Հաջորդ մեղվաբույծը

Մեր ընտանիքում մեղվաբուծությունը սերնդից սերունդ է փոխանցվում: Տատս ասում է, որ պապիկս է մի քանի մեղվի փեթակներ գնել և սկսել զարգացնել մեղվաբուծությունը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Այդ մի քանի փեթակներին ավելացրել է մի քանիսը ևս, ու այդպես շարունակ: Պապիս չորս զավակներից հիմա նրա գործը շարունակում է հայրիկս` պատճառաբանելով, որ մեր տարածաշրջանի`Տավուշի մարզի համար, ամենահարմար գործերից մեկը  մեղվաբուծությունն է: Այս գործի ամենահամեղ ամիսը բառիս բուն իմաստով օգոստոսն է: Հենց այդ ամսվա սկզբին ենք մենք ամբողջ տարվա մեղրը քամում: Հիմա պատմեմ, թե ոնց է տեղի ունենում այդ գործընթացը: Մեր ընտանիքում բոլորս ունենք մեզ տրված հատուկ հանձնարարությունը: Հայրիկս ու մայրիկս մեղվի փեթակներից հանում են շրջանակները, բերում դասավոռում են տանը, հետո հատուկ դանակով գլխի շերտը քերում ենք (որպեսզի սարքի մեջ դնելուց հետո ավելի հեշտ դուրս գա մեղրը միջից) ու տեղադրում մեղր քամող սարքի մեջ: Այդ սարքը հենց այնպես չի աշխատում: Պետք է ձեռքով արագ պտտացնել, որպեսզի այդ արագութան տակ մեղրը դուրս գա շրջանակի միջից: Երևի այնքան էլ լավ չնկարագրեցի այդ գործընթացը, երևի հենց այն պատճառով, որ պետք է տեսնել և անմիջական մասնակցություն ունենալ դրանում: Աշխարի ամենահանգիստ և «համեղ» մասնագիտություններից մեկն է, չնայած ես դա մասնագիտություն չեմ համարում, այլ ապրելակերպ: Հիմա բացատրեմ` ինչու: Որովհետև եթե մտնում էս այդ գործի մեջ ու սիրով կատարում այն, ապա այդ պարագայում ոչ թե մեղվաբուծությունն օգտագործում ես որպես մասնագիտություն, այլ ապրում դրանով:

Ինձ թվում է, հենց դա է որակյալ մեղր ստանալու գաղտնիքը: Հիմա մտածում եմ, բացի հիմնական մասնագիտություն ստանալուց, արդյո՞ք շարունակեմ հայրիկիս գործը ու դառնամ հաջորդ մեղվաբույծը: Դեռ կմտածեմ: