Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի
Ի՞նչ տվեց ինձ 2015 թվականը: Մեկ-մեկ մտածում եմ` ի՞նչ կար, որ ինչ էլ տար: Բայց հետո հիշում եմ, որ շատ լավ բաներ տվեց: Օրինակ՝ կատարվեց իմ ամենամեծ երազանքը: Ես գնացի ծնողներիս մոտ, որոնց կյանքիցս շատ եմ սիրում: Նրանց վաղուց չէի տեսել: Առաջ բոլորս միասին էինք ապրում մեր գյուղում: Բայց մի սովորական օր զանգեց հորաքրոջս ամուսինը և ասաց, որ գալիս է Հայաստան` նրանց տանելու նպատակով: Ես հենց լսեցի այդ արտահայտությունը, անկախ ինձնից արցունքները սկսեցին գլորվել աչքերիցս: Ինձ հետ չգիտես ինչ կատարվեց, շատ ծանր էի տանում այդ փաստը, որ նրանք գնալու են, երկու օր անընդմեջ լաց էի լինում: Եկավ այն չարաբաստիկ օրը, երբ պետք է նրանք գնային, ես էլի լաց էի լինում: Տատիկս նրանց օրհնեց, և ինչպես ասում են մեր գյուղի մեծերը, ասաց. «Բարով-խերով հասնեք տեղ», նրանց մի կերպ ճանապարհեցինք: Բոլորը մտածում էին, որ նրանք գնացել են առանձին-առանձին` հայրիկս, հետո մայրիկս և փոքր քույրիկս, բայց ոչ, նրանք գնացին միասին: Ես և եղբայրս մնացինք տատիկիս և պապիկիս խնամքի տակ: Մենք չենք բողոքում, քանի որ նրանց շատ սիրում ենք և հարգում, բայց կարոտում ենք…
2015 թվականի Նոր տարուն ծնողներս եկան: Ես անչափ ուրախ էի, որ ընտանիքով միասին ենք դիմավորելու Ամանորը: Մենք անգամ տոնածառը չէինք զարդարել, սպասեցինք մինչև գա քույրիկս, որպեսզի միասին զարդարենք: Եվ այսպես անցավ Ամանորը, և նրանք նորից հետ վերադարձան Ռուսաստան: Անցավ մի երկու երեք ամիս, և ամառային արձակուրդներին ես և եղբայրս մեկնեցինք նրանց մոտ: Առաջին մի քանի օրը այնքան անսովոր էր, որ չէի ցանկանում ապրել այնտեղ, ցանկանում էի հետ վերադառնալ Հայաստան: Բայց երբ անցավ մի քանի օր, ես սովորեցի այնտեղի կյանքին, երանության մեջ էի կարծես: Ճիշտ է, ես այնտեղ քիչ ապրեցի, չորս ամիս, բայց այնքան լավ և հիանալի օրեր անցկացրեցի: Մենք այնտեղ ապրում էինք ընտանիքով` հայրս, մայրս, եղբայրս, փոքր քույրիկս և ես: Քանի որ ես էի մեծը, քույրիկս փոքր էր և չէր կարող օգնել մայրիկիս, ես էի օգնում նրան տան բոլոր գործերում: Մենք միասին գնում էինք խանութ, ինձ գեղեցիկ հագուստներ գնում, իսկ հետո, եթե ժամանակ էր լինում, գնում էինք սրճարան: Հետո վերադառնում էինք տուն և գեղեցիկ տպավորությունները պատմում հայրիկիս: Իսկ երեկոները քույրիկներիս և եղբայրներիս հետ գնում էինք այգի, զբոսնում էինք, կարուսելներ նստում: Ճիշտ է, ես շատ էի վախենում, բայց համարձակությունս առաջ էի բերում և նստում: Ես վերադարձա Հայաստան, քանի որ այստեղ դպրոց եմ գնում:
2015 թվականին չիրականացան իմ բոլոր երազանքները, բայց ոչինչ, ես չեմ տխրում, դրանց կհասնեմ 2016 թվականին:
Երեք ամիս առաջ Ամանորի նախօրեին մեր դպրոցի ուսուցչանոցի մոտ դրեցին մի արկղիկ, որտեղ պետք է գրեինք նամակ Ձմեռ պապիկին, որոշեցի ես էլ գրեմ:
«Բարև, սիրելի Ձմեռ պապիկ, ճիշտ է ես արդեն մեծ եմ նամակ գրելու համար, բայց չգիտես ինչու, սիրտս այդպես կամեցավ: Ձմեռ պապիկ, ես քեզանից ուրիշ երեխաների նման թանկարժեք բաներ չեմ ուզում, մի շատ հասարակ բան եմ ուզում: Խնդրում եմ, մի հրաշք կատարիր և այնպես արա, որ Ամանորը ծնողներիս հետ նշեմ, որովհետև այդ տոնը ընտանեկան տոն է»: Գրեցի և տարա գցեցի արկղիկի մեջ: Օրեր անց պարզվեց, որ հաղթել եմ, շատ ուրախացա, որ ուսուցիչների կողմից արժանացա գովասանքի: Բայց սրտիս մեջ թաքուն մի հույս կար. գուցե կատարվեր իմ երազանքը, Ամանորը նշենք ամբողջ ընտանիքով…