
Ազատ տարածք խորագրի արխիվներ


Ամբողջ գերդաստանից ընդամենը մեկը
-Իմ պապան էլ ա փրկվել Եղեռնից,- լսեցի տատիկիս ձայնը, երբ մտա սենյակ, որտեղ հեռուստացույցով մի հաղորդում էր, և խոսում էր Եղեռնից փրկված պապիկի թոռնուհին:- Դե իրան աղջկա շորերով են պահել, որ թուրքերը ձեռք չտան,- շարունակեց տատիկս:- Իրենց ընտանիքն ու հարևաններից մի քանիսը թաքնվել են իրենց նկուղում, բայց թուրքերը բացի տները, մտել են նաև նկուղները ու ստուգել: Նրանց էլ գտել են, դուրս հանել:
-Իսկ հետո՞,- հարցրեցի ես, չնայած շատ էի լսել այդ պատմությունը:
-Նրա հոր ու եղբոր վիզն են կտրել իր աչքի առաջ,- շարունակեց պատմել տատիկս հուզվելով,- փոքր քրոջն էլ կապել են մոր մեջքից և դեպի Արաքս քշել` սպանելու: Պապաս միշտ ասում էր, որ այդ ժամանակ Արաքսը արյունից ամբողջովին կարմիր ա եղել: Հետո նրան ուժեղ խփել են: Նա հարվածից ընկել ա, և թուրքերը, կարծելով որ նա մահացել ա, այդպես էլ թողել են նրան: Հետո երբ վեր ա կացել, տեսել ա ռուսական զորքը գալիս ա, մտածել ա, թե թուրքերն են: Գնացել ա իրանց նկուղ, որտեղ ուրիշ մարդիկ են դեռ թաքնված եղել, ասել ա, թե թուրքերը կարմիր պոպոզավոր գլխարկներով գալիս են ձիերով: Էդ ժամանակ էլ մարդիկ ասել են, որ դրանք ռուսներն են, ու դուրս են եկել: Ռուսական զորքը փրկել ա նրանց, պապաս հայտնվել ա Ստեփանավանի որբանոցում,- ավարտեց պատմությունը տատիկս և աչքերը սրբեց անձեռոցիկով:
-Նա Մշից էր, չէ՞,- հարցրեցի ես:
-Հա, Մշից էր,- հաստատեց նա:
Մի քանի րոպե տիրած ծանր լռությունը խախտեց տատիկս.
-Պատկերացնու՞մ ես, մարդն իր ազգանունը չիմանա: Դե պապան փոքր ա եղել, իր ազգանունը չի իմացել, հետագայում չգիտեմ, թե ով է նրան ազգանուն տվել: Ես ու երկու քույրս էլ ենք էդ ազգանունով գրվում, բայց չգիտենք, թե մեր իսկական ազգանունն ինչ ա:
Մի քանի րոպե լռելուց հետո ասացի.
-Ամենավատն են ա, որ չենք կարող պարզել, թե ձեր իսկական ազգանունն ինչ պիտի լիներ: Հենց էդ էլ եղել ա թուրքերի նպատակներից մեկը` եթե չկարողանան բնաջնջել, գոնե պատմությունը ջնջեն:
-Ինչքան դաժանություն են տեսել հայերը…- տատիկիս միտքը կտրեց հեռախոսազանգը, և ես դուրս եկա սենյակից` հեռախոսը վերցնելու: Բայց մտքերս դեռ 1915 թվականում էին, և ես պատկերացնում էի կարմիր Արաքսին նայող մանկահասակ Իլիաս պապիկին:
Հրապարակվել է 2015/04/25

Մենք վերապրողներ ենք
Ապրիլի 24-ին շատանում են Ցեղասպանության մասին նյութերը, պատմությունները։ Կամա, թե ակամա, ինքս դառնում եմ դրանց մասնակիցը։ Հետաքրքրվում եմ, թե ինքս որտեղից եմ, որտեղից են իմ արմատները։ Հարցնում եմ պապիկներիս, տատիկիս, լսում եմ նրանց պատմությունը, թե որտեղից են եկել նրանց ծնողները։ Ահա ևս մի այդպիսի օր մոտեցա պապիկիս՝ մայրիկիս կողմից՝ Արտավազդ պապիկին։ Նա ծնվել է Երևանում, բայց գիտի իր ամբողջ ընտանիքի պատմությունը։
«Իմ պապան ծնվել ա 1916թ-ին, Էրզրում գավառի Սարիղամիշ գյուղում։ Սարիղամիշը շատ հայտնի գյուղ ա, այնտեղ շատ ճակատամարտեր են եղել, հարուստ պատմություն ունի։ Ցեղասպանությունը, դու շատ լավ գիտես, մի տարում, մի օրում չի եղել։ Այն շարունակվել է տարիներ։ Իմ պապայիս ընտանիքը Էրզրումից գաղթել է 1918 թ.-ին։ Գյուղում այդ տարիներին ինչ-որ երկաթուղի էին սարքում, որի շինարարությունը այդպես էլ անավարտ մնաց, որովհետև ռուսական զորքերը հանկարծակի հետ քաշվեցին։ Ամբողջ գյուղը մնաց անպաշտպան։ Բնակչությունը չէր կարող գնալ զորքերի հետ։ Դե ինքդ պատկերացրու։ Այդքան կին, երեխա, տարեց մարդիկ, եզներ, սայլեր։ Նրանք շատ դանդաղ կշարժվեին, զորքի հետ չէին հասցնի։ Բայց գյուղում մնալն էլ էր վտանգավոր։ Ու իմ պապիկը՝ Մինաս պապը, նրա եղբայրը ու եղբոր տղան հավաքում են իրենց ընտանիքներին ու ոչ միայն ընտանիքներին՝ հարևաններին, ու որոշում գնալ Արևելյան Հայաստան, Արաքսը անցնելու։ Շարժվում էին մոտավոր Ղարսի ուղղությամբ։ Նրանց համար Արաքսն անցնելը կյանքի տվյալ պահի միակ հույսն էր, կանցնեին Արաքսը` կլինեին խաղաղության մեջ։ 1918թ-ին Սարիղամիշ գյուղից մեծ թափոր գնում է Արաքսը անցելու, մարդիկ շարժվում էին շատ դանդաղ։ Դանդաղ գնալու պատճառներից մեկը իրենց հետ գնացող սայլերն էին ու կենդանիները, իսկ մյուսը՝ այն, որ նրանք շարժվում էին գիշերով, որ ոչ ոք նրանց չտեսնի։ Ու այդպիսի մի գիշեր, երբ թափորը շարժվում էր առաջ, զգացվեց ջրի պակաս։ Մինաս պապը ու Աղասար ամին՝ պապիս եղբայրը, գնում են ջուր բերելու։ Երևի գնում էին իրենց արդեն ծանոթ վայրերով, որովհետև գիշերը չէր լինի գնալ անհայտ ուղղությամբ ջուր բերելու։ Գնալուց մի քանի րոպե հետո լսվում է կրակոցի ձայն, ավելի ուշ Աղասար ամին է վերադառնում, առանց ջուր ու առանց Մինաս պապ։ Ամենայն հավանականությամբ թուրքերը նկատել էին իրենց ու կրակել, կրակել էին մոտիկից, ու երևի պապս միանգամից մահացել էր։ Չեմ կարծում, որ պապիս եղբայրը ուղղակի վնասված եղբորը կթողեր այնտեղ, թեկուզ քաշ տալով կբերեր, բայց երևի տեղում էր մահացել պապս։ Կրակոցից հետո երկամյա պապայիս, իր երկու մեծ քույրերին և մեկ եղբորը խնամում է Տիրուն տատը։ Ի դեպ, պապայիս եղբայրը այդպես էլ չտեսավ Մինաս պապին, քանի որ դեռ այդ տեղաշարժումների ժամանակ Տիրուն տատը նրանով հղի էր։ Այդ գիշեր եղավ միայն այդ կրակոցը, և հետո էլ մեծ հարձակումներ չեղան։ Մինչև սահմանն անցնելը թափորը հանդիպում է Անդրանիկի զորքին։ Նրանք Անդրանիկի զորքի հետ անցնում են սահմանը և գնում են Սյունիք։ Գնում են, որովհետև Անդրանիկի հետ իրենց պաշտպանված էին զգում, գիտեին, որ իրենց հետ ոչինչ չի լինի։ Անդրանիկը գնում է Սիսիան, իսկ դրանից հետո էլ որոշված էր գնալ Ղափան։ Բայց դե ոչ բոլորն էին ուզում գնալ ու այդտեղ արդեն թափորը մասնատվում է։ Ոմանք գնում են Անդրանիկի հետ, ոմանք մնում Սիսիանում, իսկ ոմանք էլ Սևանով դուրս են գալիս Դիլիջան, Ստեփանավան։ Բայց այդ ամենը մեկ ամսում չի լինում, լինում է մեկ տարում, երևի նույնիսկ ավել։ Ստեփանավանից էլ իմ պապայի ընտանիքը հաստատվում է Լենինականի Ղալիջա գյուղում։ Այնտեղ նրանց տալիս են տուն, ապաստան։ Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ իմ հոր տունը։ Այն հողի մեջ փորված փոքրիկ տնակ էր։ Բայց իմ տատը աշխատանք չուներ, փող չուներ, շատ հաճախ ուտելիք էլ չէր ունենում։ Եվ որոշվում է իմ երկու հորաքույրերին տանել մանկատուն, որ սովից չմահանան։ Մի մորաքրոջս անունը Աղուն էր, մյուսինը՝ Ֆլորա։ Մանկատնից հետո նրանց մասին այլևս ոչինչ չգիտենք։ Այդ ժամանակ տարածված էր տիֆ հիվանդությունը, միգուցե վարակվել էին և մահացել, միգուցե մյուս որբերի հետ տեղափոխվել Ամերիկա։ Համենայն դեպս, նրանցից էլ տեղեկություն չունեցանք։ Ինչ վերաբերվում է հորեղբորս՝ Խաչիկին, նա անհայտ կորել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Այսպես ասած «Սև թուղթ» չէր եկել, նրան համարել էին անհայտ կորած։ Իսկ պապաս՝ Հակոբը, մինչև Հայրենական Մեծ պատերազմը մասնակցել է Ֆիննական պատերազմին և վիրավորվել։ Ստացած վերքերի պատճառով նրան էլ բանակ չզորակոչեցին։ Նա վերադարձավ Հայաստան, կազմեց ընտանիք և կարծես վերսկսեց մեր ցեղը։ Իրենց ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել։ Որպես նոր սկիզբ նա ունեցավ հինգ երեխա՝ Մինաս պապին, ինձ, Կարիկ պապին, Մայրանուշին և Սեդային։ Իսկ այ էս պատմությունը դու արդեն լավ գիտես, դրան ականատես ես, ինչպես և ես»։
Ահա և իմ ընտանիքի պատմությունը, Ցեղասպանության ևս մի ապացույց։ Եղեռնը սկսվեց, որպեսզի ես հիմա չլինեմ, իսկ ես այժմ հայերեն տառերով գրում եմ ցեղասպանության մասին, թե ինչպես իմ ապուպապը ողջ մնաց, փրկվեց և շարունակեց իր տոհմի գոյությունը։
Հրապարակվել է 2015/04/23

Էլի գարուն, էլի հույսեր

Ուշի, սուրբ Սարգիս

Լոռի

Իմ ընտանիքը` Երեմանք
Չզարմանաք, խնդրում եմ, բայց իմ ընտանիքը մի փոքրիկ պետություն է պետության ներսում: Չեմ ստի, եթե ասեմ, որ նման ընտանիքներ Հայաստանում շատ քիչ են, իսկ եթե կան, ապա միայն գյուղերում: Քաղաքի մարդիկ շատ են հեռացել մեր արմատներից, ինչու չէ, նրանք նույնիսկ ամաչում են ավանդական սովորույթներից, և հակված են դեպի Եվրոպա: Թե ինչ են ուզում դրանով ապացուցել իրենց, ինձ համար անհասկանալի է: Այս դժվար և բարդ աշխարհում մենք ապրում ենք մեկ հարկի տակ տասնհինգ հոգով:
Մեր պետության նախագահը տատիկս է, ում կոչում ենք Ամայ բարբառային բառով, որը նշանակում է մայր: Ինձ թվում է, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ կօգտագործենք նման բարբառային բառերը: Բայց շատ ցավալի է. կամաց-կամաց դրանց հետ մեկտեղ կվերանան հին բարի սովորույթները: Չէ՞ որ հենց այդ լեզվով է գրել մեծն Թումանյանը: Շեղվեցի մի քիչ, բայց ես այդպես եմ կարծում:
Վերադառնանք մեր ընտանիքին:
Տատիկս նաև ֆինանսների նախարարն է: Ինչպես սիրում ենք մենք կատակով ասել, տան փողերը գտնվում են Ամայի շվեյցարական բանկում: Ցավոք, պետք է նշեմ, որ մեր պետությունն ապրում է տնտեսական ճգնաժամ, ինչպես Հայաստանը կամ ամբողջ աշխարհը: Մեր բյուջեն նույնպես ճեղքվածք է տվել: Հուսամ, որ այս տարի կհաղթահարենք այդ դժվարությունները, այսինքն, պետք է ավելի շատ աշխատենք:
Մի քանի օր առաջ տատիկս գումարեց արտահերթ ժողով: Օրակարգում դրված էր ամբողջ հողերը մշակելու հարցը: Միաձայն ընդունվեց այդ առաջարկը: Չէ՞ որ եթե բերքը շատ լինի, դա ահագին օգնություն կլինի մեր ընտանիքին:
Մենք մեր ստացած բերքը չենք վաճառում, մեզ հազիվ է հերիքում:
Հիմա կմտածեք, թե ես ինչու եմ այսպիսի թեմաներից խոսում: Սակայն ինչու չանհանգստանամ, չէ որ կյանքը հիմա շատ դժվար է: Ես կցանկանամ մենք այնպիսի պետություն լինենք, որ իմ հասակակիցներն իրենց անձնական հոգսերով ապրեն, այլ ոչ թե մտածեն այսպիսի բաների մասին: Օրինակ, իմ ընտանիքում վեց մարդ չի աշխատում, իսկ եթե աշխատատեղ լիներ և աշխատեին, ապա կյանքը հիանալի կլիներ: Մեր պետական այրերը պետք է մտածեն այդ մասին:
Հարգելի ընթերցող, ես ձեզ շատ ձանձրացրի իմ ընտանիքի հոգսերի մասին պատմելով: Հիմա կփորձեմ խոսել ուրախ բաների մասին: Կներեք, մոռացա ներկայացնեմ իմ ընտանիքի անդամներին: Ինչպես նշեցի, տանն ապրում ենք 15 հոգով: Ես ունեմ տատիկ, պապիկ, 3 հայր, 3 մայր, և 3 եղբայր ու 3 քույր: Չզարմանաք հայրեր, մայրեր բառերից, բայց ինձ համար տարբերություն չկա` հայրս է, թե հորեղբայրս, մայրս, թե հորեղբորս կինը: Փոքր ժամանակ ես գիտեի, թե մայրիկներս երեք քույրեր են, դե, հայրիկներս եղբայրներ են, դա գիտեի: Երբ առաջին անգամ իմացա, որ նրանք հարազատ քույրեր չեն, շատ զարմացա: Եվ նրանք երեխաների միջև տարբերություն չեն դնում:
Ինչպես նշեցի, նախարարական բոլոր աթոռները պատկանում են տատիկիս: Պապիկս ընդդիմադիր դաշտում է, հաճախ ձգտում է նախարարական որևէ աթոռի, այդ ժամանակ նրա հետ կոալիցիա են կազմում հարսները, բայց այդ խռովությունները շատ կարճ ժամանակում ճնշվում են: Սա, իհարկե, կատակի ձևով, բայց մենք բոլորս շատ հարցերում սիրում ենք և տատիկիս, և պապիկիս:
Մեր ընտանիքը նման է մեղվափեթակի, որտեղ ամեն մեկը գիտի իր գործը: Յուրաքանչյուր օր մեր տանն անցնում է տոնի նման: Ապրում ենք շատ համերաշխ և սիրում ենք միմյանց: Եվ կարծում եմ, որ դա է մեր երջանկության բանալին: Չեմ կարող խոսքերով նկարագրել մեր ընտանիքում տիրող հիանալի մթնոլորտը, պետք է մի քանի ժամ գտնվել մեր տանը, որպեսզի հասկանաք ինձ: Այսքանով ավարտում եմ իմ շարադրությունը, խնդրում եմ ինձ հիշեք` Գետահովիտ գյուղ (Երեմանց ընտանիք):
Հրապարակվել է 04/27/2014
Քրիստոս հարյավ ի մեռելոց

Դռնբացեք
Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի
- Լուսանկարը` Հրանուշ Սուչյանի
- Լուսանկարը` Անի Ասրյանի
- Լուսանկարը` Արեն Հայրապետյանի
- Լուսանկարը` Ելենա Շիրոյանի
- Լուսանկարը` Անահիտ Նազարյանի
- Լուսանկարը` Անժելա Հայրապետյանի
- Լուսանկարը` Աննա Անդրեասյանի
- Լուսանկարը` Աստղիկ Քեշիշյանի
- Լուսանկարը` Լիա Ավագյանի
- Լուսանկարը` Դավիթ Ալեքսանյանի
- Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի
- Լուսանկարը` Հովսեփ Մաթևոսյանի
- Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
- Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի
- Լուսանկարը` Սոնա Զաքարյանի
- Լուսանկարը` Սոսե Զաքարյանի
- Լուսանկարը` Յաշա Մովսիսյանի
- Լուսանկարը` Լիա Ավագյանի