
Ազատ տարածք խորագրի արխիվներ


Կորեական դրամա
Համացանցով շփվում էի ընկերուհուս հետ, որին երկար ժամանակ չէի տեսել։ Հանկարծ խոսակցությունն ընդհատեց նրա այս խոսքը.
-Էլի՛զ, լրջացի՛, հիմա իրական պատմություն եմ պատմելու։
-Ապա՞։
-Այսօր նստած էի, մեկ էլ օդում մի հոգնած թթվածին տեսա։
-Ա՜զ, ես քեզ ինչքան բացահայտեմ, մեկ է՝ դեռ բացահայտելու տեղ կունենամ։ Լավ, շարունակի՛ր։
-Հա՛, լսի. ոտքը դրեց ածխաթթու գազի վրա ու սահեց։
-Հետո՞։
-Օգնության հասան քլորն ու ազոտը։
-Բա վե՞րջը։
-Էլ ի՞նչ վերջ, էս ածխաթթու գազը խեղճ թթվածնին տարավ «Կիսաբաց թոքեր»։
-Վա՜յ, ինչո՞ւ։
-Պարզվեց՝ ազոտը թթվածնի մայրն էր, ու իրեն մայրական իրավունքներից զրկեցին։
-Լա՛վ, բա դու ի՞նչ արեցիր։
-Մի հատ հազացի, ամեն ինչ ընկավ իր տեղը։
-Ազնա՞ր, բա չխղճացի՞ր։
-Դե, ես էլ էի կապվել արդեն իրենց հետ, ալերգիաս ու փոշին էին պատճառը։
-Փաստորեն ալերգիադ չէր սիրում էդ սերիալը։
-Պարզվեց, որ չէ, չէր սիրում։
-Լա՛վ, Ազ, քեզ մի հարց ունեմ՝ քիմիայի ժամի՞ն էիր պարապ մնացել, թե՞ վերջին նայածդ դրաման հետաքրքիր չէր։
Դե, մենք երկուսով հետաքրքրված ենք կորեական դորամաներով։ Ահա այստեղից էլ զարգացել է մեր երևակայությունը, բայց այսպիսի պատմության ոչ մի կերպ չէի սպասում։
-Էլ մի ասա, մի քանի դրամա պիտի դուրս գա, սպասում եմ դուրս գան, որ նայեմ, ու ձանձրույթս անցնի։
-Դե, հաջորդ անգամ եթե այսքան հետաքրքիր պատմությունների մեջ ընկնես, ինձ էլ կանչիր։
Հույսի միջանցքը. Որոտնավանք

Լուսանկարը՝ Անի Ասրյանի
Որոտնավանքը կառուցվել է 1000 թվականին՝ Շահանդուխտ թագուհու հրամանով։ Գործը շարունակել է նրա որդին։ Վանքը գտնվում է Լեռնային Սյունիքում։ Վանք են այցելում հարակից Վաղատին գյուղի բնակիչները։ Միախառնվելով Սյունյաց բնությանը՝ վանքի մի մասը կանաչապատվել է, իսկ մյուս մասի գունավորումը համապատասխանում է մոտակայքում գտնվող լեռներին։ Վանքի կառույցը շատ հետաքրքիր է։ Բացի եկեղեցու կառույցից կան փոքրիկ մատուռներ, որոնք ունեն մեկ մետր հաստություն ունեցող պարիսպներ։ Վանքի ներքին կառուցվածքն էլ ավելի հետաքրքիր է։ Այն կառուցելիս կանխազգացել են ապագա վտանգը, և թագուհին հրամայել է գաղտնի միջանցք բացել հենց վանքի սրահում, որը ձգվում է մինչև Տաթևի վանք։
1921 թվականը վճռորոշ եղավ վանքի համար։ Զանգեզուրի կռիվների ժամանակ թուրքական ջոկատը սկսեց ավերել հայկական բոլոր եկեղեցիները։ Դրանց շարքում դասվեց նաև Որոտնավանքը։ Հարակից գյուղի բնակիչները ջարդից փրկվելու միջոցը գտել են եկեղեցում։ Ավանդույթի համաձայն՝ հայերը մտածել են, որ թշնամին եկեղեցին չի պղծի իր սառնասիրտ քայլերով, սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Զոհեր տալով՝ բնակիչները բացել են միջանցքը և փախուստի դիմել։ Ասում են՝ թուրքերի առաջխաղացումը կանխելու նպատակով միջանցքը պայթյունի միջոցով փակել են։ Զոհերին հուղարկավորել են վանքի տարածքում։ Ավանդույթը պատմում է, որ այդ դեպքից հետո եկեղեցու ներսում մի օձ են հայտնաբերել։ Սա պարզապես ավանդույթ չէ այն մարդկանց համար, որոնք տեսել են այդ օձին։ Ես նույնպես տեսել եմ։ Երբ տեսա օձին, աննկարագրելի զգացողություն էր՝ վախ, սարսափ, բայց օձը ոչինչ չարեց։ Ես տեսել եմ նրա պոչի կեսը, հսկա էր, կյանքումս տեսած միակ մեծությունը։ Ավանդույթի համաձայն, օձի չափերը հասնում են 10 մետրի: Երբ ինչ-որ մեկը փորձում է մոտենալ միջանցքին, օձը ձայն է հանում: Արդեն երկու տարի է, ինչ ոչ ոք չի տեսնում օձին, բայց կարծես նրա հոգին մնացած լինի վանքի տարածքում: Գյուղից Արտաշես պապին պատմում է․
-Մի անգամ քացի պեխի քաղիլի, մին էլ քարի կողկավ մի մեծ պան անց կցավ, եշեմ տեսնամ՝ օձ ա, էն էլ ինչ օձ, է՜։ Որ թողաս՝ մարդ էլ կուտի, կլոխը գառան գլխի չափ ա։
-Իսկ ի՞նչ արեցիք։
-Բալիկ ջան, օձին երբեք չպետք ա կպնես, քարավ խփես, թե չէ հաստատ կկծի։ Ես սուս կաղնամ մինչև ինքը քաց մտավ պունը, ես էլ շարունակամ գործս։
-Իսկ չվախեցա՞ք։
-Չէ՜, վախիլի պան չկա։

Լուսանկարը՝ Անի Ասրյանի
Վանքին առանձնակի շուք է հաղորդում բնական դիրքը։ Վանքի գավթից բացվում է հրաշալի բնապատկեր՝ Որոտանի կիրճը, իսկ ստորոտով հոսում է Որոտան գետը՝ իր կարկաչուն ձայնը տարածելով վանքի շրջակայքում։ Մամռոտված պատերի միջից ջերմություն է սփռվում ձորերում առկա բնակավայրերին։ Վանքը ունի մեծ և տպավորիչ պատմություն, սակայն մոռացված է բոլորիս կողմից։
Կիրակի օրերին մենք Դարբասից հասնում ենք այնտեղ և Պատարագ մատուցում։ Փորձում ենք վերականգնել այն ջերմությունը, որը խլվեց 1931 թվականին։
Հարության շաբաթ
- Լուսանկարը՝ Արաքսյա Ազիզյանի. Արարատի մարզ, գ. Վերին Արտաշատ
- Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի. Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ
- Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի. Արագածոտնի մարզ, գ. Ոսկեհատ
- Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի. Վայոց ձորի մարզ, գ. Մալիշկա
- Լուսանկարը՝ Սեդա Հարությունյանի. Կոտայքի մարզ, ք. Հրազդան
- Լուսանկարը՝ Տաթև Աղազարյանի. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ
- Լուսանկարը՝ Արաքսյա Ազիզյանի. Արարատի մարզ, գ. Վերին Արտաշատ
- Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի. Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ
- Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի. Շիրակի մարզ, ք. Գյումրի
- Լուսանկարը՝ Արաքսյա Ազիզյանի. Արարատի մարզ, գ. Վերին Արտաշատ

Կարոտում եմ, շա՜տ եմ կարոտում…
-Ինչու՞ է Աստված լավ մարդկանց խլում մեզնից, իսկ վատերին թողնու՞մ:
-Իսկ եթե դու մտնես պարտեզ, ո՞ր ծաղիկը առաջինը կպոկես:
-Դե, ավելի գեղեցիկը:
Իսկ ե՞ս, իսկ եթե ես մտնեմ պարտե՞զ… Ես էլ նույնը կանեմ… Բայց, բայց եթե միայն իմանամ, որ իմ՝ գեղեցիկ ծաղիկները թփի վրա թողնելուն զուգահեռ, Աստված էլ լավ մարդկանց մեր կողքին կթողնի, եթե միայն իմանամ, ես չեմ պոկի դրանք, հա, հա, չեմ պոկի… Կբավարարվեմ միայն դրանց հեռվից նայելով ու կհեռանամ, ու ես անգամ վատ ու տգեղ ծաղիկները չեմ պոկի… Այդ վատը, որ գուցե միայն ինձ համար է այդպիսին, հնարավոր է՝ մեկ ուրիշի համար շատ ավելի լավը լինի, քան այն մյուսը… Դե, ի՞նչ տարբերություն… Մարդկանց դեպքում էլ գրեթե նույնն է… Մեզնից յուրաքանչյուրը գոնե մի մարդու տանել չի կարողանում, թեկուզ հենց այնպես, առանց պատճառի… Հնարավոր է, որ այդ մարդն իսկապես շա՜տ վատն է, բայց, բայց ինչքան էլ որ նա վատը լինի, աշխարհում անպայման կգտնվի գոնե մեկը, ում համար նա լավագույններից է, եթե ոչ լավագույնը…
Լինում են, չէ՞, պահեր, որ թեկուզ տարիներ են անցնում, բայց չեն մոռացվում… Ու, լինում են, չէ՞, մարդիկ, որ թեկուզ ձեզնից հեռու, բայց միշտ ձեր մտքում են ու երևի դեռ երկար կմնան այդտեղ… Երևի ամենամեծ ցավը մտքումդ ինչ-որ մեկին ունենալն ու լուռ կարոտելն է, երբ գիտես, որ այդ մեկին հանդիպելու հնարավորություն այլևս երբեք, երբեք չես ունենա, որովհետև նրան էլ ոչ ոք, ոչ ոք տեսնել չի կարող… Սարսափելի է, երբ ուզում ես տեսնել նրան, խոսել նրա հետ, գրկել, ասել, թե ինչքան ես սիրում ու կարոտում… Ու հետո, հետո միայն հասկանում ես, որ հիշողությունների հետ խոսել, հիշողություններդ գրկել ու հիշողություններից կարոտդ առնել ուղղակի անզոր ես… Այսքան ժամանակ դեռ ոչ մեկին չի հաջողվել անել դա… Ու միայն հետո դու հասկանում ես, որ քո ունեցածը լոկ հիշողություններ ու անշունչ լուսանկարներ են, էկրանից այն կողմ, կամ, թեկուզ թղթի վրա… Բայց անշունչ են, չէ՞, դրանց հետ խոսելն անհնար է, չէ, գուցե դու խոսես, բայց քո առաջ դրված լուսանկարը քեզ երբեք պատասխան չի տա: Դու կարող ես շարունակ հարցեր տալ ու պատասխան չլսել… Դու կարող ես հարց տալ ու անվերջ սպասել, որ լուսանկարը մի օր քեզ կպատասխանի… Բայց, չէ… Դու կսպասես, կսպասես ու էլի անվերջ կսպասես, իսկ լուսանկարը, այն երբեք էլ քեզ պատասխան չի տա… Դու կշարունակես խոսել, հարցեր տալ, սպասել և ուղղակի լուռ կարոտել… Դու կշարունակես ապրել լուսանկարներով ու հիշողություններով, որ մնացել են…
Ու աշխարհում ինչքան մարդ կա, որ լոկ հիշողություններով է ապրում, ինչքան մարդկ կա, որ ստիպված է բավարարվել միայն լուսանկարներին նայելով… Ինչքա՜ն մարդ այդպես էլ վաղը չի տեսնում, ու ինչքանն են այսօր վերջին անգամ լուսանկարվել… Ոչ ոք չգիտի… Երևի չեն էլ իմանա…
Կարոտում եմ նրանց, ում երկինքն է տարել, ովքեր երկնքում են, շա՜տ եմ կարոտում… Ու ինչքա՜ն կարոտ կա իմ, քո ու մեր նման շատ շատերի մեջ…
Կարոտում եմ, շա՜տ եմ կարոտում…

Անցյալ, որ երբեք հետ չի գա
Ամեն անգամ, երբ մտքերով գնում եմ անցյալ և հիշում եմ այն մարդկանց, որ հիմա չկան՝ երկնքում են, սիրտս կտոր-կտոր է լինում: Երբ հիշում եմ իրենց հետ ապրած ամեն մի վայրկյանը, ուղղակի երանի եմ տալիս այդ օրերին: Մարդիկ, ովքեր ինձ հոգեհարազատ են, մարդիկ, ովքեր ինձ բարեկամ չեն, բայց հարազատ են ինձ, այնպես, ինչպես բարեկամներս: Ու հիմա նրանք չկան, և մարդ, որ ինձ արյունակից է, բայց նրան երբեք չեմ տեսել, չեմ ստացել նրա սերը, չի գրկել ինձ գոնե մեկ անգամ, երբ փոքր ժամանակ լաց եմ եղել, չի սրբել արցունքներս:
Պապիկս… Մարդ, որին չեմ տեսել, բայց սիրում ու հարգում եմ բոլորից առավել: Այս կյանքում կուզեի միայն մի բան. ժամանակը հետ տայի ու գրկեի պապիկիս ամուր-ամուր, ստանայի այն ջերմությունը, որ երբեք չեմ ստացել: Ավա~ղ, այս ամենը ուղղակի երազանք է, որ երբեք իրականություն չի դառնա:
Գիտեք, ամեն անգամ, երբ տեսնում եմ հարևանիս տղային և իր մորը, ինքնըստինքյան աչքերս արցունքոտվում են և ուզում են թափվել աչքերիցս, բայց ես զսպում եմ: Երբ հիշում եմ, որ մայրը կորցրել է իր ավագ որդուն 23 տարեկան հասակում, տխրությունը պարուրում է հոգիս, երբ ամեն անգամ ուզում են թաքցնել իրենց տխրությունը և արցունքները ուղղակի սարսափելի է: Սարսափելի է հիշել այդ վատ դրվագները, մոր լացը, եղբոր կանչը, քույրը… Հիմա համոզվում եմ, որ Աստված առաջինն իր մոտ լավ մարդկանց է տանում: Անցյա~լ, ուրախ պահեր. անմոռանալի օրեր, որ անցկացրել եմ այն մարդկանց հետ, որ հիմա իմ կողքին չեն: Մի մարդ էլ կա, որ իմ կողքին չէ, բայց չեմ կարող նրա մասին գրել, քանի որ դա իմ ուժերից վեր է:
Ախ, եթե իմանայիք, թե որքան եմ ձեզ կարոտել:
Մալիշկայի Զատիկը

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի
Օրը ուրախ չէր ինձ համար: Որոշել էի մարդկանց տներ մտնել, ու Զատիկի թեմայով ֆոտոշարք անել: Էհ, ի՞նչ ֆոտոշարք: Ամբողջ Մալիշկայում հաշված մարդիկ, որ ձու ներկած լինեին: Ոմանք անգամ ինձնից են իմացել, որ էսօր Զատիկ ա: Եկեղեցում էլ առանձնապես բան չկար: Լավ ա՝ երեխեքը միջոցառում էին կազմակերպել, լավ ուրախացրեցին, թեև նրանց անգիրներից բան չէինք հասկանում:

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի
Մի խոսքով, Մալիշկայի Զատիկից պատմելու ոչինչ չկա մի պարզ պատճառով. էստեղ ոչինչ տեղի չի ունեցել:

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի
Հուսանք հետագա սերունդները ավելի համախմբված ու ակտիվ կլինեն: Հուսանք, որ հետագա սերունդները ընդհանրապես կլինեն, կմնան Մալիշկայում էլի, չեն գաղթի: Բայց դա հաստատ չի:

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Ամենաանհոգ թվացողը
Երեկոյան նոր տուն էի եկել։ Նստած էինք խոհանոցում՝ սեղանի շուրջ, թեյ էինք խմում։ Դրսում մութը դեռ չէր հասցրել այնքան խտանալ, որ իրերը, առարկաներն ու անձինք չտարբերվեին իրարից։ Երկուսս էլ չէինք խոսում, պատուհանից դուրս էինք նայում։
Մեզնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող իրենց տան պատշգամբում գլուխը ձեռքածնկախառնով գրկած նստած էր յոթ կամ ութ տարեկան տղա։
-Ման, դուրս նայի։
-Կյանքում էսքան լուրջ չեմ տեսել իրեն։
-Ըհըն, ես էլ էի հենց էդ մտածում։
-Երևի իրա մամային ա կարոտում…
Իրեն միշտ տեսել ենք իրենց բակում հարևան տղաների հետ խաղալիս, իրար վրա «կրակելիս» ու քարեր շպրտելիս։ Հիմա մի վայրկյանում աչքներիս առաջ մեծացել էր, տխրել ու մտածել էր սովորել։
-Ինչքա՜ն ա փոխվել, մեծացել, լրջացել…. չէ՞։
Մի րոպե տևեց մտախոհությունը, նորից վերկացավ, մի քիչ մոլոր շրջեց պատշգամբում, հետո թռվռալով գնաց իրենց ու հարևան տան միջև կանգնած ցանկապատի մոտ.
-Ա…, դո՛ւս արի, խաղանք, է՜։
Իսկ ինձ ինքն աշխարհի ամենաանհոգն էր թվում։

Հավկիթակռիվ
Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Այն նշանակում է՝ անցում, զատում, բաժանում: Քանի որ Զատիկը շարժական տոն է, և յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի, այս տարի նշվում է ապրիլի 16-ին: Զատիկը տարվա ամենագեղեցիկ տոներից է, այն ունի իր յուրահատուկ նշման ձևը:
Աշխարհի բոլոր քրիստոնյաներն այդ օրը հավկիթ են ներկում: Այժմ հավկիթ ներկելու է զարդարելու համար նախատեսված են տարատեսակ ներկանյութեր: Սակայն կարծում եմ ամենագեղեցիկը, սոխի կեղևով ներկած հավկիթն է: Դրա համար մայրիկս Զատիկից առաջ հավաքում է սոխի կեղևները և այդ առավոտյան, արդեն հավկիթը խաշում է սոխի կեղևով: Իսկ երբ հանում ենք հավկիթը, արդեն ալ կարմիր է: Ինչ լավ են մտածել մեր մեծերը…
Ախ~, ինչպես կարող էի մոռանալ հավկիթակռիվը, չէ որ դա երեխաների ամենասիրած պահն է: Ինչու ոչ, նաև մեծերի, չէ,որ այդ պահին նրանք էլ են մանկանում: Հավկիթակռիվը տեղի է ունենում 2 հոգու միջև, երբ հավկիթները խբում են իրար, և ում հավկիթը չջարդվեց՝ նա հաղթում է:
Հիշում եմ մի քանի տարի առաջ մեր դպրոցում Զատիկի տոնին ընդառաջ կազմակերպվում էր միջոցառում: Մեր ամենասիրած միջոցառումն էր դա, երբ յուրաքանչյուր դասարան պատրաստում էր Զատկի ավանդական սեղան, և որ դասարանը ունենար ամենագեղեցիկ և ավանդական սեղանը, այդ դասարանը հաղթում էր: Իսկ դրանից հետո սկսում էինք մեր հավաքույթը: Մի լավ ուրախանում, հավկիթակռիվ էինք խաղում և այդես նշում էինք Զատիկը: Ինչ լավ օրեր էին…
Հա, մոռացա, այդ միջոցառման ժամանակ էլ տեսա ինձ համար ամենամեծ հավկիթը`ջայլամի ձուն, ինչքան էի զարմացել: Այդ հավկիթը քրոջս դասարանի երեխաներից մեկն էր բերել, այդ տարի հենց նրանք հաղթեցին մրցույթում:
Այս տարի Զատիկից առաջ արդեն գարին ցանել էինք, եղբայրս ամեն օր հետևում էր, թե ինչպես է աճում գարին: Այսպես մնում է Զատիկի սեղանի ավանդական ուտեստները պատրաստել:
Մայրիկն էլ կասի.
-Երեխեք, որ հավկիթը ուտում եք՝ դրանով կռվեք: Բոլորը մի ջարդեք, կմնա՝ կփչանա:
Ուրախ Զատիկ եմ մաղթում բոլորիս:

Ես ասելու բան ունեմ
Այն, որ չեմ լսում, չի նշանակում ասելու ոչինչ չունեմ… Բայց երբեմն վախերս խանգարում են ճիշտ ու հանգիստ ապրել: Ապրում եմ լսող ընտանիքում, որտեղ միակ խուլն եմ: Հաճախ ինձ սխալ են հասկանում, հաճախ չեն էլ փորձում հասկանալ: Որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ ես զգում. անգամ ծնողներիդ, ովքեր արգելում են հանրային վայրերում խոսել ժեստերով: Ասում են՝ ամոթ է, առանց մտածելու, որ ամոթ չէ, այլ շատ ցավոտ… Բոլորը քեզնից վախենում են, աչքերը չռած նայելով, իբրև այլմոլորակայինի, երբ խոսում ես մայրենիով: Ով աչք ունի՝ թող լսի…
Իսկ իմ աչքերը սովորականից առավել են: Այո, նրանք ոչ միայն տեսնում են, այլև լսում են: Նայում եմ ուղիղ քո բերանին: Չէ, ես չեմ նայում, որովհետև տարվել եմ քեզնով, ուղղակի փորձում եմ որսալ ամեն մի բառդ և գոնե մոտավոր հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Այն այնքան կարևոր է ինձ համար: Ինչո՞ւ:
Կասեք՝ անմտություն է խուլ աղջկա սերը լսող տղայի հանդեպ: Սիրում եմ նրան անմնացորդ: Իսկ նա… Նա սիրում է ուրիշին: Ինչ բարդ դրություն է՝ մտածում եք դուք, իսկ ես հիասթափվեցի, պայքարեցի ու հաղթելով պարտությունս, ասացի, որ սիրում եմ: Հիանալի իմանալով, որ անպատասխան է: Ես խախտել եմ չգրված օրենքները և ոչ միայն: Ես՝ խուլս, սիրել եմ լսողի: Ինչ բարդ դրություն է՝ կասեք դուք, իսկ ես ազատ եմ, անսահման ազատ իմ աշխարհում, որտեղ սերը խցկել է մեկին, ով չպիտի լիներ: Իսկ նա կա, ինչպես ես, բայց ոչ այնտեղ, որտեղ իրական աշխարհն է, այլ խուլ տարածության մեջ: Այստեղ՝ իրականությունից դուրս, անկեղծությունն է և ցավը:
Խուլ եմ, խուլ մշակույթից, որտեղ ամենը անկեղծ է ու մաքուր, պարզ ու շիտակ: Խուլ եմ, ով ժեստերի աշխարհում ազատ է ու անկաշկանդ, ով ճանաչում է մարդուն շատ արագ, ով արդեն հաղթահարել է լսողների անտարբերությունը, ով ունի ներքին հզոր լսողություն, ով լսում է այն, ինչ տեսնում է: Չեմ ամաչում իմ խլությունից, հակառակը՝ հպարտ եմ: Հպարտ եմ, որ ունեմ մայրենի հրաշք լեզուս, ժեստերը՝ իմ Աստծո պարգևը, որի շնորհիվ քայլում եմ լսողների կողքին, բայց ոչ նրանց հետ… Դա իմ աշխարհն է, որից դուք՝ լսողներդ, վախենում եք: Իսկ ես լսում եմ երկնքից եկող ձայնը՝ մի վախեցիր, միայն հավատա:
Հ.Գ. Ամեն ինչ պարզ է. կա նա՝ այնպիսին, ինչպիսին կա, և կաք դուք՝ այնպիսին, ինչպիսին կաք: Այս պատմությունը իմ ընկերուհու մասին է, ում միջոցով ճանաչեցի մեզ համար այնքան խորհրդավոր և քողարկված խուլերի աշխարհը: Իսկ նրանք մեր կողքին են, այնքան մոտ և միաժամանակ հեռու: Մենք՝ լսողներս, կարող ենք փոխել իրավիճակը և կրճատել հեռավորությունը: Գուցե սովորե՞նք ժեստերի լեզուն, մեզ համար հնարավոր է: Իրենց համար մեր լեզուն սովորելը ՝ անհնար: Քայլը մերն է: