Դասերս վերջացավ, ու տուն գնալու ժամանակն էր։
-Տղերք, կայարան ո՞վ ա գալիս։
Ու չորսով անձրևի տակ քայլելով գնացինք կայարան։
Նոր թխված բուլկիների հոտը գերեց մեզ, և կնստեինք մեր գյուղի ավտոբուսը, շտապեցինք գնել։ Ուտելով և խոսելով քայլում էինք, և հանկարծ նկատեցինք չորս թրջված և վատ վիճակում գտնվող անօթևանների։
-Տղերք, եկեք ամեն մեկին մի հատ բուլկի տանք, սոված կլինեն։
-Հա՛, ճիշտ ես:
Մոտեցանք ու առաջարկեցինք։ Չնայած սոված էին, մերժեցին առաջին անգամ, բայց երբ ասացի` ես կերել եմ ու սա քեզ համար եմ բերել, ձեռքը մեկնեց և վերցրեց։ Նրանցից մեկն արցունքը մաքրելով ասաց․
-Ապրեք՛, տղերք ջան։
-Խնդրեմ, անուշ արեք։
Եվ սկսեցին ուտել` մեկը մյուսին առաջարկելով։ Քիչ հեռու մի մարդ էլ կար, որը շատ վատ վիճակում էր։ Նրանցից մեկն իր բաժինը կիսելով, տարավ և սկսեց կերակրել ծեծված պապիկին։
-Տղերք ջան, մի բան խնդրեմ , «Չիբուխ» կառնե՞ք, խնդրում եմ։
Գնացինք ու բերեցինք, և շնորհակալություն հայտնելով, սկսեցին ծխել։ Լաց լինելով մոտեցավ նրանցից մեկն ու սկսեց պատմել․
-Տղերք ջան, ես ազատամարտիկ տղա եմ: Էս վիճակին տղուս պաճառով եմ ընկել: Տունը ծախեց, ինձ ասաց, որ մի սենյականոց տուն ա առել ու տեղափոխվեցի էդ տուն, մի քիչ էլ փող տվեց ու հաջող արեց, գնաց Հոլանդիա։ Մի ամիս անցավ, ու տանտերը եկավ ասեց, որ վարձը տալու ժամանակն ա: Զարմացա, ասի` ի՞նչ վարձ, տղես էս տունը ինձ համար առել ա: Բայց փաստորեն խաբել էր: Դե, ես էլ մի քիչ խմելու հետ սեր ունեմ, չեմ էլ հիշում էն ժամանակ ինչ ա դեմ տվել, որ ստորագրեմ։ Ամիսը 17 000 թոշակ են տալիս: Հաշմանդամ եմ, ուկրաինացի սնայպերը 91 թվին պատերազմին ձախ ուսիցս ու փորիցս խփել ա, թևիս մկանն էլ կտրվել ա, թե չէ, ես կաշխատեի: Նոր, որ էն բիձուն կերակրում էի, է, շատ եմ սիրում, ինքն էլ՝ ինձ։ Երեկ երեք լակոտ էնպես են ծեծել խեղճին, չի կարում շարժվի: Մի կերպ համոզում եմ, որ հաց ուտի, սովից չմեռնի։ Գիտե՞ս` քանի օր հաց չէի կերել, երեք օր: Էն բուլկին, որ բերեցիր, սիրտս սկսեց արագ աշխատել: Աչքերս փայլեցին: Ուղղակի սկզբից ամաչում էի վերցնել։
Տղերք, էս ա մեր ընտանիքը: Սաղս էլ մի բանի պատճառով փողոց ենք ընկել, անտեր ենք. ոչ տուն ունենք, ոչ հարազատ։ Իրիկունն էլ էս կայարանի մոտ պուլպուլակի ջրով լվացվում ենք, նասկիները լվում ենք: Չնայած, էդ նույն նասկին էնքան ենք լվացել, արդեն մաշվել ա։ Էսա մեր օրը։ Էսօր էլ անձրևի տակ ենք մնացել: Ոչ հաց էինք կերել, ոչ տաք շոր ունենք… Որ դուք էլ էդ բուլկին չտայիք, սոված պիտի քնեինք։ Մի քանի օր առաջ էլ մեր հաշմանդամ ընկերը մեռավ, ստեղ էր էլի մնում։
Ես էլ չդիմացա.
-Ցավդ տանեմ, հերիք ա, էլ բան մի պատմիր..․
Մի կերպ էս նախադասությունն ասացի ու արցունքներս մաքրեցի։
Չգիտեմ, գուցե մեկն ասի` հնարում են, գուցե ասեն` իրենց խմելու պատճառով են էս օրն ընկել: Դե միշտ էլ կարելի է պատճառներ գտնել։ Բայց մեր կողքին նույնիսկ անօթևան կենդանիներից վատ վիճակում ապրում են այս մարդիկ` ցրտի, անձրևի, ձյան, սովի, անօգնական ու խեղճ մարդկանց ծեծելով ինքնահաստատվողների մեջ:
Ես չգիտեմ` ինչպես օգնել, բայց տանջվում եմ: Հիմա գրում եմ այս տողերը և խնդրում. ո՞վ կարող է օգնել ու լուծել այս մարդկանց գոնե գլխներին ծածկ ունենալու խնդիրը: Ժողովուրդ,անտարբեր մի անցեք ոչ մի անօթևանի կողքով, ամեն մեկն էլ իր պաճառներն է ունեցել փողոցում մնալու։ Մի քիչ բարություն, ու վերջ: Մի հանդիմանեք նրանց, մի արդարացրեք ձեր անտարբերությունը, բարությունը ընտրությամբ չեն անում”
Հ.Գ. Շատ եմ ուզում, որ էս մարդու տղան կարդա հոդվածս ու հասկանա, որ թողնելով փողոցում հորը ու խաբելով, ինչ օրն է գցել իր հորը: Չնայած` ինչո՞ւ պիտի կարդա, ինքը հաստատ կարդացողներից չէ…


Այսօր անցկացրինք ֆոտոարշավ դեպի Արզական գյուղ: Մտածում էի, որ հետաքրքիր բաներ չեն լինի, բայց ենթադրություններս սխալ էին: Գյուղում քիչ շրջելուց հետո հանդիպեցինք շատ հետաքրքիր և հյուրընկալ մարդկանց, ովքեր մեծ հաճույքով պատմում էին հետաքրքրաշարժ մարդկանց մասին: Առաջին մարդն, ում այցելեցինք դարբին Արտակն էր, որը արդեն 25 տարի անընդմեջ աշխատում և զարգացնում է իր կարողությունները դարբնություն արհեստի մեջ: Դարբին Արտակի գործերը ոչ միայն ունեն պահանջարկ մեր տեղական շուկայում, նաև հաճախ արտերկրյա պատվերներ է ունենում: Չնայած երկար տարիների աշխատանքին՝ նա պատասխանեց, որ երբեք չի հոգնի իր աշխատանքից:
Հետաքրքիր զրույցից հետո գյուղացիները մեզ ուղեկցեցին մի տուն, որը ես նմանացրի թանգարանի: Տանտիրոջ անունը՝ Վալես էր և հենց նա էր այդ գեղեցկության վարպետը: Աննկարագրելի գեղեցկություն ունեցող այդ տունը երկար տարիների ընթացքում է դարձել այդպես գեղեցիկ: Տունն ամբողջովին պատված էր խճանկարներով: Չեք հավատա, բայց նույնիսկ տան ներսում էր ամբողջովին խճանկար: Նա նաև հին իրերի և կենդանիների սիրահար էր: Հմայված այդ գեղեցկությամբ՝ հետաքրքրաշատ օրը շարունակեցինք ճամբարում: Օրեցօր մտերմանալով իմ նոր ընկերների հետ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես կանցնեն այս օրերը և ինչպես կբաժանվենք իրարից: Ամեն ինչ անցնում է ուրախ և հետաքրքիր մթնոլորտում, և հենց դրա շնորհիվ է, որ չենք ձանձրանում, իսկ օրվա վերջում ուժասպառ երանելի քուն ենք մտնում: Մեզ սպասվում են դեռ բազմաթիվ հետաքրքիր արշավներ և ֆիլմերի նկարահանումներ:
Երբ դարձա վեց տարեկան, մենք պետք է տեղափոխվեինք մեր նորակառույց տունը, բայց տատիկս մեր հետ չէր ապրելու: Չնայած մեր նոր տունը գտնվում է նույն Մրգավետ գյուղում, և իրարից այդքան էլ հեռու չէ, բայց ես չէի ուզում տեղափոխվել։Առաջին օրերին չէի հարմարվում և հիշում եմ, որ առանց զգուշացնելու տնից փախչում և գնում էի տատիկիս մոտ։Ժամանակը անցնում էր, ես մեծանում էի, բայց էլի չէի համակերպվում դրա հետ։ Շաբաթական մեկ-երկու օր գնում էի տատիկիս մոտ մնալու: Տատիկիս մոտ ասելով մի հասկացեք, թե նա մենակ է ապրում: Նա ապրում է իմ հորեղբոր ընտանիքի և պապիկիս հետ։ Ես արդեն սովորություն էի դարձրել, որ շաբաթ և կիրակի օրերը պետք է մնամ տատիկիս տանը: Չնայած նրան, որ մեծանում եմ, բայց այս սովորությունը չեմ փոխել։ Մի քանի անգամ հորեղբորս ընտանիքը նեղացել է ինձանից: Ասեմ ինչու` երբ գնում եմ տատիկենց տուն, բարևում եմ բոլորին, ու առաջին հարցս լինում է. «Տո՞ւնն ա տատին»: Երբ ասում են, որ տանը չի, ես ասում եմ. «Լավ, դե ես գնացի: Հաջողություն»: Եվ այդ ժամանակ նրանք կատակով ասում են. «Այ տղա, էս մենք հե՞չ: Մենակ տատիկիդ համա՞ր ես գալիս»: Որոշ չափով դա այդպես է, չնայած նրանք էլ ինձ համար շատ թանկ մարդիկ են։