Դևի բույնը

Լուսանկարը` Անահիտ Ստեփանյանի

Լուսանկարը` Անահիտ Ստեփանյանի

-Անահիտ, ե՞րբ ես այգուց ազնվամորի հավաքելու, եթե էսպես շարունակես, հաստատ այս տարի ազնվամորու հյութ չես խմի։

-Տատիկ, հիմա կգնամ, բայց այդ անիծյալ այգին այնքան հեռու է, որ ալարկոտություն եմ անում։

-Չեմուչում չկա, արագացրու գնա։

Դե, ես ճանապարհ ընկա, ինձ զրուցակից եղավ մեր գյուղի Աբել պապը։ Ինչ խոսք, նրա հետ քայլելը և զրուցելը ինձ համար պատիվ էր, նա եղել է ժամանակի ամենագիտուն մարդկանցից մեկը և նախկին գյուղապետը։ Քայլեցինք միասին և նստեցինք մեր գյուղի ամենագեղեցիկ վայրերից մեկում։

Աբել պապիկը սկսեց պատմել մի պատմություն։

-Այս վայրը հնում անվանել են «Դևի բույն», իբրև թե այն ժամանակ այստեղ ապրել է դև, որպեսզի մարդիկ չգային և չդիտեին մայրամուտը, որովհետև այստեղ ամեն բան դյութական էր։ Այնքան դյութական էր այդ ամենը, կարծես թե մի ամբողջ աշխարհ ու արև է կրում իր ներսում, և ոչ ոք չկա, որ այն խլի քեզնից, որովհետև կա այնքան բարություն, անսահման սեր ու ազնվություն, որ կարող ես խենթանալ։ Ըստ լեգենդի՝ մի տղա ու մի աղջիկ են լինում, նրանք անսահման շատ էին միմյանց սիրում և ամեն մայրամուտի այցելում էին իրենց մատուռը, որտեղ միշտ վառ էր սիրո անմար կրակը։ Բայց տղան անհետանում է որոշ ժամանակով, աղջիկը փնտրում էր նրան ամենուր։ Հանկարծակի հայտնվում է տղան և ասում, որ այլևս չի սիրում աղջկան, և նրա համար լավ կլինի, որ իրարից հեռու լինեն, և կրկին անհետանում է։ Անհույս աղջիկը անիծում է տղային, որ եթե նա սիրահարվի իրենից ավելի գեղեցիկ և ավելի խելացի աղջկա, անմիջապես դև դառնա։ Աղջիկն անհետանում է արջ կոչվող ժայռի մեջ, իսկ տղան վերածվում է դևի և ոչ ոքի չի թողնում դիտել մայրամուտը։ Նա բնակվում է Արջ կոչվող ժայռի ամենախորքում, և ժողովուրդն այդ տեղն անվանում է Դևի բույն։ Այդ տեղն այնքան անիծված էր, որ անդադար անձրևներ էին տեղում, անգամ երկինքն էր սգում կատարվածը, դրանից էլ այդտեղ գոյացավ լիճ՝ ներքևում թողնելով դևի բույնը։

Լուսանկարը` Անահիտ Ստեփանյանի

Լուսանկարը` Անահիտ Ստեփանյանի

Մնացել է միայն արջի լայն բացված բերանը, որ կարծես թե մխրճված էր ջրի մեջ, իսկ վերևում կա սիրո այն մատուռը, որտեղ միշտ վառվում է սիրո անմար կրակը սիրահար մարդկանց կողմից։

Այսպես էլ մեր գյուղի Աբել պապի հետ զրուցելով և հետաքրքիր պատմություններ պատմելով տեղ հասանք։ Իսկ ես վերջապես հավաքեցի բոլոր ազնվամորիները։