խաչիկ բունիաթյան

Մի քիչ բարություն, ու վերջ

Դասերս վերջացավ, ու տուն գնալու ժամանակն էր։

-Տղերք, կայարան ո՞վ ա գալիս։

Ու չորսով անձրևի տակ քայլելով գնացինք կայարան։

Նոր թխված բուլկիների հոտը գերեց մեզ, և կնստեինք մեր գյուղի ավտոբուսը, շտապեցինք գնել։ Ուտելով և խոսելով քայլում էինք, և հանկարծ նկատեցինք չորս թրջված և վատ վիճակում գտնվող անօթևանների։

-Տղերք, եկեք ամեն մեկին մի հատ բուլկի տանք, սոված կլինեն։

-Հա՛, ճիշտ ես:

Մոտեցանք ու առաջարկեցինք։ Չնայած սոված էին, մերժեցին առաջին անգամ, բայց երբ ասացի` ես կերել եմ ու սա քեզ համար եմ բերել, ձեռքը մեկնեց և վերցրեց։ Նրանցից մեկն արցունքը մաքրելով ասաց․

-Ապրեք՛, տղերք ջան։

-Խնդրեմ, անուշ արեք։

Եվ սկսեցին ուտել` մեկը մյուսին առաջարկելով։ Քիչ հեռու մի մարդ էլ կար, որը շատ վատ վիճակում էր։ Նրանցից մեկն իր բաժինը կիսելով, տարավ և սկսեց կերակրել ծեծված պապիկին։

-Տղերք ջան, մի բան խնդրեմ , «Չիբուխ» կառնե՞ք, խնդրում եմ։

Գնացինք ու բերեցինք, և շնորհակալություն հայտնելով, սկսեցին ծխել։ Լաց լինելով մոտեցավ նրանցից մեկն ու սկսեց պատմել․

-Տղերք ջան, ես ազատամարտիկ տղա եմ: Էս վիճակին տղուս պաճառով եմ ընկել: Տունը ծախեց, ինձ ասաց, որ մի սենյականոց տուն ա առել ու տեղափոխվեցի էդ տուն, մի քիչ էլ փող տվեց ու հաջող արեց, գնաց Հոլանդիա։ Մի ամիս անցավ, ու տանտերը եկավ ասեց, որ վարձը տալու ժամանակն ա: Զարմացա, ասի` ի՞նչ վարձ, տղես էս տունը ինձ համար առել ա: Բայց փաստորեն խաբել էր: Դե, ես էլ մի քիչ խմելու հետ սեր ունեմ, չեմ էլ հիշում էն ժամանակ ինչ ա դեմ տվել, որ ստորագրեմ։ Ամիսը 17 000 թոշակ են տալիս: Հաշմանդամ եմ, ուկրաինացի սնայպերը 91 թվին պատերազմին ձախ ուսիցս ու փորիցս խփել ա, թևիս մկանն էլ կտրվել ա, թե չէ, ես կաշխատեի: Նոր, որ էն բիձուն կերակրում էի, է, շատ եմ սիրում, ինքն էլ՝ ինձ։ Երեկ երեք լակոտ էնպես են ծեծել խեղճին, չի կարում շարժվի: Մի կերպ համոզում եմ, որ հաց ուտի, սովից չմեռնի։ Գիտե՞ս` քանի օր հաց չէի կերել, երեք օր: Էն բուլկին, որ բերեցիր, սիրտս սկսեց արագ աշխատել: Աչքերս փայլեցին: Ուղղակի սկզբից ամաչում էի վերցնել։

Տղերք, էս ա մեր ընտանիքը: Սաղս էլ մի բանի պատճառով փողոց ենք ընկել, անտեր ենք. ոչ տուն ունենք, ոչ հարազատ։ Իրիկունն էլ էս կայարանի մոտ պուլպուլակի ջրով լվացվում ենք, նասկիները լվում ենք: Չնայած, էդ նույն նասկին էնքան ենք լվացել, արդեն մաշվել ա։ Էսա մեր օրը։ Էսօր էլ անձրևի տակ ենք մնացել: Ոչ հաց էինք կերել, ոչ տաք շոր ունենք… Որ դուք էլ էդ բուլկին չտայիք, սոված պիտի քնեինք։ Մի քանի օր առաջ էլ մեր հաշմանդամ ընկերը մեռավ, ստեղ էր էլի մնում։

Ես էլ չդիմացա.

-Ցավդ տանեմ, հերիք ա, էլ բան մի պատմիր..․

Մի կերպ էս նախադասությունն ասացի ու արցունքներս մաքրեցի։

Չգիտեմ, գուցե մեկն ասի` հնարում են, գուցե ասեն` իրենց խմելու պատճառով են էս օրն ընկել: Դե միշտ էլ կարելի է պատճառներ գտնել։ Բայց մեր կողքին նույնիսկ անօթևան կենդանիներից վատ վիճակում ապրում են այս մարդիկ` ցրտի, անձրևի, ձյան, սովի, անօգնական ու խեղճ մարդկանց ծեծելով ինքնահաստատվողների մեջ:

Ես չգիտեմ` ինչպես օգնել, բայց տանջվում եմ: Հիմա գրում եմ այս տողերը և խնդրում. ո՞վ կարող է օգնել ու լուծել այս մարդկանց գոնե գլխներին ծածկ ունենալու խնդիրը: Ժողովուրդ,անտարբեր մի անցեք ոչ մի անօթևանի կողքով, ամեն մեկն էլ իր պաճառներն է ունեցել փողոցում մնալու։ Մի քիչ բարություն, ու վերջ: Մի հանդիմանեք նրանց, մի արդարացրեք ձեր անտարբերությունը, բարությունը ընտրությամբ չեն անում”

Հ.Գ. Շատ եմ ուզում, որ էս մարդու տղան կարդա հոդվածս ու հասկանա, որ թողնելով փողոցում հորը ու խաբելով, ինչ օրն է գցել իր հորը: Չնայած` ինչո՞ւ պիտի կարդա, ինքը հաստատ կարդացողներից չէ…