lilit grigoryan

C. A. M. P.-ի մասին

2017 թվականի սեպտեմբերի 16-19 Աղվերանի «Կրիստալ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ C.A.M.P. (Cultural Awareness Migrants Program) ծրագիրը՝ հաստատված Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից: Ծրագրի հիմնական նպատակը ինտեգրված հասարակության կառուցումն էր՝ տեղացի և սիրիահայ երիտասարդների մշակութային գիտակցության մակարդակը բարձրացնելու և նրանց միջև միջմշակութային երկխոսություն ստեղծելու միջոցով: Ծրագրին դիմել էին 300 մասնակիցներ, որոնցից միայն քառասունս հնարավորություն ստացանք մասնակցելու ճամբարին: 4-օրյա այս ծրագիրը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու մշակութային բազմազանությանը, Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ծրագրերին, մարդու իրավունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու, հասկանալու գենդերային հավասարության ճշմարիտ էությունը, մասնակցելու տարբեր թեմաներով բանավեճերի: Այս ամենից զատ՝ մասնակցեցինք ինտելեկտուալ խաղերի, ժամանցային ծրագրերի, երեկույթների: Մի խոսքով՝ ակտիվ հանգիստ ակտիվ միջավայրում:

Իսկ հիմա՝ պաշտոնական ինֆորմացիան հաղորդելուց հետո, ուզում եմ սովորությանս համաձայն կիսվել հաճելի տպավորություններով: Կթվա ինքնավստահություն, բայց դիմելիս համոզված էի, որ ընտրվելու ու մասնակցելու եմ քեմփին: Ամենը պայմանավորված է նրանով, որ ես հավատում եմ նրան, ինչ անում եմ ու չեմ սիրում պարտված դուրս գալ ինչ-որ բանից: Լավ, պատմեմ այն մասին, թե ինչքան շատ ուրախացա, երբ եկավ սեպտեմբերի 16-ն ու գնացինք «Հայ մարզային երիտասարդություն» ՀԿ-ի գրասենյակ, որպեսզի այնտեղից շարժվենք դեպի Աղվերան: Ուրախությունս ոչ այդքան այդ օրն էր, մեր այնտեղ հավաքվելը, կամ թե այլ բան, այլ 17-ի ընտանիքի անդամներից մեկին՝ Վահեին առաջին անգամ տեսնելը (երկար էինք սպասել): Դե, հետո արդեն «Sevan Startup Summit»-ի ընտանիքի ամենատպավորիչ ու առանձնահատուկ անդամներից մեկին՝ Մայային տեսա, հանդիպեցի և՛ տարօրինակ, և՛ կասկածելի, և՛ հաճելի դեմքերի ու իսկապես առաջին վայրկյանից սկսեցի մշակութային բազմազանությանը անմիջականորեն առնչվել ու մտածել այդ մասին:
Երևի երկար-բարակ չխոսեմ քեմփի ընթացքում օրակարգային իրադարձությունների մասին, որովհետև ապացուցված բան է, որ մարդկանց միշտ դուր է գալիս որևէ բանի անլուրջ ու արկածային մասը: Հա՛, իրականում մեր հրաշք սեմինարավարների և իրազեկ մասնակիցների շնորհիվ ես վերջապես հասկացա, թե ինչ է գենդերային հավասարությունը, ինչպես կարելի է ոչ ֆորմալ կրթական միջավայրում ավելի մեծ գիտելիքներ քաղել ու մարդու իրավունքներից վերցնել իմն ու պաշտպանել դրանք: Բայց, դե այսպիսի ծրագրերի ժամանակ մարդկային շփումը, նոր տեսակներ հայտնաբերելը մեկ այլ հաճույք է: Սկզբից ևեթ ինձ երջանկացրել էր այն գաղափարը, որ ժամանակս անցկացնելու եմ ոչ միայն տեղացի, այլ սիրիահայ երիտասարդների հետ, ու երբ ինձ քեմփի մասին էին հարցնում, անպայման շեշտում էի դա ու ժպտում: Ես զգում էի մարդկանց, ովքեր իրենց մեջ կեղծիքի նշույլ անգամ չունեին:
Մի քիչ էլ տիպիկ հայերիս մասին խոսեմ: Դե, իրականում այդքան խորանալու կարիք չեմ տեսնում, ուղղակի ուզում եմ ասել, որ 40-ի հետ էլ ուժեղ կապվեցի, որովհետև նրանք իրարից տարբեր էին: Նրանք ունեին տարբեր մասնագիտություններ, կարծիքներ, տարբեր ու մեկը մյուսից գեղեցիկ, աչքին հաճելի արտաքին, տարբեր էին նրանց ճաշակները, մոտեցումները, տաղանդները և այլն: «Եվ այլն»-ը իր մեջ ներառում է արտաքինի հետ կապված մի քանի բաներ ու բնավորության էլի տարբեր, շատ անգամ՝ ծայրահեղ գծեր: Հետաքրքիր է, որ խառը տեսակները մի տանիքի տակ հաշտ ու համերաշխ ապրեցին, անձնական մշակույթներով փոխանակվեցին, գտան իրար մեջ լավագույն ընկերներ, սիրեցին իրար, հետո 19-ից սկսած էլ՝ կարոտեցին: Ես երրորդ դեմքով եմ խոսում, բայց ասածներիս մեջ ինձ էլ պատկերացրեք:
Իրականում այս ամենն այսքան լավը չէր լինի, եթե չլիներ կազմակերպչական հրաշք խումբը: Ծրագրի ղեկավար Սաթեն ու կազմակերպիչներից յուրաքանչյուրը մեզ համար ստեղծեցին ապահով, գեղեցիկ, գիտելիքով լեցուն, հարգալից միջավայր, որի համար շնորհակալություն բառը օրվա մեջ մեկ քայլ անելու պես չնչին բան կթվա: Նրանք անընդհատ հետևում էին մեզ, հոգ տանում մեր մասին, աշխատում, ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի մենք գոհ ու երջանիկ լինենք մեր օրերից: Իսկապես, հաջողվեց: Ու, իսկապես,, շատ սիրեցինք նրանց:
Մենք սովորականի պես ապրում էինք մեր չորս օրերը՝ խաղալով մաֆիա, փարթիներ կազմակերպելով, խարույկի շուրջը հաճելի մի քանի ժամ անցկացնելով, որոնելով տարածքում թաքնված քաղցրահամ գանձերը, կիսելով մեր կյանքի փորձը, ծիծաղելի դեպքերը, պարելով տարբեր ազգային պարեր ու, նորից նշեմ, սիրելով ու հարգելով միմյանց «ես»-երը:

Տարբեր էինք մենք, ու դա էր հենց մշակութային երկխոսության գլխավոր նախապայմանը: