեծ թիմ է ստեղծվում՝ աստիճանաբար, իրար ձայն տալով, ձեռք տալով, օգնում ենք։ Եթե նկատել ես՝ խնդիրը հենց առաջանում է, անմիջապես երիտասարդներն արձագանքում են, արագ հավաքվում ու լուծում են տալիս: Դա թիմային աշխատանք է, մեծ ու փոքր կազմակերպությունների, խմբավորումների աշխատանք է:
Ես օրինակ՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ի ղեկավար կազմի անդամներից եմ։ Օգնում ենք՝ ինչով կարողանում ենք։ Սովորաբար համերգներ ենք կազմակերպում, ստացված հասույթը փոխանցում որևէ փոքրիկի, ով անհապաղ բուժման կարիք ունի՝ ՀՀ-ում, կամ ՀՀ սահմաններից դուրս: Մեզ վստահող մարդկանց մի խումբ ունենք, ովքեր սիրով ու անհամբեր սպասում են մեր միջոցառումներին։ Հաճախ իրենք էլ հիշեցնում են, որ տևական ժամանակ այս կամ այն միջոցառումը չենք իրականացրել:

Մեր հայտնիներից էլ շատներն իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնելու, պարբերաբար միջոցառումներին մասնակցելու…

-Իսկ վաղո՞ւց է «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ն գործում Հայաստանում, ինչպե՞ս կարող են ցանկացողները միանալ ձեզ: Կամ ինչպե՞ս կարող են կարիքավոր մարդիկ դիմել ձեզ:

-ՀԿ-ն գործում է արդեն 5 տարուց ավելի: Մեզ հետ թե կամավորները, թե օգնության կարիք ունեցողները կապ կարող են հաստատել համացանցի օգնությամբ, ընդամենը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնելով և գրելով «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի էջին: 

-Շատ բարի: Այդ գործունեության շրջանակներում դուք տարբեր ոլորտների հետ եք աշխատում՝ առողջապահություն, կրթություն և այլն: Ինչ-որ կերպ ձեզ աջակցո՞ւմ են այդ ոլորտների պատասխանատուները, պաշտոնական կառույցները, կամ պաշտոնատար անձինք:

-Լավ կլիներ, որ աջակցություն լիներ, բայց պաշտոնական կառույցներից աջակցություն չենք ստանում, չենք էլ դիմում, քանի որ վստահություն և հավատ չկա, թե կօգնեն, կամ էլ շատ կձգձգեն: Բայց, ախր, պուճուրը, որ կյանքի կռիվ է տալիս, չի կարող սպասել:

Իսկ ինչ վերաբերվում է սովորական աշխատողներին, իհարկե, եթե դիմում ենք, հնարավորինս փորձում են օգտակար լինել։ Ինչ վերաբերվում է հիվանդություն ունեցող երեխաներին, իրենց բուժող բժիշկների հետ միշտ խորհրդակցում ենք, սիրով ժամանակ են տրամադրում ու խորհրդով ուղղորդում են մեզ՝ ճիշտ օգնություն տրամադրել:

-Իսկ դու հաճախ շփվելով տարբեր մանուկների հետ, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է հարկավոր երեխային երջանիկ, ապահով լինելու: Ի՞նչ պետք է տալ փոքրիկին, որպեսզի նա իրեն լիարժեք զգա:

-Դե իրենց միայն սեր ու ջերմություն է պետք և առողջություն։ Մնացածը ծնողներին է պետք, որ կարողանան իրենց երեխաներին ապահովել հնարավորինս բարվոք կյանքով, մեր պուճուրները արժանի են լավ ապրելու։ Երբեմն ծնողները տարվում են առօրյա հոգսերով ու, հացի խնդիրը լուծելուց հետո, հաճախ էլ ուժ ու ժամանակ չեն գտնում երեխաների համար։ Մեր ծնողները, օրինակ, մեզ հետ խաղում էին, մեզ համար կարդում էին…

-Իսկ կա՞ մի երազանք, որը հաճախ է կրկնվում, երբ լսում եք տարբեր փոքրիկների երազանքները:

-Իրենց երազանքները իրենց պես տարբեր ու գունավոր են: Դե, հիվանդ երեխաները սովորաբար երազում են առողջ լինել, էլ հիվանդանոց չգնալ, դեղեր չխմել: Կան երեխաներ, ովքեր չեն էլ գիտակցում իրենց վիճակի լրջությունը. դեռ շատ փոքր են, իրենք երազում են ապագայի մասին…,-ժպտում է, բայց հուզմունքով,-Մեկն ուզում է պարուհի դառնալ, մյուսը՝ երգչուհի, ու էդպես շարունակ…

-Կարելի՞ է իմանալ՝ դու ի՞նչ երազանք ունես:

-Անձնական չեն… Անձնական ցանկություններս իրագործելի են, ամեն դեպքում ես էդպես եմ կարծում: Ես էլ ուժեղ եմ բոլորիդ պես:
Թող բոլոր մանուկներն առողջ ու ապահով լինեն, բարեգործական ՀԿ-ների փոխարեն էլ ուղղակի երիտասարդական խմբեր հավաքվեն, երգեն, պարեն, զվարճանան, իրարից սովորեն ու սովորեցնեն…

marat sirunyan

Ժաշքը

 (Մի սև օրվա երկու երես)
«Երգրաշա՞րժ… Ես գինամ էդ ժաշքնի մգըլօրս է էղի, էս էրգօրնի էղի…»

Այս է երկարաշարժը՝ չմարող մահվան տեսիլ, որն անցնում է սերնդե սերունդ ժառանգաբար՝ արյան ու գեների միջոցով… Անցնում է բոլոր զգայարանների միջոցով թե վերապրածի, թե դրանից շատ հետո ծնվածի: Վերապրածը անմիջապես տեսնում է դժոխային իրական պատկերը, լսում աղաղակներն ու մահվան ձայնը, զգում փլատակների տակ անհույս փտող դիակների հոտը, զգում հողի ու փոշու դառնահամը, իր իսկ ձեռքերով այս ու այն կողմ տանում սեփական տան մնացորդներն ու դրանց տակ գտնում ու գիրկն առնում մահացած կամ հոգին ավանդող հարազատին կամ ինչ-որ հրաշքով գտնում նրան ողջ… Ու կամ թաղում է իր հույսն ու հավատն այդ հարազատի հետ, կամ նրա հետ վերածնում դրանք:
Իսկ երկրաշարժ չվերապրածները լսում են այդ չարաբաստիկ եղելության մասին տարատիպիկ պատմություններ՝ մեկը մյուսից դաժան ու ցավալի, մտքում վերարտադրում դրանք՝ շոշափելով երկրաշարժի ժամանակ զոհված այս կամ այն հարազատի շիրմաքարն ու ռունգերին զգալով այրվող խնկի բույրը…

28 տարի է անցել, բայց դրա ականատեսները դեռ չեն մոռացել ու երևի երբեք էլ չեն մոռանա այդ օրվա տեսածը…

Պատմում է Գայանե Մարտիրոսյանը, Լոռու մարզի Լեռնավան գյուղի մեր հարևանուհին.

-Աշխատանքի գնալուց առաջ երկամյա աղջկաս տվել էի իր սիրելի տիկնիկը, մի գրիչ (երբ մեծերի ձեռքին տեսնում էր, ինքն էլ էր ուզում գրել) ու մեկ ռուբլի, ասելով, որ աշխատանքից վերադառնամ, միասին կգնանք խանութ… Երկրաշարժը եղավ, ես շնչակտուր հասա տուն ու սկսեցինք փլատակների տակ փնտրել երեխայիս: Գտանք նրան… Չորս կողմը քարեր էին ընկել, իսկ վրան հող էր լցվել, չգիտեմ՝ ինչ հրաշքով նրա վրա անգամ մի քերծվածք չկար: Երբ երեխայիս հանեցինք այնտեղից, ձեռքերի մեջ պինդ պահել էր տիկնիկն ու մեկ ռուբլին… Մոտ 20-30 րոպե ձայն չէր հանում, հետո, երբ լեզուն բացվեց, ասաց. «Մա՜մ, գրիչս մնաց»…

Պատմում է երկրաշարժի ականատեսը, հուզվում, վերապրում է զգացածը, աչքերն արցունքոտվում են.

-Է՜, էդ օրը… Մոռանալ չի լինի… Երբեք չեմ մոռանա այն պատկերը, որը տեսա հայրական գյուղիս` Ջրաշենի դպրոցում… Այն գրեթե ամբողջությամբ ավերվել էր, շատ երեխաներ էին զոհվել, անգամ կային դասարաններ, որոնց երեխաներից ոչ ոք ողջ չէր մնացել… Համարյա ամբողջ գյուղն այնտեղ էր, միասնացել էին բոլորը: Հիշում եմ, երբ բազմությունը լսում էր` գտա՜նք, անմիջապես, մի մարդու պես հսկայական քարերը, բետոնե սալիկները, որոնք հսկայական ծանրություն ունեին, գերբնական ուժով այս կամ այն կողմ էին տանում ու փրկում երեխային… ,- նորից հուզմունքը խեղդում է կոկորդը,- Մարդիկ կային, որոնք փլատակների տակից հանում էին իրենց երեխայի անշնչացած դին, դնում իրենց կողքին ու շտապում էին մյուս երեխաներին փրկելու:

* * *
Պատմում է մայրս իր հոր պատմածը.

«Գյուղի փողոցներից մեկով էի անցնում, երբ մի բեռնատար մեքենա կանգնեց կողքիս: Մեքենայից ծանոթ մեկն իջավ, գրկախառնվեցինք ու արցունքն աչքերին ասաց. «Խնդրում եմ՝ հետս արի. ոչ ոք չկա, որ նրա հետ թաղեմ հարազատներիս, գոնե դու արի…»: Երբ բարձրացա բեռնատարի վրա, տեսածս կյանքումս տեսած ամենադաժան ու հոգեհան տեսարաններից էր, որ երբեք չեմ մոռանա… Բեռնատարում դագաղներ էին, որոնց մեջ այդ մարդու ընտանիքի անդամներն ու հարազատներն էին…»,- Գրիշա պապս, որ ծագումով Ջրաշենից է և վաղուց ապրում էր Վանաշենում, երկրաշարժի օրվանից թողած տունն ու ընտանիքը, շտապել էր իր ծննդավայր ու շուրջ 40 օր մնացել էր այնտեղ:

Նման սարսափազդու պատմությունների պակաս չկա մարդկանց՝ երկրաշարժի հետ կապված հիշողություններում: Ես էլ այդ «աղետի գոտի» կոչված տարածքի բնակիչներից եմ ու ակամա այդ աղետի հետևանքների կրողներից: Ես էլ, ինչպես իմ տարեկից ու շրջանում բնակվող շատերը, չեմ հաճախել մանկապարտեզ, չեմ կարողանում այցելել իմ գյուղի մարզամշակութային որևէ կենտրոն, չեմ կարողացել այցելել այնպիսի դպրոց, որը կունենա լաբորատորիա, սպորտդահլիճ, հանդիսությունների սրահ: Իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև դրանք ուղղակի չկան… Գյուղի համայնապատկերից առհասարակ բացակայում են կարևոր նշանակության շինությունների մեծ մասը: Գյուղը չունի համայնքապետարան, մշակույթի կենտրոն, մանկապարտեզ, սպորտդահլիճ, բարեկարգ բուժկետ, գրադարան, կարևոր նշանակության կառույցներից թերևս գործում է միայն դպրոցը, այն էլ միայն դասասենյակներ ունի, ուրիշ ոչինչ:
Իսկ ավագ սերնդի ներկայացուցիչներից գրեթե բոլորը, որոնց տվել եմ այն հարցը, թե ինչ դրական գոնե մի փոփոխություն կա երկրաշարժից հետո, պատասխանել են՝ ոչ մի…

Եվ երևի թե իրոք, «ոչ մի», քանի որ այդ օրվանից այս կողմ համարյա ոչ մի լավ բան տեղի չի ունեցել, բացի իհարկե, անկախության հաստատումը: Արդյո՞ք սա էր մեր երազած անկախ պետությունը: Կամ ինչպես երկրաշարժը սեփական շահերին ծառայեցնողները, որոնց համար այն թալանի ու գրպանները տռզեցնելու միջոց էր: Այսօր էլ  ղեկավարության ու պաշտոնատար անձանց մեծ մասն է թալանում սեփական ժողովրդին ու երկիրը` համայնքների դիմակայունության բարձրացման կամ աղետի գոտիների վերականգման համար նախատեսված գումարների մեծ մասը ծառայեցնելով սեփական բյուջեի դիմակայունության ապահովմանն ու դրա ճեղքերի փակմանը: Շատ բան չի փոխվել:
Եվ չմոռանանք. որքան մի երկրաշարժից հեռանում ենք, այնքան մոտենում ենք նորին…

Բնական աղետներն արվեստներ են սպանում

Իրապատում հորս՝ նկարիչ Ավետիք Սիրունյանի հիշատակին

marat sirunyan avetiqՆրա ամուր ձեռքի մատները նրբորեն փարվել էին վրձնին ու մեղմ սահանքով այս ու այն կողմ էին տանում այն…Նա երիտասարդ նկարիչ էր… Եռանդուն ու երազներով լի մեկը, ով կյանքին նայում էր իր վրձնած նկարների գույներով ու երանգներով: Վրձնի ամեն շարժման հետ իր հոգու մի մասնիկն էր դնում՝ ձուլվելով իր ստեղծածին: Նա իր երազանքները, նպատակները, սերը, գրեթե ամե՜ն-ամեն ինչ դրել էր իր վրձնի մեջ ու դրանք տվել նկարներին… Նա իր ապագան էր դրել այդ արվեստի մեջ:
Հայրենի Սպիակի շրջանում կայանալիք ցուցահանդեսի համար ամեն ինչ պատրաստ էր, նա վերադարձել էր Երևան՝ մի քանի մանր-մունր հարց կարգավորելու: Առավոտը բացվեց, իսկ նա դեռ արվեստանոցում էր. ինչ-որ մտքեր էին գալիս-գնում, իսկ նա, հնազանդ դրանց, մտքում պատկերներ էր ուրվագծում ու մի մասը հանձնում կտավին:

Վերջին շտրիխներն էր անում կտավի վրա, երբ ձեռքը սկսեց չենթարկվել ու անկանոն շարժումներով վրձինը նույնպիսի անկանոն գծեր քաշեց կտավի վրա՝ այդ հսկայական աշխատանքը հավասարեցնելով զրոյի այնպես, ինչպես որ դրա պատճառ հանդիսացող երկրաշարժը փշրեց միլիոնավոր երազանքներ, բյուրավոր մարդկանց ճակատագրերը դարձրեց խզբզանք ու հիմնահատակ փոխեց նրանց կյանքը…
Դադարեցին արտաքին ցնցումները, բայց հոգու ցնցումները դեռ շարունակվում էին: Նկարիչը գամված մնացել էր տեղում՝ սառած հայացքը հառած տենդագին խզբզանք դարձած իր նկարին… Մինչդեռ բոլորը խուճապահար դուրս էին վազում փողոց, նա, իր տեղում քարացած, չէր կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց…

Կատարվածն ավելի սարսափելի էր, քան կարող էր այդ կյանքով լեցուն երիտասարդը պատկերացնել… Նույնիսկ չէր պատկերացնում այն ժամանակ, երբ ամեն ինչ իմացել էր: Երեկոյան արդեն ճանապարհին էր. շտապում էր հայրենի գյուղ:

Հասնելով գյուղ՝ սարսափելի պատկերի ականատես եղավ. թե իր ծննդավայրը, թե հարակից տարածքները ավերակ էին դարձել: Մահը թևածում էր երկնակամարով, միաձուլվում կրակներից առաջացած ծխին ու Աստծուն ուղղված աղաղակ-անեծքների հետ բարձրանում երկինք…

Կանգնել էր ուղիղ այն տան դիմաց, որտեղ ծնվել ու մեծացել էր, որտեղ իր հարազատներն էին եղել, հարազատների մեջ՝ իր նկարները, որոնք շուտով պիտի մարդկանց աչքն ու հոգին շոյեին ցուցահանդեսում… Եթե ընտանիքի անդամները կարողացել էին փախչել ու փրկվել, ապա այդ անօգնական ու անպաշտպան «էակները» ոչ մի տեղ չէին կարող շտապել և դարձել էին այդ տան փլատակների զոհերը…

marat sirunyan hayr.com14804818709842Կիսամութի մեջ տեսնելով այդ ամենը՝ լուսավոր երիտասարդի ներսում էլ աշխարհը կարծես սկսեց մթնել: Այլևս չկար այն ամենը, ինչով նա ապրում, ինչը ստիպում էր նրան երազել: Մի երկրաշարժ էլ նրա ներսում եղավ ու ամեն ինչ ավերեց, բայց ինչպես իրական երկրաշարժ վերապրածները, այնպես էլ նա, սարսափեց, խենթացավ, բայց սթափվեց ու ողջ ուժով նետվեց օգնության ծանոթին ու անծանոթին, փրկության կարիք ունեցողը դարձավ փրկարար ու ականջը պահեց այս կամ այն տան փլատակների տակից լսվող ձայներին…
Մութն ընկել էր արդեն: Փլատակների տակ Ինքնամոռաց մարդկանց որոնումներով էր զբաղված, երբ իմացավ, որ ավագ քրոջից (նա ամուսնացած էր հարակից գյուղերից մեկում) լուր չկա: Առանց մի վայրկյան հապաղելու՝ հասավ այնտեղ: Մթության մեջ չէր երևում ոչինչ, միայն աղաղակներ էին լսվում, օգնության կանչեր ու լացի ձայներ: Ճանապարհը գտնելու համար ժամանակ առ ժամանակ կրակայրիչն էր վառում: Գյուղի ճանապարհով քիչ թե շատ անցել էր, երբ ոտքի տակ ինչ-որ բան զգաց: Մտածեց՝ ինչ-որ առարկա է, բայց կրակայրիչը վառելուն պես սարսափած ընկավ. երիտասարդ կնոջ գլուխ էր…
Այդ կողմ եկած մարդիկ նրան ուշքի բերեցին, թեև նա տեսածից դեռ ուշքի չէր կարողանում գալ… Վերջապես հասավ քրոջ տուն…. Ավերված էր… Վախերն ուժգնացան ու առանց որևէ բանի սպասելու՝ նետվեց ՝քրոջն ու երեխաներին գտնելու… Անդադար ձայնում էր քրոջը, լռում էր մի քանի վայրկյան՝ պատասխան կանչ լսելու ակնկալիքով: Կանչերից մեկը վերջապես պատասխան գտավ. քրոջ ձայնն էր… Հույս արթնացավ նրա ու մյուս փնտրողների մեջ, սկսեցին թույլ լսվող ձայնի ուղղությունը որոշել: Կողմնորոշվել չէր հաջողվում… Սկսեցին մի քանի կողմերից փորփրել փլատակները…
Որոնումները շարունակեցին մինչև լուսաբաց, լուսաբացին միայն հաջողվեց գտնել քրոջը: Նա անուժ ու անօգնական ընկած էր գետնին՝ գրկած փոքրիկ որդու անշնչացած մարմինը… Երիտասարդ նկարիչը թևաթափ իր գիրկն առավ քրոջը: Մի քանի վայրկյան անց վերջինս հոգին ավանդեց հենց եղբոր գրկում… Գնաց փոքրիկ որդու հետևից…
marat sirunyan hayr.com14804782939531Քրոջ մյուս որդուն, որը երկու ամսական չկար, գտան օրորոցի մեջ: Ինչ-որ հրաշքով ծածկի բետոնե սալիկն ընկել էր օրորոցի վրա այն դիրքով, որ ծածկել էր այն և ոչ միայն չէր վնասել, այլ նաև պաշտպանել էր քարաթափումներից…
Օրեր անցան… Դագաղի հերթ էլ կանգնեցին, հարազատներին էլ իրենց իղձերի ու վերջին կտոր հույսի հետ հողին հանձնեցին… Այդ ամենից հետո միայն նկարիչը մոտեցավ իր նկարների՝ վերջին հանգրվան դարձած հայրական տանը… Հոգին մղկտաց, սիրտը ճմլվեց, ձեռքերը դողացին… Այն սիրտն ու հոգին, որ նա դրել էր իր նկարների մեջ, պատառ-պատառ եղած` այս ու այն կողմ էին ընկած: Մի քանիսն էին միայն, որ եղեռնական այդ ավերից հետո փրկվել էին, ու մերկ որբի պես անօգնական իրենց արարողի օգնությունն էին աղերսում…
Ավերակներից ելնող ծուխն ու փոշին քիչ-քիչ մեղմվում էր… Եկել էր պայքարելու ժամանակը: Մարդիկ պետք է ոտքի կանգնեին, հաղթահարեին դժվարությունները, ամոքեին ծանր վերքերը… Եկավ «մութ ու ցրտի», հասարակ մարդկանց համար աղքատության, իսկ չինովնիկական հասարակարգի համար գուցե շահեկան ժամանակաշրջան:
Նկարիչը, իր նորաստեղծ ընտանիքի հետ, հայտնվեց ծանր կացության մեջ… Դժվար ու անհաղթահարելի թվացող օրեր էին… Երկրաշարժը նրանից խլեց ոչ միայն հարազատներին, նկարներն ու երազանքները, այլ նաև նրա ձեռքից առհավետ խլեց վրձինը…
Մի քանի օր կիսաքաղց քնելուց հետո մի օր էլ անխոս վերցրեց իր փրկված նկարներից մի քանիսը ու գնաց քաղաք… Ասես այդ անօգնական ու մերկ որբերի ձեռքից բռնած տանում էր մանկատուն: Հերթով մարդիկ գալիս էին, հարցնում նկարների արժեքը. լռում էր… Ինչ գումար էլ առաջարկում էին և ինչքան էլ գինն ավել էին ասում, միևնույնն է, չէր համաձայնում: Մեկին մերժում, ճանապարհում էր, մտքում ինքն իր հետ կռվում էր, թե եկել է վաճառելու, բայց ոչ մեկին չի տալիս նկարներից ոչ մեկը, հետո մտածում էր՝ լավ, ոչինչ, մյուսին կտամ… Երեկոյան վերադարձավ տուն: Նկարներից ոչ մեկն էլ չէր պակասել: Կնոջ հարցին, թե ինչո՞ւ չի վաճառել, մի՞թե գնող չի եղել, պատասխանեց.
-Որքան գումարի չափը մեծ էին ասում, այնքան հոգիս ավելի էր մղկտում. սրանցից յուրաքանչյուրն, ախր, ասես իմ երեխաները լինեն: Ինչպե՞ս վաճառեմ:
Մի քանի օր անց նա շատերի պես մեկնեց արտագնա աշխատանքի՝ անցյալում՝ երկրաշարժի փլատակների ու այն օրվա կիսամութի մեջ թողնելով իր երազանքներն էլ, ճանաչված նկարչի համբավն էլ, իր մեջ եղած ողջ ու արդեն խռոված արվեստն էլ…
Տարիներ անցան…
Նկարչի ընտանիքի անդամների թիվը մեծացել էր. երեք երեխա էր ծնվել նրա ընտանիքում՝ երկու աղջիկ և մեկ տղա (ավագ աղջկան երկրաշարժին զոհ գնացած քրոջ անունով էր կնքել): Այդ տարիների ընթացքում դառն ու քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացավ պահել իր ընտանիքը: Հայրական տունը պետության միջոցներով կառուցվել էր, ավարտական աշխատանքներին նույնիսկ ինքն էր մասնակցել, բայց այդպես էլ այդ տանը իր ու իր ընտանիքի համար տեղ չգտնվեց: Ստիպված էր երիտասարդ կնոջ ու մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել վագոն-տնակ, նրա հարակից քարքարուտները մաքրել, դարձնել մշակելի տարածք ու բախտի հեգնանքով քարքարուտներում ծլած ծաղկի նման ամեն վայրկյան պայքարել ապրելու համար:
marat sirunyan hayr.com14804816111091Պայքարեց… Իր ձեռքերով, ուժերի ներածին չափով սկսեց տուն կառուցել (արտագնա աշխատանքի ընթացքում նուրբ գործի սովոր ձեռքերը վարպետացել էին շինարարական աշխատանքի մեջ), այգի հիմնեց՝ նկարչությունից հետո նոր արվեստ էր դարձրել իր համար, առանձնահատուկ ուշադրությամբ էր խնամում ամեն ծառն ու թուփը, այնպիսի համաչափությամբ, ինչպես իր նկարներում ամեն ինչ: Իր կտավը դարձավ հողը, ներկը՝ շինանյութ-շաղախը, վրձինը՝ բահն ու մուրճը:
Բայց նոր-նոր հունի մեջ ընկնող կյանքն իր հերթական հարվածը չուշացրեց: Նորաբողբոջ այգին ու երեխաներին թողեց առանց իր քնքշանքի. երկրաշարժի չմարող սարսափազդու պատկերներից օր-օրի քայքայվող ու երիտասարդ հասակում ծանր աշխատանքի հետևանքով լուրջ հիվանդություն ձեռք բերած սիրտը չդիմացավ: 45 տարեկանում, Քրիստոսի հարության օրը հոգին Աստծուն ավանդեց՝ երեխաների մանկական ձեռքերի վրա… Ինչպես տարիներ առաջ՝ քույրն իր ձեռքերում…
Բնությունն արվեստագետից նախանձաբար խլեց իր իսկ տված արվեստը, հետո ինքնուրույն գլուխ չհանելով՝ նրան էլ տարավ դրա հետևից:
Նա գնաց՝ երեխաներին ժառանգելով իր հպարտության առարկա ունեցվածքը՝ իր հիմնած այգին, երկրաշարժից հրաշքով փրկված մի քանի նկարները, անսահման հայրական սերը (որն այդպես էլ չհասցրեց լիարժեք տալ նրանց) և տաղանդավոր նկարչի, լավ շինարարի ու մարդու պատվավոր ու պարտավորեցնող անունը:

marat sirunyan hayr.com14804779790931Հորս

Չէր էլ հասցրել մազերդ ձյունել…

Այգուդ ծառերը քանի՜ տարիներ
Ծաղկում են ու լուռ ժպտում այս կյանքին,
Մեկ-մեկ թվում է՝ նրանց աչքերով,
Դու ես կարոտած նայում աշխարհքին…

Քո ալ վարդերը ծաղկել են, գիտե՞ս,
«Մասիս»-դ տխուր քեզ է որոնում:
Նայում եմ նրանց, ու սիրտս նորից
Այրվում է թախծի թանձր մշուշում:

Թոռներդ արդեն հասակ են առել,
Տնկածդ ծառի բարն են «գողանում»:
Դու երազում էիր նրանց հետ շրջել,
Հիմա անտարբեր ո՞նց ես դիմանում…

Քո վրձնից ծնված յասամանն անգամ
Շնչիդ կարոտած՝ գլուխն է կախել,
Իսկ դու, քո բաղի բահը ինձ թողած,
Անխրատ թողել, սուրբ հո՞ղ ես դարձել…

Հիմա գալիս եմ շիրմաթմբիդ մոտ.
Կարոտս առնելու ուրիշ ճար չկա,
Գալիս եմ, նստում լուռ ու մտածկոտ…
Ա՜խ, լռությանս պատասխան չկա…

marat sirunyan

«Հիմի ամեն ինչ կա՝ ուրախություն չկա»

Հերթական հարցազրույցս վարում եմ հայ հասարակ, աշխատավոր գյուղացու հետ: Մի՞թե կա մի արվեստագետ, ով ռանչպարից լավ կիմանա ու կպատմի, դառը դատելու ու աշխատանքի համն զգալու արվեստի մասին: Մի՞թե կա մի երաժիշտ, ով հող ու հերկից երգ քամողի չափ հուզիչ երգ գիտի: Ի՞նչ հոգեբան կարող է համեմատվել սեփական հոգսն ու ցավը հողին պահ տվող հողագործի հետ: Ով էլ լինի, որքան էլ լինի, մեկ է՝ ռանչպարի արվեստն ուրիշ է, ռանչպարի երգն ուրիշ է, ռանչպարի հոգսն էլ՝ ուրիշ է…
Շնորհակալություն լեռնավանցի Սիրուշ Հովհաննիսյանին հարցազրույցի համար…

-Քանի որ ձեր գյուղի մասին տեղեկություններ պարունակող նյութեր արդեն ունեցել ենք, այդ պատճառով կնախընտրեի խոսել ավելի շատ ձեր կյանքի, գյուղացու բառ ու բանի, ռանչպարի կյանքի ու օրվա մասին օրինակով:

-Ծնվել եմ Լեռնավան գյուղում, հովվի ընտանիքում: Մոտ տաս-տասներկու տարի ծնողներս ժառանգ չեն ունեցել, հետո ես եմ ծնվել: Մի քանի անգամ այդ առիթով աչքալուս են արել, քեֆ են արել, դուռ-դրկիցով, հարազատներով ուրախացել են: Ինձնից հետո ծնվել են չորս երեխա՝ երկու քույր, երկու ախպեր: Շատ լավ ընտանիքում եմ մեծացել` սերով, հաշտ-համերաշխ, աշխատասեր, երգով լի:

Հերս նվագող էր, մերս համեն գործ երգով կեներ: Լավ գործվածքներ կեներ, բաներ կթխեր, հերս կնվագեր: Ոչխար ենք պահե, կով ենք պահե… Հերս աշխատանքային հերոս է էղե՝ մեդալակիր, մերս հուշ տարիքում է աշխատե՝ ֆաբրիկան: Հորս ենք օգնե, կոլխոզի անասուններուն՝ ոչխարներուն, կովերուն ենք պահե, օգնել ենք գյուղի գործերում: Մի խոսքով, լավ աշխատե՝ լավ աբրել ենք…

-Դուք ասացիք, որ հաշտ-համերաշխ ապրել եք, իսկ ինչ-որ վիճաբանություններ չե՞ն եղել երեխաների մեջ:

-Մեծ ախպերս, կոմպոտ կփակեինք, ինքը բանար, խմեր գը թաքուն ու գցեր գը ամբարի եդևը: Մենք էլ ինչ չարություն էնեինք, արդեն սորվել էինք, քծեինք գը Արսենի վրա, կսեինք` Արսենն է էրե…

-Դուք նաև նշեցիք, որ մանկության տարիներին օգնել եք Ձեր հորը, ընտանիքին, ինչ-որ աշխատանքներ եք կատարել: Կմանրամասնե՞ք, օրինակ՝ ի՞նչ աշխատանքներ եք կատարել, ինչո՞վ եք զբաղվել:

-Մանկության տարիներին հերս հովիվ է էղե կոլխոզին, ոչխար է պահե, մենք էլ իրան օգնել ենք, գառ ենք պահե: Գնացել ենք ցերեկը կիթի ժամանակ, «բեր» կկոչվի, էլի, ոչխարին քշես՝ կթվորները կթեն գը: Հերս նստած ոչխարներու գլուխները կպահեր, իրանք կթեին գը: Սուրուի մեջ կար մե երկու, իրեք հատ էծ, լրիվ թաղի էրեխեքով կհավաքվեինք, կերթայինք, հերս իրա քովի փոքր բաժակով կկթեր էդ իծու կաթը, մեզի կխմցուր: Սարերը կերթայինկք, խոտ կհավաքեինք, մասուր, սունկ: Գառ ու ոչխար պահելու ժամանակ էլ էլի խոտ կքաղեինք, կօգնեինք էլի, էդման… Ժամը երկուսին կամ չորսին կելնեի, ես տան մենծն էի, մորս հետ հաց կթխեինք, մինչև ժամի վեցը արդեն սաղիս սունկեքը կազմ ու պատրաստ, կերթայինք համենքս մեր գործին…

-Իսկ Ձեր ամենասիրած աշխատանքը ո՞րն է եղել:

-Անասուններ էլ եմ սիրե պահել, բայց ամենաշատը հողի գործ եմ սիրե ու մինչև հիմա…

-Ամենավառ հուշը ո՞րն է Ձեր կյանքի:

-Ես որ ուշ եմ ծնվե, այսինքն ծնողներս համարյա 12 տարի էրեխա չեն ունեցե, ամեն յոթը տարի Սուրբ Հովհաննեսին խոստացել են մատաղ անել, ու ամեն տարի աշունը, մեր գյուղի շոֆերներեն մեկի ավտոյով կհավաքվեինք, հարազատով, հարևանով, մե երկու հատ էլ խոչ, ուտելիք-խմելիքով կերթայինք Սբ. Հովհաննես: Էնդեղ մատաղ կենեինք, կուտեինք-խմեինք: Յոթը տարի գնացել ենք:

-Ե՞րբ եք ամուսնացել:

-1985 թ.-ի հունվարին: 19 տարեկան եմ էղե:

-Ամուսնությունից հետո ինչո՞վ եք զբաղվել, նորից նույն աշխատանքնե՞րը:

-Նախքան էդ՝ մինչ ամուսնությունը, ֆաբրիկան եմ աշխատե: Լավ կսորվեի, բայց ծնողներս չթողին էրթայի սորվելու: Ամուսնանալեն հետո էլ էլի ճակնդեղն (ճակնդեղի դաշտերում) եմ աշխատե, ֆաբրիկան, էրկու տեղն էլ աշխատել եմ միաժամանակ:

-Ձեր կյանքից, կամ Ձեր լսած հետաքրքիր պատմություններ կա՞ն, որ կարող եք հիմա պատմել:

-Էն ժամանակ ոչխարի սուրուները սարն են մնացել: Հերթով պահել են, հորս հերթի ժամանակ, որ արտեն տուն գալուց է էղե: Դե հառաճ գիշերով էլ են խոտ բերե սելերով, որ ըսենք, հասուն խոտհավաքը: Հերս գուկա, էդ Ժանգոց քար կսենք, մինչև էդտեղ: Մե պառավ կնիկ կմանդիբի իրան, հանուն կուդար, հիմի չեն հիշե… Էդման զրուցելով գուկան մինչև Կոնդի ձոր կոչված տեղը, Էդ կնիկը կկորի: Հերս էդտեղ կվախենա. կսե՝ ուրեմն սատանա էր, ոչ թե մարդ էր… Ու էդտեղ կվախենա, որ հեչ մե բանեմ վախ չէ ունեցե, հլը որ կսեի՝ շնեն չես վախենա, կսեր՝ գիլու հեդ կռիվ տվողը շնեն կվախենա՞… Էդման էդ կնիկը կանհետանա՝, Կոնդի ձորը՝ ջրի քովը…

-Ու էդպես էլ չի՞ բացահայտվել, թե ի՞նչ է տեղի ունեցել:

-Չէ: Էդման էլ չի բացահայդվե: Հերս վախեցել է: Էն ժամանակ, չիդեմ, սատանա գոյություն ունեցել է, տը չէ, բայց ժողովրդի մեջ միշտ էդման խոսք է էղե… Ու կսեին գեղացի կնգամ կերպարով է էղե… Ձորի միջեն էլ չէր կարա էդման էրթար, որ չտեսնիր, կողքի հեդ քելելուց կորել է…

-Դուք խոսքի մեջ նշեցիք, որ Ձր հայրը գայլերի հետ կռիվ է տվել: Ի՞նչ կռիվների մասին է խոսքը, նման դեպքեր են եղե՞լ:

-Նման շատ դեպքեր են եղել: Ես էլ եմ իրա հետ սարն էղե, բայց ես գել չեմ տեսե: Մե անգամ ինքը անձրևի ու կարկուտի տակ ոչխար պահելուց է էղե սարը, երկու հատ գել են հնկե ոչխարի մեջ, երկու գելով չեն կարացե մե ոչխարմ տանին հորս մոտից: Երկուսին էլ քշել է: Մեկին քարով զարգել է հեռու պառկած, կսե՝ կոնգստաց ու փախավ: Էն մեկնե մենակ մե ոչխարիմ դմակն է ծագե: Հերս էդման ցեխոտ հարնակոլոլ հիրգունն էկավ տուն: Ինքը մահակ ունիր, ծերին էլ հաստ բանմ էր, էդով էլ էր խփել գելին: Սիրեր գը երգ, երաժշտություն: Համեն ինճ ունիր՝ կլառնետ, շվի, դուդուկ, բլուլ… Նվագեր գը ձմեռները , փոքր ախպերս դհոլ կնվագեր, մենծը՝ ակարդեոն: Մե խոսքովմ՝ համ հովվական, համ երաժշտական ընդանիք էինք…

-Մի փոքր էլ դպրոցական տարիներից կպատմե՞ք: Ո՞ր առարկաներն եք շատ սիրել, ի՞նչ հիշարժան իրադարձություններ են տեղի ունեցել Ձեր կյանքի դպրոցական տարիներին:

-Դպրոցական տարիներից… Առաջին դասարանից մինչև երրորդ դասարան Ռիմա Հովսեփյանն է դաս տվել, շատ եմ սիրել իրան ու միշտ ուզեցել եմ նմանվիմ իրան: Առարկաներեն մենակ քիմիան չեմ սիրե, մնացած սաղ էլ սիրել եմ: Գիրք կարդալ շադ գսիրեմ՝ հայրենասիրական գրքեր:
«Տիգրան Մեծ»-ը (հեղինակ՝ Հայկ Խաչատրյան) շատ եմ սիրել…
Դասերից փախել ենք՝ շատ ենք փախել: Ուսուցիչը ընկել է ետևներիցս, կանչել է հետ, չենք գնացել… Սորվող եմ էղե, բայց շադ չարաճճի… Դպրոցի հետ կաբված համեն բան էլ թանկ է: Շատ կաբված դասընկերներ ենք էղել, լավ է անցել, ուրախ: Ես էլ ուրախ բնավորություն ունիմ, հմի է, որ պառվցել եմ,- ծիծաղում է…

-Սիրո՞ւմ եք արդյոք Ձեր գյուղը: Ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

-Շատ կսիրեմ մեր գյուղը, մեր բնությունը, մեր համեն ինչը: Կապված եմ, որովհետև բնության գրկում եմ համարյա մենծցե, համեն քար ու թուփը գյուղի գիտեմ, հաղբուրները… Շատ եմ սիրել էրթալ՝ քոլ (բանջար) հավաքելու, ծաղիկ հավաքելու, բնության հետ միշտ կապնված եմ էղե:

-Ասացիք, որ գյուղի տարբեր տեղերը լավ գիտեք, այդ դեպքում մի քանի հետաքրքիր տեղի մասին կասե՞ք:

-«Մաղարա» ունինք, ահագին շարքով քարեր են: «Հբարդ քար»ը կա, «Կախգլուխ քար» կա, էդ անվանումներով, հետո քարանձավներ է՝ «Թագավորի թախտ»ն է, էդորեն հետո` «Արջի բուն»-ն է: Էդոնց վերևը կընկնի «Փոսեր»-ը, էդոր մե կողմը «Ծաղկաձորն» է՝ շատ սիրուն ծաղիկներով, իսկական ծաղկաձոր է ՝ ծաղիկների ձոր: Մեկել կողմը մե՜նձ քարմ կա՝ « Դևաքար» (կամ ՝ Դևադաշ) կկոչվի: Էդման…
էս ցածը ժանգոց քարերն է: Էդտեղ մեղվի բուն էինք գտե՝ ախպորս հետ գառներուն պահելուց: Հորս կանչեցինք, ծուխ էրավ, որ մեղուները փախնին, էն էլ մեղուներն էլ վառան թապան,- ծիծաղում է,- կրակն ուժեղ էր էրե… Մե կտոր մեղր հանեցինք…
Քարերը կհանեինք մենձ ախպորս հեդ, օձերուն կսատկեցույնք… Անվախ եմ էղե, չեմ վախեցել ոչ մի բանից՝ իսկական չոբնի զավակ եմ էղել…: Տղա կար, որ չէր կարա թևս ծալեր (նկատի ունի բազկամարտում):

-Իսկ այդ բնավորությունը Ձեզ կյանքում օգնե՞լ է, թե՞ խանգարել:

-Ինչ-որ տեղ երևի օգնել է ՝ էդման բնավորություն ունենաս դի, որ լավ ընտանիքի մեր էղնիս, տուն-տեղ ղեկավարես: Ռիսկով դի էղնիս՝ քեռուս ըսած՝ կոտին (կազմակերպված) մարդ… Էդման էլ դի էղնիս, թեկուզ տղամարդ, թեկուզ կնիկ…

-Գիտենք, որ լեռնավանցիների մի մասը բասենցի են, մի մասը` մշեցի: Դուք բասենցիների՞ց եք, թե՞ մշեցիներից:

-Ես բասենցի եմ զտարյուն: Հերս էլ, մերս էլ բասենցի են:

-Գիտե՞ք, թե բասենցիներն ինչո՞ւ են գաղթել: Եղե՞ռնն է եղել պատճառը, թե՞ մեկ այլ բան:

-Ընձի կթվա, որ մեր գեղ նախքան եղեռնն արդեն էգողներ էղել են: Երևի էն ժամանակվանից էլ թուրքը կամաց-կամաց մաքրել է էլի Արևմտյան Հայաստանը: Բասենն էլ Սև ծովի ափերին մոտ է էղե, ու շուտ են գաղթե՝ եղեռնից հառաջ, կարծեմ…
Պապերուս չեմ տեսե, մե տատիս եմ տեսե՝ Ալթուն տատիս: Ես էլ մինչև խելքահաս էղա, ինքը մեռավ, գնած… Համարյա տատ ու պապ չեմ տեսե: Չեմ հասուցե էդման պատմություններն իմանամ… Էդ տատս մահացավ, էրկու պապիս աքսորել են, աքսորած տեղերն էլ մահացել են …

-Ինչպիսի՞ն է ձեր առօրյան հիմա:

-Հառավոտը ժամը 5-ին զարթնել, մինչև 10,11, 12՝ գիշերվա: Կով կթել, յեղ ու պանիր էնել, հավ ու ձագի հեդ, հողի: Համեն ինչն էլ կենեմ … Սիրեմ գը՝ հողի գործն էլ, անասունինն էլ… Տարբեր կենդանիներ եմ պահել՝ կով, խոզ, ճագար: Թռչուններ՝ բադ, սագ, ղազ , հնկահավ, հավ, աղավնի և այլն:

-Գյուղն ի՞նչ առանձնահատկություն, ավանդույթներ ունի:

-Նախկինում հարսանիքներին «ծաղկոց տուն» կսեին, որ հարսի քեռին որպես գլուխլվայի պես բան կենե, քեռու տունը ՝ ծաղկոցը կենեին: Կամ ուրբաթ հիրգուն կենեին կամ շաբաթ հառավոդ, մինչը հարսին տանելը… Հարսնիքի երրորդ օրը հարսին կհանեին դուրս` մոմերով պարեցնելու, բայց հմի լրիվ էդ ադաթները վերացել են…
Քյանդրբազ (լարախաղաց) գուկար գեղը հառաջ, կհավաքվեին… Երևի հառաջ ավելի ուրախ էր կյանքը, քան հիմի: Հիմի ամեն ինչ կա՝ ուրախություն չկա…
Համենքի տունը 5-6 էրեխա կար, ամենաքիչը 23 էրեխով տներն էին ՝ էդոնց բազմազավակ էլ չէին կոչե… Շատ էին էրեխեքը ՝ խաղային, հետաքրքիր բաներ կենեին… Հմի ի՞նչ… Լրիվ հեռախոսով է…

-Ո՞րն է կյանքում դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

-Ոչ մի դեպքում չդի կոտրվիս, կամքեն ուժեղ մարդ դի էղնիս: Չնայած ես շատ զգացմունքային մարդ եմ, շուտ հիասթափվող համեն ինչեն, բայց շուտ էլ վերականգնվող… Չդի կոտրվիս, պայքարես դի: Ու քու ուժերուդ վրա վստահ դի էղնիս:
Կյանք սիրում եմ… Դժվարությամբ ընտանիք կազմած, համեն հարցով տուր ու տանջանք տեսած, բայց սիրեմ գը կյանքը, իրեք էրեխիս, թոռներիս: Ուրախ եմ իրանցով, հպարտ եմ, որ մարդ եմ դաստիարակե էս ոչ ու փուչ աշխարհում…

-Դուք լինելով ռանչպար, աշխատավոր մարդ, համաձա՞յն եք հայտնի երգի խոսքերի հետ՝ «Աշխարհի շեն վըր գութնին է: Գութան չըլլեր` աշխարհն ի՞նչ էր…»:

-Համաձայն եմ, որովհետև գութանն է՝ վարե գը, ցանե գը: Գյուղացի լինելով գիդեմ հողի հեդ աշխատելը, հողի վրեն քրդինք թափելը, թե ինչղ կստեղծվի ամեն ինչը: Համաձայն եմ, որովհետև հողն է սնողը հաշխարհքին, մարդկությանը, ժողովրդին, քաղաքի ժողովրտին: Մեկ- մեկ լոպազ-լոպազ խոսողներ կան՝ գնա գյուղ` կով կթե: Էդ կով կթելը ստոր աշխադանք չէ: Գյուղացին, որ կով չկթե՝ քաղաքացին ի՞նչ դի ուդե… Էդման խոսող քաղաքացին թող էդիկ մդածե…

-Ի՞նչ, էսպես ասած՝ մեծական խրատ կտաք, Ձեզնից հետո եկող սերունդներին:

-Կրտսեր սերունդներուն կսեմ՝ լավն էղնին, բարի էղնին, աշխատասեր, իրանց ազգն ու հայրենիքը սիրող էղնին: Եթե անունները՝ հայ է, հայ մնան, հայի արժանապադվությունը պահեն: Մաքուր, իսկական հայ օջախ ու ընտանիք կազմեն, դաստաիրակեն: Մեր ազգը կարիք ունի շատ լավ մարդկանց, արժանավոր հայերու, որ դուսն են…

Հմի էստեղ, կմենձցունք, կսորվեցունք, դաստիարակենք, կերթան օտար հողերը գծաղկեցուն: Ընձի համար շադ ցավալի է էդիգ… Էդ մասին գմտածեմ, որ էդման սերունդ աճի, ոչ տը օտարամոլ սերունդ աճի՝ էրթա ձուլվի օտարին, կորի էրթա…

-Իսկ որտեղի՞ց է գալիս Ձեր այդքան հայրենասիրությունը:

-Չգիտեմ` որտեղից է գալիս… Ինչխոր տառերը ճանչեմ գը՝ գիրք կկարդամ: Երևի բնության հետ շատ եմ կաբնված՝ հող ու քարի հետ, սիրեմ գը իմ հայրենիքիս հող ու ջուրը, միշտ էդման բաներ եմ կարդցե, մեջս տպավորվել է: Իմ հողն ու ջուրը, իմ հայրենիքը ես շատ կսիրեմ…

marat sirunyan

Արի՝ գոնե մորդ էլ տար

Երևի նկատել եք, որ հոդվածներիցս եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը տխուր են լինում: Անկեղծ՝ ես մեղավոր չեմ, ուղղակի ինձ հաճախ են այդպիսի դեպքերն ու մարդիկ հանդիպում: Հերթական դեպքը տեղի ունեցավ Վեդի-Երևան երթուղային ավտոբուսի մեջ:

Ավտոբուսում այնքան էլ շատ մարդ չկար, նստատեղերից շատերը ազատ էին: Զբաղված էին առջևի տեղերը, և ես բարձրանալով ավտոբուս, տեղավորվեցի վերջում: Ճանապարհը բավական երկար էր ու բավական ժամանակ կար մտածելու՝ տարբեր բաների մասին: Ու ես հայացքով Մասիսին փարված տարվել էի մտքերով: Առջևում նստածներից երկու կին զրուցում էին, ու նրանց զրույցից կտորներ էր հասնում ականջիս, որոնք հաճախ մտքերիս պատճառով ուշադրության չէին արժանանում: Նրանցից մեկը բավականին պատկառելի տարիք ուներ՝ կլիներ 65-70 տարեկան, իսկ մյուսն ավելի երիտասարդ էր:

Հետո, երբ մի պահ կտրվել էի մտքերից, այն տեսա, որ երիտասարդ կինը վարորդին խնդրում էր կանգնել այնպիսի տեղ, որտեղից այլ երթուղայինով հնարավոր կլիներ գնալ Արտաշատի գյուղերից մեկը: Վարորդը դրական պատասխանեց, իսկ կինն ավելացրեց, որ այդ տարեց կինը պետք է իջնի, ու ինչքան հարմար տեղ լինի, այնքան լավ: Վարորդը բարյացկամ համաձայնեց (հազվադեպ եմ հանդիպում նման վարորդների):
Տատիկը վարորդին ավելի մոտ տեղում նստելով, սկսեց օրհնել նրան: Հետո տեսա, թե ինչպես է սրբում արցունքները: Մի տեսակ մռայլվեցի, մտածելով՝ ինչն է այդ տարեց կնոջ արցունքների պատճառը: Մտքովս երկու տարբերակ անցավ, որ կամ ինչ-որ հարազատի է կորցրել, կամ միայնակ է և բարի մարդկանց օգնությունից հուզվել է:

Ինչևէ, շարունակեցինք ճամփան: Մի քանի կանգառ հետո երիտասարդ կինն իջավ՝ վճարելով նաև տարեց կնոջ փոխարեն ու վաստակելով վերջինիս օրհնանքներն ու շնորհակալական խոսքերը: Իսկ այդ կնոջ իջնելուց հետո տարեց կինը միտքը փոխեց. վարորդին խնդրեց մեկ այլ գյուղ գնալու ճանապարհին կանգնել, վարորդը կրկին չմերժեց: Ավելի հուզվեց, նորից արցունքներ երևացին աչքերին: Սկսեց հուզված ու կցկտուր, ինչ-որ չափով էլ վրդովված խոսել:

Ասում էր, որ մի քանի երեխա է ունեցել, իսկ այսօր մենակ է մնացել ու անօգնական: Խոսքում և խրատ կար, և խռովություն, և պատգամ, և թախիծ:
Ասում էր՝ երբեք ձեր ծնողներին մենակ չթողնեք գնաք, ինձ տեսեք ու հասկացեք, թե դա ինչ է… Արցունքները խեղդում էին կոկորդը:
Նրա կցկտուր խոսքերից հասկացա, որ ամուսինը չկար, երեխաներն էլ ամենքը մի տեղ էին գնացել: Իր խոսքերով ասած՝ վերջին տղան էլ վերցրել էր ընտանիքն ու փախել: Այդ կինն էլ փաստորեն գնում էր զանգելու որդուն (երևի որևէ բարեկամի տնից), որ որդին գա ու գոնե իրեն էլ տանի այստեղից: Էլ իվիճակի չէր մենակ մնալու, ինչպես ասում են՝ հալից ընկել էր:
Ուշադիր լսում էի այդ կնոջն ու նայում էի աչքերին, մի անբացատելի բան կար այնտեղ: Այդ կինն ընդամենը որդիական հոգատարություն էր ուզում, ուրիշ ոչինչ: Նրա համար անգամ երթուղայինի վարորդի բարեհամբույր պատասխանը հուզիչ էր, որովհետև կարոտ էր որդու քնշանքի: Ո՞վ գիտե, գուցե ինչ-որ տեղ ամոթ էր զգում, որ սեփական որդին իրեն անուշադրության էր մատնել, իսկ այդ անծանոթ մարդիկ նրան ջերմությամբ, ուշադրությամբ ու հարգանքով էին պատել:
Հասանք այն տեղին, որտեղ պետք է իջներ այդ կինը: Բարեբախտաբար մի երիտասարդ տղա էլ էր գնում այնտեղ, ուր տատիկը: Եվ այդ երիտասարդը հանձն առավ տատիկին ուղեկցելու բարի գործը: Ներքուստ ուրախացա, որ տատիկը նորից մենակ չմնաց: Բայց հոգիս կրկին պատվեց թախիծով…

Կրկին անգամ համոզվեցի այն բանի մեջ, որ մեր այսօրվա իրականությունում օր-օրի ավելանում են «ավելորդները» (Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը» պատմվածքից):
Ա՜խ, իմ հայրենակիցները՜… Ինչպես այդ կինն ասաց ՝ փախչո՜ւմ են… Այո, փախչում են՝ ստիպված. գոյության կռիվն են մղում, բայց ախր, ո՞վ է նրանց ստիպում մոռանալ… Մոռանալ հայրենիքը, տունը, հայրենիքի ջուրը, արմատները, և դեռ մի կողմ այդ ամենը՝ ինչպե՞ս է լինում, որ մոռանում են սեփական ծնողին… Մոռանում են՝ բոլոր իմաստներով. մոռանում են նրան էլ տանել, մոռանում են նրա գոյության մասին, մոռանում են իրենց համար նրա անքուն գիշերների մասին, մոռանում են… Բայց ախր՝ ինչպե՞ս…
Ու աչքս նորից դիպավ Արարատին՝ խոժոռված էր… Ակամայից ցածրաձայն շշնջացի.
-Է՜խ, դու ի՞նչ ես էդպես նայում…

marat sirunyan

Քաղցրահամ խաղողի դիմաց՝ դառնություն

Արարատյան դաշտավայրն իմ երկրորդ «հայրենիքն» է՝ Լոռիից հետո: Մայրս այնտեղ է ծնվել ու հասակ առել, ես էլ հաճախ եմ լինում այնտեղ՝ փոքր ժամանակ առավել հաճախ: Արարատյան դաշտավայրի ինձ ամենաշատ գերող մասը դա իմ անդավաճան սերն է՝ Մասիս սարը: Բայց չեմ կարող թաքցնել, որ ինձ գերում են նաև այնտեղի քաղցրահամ ու դյութիչ մրգերը: Հատկանշական է այնտեղի ծիրանը, դեղձը, տանձն ու խնձորը, խաղողը… Խաղողը՜… Իրականում այնքան էլ խաղողի սիրահար չեմ, բայց ամենևին էլ չեմ հրաժարվում նրան վայելելու հաճույքից: Ես Արարատյան դաշտի մրգերից գրեթե բոլորի մշակմանը, հավաքմանը և այլ աշխատանքներին մասնակցել եմ, բայց խաղողի հետ կապված ոչ մի աշխատանքի չէի մասնակցել մինչև վերջերս…

Խաղողահավաքի շրջանն է, ու ես այցելել էի պապիս տուն՝ մի քանի օրով: Իմ այցելության ժամանակը համընկավ նրանց այգու բերքահավաքի հետ: Եվ առիթ ընձեռվեց մասնակցել այն գործին, որով երբևէ չէի զբաղվել:
Պարզվում է՝ խաղողաքաղը՝ հետաքրքիր, աշխույժ, ինչու ոչ, նաև համեղ գործընթաց է: Մարդիկ հավաքվում են, գործը բաշխում իրար մեջ ու անցնում գործի: Աշխատանքն ավելի համ ու հոտով է դառնում նույնատիպ խոսք ու զրույցի շնորհիվ: Իսկ երբ հեռվից էլ քեզ նայում ու ոգևորում է Արարատը, դա արդեն հիանալի է: Այդպիսի աշխատանքից ձեռք բերած հոգնությունն էլ արդեն հաճելի է թվում:

Խաղողը հավաքում էինք, լցնում բեռնատար ավտոմեքենայի մեջ, որը գործի ավարտից հետո պետք է ուղևորվեր գործարան: Գործը քիչ-քիչ առաջ էր գնում, խաղողի վազերը հերթով թեթևացած շունչ էին քաշում, Մասիսն էլ հեռվից մեզ էր հետևում ու փայլփլում էին նրա ձյունե մազերը՝ արևի ոսկե ճառագայթներից:
Վերջապես ավարտեցինք աշխատանքը: Մեքենան բեռնված էր: Հանգստանում էինք ու գուշակում, թե մոտ որքան կկշռի հավաքված բերքը.

-Մի հեչի պես` հինգ տոննա կլինի:
-Չէ հա, մի քիչ քիչ՝ մի չորս, չորս ու կես տոն:
-Է՜հ, կարևորը ղսմաթով լինի…

Եվ նմանատիպ այլ զրույցներ: Ես վերջին անգամ եմ այդքան մոտիկից հիանում իմ անդավաճան սիրո գեղեցկությամբ, ճիշտ է՝ Արարատյան դաշտավայրի ամեն կետից էլ երևում է Արարատը, բայց պապիս այդ խաղողի այգուց շատ ավելի մոտ ու գեղեցիկ էր երևում այն:
Ժամանակն է գալիս ուղևորվելու տուն: Գնում ենք, քննարկում օրվա ընթացքում տեղի ունեցածները, բերքի առատություն-սակավությունը, ու սպասում ենք լուրին՝ որքա՞ն է կշռել մեր հավաքած խաղողը:

Օրը փոխվում է: Հաջորդ օրն առավոտյան լինում է սպասված զանգը, բայց այնքան էլ չսպասված լուրով: Պարզվում է՝ աչքաչափով ամեաքիչը չորս տոննա կշռող խաղողի քնակը հազիվ երեքուկես տոննա է եղել, իսկ նախօրոք հայտարարված ընդունման գումարը (մեկ կիլոգրամը՝ 130 դրամ) իրականում 110 դրամ է եղել:

Այնպիսի տպավորություն էր՝ կարծես պարզապես ծաղրում են գյուղացուն: Նրա աշխատանքը արժեզրկում են ու հավասարեցնում ոչնչի: Ամբողջ տարին քրտինք թափած, հողի ու ջրի հետ կռիվ տված գյուղացուց կարելի է ասել՝ գողանում են բերքը:

Մեկ օր առաջվա այն ոգևորությունն այլևս չկար, դրան փոխարինելու էր եկել խոր հիասթափությունը: Ու ամենավատն այն է, որ ոչինչ էլ չեն կարող անել խեղճ գյուղացիները՝ բացի համակերպվելուց. ոչինչն էլ օգուտ չունի…

Ի՞նչ անի հասարակ ռանչպարը, երբ պետությունն անգամ չի կարողանում վերահսկել այդ ամենը: Սեփական պետության ներսում բացահայտ թալանում են մարդկանց, ու դա մատնվում է անուշադրության: Ու այդ ամենից մարդիկ ելքը միայն գտնում են արտագաղթի մեջ:

Քաղցրահամ խաղողը մշակողի բերանում դառնանում է, խաղողահավաքին պայծառացած Մասիսը մռայլվում է, ամոթից ու տխրությունից ամպերով պատում երեսը: Գործարանատերերը, պետական որոշ այրեր ու պաշտոնյաներ էլ օր-օրի կլորացնում են արդեն իսկ այդպիսի փորերն ու տռզացնում գրպանները` թքած ունենալով նրանց վրա, որոնց շնորհիվ են հասել այդ ամենին…

Չմոռանամ ասել, որ նախորդ տարվա խաղողի դիմաց հասանելիք գումարն էլ շատերին դեռ չեն վճարել…

Ուշքի եկ, կառավարություն, քեզ պահող ուժն օր-օրի նվազում է… Հայրենիքի իրական տերերը հիասթափված թողնում-գնում են, վաղն ուշ կլինի, խաղողի վազերի փոխարեն՝ տատասկ ու փուշ կլինի…

Յոթ «որդով» սեղան նստելու փոխարեն՝ մենակ

Համարյա մեկ դարյա կյանք տեսավ: Դժվարություններ հաղթահարելով յոթ երեխա լույս աշխարհ բերեց, մեծացրեց, ուսման տվեց: Բայց դժբախտաբար այսօր  մենակ է իր երկրաշարժից «հուշ» մնացած վագոն տնակում…

Քրտինքով կառուցած տունը ավերակ դարձրեց երկրաշարժը: Մնաց հույսով, թե պետությունը պետք է կառուցի, բայց այդ հույսը քիչ-քիչ մարեց, ու հիմա ապրում է  այն սպասումով, որ կիսակառույց տունը մի օր իր երեխաներն ու թոռները ոտքի կկանգնեցնեն: Ամեն օր աչքը նրանց ճամփին է, բայց ամենքն իր հոգսերի ու խնդիրների պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենի տուն, իրականացնել իրենց մոր երազանքը: Իսկ մոտ ապրող երեխաների կոչերը, որ տեղափոխվի իրենց հետ ապրելու, միշտ մերժում են ստանում:  
95
տարիների հիշողությունների մեջ դժվարանում էր գտնել երջանիկ պահերը, իսկ այն սպասումը, թե կյանքի վերջին տարիներին գոնե անհոգ կապրեր՝  այդպես էլ մնաց անկատար…

Լուսանկարը` Մարատ Սիրունյանի

Լուսանկարը` Մարատ Սիրունյանի

Զրուցում եմ ՝ Լոռու մարզի, Ջրաշեն գյուղի ամենատարեց բնակչի՝ 95-ամյա Մարիամ Զարգարյանի հետ:
Նոր էի ներկայանում, ասում, թե որտեղից գիտեմ իր մասին, թե ընդհանուր առմամբ, ինչի մասին եմ ուզում  խոսել, երբ նա առանց որևէ հարցի սպասելու սկսեց պատմել իր մասին.

-Մըր գյուղի դբռոծնի սովրա, հեդո գածի Լեննագան սովրա հաշվեպահ՝ իրեք տարի: Էգա, էն վախտ կադրերու բաժին կար, հմգը չկա, ընձի նշանագին Սպիտակում «Միստրեստ»-ի հաշվեպահ: Սովետի ժամանագ միս գիկար, որ ուղարգեինկ բանագի ֆոնդին, ես գգրեի: Անասուններուն գեղե գեղ գբերեին, օրինագ՝ մեգը մե 100 կիլանոց կով գբերեր, էդրա միսնի քանձներ, էդ ես գգրեի ու էդ սաղ գըղգեի բանագի ֆոնդին:
Հեռախոս լը չկար էն ժամանագ, ոտկով կերտեինկ, ոտկով գիկեինկ. ավտո, ավտոբուզ չկար… Հակուստ լե չկար, աբռելաձև չկար… Մեր գյուղիծ փոշտավո մը կար, մե հասագով մարդ, էդ մարդնի ճամպինի գկայնիր, որ ես  լը էրտամ, հիրուր հեդ էրտանկ՝ ինկ փոշտնի գբերեր Սպիտակից, ես լը կաշխադեի: Հիրգունն էլի ոտկով տուն գիկայ… Տանջանկով, չարճարանկով,  բայծ կարկվա, երեխեկ ունեծա, մե կերբ յոլլա գածինկ… Լավ տներ ունիյնկ, երգրաշարժ ելավ, փուլ էգավ… Տղես էրգու էրէխա ունիր, դե էն վախտ լը հակ ու կաբ չկար, բայծ գերազանծիգ գսորվեին դբռոծը: Հերն ըսեծ, թե ղրգիմ Երևան, էրէխեկն ամճծան, թե պաբա’, քաղկծի էրէխեկ հակաձ-կաբաձ, իսկ մենկ գյուղիծ,  կամճնանկ, որ էրտանկ…
Իսպանիայում աղճգաս տղա կար: Կանճեծ, թե մե տարի արի հուդը, էրեխեկին շորով-մորով աբահովե ու կանճե` թըղ գան հուդը… Ըդմալ լը էրավ տղեսի… Ուրանկ իմ մոդն իյն: Ես մանծի ես քանդվուգ դոմիգի մեջ, ուրանկ գածին Իսպանիա: Սորվան չորսը լեզու:
Տղես լը տասը  պրձավ ու գնած: Գնած, բայծ ըսավ՝ ես շադ մնամ հուդը, թե քիճ՝ ուրիշ աղճիգ չըմ ուզերի. ես հայ իմ, հայ լը աղճիգ գուզիմ: Իդը տերանիծ ուր դասհընգեր (դասընկերուհուն) ուզեծ տարավ ուր հեդ, հինկ չեգավ, հունը մնած. Առավ գնած… Հմգը էդ էրէխեկ էնդեղ ին՝ թոռ, հարս, տղա էնդեղն ին, ես լը կսպասիմ, որ հիկան, տուն սարկին: Թե չէ երգրաշարժն էն տներն ավիրեծ, էգանկ իդը դոմիգնի, ծագերինի թուխտ բան կբուծինկ, ինճ էղաձ կար թապեծինկ դուս, հում ինճ հարգավոր էր տարավ, մենագ մնածի ես…
Տղա ունիմ հուդը, կսե՝ մա՜մ, արի մըր տուն մանծ (մնա)… Իմա՞լ էրտամ. Մատերյալ դուռ թապուգ՝ էստեղ մատերյալ, էնդեղ մատերյալ… Հմգա լե  գողուտյան հեդ մե հադ ին. փագ չկա, բալնիք չկա… Դու էղնաիր կերտաի՞ր… Չգածի…
Էդ անձրևներու, բկի տագ լավ չեմ լսե: Որ մեգն ընձի ծանոտ է, հեդսի աշխադել է կամ բան, գիկա կսե՝ բարև, տատի ջան, կսիմ՝ դու ո՞վ իս, չըմ հիմնա… Կսին՝ վա՜յ, տատի՞, մի խաբի: Դու էն կնիգն իս, որ «Միստրես»-ը սաղ միսն ուղարգում էիր բանագի ֆոնդին, սաղ մարզ քզի գինար…
Հմգա լե մանծեր իմ՝ տեսնամ գիկա՞ն տուն սարկին, ի՜նչ էնին…
Յոտ էրէխա իմ ունեծի՝ չորս ախճիգ, իրեկ տղա… Ու ըդպես աշխադեր իմ, սաղ Սպիտակում հարգանկով, կարկով, պադվով… Հմգա չմգինա՝ դու իմ թո՞ռն իս, թե՞ չէ… Ըդմալ պադմուտյուններ ըստածվավ իմ կյանկ…

-Իսկ էդ տարիներից ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես: Թեկուզ այդ երկար ճանապարհն ամեն օր ոտքով անցնելիս ինչ-որ դեպք չի՞ պատահել, որ տպավորվել է ու հիշում ես մինչև հիմա:

-Էն ժամանագ հածը չեկով էր: Ետե դու տան անդամ էիր, 200 գրամ քզի կար, իսկ ետե ես կաշխադեի՝ հաշվեպահ, 500 գրամ էր: Ես լը էդ 500 գրամի չեկ գվերծիյ գտանիյ բազար, մե հադ հած է կառնեի, գբերեի տուն՝ ծնողներուս համար…
Հեդո, որ ես մենագ է կերտայ, էդ թիպուն, ցրդին, գվախենեի, որ գելեր վրա կիդան… Էդ ժամանագ Սպիտակից մե կնիգ մե ընձի գճանճնար էլի, կսեր՝ աղջիկ ջան, մի գնա, հմգա ձեր գյուղից մարդ գիկա, հեդը հնգերածի, նոր գնա: Կսեր՝ արի մըր մոդ մանծի, ըսի ՝ չէ…
Մե անկամ եգանկ ֆորղունով (ձիուն կցվող սայլ), գյեղի մեջնի էդ մե ֆորղունն իր, ես սովոր էի ոտկով էրտալ-գալ, էնկան որ հնգերանալու համար նստա, որ չվախնամ, էլի: Էդ մարդնի ըսավ՝ այ քուր ջան, կինս հիվանդ է, ծարավ է, ո՞նց անեմ: Ըսի՝ դե շիշն ի տուր… Վազման մե կիլոմետրի վրա, էգեր իմ մըր գյուղի առու կար, էդտեղիցնի ջուր իմ լծե ու վազման լը եդ իմ դառե՝ մե րոբվա հասուծեր իմ էն հիվանդ կնգան… Հուր որ տեսնար կսեր՝ դու իմ փրգարարն իս, մորկուր ջան…
Էնկա՜ն դժվարուտյուններ քաշեծի, այ բալա ջան, է ի՞նճ էնիմ… Հմի լը ոտկս գերեզմաններն ի, հարըրին դրուգ (ի նկատի ունի շուտով հարյուր տարեկան դառնալը) էլի դժվարուտյուններնի հառաճս ին… Բը՜, տղա ջան, իդմա բաներ… Հեչ մեգ լը իմ պադմուտյուն չգինար…

Լուսանկարը` Մարատ Սիրունյանի

Լուսանկարը` Մարատ Սիրունյանի

-Իսկ կհիշես՝ ամուսնուդ հետ ո՞նց ծանոթացար:
Մարիամ տատը դժվար էր լսում ու հարցս մի քանի անգամ կրկնելուց հետո էլ չլսեց: Բայց երբ կարողացանք բացատրել՝  խոսքն ինչի մասին է, միևնույն ժամանակ և ուրախացավ, և նեղսրտեց.

-Վա՜յ, տուն չսարկողի հերն անիձվի, որ անձրևներու տագ ես էս օրի հասա…
Ես ախճիգ էի, կաշխադեի հաշվեպահ: Մորս քեռիմե կար՝ մըր գյուղածի, հմնօր էդ քեռինի մըր տուն գիկար: Ըսիի՝ մամա, էդ հնչի՞ էդ քեռինի հմնօր մըր տուն գիկա: Ըսավ՝ որովհեդև, ախճիգ ջան, էդ իմ քեռին գուզե ուր քրոջ տղինի քզի ուզե: Ըսի՝ չէ, չէ, չըմ ուզի…
Վերջն որ շադ գնած-էգավ, դե ընձի լե հուզողներ շադ կային, շադ տղեկ կային գուզեին ընձի առնեին, ես չըյ ուզե: Վերջն ուզեծի՝ էդ իմ ամուսնուն…
Էս ամուսինս լե ախպեր ունիր՝ էրգու հադ՝ մեգ գնած բանագ, չեգավ՝ թուրկերու հեդ կռիվներուն, մեգ լը օտպուսկ էր էգի: Էդ ժամանագ լը մենկ բոստաններ քար քավակեինկ, մե մենձ յաշկիմե վրա կնգդիկ քարեր քավակեին, գթափեին: Հիրգունն էլ թոմառի՝ օխտ-ուտ (բոլորով՝ յոթ-ութ) հոկիսի ճամփով գիկեինկ: Տեսանկ՝ էդ իմ ամուսնու ախպորնի  (маряк էր): Էդ կնգտիկ մզի խրադեծին, թե էս տղի վրեն գծիձղաք. ընճի է կայնե մինագ ճամպու վրեն… Էգանկ, հասանկ էդ տղի մոդնի, ծիձաղեծինկ, էդ տղեն հերես թեկեծ. Է, ի՞նճ բդի ըսեր…,- ծիծաղում է,- Հեդո էդ քեռին, որ ուզեծ ընձի իմ ամուսնուն, ամուսինս ըսավ՝ Մարիա’մ, մե հադ նամագ գրե ախպորսի, ինկ բանագ է… Նամագնի գրեծի, բայց չսեծի՝ ես ով իմ: Ինկն էդ նամագի պադասխան ղրգեծ, ըսեծ՝ ես գինամ, թե դու ով իս: Ամուսինս լե զարմածավ, թե ո՞վի, որ գինաս: Ըսավ՝ էն աղճիգն ի, որ հնգերդանու հեդ էգան իմ վրա ծիձաղածին… Ըդպես էգավ… լավ-լավ, կիսուր կեսրարիս իմ գլխուծ լե վեր գպաեի, տուն լը չունեինկ, ըդմալ անծավ, հըրի (մինչև) էգանկ, տներ սարկեծինկ, էրեխեկիս լը ուսման տվի, էդ նեղ ժամանագ յոտին լը ուսման տվեծինկ…

Հմգա լը փեսեկ ունիմ, լավ տուն տեղ ունին: Կսին՝ մամա ջան, էս տները դու իս սարկի… Կսին՝ իմա՞լ կնիգ հալիս տուն սարկող ի՞մ, սարկող էղնեի ընձի համար գսարկեի… «Չէ՜,- կսե,- մըր տուն խալմախալ լը էղերի, խոսկ ու զրուծ լե, բայծ դու նես չես մդե: Մենկ բարիշեր ինկ, խոսածեր ինկ, խմուգ ինկ էղի, ինճ ինկ էղի՝ յոլա ինկ գածի, լավ-լավ տներ ինկ սարկի… Էդի քու շնորիֆնի…»

Մարիամ տատը ասում էր, որ երեխաներն իրեն լավ են նայում, թե որդին, օրինակ, 100 դրամ աշխատի, կեսն իրեն է ուղարկում, մյուս երեխաներն ամեն հարցով օգնում են, բայց միևնույնն է, ուշադիր լինելով Մարիամ տատի թե’ խոսքերում, թե’ աչքերում կնկատեիր խռովածությունը: Ինքը խռոված էր… Խռոված էր բախտից, կյանքից, մի փոքր էլ երեխաներից, որովհետև իրեն գումարներն ու մյուս բաները պետք չէին, այլ երեխաներին մոտ լինել էր ուզում: Կիսակառույց տունն օր առաջ ուզում էր կառուցված տեսնել, բայց հետո ակամայից խոստովանեց, որ ոչ թե իր համար է այդ տան կառուցմանը սպասում, այլ որդիներից գոնե մեկի վերադարձի:

-Քանի ես հլը կռնամ ժաժ հիկամ (շարժվեմ), թըղ էրէխեսի աշխադի, որ հիկա գոնե մե սենյագ սարկե: Որ ամռան շոկուն, էնտերան ուժեղ շոկ է, գա գոնե մե էրգու-իրեկ ամիս ուր մանդր էրէխեկու հեդ, գա հանգստանա, հով էղնի: Էն փոկր թոռնիգսի, տղիս թոռնիգնի, չըմ տեսերի, բայծ կսե՝ տադի ջան, պաբին որ եգավ գյուղ քեզ մոտ, ընձի որ չբերեց, ես սամալյոտ նստիմ գիկամ…

-Ասացիր, որ ձեր տունը երկրաշարժի պատճառով քանդվեց, կհիշե՞ս՝ ոնց այն տեղի ունեցավ, ի՞նչ հիշողություններ ունես կապված այդ օրվա հետ:

-Երգրաշա՞րժ… Ես գիդեմ մգլօրս է էղե, էս էրգօրնի էղե, բա չե՞մ հիշում… Մենձ տղեսի  խանուտ էր գածե, ամուսինս տունն էր. հիվանդ էր: Խանուտիծ տղես գիկա, մե հինգը կիլո սառաձ ձուգ առուգ, մեգ լը տեսնա, որ տներ փուլ է գիկան, ճամպեն ժաժ է գիկա: Էդ առուգ թողնա ու վազե գիկա իմ հավարին… Էգավ, որ տուն բլեր էր, թոռսի փոկր էր, մոդս էր, ինկ մանծել էր սենյագի մեջ, ես դուրս էի հելի: Դուս էի հելի, որ տեսնայի, թե էդ ինճ էղավ: Էդ էրէխեն ծըպա (խփվում) էն կողմ չըկռնա դուս հելնա. բլեր էր չորս կողմ է: Նոր մեգն էգավ՝ մըր հարևան, ըսի՝ ի՞նճ կեղնի, էրէխեն մանծել է սենյագի մեջնի, գնա հանե…
Հեդո տեսնամ՝ մըր մե մենձ սենյագնի չբլերի ու էրեխու ձեն լը գիկա էնտեխեն: Ըսի՝ էդ ի՞նճ էրեխայի: Ըսին որ՝ հարևանի տուն բլեր է, էրէխեկ մանցաձ մենագ, բերել է լուսամուդիծ նես է մդուծե… Բը չը՞մ հի՜շի… Իմ համար ինչխ որ հերեգ էղնիր …

-Իսկ հետո ո՞նց դուրս եկաք ծանր վիճակից: (Այս հարցը տվեցի ես, բայց պատասխանը լսելով հասկացա, որ իրոք միամիտ հարց էր, քանի որ այդ պատասխանն իմ աչքերի առաջ էր…)

-Ըշտը էն է, ու իդը ծանդր վիջագնի ես գքաշիմ…,-վրդովվում է,- Ըդրա համար լը էն ժամանագիծ մինճև հիմա իդը դոմիգի մեջն իմ…Իմա՞լ է գքաշիմ…,- քիչ առաջվա վրդովմունքը փոխարինվում է թախծով…

Ես էլ անկախ ինձնից տխրեցի. այս համարյա մեկ դար ապրած կնոջ կյանքում դժվարությունների ու վշտի պակաս չի եղել: Այդ համարյա մեկ դարում ինչեր ասես, որ չէր տեսել՝  թուրքերի հալածանքներից մինչև երկրաշարժ ու միայնություն…
Ու իմանալով, որ ջրաշենցիները Մուշից գաղթածների սերունդ են, չէի կարող չհետաքրքրվել,  թե Մարիամ տատն արդյոք ծնողներից լսե՞լ է ցեղասպանության ու գաղթի մասին.

-Մարիամ տատ ջան, դու փաստորեն ցեղասպանությունից էնքան էլ ուշ չես ծնվել: Ծնողներդ պատմե՞լ են էդ դեպքերից կամ, թե ո՞նց են եկել, հաստատվել Ջրաշենում:

-Կսին, թե մենք Էրգրից ինկ էգի…Թը որ երգրից չմգինա…
Ինձ թվում է Մարիամ տատի միամտությունը դեռ այն ժամանակվանից է գալիս, երբ թուրքերից ու հալածանքներից վախենալով, ծնողները լռել են էրգրի մասին: Կամ էլ միամտություն չէր ու լավ գիտեր, թե որն է այդ ՝ էրգիրը, բայց չէր ուզում խոստովանել. ամաչում էր, որ այն էլ մերը չի… Ու այս միջոցին մտքիս «Սասունցու հիմն» կոչվող երգից մի հատված եկավ. «Կռիվ էղավ Սասունում, ավեր էղավ Սասունում… Մեղուն ծաղկին, ձուկ մըջ ջրուն մոլորվեց… Բայց պապերը դեռ թոռներուն չեն պատմել…»

-Հերսի պառտնո է էղե, սաղ ռայոն մենագ հարս էր պառտնո, մենկ լը էն ժամանագ տուն ունեինկ՝ սենյագներ չունեինկ… Հերս մե սյունիծ լամպմ էր կախե ու սաղ ռայոնի շորեր գկարեր… Հեդո թուրկերն որ գիկան, գտեսնան, որ Լեռնավանուծ հըրի մըր գեղ (Ջրաշեն) չաիր-չիման ի վարդերով, բանով. անուն գդնին  ՝ Վարդնավ, յանի՝ վարդերով շադ երգիր… Մե քանի հադ թուրկ գիկան  ու գտիրապեդին մըր խեղջ հայերուն. սայլով, փայդով, էղաձով կառնին-կերտան… Հերս էդ ժամանագ, հոր ունեինկ տան մեջնի, էդրա մեջ կառտոշկաե քհորեինկ, հերըսի գմդնա էդ հորի մեջնի՝ գտապի (թաքնվում է), որ չտանին ուրին լե:  Ովկեր գիդեին հորս մասին՝ ուր շրջապադ, իրանծ հակուստ գկարեր, ըդբես լը ինկ մնաց…

Ըդոք (դրանք՝ թուրքերը), որ էրգրից գիկան՝ Երևանի կողմիծ, մըզի «Խոնա գյորմազ» կա, թուրկեր էդ դաշտի մեջնի գկայնին, որ հանգստանան, հանգստանալու ժամանագ թուրկերնի կսին՝ խոնա գյորմազ,  յանի՝ հանգստատուն. Խոնախ (հյուր) ինկ եղի հայերուն, գյորմազն էլ՝ «շադ լավ»-ն է…
Հեդո հայեր ինչքան էդ Երևան էրտալու ճամպի, էդ մասնի քար կա, գլծին էդտեխ, թե՝ թուրկեր էդտեղ սատկաձ ին…

-Իսկ ուրիշ դեպքեր, պատմություններ կհիշե՞ս կապված գյուղի հետ:

-Ի՞նճ պադմիմ, տղա ջան, ժաժկն էղավ, շադեր մահածան՝ որի  հեր-մեր, որի քուր-ախպեր, որի ամուսին մահածավ՝ մնած ինկն էրէխեկու հեդ… Տներ քանդվան, պեդուտյուն որին սարկեծ, որին չէ…
Մե կողմիծ լը Ղարաբաղի կռիվներն իյն: Էդ վախտ Ադրբեջանեն որ պոեզներ, վագոններ գիկաին վրեկներ գրուգ էր. «Շնորհավոր ձեր նոր տարին», յանի՝ ձըր երգրաշարժ շնորհավոր էղնի…

-Իսկ ծնողներից ինչ-որ պատմություններ չե՞ս լսել:

-Է՜, ծնողներս ի՞նճ… Մերսի խեղջ, տանջվուգ կնիգ իր, աբռուստ չկար, բան չկար, թուրկերուծ փախուգ ու վախենող ,- այ էստեղ քիչ առաջվա մտքերս ավելի հաստատվեցին,- Էն ժամանագ թուրկերն ին էգի, տիրապեդե: Մեգ լե չկար գոյնա հելնար թուրկերու դեմ կռվիր: Հում տուն մդնեին կսպանեին, էղաձլեր կառնեին, կերտեյն…
Էգե Լեռնավանու կողկի էդ լավ տեղ սկսեր ին աբռել մըրոնք: Լեռնավանծիկ լը էն վախտ չըին ուզի, որ հիկան մըր գեղի միջովնի հնծնայն. Գվախնեի՞ն, թե՞ ինչ…   Կռիվներ լը շադ կեղնիր, կսեին՝ դուկ հուրիշ իք: Է՜, խեղջ ժողովուրտ՝ ի՞նճ իյնկ տեսի, ի՞նճ գինաինկ…
Ուրախուտյուն մե չէ էղերի, ի՞նճ պադմիմ. մինագ տխուր պադմուտյուններ ին…  Ի՞նճ կյանկ տեսանկ, ի՞նճ էրինկ, ի՞նճ պադմիմ…,- նորից դառնացավ Մարիամ տատը:

Ինչ-որ ներքին զգացումով հասկանում էի նրան՝ ապրելով դառնություններով լի կյանք, դժվար է երջանիկ պահերը մտաբերելն ու պատմելը: Ամեն լավի հետ կրկնակի վատը ստանալով հիշողությունների այն երևակայական մասը, որ պատասխանատու է դրական բաները հիշելու համար ինքնըստինքյան մշուշվում է, դադարում գործել…
Այնուամենայնիվ ուզեցի մի փոքր ուրախ նոտայի վրա ավարտել զրույցը և մտածեցի, որ դրա համար հարմար տարբերակ է երազանքներից խոսելը.

-Իսկ էս տարիքում ի՞նչ երազանք ունես, տատ ջան,- ժպտալով հարցրի ես:

-Իմ երազանկսի էն է, որ էդ իմ տուննի սարկին, էրեխեկուսի տեսնամ ու ես էրտամ… Հերիկ է ուրանծ լե տանջիմ… Որ քարծուն՝ հիվա՞նդ իս: Որ հիվանդ լը մեռնիմ գխապիմ. կսիմ՝չէ, որ չիկան. ընդոկ լե տանջվուգ ին, հոկսեր ունին: Գխապիմ կսիմ՝ շադ լավ իմ… Հեն օր լը էն տղես զանգեծ էստեղի տղուս հեդնի խոսած, ըսի՝ տղա ջան, ըսե, որ շադ լավ իմ, այնինճ դեղերովե կաբռիմ… 

Մի հադ լը տղա կա, որ ընձի գտեսնա կսե՝ տադի ջան, դու հանգարծ չմեռնիս, դու որ չէղնաս, էս գյուղ ինչխ որ դառդագ կեղնի, էլի դու մեգ-մեգ խրադ կիդաս… Է՜, ջահել ին, կյանկ չըն տեսաձ, ի՜նճ էնիս… Ես լը գյեղի համենամենձն իմ…

Հետո  հանկարծ դեմքից տխրությունը կորում է մի պահ ու փոխարենը ինքն իրեն սկսում է ծիծաղել.

-Հանգարծ, որ կերտամ բժշկի, կսե՝ տադի, քանի՞ տարեգան իս (իդը տղիս լը նախօրոք խրադ իմ տվի, թե կսիք՝ յոտանասնհինգ (75) տարեգան իմ: Այնինճ՝ իննսընհինգ (95) տարեգան իմ),-սկսում է ավելի լիաթոք ծիծաղել, ծիծաղը փոխանցելով նաև մեզ,- Բայծ որ էն հանդեր անկետան գբերին… Թե ո՞վ է ըսի… Կիշին, որ անկետայիս մեջնի իմ ճիշտ թիվն ի գրուգ, վա՜յ,- ծիծաղը շարունակում է…
Այ, ես մըր ջայելներուն առողճուտյուն կիդամ (մաղթում), ջանսաղուտյուն, շառիծ փործանկներուծ հեռու… Մըր նման չչարճրվիկ, մըր նման չտանջվիկ… Լավ կյանկ քաշեկ, լավ ուրախ էղեկ…

Որ լավ աբռին՝ թըղ դբռոծում լավ սորվին, գորձ էղնի՝ գյուղում աշխադին, ընտունվին համալսարան, աշխադանկ ունենան՝ ուրանծ լը, ուրանծ ծնողներուն լը պային, մնան ուրանծ մոդ. Էդ է լավ…

marat sirunyan

«Պատերազմը միայն կռվող զինվորով չեն հաղթում, պատերազմը աշխատանքով են հաղթում»:

Հարցազրույց կամավոր-ազատամարտիկ` Դերենիկ Կուրղինյանի հետ

Ձեզ եմ ներկայացնում վարածս առաջին հարցազրույցը, որն անցկացրել եմ Արցախյան ազատամարտի մասնակից, Քառօրյա պատերազմի կամավոր՝ Դերենիկ Կուրղինյանի հետ: Դերենիկ Կուրղինյանը Լեռնավան համայնքից դեպի Արցախ կամավոր մեկնած մի քանի քաջորդիներից մեկն է, ով իր արածի մասին պատմում է այնքան համեստորեն, կարծես այդպես էլ պետք է լիներ, որ իր արածը ոչ թե հերոսություն է, այլ ողղակի պարտք, որը չէր կարող չտալ…

-Պարոն Կուրղինյան, կխնդրեի նախ ներկայացնեիք Ձեր անցած մարտական ուղին:

-1990-ի դեկտեմբեր ամսին մեկնել եմ Դաշտային Ղարաբաղ, այսինքն, Գետաշենի ենթաշրջան: Մեր լուսահոգի Վալոդի (Վոլոդյա Հովհաննիսյան`Քեռի) և Սպիտակի տղաների հետ: Մեր գյուղից ավելի ուշ Մարտունաշեն-Գետաշեն եկել է միայն Վաչիկը՝ Մկրտչյան Վաչիկը: «Օղակ» օպերացիայից հետո, 1991թ.-ին եղել ենք Իջևանի Վազաշենում, եղել ենք Հայաստանի սահմաններում, իսկ 1992թ-ի փետրվարին արդեն սկսվեց Խոջալուի ազատագրումը: Մենք մասնակից եղանք Շուշիի ազատագրմանը, հետո եղանք Մարտակերտում: Ճիշտ է, իմ աշխատանքն էնպիսին էր, որ ինձ համար գնալը դժվար էր. աշխատում էի գյուղսովետում (այժմյան գյուղապետարան), բայց էլի ժամանակ գտնում էի ու գնում… Վերջին գնալս եղել է 1994 թ.-ի փետրվարին` 10 օրով, իսկ մայիսին եղավ զինադադարը…

-Իսկ Քառօրյա պատերազմի մասին ի՞նչ կասեք:

-Առհասարակ սկսած 1994թ.-ի զինադադարից, ոչ մի անգամ ես չեմ հավատացել, որ պատերազմը դադարել է: Պատերազմը շարունակվել է, ուղղակի ավելի թույլ արտահայտված, բայց պատերազմը շարունակվում էր ու ներկա պահին էլ շարունակվում է: Ուղղակի 2016թ.-ի ապրիլին, պարզից էլ պարզ է՝ Ադրբեջանը իր հզորությունը՝ ֆինանսական հզորությունը ցույց տվեց:  Փառք Աստծո, հաջողության չհասավ, բայց իհարկե շատ տհաճ էր… Էդ ժամանակ, էսպես ասած, ակտիվ ֆազն էր, 4-5 օր: Հիմա մենք ինչ-որ հանգստություն ենք ասում, որովհետև արդեն սովորել ենք, բայց երբեք մենք՝ հայերս, չենք կարող ասել՝ խաղաղության մեջ ենք ապրում: Էդ խաղաղությունը մենք ինքներս ենք ստեղծում, բայց Հայաստանի մի մասում, Ղարաբաղում պատերազմը կա, ու ցավոք սրտի, երկար կմնա…

90-ականներին ուրիշ մոտեցում էր: Ճիշտ է, կար ազգային շարժում, բայց ոչ բոլորն էին հասկանում դրա կարևորությունը: Բայց այս՝ ապրիլյան պատերազմի դեպքում արդեն մարդիկ հասկացան՝ չհասկացողն էլ հասկացավ, որ միակ միջոցը, որ մենք կարող ենք ապրել այս արևի տակ, գոյություն ունենալ՝ մեր ձեռքում է, մեր զինվորի ձեռքում է, մեր ժողովրդի ձեռքում է: Պետք է հզորանալ տնտեսապես, սիրել երկիրը ու նվիրաբերվել երկրին…-Այ, իսկ ի՞նչ էր փոխվել հակառակորդի մեջ այս տարիների ընթացքում, կա՞ր արդյոք փոփոխություն, թե՞ ոչ:

-Ցավոք սրտի, այդ չորսօրյա գործողություններին հնարավորություն չունեցա մասնակցելու: Բայց իմ տեսած այս հակառակորդը կարելի է ասել՝ ոչնչով չի փոխվել: Էդ նույն բանն է, որ մարդուն հարգում ես հասարակ շորերով, գիտես որ արժանիք ունի: Մարդ էլ կա՝ հագած-կապած, ամեն ինչի մեջ կորած, բայց արժանիք չունի: Այսօրվա հակառակորդն էլ՝ զինված է, վարձկան ուժ է, առաջվա կրկնությունը: Ուղղակի ավելի հզորացած, ավելի հարստացած, այսինքն, գերազանցում են զինատեսակով, բայց միայն զինատեսակը չէ, որ պիտի հաղթի… Էլի նույն հակառակորդն է՝ «կռիսական». գլխին խփեցիր` լացելով կվազի, բանի տեղ էլ չդրեցիր՝ քարը հետևիցդ գլխիդ կտա:

-Մեր զինվորների՝ ձեր գործի շարունակողների մասին ի՞նչ կասեք:

-Մեր զինվորները… Ես ուղղակի Սարդարապատի օրինակը կբերեմ՝ Վեհիպ փաշայի խոսքերը: Երբ հայերը ջարդեցին գելիպոլյան, այսինքն, դարդանելյան կորպուսը Սարդարապատի ճակատամարտում մի քանի հայ կամավորներով, Ղարաբաղի կամ Բեկ-Փիրումով խմբի տղաներով, փոքր ուժերով հաղթեցին այդ հզոր թուրքական դիվիզիաներին, էն ժամանակ Վեհիպ փաշան ասել էր. «Ինձ տվեք մի դիվիզիա հայ զինվոր, և ես Կովկասը կվերցնեմ»: Դա թուրք հրամանատարի խոսքերն են… Եվ հայ զինվորը իրոք որ զինվոր է, բառիս բուն իմաստով: Մեր 18, 19, 20 տարեկան տղերքը կամ մեր երիտասարդ սպաները… Խոսքեր չկան… Ու մեծամիտ էլ չեն: Հայ գեների մեջ կա, դարերով պայքարող ժողովուրդ են` հաղթանակներ, պարտություններ, նորից հաղթանակներ: Իսկ զինվորներն իրոք, եթե աշխարհում լավագույնն էլ չեն, ուրեմն լավագույններից մեկն են: Փառք ու պատիվ մեր զինվորներին, էն երեխեքին, որ արդեն երեխա չեն, արդեն հասուն մարդիկ են…

Մի առանձնահատուկ ու գեղեցիկ պատասխան ստացա իմ այն խնդրանքին, որ ազատամարտիկը պատերազմից որևե հետաքրքիր դեպք պատմի:

-Չեմ հիշի… Պատերազմում ի՞նչ հետաքրքրություն…,- դեմքը խոժոռեց նա…

Բայց մի փոքր անց փորձեց հիշել ու պատմեց, չգիտեմ խնդրանքս չուզեց անտեսել, թե այնուամենայնիվ  ինքն էլ ուզեց հուշերում գտնել այդպիսի բան, բայց կարևորն այն է որ ի վերջո Արցախյան պատերազմի երկու գեղեցիկ պատմությունների ականջալուր եղա:

-Մի անգամ ես գնացի Գետաշենի Ուշի-Արմավիր, էնտեղ հայկական գյուղ կար, թուրքերի ձեռքն էր անցել, եկեղեցի կար նոր շինած: Ձիով գնացի տեսնելու, ընկա կրակի տակ: Ողորմած հոգի Վալոդը գալիս, տղաներից հարցնում է, թե ուր եմ: Ասում են, որ գնաց եկեղեցին տեսնելու: Ինձ իրականում չէին կարող խփել, որովհետև անտառոտ տեղանք էր, ես էլ ձիով էի, բայց տեսա, որ անտառը հնձում են՝ «պուլիմյոտով»՝ էդ Վալոդն էր. մտածելով որ էնտեղ եմ, էլ չգիտեր ում էր կրակում…
Դա եղել է իմ ամենաանպատասխանատու քայլը ողջ պատերազմի ժամանակ: Մնացած տեղերում եղել եմ շատ աչալուրջ, եղել եմ զգույշ:
Շուշիի ազատագրումն էր շատ հետաքրքիր: Քյոսալանի դրոշը ես բերեցի՝ երկրորդ համարը: Հետո գիտե՞ս ինչ կա. Շուշիի գրավումից մի օր հետո, որ տոն էր, ես էնքան հոգնած էի՝ Խոջալուի կազարմայում քնած էի: Մինչև գնացի, արդեն հիմնական տոնակատարությունը վերջացել էր: Շուշիի հենց Ղազանչեցոց եկեղեցում ես ակորդեոնով Մակար Եկմալյանի «Սուրբ-սուրբ»-ն եմ նվագել, էդ եղել է իմ կյանքի ամենահիշարժան օրը… Քիչ էին աղոթողները, արտասահմանցի կային, հայեր կային, արդեն Շուշին ազատվել, լցվել էր, ու ես նվագում էի, իրենք էլ ուշադիր լսում՝ ինձ հետ «Սուրբ-սուրբ»-ը երգում էին:
Դա է ինձ հիշեցրել էդ տարիներին, որ ես երաժիշտ եմ եղել մասնագիտությամբ…Տեսնելով Դերենիկ Կուրղինյանի բազում շքանշանները, ուզեցի հենց հերոսից պարզել, թե ի՞նչ է շքանշանը՝ հերոսի համար:

-Առաջին հերթին շնորհակալության զգացում, բավարարվածություն, հպարտություն, իսկ մյուս կողմից պարտավորություն: Մեդալը մեդալ ա, մեդալի տակ շատ բաներ կան, լավ բաներ կան թաքնված մեդալի տակ: Հազարավոր մարդիկ են մեդալներ ստացել, բայց էս մեդալով է ստեղծվել մեր պետականությունը, ոչ թե մեդալ վաստակելով: Սա այն է, որից դու քեզ լավ ես զգում, այն է, որ կա մի բան, որը կասի՝ շնորհակալ են քեզնից: Շնորհակալություն ես շատ եմ ստացել, կապ չունի, թե ումից՝ ծանոթից էլ, անծանոթից էլ: Ով չի ասել` չեմ նեղացել, ով հակառակն է ասել` էլի չեմ նեղացել: Էս մեդալներն ինձ հիշեցնում են, թե որտեղ, ինչ է եղել: Հիշեցնում է իմ ընկերներին, որոնցից շատերն էլ չկան, ցավոք սրտի, փառք ու պատիվ մեր հերոսներին, լավ ընկերներ՝ Վալոդը,  Զենվելը, Սահակը, Վալերները, Արտուշը՝ երիտասարդ մարդիկ, որ գնացին… Էս մեդալները միայն իմը չի, իրենցն էլ է: Չնայած իրենք էլ ունեն. իրենք շատ մեծ բան են արել: Ինչ-որ տեղ վրեժի զգացում էլ է առաջացնում պատերազմի նկատմամբ: Ամեն հայ զինվորի մահ պետք է ընկերոջ մեջ ցավ առաջացնի և վրեժի զգացում: Որովհետև մենք այդքան մարդկային ռեսուրս չունենք, մենք այդքան էժան չենք գնահատում մարդուն, որ զոհվի… Հալալ լինի մեր զինվորներին, պատվով իրենց պարտքն են կատարում մարդիկ…

-Կա՞ մի մեդալ, որ առանձնացնում եք մնացածից:

-Շուշիի ազատագրության մեդալը: Շուշին որովհետև իր ստեղծման օրից միայն մի բանակ է կարողացել գրավել, դա հայկական բանակն է եղել՝ իր քաղաքն ինքը գրավել է: Դա ամենաթանկ մեդալս է…Հետո առանց սպասելու որևե հարցի, ամփոփում է իր խոսքը.

-Ես ասում եմ այն, ինչ գիտեմ ու զգացել եմ, բայց մի բան էլ պետք է ասեմ՝ պատերազմը միայն կռվող զինվորով չեն հաղթում, պատերազմը աշխատանքով են հաղթում: Օրինակ՝ մեր ժողովրդի կատարած հանգանակությունները թե’ այն պատերազմին, թե’ այս պատերազմին: Միջոց է պետք… Սոված փորով, առանց զենքի ոչ մի զինվոր չի կարող կռվել, եթե թիկունք չունի… Փառք Աստծո, մենք թիկունք ունեինք թե’ այն ժամանակ, թե այս ժամանակ: Ինչ-որ տեղ թույլ, ինչ-որ տեղ ուժեղ, բայց պատերազմն ազգովի են հաղթում, իսկ մեր ազգն արժանի է հարգանքի և պատվի…

Մեր գյուղից էլ մինչև անգամ տաք շորեր ենք տարել 90-ականներին Արցախ: Այնքան էին բերում, որ մեքենայում չէինք կարողանում  տեղավորել…Մեր ժողովուրդը միշտ պատասխանատու է վերաբերվել այս հարցերին, ու ես շնորհակալ եմ թե’ գյուղից, թե շրջանից, թե’ ողջ հայ ժողովրդից…

Խոսքն ավարտելուց հետո գիրկն է առնում թոռանն ու հավաստիացնում՝ իր գործը շարունակողն է…

Տեսախցիկից դուրս մի պատմություն ևս պատմեց ազատամարտիկը, որը ևս կուզեի ներկայացնել ձեզ:

-Մարտական գործողություններից մեկի ժամանակ թշնամու զինվորները նահանջի պահին թողնելով իրենց վիրավոր ընկերոջը փախչում են: Ոտքից վիրավոր ադրբեջանցի զինվորը, չկարողանալով փախչել, մնում է մարտի դաշտում անօգնական: Տղաները նկատում են նրան, մեկն ուզում է կրակել, սակայն մեր ազատամարտիկը թույլ չի տալիս: Վտանգելով իր կյանքը, վիրավորին դուրս է բերում կրակի գոտուց, սկսում է վերքը մշակել, ներարկում է իր բաժին հակաբորբոքայինը (այսինքն, եթե իրեն հարկավոր լիներ, այլևս չէր ունենա), և երբ վիրակապելիս ինչ-որ պատճառով մի պահ շրջվում է, լսում է կրակոց: Հայացքը թեքում է և տեսնում , որ տղաներից մեկն էր կրակողը, իսկ ադրբեջանցին արնաշաղաղ ընկած էր: Դերենիկը բարկացած սկսում է մեղադրել այդ տղային, ասում, որ գոնե մի հայ գերու հետ կփոխանակեին: Բայց կրակող տղան պատասխանում է, որ ուշադիր նայի այդ թուրքին: Նայելուց հետո չէր հավատացել տեսածին՝ ադրբեջանցի վիրավորը, ում փրկելու համար սեփական կյանքն էր վտանգել, ձեռքը տարել էր իր իսկ զենքին, որը բուժօգնության ժամանակ դրել էր կողքին: Իսկ նպատակը, կարծում եմ, բոլորին է պարզ… Պատմում էր, բայց կարծես դեռ չհավատալով, որ բանական մարդը նման բանի կարող է ունակ լինել… Եվ ևս մի անգամ վերահաստատում, որ մենք ազնիվ ազգ լինելով, ինչ-որ տեղ խղճում ենք թշնամուն, նույնիսկ կռվի դաշտում:

marat sirunyan

Ստալինի որդին ու ապրելու արհեստը

Իրապատում՝ Սարգիս Պողոսյանի հետ անցկացված հարցազրույցիս հիման վրա…

1946 թվականն էր: Պարսկաստանի ձմեռային սովորական օրերից մեկը՝ դեկտեմբերի 21-ը, դարձավ արյունոտ: Ադրբեջանցիները հարձակվեցին իր խաղաղ կյանքով ապրող մի հայ օջախի վրա:
Առաջին բանին, որ ականատես եղան ընտանիքի անդամները, երկու տարեց այրերի սպանությունն էր, հետո սպանվեցին նաև երկու երիտասարդներ, մեկին վիրավորեցին: Սպանություններին հաջորդեց թալանը: Սրբեցին ամեն ինչ, այն աստիճանի, որ նրանց գնալուց հետո հարուստ տան մեջ մի լաթի կտոր անգամ չգտնվեց արնաքամվող վիրավորի վերքը կապելու համար:

Թալանի ընթացքում տան չորս-հինգ երեխաներին լցրին թոնիրը, որ վառեին ողջ-ողջ, բայց ինչ-որ հրաշքով կամ էլ «ոսկու փայլից» կուրացած, մոռացան սպանելու մոլուցքն ու գնացին: Վախեցած երեխաներին տատը հավաքեց թոնրի շուրջ, ու այդպես կուչ եկած սպասում էին, թե ինչ է լինելու: Եվ հանկարծ գիշերվա մի ժամի երդիկը բացվեց: Տատը, կարծելով, թե վերադարձել են իրենց էլ վերացնելու, երեխաներին քաշեց մի անկյուն.
-Եկել են գիշերով սաղիս մորթեն:

Այդ պահին վերևից լսվեց կնոջ ձայն.
-Ես եմ, Շանին եմ,- թուրք կին էր,- գիտեմ, հայասպանություն ա եղել, ձեզ հաց եմ բերել…

Լավաշը կապել էր փորին, մի ամանով կաթ, մի ամանով էլ մածուն, պարանով երդիկից իջեցրեց անօգնական մնացած հայերին.
-Կերե՛ք, մենակ չասեք, որ ես հաց եմ բերել …

Այսպես մի կերպ փրկվեցին,  բայց դժբախտությունները նրանց հանգիստ չթողեցին…
Բանտարկեցին նրան, ում ոտքից վիրավորել էին ադրբեջանցիները՝ Ստալինին: «Ստալինը» նրա մականունն էր. նրան այդպես էին անվանում բռնապետ Ստալինին արտաքնապես շատ նման լինելու պատճառով: Իսկ իրական անուն ազգանունը Պողոս Պողոսյան էր: Այն չարաբաստիկ օրը սպանված տարեց այրերից մեկը իր հայրն էր, մյուսը՝ կնոջ հայրը, սպանված երիտասարդներից մեկը՝ իր եղբայրը, մյուսը՝ կնոջ քրոջ տղան: Ինքը սկսել էր զբաղվել հայրենիք ներգաղթի կազմակերպմամբ: Առաջին խումբն ուղարկել էր արդեն հայրենիք, երկրորդ խմբի մեջ պետք է լինեին նաև ինքն ու ընտանիքի անդամները, բայց ձերբակալեցին:
Բանտից դուրս գալուց հետո իրեն էլ, ընտանիքին էլ աքսորեցին, իրենց հետ ևս մի հայ և մի ասորի ընտանիքի: Աքսորավայրը Պարսկաստանի ամենատաք վայրն էր՝ Լորիստանը, ուր կիսավայրենի ժողովրդի հետ էին ապրում: Չորս կողմը փշալարեր էին, փախչելու ելք չկար:
Մի գետ էր հոսում այդտեղով: Դրա մեջ մի օր Պողոսը ձուկ  նկատեց: Եկավ տուն  և սկսեց թոռ գործել: Հաջորդ օրը, որդու՝ Սարգսի հետ գնացին ձուկ բռնելու: Նրանց այնտեղ էլ ոստիկաններ էին հսկում:
Սարգիսն այդ ժամանակ ինը, թե տասը տարեկան էր. ադրբեջանցիների վայրագությունից փրկված երեխաներից մեկը:
Փաստորեն գետում ձուկն այնքան շատ էր, որ թոռը գցելն ու ամբողջությամբ ձկով լցվելը մեկ եղավ: Այսպես իրենց ձկնորսությունն էին անում, երբ նկատեցին իրենց մոտեցող մարդկանց. հարևան գյուղից էին: Երբ եկան, մի պահ նայեցին Պողոսի ուղղությամբ, ապա շրջվեցին ու փութով շարժվեցին գյուղի կողմը: Անցավ մոտ տասը-տասնհինգ րոպե: Հայր ու որդի այն տեսան, որ քիչ առաջ գնացած մարդիկ վերադառնում են մեծ բազմությամբ, ձեռքերին առած փայտ, մուրճ, բահ, և ինչ ձեռքները կընկներ: Դա տեսնելով՝ հսկող ոստիկանն ասում է, որ փախչեն, որովհետև այդ կատաղած մարդիկ գալիս են իրենց վրա: Իսկ պատճառն այն էր, որ Պողոսի թևին Մարիամ Աստվածածնի պատկերն էր դաջած: Այդ դաջվածքը տեսնելով՝ գյուղացիներն ասել էին.
-Կիկո՜ն, Կիկո՜ն, Կիկոյի ցեղից են…

Այդ Կիկոն Պարսկաստանի բանակի փոխգնդապետ էր: Կռիվների ժամանակ հենց նա էր գրավել Լորիստանը:
Կատաղած ամբոխը հետապնդում էր հայր ու որդուն, որ բռնեին ու իրենց ոխն առնեին: Պողոսն ու Սարգիսը թաքնվեցին դարպասների հետևում, իսկ ամբոխը, չգտնելով նրանց, հետ դարձավ: Վտանգն այդ պահին անցավ, բայց վախը մնաց նրանց սրտում. վախենում էին դուրս գալ: Եթե դուրս գային, կարող էին սպանել:

Այդպես նրանց տեղափոխեցին Քաշամ քաղաք: Քաշամ քաղաքում այդ ժամանակ հայ չկար, կամ էլ գուցե ծպտյալ էին:
Պողոսը շատ մտածելուց հետո, թե ինչ անի, վերցրեց մի քանի տախտակ, մեխեց իրար, երկու լաթ գտավ. Կոշիկի քսուկ և օր ու գիշեր սկսեց կոշիկներ էր մաքրում: Պողոսը մաքրում էր կոշիկները, իսկ Սարգիսը դրանք հասցնում էր հարուստներին կամ խանութներին, փողը բերում, տալիս էր հորը: Այդպես գոյատևում էին…

Օրերից մի օր էլ, երբ Սարգիսն իր սովորական գործին էր, կոշիկներն էր տարել հարուստի տուն ու հետ էր վերադառնում, փողոցով քայլելիս նկատեց, որ երկու հոգի իր հետևից գնում են: Մեկի անունը Նազար էր, մյուսինը՝ Բենո: Հանկարծ այդ երկուսն սկսեցին խոսել.
-Նազա՛ր,- Բենոն դիմեց ընկերոջը:

-Ի՞նչ ա:
-Էս էրեխեն, որ գնում ա, է, արունս  իրա վրա եռում ա, ոնց որ հայ էլնի…
-Ա՜,- անհավատ ձայնեց Նազարը,- դու էլ բան ասիր. էս քաղաքում հայ կա՞ որ: Հայն էստե ի՞նչ ա  անում:

Այդ միջոցին Սարգիսը շրջվեց .
-Քեռի՛, հայ եմ:
Այդ լսելուն պես երկու ընկերները վազեցին ու փարվեցին Սարգսին:

-Քեզ ո՞վ ա բերե ստեղ, ո՞վ ա գողացե բերե,- զարմացած հարցրին հուզված ընկերները:
-Չեն գողացել: Մենք աքսորված ենք: Ստեղ մնում ենք, կոշիկները տանում եմ, պապաս մաքրում ա, բերում եմ տալիս հարուստներին:
Հետո Սարգիսը ցույց տվեց իրենց տան տեղը: Նոր ծանոթները խոստացան, որ երեկոյան կայցելեն: Երբ հորը պատմեց, որ շատ հարուստ հայերի է հանդիպել ինքը, ու նրանք ասել են, որ երեկոյան կգան, Պողոսը պատասխանեց՝ չեն գա…
Այնուամենայնիվ երեկոյան այդ հայերը եկան: Եկան ու կարծես արդեն որոշած, ասացին նրանց.
-Էստեղ դուք չպետք է մնաք, ձեզ անպայման պետք է տեղափոխել. ո՛չ եկեղեցի կա, ո՛չ գերեզմանատուն կա, ո՛չ հայ կա, ոչ մի բան չկա: Աստված ոչ անի, մի բան պատահի…

Հայեր մնում էին Իշվահան քաղաքում: Այդ քաղաքում էլ հենց ապրում էին այդ երկու հարուստ հայերը: Պողոսի ընտանիքին էլ գետն անցկացրին, տարան իրենց մոտ՝ իրենց հարևան: Տուն վարձեցին նրանց համար: Այսպես վերջապես բախտը մի փոքր ժպտաց այս դժբախտ հայ ընտանիքին…
Անցավ մի տարի: Մի տարի հետո Սարգսենք ընտանիքով տեղափոխվեցին Թեհրան: Պատերազմական ժամանակ էր: Պատերազմի մի ընթացքում ֆաշիստները փորձեցին Թուրքիայով մտնել Պարսկաստան, այնտեղից էլ ճակատ բացել՝ Սովետական Միության վրա հարձակվելու համար: Բայց այդ ընթացքում սովետական բանակն արդեն մտավ Պարսկաստան:
Սովետական բանակի շատ հայերի հետ կար նաև մի փոխգնդապետ՝ Չարխչյան ազգանունով: Պողոսենց տունը գտնվում էր այն շենքի հարևանությամբ, որտեղ աշխատում էր այդ փոխգնդապետը: Նա, տեսնելով Սարգսին, շատ է կապվում նրա հետ: Ամեն երեկո գալիս է, նրան վերցնում ու իր ձիու վրա դրած իր հետ տանում զորամաս: Զորամասը գտնվում էր մոտակա գյուղից դուրս գտնվող սարի տակ: Իր քայլը Չարխչյանը Սարգսին բացատրում էր այսպես.
-Ես էլ քո տարիքի մի երեխա ունեմ, որին շատ եմ կարոտել:

Երեկոները տանում էր, առավոտյան բերում: Հետո Սարգիսը պետք է արհեստ սովորեր ու դարձավ աշակերտ: Չորս տարի սովորելով՝ ձեռք բերեց խառատի մասնագիտություն: Բացի դա նաև երաժշտական կրթություն ստացավ. ակորդեոն էր նվագում ու երգում:
Հետո եկավ բանակ գնալու ժամանակը: Բանակը երկու տարով էր, բայց Սարգիսը ծառայեց տասնհինգ ամիս: Հայաստան տեղափոխվելու համար նրան գումար ու քսանչորս ժամ ժամանակ տվին, որ Պարսկաստանից դուրս գա: Ու նա եկավ: Եկավ Պարսից ծոցի ափը, այնտեղից նստեց ռուսական «Пионер» նավը: Առավոտյան ժամը ինին նստեց նավը ու հաջորդ օրը նույն ժամին իջավ Բաքվում:

Երբ իջավ, հեռվից տեսավ, որ մեկը ձայն է տալիս.
-Սերո՜ժ, Սերո՜ժ, Սերո՜ժ…
«Իյա՜,- մտածեց նա ,- Սովետական Միություն, Բաքու, առաջին անգամ եմ եկել, ի՞նչ իմանամ` Սերոժն ով ա. հո էդ մենակ իմ անունը չի՞»: Մտերիմները Սարգսին անվանում էին Սերոժ:
Հետո, անցակետն անցնելով, տեսավ ընկերոջ մեծ եղբորը, որը սահմանն ավելի շուտ արդեն անցել էր: Գրկախառնվեցին և հենց այդ պահին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ այն ժամանակվա «кгбеичник»-ները, եկան ու բռնեցին այդ տղային: Հարց ու փորձ արեցին, թե որտեղից է ճանաչում նոր եկած երիտասարդին՝ Սարգսին, և պատասխանն ստանալուց հետո թողեցին, որ գնան: Սարգսին տարավ ու տեղավորեց մի հյուրանոցում, որտեղ տասնհինգ օր մնաց մենակ, հետո ընտանիքն էլ միացավ իրեն ու բոլորով տեղափոխվեցին Հայաստան:
Երբ եկան Հայաստան, հաստատվեցին Վանաշեն գյուղում: Սարգիսը գնաց շրջանի զինկոմիսարիատ ներկայացավ, տեղեկացրեց, որ ծառայել է պարսկական բանակում:
Հետո ընդունվեց հարևան գյուղի «Հայգյուղտեխնիկա» աշխատանքի՝ որպես բանվոր:

Աշխատանքի անցնելուց հետո, երբ աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր, արհեստանոցի վարիչը եկավ ու հանձնարարություն տվեց նրան, որ կցորդիչի համար հեղյուսներ պատրաստի.
-Ի՞նչ կարգի ես,- նորեկ աշխատողին հարցրեց արհեստանոցի վարիչը:

«Այ մարդ, կարգն ի՞նչ ա, կա՞ռք ա, ֆայտո՞ն ա…»,- մտածմունքի մեջ ընկավ Սարգիսը՝ չիմանալով, թե ի՞նչ է՝ «կարգը»:
-Գործը կանեմ՝ տես,- ելքը գտավ Սարգիսը:
Գործն արեց, վարիչը նորից եկավ.
-Հը՞ն, արե՞լ ես:

-Հա:
-Քանի՞ հատ:
- Երեսունութ հատ:
- Ո՜ւ, դու հլը սորվելու տեղ ունես,- դժգոհեց վարիչն ու խոսքն ուղղեց հին աշխատողներին,- Արմո՛,  Զու՛լիկ, քանի՞ հատ եք տաշում օրեկան:
-Օրեկան հարյուր հիսուն- հարյուր վաթսուն հատ: Էդքան տաշում ենք,- պատասխանեցին աշխատողները:
Ապա վարիչը նորից խոսքն ուղղեց Սարգսին.
-Ո՞ւր ա գործդ:
Երբ Սարգիսը պատրաստած հեղյուսները հանձնեց նրան, վարիչը պոռթկաց.
-Դավայ, քելե, գնում ենք դիրեկտորի մոտ:
Գնացին տնօրենի մոտ: Երբ ներս մտան, արհեստանոցի վարիչը խոսեց.
-Ընկե՛ր Սարգսյան, վարպետին ո՞նց վարձատրենք:
«Մինչև էս պտի սորվեի, հմի ասում ա՝ վարպետ». մտքում զարմացավ Սարգիսը:
-Քանի՞ հատ է սարքել,- հարցրեց տնօրենը:
-Երեսունութ հատ,- պատասխանեց արհեստանոցի վարիչը:
-Օ՜, չէ՜, տար տղերքից մեկի մոտ, թող սովորի:
-Ընկե՛ր Սարգսյան, ինքը չի սովորելու, ինքը պետք է սովորեցնի…- Սարգսի պատրաստած հեղյուսներից մի քանիսը դնելով սեղանին՝ վստահ պատասխանեց  արհեստանոցի վարիչը:
Զարմացած տնօրենը խոսքն ուղղեց նորեկ բանվորին.

-Շիլիֆովկա՞ ես արել:
-Չէ:
Պարզվում է` մյուսները բարձր հաճախությամբ աշխատող սարքի միջոցով էին պատրաստում, առանց մանր բաների հետևից ընկնելու, իսկ Սարգիսը՝ ձեռքով աշխատող սարքով՝ մանրակրկիտ:
-Տա՛ր, վարձատրիր էնպես, ոնց որ պետքն է,- կարգադրեց տնօրենը:
Երբ դուրս եկան տնօրենի սենյակից, արհեստանոցի վարիչը Սարգսին պատվիրեց, որ տեսնի, թե ինչպես են պատրաստում մյուսները, և այդպես էլ ինքը պատրաստի: Եկավ հաջորդ օրը.
-Հը՞, տաշե՞լ ես:
-Հա:
-Քանի՞ հատ:
-Երկու հարյուր հիսուն հատ:
-Ես քեզ փչացրի: Սրանից հետո, որ գործ լինի, ու ես կգամ քեզ կասեմ, դու քո իմացած ձևով կսարքես, եթե չէ՝ տես տղերքը ոնց են անում, տենց էլ դու արա:

Այդպիսով Սարգիսը քիչ-քիչ դարձավ արհեստանոցի ամենալավ բանվորը:
Մի օր զինկոմիսարիատից նրան նորից կանչեցին:  Կանչել էին, որ առաջարկություն անեին:
-Կուզե՞ս մեզ մոտ սովորել, աշխատավարձն ու մնացած բաները կպահպանվի, տարին երեք ամիս:
Սարգիսը համաձայնվեց: Հետախույզ էին պատրաստելու: Մտածում էր, որ կարող է պատահի իրեն ուղարկեն Պարսկաստան, որտեղ սպանել էին հարազատներին, և վրեժը կլուծեր: Ոչ, նա այնտեղ բոլորի հանդեպ չէր վրեժով լցված, միշտ ասում էր, որ ադրբեջանցիների մեջ էլ շատ լավ մարդիկ կան: Ու որպես ապացույց ասում էր.
-Ասենք՝ հենց Շանին: Դրա ձեռի պոպոքն օրը ցերեկով չէիր ուտի, բայց ես էդ թուրք կնգա արածը կարո՞ղ ա պատահի` մոռանամ. օրը հազար անգամ դրան ողորմի կտամ:

Բայց արի ու տես, պարզվեց իրեն ուղարկելու են Թուրքիա: Սկսվեցին պարապմունքները: Սախարով ազգանունով մեկը սովորեցնում էր քարտեզն ու դրա հետ կապված բաները, մի ազգությամբ ադրբեջանցի ավագ լեյտենանտ սովորեցնում էր թուրքերեն և  Սարգսյան ազգանունով մեկն էլ սովորեցնում էր Մորզեի այբուբենը: Պարապմունքները զորամասի փոխարեն անցկացվում էին մի սովորական շենքում:
Եկավ առաջին առաջադրանքը կատարելու ժամանակը: Եկան ու հայտնեցին Սարգսին, որ պետք է իրեն ուղարկեն Թուրքիա: Հոկտեմբերյանի մոտից սահմանն անցկացրին և ուղարկեցին: Մոտ երեք-չորս կիլոմետր խորանալուց հետո նրան դիմավորեցին ու տարան: Երկու օր մնաց Սարիղամիշում: Թղթեր պետք է տար՝ տվեց, նրանցից էլ թղթեր վերցրեց, հետո բերեցին նույն տեղն ու ճանապարհեցին հետ: Յոթ տարի, տարին երեք ամսով աշխատեց որպես հետախույզ ու այդ ընթացքում երեք անգամ գնաց Թուրքիա:
Մի օր, երբ մի սեղանի շուրջ խմում էին, ինքն ու այն ադրբեջանցի սպան, հանկարծ սպան մի խոսք բերանից թռցրեց.
-Ես սխալվեցի եկա, դու ինչի՞ եկար:
-Ո՞նց թե,- զարմացավ Սարգիսը:
Ադրբեջանցի սպան խառնվեց իրար.
-Ոչ մի բան, ոչ մի բան:
-Չէ՜, պիտի ասես: Թե չես ասել, իրիկունը կգա Սախարովը, Սախարովին կասեմ:
-Խնդրում եմ, տենց բան չանես, ես կասեմ պատճառը:
-Ասա:
-Հիմա, թե մե սխալ բան անես կամ ստեղ գլուխդ կուտեն կամ եթե գնացիր, ուղարկեցին արտասահման, էնտեղ կվերացնեն:
-Բա ո՞նց անեմ, որ սրանցից պրծնեմ,- անհանգստացավ Սարգիսը:
-Ոչ մի բան չի փրկի, մենակ թե փրկի՝ Մորզեի վրա էդ հաղորդել-ընդունելուց սխալներ պիտի շատ անես, որ քեզ հեռացնեն:

Այս իմանալուց հետո Սարգիսը սկսեց այդպես էլ անել: Սխալներ էր թույլ տալիս, Սարգսյանը, ով Մորզեի հետ կապված դասավանդողն էր, բարկանում էր.
-Դու լավ գիտեիր, ախր, լավ էիր սովորում…
-Եսիմ, էլի լավ գիտեմ, ի՞նչ ա եղել,- իրեն միամիտի տեղ էր դնում Սարգիսը:
Մի օր էլ, երբ տարել էին Գառնիի կողմ, ու այնտեղից հաղորդումներ էր տալիս, հեռվից մի մեքենա նկատեց: Ասացին, որ գեներալն է գալիս: Գեներալը եկավ, այն էլ ինչ գեներալ. ֆաշիստ սպաներից էլ գեշ: Թե մինչ այդ Սարգիսը սխալներ էր թույլ տալիս, նրան տեսնելուց հետո էլ ավելի սկսեց սխալվել: Եվ դրա արդյունքում նպատակը կատարվեց. գեներալը կարգադրեց՝ հեռացնել աշխատանքից…
Նորից եկավ իր գործին:
1971 թվականին մարշալ Բաղրամյանը եկավ Արարատի մարզ: Գործկոմի նախագահը կանչեց Սարգսին:
-Քեռի՛, Բաղրամյանը գալու ա Վեդի, Վեդիից էլ գալու ա գյուղ՝ ճաշկերույթի: Տղերքին կվերցնեք, կգաք նախագահի տունը, որ նվագեք:
Սարգիսը համաձայնվեց: Բաղրամյանը շրջելուց հետո եկավ գյուղ՝ նախագահի տուն, Սարգիսն էլ երաժիշտ ընկերների հետ գնաց այնտեղ: Առաջին բաժակը բարձրացրին, որ խմեն Բաղրամյանի կենացը: Մեկը մյուսին հերթ չտալով՝ խոսեցին. հերթը հասավ Բաղրամյանին: Նա շնորհակալություն հայտնեց, ուզում էր խմել, երբ Սարգիսը ձայն տվեց.
-Ընկե՛ր մարշալ, մի՛ խմեք՝ Ձեր բաժակին երգեմ:
Բաղրամյանը բաժակը ցած դրեց: «Անդրանիկ»-ը նվագեցին: Չորս կողմից ձեռքով-ոտքով հասկացնում էին, որ դադարեցնեն, որովհետև այն ժամանակ դա արգելված երգ էր: Դա նկատելով՝ Բաղրամյանը սանձում է.
-Ջահելին մի՛ խանգարեք,- հետո խոսքն ուղղում է Սարգսին,- շարունակի՛ր երգը:
Երբ ավարտեց երգը, Բաղրամյանը պատվիրեց, որ նորից երգի, հետն էլ՝ մի այլ ֆիդայական երգ: Դրանք էլ երգելուց հետո Բաղրամյանը բաժակը վերցրեց  ու ասաց.
-Չենք խմում Բաղրամյանի կենացը, բոլորս մի մարդու պես խմում ենք Անդրանիկի կենացը. Անդրանիկը մի մարդ էր, եկավ ու գնաց… Բաղրամյանը կյանքում Անդրանիկ չի դառնա, Անդրանիկն ուրիշ մարդ էր:
Վերջում գնալու ժամանակ Սարգիսը մոտեցավ Բաղրամյանին: Երբ ուզում էր մոտենալ, շրջկոմի քարտուղարը ձեռքով հրեց նրան՝ ասելով, թե մարշալին չանհանգստացնի: Բաղրամյանն այդ պահին բռնեց Սարգսի ձեռքն ու իր մոտ քաշեց.
-Ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում:
-Ուզում եմ՝ իրար հետ նկարվենք, եթե կարելի է:
Երաժիշտներից մեկի զուռնան վերցրեց Բաղրամյանն ու այդպես՝ զուռնան ձեռքին էլ նկարվեցին:
Ժամանակի ընթացքում Սարգիսը հասարակ բանվորից դարձավ արհեստանոցի ավագ վարպետ, աշակերտներ ունեցավ: Աշակերտներից հատկապես առանձնացնում էր Գառնիկին՝ որպես լավագույն:
Մի օր գործ անելիս զգաց, որ մոռացել է, թե ինչպես էր պետք անել: Որոշեց զանգել Գառնիկին:
-Գառնի՛կ ջան, էս գործը ո՞նց էր արվում:
-Այ վարպե՞տ, ձե՞ռ ես առնում ինձ: Ախր, դու ես էդ ինձ սովորացրել, հիմա ինձնից ես հարցնում:
-Է՜, մեծացել եմ, Գառնի՛կ ջան, մոռացել եմ:
Այդպիսով վարպետն աշակերտի բացատրությամբ վերհիշեց ձևն ու ավարտին հասցրեց գործը:
Աշխատանքի վայրը փոխեց, հետո առողջական խնդիրների պատճառով անցավ թոշակի:
Մի անգամ էլ որոշեց հաղթանակի օրը գնալ Երևան՝ Հաղթանակի զբոսայգի: Գնաց՝ հետը վերցնելով Բաղրամյանի հետ ունեցած նկարը: Հավաքված տարեց մարդկանց մոտով անցնելիս, որոնց կրծքերը զարդարված էին բազում շքանշաններով, լսեց, որ նրանցից մեկն ասում է, թե եղել է Բաղրամյանի զինվորը.
-Որ Բաղրամյանի նկարը ցույց տամ, կճանաչե՞ս ,- քմծիծաղ տալով ու հավաքվածներին մոտենալով հարցրեց նա:
Երբ նկարը ցույց տվեց, այն ծերունու զարմանքը քար կտրեց.

- Յա՜հ: Բաղրամյանը: Բարեկա՞մ եք դուք:
Այսօր ծիծաղով պատմում էր այս դեպքը իր տարեկից հարևանին ու նրա թոռանը: Ծերացել է արդեն այդ կյանքի փորձություններ տեսած մարդը, ով մինչև կոկորդը լցված է վրեժով, որն այդպես էլ մնաց անկատար: Ծերացել է, բայց աշխատանքից ձեռք չի քաշում. 1952 թ.-ից աշխատում է՝ տասը տարի Պարսկաստանում, 1960 թ.-ից մինչև 2000 թ.-ը աշխատեց Շիրազլուի (Ոսկետափ) «Հայգյուղ տեխնիկայում» որպես ավագ վարպետ, դրանից հետո էլ 2000թ.-ից մինչև 2016 թ.-ը «Վեդի Ալկո»-ում, բայց յոթանասունութամյա Սերոժ պապը մինչ օրս էլ աշխատում է: Իր ձեռքերով տարբեր սարքավորումներ է ստեղծել՝ ցորեն մշակող, ու իհարկե, իր արհեստի գործիքը: Իր կյանքի վատ օրերը համարում է նրանք, երբ չի աշխատել, ու զարմանում է, որ  տեսնում է հիմա երիտասարդները չեն աշխատում: Ամենալավ օրն էլ համարում է այս օրը, որ տարեկից դրկիցի հետ նստած կողք-կողքի հին օրերն են հիշում:
Հետո սկսեց երգել այն երգը, որը Բաղրամյանի կենացին էր երգել.

«Կարկուտն ելավ Խանասորա դաշտումը, Ֆիդայիներ՝ հայրենասեր, վրեժ լուծող, ջան ֆիդայ…
Մեկ ժամվա մեջ մզրա ցեղը ջնջվեցավ, Խանասորա կանաչ դաշտեր, արյան գույնով ներկվեցան»

…-Էն ժամանակ ավելի լավ էի երգում: Է՜, հմի ատամ չկա…

-Ատամ չկա՞, ասա մի երկու հատ պարտքով տանք,- կատակեց տարեկից-դրկիցը:
-Հա՜ բա: Ատամ էլնի` կքցես քո բերան, էլի, ինձ խի՞ կտաս ,- կատակը շարունակեց ինքն, ու սկսեցին ծիծաղել:

Ասեց-խոսեց, հետո վեր կացավ ու գնաց. գործ կար անելու…