Էմիլի (Էմանինա) Մանուկյանի բոլոր հրապարակումները

emanina

Ամենամեծ հրաշքը, որ կոչվում է կյանք

Առավոտ: Էլի ինչպես միշտ, արևը կծագի` իր ճառագայթները գցելով անքուն քաղաքիդ, ու ինչպես միշտ, դու կարթնանաս առավոտյան, ուշադրություն չես դարձնի անձրևի կաթիլներից և փոշուց կեղտոտված պատուհանին, անզգամ կանցնես սենյակովդ` անգամ չնկատելով արևածագը: Կմտածես կյանքիդ հասարակ լինելու մասին: Ոչ մի հետաքրքիր բան, միապաղաղ անցնող սև կյանք, որը ոչ մեկի ուշադրությունը չի գրավում իր կողմը:

Ռոբոտ մարդիկ… Կարծես ռոբոտացված մի աշխարհ, որտեղ ամեն բան ընթանում է իր հունով: Հենց դու էլ այդ ժամանակ կմտածես, որ հրաշքներ չեն լինում: Իսկ կբացատրե՞ս` ինչ է հրաշքը: Ուղղակի մտքումդ գրանցած մի բառ, որով նկարագրում ես անհասկանալին: Բայց չէ… Չես կարող անգամ դա բացատրել, որովհետեւ քո մտքերը այս պահին ուղղակի հանգստանում են` ընդունելով այն ցավալի փաստը, որ ուղղակի այսպես է պետք` չկա հրաշք, որովհետև չկա անիրական բան: Իրականում հրաշքները ամենուր են: Այո հենց ամենուր: Մի՞թե հրաշք չի պատուհանիդ վրա  մնացած անձրևի կաթիլների փոշոտ հետքերը: Հա, հրաշք ա: Իրական հրաշք: Հրաշք ա քո ստեղծած խրճիթի հին փայտե ջարդոտված դուռը, հրաշք ա հարևանի երեխայի գոռոցները կեսգիշերին, հրաշք ա էն թիթեռնիկը, որ երեկ պատուհանիցդ մտել էր ու կանգնել էր վարագույրին, հրաշք ա կանաչի ծախող տատիկը իր կնճռոտ ձեռքերով և տանջված ժպիտը դեմքին, մեծ հրաշք ա մետրոն իր հոտով ու կայարաններով, վագոններով ու էդ վագոնների միջի մարդկանցով: Հրաշք ես և դու, երբ դա հասկանաս: Գիտե՞ս. երբ կհասկանաս դա: Երբ կարողանաս շնչել դաշտերի ծառերի գույները, տեսնել խոնավ խոտի հոտը և լսել ամպերի խրատները: Ինձ թվում ա` կանես ու կզգաս, որ հրաշքը հենց կյանքն ա: Հա, կյանքը իր լավ եւ վատ կողմերով: Հաճույքը, երբ ստանում ես կյանքից` ուրախանալով, սիրելով: Չասեք` կա ցավ, արդյո՞ք մոռացել ես դրա մասին: Ոչ, չեմ մոռացել: Մինչ այս ես ուշադրություն չէի դարձնում և ոչ մի բանի, ապրում էի ստեղծածս անիրական փաստերով:

Կցանկանամ այս գրածս կարդալով դուք էլ փոխվեք: Գնահատեք ամեն փոքր հրաշք:

Ու այն ամենամեծ հրաշքը, որ կոչվում ա կյանք:

emanina

Տարբերվե՞լ, թե՞ լինել յուրահատուկ

Զարմանալի է, երբ դուրս ես գալիս փողոց և տեսնում շատ միանման առանձնահատուկ մարդկանց: Երբ բոլորը ցանկանում են առանձնանալ ամբոխից` նմանվելով նրանում եղածներին: Թվում է, շատ տարօրինակ բան է, սակայն մարդիկ իրոք սա չեն հասկանում, քանի որ շատ են խորասուզված իրենց «մյուսներից տարբերվելու» ծրագրի մեջ: 

Յուրահատուկ եք համարում ձեզ անգամ այն ժամանակ, երբ չեք կարող թվել ձեր յուրահատուկ հատկանիշները, որոնք, իբրև թե, յուրացրել եք ձեզ համար յուրահատուկ թվացող մարդկանցից: Իսկ այդ մարդիկ այլ մարդկանցից են նմանակել ամեն ինչ: Այնս վերջինները` մյուսներից, և այս շղթան այսպես շարունակվում է` ձևանալով և նմանվելով քեզնից նախորդին, ում համարում ես ավելին, քան դու: Որոշները ուղղակի ձևանում են այդպիսին, որոշները արդեն այնքան են ձևացել, որ արդեն այդպիսին են, իսկ որոշները փորձում են ձևանալու առարկան դառնալ: Իսկ ինչո՞ւ եք միշտ ձևանում այնպիսին, ինչպիսին ես փորձում եմ դառնալ: Չե՞ք կարծում, որ ժամանակն է վազեք հայելու մոտ և ասեք, թե ով է ձեր դիմաց կանգնած: Դո՞ւք: Թե՞ այն «ավելին»:

Հերիք է ձեր այդ յուրահատուկ հատկությունները թաքցնեք մեկ բանի մեջ, որին ասում եք «մնացածից տարբերվելու տաղանդ` նրանց նմանվելով»: Եկեք բոլորս տարբերվենք մնացածից նրանց նման շարժվելու, հագնվելու և անգամ մտածելու միջոցով:

Ժամանակն է արդեն փոխվելու, ավելի ճիշտ, պետք չէ փոխվեք, ուղղակի հանեք բոլոր ձեր հոգու համար օտար ձևի մակբայները ձեր միջից: Վերցրեք ռետինը և ջնջեք դրանք բնավորության միջից: Եթե գրիչով եք գրել, ապա խզբզեք դրանց վրա, այնպես արեք, որ չերևան: Իսկ հիմա՞: Հիմա ի՞նչ եք տեսնում:

Հիմա կարող եք ասել յուրահատուկ բառը: Յուրահատուկ հենց այդ տետրով, որի մեջ կան շատ սխալներ, ջնջումներ: Որովհետև եթե ինձ տային գերազանցիկի տետր և ձերը, ինձ կհետաքրքրեր հենց այդ ճմրթված թերթերովը և ջնջումներովը:

Ուղղակի անպայման մի քիչ էլ պահպանեք ձեր միջի յուրահատկությունը, որ վերջում հանկարծակի չնկատեք, որ իրականում դուք հենց բոլորի նման էիք բոլորից տարբերվում:

Հավասարումը չի կարող ստացվել կատարյալ առանց պլյուսի և մինուսի:

Ահա և գտանք այս ամենի տրամաբանական ավարտի արդյունքը, որը անտրամաբանական ստացվեց: Հերիք է փորձեք դառնալ այնպիսին, ինչպիսին ես ձևանում եմ:

Եվրոպայի օր. Տաղավարից տաղավար

Այսօր, Եվրոպայի օրվա կապակցությամբ գնացել էի Հյուսիսային պողոտա: Սկզբում անգամ պատկերացում չունեի, թե ինչ կկատարվեր այնտեղ, բայց շուտով, երբ արդեն այնտեղ էի, ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Տարբեր կազմակերպություններ իրենց հետաքրքիր ծրագրերով և տաղավարներով ներկայացնում էին այն ծրագրերը, որոնք իրագործվում են Եվրոպական միության աջակցությամբ: Ամեն տաղավարի մոտենալիս զգում էինք ջերմ վերաբերմունք և տարբեր հարցերի պատասխանելու մեծ պատրաստակամություն:

Բոլոր տաղավարների մեջ մեկը համեմատաբար ավելի շատ էր գրավում մարդկանց: Ինձ նույնպես հետաքրքրեց, թե ինչ է ներկայացնում այն: Մոտեցա և նկատեցի, որ այնտեղ ներկայացված էին տարբեր երկրների փոքրիկ ուտեստներ, որոնցով կազմակերպիչները հյուրասիրում էին անցորդներին: Մարդիկ սիրով վերցնում էին դրանք և անգամ չէին էլ հետաքրքրվում, թե ինչ կազմակերպություն է, և ինչ է ներկայացնում:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Ես արեցի հակառակը և հարցրեցի: Իմ հարցերին պատասխանեց մի շիկահեր տղա, որը ներկայացնում էր Եվրոպական կամավորական ծառայությունից (EVS):

-Շատ հետաքրքիր է պատրաստված ձեր տաղավարը, կպատմե՞ք մի քիչ դրա մասին:
-Այո, իհարկե, ինչպես նկատեցիք, այստեղ ներկայացված են տարբեր երկրների ավանդական փոքրիկ ուտեստներ: Օրինակ` Սլովակիայի, Խորվաթիայի, Հոլանդիայի, Գերմանիայի և այլն:
-Իսկ ի՞նչ ծրագրեր եք ներկայացնում դուք:
-Մեզ հետ դուք կարող եք դառնալ կամավոր և ուղևորվել Եվրոպա: Սակայն դրա դիմաց ոչինչ չեք ստանում, քանի որ կամավոր եք, բայց և այնպես, ոչինչ էլ չեք վճարում:
-Իսկ ինչո՞վ են զբաղվում կամավորները:
-Դե նրանք տարբեր աշխատանքներ են կատարում այնտեղ երեխաների հետ:
Եվ վերջում տվածս հարցը, որը ինձ շատ տխրեցրեց.
-Իսկ տարիքային սահմանափակում կա՞:
-Այո, տասնյոթ տարեկան պետք է լինեք և ավել: Դուք քանի՞ տարեկան եք:
-Ցավոք, տասնհինգ:
-Մի տխրեք, ահա վերցրեք պաստառները, կբաժանեք ձեր ընկերներին, իսկ դուք մեզ հետ կապնվեք 2 տարի հետո:

Լուսանկարը՝ Էմիլի (Էմանինա) Մանուկյանի

Լուսանկարը՝ Էմիլի (Էմանինա) Մանուկյանի

Մենք վերջացրեցինք մեր խոսակցությունը, և նա ինձ մեկնեց մի փոքրիկ ուտեստ, որի վրա Սլովակիայի դրոշն էր փակցված: Այստեղ սկսեց անսպասելի, բայց իրականում շատ էլ սպասված անձրևը, որը չխանգարեց երաժշտությունը վայելող մարդկանց և հիշեցնելով անձրևոտ Անգլիայի մասին: Ավելի շատ մարդ հավաքվեց Մեծ Բրիտանիայի տաղավարի շուրջը, ուր հենց ինքը՝ Վիլյամ Շեքսպիրը վիկտորինա էր անցկացնում:

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Անգամ պողոտայով զբոսնելիս ինձ մոտեցավ մի աղջիկ և հարցրեց.
-Հետաքրքրվա՞ծ եք ֆրանսերենով:
-Այո:
Իմ պատասխանից հետո նա ինձ մեկնեց իրենց պաստառը՝ ֆրանսերենի դասընթացների մասին, էջանիշ և գրիչ, որը ինձ շատ ուրախացրեց:
Իրոք ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված և շատ հետաքրքիր էր ամեն մի տաղավարը, սակայն այստեղ առանձնացրեցի ինձ համար ամենահետաքրքիրները:
Նաև այս տոնական օրը ավելի տոնական էր թվում, քանի որ այն անցկացնում էի  «Մանանա» կենտրոնի ընկերներիս հետ:
Դե ինչ, եթե դուք էլ եք ներկա գտնվել Եվրոպայի օրվան, ո՞րն էր ձեզ դուր եկած տաղավարը:

emanina

Ժյուլ Վեռնի վաղեմի երազանքը, կամ` վաճառում եմ Հյուսիսային բևեռը

Գիտակ ընկերներիս հետ խոսում էի տարբեր բաներից, քննարկում տարբեր հարցեր, երբ հանկարծ խոսքը գնաց սրա մասին: «Մի բան, որը չի պատկանում ոչ ոքի, հավասարապես պատկանում է բոլորին»:

Օրինակ, երբ քայլես փողոցով ընկերոջդ հետ, և դուք գտնեք հազար դրամ, այդ գումարը չի պատկանի ոչ ոքի, նշանակում է այն հավասարապես կպատկանի բոլորին, անկախ նրանից, թե ով է առաջինը տեսել, կամ ով է առաջինը վերցրել: Եվ դուք ստիպված եք այն հավասարապես բաժանել ձեր մեջ, անկախ ամեն ինչից: Իսկ այ, եթե ընկերներից մեկը ամբողջը իրեն վերցնի, ապա նա, կարճ ասած, կմեղանչի ճշմարտության առջև:

Այս թեորիան առաջարկել է Ժյուլ Վեռնը, ուստի բոլորը, անկախ իրենց պատկանելությունից, մաշկի գույնից, սեռից և այլ հատկանիշներից, հնարավորություն ունեն մասնակցելու աճուրդին, որտեղ ես կվաճառեմ Հյուսիսային բևեռը:

Եվ մեծ հավանականություն կա, որ այնտեղ կգտնեք օգտակար հանածոներ, ինչպես օրինակ, այդ նույն աստիճանի տակ գտնվող երկրներում՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Իսկ այսօր ածուխը և նավթը արդեն գրեթե սպառման եզրին են, և ո՞ւմ համար գայթակղիչ չեն Հյուսիսային բևեռում եղած ածուխի և նավթի պաշարները:

Չնայած սկզբում պետք է այնպես անել, որ այնտեղի սառույցը հալվի: Ժյուլ Վեռնը նաև դա էր պլանավորել: Դիտարկելով այն հանգամանքը, որ օրինակ, երբ մարդը կրակում է նռնականետից, նռնակի թռիչքի ուժի փոխազդեցությունից կրակողը հետ է գնում: Ելնելով դրանից, նա մտածել էր կառուցել մի այդպիսի նռնականետ, որի կրակողը կլինի Երկիր մոլորակը և այն կրակելուց մոլորակը հետ կգնա և կշեղվի 37 աստիճանով, և Հյուսիսային բևեռը կհայտնվի արևին մոտ հատվածում, և սառույցները կհալչեն: Բացի այդ ամբողջ մոլորակի կլիման կլինի հաստատուն: Այսինքն, նրա մի գոտում միշտ կլինի ձմեռ, մեկում` ամառ, մեկում` աշուն, իսկ մյուսում էլ` գարուն և մարդիկ իրենց համար հարմարավետ գոտին կընտրեն ապրելու համար: Եվ այսպիսով… Չշեղվենք թեմայից:

-Ես միայն վաճառում եմ Հյուսիսային բևեռից ինձ բաժին ընկած 600սմ քառակուսին:

-Ես էլ եմ վաճառում իմ բաժինը, ամեն սանտիմետրը 500 դոլար:

-Ես էլ եմ վաճառում, իմ ընտանիքի անդամներից՝ մայրիկիս, հայրիկիս մեծ եղբորս ու իմ բաժինները, ամեն սանտիմետրն էլի նույն` քոնի գնով: 4×600×500=1 200 000 դոլար:

Ես միլիոնատեր կլինեմ:

Եվ այսպես նույն հաջողությամբ ես կարող եմ ասել, որ վաճառում եմ Անտարկտիդայի իմ բաժինը: Սակայն ինձ թվում է այն շուկայում պահանջված չէ, քանի որ ամբողջ տարածքը բացարձակ սառույց է: Իսկ գլոբալ տաքացումներից հետո Անտարկդիան կվերածվի ջրի:
Իսկ ջուրը կյանք է, չէ՞: Ոչ մեկը չի ցանկանա գնել այն: Սա է մեր կյանքի իրական պատկերը, որ ոչ ոք ձեռք չի բերի կյանքի համար անհրաժեշտ բաներ, ինչպես օրինակ, իմ անիրական խոսքերը, որոնք երևի բոլորին կթվան զուտ աներևակայական բաներ, սակայն ես հենց խոսում եմ դրանց բացարձակ իրական լինելու մասին:

«Կվաճառեմ Հյուսիսային բևեռի իմ բաժինը, մոտ 600 սանտիմետր քառակուսի»:

Հ.Գ. Գինը պայմանագրային

emanina

Ազնվազարմ մուրացկանը

Իսկ ես ամեն ինչ լցրեցի մեջս և պատասխանեցի` «լավ», քանի որ ես արդեն փորձառու դիվանագետ եմ և կարող եմ ուրիշ երկրում լիակատար պաշտպանել իմ շահերը: Ես գիտեի, որ ցավոտ կլինի, բայց չէի ուզում ցավեցնել:

Ամեն ինչից մի կողմ քաշվեցի ու գրեցի, գրեցի շատ տարբեր բաների մասին, շատ երկար ու անհասկանալի տողերով գրեցի, ահավոր դժվար և անգամ իմ կողմից զարմանալի, ամեն բառից հետո վիրավորանք գրելով քննադատեցի ամեն ինչ՝ կյանքում ամեն մի շարժում, ամեն մի ներշնչած և արտաշնչած օդ: Քննադատեցի ամեն մարդու ամեն բջիջը և բջջի գործառույթը: Շատ երկար գրեցի և արդեն ավարտում էի, երբ զգացի, որ սխալ է, պետք չի քննադատել: Քննադատելով ոչ մի արդյունքի չեմ հասնի, ոչ ոք չի ցանկանա քննադատածս կարդալ: Ջնջեցի բոլոր գրածս նախադասությունները, ձևի պարագաները, վերաբերականները, ձայնարկությունները, որոնք անիմաստ էին: Չթողեցի ոչ մի շաղկապ և ոչ մի ստորակետ: Սկսեցի նորից՝ առանց քննադատելու, ամեն անարժանիք արժևորելու, ու գրեցի:

Նա անկարող է, ինչպես մուրացկանը, երբ նայում է անցորդի աչքերի մեջ` աղերսելով գումար, իսկ ոչ մի անցորդի գրպանում գումար չկա, որ փոխանցի նրա սառը և կոշտ ձեռքերի մեջ: Բանն այն է, որ նրան գումար պետք չի, անգամ, եթե նրան առաջարկեին միլիոններ: Ուրիշ բան է պետք նրան, որը վաղուց սպառվել է, ծախսվել, ու նույնպես թողել բոլորին սնանկ վիճակում:

Կյանքի առաջ բոլորս էլ մուրացկան ենք, մի տարբերությամբ, որ որոշները գումար են մուրում, որոշները` զգացմունքներ: Իսկ կյանքը ոչ մեկի վրա ուշադրություն չի դարձնում ու չի տալիս ոչինչ ու շարունակում է առաջ քայլել, իսկ մուրացկանները շարունակում են փողոցում նստել ու սպասել մի բանի, որը կփոխի ամեն ինչ: Իսկ ուրիշ մարդիկ իրենց տներում թեյ են խմում, ամեն ինչ փոխում ու նստում են սպասելու շարունակությանը:

Իսկ Քամին շարունակում է ահռելի ուժգնությամբ փչել: Սակայն Քամին էլ անզոր է մուրացկաններին քշել: Նրանք, մեկ է, շարունակում են…

Իսկ դրանք միայն քամիներ են: Հասկանալ է պետք և շարունակել ապրել:

Իսկ սուրճը արդեն եփել է: Ամեն ինչ շատ վաղուց արդեն պլանավորված էր և կարգավորված: Սպասելու ժամանակ արդեն էլ չկար: Կյանքը արդեն ամեն ինչ դասավորել էր և սպասում էր նրա միջամտություններին: Պետք էր վեր կենալ և գնալ: Հեռանալ և չվերադառնալ: Գիտեին, որ կգա ժամանակ, մեկը կասի, որ էլ այդքան ոչ ոք չի սպասի: Հերիք է, վեր կացեք: Այլևս չի թույլատրվում: Դուք մեր անկոչ և անընդունելի հյուրն եք: Բայց նրան պետք էր, որ շարունակեր նստել և երազեր կանգնելու մասին:

«Պարոն, արդեն ժամանակն է փողոցից տուն բարձրանալու: Ձեր սուրճը պատրաստ է»,- ձայն տվեցին նրան և բռնելով նրա հայացքը, ավելացրեցին. «Կարո՞ղ եմ այսօր շուտ գնալ տուն»:

Հ.Գ. Կարճ պատմություն ազնվազարմ մուրացկանի մասին:

emanina

Ես ձկնորս եմ երևի

Ինչ հիանալի օր է, իսկ ես շտապում եմ պարապմունքի: Քայլերս արագ-արագ գցելով ավելի եմ արագացնում ընթացքս և մարդկանց ամբոխը ճեղքելով առաջանում եմ: Հանկարծ դիմացս մի աղջիկ է դուրս գալիս և, չկարողանալով կանգ առնել, բախումը նրա հետ անխուսափելի է դառնում: Ընկնում եմ գետնին, և աղջնակը մոտենում է ինձ և հարցնում:

-Կներես, հանկարծակիի եկա:

-Ես էի մեղավորը, ոչինչ, ի՞նչ է անունդ:

-Թերեզա,- պատասխանեց նա,- իսկ դո՞ւ, դո՞ւ ով ես:

-Ո՞վ եմ ես,- կրկնեցի նրան:

Հաճախ եմ տվել ինձ այս հարցը, սակայն պատասխանը այդպես էլ չեմ գտել: Այս անգամ չցանկացա թողնեմ անպատասխան և փորձեցի գտնել այն: Ես… Ես… Հըմմմ, չեմ կարող ասել: Չեմ կարող խոսել իմ մասին, քանի դեռ ես ինքս ինձ լիովին չեմ ճանաչում: Իսկ եթե հարցնենք ուրիշի՞ն:

-Ո՞վ է Էմանինան:

-Ահ, այն աղջիկը, որ միշտ նստում է շարքի վերջում, մտերիմ չեմ հետը:

-Ի՞նչ: Էմանինա՞: Հա, երևի Էմիլիան… Գիտեմ նրան, երբ ինձ տեսնում է, գալիս է և սկսում է անվերջ խոսել հետս:

-Այն «դինջ», կարճ մազերով աղջիկը, որ միշտ հեռախոսի մեջ մտած է և չի կարողանում կտրվել սոցցանցերից:

-Էմանինան, շատ եմ սիրում նրան, շատ դրական և ազատ աղջիկ է, չնայած իր ազատությունը երբեմն խանգարում է մեզ շփվել:

-Ախ, նա շատ ձանձրալի և փակ անձնավորություն է` անհետաքրքիր մտքերով:

Կամ ասենք.

-Չկա նրա նման ուրիշը. հասկացող, ճիշտ խորհուրդներ տվող, կարճ ասած, ինքնատիպ և անունով, և բնավորությամբ:

Սա եմ ես, բայց այդպես էլ չհասկացա այս պատասխաններից որ մեկն եմ ես: Իսկ ինձ թվում է… Թվում է ես ձկնորս եմ: Այո այո, հենց ձկնորս: Հիմա կբացատրեմ, թե ինչու: Երբ նրանք գնում են ձկնորսության, ձկանը բռնելու համար կարթին ամրացնում են խայծ` որդ: Որդ, քանի որ դա է դուր գալիս ձկանը, այլ ոչ թե քաղցրավենիք, ինչը դուր է գալիս ձկնորսին: Այդպես էլ ես` ամեն մարդու հետ շփվելու ընթացքում հագնում եմ այդ մարդուն սիրելի բնավորության գծերս: Այդ պատճառով էլ ամեն մարդ տարբեր կարծիք ունի իմ մասին:

Իսկ ես ես ի՞նչ կարծիք ունեմ: Միգուցե ես արդեն 9-րդ կյա՞նքս եմ ապրում, և այս բոլոր իմ մեջ ապրող Էմանինաները այդ կյանքերից մնացած գծե՞րն են: Իսկապես չգիտեմ, թե ով եմ ես: Իսկ եթե հենց ինքներդ ցանկանաք դա պարզաբանե՞լ:

Իսկ եթե լուրջ խոսենք, ես սովորական աղջիկ եմ ինչպես բոլորը: Հաճախում եմ դպրոց, որը այդքան էլ չեմ սիրում և անհամբեր սպասում եմ ավարտելուս, 9-րդ դասարանցի եմ: Սիրում եմ նկարել (առավելագույնը, ինչ կարողանում եմ նկարել, մարդուկն է), սակայն նկարում եմ, ծիծաղում նկարներիս վրա: Սիրում եմ լուսանկարել ամեն ինչ, մանրուքներից մինչև այնպիսի բաներ, որոնք տեսախցիկումս չեն տեղավորվում, սակայն չեմ սիրում դրանք ցուցադրել ընկերներիս:

Ես շատ սովորական եմ, ինչպես բոլորը, սակայն ամենքս էլ ունենք մի տարօրինակություն: Չէ որ, եթե չունես տարօրինակություններ, ուրեմն դու իսկապես տարօրինակ ես: Իսկ ես տարօրինակ եմ, քանի որ իմ տարօրինակությունները չափ ու սահման չունեն: Չնայած դրան, ես նաև շատ եմ սիրում երևակայել, որը իմ իրականությունից կտրվելու միակ միջոցն է: Ես չեմ սիրում, երբ իմ կյանքում հետաքրքիր բան չի լինում, այդ ժամանակ ես սկսում եմ երևակայել մինչև իրականությունը դառնա հետաքրքիր: Ահա այսպիսի մարդ եմ ես:

Ես Էմանինան եմ: Երկար վերլուծելուց հետո ես մտքերս իմի բերեցի, հասկացա, և արդյունքում ստացվեց մի բան` ուշացա պարապմունքից: