Երևի տեղյակ կլինեք, որ ՀՀ կառավարությունը օրենք ընդունեց, որ որոշ համայնքներ պետք է միանան: Այդ թվում նաև մեր գյուղը՝ Բաղանիսը: Համայնքների միացման լուրը բնականաբար վատ անդրադարձ ունեցավ գյուղացիների վրա, քանի-որ բոլորի մտքին այն էր, որ էլ ուշադրության կենտրոնում չեն լինելու: Այն ժամանակ մեկ գյուղ մեկ անուն էր, իսկ հիմա չորս գյուղ՝ մեկ անուն: Մինչ որոշման ընդունելը գյուղացիները ցույցեր կազմակերպեցին՝ պլակատներ գրելով «Դեմ ենք միացմանը», Նոյեմբերյան քաղաքի մեջ ճանապարհ փակեցին, բայց այդ ամենը ոչինչ չփոխեց, համայնքները միացվեցին:
Էն ժամանակ, որ գյուղապետի ընտրություններ էր լինում, հիմա էլ չի լինելու: Համայնքների խոշորացման վատ կողմերից են՝ որ գյուղապետ չի լինելու, քաղաքապետի կողմից ավագանի է ընտրվելու ով կղեկավարի այդ տարածքը: Մինչդեռ մեր գյուղապետը հովանավորներ էր գտնում գյուղի խնդիրները լուծելու համար, անգամ ֆեյսբուքով, և մենք՝ Բաղանիսի թղթակիցներս հաճախ ենք այդ մասին գրել: էն ժամանակ նշվում էր գյուղի անունը, իսկ հիմա ասում են անվանվելու է Նոյեմբերյանի համայնք: «Առաջ, երբ ինչ-որ հարց կամ խնդիր էր լինում՝ դիմում էինք գյուղապետին, հիմա դիմելու ենք ավագանուն, ով պետք է տեղեկացնի քաղաքապետին»,- ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
Չգիտեմ՝ հիմա, որ հարցնեն, թե որտեղ եմ նկարչության գնում, ի՞նչ ասեմ. կողքի գյո՞ւղ, բայց չէ՞որ մենք արդեն մի գյուղ ենք. էլ Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար կամ Ջուջևան չի լինելու, արդեն Նոյեմբերյան է: Մեկի մոտ էլ ասեն նոյեմբերյանցի, կասեն հենց Նոյեմբերյան քաղաքում ա ապրում: Երբ գնում եմ նկարչության, էնտեղի ընկերներս կատակում են. «Ի՞նչ կա համագյուղացի, ո՞նց ես»,- ու էդպես ամեն տեսնելիս:
Ճիշտ է, ճանապարհի մոտից հանելու են ցուցանակները, որոնց վրա գրված է լինելու Բաղանիս, Ոսկևան, Ջուջևան, բայց մեկ է, Բաղանիսը մնալու է Բաղանիս, Ոսկևանը՝ Ոսկևան:
Բոլորս էլ գիտենք‚ որ բարձր դասարանների հասնելուն պես երեխաների մեծամասնությունը ընտրում է իրեն հոգեհարազատ մասնագիտություն և հաճախում համապատասխան մասնավոր պարապմունքների։ Մեր գյուղում կան երեխաներ, ովքեր հաճախում են անգլերենի պարապմունքների։ Անգլերենի պարապմունքներին հաճախելու համար նրանք միշտ դասերի վերջի ժամերից իրավունք են վերցնում‚ որպեսզի կարողանան ժամանակին տեղ հասնել։ Ասելիքս այն է‚ որ գյուղում չկա պարապմունքների հաճախելու հնարավորություն։
Կլիներ մոտավորապես 30 տարի առաջ, երբ մեր գյուղացի` բաղանիսցի Ռազմիկը գյուղում բացեց կարատեի կամ թեքվանդոյի խմբակ։ Խմբակը մի քանի շաբաթ էր, ինչ բացվել էր‚ բայց այնքան մարդ էր հավաքվել, կարծես մի քանի տարի էր, ինչ գործում էր։ Կարատեին հաճախում էին նաև հարևան գյուղի երեխաները։ Խմբակը օր-օրի ավելի էր կատարելագործվում և հետաքրքրանում։ Արդեն այնքան էր զարգացել‚ որ մասնակցում էին նաև Հայաստանի կարատեի մրցույթներին։ Մի քանի մրցույթի մասնակցելով մեծ հաջողությունների հասան։ Բաղանիսի կարատեի հիմնադիր կամ, ինչպես մենք ենք ասում, ընկեր Ռազմիկի սան Հովհաննես Ավագյանը հաղթեց կարատեի մրցումների ժամանակ և Հայաստանում առաջին տեղը գրավեց։ Հաղթանակի մասին իմանալուց հետո նույնպես մեծ թվով երեխաներ ոգևորվեցին և ցանկացան ընդունվել ընկեր Ռազմիկի մոտ` հույս ունենալով‚ որ իրենք նույնպես կարող են մեծ հաջողությունների հասնել։ Սակայն երեխաների երազանքները կիսատ մնացին և այդպես էլ չիրականացան։ Պատճառը շինությունն էր և մարզական իրերը‚ որոնք չկային։ Պարապմունքը սկզբում անց էր կացվում հարևան գյուղերի դպրոցի դահլիճներում, որոնք ավելի մեծ էին և ավելի հարմար։ Սակայն դպրոցի տնօրենը տեղեկացրել էր‚ որ պետք է լքեն դահլիճը և այլևս չվերադառնան։ Խումբը որոշ ժամանակ պարապմունքը անց կացրեց Բաղանիսի լքված մանկապարտեզի սենյակներում։ Բայց այդ ամենը մի քանի ամիս տևեց, որովհետև երեխաները հրաժարվեցին շարունակել մարզվել այդպիսի միջավայրում։ Եթե պարապմունքները շարունակվեին, ես չէի կասկածում‚ որ ավելի մեծ հաջողությունների կհասնեին։
Նմանատիպ իրավիճակում գտնվում նաև ես‚ որ նկարչություն սովորելու համար համար հաճախում եմ հարևան Ոսկևան գյուղ։ Հույս ունեմ, որ այն կարատեի խմբակի նման չի փակվի։

