
Լուսանկարը՝ Լաուրա Գրիգորյանի
Շատերը ցանկանում են նմանվել դերասաններին, պարողներին և այլ հայտնի դեմքերի: Ես էլ մի ժամանակ ցանկանում էի նմանվել Տաեռա Բենքսին, որովհետև նա մինչև մոդել դառնալը շատ փորձություններ էր հաղթահարել, դիմակայել էր կյանքի դժվարություններին և հասել իր երազանքին: Կար ժամանակ, երբ ուզում էի նմանվել «Մուսա լեռան 40 օրը» գրքի գլխավոր հերոսին` Գաբրիել Բագրատյանին: Նրա համար, որ շատ խելացի էր և կարողացավ միավորել հավատը կորցրած ժողովրդին և նրանց մեջ սերմանել հաղթանակի ոգին: Բայց հիմա ուզում եմ նմանվել մայրիկիս՝ Լազային: Նա շատ խելացի, համբերատար կին է: Գիտի ինչպես լեզու գտնել ցանկացած մարդու հետ, ցանկացած վայրում և ցանկացած պարագայում: Դա երևի իր մասնագիտությունից է, նա նոտար է: Նաև ուզում եմ նմանվել հայրիկիս՝ Մինասին: Նա իմ մեջ սերմանել է հաղթանակի ոգին, որ պարտության դեպքում պետք չէ հուսահատվել և հարկավոր է ավելի շատ աշխատել` նպատակին հասնելու համար: Նրան նայելով հասկանում եմ, որ պետք է հայրենիքիս պատմությունը լավ իմանամ, որ ազգիս պիտանի մարդ դառնամ:
Եղանակը կարող է լինել բարի, հոգատար, հաճելի և, միևնույն ժամանակ, դաժան: Թե, որտեղի՞ց այդքան դաժանություն՝ դժվար է ասել, միգուցե ինչ որ մեկը տրորե՞լ է նրա ոտքը, թե՞ ցավ է պատճառել, իսկ հնարավոր է, որ նա էլ փոքրիկ երեխայի նման ցանկացել է մի քիչ զվարճանալ….
Առավոտյան, երբ արթնացա, արևի շողերը ինձ գրկեցին՝ ասես ջերմություն ներշնչեցին: Իսկ երեկոյան եղանակը այնպիսի դաժան խաղ խաղաց մարդկանց հետ, որ թվաց, թե պատերազմ է սկսվել, ուր որ է` թշնամին կմոտենա ու իր ներկայությունը ցույց կտա, ահա մի քիչ էլ, ու նա կգա, բայց սպասումներն ապարդյուն եղան, ոչ ոք չեկավ, ոչ մի թշնամի: Այդ պահին մեր թշնամին եղանակն էր: Մոլորված պտտահողմը վայրագ թշնամու նման, ներխուժեց մեր գյուղ՝ Թթուջուր: Ավերեց տանիքները, արմատախիլ արեց ծառերը, մեծ վնաս հասցրեց բնակչությանը…
Ես ձեզ կներկայացնեմ երկու հետաքրքիր մարդկանց մասին պատմություն, որոնց ճակատագրերը վերջ ի վերջո միահյուսվում են: Նրանք միասին ստեղծում են իրենց համատեղ կյանքի պատմությունը: Նրանց կյանքը նման էր հեքիաթի: Այս պատմության գլխավոր հերոսը՝ Սարգիսը, ուներ վեց երեխա, որոնցից ամենափոքրը երեք տարեկան էր, երբ կինը մահանում է: Ամուսինը փորձում էր երեխաների համար երկրորդ մայր գտնել, սակայն երկար ու ձիգ տարիներ հալալ կաթնակեր նրան չի հանդիպում: Եվ ի վերջո, ավագ որդու միջնորդությամբ նա ամուսնանում է չորս անչափահաս երեխաների մայր Նարգիզի հետ, որը նոր էր վերադարձել աքսորից: Նարգիզին աքսորել էին, քանի որ նրա ամուսինը՝ Մեժլումը, եղել էր Վլասովի բանակի մարտիկ: Նարգիզը և Սարգիսը համատեղ կյանքի ընթացքում ունեցան երկու դուստր: Նրանց տասներկու երեխաներն էլ իրար հետ մեծացան: Բոլորին հավասար աչքով էին նայում, բոլորին հավասար էին սիրում, և նրանցից ոչ մեկը երբեք խորթություն չի զգացել: Վաղուց չկան Նարգիզն ու Սարգիսը, սակայն նրանց ստեղծած ընտանիքի անդամները միշտ վառ են պահում ծնողների հիշատակը: Այսքանից հետո ուզում եմ ասել, որ Սարգիս Սարգսյանը իմ հայրիկի պապիկն է: