- Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի
- Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի
- Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի
- Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի
- Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի
Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի
Ես ապրում եմ Ջերմուկ քաղաքում: Իմ քաղաքը հայտնի է իր ջրերով, առողջարաններով և հրաշք բնությամբ: Թեև հիմա ամբողջ հանրապետությունում արդեն գարուն է, բայց դա մեզ՝ ջերմուկցիներիս, չի՛ վերաբերվում: Հիմա կասեք՝ ինչո՞ւ: Ջերմուկը բարձր լեռնային քաղաք է, այդ պատճառով այստեղ ձմռանը շատ է ձյուն տեղում, նաև շատ ցուրտ է լինում: Այ այս օրերին, երբ սառը հոսանք անցավ հանրապետությունով, մենք նորից ընկղմվեցինք խորը ձմռան մեջ:
Սակայն ամռանը Ջերմուկի բնությունն ուղղակի հրաշք է: Կարճ ասած՝ Ջերմուկում լինում է երկու եղանակ՝ ամառ և ձմեռ: Իսկ գարուն ու աշուն մենք գրեթե չենք տեսնում: Բայց վերջին տարիների ընթացքում Ջերմուկի կլիման բավականին փոխվել է. առաջ ձմռանը ձյան հետ ուժեղ քամիներ էին լինում, իսկ հիմա այլևս նման բան չի լինում: Պատճառն այն է, որ մարդկությունը մեծ վնաս է հասցնում բնությանը, և կարծում եմ, որ տարիներ հետո Ջերմուկի կլիման ավելի մեծ փոփոխություններ կունենա ու դա կբերի նոր աղետների… Ինձ դա շատ է հուզում:
Ամեն ինչ սկսվեց սիրո համար ոչ այնքան համապատասխան եղանակին… Ցուրտ ու մռայլ ձմեռ էր, երբ առաջին անգամ տեսա նրան… Մոտ կես ժամ նրա գեղեցկությամբ զմայլվելուց հետո նոր հասկացա, որ դպրոցում եմ, դասաժամ է… Եվ ամենասարսափելին` գրատախտակի մոտ էի… Պոտենցիալ «2»-ը պատրաստ էր… Բայց դա ինձ ամենաքիչն էր հետաքրքրում…
Առիթը բաց չէի թողնում կիսաբաց դռան արանքից նայելու նրան… Ժպտում էր… Այդքանը հերիք էր, որ օրերով սավառնեի օդերով… Սիրահարվել էի… Մինչև ականջներիս ծայրը…
Որոշեցի մտերմանալ հետը, (դեռ ընդհանրապես չէի ճանաչում նրան, միայն անունը գիտեի: Աշխարհի ամենագեղեցիկ անունը` Նարե…), բայց այ ինչպես ծանոթանալ, այ, դա հարց էր…
Լուսանկարը` Սիրան Մանուկյանի
Որոշեցի ամեն ինչ սկսել շոկոլադով…
Հաջորդ օրն առավոտյան իր սեղանին մի տուփ շոկոլադ էր դրված…
Թեև այդ օրվանից արդեն մոտ երկու տարի է անցել, բայց բաներ կան, որ չեն ջնջվում հիշողությունիցս…
Չգիտեմ ինչու, բայց դեռ չծանոթացած դարձել էր օրվաս մի մասը… Չգիտեմ ինչու, բայց ամբողջ օրը մտածում էի իմ, նրա ու հետագա անելիքներիս մասին…
«Շոկոլադ» գաղտնի օպերացիայի հաջորդ օրը հավաքվեցի, որոշեցի գնալ և խոսակցություն սկսել հետը, երևի արդեն զրույցի պահանջ ունեի…
Բարձրանում էր աստիճաններով, երբ (չնայած ոտքերս հազիվ էի պահում, որ դողալուց չջարդվեն) լրիվ ինքնավստահ սկսեցի խոսակցությունը…
-Նարե:
Շրջվեց և նայեց ուղիղ աչքերիս մեջ… Սպասում էր խոսքիս շարունակությանը…
-Կներես, էլի, ուզում էի իմանալ… Կարո՞ղ եմ անակնկալս ստացված համարել:
-Հա, բայց պետք չէր,- շատ համեստ տոնով պատասխանեց ինձ:
Ամեն ինչ լավ էր, չնայած արդեն չէի կարողանում զսպել ոտքերիս դողը… Ամեն ինչ լավ էր, մինչև որ նայեց պատուհանին, նկատեց ինչ-որ մեկին ու գնաց, ասելով որ հիմա չի կարող խոսել…
Վիճակս, մեղմ ասած, այդքան էլ լավ չէր: Ուզում էի հանգստանալ և սառը գլխով դատել կատարվածը:
Որոշեցի փնտրել սոցցանցերում և գոնե մի օգուտ քաղել այդ կայքերից:
Ստացվեց… Սկսեցի շփվել հետը, չնայած և’ ես, և’ ինքը դեմ էինք այդ կարգի շփումներին…
Խոսակցության ընթացքում ես ինձ համեմատում էի ծովահենի հետ, իսկ իրեն’ ԳԱՆՁ-ի… Ու իրոք այդպես էր:
Ցանկացած ծովահեն իր կյանքի ընթացքում գտնում է իր գանձը, այլ հարց է, թե կյանքի որ հատվածում:
Նշել էի նաև որ իմ «նավակին» խփողներ կլինեն, կլինեն այնպիսիները որ կփորձեն խանգարել հասնելու իմ ԳԱՆՁ-ին…
Ու չուշացան այդ խփողները: Եղավ այն, ինչ եղավ… Մեկ շաբաթից նա սկսեց չօգտվել սոցցանցերից, իսկ ինձ բաժին հասավ հին, կոտրված տաշտակս…
Որոշեցի չընկճվել և պայքարել…
Բարևելու մի քանի անհաջող փորձից հետո, մի օր, երբ մենակ էր, մոտեցա և հարցրի, թե արժանի՞ եմ արդյոք էդ արհամարհանքին:
Հնչեց ոչինչ չասող մի պատասխան. «Կներես, բայց չեմ լսել, որ բարևել ես»:
Ախ, այդ աղջիկները… Ինչքան տարօրինակ և միևնույն ժամանակ հետաքրքիր էակներ եք դուք…
Աշխարհս շուռ եկավ, երբ իմացա, որ ընկերս նույնպես անտարբեր չի նրա նկատմամբ… Սա էլ նավակիս խփող ամենամեծ գնդակը…
Միևնույն ժամանակ հանգիստ էի, որովհետև ճանաչում էի և’ ընկերոջս, և’ Նարեին… Մեղմ ասած, նրանք անհամատեղելի էին…
Ժամանակի ընթացքում մենք ավելի մտերմացանք… Նավակս ինքն իրեն վերանորոգվում էր… Ինքն իրեն կոտրվում ու նորից նորոգվում…
Շփվում եմ նրա հետ մինչև հիմա, նույն ոգևորությամբ ու նույն ակնածանքով, ինչպես այն առաջին անգամը, երբ դողդողում էի հետը խոսելիս…
Նա այն միակն է, ում սիրել և սիրում եմ… Սիրում եմ առանց վախենալու, շատ ժամանակ նույնիսկ առանց ակնկալիքի, անշահախնդրորեն…
Բնականաբար կլինեն այնպիսի մարդիկ, որ նայելով ինձ կամ տարիքիս, անլրջորեն կվերաբերվեն էս գրածիս… Բայց գիտե՞ք ինչ: Ինձ թվում է` հենց սա է սերը, ոչ թե ուրիշներինը` հիմնված փողի կամ այլ նյութական արժեքների վրա…
Յուրաքանչյուրս էլ ունենում ենք մեր կյանքում մեր սեփական նավակն ու ԳԱՆՁ-ը… Այլ հարց է, թե կյանքի որ ժամանակահատվածում ենք հասնում այդ ԳԱՆՁ-ին (կամ` հասնո՞ւմ ենք արդյոք)… Ուրախ եմ, որ հասել եմ նրան հենց այսս ժամանակ…
Թեկուզ միայն նրա համար, որ ավելի շատ ժամանակ կունենամ հետն անցկացնելու…
Կուզենայի պատմությունս ավարտել Արթուր Մեսչյանի այս տողերով.
…Եվ կատարվեց կյանքս կարծես,
ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐԵԼ ԵՄ ԵՍ…
Այսօր քրիստոնեական եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկն է: Մեր գյուղում՝ Մալիշկայում, նույնպես նշում են այս գեղեցիկ տոնը: Առավոտյան Ս. Աննա եկեղեցում Ս.Պատարագ է մատուցվում, Պատարագի վերջում նաև օրհնվում են զատկական ձվերը: Այնուհետև հենց եկեղեցու բակում հյուրասիրություն է լինում, հաճելի երգ ու պար մանկապարտեզի սաների և պարի խմբի երեխաների մասնակցությամբ: Բոլորը մոմ են վառում, աղոթում, վերցնում օրհնված ձվերը և գնում տուն: Ահա մի քանի լուսանկար, որն արել եմ երեկ:
Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի
Ամռանը, երբ մեր փեթակները սարում էին, ժամանակ առ ժամանակ բարձրանում էինք սար` մեղուների մոտ: Հայրս հետևում էր նրանց վիճակին: Այդ օրն էլ լուսաբացից արթնացել, և դեռ լույսը չբացված` սար էինք հասել: Քունս տանում էր:
Մոտ 3 ժամ մաքուր օդում քնելուց հետո արթնացա, վազեցի դուրս` լվացվելու և տեսա, թե մեքենայի միջից ինչպես է իջնում քեռի Ռուբը` մեր հարևաններից մեկը: Հետո մեքենայից իջան մյուսները… Ասեմ, որ քեռի Ռուբը շատ է սիրում խմել և ծիծաղել: Մոտ կես ժամ խմելուց հետո, երբ ընկերները գնացին, նա հագավ մեղվապահի հագուստն ու մոտեցավ փեթակներին: Բայց… Հաշվի չէր առել, որ մեղուները չեն սիրում խմիչքի հոտը, գրգռվում ու ագրեսիվ են դառնում: Ու երբ մոտեցավ նրանց` բզզանները պարսով հարձակվեցին քեռու վրա, ու մի անհասկանալի տեսարան բացվեց… Նա սկսեց թափահարել իրեն, ոտքերը խփում էր գետնին, ձեռքերը`գլխին և այդպես վազում էր այս ու այն կողմ: Կանչեցի հայրիկիս:
Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի
-Պապ… Պապ… Հըլը շուտ արի…
-Ի՞նչ ա, մեղուն կծե՞ց:
-Չէ, հըլը շուտ արի տես` քեռի Ռուբը լամբադա ա պարում: Մենք սկսեցինք ծիծաղել և հեռվից հետևել նրա տարօրինակ շարժումներին:
Երբ նա մի կերպ հասավ վրանին, որոշեցինք գնալ ու տեսնել վիճակը: Մտանք ներս, ուր ամբողջովին կարմրած և ուռած նստել էր քեռի Ռուբը:
-Ռուբ քեռի, էն ինչի՞ էիր լամբադա պարում:
-Էլ մի ասա, է, էդ մեղուները լցվել էին վրես:
-Շա՞տ կծեցին:
-Է՜… էլ տեղ չթողեցին:
-Ռուբ քեռի, մի քիչ մածուն քսի` թող շուտ անցնի:
-Էտ էլ եմ արել` չի օգնում:
Հիմա, երբ ամեն անգամ տեսնում եմ Ռուբ քեռուն, հիշում եմ նրա լամբադան…
Ընկերասեր, խաղաղասեր, բարի, սևաչյա այս կատուն, որին դուք տեսնում եք Մումսիկն է՝ մորաքրոջս կատուն: Այս տարի կլրանա երրորդ տարին, ինչ նա ապրում է մորաքրոջս տանը: Մումսիկը շատ է սիրում, երբ խաղում ենք ի ր հետ և ուշադրություն ենք դարձնում իրեն, իսկ եթե ո՛չ, նա ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ ուշադրության կենտրոնում ինքն է: Սակայն Մումսիկը ամենաշատը սիրում է մորաքրոջս տղային: Նրա անկողնում է պառկում, ուտում է հաց միայն նրա ձեռքից, նույնիսկ ֆուտբոլ նայում է իր հետ:
Մումսիկը ասես մորաքրոջս տան հաջողության խորհրդանիշը լինի: Երբ նա օրերով չի շարժվում, գրեթե չի սնվում, ուրեմն մի վատ բան է լինելու մոտալուտ օրերի ընթացքում: Իսկ եթե ակտիվ է, ապա մի լավ բան է լինելու:
Հավանաբար բոլորդ դիտել եք Փիթեր Հյուիթի «Գարֆիլդ» ֆիլմը: Մումսիկին մենք նմանեցնում ենք Գարֆիլդին, այդ պատճառով նրան նաև այսպես ենք կոչում: Լավ, անցնեմ բուն թեմային, ինչի մասին ուզում եմ պատմել:
2011 թվականի հունիսին եղբայրս զորակոչվեց բանակ: Մի քանի շաբաթ Մումսիկը պասիվ էր, չէր խաղում, չէր ուտում, ինչը շատ էր տխրեցնում մեզ: Մի օր էլ տեսանք, որ Մումսիկը չկա: Անցնում էին շաբաթներ, ամիսներ… Փնտրում էինք նրան, ամեն հնարավոր վայրերում, բայց նա չկար ու չկար: Արդեն մոռացել էինք նրա մասին:
2015 թվականի ամռանը եղբայրս զորացրվեց: Ամառային տաք ու վառ գույներով լի օր էր: Արևը փայլում էր, բայց ո՛չ սովորական: Նոր օր էր, բայց ոչ կրկնվող: Ականջակալները ականջներիս գնում էի մորաքրոջս տուն: Բարձրանում եմ աստիճաններով ու… Ի՞նչ: Մումսիկը հետ էր վերադարձել… Երկու տարվա ընդմիջումից հետո հետ էր վերադարձել…
Ինչպես նախկինում, հիմա ևս նա չի հրաժարվել իր «Հաջողություն» պաշտոնից և «զգուշավոր քաղաքականություն»-ից, ավելին՝ ավելի ակտիվ կյանք է վարում և վայելում է բոլորիս սերն ու հարգանքը:
Ինչևէ, շատ ուրախ եմ, որ Մումսիկը վերադարձել է, բայց ինձ համար դեռևս երկու չբացահայտված հարցեր կան.
1. Որտե՞ղ էր նա այսքան ժամանակ և ինչպե՞ս էր ապրում:
2. Անծանոթ բնակավայրից ինչպե՞ս է հետ վերադարձել:
Լուսանկարը՝ Մհեր Ավագյանի
Տավուշի մարզ, գյուղ Բերդավան