Artur Sahakyan

Ասե՞մ՝ ինչպես է ապրում գյուղացին

Շատերը հաճախ մտածում են՝ գյուղացիներին ի՞նչ է եղել որ։ Կով ու ոչխար ունեն, կպահեն, կապրեն, էլի։ Ես ինքս գյուղից եմ՝ Գուսանագյուղից, Արթուր է անունս, 16 տարեկան եմ։ Դե, քչից շատից գիտեմ գյուղացու կյանքը։ Աշխատել, տանջվել ու քրտնել՝ սրանք են գյուղացու հիմնական բնութագրիչները: Օրինակ բերե՞մ: Կզարմանաք, սկզբից մի փոքր քմծիծաղ կտաք, բայց գիտեի՞ք, որ գյուղացին չի կարող սովորական հանգստի գնալ 2 կամ թեկուզ 1 օրով, քանի որ գոմում նա ունի իր ապրելու թերևս ամենամեծ միջոցներից մեկը՝ կով ու ոչխարը, հավ ու ձագը: Նրանց կերակրել է պետք, կթել… Դե, հա, գյուղացիները նաև ունեն վարելահողեր, գարու ու ցորենի դաշտեր, բայց արի ու տես, այդ ամենն էլ, իր հերթին, ունի իր դժվարությունները: Երբ փոքր էի, պապիկս միշտ ասում էր.

-Թոռներիս տանելու եմ գյուղից։ Լավ կսովորեն, մարդ կդառնան, մարդավարի կապրեն։

Միշտ ցավով էի լսում այդ բառերը, մտածում էի՝ բա իմ գյո՞ւղը, բա ֆուտբոլն ու հալամուլա՞ն, յոթ քարն ու պահմտոցի՞ն, բա ընկերներս ու էն մեր տան հետևի քարը, որը իր տեսքով ու դիրքով էր տպավորվել մեջս։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա պապիկիս ասածի էությունը: Ճիշտ է, առանց քրտնելու վաստակելն ու ապրելը դժվար է, բայց գյուղացու տանջանքը… Մի բան էլ հիշեցի մեր մեծերի խոսքերից, ասում էին. «Աղքատ մարդը խելքից է աղքատ»:

Եվս մի բան գյուղացիների, գուցե նաև ոչ միայն գյուղացիների մասին։ Մեր երկրում ամեն տարի կա «ծաղկում ապրելու» շրջան: Դա ինչ-որ պաշտոնյայի ընտրական քարոզարշավի սկզբնական շրջանից մինչև ընտրության ավարտն ընկած ժամանակահատվածն է։

Կուզենայի երկրիս կառավարությունը թույլ չտար մտածել այս թեմայի մասին, թույլ չտար ոչ թե արգելելով, այլ բարելավելով գյուղի ու գյուղացիների վիճակը՝ թեկուզ ինչ-որ չափով:

Այսքանից հետո կարող եմ միայն մի միտք ասել, որը ենթակա չէ փոփոխության՝ սիրում եմ գյուղս՝ իր բոլոր անկյուններով: