
Ազատ տարածք խորագրի արխիվներ


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Կյանքն անիրավ, այնպե՜ս, մեզ կապում է իրար,
Որ այդ անխիղճ կապի ձեռքից պրծում չկա,
Հետո ինքն իր արած անմտության համար,
Քմծիծաղ է տալիս ու հեգնում է՝ չկա՜…
Հետո չար կատակով բաժանում է նա մեզ,
Հույս տալով, թե մի օր խլածը հետ կտա,
Ու երբ որ ուշացած հասկանում ենք՝ խաբեց,
Ծիծաղում է ուժգին ու կանչում է՝ չե՜մ տա…
Ու մենք կրկին անճար, սպասում ենք հույսով,
Թե գոնե նա ինքը ինչ-որ կերպ ետ կգա,
Բայց կյանքի չար խաղով, անիրական կապով,
Մեզ կապվածն այդպես էլ, ա՜խ, չկա ու չկա…
Մարատ Սիրունց
Ուխտագնացություն
17 Դայջեսթ Ամառ 21

Առաջին օրը. Գյումրու 32 դպրոց
Սեպտեմբերի 1-ը 17-ի արխիվում
Աննկատ ամառը

Մեկ ամիս բանակից հետո
Բարև, գիտե՞ս, էս անգամ էնպես անսովոր ա: Միշտ նյութ որ գրելուց եմ եղել, չէ ավելի ճիշտ կներես, միշտ չէ, վերջին երկու անգամը, ծառայության ընթացքում, միշտ գրել եմ արձակուրդիս ու չգիտեմ ինչի վերջին օրը, վերջին պահին ու արագ, շտապելով, որպեսզի կիսատ չմնար, բացառությամբ «27. 09. 2020թ., Արցախ» նյութը, որը ոնց հասկացաք, բավականին երկար էր, ու դրա համար այն սկսել էի հենց արձակուրդիս առաջին օրվանից: Այս անգամ արձակուրդ չէ: Հա, ի դեպ, եթե ընթերցողների մեջ կան մարդիկ, ովքեր կարդացել են իմ նյութերը կամ տեսել ֆոտոները ու ինձ ճանաչում են՝ ասեմ, որ ես վերադարձել եմ, ավարտել եմ ծառայությունս, ու դու հաճախակի կտեսնես թե նոր նյութեր, թե ֆոտոներ իմ ստորագրությամբ:
Հիմա պատմեմ մի քիչ իմ մասին, թե ոնց է ընթանում կյանքս, ինչ կա: Սկսեմ հոդվածներ գրելուց, որը ոնց որ առաջին անգամ լինի կյանքումս, անծանոթ ստեղնաշար, բայց իրականում այն մեծաքանակ նյութերը, որ նախկինում գրել եմ, գրել եմ նույն ստեղնաշարով ու միտքս հեշտությամբ էի շարադրում, դժվար կապակցվող բաներ չկային, ինչպես հիմա է: Բայց ասեմ, հաճելի է, ոնց որ սկսնակ լինես ու պայքարես ամեն խոսքի հետ, որպեսզի լավագույնս արտահայտես մտքերդ:
Երեկ լրացավ մեկ ամիսը, որ ես արդեն իմ ընտանիքի հետ եմ, իմ տանն եմ, իմ սենյակում: Արդեն մեկ ամիս է, ինչ քնելուց առաջ հեռախոսս հանգիստ դնում եմ լիցքավորման և արթնանում հանգիստ, առանց մտածելու, որ քնած ժամանակ ուրիշը կարող է վերցնել: Գիշերը ֆիլմ եմ նայում, գծագրում հատակագծեր, լոգոներ, մշակում ֆոտոներ և նաև այս պահին այս ուշ ժամին գրում այս նյութը` չմտածելով անգամ, որ քուն հրաման է, ու որևէ սպա չի գա ասի` ինչի՞ քնած չես: Բայց դե առաջին 15 օրը, անկախ իմ քնելու ժամից, վեցն անց տասնհինգ արթնանում էի՝ տեսնում անաղմուկ սենյակ, պատից միացված հեռախոսս, տանն առավոտյան հանգստությունն ու մեկ ուրիշ հաճույքով վայելում այդ երկար սպասված պահը:
Մի քանի օրից կգամ Երևան էլի, ավելի ճիշտ, մշտական կտեղափոխվեմ թե ապրելու, թե մնացած երկու տարին համալսարանը շարունակելու:
Երբ մի քանի օր առաջ Բաղանիսից եկա Երևան, կարծես թե առաջին անգամ էի քաղաքում, բայց գիտեի, որ շենքի հետևում սուպերմարկետն է, որտեղից միշտ գնումներ էի անում տուն գնալուց առաջ: Նույն կերպ համալսարանը: Ես հիմա երրորդ կուրս եմ՝ գնալու եմ դասի ուրիշ համակուրսեցիների հետ: Դեռ չեմ ճանաչում ոչ մեկին, և էլի կարծես առաջին անգամ եմ ուսանող: Իրականում ես երկու տարի սովորել եմ այդտեղ՝ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում, համալսարան, որը կստիպի էլի քաղաքի անցորդներին շեղել ուշադրությունը դեպի իմ կողմը, իմ ձեռքի գծագրերի ու մեծ գծագրական տախտակի պատճառով, ու արդեն սեպտեմբերյան ոճով, ինչպես միշտ, ծննդյանս օրով, էլի համալսարան սեպտեմբերի 1-ին:
Արդեն քսաներկու տարեկան եմ դառնում, բայց դե վերջին երկու ծննդյանս օրը անմոռանալի էին ինձ համար: Առաջինը մարտավարամասնագիտական դասերին սողեսող ցեխերի մեջ, իսկ երկրորդը` 148 մարտական դիրքում գիշերը, դիրքում կանգնած ժամանակ, տղաների հաճելի անակնկալը. վաֆլիի վրա լցրած սուրճի ու խտացրած կաթի միջոցով ստացված շոկոլադե տորթը:
Լավ ամիս է սեպտեմբերը: Չգիտեմ ինչու, միշտ լավ հիշողություններ են եղել սեպտեմբերի հետ կապված. թե որպես աշնան ամիս, որն իմ սիրած եղանակն է տարվա, թե որպես արձակուրդներից հետո նոր կյանք մտնելու ու սկսելու ամիս, և ինչու չէ, նաև ծննդյանս օրվա պատճառով: Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը կստիպի ամեն ամիս այդ օրը լրջանալ, քարանալ, հիշել, փշաքաղվելով հիշել, թե ինչպես առավոտյան սկսեց այդ արյունալի պատերազմը: Փակել աչքերը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ես կամ, և շարունակել ապրել, ոնց որ մնացած մարդիկ, այդ ամենը չմոռանալով, բայց թողնելով անցյալում: Այսքանը, երկար չեմ գրի: Ուղղակի գրել եմ, որ ես եկել եմ, ու մենք հաճախ կհանդիպենք իրար, թե նյութի, թե ֆոտոների տեսքով, ու ևս մեկ անգամ էլ կրկնեմ. ուղղակի ուրախ եմ, որ էլի հնարավորություն ունեմ էստեղ գրելու ու իմ նյութերով Ձեզ հետ շփվելու:
Մինչ նոր հանդիպում:

«Վերաբերմունք» /«Einstellung»
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում օգոստոսի 24-ին ներկայացրեց իր նոր՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 3-ը։
Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի իր պատուհանից:
«Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռնվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող: Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը»,-ասում է Զավեն Խաչիկյանը։
Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներն են` լուսանկարչության և արվեստի այլ բնագավառների միջև կապերի զարգացման հարցերի քննարկումը, արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը, լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում արվեստային գործոնի կարևորումը, պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:
Լուսանկարները` Աիդա Շահբազյանի

Բարի անծանոթին
«Երբեմն կարևոր խոսքերը պետք է ասվեն, որպեսզի լռությունը դատարկ չմնա»: Հրաչուհի Ութմազյան
Օրեր են անցել, բայց պահի ջերմությունը մնալու է երկար, որովհետև իսկական զգացմունքները, որոնք նույնիսկ կյանք չեն ապրել, հիշվում են առաջին սիրո ջերմ ելևէջների նման:
Նա գեղեցիկ էր․․․
Կան գեղեցիկ դեմքեր, դեպքեր, դիպվածներ, որոնց գեղեցկության քո պատկերացումների մասին խոսել չես կարող, որովհետև պետք չեն բառեր, որոնք կբացատրեն քո զգացածը: Այն, ինչ զգում ես ներսում, դրանք չունեն բառեր: Դրանց պետք չեն բառեր:
Մենք՝ մարդիկս, ունենք մեր խնդիրները ուռճացնելու բնավորություն, բայց այս խնդիրները չքանում են, երբ տեսնում ես ու լսում ես դեպքեր, որոնց մեծությունը քեզ սովորեցնում է շնորհակալ լինել ու միշտ պայքարել կորցրածը ետ բերելու համար:
Հայրենիքի հանդեպ կարոտը դարձավ կարոտներից այն մեծը, որը մեզ արթուն է պահելու մինչև այն անժամկետ պահը, երբ հնարավորություն կլինի կարոտդ փարատելու պահն ապրելու․․․ Մեր մեջ կան բացակա մնացած կարոտներ, որոնց մեծությունը թուլանալու թույլտվություն չի տալիս մեզ:
…Նա քայլում էր, ես՝ վազում, որովհետև ցավում էր ատամս ու պիտի դեղ գնեի։ Կյանքից հոգնած ու զայրացած քայլելիս շուրջդ նայելն էլ դառնում է անիմաստ գործողություն, մինչ այն պահը, երբ կյանքը քեզ ուղարկում է սթափվելու խրատ:
Գլուխս բարձրացրի, ու մի մարդ հենակի օգնությամբ փորձում էր տանից դուրս գալ, ու իր ապրելու և ուժեղանալու մասին պատմող հայացքը ինձ սթափեցրեց:
Հայացք էր, որի անխոս ու սիրուն լռությունը արժեքավոր էր հազարավոր բառերից, հայացք էր, որի խոսուն լռությունը ուժեղ էր հազարավոր դեղերից: Ինչու՞, որովհետև հասկանում ես, որ նախքան սեփական խնդիրներիցդ վախենալը, բարկանալը, կարելի է հասկանալ մի պարզ ճշմարտություն․ հաղթում է այն մարդը, ով ոչ մի վայրկյան չի չարանում։ Ասում էի, որ պատերազմից հետո ոչինչ ինձ չի ցավեցնում, բայց մի փոքրիկ խնդիր, ու ես չարացել էի, թուլացել, բայց երբ հետհայացք եմ նետում, հասկանում եմ, որ կան խնդիրներ, որոնք մեզ հավերժ կառչած են պահում կյանքին, որովհետև դրա հասցրած ապտակը դաջվում է սրտիդ՝ մինչև վերջ, բայց կան խնդիրներ, որոնք այնպես են դաս տալիս, որ դու հավերժ պարտական ես լինում հանգամանքին․․․
Օրեր են անցել, բայց ես դեռևս կառչած եմ պահից, որովհետև հասկացա մի պարզ բան. անտարբեր գնացի, գնեցի դեղ, խմեցի և լավացա, բայց Մարդ, ով դժվարությամբ էր շարժվում, նա շարունակելու է մնալ նույն իրավիճակում: Նա շարունակելու է կյանքով լի աչքերով նայել շատերի աչքերին ու բժշկել․․․
Կան հայացքներ, որոնք լուռ են, անխոս, առանց մի բառի, բայց արժեն մի ամբողջ կյանք: