Տարվա սկզբում ստանալով մեր դասացուցակը՝ բոլորս մի լավ զարմացանք՝ կարդալով չորեքշաբթի օրվա վերջին դասը՝ տրամաբանություն: Ոչ մեկս տեղյակ չէինք, որ դասացուցակում ավելացում էր լինելու՝ այն էլ այդքան տարօրինակ ու անսովոր առարկա: Դասղեկս մեզ հայտնեց, որ տրամաբանություն մեզ դասավանդելու է դասախոս՝ ուղարկված համալսարանից: Այստեղ մեր հետաքրքրասիրությունը կրկնապատկվեց՝ այժմ մեզ հետաքրքիր էր ոչ միայն այն, թե ինչ է իրենից ներկայացնում նոր առարկան, այլև այն, թե ով է լինելու մեր դասախոսը: Վերջապես եկավ երկար սպասված չորեքշաբթին: Մենք անընդհատ մտածում էինք դասախոսի մասին:
-Իսկ ի՞նչ եք մտածում, տղա՞ ա, թե՞ աղջիկ,- վերջապես երեխաներից մեկը բարձրաձայնեց բոլորիս հուզող հարցը:
-Աղջիկ ա, բոյով, սիրուն,- երազեցին տղաները:
-Չէ, կին ա, մեծ ու չաղ, անդուր,- կատակեցին մյուսները:
-Իսկ իմ կարծիքով միջին տարիքի տղամարդ ա, ահավոր սրամիտ ու հումորով,- ասացի ես:
Երբ վերջապես եկավ յոթերորդ ժամը, պարզվեց, որ մեր դասախոսը չի եկել: Կամ դպրոցի տեղն էր մոռացել, կամ ժամերը խառնել: Հուսահատված գնացինք տուն: Մինչ մյուս չորեքշաբթի ամեն օր ինձ սկսում էր ավելի հետաքրքրել նոր առարկան: Մյուս չորեքշաբթի նորից սկսվել էր դասախոսի արտաքին տեսքի նկարագրության գուշակությունները, երբ դասարան մտավ դասղեկս: Նա մենակ չէր:
-Էս տղեն ո՞վ ա,- հանգիստ արտահայտվեցին ոմանք, մտածելով, որ մտնողը 12-րդ դասարանցի է:
Պարզվեց, որ «էդ տղեն» մեր դասախոսն էր: Առաջին ժամին նա անդադար քայլում էր և խոսում տարբեր հասկացությունների մասին: Նրան լսելը շատ հաճելի էր, խոստովանում եմ, դա մասամբ կարող է նաև պայմանավորված լինել իմ աղջիկ լինելով: Դասի վերջում նա մեզ հանձնարարեց մտածել աթոռի մասին, որի մասին խոսել էինք դասի ժամանակ: Մենք մի ամբողջ շաբաթ կատակեցինք աթոռի վերաբերյալ, բայց մյուս չորեքշաբթի օրը պարզվեց, որ բոլորս էլ կատակով կամ լուրջ, կամ կեսկատակ-կեսլուրջ մտածել էինք աթոռի մասին: