Գոհար Պետրոսյանի բոլոր հրապարակումները

Gohar Petrosyan

Մնաք բարով

Ես գնում եմ, էլ չեմ գալու,
կտրեք թելերը իմ ու ձեր,
Հանգիստ տվեք իմ խենթ մտքին,
թողեք ճախրեմ դեպի վեր:

Չմեղադրե՛ք, չքարկոծե՛ք
հեռանալուս լուրի համար,
Ես պարզապես ցավից խեղդված
Չտանջվել ուզեցի:

Ես չէի ուզում ջնջել սակայն
տարիների էջերը իմ,
Բայց վերջակետներ շատ դրվեցին
սպիտակ թերթերիս էջերին:

Ձեր փուշ դարձած խոսքերը այն,
որ ծակում էին իմ հոգին՝
Բողբոջել են, ծաղիկ դարձել
ու թոշնում են ձեր ձեռքին:

Ես չեմ տվել ձեզ ցավ ու չոռ,
չեմ էլ սպասել ջերմ խոսքի,
Բայց վարդերն իմ մեխակ դարձան
և թեքվեցին մի կողքի:

Իմ աչքերը փակվել ուզեցին
որ միտքս անուրջով ապրի,
Բայց ցավերս ի հայտ գալով
հանեցին ինձ պայքարի:

Ես ջնջո՛ւմ եմ էջերը կյանքիս,
կտրո՛ւմ եմ թելերը բոլոր,
Անուրջներ ինձ պետք չեն, երբե՛ք,
ոչ մի վիշտ ու ուրախություն պետք չի ցաված իմ սրտին:

Ձեր փշերն էլ թառամեցրի,
ու թքեցի ձեր չորացած ծառի վրա,
Փտում եք դուք ձեր իսկ սրտի սև անկյունում
ու տենչում եք արևի մի սպիտակ լույսի:
Ոռնում եք դուք մութ անտառի լքված, սոված գայլի նման
և փախչում եք հայելիների անեծքներից,
Որ չտեսնեք, որ չնայեք, չխորտակվեք ձեր աչքերում,
որ չխեղդվեք նախանձի ձեր անծայր ծովում:

Ես քայլում եմ հստակ ու պարզ,
առանց անպիտան խղճի խայթի
Պատռում եմ ձեր երեսներն այն,
որ կրկնապատկվել էին հանկարծակի:

Մոռանում եմ ձեզ մութ անցյալում, քայլում եմ ես իմ վեհ ուղով:
Այրվե՛ք անվերջ, ես գնում եմ՝ ձեր եղածի հետ ձեզ թողնելով.
նախանձի ծով, ծակող փշեր ու չորացած ծառի ճյուղեր:
Մնաք բարով…

Gohar Petrosyan

Մենազրույց

Բա ասում էիր՝ ուժեղ ես: Հըն, հիասթափվեցի՞ր: Լավ չի…
Հիշո՞ւմ ես, երբ մառախուղի մեջ էիր, բայց շարունակում էիր քայլել, մի լույս էիր փնտրում, թե չլիներ էլ՝ ներսիդ լույսով կքայլեիր: Ականջներդ արդեն սկսել էին ցավել մարդկանց «Չե՛ս կարող»-ներից: Թքած ունեիր: Դե, ոչինչ չկար, որ վեր-վեր թռչեիր, բայց ամեն գիշեր քնելուց առաջ հասցնում էիր ժամերով սուզվել մտքերիդ մեջ ու ամենակարող դառնալ: Սպասում էիր, որ լույսը բացվեր՝ մի լավ բան անեիր, մի լավ գործ առաջ գցեիր, մի բան ավել կարդայիր-գրեիր: Ժամերով կկարդայիր ու չէիր ասի՝ հերիք է: Ալարե՞լ. ծիծաղդ գալիս էր այդ մասին անգամ մտածելուց: Թե մի օր գային ու ասեին, որ բարեկամիդ բարեկամը գրածներդ կարդացել ու հավանել է՝ վե՜րջ, մի ուրախություն, մի խինդ, մի մոտիվացիա:
Միշտ լույսի հույսը մեջդ էիր պահում ու թքած, թե խավարի մեջ չէիր խեղդվում: Մարդիկ չարախոսում էին, իսկ դու մտածում. «Գուցե ինչ-որ բան այն չե՞մ արել»: Ամեն ինչ անում էիր, որ օրդ հարթ անցներ՝ առանց խնդրի, ինչքան էլ որ քեզնից կախված չէր: Եթե գիշերը հանգիստ խղճով էիր քնում՝ երանություն էր: Մի նոր ցավի առաջ կանգնելուց էլ ասում էիր՝ «Ոչինչ, նոր բան սովորեցի»: Մի գրքում կարդացել էիր, որ թախծոտ աչքերն ամենագեղեցիկն են, կրկին նոր հույս էր մեջդ ի հայտ եկել. գոնե  աչքերդ գեղեցիկ կլինեին: Գիտես… Կարոտում եմ քեզ: Թե կարողանայի հետ գնալ անցյալ ու կանգնել քո առաջ՝ մի լա՜վ կգրկեի քեզ:
Բա մտածում էիր՝ ուժեղ ես, չես հիասթափվի երազանքներիցդ:
Հա, նոր հիշեցի. մեկը մի առիթով մաղթել էր, որ չհասնեիր երազանքներիդ: Ծիծաղո՞ւմ էիր: Դե նստի՛ր ու լացիր ներսիդ դատարկության հետ, չէ՞ որ թախծոտ աչքերն ամենագեղեցիկն են:
Շատ ես փոխվել: Ո՞ւր կորավ մեջիդ կրակը, մոտիվացիադ, հիմա էլ հո շատ հիմքեր ունես վեր-վեր թռչելու: Բա ինչի՞ չես թռչում: Հիասթափվե՞լ ես: Արի ու անկեղծացիր, ձեռքդ դիր խղճիդ ու ասա, որ հիասթափվել ես (ոնց որ ասում են՝ «պրիզնատ արի»): Դե հիմա ասա, թե ինչի ես հիասթափվել: Շա՞տ ես կորցրել, դժվարությունները անպակա՞ս են, մեջիդ լո՞ւյսը դուրս եկավ ու լուսավորեց ճանապարհդ: Է՜հ, թող ճանապարհդ մութ լիներ, բայց գոնե լույսդ մեջդ մնար: Ինչի մասին երազում էիր երեկ, այսօր ապրում ես դրանում: Դե բա ինչո՞ւ ես տխուր:
Դու հիասթափվեցիր բոլորից, անցյալից, ներկայից ու ապագայի անունն անգամ լսել չես ուզում: Հիասթափվել ես իրականությունից, մեջիդ դատարկությունից, դատարկությունդ լցնել ցանկացողներից: Դու հիասթափվել ես անգամ երազանքներիցդ: Վախենո՞ւմ ես այդ փաստը ընդունելուց: Մի՛ վախեցիր, դու դժվարություններից չես վախեցել, ուր մնաց թե փաստեր ընդունելուց վախենաս: Ոչինչ, որ հիասթափվել ես բոլորից, բայց խնդրում եմ՝ չհիասթափվես ինձնից: Բոլոր գնացողներից մնացողը ես եմ, վերջ ի վերջո՝ մեջիդ լույսը: Եվ հիշիր՝ քեզ գեղեցիկ աչքեր պետք չեն:

Gohar Petrosyan

Նա, ով հեռացավ մնալու պահին

Դատարկ փողոցում քայլում ես մենակ՝
Մարդկանց ամբոխից կտրված մտքով,
Հիշում պատկերներ ստվերների տակ
Ու հոգոց հանում մի թունդ կարոտով։

Հիշում ես դեմքեր՝ դիմակներ հագած,
Որ ծանր մի օր հանկարծ հեռացան.
Միայնակ հոգիդ պատվեց մշուշով
Ու սուզվեց մտքիդ ծովը ցամաքած։

Նա, ով հեռացավ մնալու պահին՝
Կարոտախտ ծնեց քո այրված սրտում,
Եվ նրանք, ովքեր մնալ ուզեցին՝
Կորուստներ դարձան ցավածդ կյանքում։

Հաշվիր… մեկ, երկուս, հարյուր երկուս…
Կարոտած դեմքեր՝ արդեն անցյալով,
Որ խորտակվեցին կյանքի մշուշում
Ու քեզ մեծացրին լոկ հեռանալով…

***

Լավ է չունենաս, քան թե կորցնես

Աչքերդ փակիր, որ տեսնես կյանքը
Եվ ցավ էլ չզգաս, որ այն չտեսնես,
Փակիր ականջներդ՝ չլսես ձայները,
Որ վաղն էլ չլսելուց չխելագարվես։

Ձեռքդ բռնած սիրած էակդ
Կարող է թողնել քեզ ու անհետանալ,
Վզիդ կարոտով փաթաթված զավակդ
Կարող է հանկարծ անդարձ հեռանալ։

Եվ լավ է չսիրել, քան թե մոռացվել,
Եվ լավ է չծնել, քան ցավով կորցնել։

Քեզ «բալես» ասող լուսավոր մայրդ
Կարող է մի օր խամրել ցավերից,
Քեզ միշտ ուժ տվող քույր կամ եղբայրդ
Կարող են հիշել քեզ միայն նեղ օրին։

Միշտ քեզ հետ քայլող հավատարիմ ընկերդ
Կարող է մի օր գամվել սայլակին,
Քեզ կերպար տվող գրքերը մի օր
Կարող են այրվել ինչ-որ կրակից։

Գլխիդ վերևում փայլող արևը
Կարող է մի օր խավարել լուսնից,
Ցավդ մեղմացնող այն արցունքներն էլ…
Է՜հ, մի օր էլ կխեղդվես այդ արցունքներից։

Լավ է չզգաս, քան թե դատարկվես,
Լավ է չգրկես, քան ցավով հիշես,
Լավ է չսիրես, քան թե կարոտես,
Լավ է չունենաս, քան թե կորցնես…

goharpetrsoyanervn

Կրակս հանգչում է

Կրակս հանգչում է,
Մի կտոր կյանք տուր.
Հերիք է ծխա օրս վերջին,
Արդեն խեղդվում եմ բացակայությունիցդ։
Սիրում ես նստել ու վրաս նայել,
Տեսնես՝ մխում եմ ու անվերջ մխում,
Եվ չես էլ ուզում մեկ բաժակ ջրով
Հանգիստ բերել իմ այրվող մարմնին։
Աչքերումդ խավարներ կան,
Որ դիվային էակների բար են դարձել։
Մի սպիտակ լույս ճառագայթի խավարներիդ սև պատերին՝
Տեսնես ստվերս կողքիդ կանգնած ու վերջ դնես արհամարհանքին։
Տե՛ս, մխում եմ ու ծուխ դառնում,
Խիղճդ սատանի բաժի՞ն դարձավ.
Ափսոսում ես մի սառը ջուր լցնել վրաս,
Այլ ցանում ես, որ լա՜վ ցավի, մի լա՜վ տանջվեմ,
Նայես մոխրիս ու լիանաս,
Ինձ չհիշած լոկ մոռանաս։
Եվ չես ուզում մի կտոր կյանք վրաս գցես,
Հաճելի է քեզ ցավը իմ.
Խավարները այդ աչքերիդ լցվեն ծխով, ինձ չտեսնեն,
Ու փոթորկվեն, լա՜վ փոթորկվեն մոխրիս վրա…

***

Մանկությունս լալիս է մի խենթ կարոտով

Ուզում եմ պատմել կարոտիս մասին,
Որ երազանքիս ճանապարհներին
Հանկարծ կորցրի ընկնող աստղի պես,
Եվ տողերումս պահել ուզեցի:

Աշնան մեգի մեջ խամրեց պատկերը,
Թառամած վարդի պես գլուխը թեքեց,
Առանց մի վերջին մնաս բարովի
Մեր ճամփան երկար հանկարծ բաժանվեց:

Ավարտվեց կյանքիս մանկությունը այդ՝
Երկինք ճախրելով տանս պատերից,
Չորացավ ծաղիկս… հեռացավ անդարձ՝
Մանկությանս ձեռքն ամուր բռնելով:

Հոգիս լցվել է լոկ դատարկությամբ,
Քամին՝ պատվել խնկի թունդ բույրով,
Տանս դատարկված այն անկյուններում
Մանկությունս լալիս է մի խենթ կարոտով:

Ծխե՛լ եմ ուզում… հարբե՛լ… խելագարվե՛լ…
Կրակայրիչս վառվել չի ուզում, գինին՝ հարբեցնել,
Խելագարվել էլ չկարողացա.
Կյանքում կրկնակի ոչինչ չի լինում:

goharpetrsoyanervn

Ապրելը դարձել է մի բաժակ օդ

Ապրելը դարձել է մի բաժակ օդ,
Հեշտ է ու դյուրին շնչելը միայն,
Խմել մի սափոր գինի ու հարբել,
Մոռանալ որ կա և՛ սեր, և՛ պատրանք։
Նայել հայելու մեջ ու հայելի դառնալ
Բոլորի համար, բոլորի նման,
Միայն նմանվել, սահմանափակել
Եվ զգո՜ւյշ կոտրվել բոլորի առաջ։
Շնչել-արտաշնչել, ծնվել ու մեռնել,
Կանգառից կանգառ մտովի վազել ու դոփել տեղում.
Կյանքը գնում է իր մեղմ ընթացքով,
Իսկ դու էլ շտապում դեպի ապագա
Ու դառնում անցյալ՝ ներկան չապրելով։
Ու դու էլ մի մարդ քո ողջ բնույթով,
Դատապարտված լոկ խամաճիկության,
Հեռանում ես քո ստեղծածից անգամ,
Դադարում լինել այն, ինչ ծնվել ես, կաս։
Եվ քո աստվածն էլ վախում է անգամ՝
Իջնի ու կանգնի քեզ դեմ հանդիման,
Նայի աչքերիդ ու չսարսափի,
Եվ չի էլ իջնի. կխաչեք նորից։
Փշրվում են հայելիները քո խոր աչքերի,
Որ տեսնես կյանքը՝ քեզանից այն կողմ,
Որ չնմանվես ու չստրկացնես քո նման մեկին,
Որ չկործանես ու խաչին չհանես
Քեզ, քո ստեղծողին ու քեզ խաբողին…

***

Ես չունեմ ոչինչ այլևս կորցնելու

Ես չունեմ թագ՝ թագավորելու
և չեմ էլ ուզում լինել թագավոր,
Բայց դուք էլ չունեք աստվածային ուժ՝
ինձնից իմ կյանքը խլել, տանելու:

Ես չունեմ զենքեր՝ մարմիններ խոցելու
և չեմ էլ ուզում լինել մարդասպան,
Բայց դուք էլ չունեք սուր խոսք ձեր լեզվում՝
հոգիս խոցելու, կոտրելու համար:

Ես չունեմ թևեր՝ երկինք ճախրելու
և չեմ էլ ուզում լինել հրեշտակ,
Բայց դուք էլ չունեք աղոթք ձեր հոգում՝
իմ ճամփան երկար կտրելու համար:

Ես չունեմ թմրանյութ՝ օդերում սավառնելու
և չեմ էլ ուզում լինել թմրամոլ,
Բայց դուք էլ չեք անցել փշոտ ճամփեքով
իմ անցած ուղին քննադատելու համար:

Ես չունեմ ոչինչ այլևս կորցնելու
և չեմ էլ ուզում կորցնել կրկին,
Բայց դուք էլ չունեք կարևորություն
և չեք էլ լինի կորուստ աշխարհին:

Ես ունեմ լուսին՝ երկնքում պահած
որ լուսացնում է մութ գիշերներն իմ,
Իսկ դուք գեթ մի աստղի ընկնել չտեսաք
և կարոտ դարձաք երազանքներին:

Ես ունեմ տիեզերք իմ հոգու խորքում
որ աստղաբույլերի թաքստոց է դարձել,
Իսկ դուք էլ հավերժ սև խոռոչներում
տիեզերք տեսնել եք անվերջ տենչացել:

goharpetrsoyanervn

Մեր ձմեռները գարուն չունեցան

Մեր ձմեռները գարուն չունեցան…

Ասում են, եթե ուզում ես կյանքումդ ինչ-որ բան փոխել՝ նախ պետք է ինքդ փոխվես։ Ես սովորեցի փոխվել՝ չնայած այն բանին, որ ինքնասիրահարված էի։ Իմ աշխարհից դուրս աշխարհներ տեսա, ինձ հետաքրքրեց քո աշխարհը։ Ես այնտեղ ապրել ուզեցի։ Գիտես, ինձ հոգնեցրել է իմ միապաղաղ ու սառը աշխարհը։ Վատ չէ, երբ սովորում ես ձմռան սառնությանը, բայց արևի մի շողն անգամ հաճելի է մարմնիդ։ Այնքան հաճելի է, որ ուզում ես այն հավերժ պահել քեզ։ Բայց իրոք ցավոտ է, երբ այդ շողը երևում է մի պահ, տաքացնում մարմինդ, և երբ ցանկանում ես տրվել նրան, ջերմացնել ներսդ, հանկարծ գնում է… անվերադարձ գնում։

Հազարավոր անգամներ եմ փորձել մոռանալ գոյությունդ, բայց ամեն բան շուրջս քեզ է հիշեցնում։ Վիշտս խեղդում եմ գրքերի ու ալկոհոլի մեջ։ Կարդում եմ Սևակ, հասկանում՝ մենակ չեմ, որ զրկվել եմ արևի շողից։ Կարդում եմ Չարենց ու մտածում, որ քեզնով չի սկսվում ու ավարտվում կյանքը։ Բայց Սահյանը գալիս ու ուղիղ թույլ տեղիս է կպչում։ Էհ․․․ Դու էլ ես սիրում Սահյան։ Գիտեմ։

Մեր ձմեռները գարուն չունեցան… Քսանհատորյա վեպիս ծանր էջերը ջնջել ուզեցի և գրքերս մի անկյունի վրա դրեցի։ Նոր էջս դեռ չսկսած՝ տողին վերջակետ դրիր։ Դատարկվել եմ… Թե ասա՝ չէիր մնալու, ասեիր գոնե վեպերիս էջերը պահեի, որ հիմա անտեր շան պես ներսիս դատարկության հետ աննպատակ չքայլեի։ Դատարկվել են փողոցները, դատարկվել են մարդիկ, դատարկվել եմ ես… Չէի ուզում գրել քո մասին, բայց դե սրանով եմ լցնում բաժակս, որ մի լա՜վ հարբեմ, կորցնեմ ինձ, մոռանամ աշխարհի գոյության մասին, ինքն էլ՝ իմ։
Էլի ու էլի իմ ձմեռները գարուն չունեցան… Երբևէ լսե՞լ էիր, որ խատուտիկը վարդին վայել ապրեր, աշունն էլ անանձրև մնար, կամ էլ թե անձմեռ գարուն գար… Չէ՛։ Բայց իմ ձմեռը գարուն չունեցավ։

goharpetrsoyanervn

Քո ներսում է՞լ է մութ

Երևի հաճախ ես ուզում նստել ու մի լավ լաց լինել, եղած-չեղած դարդերդ խառնել արցունքներիդ ու ազատվել կոկորդումդ ծանրացած քարից: Հիշում ես մանկությունիցդ ուրախ ու տխուր դրվագներ: Տխրում ես, որովհետև կորցրել ես. չկա՛, չկա՛ն, չե՛ն գալու, չի՛ լինելու։ Մոխրի պես քամին քշեց ու տարավ: Ժպտում ես, որովհետև անկախ ամենից՝ այնժամ գունավոր էին թվում նույնիսկ սևն ու սպտակը: Հիշում ես նույնիսկ երազներդ, վախերդ, մանկական անիմաստ վեճերդ: Բայց հիմա կորցրել ես վեճերիդ թիվը, երազներդ աչքերդ բացելուն պես մոռանում ես: Միակ լավ կողմը՝ վերջ վախերիդ: Չնայած… Վախենում ես կրկին կորցնելուց: Հարմարվի՛ր, ընկերս: Դու մենակ չես: Վախենո՞ւմ ես մի օր աչքերդ բացել ու տեսնել կողքիդ դատարկ մահճակալը: Վախենո՞ւմ ես մի օր լսել «ցավակցում եմ» հարյուրավոր շուրթերից հնչող բառը: Հը՜ն, վախենո՞ւմ ես հրաժեշտից: Այդ դեպքում մի՛ էլ բարևիր: Դատարկի՛ր կյանքդ, հեռացրո՛ւ բոլորին մտքիցդ, սովորի՛ր միայնությանը, մցրու ուղեղդ, որ բոլորը լքելու են քեզ, դու մենակ ես: Չհավատա՛ս, թե մի օր կհայտնվի մեկը, ով կասի՝ հավերժ քեզ հետ է, հավատարիմ է, հնազանդ է, հրեշտակ է, սուրբ է, քահանա է, աստված է, կրոն է։ Հավատի շինծու փոխմիջո՜ց, ոչինչ ավելի։ Լավ, չեմ ուզում կրկին գլխիս հավաքվեն եկեղեցու դուռ ու քար պաչողները, որ ամեն օր մի ջահելի անիծում են երթուղայինում տեղ չզիջելու համար: Գրո՛ղը տանի: Որքան տարօրինակ եք դուք:
Լավ, անդրադառնամ անավարտ թողած մտքիս հավերժների ու հնազանդների մասին: «Որդյակ իմ, մինչև մահ տե՞ր ես», «Որդյակ իմ, և դու մինչև մահ հնազա՞նդ ես»։ Թույլ տվեք մի փոքր սպիտակ լույս գցեմ մթության մեջ. «Տե՛ր եմ, եթե հնազանդ է», «Հնազանդ եմ, եթե տեր է»: Սա՛ է մեր իրականությունը: Քանի դեռ ապրում եք կապված աչքերով՝ չեք հասկանա կյանքի իմաստը: Գիտեք, ես էլ չեմ հասկանում, մինչդեռ 13 տարեկան հասակում որոշեցի քանդել աչքերիս կապերը: Փոշմանում եմ, ավելի լավ էր՝ չքանդեի ու կարիք չլիներ տեսնելու մթությունից հետո եկող մթությունը: Աչքերս փակած՝ գոնե լույսի հույս ունեի:
Քո ներսում է՞լ է մութ: Իսկ թույլ կտա՞ս ապրեմ քո ներսում: Եկ միասին հիշենք գնացածներին, գնացողներին և մոռանանք նրանց, ովքեր գնալու են…

Եկ միասին մոռանանք բոլորին:

goharpetrsoyanervn

Կրակայրիչս

Դուք հաճախ էիք կասկածում իմ կրակայրիչի վրա. մի փոքր բանը ինչպե՞ս ի վիճակի կլիներ հրդեհելու շա՜տ բաներ:

Ես սիրում եմ կրակայրիչս: Ես հաճույքով եմ դրանով այրում ամեն բան. բարք ու վարք, բառեր, բաներ, բամբասանքներ ու բամբասողներ: Այնքա՜ն բան կա այս կյանքում վառելու:
Դուք հաճախ էիք կասկածում իմ կրակայրիչի վրա. մի փոքր բանը ինչպե՞ս ի վիճակի կլիներ հրդեհելու շա՜տ բաներ: Դե հա, ոնց հասկացաք, ես շատ եմ օգտագործում «բան» բառը: Դրանք այնքան շատ են: «Բան»-ը իրականում փուչ բառ է, երևույթ, որ չունի իրեն բնութագրող անուն, հատկանիշ, կարծես փուչիկ լինի՝ լցված օդով: Դուք նույնպես փուչիկ եք, որոնց ես մեծ հաճույքով այրում եմ: Չէ՜, կներեք, հրկիզում եմ անխղճորեն: Դուք հաճախ էիք ձեր «բան»-երով փորձում ինքնահաստատվել, ձեր «բան»-երով փորձում ճանապարհս բարդացնել, մեջիս փոքրիկ կրակը մարել, բայց դե ինչպես տեսաք՝ փոքրիկ կրակն այսօր կրակայրիչ դարձավ ու հրկիզեց ձեր «բան»-երը:
Վստահ եմ, որ հիմա հասկանում եք, թե ինչ բան է բարդությունը, երբ այն խեղդված է սեփական «բան»-երով: Գիտեք, դատարկ փուչիկը, որը լցված է օդով, ոչ թե կարող է մարել կրակը, այլ ավելի թեժացնել այն: Բայց ավելի քան թեժանում է, երբ դրան ավելանում են թունավոր գազերով լցված փուչիկները: Է՜խ… Ձեր նախանձը: Ինձ հոգնեցրին չակերտներս, ինչպես որ հոգնեցրել և ձանձրացրել են ձեր չստացված խոսքերով լցված փուչիկները, որոնք ի վնաս ձեզ եղան: Դուք կասկածու՞մ էիք, ինձանից հեռու ինչ-որ չստացված վայրերում փորձում էիք շտկե՞լ և թո՞զ փչել ձեր չստացվածության վրա: Ցավում եմ, բայց չստացվեց… Իմ կրակը դեռ բոցեր և հրդեհներ է առաջացնելու, որպիսին միայն արևի վրա տեսնել կարելի է, բայց այն հաստատ ձեզ չի ջերմացնելու:

Ձմեռը վատ եղանակ չէ, բայց ոչ ամռան երազկոտությունից հետո: Երազկոտնե՜րս, ձեր երազկոտությունը ինձ  միայն ու միայն առաջ է մղում: Շարունակեք երազել, ինչպես փուչիկը կերազեր լցված լինել  հելիումով և օդ բարձրանալ: Ցավոք, մի հելիում էլ ձեզ չհասավ:
Ես սիրում եմ կրակայրիչս: Ես հաճույքով եմ դրանով այրում ամեն բան. բարք ու վարք, բառեր, բաներ, բամբասանքներ ու բամբասողներ: Այնքա՜ն բան կա այս կյանքում վառելու: Կներեք, թե այրվածքները շատ ցավոտ են…

goharpetrsoyanervn

Փորձում ենք

Կյանքը բեմ է, մարդիկ` դերասաններ, բայց դե մեղավորը մարդիկ չեն. թող կյանքը բեմ չլիներ, որ մարդիկ էլ դերասաններ չդառնային:
Կյանքում լավ դեր ստանալու համար կա երեք տարբերակ: Առաջինը` լավ ծանոթ ունենալը (բախտը), երկրորդը` անկախ ամեն ինչից պայքարելն ու բարձրագույնին ձգտելը և իհարկե` սրանից-նրանից ողորմություն խնդրելը: Առաջին տարբերակը քչերին է վիճակված, երկրորդը ոչ բոլորին է հասու, դե իսկ երրորդը ամենահեշտն է, եթե ունակ ես տրորելու սեփական ես-դ: Լավ, իսկ ի՞նչ իմաստ ունեն այս երեք տարբերակները, հանուն ինչի՞ անցավ գլուխդ դնես ցավի տակ, մեկ է, մի օր մեռնելու ես: Ալեքսանդր Մակեդոնացին, որ աշխարհի տերն էր` մեռնելուց իր հետ ոչինչ չտարավ… Անիմա՞ստ էր պայքարելը: Իսկ ի՞նչ է պայքարը. երևի թե նույն ինքը` կյանքը:
Ասում եք` ինչո՞ւ ենք ծնվում, եթե պիտի մեռնենք… Դե՜, ծնվում ենք մեռնելու համար… Լավ, բա հետո՞. դե հետո էլ մեռնում ենք, որ նորից ծնվենք… Լավ…
Ասում եմ, ինչո՞ւ էիր փոքր ժամանակ խաղալիքի համար լաց լինում ու ծնողներիդ ստիպում, որ գնեին. դե՜, որ քո տարիքի երեխեքի մոտ «կուռաժիտ» լինեիր, կամ էլ էնքան պայքարեիր, որ էն 107-րդ խաղալիքիդ հաշիվը լրացնեիր: Բա ասում եմ` ինչո՞ւ էիր դպրոցում գնահատականի համար կռիվ անում ուսուցիչների հետ: Դե՜, պայքարում էիր բարձր գնահատականի համար: Լավ, բա համալսարանում ինչո՞ւ էիր բոյկոտում, որ էս-էն ծանոթով ստուգարքը ստանում էին, իսկ դասախոսը քեզ կապույտ մազերիդ պատճառով ցածր էր նշանակում: Դե՜, պայքարում էիր անարդարության դեմ, իսկ բարձր գնահատականը ինչի՞դ էր պետք… Հա՜, որ անվճար անցնեիր: Փաստորեն անվճարի համար էիր պայքարում: Բա լավ… Ինչո՞ւ էիր էն տղու  սիրո համար էդքա՜ն քեզ տանջում: Դե՜, պայքարում էիր իրեն հասնելու համար… Հը՞ն, հասա՞ր… Ապրես, որ պայքարում էիր: Սկեսուրիդ մոտ ինչո՞ւ էիր քեզ կոտորում, որ ասեր` «հարսս լավն ա», բարեկամի հարսների մոտ գովեր` խանդից այրվեի՞ն: Շնորհավորում եմ` հասար դրան: Թե ասա` քեզ պե՞տք էր, որ էդքան տանջվում, երեխեքիդ էստեղ-էնտեղ պարապմունքի էիր ուղարկում: Դե՜, որ Մարդ դառնային: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, պայքարդ արդյունք տվեց: Լսիր… Բա որ 80-ն անց էիր ու զգում էիր, որ մեռնելու էիր` ինչո՞ւ չպայքարեցիր ապրելու համար: Դե՜, արդեն մեծ էիր, ինչի՞դ էր պետք, մեկ է, մեռնելու էիր… Իսկ էն «կուռաժիտը» ինչի՞դ պետք եկավ, կամ բարձր գնահատականը, արդարությունը, անվճար անցնելը, էն տղու սերը, սկեսուրիդ գովասանքներն ու հարսների խանդից այրվելը, Մարդ դարձած երեխեքդ. պայքարդ… Էլ ո՞ւմ էր պետք, որ մինչև վերջ չէիր պայքարելու… Ո՞րն էր կյանքիդ իմաստը…
Կյանքի իմաստն այն է, որը ողջ կյանքում փորձում ենք գտնել:

goharpetrsoyanervn

Հրկիզող սպունգը

-Մի՛ արա, բալե՛ս, կպատժվես…

-Ո՞վ կպատժի, մամ…

Ասում են, թե երեխաների ուղեղը սպունգի է նման. ինչ տաս՝ միանգամից կլանում են և երբեք չեն մոռանում: Այո, այո, երեխայի ուղեղը նման է հնազանդ, քառակուսի սպունգի: Եվ գալիս է մի ժամանակ, երբ այդ սպունգը ամբողջովին կլանելուց հետո, ոմանք սկսում են փոխել դրա կառուցվածքը, քամել այն և իրենց մտքերով լցնել: Եվ սա էլ հետագայում որոշ հարցերում մեծ մասամբ հանգեցնում է մնացյալի կողմից քարկոծվելուն:

Մարդիկ ասում են, որ ազատ են և՛ մտածելակերպով, և՛ իրենց կյանքով, և՛ ապրելակերպով, գիտեն սեփական իրավունքներն ու դիմացինի իրավունքները: Բայց այս հարցում ևս հիասթափություն եմ ապրում. այդ նույն մարդիկ պատրաստ են սեփական ես ու կարծիք ունեցող մարդկանց հրկիզելու. հրկիզելու հավատքի համար: Շատերը հավատն ու հավատքը շփոթում են՝ համարելով այդ երկուսը նույն բանը: Ես կարող եմ հավատալ քամուն, տիեզերքին, մտքի ուժին և վերջ ի վերջո, ինքս ինձ, բայց հավատքը, ըստ իս՝ կրոնն է:
Գիտեք, մարդկության պատմության մեջ (և առավել ևս հայ ժողովրդի) կար մի ժամանակաշրջան, երբ մարդկանց հավատքի համար ողջ-ողջ այրում էին: Ներկայումս առանձնապես ոչինչ չի փոխվել, ուղղակի հիմա մարդկանց «այրում են» «չհավատքի» համար: Երբ իմանում են, որ աթեիստ ես, կամ էլ սկեպտիկ, արձագանքները հետևյալն են լինում. «Տո դուք մարդ չե՛ք, հայ չե՛ք: Լրիվ թափելու բան եք: Շեղվածնե՛ր… Տո դրանց վառե՜լ ա պետք»։ Եվ սա էլ ձեր առողջ մտածելակե՞րպն է: Ռեյ Բրեդբերին մի սխալ է արել, կամ էլ անավարտ գործ ունի․ «451˚ ըստ Ֆարենհայթի» վեպի փոխարեն պիտի գրեր «36.000˚ ըստ հավատքի» տասը հատորանի վեպը: Կամ էլ թե Մարկ Մենսոնը. «Թքած ունենալու նուրբ արվեստի» փոխարեն՝ «Ողջ-ողջ այրելու նուրբ արվեստը»:

Ես չեմ վատաբանում կրոնը, ես չեմ նշում, որ դա հավատի շինծու փոխմիջոց է, չեմ ասում, թե աթեիստ եմ կամ էլ անհավատ: Ես չեմ ասում՝ դուք սխալ եք, քանզի դրա իրավունքն էլ չունեմ: Ես ուղղակի վաղուց փոխել եմ իմ «սպունգի» կառուցվածքը…

-Բա ո՞վ կպատժի, բալես…

-Չգիտեմ, մամ…