Խաչիկ Բունիաթյանի բոլոր հրապարակումները

khachik buniatyan

Երազել երազում

Արդեն մեկ տարի և մի քանի ամիս է, ինչ Հայաստանում չեմ ապրում, ու չնայած որ երկար ժամանակ չի անցել, բայց հասցրել եմ շատ կարոտել ամեն մի մանրուք Հայաստանի հետ կապված։ Երբ Հայաստանում ասում էին՝ Ֆրանսիա, ես պատկերացնում էի կարծես մի դրախտ։ Գալով այստեղ, այդքան էլ հույսերս չարդարացան։ Լավ երկիր է, ոչ ոք խնդիր կարծես չունի: Ամեն մեկն ապրում է ապրելու համար՝ իրենք միայն իրենց կյանքով, բայց այդքան էլ ինձ դուր չի գալիս նրանց ապրելակերպը։

Դե, ես միշտ Հայաստանի քաղցրության, ժողովրդի սրտացավ ու միշտ իրար հետ լինելու պայմաններում եմ ծնվել և մեծացել։ Հայաստանը կարծես ոչինչ էր ինձ համար, երբ Հայաստանում էի։ Բայց երբ ոտք դրեցի օդանավակայան, հասկացա, որ ամեն օրս, նույնիսկ այն վայրկյանները, որոնք իզուր վատնել եմ՝ ոչինչ չանելով, մի օր շատ կկարոտեմ, կկարոտեմ այնքան, ինչքան որ կույրն է կարոտում իր տեսողությունը։

Ընկերներ, բարեկամներ, նույնիսկ անծանոթներ, որոնց ամեն օր տեսնում էի փողոցում, այստեղ իմ սրտի խորքում հարազատ են դարձել: Կարոտը ոչնչով չի կարող փոխարինվել: Ոչ մի հարստություն չի կարող ավելի թանկ լինել, քան այն պահերը, որոնք կարոտում ես, որոնք տեղի են ունեցել հարազատների, ընկերների կամ նույնիսկ մենակ եղած ժամանակ։

Հայաստանից եկել եմ անորոշ ժամանակով ու չգիտեմ երբ կվերադառնամ իմ հայրենի երկիր: Չգիտեմ, ուղղակի քաղցր հուշերն ստիպում են, որ պայքարեմ, հասնեմ բարձունքների ու կայացած վերադառնամ հայրենիք։

Եթե անկեղծ, ես սառը մարդ եմ։ Երբ փոքր էի, ինչ որ մի տեղ գնալով, երկար ժամանակ մնալով, գալիս էի տուն, և տնեցիք հասնում էին և սկսում համբուրել, հարց ու փորձ անել, թե ինչպես եմ, ինչ եմ արել, բայց ես սառը նայում էի, և կարծես կարոտի ոչ մի նշույլ չկար մեջս։ Դե, ընտանիքիս անդամներն են, ամեն օր տեսել եմ։ Այդպես էի մտածում, բայց մի՞թե Հայաստանը ամեն օր չէի տեսնում, ի՞նչը փոխվեց իմ մեջ, ինչո՞ւ եմ հիմա կարոտում։ Երևի մարդիկ, որոնց հետ անցկացրել եմ ամեն օրս, կամ նրանց, ում ճանաչել եմ Ֆրանսիա գալուց հետո, միգուցե սիրած աղջիկը։ Շատ են պատճառները, շատ են։ Գիտե՞ք, մի հնար ունեմ վերադառնալու Հայաստան: Մի քանի ակնթարթ, մի քանի դրվագ, որոնք տեսնում եմ երազում շատ հաճախ։ Երազում երազում եմ Հայաստանի մասին, ուղղակի չգիտեմ, դա կարոտը թեթևացնո՞ւմ է, թե՞ ավելի խորացնում։

Հաճախ ենք սկսում գնահատել այն, ինչ կորցնում ենք։ Հիմա հասկանում եմ ինչ է կարոտախտը:

khachik buniatyan

Հարգանք

Ես ապրում և սովորում եմ Ֆրանսիայում։ Կյանքում մտքովս անգամ չէր անցնի, որ Հայաստանից բացի ուրիշ տեղ կարող եմ ապրել, բայց կյանքը լի է անակնկալներով։ Գալով Ֆրանսիա՝ շատ բաներ փոխվեցին իմ բնավորության մեջ։ Առաջին հերթին սկսեցի բոլորին հավասար աչքով նայել՝ չտարբերելով ազգությունը, կրոնը կամ մաշկի գույնը։ Բացի բնավորությունը՝ մտածելակերպումս էլ ահռելի փոփոխություններ կան:

Հայաստանում միշտ մտածել ենք, որ թուրք կամ ադրբեջանցի մարդիկ վատն են։ Այստեղ ունեմ և՛ թուրք, և՛ ադրբեջանցի ընկերներ։ Քիչ-քիչ մտերմանալով նրանց հետ՝ հասկացա, որ այնպիսի ազգ չկա, որտեղ և՛ վատ, և՛ լավ մարդիկ չլինեն։ Ուղղակի մենք միշտ մտածել ենք, որ նրանք վատն են, քանի որ մեր, կարելի է ասել, թշնամի ազգից են։ Միգուցե Հայաստանում կամ Թուրքիայում նույն մարդիկ իրար հետ լեզու չգտնեն, բայց օտարության մեջ բոլորը հավասար են դառնում։

Հարգանք. և էլ ոչ մի բան պետք չէ մարդու հետ շփվելու համար։ Ես քրիստոնյա եմ, ընկերներիս մեծ մասը սևամորթներ և մուսուլմաններ են։ Դա մեր ընկերության մեջ ոչ մի խոչընդոտ չի առաջացնում։

Ապրել և զարգացնել աշխարհայացքը քո մեջ, քո սրտում…

khachik buniatyan

Ես ընտրում եմ Կյանքը

Դեռևս փոքր հասակից հետաքրքրասիրությունս կյանքի ու մահվան  հանդեպ շատ մեծ է եղել։ Միշտ ծնողներիս հարցրել եմ՝ ինչպես են մահանում մարդիլ, կամ ինչու են մահանում, սակայն պատասխանը, այդքան էլ չէր գոհացնում ինձ։

Իմ հոդվածներից մեկում տատիկիս մասին եմ գրել, որից ինչպես հասկացաք, աշխարհում ամենից թանկ մարդն է ինձ համար: Երբ փոքր էի և այդքան էլ բան չէի հասկանում, կարելի է ասել՝ «խելքս բան չէր կտրում», միշտ տատիկիս ասում էի.

-Տատ, դու որ մահանաս, ես էլ եմ ուզում քեզ հետ գալ։

Ժպտում էր, բայց չէր պատասխանում։ Մեծանալով մեջս սկսեց շատ բան փոխվել։ Ինչո՞ւ եմ ցանկանում տատիկիս հետ մահանալ, այլ ոչ այնպես անել, որ երկարի մեր կյանքը։ Ավելի լավ  է ապրել երջանիկ ու չմտածել մահանալու մասին։

Այս տարի առողջական խնդիրների պատճառով վիրահատության ենթարկվեցի, որի ընթացքում ինձ անզգայացրին։ Մինչ վիրահատությունը մտքումս մի ցանկություն կար. Զգալ, թե ինչպիսին է մահը: Չէ, չմահանայի, այլ կլինիկական մահ տանեի։  Հիմար ցանկություն է, չէ՞: Երբ պառկեցի վիրահատական սեղանին, սկսեցի վախենալ: Հասկացա, որ կյանքը գեղեցիկ է, չարժե տարօրինակ ցանկությունների պատճառով կորցնել ամեն ինչ։

Եվ ահա մոտենում էր անզգայացնելու այդ հետաքրքիր, բայց մի փոքր վախենալու պահը։ Բժիշկն այնքան դրական էր տրամադրված, որ ես չհասկացա էլ, թե ինչպես քնեցի։ Քնելուց առաջ մի քանի բան եմ միայն հիշում, երբ բժիշկն ասաց.

-Պատրա՞ստ ես: Սկսե՞նք:

-Պատրաստ եմ։

-Դե, ուրեմն, ցտեսություն։

Վերջին բանը, որ հիշում եմ, «ցտեսություն» բառն էր։ Մի քանի ժամ անց արթնացա, չնայած որ այդ ժամերը ինձ ակնթարթ էին թվացել։ Արթնացա, բայց աչքերս դժվարանում էի բացել: Սկսեցի հազալ, բայց չէի տեսնում ոչ մի բան: Կարծես գլուխս պտտվեր։ Կյանքում չէի զգացել այդպիսի բան: Չնայած ոչինչ չէի տեսնում, բայց լսում էի, թե ինչպես էր բժիշկն ասում.

-Հետ է գալիս արդեն։

Տարօրինակ էր շատ: Մտածում էի հարցնել. «Բժիշկ, վիրահատությունը վերջացե՞լ է»:  Մտածում էի, բայց չէի կարողանում ասել: Կարծես արդեն ասած լինեի  այդ հարցը։

Մի քանի ժամ հետո ամեն ինչ ընկավ իր տեղը: Լավ լսում էի, տեսնում էի, ու մտածածս կարողանում էի արտահայտել։ Ինչ որ է, ինձ համար կարծես նոր կյանք սկսվեր։

Հիմա հասկանում եմ, թե ինչքան թանկ է Կյանքը…

Ազգային պատկերների տոն Ֆրանսիայում

Լուսանկարը՝ Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը՝ Խաչիկ Բունիաթյանի

Անցած դարերում՝ հենց այն ժամանակից, երբ մարդիկ կարողացան թղթի վրա տպագրել, Ֆրանսիայում սկսեցին վաճառել տպագրված նկարներ: Հենց դրանք էլ կոչվում են «ազգային պատկերներ»: Նկարները վաճառվում էին էժան գներով թե՛ քաղաքային, և թե՛ գյուղական բնակավայրերում: Դրանք իրենց մեջ էին ներառում ամենատարբեր ասպարեզները, կարող էին ունենալ կրոնական, մշակութային, կրթական, ժամանցային բովանդակություն: Պատկերները նախատեսված են թե՛ երեխաների, և թե՛ մեծահասակների համար: Երեխաների համար նախատեսված պատկերները ուսուցողական, դաստիարակչական էին, իսկ մեծահասակներինը՝ ավելի խրատական, երգիծական, իրենց մեջ ներառում էին նաև քաղաքական սատիրա: Տպագրության զարգացման հետ բարձրացել է նաև ազգային պատկերների որակը: Էվոլյուցիայի ընթացքում պատկերների հետ սկսել են հայտնվել նաև տեքստեր, քանի որ ժողովուրդը արդեն հիմնականում դարձել էր գրագետ, մինչ այդ պատկերներն առանց մեկնաբանությունների էին: 1820 թվականից սկսած այդ պատկերներն արդեն տպագրվում էին թերթերում, ամսագրերում, ալմանախներում: Իսկ այսօր արդեն վերածվել են կարճամետրաժ ապլիկացիոն ֆիլմերի: Ազգային պատկերներն այնքան մեծ տարածում ունեն Ֆրանսիայում, որ առաջացել է դրանց տոնը:

Լուսանկարը՝ Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը՝ Խաչիկ Բունիաթյանի

Ամեն տարի հունիսի 23-24-ը Ֆրանսիայում տոնում են Ազգային պատկերների տոնը (Imagerie Populaire): Բոլոր քաղաքներում տեղի է ունենում ապլիկացիոն կարճամետրաժ ֆիլմերի ցուցահանդես: Այս տարի առաջին անգամ եմ մասնակցել տոնին Էպինակ փոքրիկ քաղաքում և շատ մեծ բավականություն եմ ստացել, լավ տպավորություններով եմ լցված։ Նայելով ֆիլմերը՝ կարծես իրական հրաշքի ես մասնակցում։

Ուղարկում եմ նաև մի կարճ տեսանյութ այդ տոնից: Ձայնի որակի համար կներեք:

khachik buniatyan

Ֆրանսիական նոթեր

Երբ տեղափոխվեցինք Ֆրանսիա, միայն երկու բառ գիտեի՝ bonjour և merci : Ոչ մեկին չէի հասկանում սկզբում։ Լսում էի երգեր, ինձ շատ էին դուր գալիս, բայց բառերը չէի հասկանում։ Դե քանի որ ծանոթ հայեր կային, ովքեր գիտեին ֆրանսերեն, հույսս իրենց վրա էի դնում, և ինչ-որ պետք էր, խնդրում էի՝ նրանք թարգմանում էին։

Քիչ-քիչ ավելացավ ֆրանսերեն բառապաշարս: Արդեն ծանոթանալու համար համարյա ամեն ինչ գիտեի: Բայց միայն ծանոթանալով չէ. պետք է շփվես էլ։

Սկսեցի դպրոց հաճախել: Այնտեղ իմ ծանոթ հայերը չկային, ու հաստատ ոչ մեկը չէր կարող ամեն վայրկյան թարգմանել։ Անսովոր էր շատ, երբ տեսնում էի, թե  ինչպես են երեխաները իրենց պայուսակները ոտքով հրում, գցում պատի տակ։ Իրենց կողքին ես մի խելոք մարդ էի՝ նորմալ դնում էի պայուսակս, չէի ծխում և այսպես շարունակ։

Ինքս ինձ ասացի.

-Հավաքիր քեզ, Խաչիկ, սենց չի լինի։

Գնում էի դպրոց ու մի քիչ վախով, որ ահա ուր որ է՝ մեկը ինչ-որ հարց կտա, ու ես չեմ կարողանա պատասխանել։ Ամեն օր այդ շփման վտանգից «մազապուրծ», ուրախ-ուրախ, կարծես փրկված, գալիս էի տուն։

Սկզբում շատ զավեշտալի իրադրությունների մեջ էի հայտնվում։ Ինձ հարցնում էին՝ անունդ ինչ է, չհասկանալով հարցը, ասում էի՝ 17 տարեկան եմ, և չէի հասկանում՝ ինչու էին ծիծաղում։

Ճարահատ դասարանի տղաներին սկսեցի հայերեն սովորեցնել։ Ու մտածում էի, որ իրենք ավելի շուտ հայերեն կսովորեն, քան ես՝ ֆրանսերեն։  Գնում էի դասի ու գիտեի, որ անսպառ  ծիծաղ է սպասվում ինձ։ Գնում էի, տղերքը սկսում էին հայերեն խոսել.

-Բառև, Կաշիկ, ո՞նց ես։

Բոլորովին տառասխալ չեմ թույլ տվել. ուղղակի իրենց համար դժվար է արտասանել Ր, Խ, Չ տառերը։ Այդպես էլ, ինչքան սովորեցրեցի, մեկ է՝ չկարողացան Խաչիկ ասել: Կամ ասում էին՝ Կաչիկ կամ Խաշիկ կամ Կաշիկ։

Ինչ որ է՝ հարմարվեցի։ Սկսեցի գլուխ հանել քիչ-քիչ: Այն ժամանակվա լսածս երգերը արդեն հասկանում էի, անունս նորմալ ասում էի, տղերքի հետ ֆրանսերեն էի խոսում, և այդպես։

Մի քիչ էլ հայերի մոտ ինձ լավ էի զգում, որ արդեն քիչումիչ ֆրանսերեն խոսում եմ։ Իրոք, դժվար էր սկզբում։ Գրեթե ամեն ինչ հասկանում էի, թե ինչ են իրենք խոսում, բայց չէի կարողանում ասել, թե ինչ եմ ուզում ասել։ Կարծես համր լինես. լիքը ասելու բան ունես, բայց չես կարողանում ասել։ Հիմա ամեն ինչ սովորական է դարձել: Չեմ վախենում խոսել, տեսածս օտար բարքերից չեմ զարմանում, աչքս սովորել է:

Շուտով կպատմեմ նաև իմ նոր քաղաքի, նոր ընկերների, կյանքիս նոր շրջանի մասին: Սպասեք:

khachik buniatyan

Կադրից դուրս

Կլոր ապակե ինչ-որ ոսպնյակ, որն իր մեջ կարող է վերցնել աշխարհը։ Իհարկե, դա  ֆոտոապարատն է։ Մի տեսակ, չեմ պատկերացնում կյանքս առանց լուսանկարչական ապարատի։ Նկարել մանկուց եմ սիրել։ Երբ դեռ չկային թվային ֆոտոխցիկները, նկարում էի ժապավենային ֆոտոխցիկով։ Գիտության զարգացմանը զուգահեռ՝ ստեղծվեցին թվային ապարատները, ինչը մի նոր շունչ բերեց լուսանկարչությանը։ Ճիշտ է՝ նկարելը իմ մասնագիտությունը չէ, բայց լուսանկարչությունը մի կողմ թողնելն ինձ համար կուրանալ է։ Տարիներն անցնում են, և մեզ միայն հիշողություններն են մնում։ Ես տանն ունեմ մի մեծ հիշողության ալբոմ։ Իմ լուսանկարներն են։ Ծնվածս օրվանից միչև այսօր մոտավորապես 350 նկար ունեմ։ Դրանցով կարելի է անգամ իմ էվոլյուցիան նկարագրել։ Երբ հոգնած եմ լինում ու անելու բան չկա, վերցնում եմ նկարներս և սկսում դասավորել ըստ տարիքի։ Մեկ-մեկ նայում եմ իմ փոքր ժամանակվա նկարներին ու ասում․

-Ինչ լավն եմ եղել, հիմա ինչ եմ դարձել։

Ծիծաղելի է, բայց ես միշտ էդպես եմ մտածում։ Ես դեռ չեմ տեսել այնպիսի փոքր երեխա, որ տգեղ կամ վատը լինի։ Ու երբ պատկերացնում եմ այդ տարիքում ինչերի մասին մտածած կլինեմ, մոտավորապես այսպիսի բան է ստացվում․

-Տեսնես՝ այսօր «Թոմն ու Ջերին» ո՞ր ժամին կսկսվի։

Փոքր ժամանակվանից մինչև հիմա սիրում եմ ու ժամերով կարող եմ նստել ու մուլտֆիլմեր դիտել։ Հիմա էլ, երբ հարևանի երեխայի՝ Մեսրոպիկի հետ «Մաշան և արջն» եմ նայում, մի պահ է գալիս, որ այնքան կլանված եմ նայում, որ կողքից խոսում են՝ ես բան չեմ լսում։ Երեխան թողնում, գնում է, բայց ես դեռ նստած նայում եմ։ Մարդը, երբ մեծանում է, իր հետաքրքրությունները փոխում է։ Բայց ես մինչև հիմա գժվում եմ լեգոների ու փազլների համար։ Բայց քանի որ արդեն մեծ եմ, և ամոթ է, որ լեգո խաղամ, գտնում եմ մի երեխա, ում լեգոյով կարող եմ խաղալ՝ իբր զբաղեցնելով երեխային։

Երբ փոքր էի, ուզում էի շուտ մեծանալ, գնալ դպրոց, դպրոցում ուզում էի գնալ համալսարան ու, այ էդպես, միշտ ինչ-որ մի բան ենք ուզում։ Հիմա երազում եմ կրկին փոքր լինել։ Անհոգ կնստեի ու կխաղայի։ Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կշտացել իմ մանկությունից, բայց դե, անհնարինը միշտ էլ երազանքի նման մի բան է դառնում։ Լավ է, գոնե մանկությունից մնացած լուսանկարներս ինձ երբեմն հետ են տանում և քաղցր հիշողություններ արթնացնում․․․

khachik buniatyan

Հայը մնում է հայ

2017 թվականը դիմավորելով Ֆրանսիայում՝ կարոտել էի հայկական ավանդույթներին և ուտեստներին։ Սկզբում, ճիշտն ասած, չէի հարմարվում։ Փողոցում իմ տարիքի աղջիկներին ու տղաներին ծխելիս տեսնելը իմ աչքին անսովոր էր։ Քանի որ Հայաստանում այդպես ընդունված չէ, ինձ համար տհաճ երևույթ էր։ Հայերի կյանքն ու ապրելակերպը, կարելի է ասել, անհամեմատ ուրիշ է։ Քիչ-քիչ ընտելացա այնտեղի առօրյա անցուդարձին, գրեթե արդեն նորմալ էր ինձ համար, չնայած, ի՞նչն է նորմալ, երբ տեսնում ես, թե ինչպես է 16 տարեկան աղջիկը սուլում տղաների հետևից, կամ կինը ծխախոտ առաջարկում ամուսնուն։

Ես հայ եմ, չեմ կարող նման կերպ ապրել։ Քաղաքում ամեն նոր հայի գալստյան լուրը իմանում են տեղի բոլոր մյուս հայերը։ Սկսվում են նոր ծանոթությունները, ընկերությունները։ Քաղաքը մեծ է, և բացի մեզանից շատ հայեր կան, որոնցից արդեն մի քանի ընտանիք մեզ հարազատ են դարձել։ Ամեն օր կամ մենք ենք նրանց տանը, կամ նրանք՝ մեր։ Այսպես էլ անցնում էին տոնական օրերը։ Մի օր էլ մեր նոր ընկեր Արսենը առաջարկեց խորոված անել։ Հավաքվեցինք, տաք հաքնվեցինք ու գնացինք բաղձալի նպատակին հասնելու։ Դրսում ցուրտ էր՝ -6 աստիճան, բայց տրամադրությունն այնքան բարձր էր, որ ցուրտը անտեսվում էր։ Փողոցում անցող-դարձողը զարմացած նայում էր մեր կրակի ուղղությամբ։ Դե, քանի որ մենք էլ հայ ենք, մի քանի հոգու հյուրասիրեցինք մեր հայկական ավանդական խորովածը։ Լավ ժամանակ անցկացնելով՝ շտապեցինք տուն՝ նարդի խաղալու։

Հայերի բնավորությունը նույնն է. բարձր ձայնով տարբեր մեկնաբանություններ անելով խաղում էինք, իսկ ծիծաղն ու ուրախությունն անսպառ էին: Հայերի կյանքը Ֆրանսիայում էլ անցնում է նույն հայկական սովորույթներով։ Բայվ մեկ է, անընդհատ Սարոյանին եմ հիշում, վստահ կարող եմ ասել, որ իմ սիրտը Հայաստանում է:

Իսկ եթե միախառնե՞նք

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

21-րդ դար: Դար, որը փոխել է մարդու կենսագործունեությունը և զբաղվածության գրաֆիկը։ Ես միշտ հպարտանում եմ, որ երկու դարերի մեջտեղում եմ ծնվել՝ 20-րդ դարի վերջում և 21-ի սկզբում։ Մեկ-մեկ էլ ընկերներիս մոտ կատակում եմ, թե ես արդեն մեկ դար ապրել եմ։ Ծնվել եմ 1999թ. դեկտեմբերի 13-ին։ Այդքան էլ մեծ տարիք չունեմ, բայց իմ ապրած ժամանակահատվածում էլ զգացել եմ տարիների փոփոխությունը մարդու ապրելակերպի մեջ։

Ծնողներիցս ու շատերից լսելով այս նախադասությունը՝ «Մեր ժամանակ ուրիշ էր», փոքր ժամանակ իմաստը չէի հասկանում, բայց երբ մի քիչ մեծացա, հասկացա, որ դա զուտ նախադասություն չի: Շատ խորը իմաստ ունի։ Հիմա ես էլ այդ նախադասությունը շատ եմ օգտագործում։

21-րդ դարը ինձ համար «հետէվոլուցիայի» դար է, քանի որ մարդը, ընկղմվելով ինտերնետային սարդոստայնում, դառնում է ավելի ինքնամփոփ, կտրված աշխարհից, ու ինձ համար ամենացավոտը, ռոբոտանում է։ Հա, ճիշտ է, մեր ժամանակ ուրիշ էին մեր խաղերը, մեր օրը, մեր հետաքրքրությունները։ Ես ինքս գյուղում ապրելով, ունեցել եմ անկրկնելի և ուրախ մանկություն։ Հիշում եմ, որ տատիկիս ծաղկանոցում թիթեռ էինք բռնում երեխաներով ու չորացնում էինք: Մի քիչ դաժան բան է, բայց դե, երեխա էինք: Ցեխերի ու ջրերի մեջ մեր ֆուտբոլը ի տարբերություն դարի ինտերնետային խաղերի, մնացած միակ հուշն է, որ ուրախությամբ հիշում եմ։

Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մանկությունս վայելել եմ, իսկ այս դարի երեխաներին մի քիչ էլ, կարելի է ասել, խղճում եմ: Պլանշետներ, ականջակալներ, հեռախոս… Մի ամբողջ պահեստ է ամեն երեխայի վրա։ Ու ինձ ուզում եք համոզել, որ մեր «չլիկ-դաստայից», «ֆուտբոլից», «հալա-մուլայից» ու «կլասից» լա՞վն են ձեր աչքերը զոդող խաղերը։

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Մանկությունը պիտի անցկացնել դրսում՝ ընկերների ու լիքը հետաքրքիր խաղերով, ոչ թե հոլոգրաֆիկ պատկերներով խաղերով։ Հնի ու նորի միախառնումից կստացվի մի նոր բան, որը կարող է փոխել ձեր կյանքը:

Հենց էնպես չեմ ասում, ես նախորդ դարում էլ եմ ապրել, թեկուզ 18 օր…

khachik buniatyan

Շրջադարձային հանդիպում

Սովորական մի օր էր։ Ինչպես մնացած օրերը, դասերով էի զբաղված, և այդ պահին ներս մտավ մեր դպրոցի տնօրենը և ասաց․

-Դասամիջոցին բոլորը գան ինֆորմատիկայի դասասենյակ։

Արդեն պարզ էր, որ ինչ-որ մի բան պետք է տեղեկացնեն, և ահա զանգը հնչեց։ Ընկերներիս հետ միասին գնացինք նշված վայրը։ Տեսնելով անծանոթ դեմքեր, փոքր ինչ զարմացանք և նստեցինք առաջին շարքում։ Ահա արդեն կարելի է ասել ամեն ոք եկել էր, և մի կին սկսեց խոսել.

-Բարև ձեզ, սիրելի երեխաներ, ուսուցչական կազմ, մենք Հայաստանի պատանի թղթակիցների ցանցից ենք։

Եվ խաղ-հարցաշարով սկսեցին հասկանալ, թե երեխաները ինչքանով են ծանոթ լրագրողությանը, լուսանկարչությանը, կարողանո՞ւմ են արդյոք հասկանալ ֆիլմերի ուղերձները, ինչ խնդիրներ են իրենց հուզում և այլն: Ներկայացրեցին պատանի թղթակիցների աշխատանքներից:

Տուն գնացի և սկսեցի փորփրել և գտա նրանց պաշտոնական կայքը։ Հայտ ուղարկեցի, որ ես էլ եմ ցանկանում դառնալ պատանի թղթակից, բայց հույսեր չէի կապում, որ կանցնեմ և կդառնամ պատանի լրագրող։ Անցավ մի քանի օր, մտքիցս թռել էր այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մեկ էլ ինձ զանգահարեցին, տեղեկացրեցին, որ պետք է մասնակցեմ դասընթացներին։ Մեր գյուղից նույնպես մասնակիցներ կային։ Չորս օրվա դասընթացից վերցրեցի գիտելիքի այնքան պաշար, որը պասիվ կյանքում ձեռք կբերեի բազմաթիվ տարիների ընթացքում։ Եվ ահա դասընթացները ավարտվեցին։ Չորս օրվա ընթացքում շատ էի կապվել աշխատակազմի բոլոր անդամների և մնացած երեխաների հետ։ 17-ում արդեն ունեցա իմ բաժինը, որտեղ տեղադրվում էին հոդվածներս։ Ոգևորված սկսում էի գրել նյութեր և անհամբեր սպասում, թե երբ կտեղադրվի կայքում, որպեսզի տեսնեմ։ Օրերը անցնում էին, իսկ ես ակտիվ թղթակցում էի։

Մի օր տեղեկացրեցին, որ իմ ակտիվության և ջանասիրության շնորհիվ ընդգրկվել եմ ամառային մեդիա ճամբարին։ Օրերն էի հաշվում, թե երբ պետք է գնամ։ Վերջին օրը շուտ քնեցի, որպեսզի օրը շուտ անցնի, և գա այդ բաղձալի պահը, երբ արդեն պիտի գնամ ճամբար։

Հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Աղվերան` մեդիա ճամբարին։ Մեքենայում նստած էի երկու տղաների հետ, որոնք չէի էլ պատկերացնի, որ կդառնան իմ հարազատ ընկերները։

Ճանապարհը երկար էր, և մեզ այդ էլ բավական էր` դառնալ ընկերներ։ Մեկ շաբաթ ամեն օր իրար հետ ամեն պահ լինելով, դարձել էինք ընտանիք։ Հիանալի մասնագետների շնորհիվ արդեն կարևոր փորձ էինք ձեռք բերել թե լրագրության, թե լուսանկարչության, թե կինոյի ոլորտում։ Թե տխուր, թե ուրախ պահերին իրար կողքի լինելով ամեն օր ավելի ու ավելի էի համոզվում, որ կյանքումս շրջադարձ է կատարվում։ Նոր ընկերներ, նոր գիտելիքներ։

Իրարից բաժանման պահը շատ դժվար էր: Արդեն մի մեծ ընտանիք դարձած ու հարազատացած մարդկանցից բաժանվելով հետ վերադարձանք։

Նարեկը և Սերյոժան նույնպես պատանի լրագրողներ էին, ովքեր ապրում էին Մալիշկայում։ Կապն այնքան ուժեղ էր, որ վստահ էի, էլի ենք հանդիպելու։

«Մանանան» կյանքիս շրջադարձի խթան հանդիսացավ։ Մեր կապն այսուհետ անբաժան է…

khachik buniatyan

Ճանապարհը

-Խա՛չ, այ Խաչ:

-Հա՞, մամ:

-Ժամը 7 անց 10 ա:

-Լավ։

Աչքերս բացում եմ այս խոսակցությունից հետո ու կիսաքուն գնում եմ լվացվելու։

-Խաչ, արագացրո՛ւ, ժամը 7 անց կես եղավ: Հեսա` Դվինի ավտոբուսը կգնա:

Արագ հագնվում եմ ու ոտքի վրա մի կում թեյ խմելով շտապում կանգառ։ Եվ ահա հեռվից երևում է իմ հարազատ Դվինի ավտոբուսը։

«Ուֆ, էլի կանգնած պիտի գնամ»։Դուռը բացում եմ ու տեսնում եմ արդեն ծանոթ դեմքեր, բայց անծանոթ մարդիկ։ Տատիկների խոսակցությունից սթափվելով ու իրար հրմշտելով մի կերպ տեղավորվում ենք ու շարժվում։ Քանի որ վերջին կանգառը Երևանի Կայարանի շուկան է, մեքենայի վերջին հատվածում ամբողջովին մրգերի ու բանջարեղենների արկղեր են ու վաճառական տաք հագնված տատիկներ։ Արդեն անգիր գիտեմ, թե երբ ու որտեղից ով պետք է նստի ավտոբուս։ Ահա հասանք Ջրահովիտ, ու ես մտքումս ասում եմ. «Ջան, մնաց մի հոգի ու վերջ, էլ չենք կանգնի»։

Ավտոբուսի վերջից մի երիտասարդ` թրաշով ու բամբ ձայնով գոռալով արթնացնում է կիսաքուն մարդկանց.

-Հոպար, նստող կա, ստե պահի։

Էլ մարդ չկա նստող, հիմա «ֆսսալով» կհասնենք։ Հասանք։ Ու ժողովուրդը իրար հրելով ուզում են ամենաառաջինը իջնել, իսկ ես սպասում եմ մինչև բոլորը իջնեն, որպեսզի հանգիստ իջնեմ։ Ու այդ պահին տատիկները իրենց քաղցր ձայնով գոռում են․

-Արմեն ջան, մի հատ մեկին ասա` թող հետևի դուռը բացեն։

Արմենը մեր վարորդն է, ու ասեմ` ինչու է ասում, որ հետևի դուռը բացեն, քանի որ ներսից բռնակը ջարդված է ու պիտի դրսից բացեն, որպեսզի իրենց արկղերն ու պարկերը իջեցնեն։

Հասավ իմ հերթը ու պիտի իջնեմ: Հանում եմ 150 դրամը, մի հատ էլ եմ հաշվում ու ձեռքս մեկնելով վարորդին, ասում եմ․

-Մի հատ Մրգավետից:

Իջնում եմ ու տատիկների բեռների վրայով թռչելով, հաղթահարելով այդ փուլը, հասնում եմ հաղթանակի ու հանգիստ քայլելով գնում եմ դասի։ Հասնում եմ քոլեջ: Ու միշտ առաջինը ես եմ մեր կուրսից եկած լինում։ Տեսնելով, որ դուռը փակ է, նորից երկրորդ հարկից իջնում եմ, որպեսզի բանալին վերցնեմ։ Իջնում եմ ու դռնապան տատիկին ասում․

-Մարիետ տատի, բանալին կտա՞ս առաջինի «գ»-ի:

Բացում եմ լսարանի դուռն ու նորից բանալին տանում եմ հետ:

Սկսում են դասերը։ Դասերից հետո էլ կրկնվում է նույն գործընթացը, ինչպես ասում էի սկզբում։

Նրանք, ովքեր չգիտեն, ասեմ, որ ինձ պես շատերն են առավոտյան գյուղից ամեն օր գալիս Երևան` քոլեջներում, բուհերում սովորելու: Մեր ճանապարհն ավելի երկար է, շուտ ենք արթնանում, շուտ ենք հասնում տեղ` համարյա միշտ առաջինը: Սիրում եմ իմ քոլեջը, իմ նոր ընկերներին, և չեմ ափսոսում երկար ու դժվար ճանապարհի համար: