Նինա Շահմուրադյանի բոլոր հրապարակումները

nina shahmuradyan

Երբ ես թռչուն էի

Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ բոլոր մարդիկ թռչուններ են եղել, ու երբ իրենց սկսել են վատ պահել, մարդ են դարձել: Ես փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի կրկին թռչուն դառնամ, որպեսզի կարողանամ տեսնել աշխարհը վերևից: Ի՜նչ փոքր կլինեին իմ ընկերուհիները: Հետո, երբ մի քիչ էլ մեծացա, հասկացա, որ եթե մենակ ես թռչուն լինեի, անհետաքրքիր կլիներ: Ու դրա համար, հենց տեսնում էի, որ ընկերուհիներիցս մեկը իրեն վատ է պահում, ջղայնանում էի ու ասում, որ եթե ինքը չարություն անի, թռչուն չի դառնա ու ինձ հետ վերև չի գա:

Երբ ավելի մեծացա, հասկացա, որ մարդը հենց սկզբից էլ մարդ է լինում, ու հույսս փշրվեց: Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ հետաքրքիր է թռչունների կյանքը: Նրանք ապրում են ծառերի վրա, երգում են, թռչում, ու բոլորը բարի են:

Երբ արդեն բավական մեծ էի ու արդեն գիտեի` ինչ է նշանակում գողություն, մարդասպանություն, չարություն, նախանձ ու դավաճանություն, ավելի շատ էի ուզում թռչուն լինել: Ես գիտեի, որ դա անհնար է, բայց երազներումս միշտ պատկերացնում էի ինձ՝ թռչուն, մյուս բարի թռչունների շրջապատում, միշտ անհոգ ու ազատ:

Հիմա… Հիմա ամեն ինչ փոխվել է: Հիմա արդեն էլ չեմ մտածում թռչուն լինելու մասին: Հիմա ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ լինեն թռչունների պես բարի, անկեղծ, ազատ ու առանց չարության: Ուզում եմ, որ մարդիկ թափանցիկ լինեն, որ նրանք չունենան բազմաթիվ դիմակներ, ամեն մեկի համար պատրաստած հատուկ դեմք ու այդ մարդուն համապատասխան բնավորության գիծ:

Հետաքրքիր է, ի՞նչն է ստիպում մարդուն չարանալ: Ճի՛շտ եք՝ մարդիկ: Մարդիկ ստիպում են դիմացինին, որ նա ուզենա սպանել, ստիպում են գողություն անել, ստիպում են դավաճանել, խաբել… Ամեն ինչում մարդիկ են մեղավոր… Եթե մարդիկ հենց ամենասկզբից չփորձեին իրար գերազանցել, այսպես չէր լինի: Եթե մարդիկ բոլորի հանդեպ անտարբեր չլինեին, բոլորին չնայեին նույն աչքերով ու նույն զզվանքով, այսպես չէ՛ր լինի: Ուրեմն, ի՞նչ, արդեն ո՞ւշ է, էլ հույս չկա՞:

Իսկ եթե մենք հիմա՛ փորձենք հանել այդ նողկալի անտարբերությունը մեր միջից, ինչ-որ բան կփոխվի՞: Եթե մենք չփորձենք լինել ուրիշից լավը, այլ փորձենք գերազանցել ինքներս մեզ, փորձենք ոչ թե դառնալ ավելի լավը, քան նա, այլ ավելի լավը, քան մենք հիմա ենք: Կփոխվի՞ արդյոք ինչ որ բան, կփոխվե՞ն արդյոք մարդիկ: Հետաքրքիր է:

nina shahmuradyan

Ա՜խ, այդ կախվածությունը

Եթե դուք քույր կամ եղբայր ունեք, ուրեմն, ձեր տանն էլ կարելի է այսպիսի խոսակցություններ լսել.

-Արդեն մի ժամ ա խաղում ես, մի քիչ էլ ինձ տուր:

-Վայ, մի հինգ րոպե էլ, էլի:

-Էս արդեն հինգերորդ հինգ րոպեդ ա, վսյո, գնա դաս արա:

-Վայ, դու գնա, քո դասերը ավելի շատ են:

-Ես մեծ եմ: Իմ դասերը 5 րոպեում կանեմ: Մամ, ասա…

-Երկուսդ էլ գնացեք դաս անելու: Վերջ, հերիք ա արդեն…

Համակարգիչը դարձել է մեր առօրյայի անբաժան մասնիկը: Մեզնից շատերը մեր թանկագին ժամանակը անիմաստ վատնում են Facebook-ներում, Instagram-ներում ու էդպիսի սոցիալական կայքերում, չհասկանալով` ինչ ենք կորցնում: Մենք կորցնում ենք մեր մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը ու, վերջիվերջո, կյանքը: Ախր, ինչո՞ւ չենք հասկանում, որ այդ փոքրիկ քառակուսին մեզնից խլում է մեր կյանքը, ու միայն նրանով զբաղվելով մենք մեզնից հետո ոչինչ չենք թողնում:

Ես էլ (ցավոք սրտի) կախվածություն ունեմ համակարգչից, ու ամենացավալին այն է, որ գիտակցում եմ` ինչ մեծ սխալ եմ գործում ու, գիտակցելով հանդերձ, չեմ կարողանում «դրա դեմն առնել»:

Ուզում եմ մի բան ավելացնել, որպեսզի շատերը չմտածեն, թե ես ասում եմ, որ համակարգիչը միայն վնաս կարող է պատճառել: Ամենևի՛ն: Դանակով մենք հաց ենք կտրում, բայց ոմանք դրանով կարող են սպանել: Համակարգչից էլ մենք շա՜տ բան կարող ենք վերցնել, իմանալ շա՜տ ու շատ բաների մասին, որոնց մասին դժվար իմանանք տանը նստելով: Համակարգիչը նաև կրճատում է տարածությունը: Մենք կարող ենք տանը նստած հայտնվել հեռավոր Աֆրիկայում ու տեսնել հեռավոր քաղաքներ:

Ուղղակի մենք չգիտենք ինչպես օգտագործել այն, ու մեր չիմացությամբ կարող ենք կործանել մեզ:

Եթե դուք գիտեք, թե ինչպես հաղթահարել այդ չարաբաստիկ կախվածությունը, ու համակարգիչն ավելի օգտակար դարձնել, կիսվեք մեզ հետ ու օգնեք վերադառնալ իրական աշխարհ:

նինա շահմուրադյան

Ընդամենը մեկ պատվաստում

Այսօր առավոտյան գնացել էի պոլիկլինիկա, որպեսզի եղբորս ճամբար գնալու համար ինչ-որ թղթեր վերցնեմ: Էնտեղ շատ մարդիկ կային, հետևաբար պիտի սպասեի:

Կողքիս մի կին էր նստած իր երեխայի հետ: Բժշկուհին եկավ, մոտեցավ նրանց, մի ջերմաչափ տվեց ու ասաց, որ երեխան պիտի դնի ու չշարժի ձեռքը: Ու այդ պահին փոքրիկ աղջնակը սկսեց իր  «համերգը»: Չգիտեմ էլ թե ինչու, նա սկսեց լաց լինել: Լաց էր լինում, լաց էր լինում, ես էլ ուզում էի ինչ որ կերպ հագստացնել նրան…

-Պուճուր ինչի՞ ես լացում, ցավո՞ւմ ա:

-Ըըը՜ըըհը՜, մամ, արի տուն գնանք, էլիի՜…

Բժշկուհին եկավ ու վերցրեց ջերմաչափը: Հետո նրանք, ինչքանով որ ես հասկացա,  պիտի գնային պատվաստման, ու երեխան գիտեր, որ իրեն «սրսկելու են»:

Համերգը երկրորդ մաս էլ ուներ:

Նա չդադարեց լաց լինել: Մորը զանգեցին, ու նա սկսեց խոսել: Ես էլ նայում էի երեխային ու ժպտում էի.
-Հետաքրքիր է, երբ ես էլ բժիշկ դառնամ, ինձնի՞ց էլ են էսպես վախենալու…

nina shahmuradyan

Դաղալի գլուխը ծակ ա

Հի՜նգ…Վե՜ց …Յո՜թ…Ու՜թ…Ի՜նը…

-Կպել ա՜…

-Չի կպել, ուղղակի քսվել ա:

-Աա՜, թող քո ասածը լինի, մեկ ա` դաղալի գլուխը ծակ ա: Մտեք…

-Գետնային տուր, պաս չտաս:

-Վա՜յ, ինձ ես ասում, դու ես տալիս: Տուր` թող Նելլին խփի, հա՛…

Վստահ եմ, էսպիսի խոսակցությունների դուք էլ մասնակից, կամ վատագույն դեպքում, ականատես եղել եք: Հիշո՞ւմ եք, ի՜նչ լավ էր:

Այն խաղերը, փոքրիկ վեճերը, ծիծաղի պոռթկումները, ««չեմ խաղումները», անմոռանալի պահերը, հրաշալի՜ մանկությունը:

Այնքա՜ն եմ ուրախանում, երբ պառկում ու սկսում եմ գիրք կարդալ գնդակի անվերջ հարվածների ու երեխաների գոռգոռոցների տակ: Իսկ ինչքա՜ն է կրկնապատկվում ուրախությունս, երբ ընկերուհիներս ինձ են կանչում դուրս ու ասում` «Գնդակդ կբերե՞ս»:

Հիշում եմ մանկությունս, երբ ես համակարգչի «երես» չէի տեսնում, ու ժամը հինգից հետո, ամբողջովին լսողություն դարձած, սպասում էի, թե երբ են գալու ընկերուհիներս ու կոկորդները պատռելով գոռալու` «Նի-նա՜»:

Իսկ հիմա էլ էդպես չի: Հիմա այդ բացականչությունները հազվագյուտ են: Հիմա մանկության խաղերի ընտրությունն ավելի մեծ է: Հիմա երեխաները էլ չեն վիճում «բադեր» են խաղալու, թե` «պախկվոցի»: Ես չեմ ասում, թե բակում էլ երեխաներ չկան: Ո՛չ, նրանք միշտ կան: Բայց հիմա նրանք ավելի ուրախ են համարում խաղալ համակարգչով ու առցանց, ու բակ չիջնելու դեպքում շատ չեն նեղվում: Հիմա ես չեմ տեսնում նրանց աչքերի մեջ այն, ինչ որ կար մեր մոտ: Նրանց աչքերը չեն փայլում:

Էնպես, ինչպես մերն էր փայլում: Նրանք մեր օգնության կարիքն ունեն:

Եկեք օգնենք նրանց համտեսել մանկության իսկական համը: Չէ՞ որ մենք գիտե՛նք ինչպիսին է այն: Միասին իջնենք բակ, սովորեցնենք մեր խաղերը:

նինա շահմուրադյան

Անընդհատ բարձրանալ

Երբևէ փորձե՞լ եք որևէ շենքի տանիք բարձրանալ:

Հարցս գուցե փոքր-ինչ տարօրինակ հնչեց… Լավ, փորձեմ այլ կերպ ձևակերպել:

Դուք սիրո՞ւմ եք բարձրությունը: Ես, օրինակ, շա՜տ եմ սիրում, և միայն  առիթ է պետք, որ ինչ որ  տեղ բարձրանամ:

Բայց հիմա այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել: Պարզապես ուզում եմ իմանալ, վախենո՞ւմ եք բարձրությունից, թե ոչ: Պատասխանեք ինքներդ ձե′զ:  Վստահ եմ,  որ ընթերցողների 50%-ը կասի` այ′ո,  10%-ը   չի կողմնորոշվի, իսկ մնացածները`մոտ  40%-ը  կպատասխանի, որ սիրում է:

Ինչևէ, հիմա հանգիստ թողնենք մաթեմատիկան ու փորձենք հասկանալ այն  50%-ին:

Իրականում դուք ոչ թե բարձրությունից  եք վախենում , այլ ընկնելուց:

Իսկ երբևէ  զգացե՞լ եք վերևից  ներքև նայելու հաճույքը… Ես զգացել եմ, ու թեկուզ վախենալով` փորձել եմ: Դուք էլ հաղթահարեք վախն ու փորձեք: Համոզված եմ, չե′ք զղջա:

Միայն այդ պահին  կզգաք, թե որքան ազատ եք, ու թե ինչպես է ամեն   թեթև քամուց տրոփում ձեր սիրտը: Կնայեք փողոցում քայլող մարդկանց ու կհասկանաք , որ բարձր եք, շա~տ բարձր:

Կհասկանաք, որ դուք եք ձեր տերը, ու նայելով վեր` կապրեք ավելի վեր բարձրանալու գերագույն  հաճույքը:

Բարձրությունը նման է կյանքին: Փողոցում քայլող մարդիկ քո խնդիրներն են: Եթե ընկնես՝ կջախջախվես: Բայց, եթե գտնես աստիճաններն ու էլի բարձրանաս` քեզ ավելի ուժեղ, հզոր կզգաս: Ճիշտ է, որքան  բարձրանաս, ընկնելու վտանգն ավելի կմեծանա, ու ընկնելուց հետո ցավն ավելի ուժգին կլինի: Բայց շարունակ մնալ ներքևում ու չտեսնել այն գեղեցկությունը, որը միայն վերևից է տեսանելի,  չտեսնել հեռուները, չերազել այնտեղ հասնելու մասին…

Ես չեմ ուզում անդադար ներքևում լինել, այնտեղ, ուր միշտ ապահով է: Ես պատրաստվում եմ միշտ բարձրանալ: Ձեզ էլ նույն  խորհուրդն եմ տալիս…

Բարձրանա~լ, բարձրանա~լ… Բարձրանալ անդադա′ր…

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մի քարի պատմություն

03.06.16: Ժամը 13:25: Զը՜նգ:

-Ալո´, Նի´ն բարև, ես եմ, կգա՞ս գնանք գրադարան:

-Ա՞րփ: Բարև: Հիմա՞:

-Հա, հիմա: Հարմար չի՞:

-Չէ, Արփ, հիմա հարմար չի, արի երեքին, լա՞վ:

-Լավ, երեքին դուրս կգաս:

Ժամը 14:30: Ես, մտածելով, թե արդեն ժամը երեքն անց երեսուն է, ու ես ուշացել եմ, գործերս կիսատ թողնելով, դուրս եմ գալիս, ու քանի որ շտապում էի, հեռախոս չեմ վերցնում:

Հասնում եմ պայմանավորված վայր ու տեսնելով, որ ընկերուհիս չկա, բարկանում եմ: Որոշում եմ ինչ-որ մեկից հեռախոս վերցնել ու զանգահարել: Մոտենում եմ կրպակին.

-Բարև՛ ձեզ, կներեք, մի բան հարցնեմ, հա՞: Կարո՞ղ է հեռախոս ունենաք, որ կարողանամ զանգել:

-Եթե օրանժ ես զանգում, ունեմ:

-Հա, օրանժ եմ զանգում:

-Դե, ասա համարը:

-095…

-Վերցրու ինչքան ուզում ես խոսի, միևնույն է, անվճար է:

Ես վերցնում եմ հեռախոսը ու բարկացած սպասում եմ.

-Ալո:

-Ալո՞: Արփ, ո՞ւր ես:

-Մուտքի մոտ եմ, արդեն գալիս եմ:

Ես քայլելով գնում եմ Արփինեին ընդառաջ ու որոշ ժամանակ անց հասնում եմ նրանց շենքի մոտ հենց այն պահին, երբ նա մուտքից դուրս էր գալիս:

-Արդեն մուտքի մո՞տ ես:

-Մենք երեքի՞ն չէինք պայմանավորվել:

-Ճիշտ ես, արդեն երեքն անց քառասուն է:

-Ի՞նչ ես խոսում, դեռ երեքը չկա:

Ու մենք, այդպես վիճելով,  շարունակում ենք քայլել մինչև մեկից ժամը չենք հարցնում, ու ես չեմ համոզվում որ սխալ էի:

Մինչև գրադարան հետաքրքիր դեպքեր չեն պատահել, դրա համար ես չեմ ձգձգի ու կպատմեմ ամենահետաքրքիրը: Երբ մենք արդեն դուրս եկանք գրադարանից, ես առանց ինչ-որ հետաքրքրության, իմիջիայլոց ասացի.

-Գնա՞նք Երևանյան լիճ:

-Գնանք:

Ես գաղափար անգամ չունեի, որ իմ այդ սովորական առաջարկը մեզ այդպիսի հաճելի հիշողություններ պիտի պարգևի: Ու մենք շարժվեցինք դեպի լճի այն հատվածը, որը բավականին ապահով էր:

Բայց ինձ էլի ինչ-որ ուժ ստիպեց, որ ասեմ.

-Արի իջնենք:

-Իջնե՞նք: Ինչպե՞ս:

-Տեսնու՞մ ես, էնտեղ տեղ կա, արի՛:

Ու մենք, իրար օգնելով, առանց որևէ նպատակի իջնում էինք դեպի ևս մի գեղեցիկ հիշողություն: Էնպիսի՜ տեսարան էր: Եթե ես օգտագործեմ իմ ողջ բառապաշարը, չեմ կարող նկարագրել այդ գեղեցկությունը, որը տեսա, ու այն հաճույքը, որը զգացի: Ես շատ եմ եղել այնտեղ, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր:

Արևի շողերը, հպվելով ջրին, բեկվում էին: Ջուրը փայլում էր: Արագիլը քայլում էր ջրի վրայով. կարծես ինչ-որ բան էր փնտրում: Մեզ տեսնելուն պես նա թռավ ու մոռացավ փնտրտուքների մասին: Մենք նստեցինք ջրի մոտ ու սկսեցինք ագահությամբ տնտղել շրջապատը:
Այդպիսի գեղեցկությանը շրջապատում էր համատարած կեղտը: Շշեր, տարաներ, տոպրակներ ու այդ ամենը չգիտես որտեղից էր հայտնվել:

Ես լուռ նայում էի, բայց հոգուս խորքում ատում էի այդ բարբարոսներին:

Նայեցինք-նայեցինք ու տեսանք, որ շշերի մեծամասնությունը ափին շատ մոտ էր: Մի երկար փայտով կարելի էր շշերը դուրս հանել ջրից: Փայտ շատ կար, ցանկություն էր պետք: Մենք ուզում էինք օգնել: Դե, էլ սպասել պետք չէր: Ամեն մեկս մի փայտ վերցրինք ու անցանք գործի: Առաջին հայացքից թվում էր, թե աշխատանքը առանձնապես հաճելի չէ, նույնիսկ զզվելի է, բայց վստահեցնում եմ՝ դա այն աշխատանքն էր, որից հաճույք չստանալն անկարելի էր:

Ափով քայլելիս պարզ երևում էր, որ ջուրը քիչ-քիչ բարձրանում էր, և տեղ կար, որ ամբողջովին ծածկում էր ափը:

Հասանք պատմության գլխավոր մասին, դիմացե՛ք:

Հանկարծ ափի մոտ նկատեցինք երկար փայտ: Նրան հասնելը առանց թրջվելու անհնարին էր, բայց բարեբախտաբար,թե դժբախտաբար, փայտի մոտ մի քար կար: Քարը չափերով մեծ չէր, բայց վրան կանգնել հնարավոր էր: Դե մենք էլ՝  երկու արկածախնդիր աղջիկներ, որոշեցինք ցատկել քարի վրա:

-Սա ի՞նչ է, հիմա կցատկենք,- ասացինք մենք ու մոտեցանք քարին:

Բայց պարզվեց, որ մեր համարձակությունը չի հերիքում այդ ցատկը կատարելու համար:

-Իսկ եթե հանկարծ թրջվե՞նք:

-Կամ եթե լավ չպահենք մեզ ու ընկնենք լիճը:

-Լավ, դու թռի` ես քեզ կօգնեմ:

-Դու թռի, եթե հանկարծ ընկնես, ես ջրերի միջով կգամ քեզ օգնելու:

Ու այդպես, ամեն անգամ քարի առաջ կանգնելով, մենք կորցնում էինք վստահությունը: Ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր: Մի անգամ,, երբ ես արդեն կատարում էի որոշիչ ցատկը, մի անծանոթ տղամարդ վերևից գոռաց.

-Աղջիկնե՛ր, չթռնեք:

Ես կորցրի վստահությունս, իսկ նա գնաց: Հետո մենք սկսեցինք ինքներս մեզ ոգևորել:

-Մենք վախենում ենք մի քարի՞ց: Մրջյունի՞ց այս հսկա լճում:

-Միևնույն է, էստեղ ափն է, եթե ընկնենք, ափի վրա կընկնենք:

-Հո լճի մեջ չե՞նք թռնում, սովորակա…

-Արփ, թռա՜ր:

Ես ոգևորվածությունից թռվռում էի:

-ԹՌԱ՜…

-Բա հիմա ո՞նց եմ հետ գալու:

-Դու թռար փոքր քարի վրա, ափի վրա չե՞ս թռնի: Հե՛տ արի, ես էլ եմ ուզում:

Արփին հետ եկավ. հերթը իմն էր:

Նրա ցատկից հետո ես մտածում էի, թե հեշտ կլինի, բայց միևնույն է, համարձակությունս չէր հերիքում:

Բայց վերջիվերջո ես էլ արեցի դա: Մի ուրի՜շ բերկրանք:

Ես էլ հետ եկա, բնականաբար, սովորությանս համաձայն սայթաքեցի, բայց վնասը մեծ չէր:

Դե, քանի որ մենք արդեն ավարտել էինք մեր սխրանքը, էլ էնտեղ մնալու կարիք չկար: Մենք երկար ժամանակ է արդեն դրսում էինք, հետևաբար պետք էր արագացնել: Մենք վերադարձանք տուն, ու ես որոշեցի գրել այս պատմությունը ու ամբողջ օրս ծախսեցի  դրա վրա: Ինչո՞ւ էինք մենք այդքան ոգևորվել մի փոքրիկ ցատկի պատճառով: Դա սխրանք չէր, ոչ էլ ինչ-որ քաջ արարք: Դա սովորական ցատկ էր, շատ սովորական ու հեշտ: Ո՛չ, դա կամք էր, քաջություն, մի բան, որից ես շատ բան սովորեցի, մի բան, որը ես միշտ կհիշեմ: Ուզում եմ՝ դուք էլ հիշեք՝ կամք, քաջություն, հաղթանակ: Այս երեք բաների կապը շատ ուժեղ է: Ես մի բան էլ սովորեցի՝ ունենալ ընկեր, որը վտանգի կենթարկի իրեն քեզ օգնելու համար: Դուք էլ փորձեք: Թեկուզ, եթե սայթաքեք, մեկ է, նա ձեզ կօգնի:

Բայց մեկ դաս ևս. Մեզ շրջապատող բնությունը «տառապում» է մեր իսկ պատճառով. մի թափեք աղբը ուր պատահի: Դրա համար հատուկ նախատեսված տեղեր կան, իսկ եթե անգամ ուրիշն է թափել, ամոթ չէ հավաքելը: Ամոթը աղբի մեջ ապրելն է:

նինա շահմուրադյան

Երազելու իրավունք

Տանը նստած եմ, ու լսում եմ, թե ինչպես է տկտկում ժամացույցը: Մայրս էլ, եղբայրս էլ տանն են, բայց ես մենակություն եմ զգում: Ընկղմվում եմ մտքերի մեջ ու սկսում եմ մտածել տարօրինակ բաների մասին: Օրինակ, ո՞րն է իմ դերը այս կյանքում: Չէ՞ որ մենք բոլորս ստեղծված ենք ինչ-որ բան անելու համար: Ամեն մարդ իր առաքելությունն ունի: Ինչ-որ մեկը ապագայում գիտնական թոռնիկ պետք է ունենա, մյուսը պետք է բուժի ապագա հեղափոխականի: Իսկ ե՞ս, ես ի՞նչ պետք է անեմ: Ես բժի՞շկ կդառնամ, ով կբուժի, կփրկի մարդկանց, թե՞ գիտնական, ով կհայտնագործի էներգիայի նոր աղբյուր:

Մտքերս խառնաշփոթ էին, բայց հետո, երբ մի պահ մտածեցի, հասկացա, որ չի կարելի խոսել ապագայից, եթե դեռ ներկայում չես հաստատվել:

Ո՞վ եմ ես հիմա: Մի աղջնակ, ով ապրում է Հայաստանում, ամեն օր գնում է դպրոց, պարապմունքների, վերադառնում տուն ու հաջորդ օրը կրկնում նույնը: Ես մի մարդ եմ, ով իր 14 տարվա կյանքի ընթացքում ոչ մի կարևոր բան չի արել: Ես միայն զբոսնել եմ ընկերուհիներիս հետ, սովորել, խաղացել, ծիծաղել, երազել, բայց այդ ամենը միայն ինձ համար: Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ ես օգնել եմ ընկերներիս, հարազատներիս ու բարեկամներիս, բայց ես երբեք չեմ օգնել մարդկանց, ում ես ոչնչով պարտական չեմ: Իսկապես, ես ընկերներիս օգնել եմ, որովհետև նրանք էլ ինձ են օգնել, ծնողներիս, որովհետև իմ ամեն հաջողության համար ես նրանց եմ պարտական, իսկ անծանոթին, ում ես առաջին անգամ եմ տեսնում, նրան ես երբեք չեմ օգնել: Նշանակում է՝ ես ոչ մի կարևոր բան չեմ արել: Այդ դեպքում ես իրավունք չունեմ ապագայի մասին մտածելու: Նշանակում է, ես էլ չեմ կարող երազել:

Օ՜ ոչ, միայն ոչ սա: Բայց մի վայրկյան… Չէ որ, ես ընդամենը 14 տարեկան եմ ու դեռ կարող եմ սխալս ուղղել: Ես կօգնեմ բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, լինեն նրանք իմ ընկերները, անծանոթները, թե անտուն մուրացկանները: Բոլորն էլ օգնության կարիք ունեն, ու ես օգնելով նրանց ձեռք կբերեմ երազելու իրավունքը: Իսկ ինչ վերաբերվում է ապագային, այն թող սպասի, որովհետև ես դեռ շատ կարևոր բաներ ունեմ անելու:

նինա շահմուրադյան

Քաղա՞ք, թե՞ գյուղ

Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնք, ապրելով գյուղում, երազել են քաղաք գնալ: Անկեղծ եմ ասում` ես նախանձում եմ գյուղում ապրող մարդկանց: Թվում է` նրանց կյանքը չի կարող ձանձրալի լինել: Ամեն օր արտերում, միշտ ընկերների հետ, շատ քիչ համացանց: Ինձ համար դա է կատարյալ աշխարհը, որտեղ ես կուզեի ապրել: Չեմ հասկանում ու դժվար թե երբևէ հասկանամ մարդկանց, որոնք ասում են, թե գյուղում ապրող մարդիկ, ներողություն եմ խնդրում նրանց անունից, հետամնաց են, հնաոճ ու այդպիսի հիմարություններ: Նրանք պարզ են, միամիտ ու սրտաբաց. դե, համենայն դեպս այնքանով, ինչքանով ես եմ նրանց ճանաչում:

Իսկ քաղաքում… Քաղաքում էլ է լավ: Այստեղ էլ են մարդիկ լավը: Ես սիրում եմ իմ քաղաքը, բայց քաղաքի թոհուբոհը չի կարելի համեմատել գյուղի անդորրի հետ. դրանք տարբեր բաներ են, տարբեր գեղեցկություններ: Ճիշտ է, գյուղում չկան սրճարաններ, բրենդային խանութներ ու զվարճալի կարուսելներ: Այնտեղ կան միայն կանաչ արտեր, ծառեր ու թարմ մրգեր:

Գուցե շատերը ինձ հետ չհամաձայնեն ու ասեն, որ ես չեմ ապրել գյուղում ու չգիտեմ, թե ինչ դժվար է այնտեղ: Այո՛, չգիտեմ, բայց որտե՞ղ չկա դժվարություն: Հարցն այն չէ, թե ինչպիսին է դժվարությունը, այլ այն, թե մենք դա ինչպես ենք ընդունում: Եթե մենք մտածենք, որ այն միայն մեզ կոփելու համար է, ապա այն պատվով կհաղթահարենք ու պատրաստ կլինենք առաջ գնալու:

Սիրում եմ գյուղը ու ուզում եմ, որ դուք էլ սիրեք:

նինա շահմուրադյան

Եկեք ժպտանք

Պատահում է, չէ՝ քայլում ես փողոցով ու նայում ես մարդկանց դեմքերին: Նրանց հայացքներն անտարբերություն են արտացոլում: Նրանց ոչինչ չի հետաքրքրում, ոչինչ բացի իրենց սեփական անձից: Այնքան շատ են այդ հայացքները, այդ տխուր, կյանքից հոգնած ու ամբողջովին հոգսերի մեջ թաղված հայացքները: Նայում ես ու դու էլ ակամա մռայլվում ես, դառնում ավելի տխուր, ավելի մտածկոտ: Կարծես քո հոգսերը, որոնք քիչ առաջ չկային, հանկարծ հայտնվեցին: Ու դու էլ այդ մարդկանց նման սկսում ես մտածել միայն քո մասին: Քեզ ոչ-ոք չի հետաքրքրում: Աշխարհում կաս միայն դու, ու քեզ հետ միասին կան քո չեղած հոգսերը: Քեզնից հետո թեկուզ ջրհեղեղ. կարևորը դու ես:

Այդպես տխուր, մտքերի մեջ խրված ու ոչինչ չնկատելով՝ շարունակում ես քայլել, մեկ էլ հանկարծ մի փոքրիկ, անմեղ երեխա մոր գրկից բարի աչքերը հառում է ճակատիդ ու սկսում է ժպտալ: Դու էլ ակամա ժպտում ես, ու այդ ժպիտը փրկում է քեզ: Դու էլի դառնում ես այն բարի, անհոգ ու լավատես մարդը, որ օգնում է բոլորին, ու մտածում է բոլորի մասին: Դու էլ այդպես մեկ ուրիշին ես ժպտում ու նրա հոգսերն էլ, որոնք սև ամպի նման պատել էին իր հոգին, ցրվում են: Ու նա էլ դառնում է ավելի անհոգ, ավելի երջանիկ:

Եթե մենք էլ լինենք բարի, անկեղծ ու բոլորին օգնենք անշահախնդիր, ապա մենք էլ այդ մանկան պես կժպտանք: Ու բոլորը կժպտան, ոչ ոք չի մտածի իր գլխին կուտակված խնդիրների մասին, դրանք կլուծվեն իրենք իրենցով՝ առանց ավելորդ միջամտության:

Եկեք ժպտա´նք, թող մեր հոգին փայլի բարությունից, ու դա կփոխանցվի: Հաստատ ես վստահ եմ, որ եթե մենք լինենք բարի, ապա բոլորը մեր շրջապասում, ժամանակի ընթացքում,կդառնան մեր պես՝ ժպտուն ու անհոգ:

Եթե մարդը անտարբեր է, չար ու մռայլ, ապա նա մարդ չէ, նա հոգսերի տակ ընկճված մի կույտ է, որը ժամանակի ընթացքում պիտի քայքայվի, վերանա ու տեղ տա իսկական մարդկանց, ինչպես ամպերն են ցրվում, երբ արևն է դուրս գալիս: