ani shahbazyan

Ամեն ինչ ժամանա՞կը կորոշի

Ես ուզում եմ պատմել մեր հարևան ընտանիքի մասին: Սմբատ Շահբազյանը և Աշխեն Ավետյանը թեև տատիկ-պապիկ են արդեն, բայց երիտասարդ են:  Բազմազավակ են, ունեն օրինակելի, կայացած  ընտանիք:  «Լավագույն  մարզական ընտանիք» ամենամյա մրցույթին 10 տարի  շարունակ մարզային փուլը գրեթե միշտ առաջին տեղը գրաված, մասնակցում են  եզրափակիչ՝ հանրապետական փուլին: Նրանք ունեն չորս  զավակ՝ մեկ աղջիկ և երեք տղա: Մեծ  տղան արդեն 5-րդ տարին է, ինչ ապրում է Ռուսաստանում: Վերջերս  մի քանի ամսով եղբոր մոտ հյուր է գնացել նրանց փոքր տղան: Նա շուտով պիտի գա Հայաստան ու զորակոչվի բանակ: 

Թեև նրանք շատ դժվարություններ են հաղթահարել, սակայն չեն համակերպվում  այն մտքին, որ  կարող են ապրել իրենց զավակներից հեռու: Առանց երեխաների կյանքը նրանց համար կարծես դառնում է անվերջանալի կարոտ: Նրանք շատ են ուզում ապրել իրենց զավակների հետ, լինի դա Հայաստանում, թե՝ արտերկրում: Նրանք երկուսն էլ  աշխատում են որպես մանկավարժ, սական աշխատավարձը չի բավականացնում լիարժեք, բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Տղան հաճախակի է գումար ուղարկում, թեև ծնողները դրա ակնկալիքը չունեն, շատ լավ հասկանալով, որ գումարն առաջին հերթին անհրաժեշտ է իրենց զավակին կայանալու, ընտանիք կազմելու համար: Նա վերջին անգամ եկել է Հայաստան 2015 թվականի հոկտեմբերին՝ շատ կարճ ժամանակով: Դեռ չի ամուսնացել, այն պարզ պատճառով, որ այնտեղ հարմար հայ աղջկա չի հանդիպել, և այստեղ գալուց էլ ժամանակը չի հերիքում նոր ծանոթությունների համար: Համացանցը հնարավորություն է տալիս  ցանկացած պահի խոսել և տեսնել զավակներին, սակայն դա բոլորովին չի հագեցնում նրանց կարոտը: Որքան էլ որ ուզում են իրենց զավակների ապագան տեսնել հայրենիքում, այսօր հստակ է մի բան, որ նրանց որդիները ավելի շուտ կարող են աշխատանք գտնել  Ռուսաստանում: Նրանց միջնեկ տղան  վերադարձել է  բանակից,  սովորում է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում, և միաժամանակ  մասնագիտություն է սովորում, որպեսզի մեկնի եղբոր մոտ աշխատելու: Դուստրն ամուսնացած է և ունի երկու տղա՝ 9 և 4 տարեկան: Սակայն դստեր ամուսինն էլ չունի հիմնական աշխատանք: Եթե եղբայրները համապատասխան աշխատանք գտնեն, կտանեն  իրենց մոտ նաև քրոջ ընտանիքը: Թեև ծնողները շատ են ուզում իրենց երեխաների հետ, սակայն գնալով այդ հույսը  դառնում է երազանք: Ընտանիքի հայրը Արցախյան պատերազմի  մարտական գործողությունների մասնակից է, եղել է «Մալիշկա» ջոկատի հրամանատար: Ու հիմա ցավով է տեսնում դատարկվող Հայաստանը, որի մի մասնիկն էլ իր ընտանիքն է: Եթե զավակները հաստատվեն ՌԴ-ում, իրենք այլընտրանք չունեն. որտեղ իրենց երեխաները, այնտեղ էլ իրենք:

Բայց դեռ թաքուն հույս ունեն, որ ամեն բան կարող է փոխվել. միգուցե հայրենիքում կարողանան իրենց  ապագան կառուցել, ուստի ամեն ինչ կորոշի ժամանակը: