
Լուսանկարը` Լիա Ավագյանի
Մի քիչ պատմեմ ծրագրի մասին: Ուրեմն՝ երեխաները սովորում են ազգագրական և հայրենասիրական պարեր ու երգեր: Ճանաչում են մեր ազգային հերոսներին: Դիտում նրանց մասին ֆիլմեր: Կազմակերպվում են տրամաբանական խաղեր, որոնց ընթացքում ժպիտների ու ծափահարությունների պակաս չի լինում: Երեկոյան ժամերին ամբողջ գյուղը վարակվում է ծիծաղով: Բոլորը վազում են այս կողմ -այն կողմ, երգում իրենց սովորած երգերը, պարում պարեր:

Լուսանկարը` Լիա Ավագյանի
Ու այս ամենի հետ մեկտեղ երեխաների բարձր ծիծաղից ծնողների ոգևորությունից զատ այսօր աչքովս ընկավ մի պապիկ, ում անկեղծ, չէի ճանաչում: Նրանից շատ ոգևորվեցի: Մնչև վերջ մնաց, տեսավ երեխաների խաղը, ծիծաղեց նրանց հետ միասին: Երևի նա էլ գյուղում վաղո՜ւց այդքան շատ երեխա հավաքված չէր տեսել:

Լուսանկարը` Լիա Ավագյանի
Մեր գյուղում` Ներքին Կարմիրաղբյուրում, հազվադեպ են այսպիսի միջոցառումներ կազմակերպվում, երևի նրա համար, որ սահմանին շատ մոտ ենք: Բայց անգամ այս օրերին ոչ ոք ուշադրություն չի դարձնում մի քանի հարյուր մետր այն կողմում գտնվող թշնամուն, ավելին մենք մեր ժպիտներով ու բարձր ծիծաղով լսեցնել ենք տալիս թշնամուն, որ այստեղ ենք, մնալու ենք, պահելու ենք մեր սահմանները և էլ ավելի բարձր ու զրնգուն ծիծաղելու:
Չէ որ երեխանների ժպիտներից թանկ ուրիշ բան չկա, մանավանդ եթե ժպտում է սահմանապահ երեխան, ուրեմն մնացած մեծ ու փոքրերը ընկճվելու առիթ չպետք է ունենան:




Մեր ընտանիքում մեղվաբուծությունը սերնդից սերունդ է փոխանցվում: Տատս ասում է, որ պապիկս է մի քանի մեղվի փեթակներ գնել և սկսել զարգացնել մեղվաբուծությունը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Այդ մի քանի փեթակներին ավելացրել է մի քանիսը ևս, ու այդպես շարունակ: Պապիս չորս զավակներից հիմա նրա գործը շարունակում է հայրիկս` պատճառաբանելով, որ մեր տարածաշրջանի`Տավուշի մարզի համար, ամենահարմար գործերից մեկը մեղվաբուծությունն է: Այս գործի ամենահամեղ ամիսը բառիս բուն իմաստով օգոստոսն է: Հենց այդ ամսվա սկզբին ենք մենք ամբողջ տարվա մեղրը քամում: Հիմա պատմեմ, թե ոնց է տեղի ունենում այդ գործընթացը: Մեր ընտանիքում բոլորս ունենք մեզ տրված հատուկ հանձնարարությունը: Հայրիկս ու մայրիկս մեղվի փեթակներից հանում են շրջանակները, բերում դասավոռում են տանը, հետո հատուկ դանակով գլխի շերտը քերում ենք (որպեսզի սարքի մեջ դնելուց հետո ավելի հեշտ դուրս գա մեղրը միջից) ու տեղադրում մեղր քամող սարքի մեջ: Այդ սարքը հենց այնպես չի աշխատում: Պետք է ձեռքով արագ պտտացնել, որպեսզի այդ արագութան տակ մեղրը դուրս գա շրջանակի միջից: Երևի այնքան էլ լավ չնկարագրեցի այդ գործընթացը, երևի հենց այն պատճառով, որ պետք է տեսնել և անմիջական մասնակցություն ունենալ դրանում: Աշխարի ամենահանգիստ և «համեղ» մասնագիտություններից մեկն է, չնայած ես դա մասնագիտություն չեմ համարում, այլ ապրելակերպ: Հիմա բացատրեմ` ինչու: Որովհետև եթե մտնում էս այդ գործի մեջ ու սիրով կատարում այն, ապա այդ պարագայում ոչ թե մեղվաբուծությունն օգտագործում ես որպես մասնագիտություն, այլ ապրում դրանով: