Իմ գյուղը խորագրի արխիվներ

naira mkhitaryan

«Վարդէվըր. ըդման գրա»

Պատմում է հնաբերդցի մորական տատիկս.

-Առավոտվա շաղին, ժամը 6-ից հելնում էինք, ընգնում ճամփա, գնում Սուրբ Հովհաննեսի վանք: Վանքի մոտ մեզի հարս էինք նշանակում:

-Տատ, բա փեսա՞:

-Փեսա էլ ենք ունեցել, բայց աղջիկ: Մենք տղեքին չէինք խաղցուցե, բայց իրանք մեզի անընդհատ ջրած:

-Տատ, բա դու հարսի դեր տարե՞լ ես:

-Բա ոնց. հարսի էլ, փեսի էլ: Մեր օրենքի մեջ կար, որ հարսին չեն ջրում, բայց մեր ուզող տղեքը մեզ ջրում էին:

-Տատ, քեզ ջրե՞լ են:

-Բա ոնց: Արամայիս (պապիկս) Թիվրիզն էր: Ասի՝ լավ ա, ընձի ջրող չկա: Հասանք, մի թափ Վարդևըր խաղցանք, մեկ էլ տեսա չամադանով կայնուգ էր: Չամադանի մեջն՝ շշերով ջուր: Լարվավ հետևիցս, կալոշներս (ըդման էլ  գրա՝ կալոշ, բա էն վախտ կալոշ էր, կոշիկ ո՞վ ուներ) քցեց ջուր, մացի բոբիկ: Վա՜յ, Արամայիս, Արամայիս …

Բայց գնաց իրանց տնից նվեր կալոշ բերեց, հագա: Կալոշներով էլ ջրե՜ց. պապին ի՞նչ չբերե իմ գլխուն: Վարդավառից տուն ենք եկե, պապայիս հաց էի տանում, եկավ ջրե՜ց, հացս թափեց, գնաց իրանց տնից տոլմա բերեց՝ տարա:

Տո, ի՞նչ չընք էրե, է՜: Մինչև գիշեր խաղցել ենք, պարել ենք, երգել ենք…

Գյուղը ծաղկում է

Բարևներ Սյունիքից` համեմատաբար զով, բայց միևնույն է, շոգ Դարբասից:

Քանի որ համարյա մեկ տարի է՝ գյուղում չէի եղել, որոշեցի շրջել և իհարկե, նկատեցի զգալի փոփոխություններ: Կարոտել էի գյուղս, մարդկանց իրենց ժպիտներով և զվարճալի կատակներով, լեռները, և իհարկե, հայրիկիս պատրաստած գառան խորովածը:

Ամենաոգևորիչ և զգալի փոփոխություններից մեկը դա ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքն է: Ամենուրեք փոշի է, քարեր և տարբեր շինարարական աշխատանքներ, մարդիկ մեծ ոգևորությամբ և սիրով են աշխատում:

-Բարև ձեզ, կարո ՞ղ եմ ձեզ նկարել:

-Հա, եկ, եկ նկարի:

-Էդ ուղարկելու ես Ամերիկա ՞:

Տարիներ առաջ վերանորոգվել էր Սիսիան-Շամբ ավտոճանապարհը, որը փոքր ինչ թեթևացրել էր իրավիճակը, բայց Շամբից Շենաթաղ տանող ճանապարհը, որը անցնում է երեք գյուղերով` Դարբասով, Գետաթաղով և Լորով, այդպես էլ անմխիթար էր մնացել:

Ակամայից հիշեցի, թե ինչպես էին շատերը բողոքում ճանապարհներից և դրանց վիճակից, շատերն էլ ասում էին.

-Ո ՞նց գանք-գնանք էս ճանապարհներով, բա մեքենա կդիմանա ՞:

Շատ մեծ ուրախությամբ եմ ասում, որ շուտով այլևս այսպիսի խնդիրների առջև չենք կանգնի:

Հաջորդ ոգևորիչ հանգամանքը գյուղում նոր շինության կառուցումն է, որի աշխատանքները դեռևս սկսել էին այն ժամանակ, երբ ես մեկնեցի ԱՄՆ: Այն կառուցվում է բարերարներ Արամ և Արմեն Ստեփանյանների հովանավորությամբ, և համարյա իր ավարտին է մոտենում: Իսկ ի ՞նչ շինության մասին է խոսքը:

Շինությունը գյուղին կծառայի որպես սուպերմարկետ, վարսավիրանոց, դեղատուն, բանկոմատ և հանդիսությունների սրահ: Սրանք այնպիսի կարևոր բաներ են, որոնց կարիքը գյուղը միշտ ունեցել է: Այս ամենը շատ կօգնի գյուղի բնակիչներին, քանի որ նրանք այլևս ստիպված չեն լինի ամեն փոքր բանի համար գնալ Սիսիան քաղաք, որը գտնվում է Դարբասից 25կմ հեռավորության վրա: Բացի այդ, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Այցելեցի մեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Հեռվից ինձ տեսնելով Միշա պապիկի դեմքին լայն ժպիտ հայտնվեց.

-Այ ամերիկացի, էդ եկա ՞լ ես:

Պապի արձանը իր թոռնուհու հետ ինչպես միշտ հպարտ կանգնած է ու իր բարի ու գյուղական աշխատանքներից տանջված հայացքով օրհնում էր գյուղին ու նրա զավակներին: Եկեղեցու այգու վարդերը մի այլ տեսակի գեղեցիկ էին այդ օրը: Մի շարք հիշողություններ այցելեցին ինձ: Չէ ՞ որ մանկությանս ու պատենակությանս մեծ մասը հենց այստեղ եմ անցկացրել, այս դրախտավայրում:

Լեռները առաջվա պես խրոխտ են և միշտ խրոխտ են լինելու, նրանք դեռ իմ զինվորներն են:

Եղիակ լեռը վերևից հսկում է ամբողջ գյուղը և իր օրհնությունը տարածում:

Խոտի սեզոնը սկսվել է, ինչպես նաև կոմպոտների, ջեմերի և թթուներինը: Մայրիկս պատրաստվում է ճախաթթու դնել (այսպես ենք անվանում բազուկի թթվին), այն իմ ամենասիրելի թթուներից մեկն է:

Գյուղը նույն գյուղն է իր բարքերով, սովորույթներով, առօրյայով ու աշխատասեր մարդկանցով, միայն թե հիմա սկսել է էլ ավելի ծաղկել, և համոզված եմ դեռ շատ է ծաղկելու:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Ոչխարխուզման փառատոն

Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում տեղի ունեցավ «Ոչխարների խուզման փառատոնը», որի նպատակն էր՝ առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Արդեն չորս տարի է, ինչ անցկացվում է փառատոնը:

Ոչխարների խուզմանը փառատոնին մասնակցում էին տարբեր բնակավայրերից ժամանած հյուրեր:
Այս տարի նույնպես, վիճակահանությամբ ընտրվեց մասնակիցների հաջորդականությունը. չորսական մասնակից՝ յուրաքանչյուր փուլին մասնակցելու համար: Ժյուրին հաշվի էր առնում ոչ միայն արագությունը, այլև վնասվածքները և որակը:

Փառատոնին մասնակցում էր արտասահմանից ժամանած հյուրը, ով ևս ոչխար խուզեց:

Փառատոնին իրենց ելույթներով հանդես եկան The time project-ը, լարախաղաց Մամիկոն Պապիկյանը, Dj Mish-ը,Դավիթ Հակոբյանը և Վահե Մելքումյանի պարի ստուդիան:

Փառատոնի հաղորդավարը՝ MC Grig-ն էր, ով իր պոզիտիվ էներգիան փոխանցում էր մեզ:

Փառատոնի ընթացքում հետաքրքիր խաղեր էին կազմակերպում: Երկու տարբեր համայնքաներից մեկական մարդիկ հրավիրվեցին, մեկը՝ Հալիձորից էր, մյուսը՝ Շինուհայրից, պետք է այդ երկուսը շրջեին ամբողջ տարածքով, գնացք կազմեին, ում գնացքը ամենաերկարը լիներ՝ նա հաղթող կճանաչվեր: Ստացվեց այնպես, որ երկուսն էլ բավականին մեծ գնացք էին կազմել, երկուսն էլ հաղթեցին և «Կոկա Կոլայի» կողմից նվերներ ստացան:

Հետո Ֆլեշմոբ արեցինք, հեթով բարձրանում էինք բեմ, իսկ մնացածը պետք է կրկնեին այն բոլոր շարժումները, որը մենք ցույց էինք տալիս:

Չմոռանամ խոսել տաղավարների զարդարանքների և հյուրընկալ մարդկանց մասին, ովքեր թեյախմություն էին կազմակերպել:
Այնքան հետաքրքիր իրեր կային տաղավարներում: Էլ չխոսեմ՝ զբոսաշրջիկների զարմացած դեմքերի մասին:

Փառատոնի ժամանակ երեխաների համար կազմակերպվել էին խաղեր, նրանց խաղահրապարակը առանձին էր, նրանց համար հեքիաթներ էին պատմում: Այս տարի ևս երեխաների համար գառնուկներ կային:
Օտարերկրյա զբոսաշրջիկները շատ էին, զարմանալի էր, բայց տարածքով քայլում էի, տեսա երկու զբասաշրջիկի և մեկ հայի, ովքեր ձեռք-ձեռքի տված «Փափուռի» էին պարում:

Շուտով ժյուրին հայտնեց առաջին երեք հորիզոնականը զբաղեցրած մասնակիցների անունները:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Պավլիկ Կիրակոսյանը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից, երկրորդ տեղը` Էդգար Զաքարյանը՝ Սիսիանի տարածաշրջանի Շաքի համայնքից, իսկ առաջին տեղը զբաղեցրեց Ռոմանոս Սարգսյանը՝ Գորիսի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից: Հաղթողները ստացան նվերներ և շնորհակալագրեր, նաև արտասահմանից ժամանած հյուրի կողմից ստացան հատուկ մրցանակներ, իսկ մնացած մասնակիցները՝ «Կոկա Կոլայի» կողմից նվերներ ստացան:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեծ պատրաստակամությամբ համալրեցի կամավորների շարքերը:
Փառատոնի վերջում ամբողջ տարածքով շուրջպար բռնեցինք:

Պետք է ասեմ, որ կամավորությունն ինձ մեծ ու կարևոր փորձ է տալիս, որը վստահ եմ օգտակար կլինի իմ ապագան կերտելու գործում, քանի որ մեծ ինքնավստահություն ձեռք բերեցի ու կարողացա ինքս ինձ ճիշտ դրսևորել յուրաքանչյուր պարագայում: Բացի այդ, նաև հնարավորություն ստացա շփվել օտարերկրյա մասնակիցների հետ, ովքեր իրենց բազմակարծիք տպավորություններով կիսվում էին ու շնորհակալություն հայտնում այսչափ կարևոր աշխատանք կատարելու համար:

Իսկ վերջում, պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր կազմակերպիչներին նման հնարավորություն ընձեռելու համար: Չմոռանամ ասել, որ  փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսավորմամբ։

Անցած տարվա խորհուրդս մնում է անփոփոխ. մի բավարարվեք միայն կարդալով և լուսանկարները դիտելով: Հաջորդ տարի եկեք և մասնակցեք:

Կողբի հանդերում

 

Լույսը կբացվի, բարին էլ՝ հետը

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Այսօր՝ լույսը բացվելուն պես, մի անուշ բույր, առանց դուռը թակելու, սենյակիցս ներս մտավ: Պաշտում եմ այդ բույրը, այն էլ առավոտ շուտ, սոված փորիս: Կարծես խաղ է սկսում ստամոքսիս հետ. «Բռնի՛ր, թե կարող ես»: Բույրը վազում է, իսկ ես՝ նրա հետևից: Վերջապես հասա այն հեքիաթային վայրը՝ հացատուն:

Տատս ու մայրս, ինչպես միշտ, մինչև մազերի ծայրը ալյուրի մեջ կորած, լավաշ են թխում: Մայրս գրտնակում է խմորը ու տալիս տատիս: Եվ այդտեղ սկսվում է իմ ամենասիրած տեսարանը. խմորը տատիս մի ձեռքից մյուսն է թռչում, հետո պառկում «բատատի» (ինչպես տատս է ասում) վրա և մտնում թոնիր: Քիչ-քիչ սկսում է կարմրել ու արձակել այն սրտամաշ բույրը, որին անկարող եմ դիմանալ: Եվ ես՝ այդ գործի համար լիովին անպիտանս, կարողանում եմ միայն մի բան անել՝ վերցնել ու խրթխրթացնելով ուտել լավաշը: Դե, կարելի է ասել, որ ես ու Չալոն նույն գործի վրա ենք, պարզապես Չալոն մի փոքր ավելի երկար է սպասում: Լեզուն դուրս գցած՝ նստում է հացատան շեմին և սպասում, թե երբ պիտի մի լավաշ պոկվի ու ընկնի թոնիրը, որ տատս հանի ու նրան տա: Բայց, մեր մեջ ասած, ձեռքիս լավաշը Չալոյի հետ եմ կիսում:

Եվ երբ կշտանում եմ քիչ թե շատ, վերցնում եմ մի քանի լավաշ ու գնում տուն:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Տաք լավաշ, պանիր, սոխ… Միասին ուղղակի անմահական է:

Եվ երբ բոլորն արդեն կշտացած են լինում, վերադառնում եմ հացատուն ու նստում թոնրից մի փոքր հեռու (տատս է ստիպում, որովհետև միշտ ասում է, թե կընկնեմ մեջը) ու լսում տատիս տված լավաշ թխելու դասերը: Եվ երբ հասնում են վերջին գնդին, տատս կանչում է ինձ: Հիմա իմ հերթն է, իմ ու Չալոյի ամենասպասված պահը: Խմորը ձեռքերիս վրա լա՜վ տանջելուց հետո ուղարկում եմ թոնիր, ընկնում է մոխիրների մեջ, բարձրանում շշի վրա, հետո գնում Չալոյի բերանը: Հիմա և՛ ես եմ երջանիկ, և՛ Չալոն:

Համբարձման վիճակ

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Համբարձման տոն (վիճակի տոն ) կամ ` ինչպես իմ համագյուղացիներն են ասում՝ ջուր գողանալու օր։ Համբարձման տոնը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։

Մեր գյուղում՝ Լճափում, տոնը նման է վիճակ գցելու, որի ընթացքում պարզում են, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու,  ով ինչպիսի ամուսին է ունենալու, կամ էլ՝ հասնելու է իր «մուրազին» թե չէ։

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Տոնի նախօրեին հավաքվում ենք գյուղից յոթ աղջիկ և սկսում գողություն անելը… Հա, հա, հենց գողություն, չնայած այս դեպքում կարելի է ասել ջրի գողը՝ գող չէ։
Հավաքվում ենք ու սկսում…

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Մեր յոթ հոգանոց խմբով շրջում ենք գյուղով առանց անգամ մեկ բառ արտաբերելու։ Այդ ընթացքում աղջիկներիցս յուրաքանչյուրը զգուշությամբ պետք է մտնի համագյուղացիներից մեկի բակ, այնպես, որ իրեն չնկատեն տվյալ տան բնակիչները, և թաքուն աղբյուրից վերցնի մեկ բուռ ջուր, լցնի վիճակի համար նախատեսված թասի մեջ, այնուհետև այդ նույն բակից վերցնի մեկ քար, մեկ տերև և մեկ ծաղիկ, կրկին գցի, թասի մեջ և լուռ հեռանա կամ էլ եթե բռնվելու վտանգ է նկատում ինչպես մենք ենք ասում թափով փախնի ինչքան որ ուժ ունի։ Գողությունից հետո գնում ենք գյուղի մատուռի մոտ։ Յուրաքանչյուրս մեզ պատկանող որևէ մի իր ենք գցում թասի մեջ և թասը թաքցնում ենք դրսում, որպեսզի աստղերը հաշվեն: Մենք այնպես ենք թաքցնում թասը, որ գյուղի տղաները չգտնեն և չգողանան մեր դժվարությամբ ձեռք բերած ջուրը, թե չէ առանց նվերի ջուրը հետ տվողը չեն։
Գնում ենք տուն և անհամբերությամբ սպասում ենք հաջորդ օրվան` մեր բախտը իմանալու համար։

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Հաջորդ օրը հավաքվում ենք մատուռի մոտ։ Նստում ենք և սկսում ամենասպասվածը…
Աղջիկներից որևէ մեկը կարդում է վիճակի տոնին նվիրված մի խոսք և դրանից հետո մի փոքրիկ աղջիկ՝ հարսի զգեստով կամ էլ քողով, թասից հանում է իրերից մեկը։ Ում իրը որ հանում է, այդ խոսքը վերաբերվում է տվյալ իրի տիրոջը։ Այս գործողությունը կատարվում է երեք անգամ, և ավելի ճիշտ են համարվում վերջին երրորդ անգամ արտաբերված խոսքերը։
Դրանցից են օրինակ՝

Ձեր գեղի շեկլիկ տղեն,

Աշխարհ գիտե՝ քո տերն ա:

Մատնիքդ մատովդ չէ,

Սիրածդ սրտովդ չէ:

Շեկ յարիդ դրիր ճամփան,

Սուրբ Կարապետ պահապան:

Սարեն անցան հավքերը,

Կիսատ չի մնա սերդ։

Գարնան բացվի նոր լալա,

Հարսը բերի զույգ բալա:

Երկան արտը գարի է,

Նշանվելու տարի է:

Նշանածդ չինար է,

Չինար ու բարդի ծառ է:

Դու կառնիս էնպես տղա,

Օր սաղ գեղն ուրախանա:

Աշուն իջնի սարերուն,

Քեզի հարսնիք էնենք։

Այսօր մեզ կարող եք հանդիպել մատուռի մոտ:

Արզականցիների քայլը

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Համահայկական այս շարժմանը և անհնազանդության թեմաներին անդրադառնալով՝ ցանկանում եմ ներկայացնել այն մասին, թե ինչպես մեզ՝ Արզականի միջնակարգ դպրոցի աշակերտներիս, չէր հաջողվում կազմակերպված կերպով դասադուլ անցկացնել…

Ուզում եմ խոստովանել, որ առաջին դասադուլը, որի համար պատժվեցինք, և որի համար մեզ խիստ զգուշացրեցին… Թող ձեր հայրիկները գնան ցույցի…

Այս խոսքերին հաջորդեց այն, որ ծնող կանչեցին դպրոց, և մենք հասկացանք, որ դա իսկապես մեր անկազմակերպվածության արդյունքն էր …Դե այս ամենից հետո բնականաբար մենք կոտրված էինք, նաև կոտրված էր մեր առաջին քայլը, բայց դա մեզ համար մի դաս էր հասկանալու, որ պետք է տասը չափենք և մեկ կտրենք…

Եվ այսպես՝ չափումներ անելուց հետո միայն, մայիսի 2-ին, բարձր դասարանի աշակերտները կատարեցին երկրորդ, բայց արդեն հստակեցված քայլը … Մեկ մարդու նման սովորականի պես չգնացինք դպրոց և մեր միակ նպատակն էր անհնազանդության քայլով փակել Արզական մտնող ճանապարհը… Այո, մենք դա արեցինք առանց որևէ խոչընդոտի: Գլխավոր ճանհապարհը փակելուց հետո երգ ու պարով շարունակեցինք մեր գեղեցիկ անհնազանդությունը… Եվ երբ արդեն դպրոցականների քայլից ոգևորված արզականցիները, և որ ամենակարևորն է, դպրոցի մի քանի ուսուցիչներ, մանկապարտեզի ամբողջ աշխատակազմը, գյուղի երիտասարդները և մեր ծնողները կատարեցին նաև իրենց քայլը…

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Շուտով մի խումբ երիտասարդների կողմից պաստառներ պատրաստվեցին Գարեգին Նժդեհի խոսքերով. «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել» և Արզական անվանումն էին դաջել պաստառներին: Պաստառները Արզականի դպրոցականների և երիտասարդների շնորհիվ հենց այդ նույն օրը՝ մայիսի 2-ին, հանրահավաքի ժամանակ հայտնվեցին Հայաստանի Հանրապետության հրապարակի կենտրոնում և ուղիղ միացումով հետևելիս՝ անընդհատ մեծ կադրով Ազատություն ռադիոկայանի օպերատորն իր տեսախցիկը չէր հեռացնում մեր պաստառից: Չեք պատկերացնի, թե ինչ մեծ ոգևորություն էի ապրում՝ համակարգչի էկրանին նայելիս …

Ինձ անգամ թվում էր, թե այդ օպերատորն էլ է արզականցի, և մեր քայլը նրան էլ է ոգևորել, այդ պատճառով էր ուշադրության արժանացնում…

Ինձ անհանգստացնում էր այն, որ տարբեր գյուղերում համահայկական շարժման հենց առաջին օրերից անհրաժեշտության դեպքում մեկ մարդու նման հավաքվում և կազմակերպում էին գործադուլներ և դասադուլներ, բայց ոչ Արզականում, և մենք դպրոցականներս ցանկանում էինք, որ այս համահայկական շարժումը մտնի նաև մեր գյուղ … Հիմա դպրոցականները դա արեցին… Իհարկե, ճիշտ է, Արզականում միայն մայիսի 2-ին ճանապարհ փակվեց, դասադուլ և գործադուլներ արվեցին, որի արդյունքում արզականցիներն էլ իրենց մեկ կաթիլ ներդրումն ունեցան:

Դպրոցականների կատարած փոքրիկ քայլից ամբողջ գյուղն արթնացավ: Վերջապես արթնացավ Արզականս…

Այսօր աշխատավորների օրն է

Լույսը բացվում է. շուտ արտը գընամ.
Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի.
Իմ սիրո՛ւն հատիկ, քեզ նորան պահ տամ
Մինչև օրերը ամռան արևի։

Թաղեմ քեզ, հատի՛կ, և դարդըս քեզ հետ.
Թե աստված ուզեց, դու կանաչեցիր,
Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ,
Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի՛ր։

Եվ ջերմ աղոթքով տիրամոր առջև
Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծըխեմ,
Որ քեզ պարգևե մի առատ անձրև,
Որ քեզ միշտ սիրով նայե խնդադեմ։

Բայց թե այդ շնորհին մեղքերիս համար
Արժանի չլինիմ, ծով կըդարձնեմ
Ես տաք քրտինքը ճակտիս արևառ,
Որ քեզ, իմ հատի՛կ, ծարավ չըթողնեմ։

Ծըլի՛ր, կանաչի՛ր, ոսկե սավանով
Ծածկի՛ր իմ արտը ողջ ալեծածան,
Նոր այն ժամանակ անուշ շրշյունով
Տո՛ւր ջարդված սրտիս մի քուն հանգստյան։

Հովհաննես Հովհաննիսյան