Արթուր Սահակյանի բոլոր հրապարակումները

Artur Sahakyan

Ասե՞մ՝ ինչպես է ապրում գյուղացին

Շատերը հաճախ մտածում են՝ գյուղացիներին ի՞նչ է եղել որ։ Կով ու ոչխար ունեն, կպահեն, կապրեն, էլի։ Ես ինքս գյուղից եմ՝ Գուսանագյուղից, Արթուր է անունս, 16 տարեկան եմ։ Դե, քչից շատից գիտեմ գյուղացու կյանքը։ Աշխատել, տանջվել ու քրտնել՝ սրանք են գյուղացու հիմնական բնութագրիչները: Օրինակ բերե՞մ: Կզարմանաք, սկզբից մի փոքր քմծիծաղ կտաք, բայց գիտեի՞ք, որ գյուղացին չի կարող սովորական հանգստի գնալ 2 կամ թեկուզ 1 օրով, քանի որ գոմում նա ունի իր ապրելու թերևս ամենամեծ միջոցներից մեկը՝ կով ու ոչխարը, հավ ու ձագը: Նրանց կերակրել է պետք, կթել… Դե, հա, գյուղացիները նաև ունեն վարելահողեր, գարու ու ցորենի դաշտեր, բայց արի ու տես, այդ ամենն էլ, իր հերթին, ունի իր դժվարությունները: Երբ փոքր էի, պապիկս միշտ ասում էր.

-Թոռներիս տանելու եմ գյուղից։ Լավ կսովորեն, մարդ կդառնան, մարդավարի կապրեն։

Միշտ ցավով էի լսում այդ բառերը, մտածում էի՝ բա իմ գյո՞ւղը, բա ֆուտբոլն ու հալամուլա՞ն, յոթ քարն ու պահմտոցի՞ն, բա ընկերներս ու էն մեր տան հետևի քարը, որը իր տեսքով ու դիրքով էր տպավորվել մեջս։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա պապիկիս ասածի էությունը: Ճիշտ է, առանց քրտնելու վաստակելն ու ապրելը դժվար է, բայց գյուղացու տանջանքը… Մի բան էլ հիշեցի մեր մեծերի խոսքերից, ասում էին. «Աղքատ մարդը խելքից է աղքատ»:

Եվս մի բան գյուղացիների, գուցե նաև ոչ միայն գյուղացիների մասին։ Մեր երկրում ամեն տարի կա «ծաղկում ապրելու» շրջան: Դա ինչ-որ պաշտոնյայի ընտրական քարոզարշավի սկզբնական շրջանից մինչև ընտրության ավարտն ընկած ժամանակահատվածն է։

Կուզենայի երկրիս կառավարությունը թույլ չտար մտածել այս թեմայի մասին, թույլ չտար ոչ թե արգելելով, այլ բարելավելով գյուղի ու գյուղացիների վիճակը՝ թեկուզ ինչ-որ չափով:

Այսքանից հետո կարող եմ միայն մի միտք ասել, որը ենթակա չէ փոփոխության՝ սիրում եմ գյուղս՝ իր բոլոր անկյուններով:

Artur Sahakyan

Սա էլ ես

Ո՞վ եմ ես, դժվար հարց է, այս հարցին հստակ պատասխանելու համար, երևի մի ամբողջ ձմեռային գիշերն էլ չբավարարի:

Դե ինչ արած, փորձեմ ուղղակի ու անկեղծ պատասխանել: Ինքնահավանի մեկը: Հենց այսպիսին եմ, եթե ասեմ՝ բառիս բուն իմաստով, ապա մի փոքր չի համապատասխանի իմ անձին: Ինչըղ կըսեն մեր լեննագանցի՞ք.  «Գլուխ ունինք, կգովանք»: Ընդամենը 16 տարեկան եմ, բայց ունեմ շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրոք թանկ են ինձ համար: Չնայած ի՞նչ եմ խոսում, երևի հազարից մեկն է կարողանում ինքն իրենով ապրել: Ինչևէ, չեմ սիրում ձևականություններ, էն մանր-մունրի համար խոսելը անիմաստ եմ համարում, մի երկու բան էլ անկեղծանամ ու…

Կսիրեմ մեր Լեննագանի բարբառը, չնայած օր հենց լեննագանցի չեմ: Երևի սկզբում պետք է նշեի, որ գյուղից եմ՝ Շիրակի մարզի Գուսանագյուղից, բայց դե էսպես ստացվեց: Հիմա կմտածեք՝ ալարկոտ եմ, չէ՞, որ չփոխեցի շարադրանքիս հերթականությունը: Ալարկո՞տ, մի բառով կասեմ՝ չէ՛: Ձգտումն ինքնին փորձում է մարդու միջից հանել ալարկոտությունը, դե, ես էլ ունեմ նպատակներ, իսկ նպատակը առանց ձգտման, ըստ իս, էլ նպատակ չէ:

Գժություններ, բարձր երաժշտություն, պար ու ես: Բայց իրավիճակի լրջությունը միշտ եմ փորձում հասկանալ: Գժական «լեզգինկա». երևի թե հենց սա էլ իմ հոբբին է, բայց այդ ոճը ինձ չի խանգարել սովորել նաև հայկական պարեր:

Մի բան էլ առօրյայիցս. չեմ սիրում, որ ինձ դիմելուց՝ անունիս վերջում ավելացնում են -իկ վերջավորությունը, հակառակը սիրում եմ, երբ մտերիմ մարդիկ դիմում են անունիս կրճատ ձևով՝ Արթ:

Մի քանի տարի անց, ըստ իմ պլանների, կընդունվեմ ԵՊՀ-ի Իրավաբանական բաժինը: Չեմ խոստանում, բայց երևի մի օր լսեք իրավաբան Արթուր Սահակյանի մասին: