Մաթեմատիկական կրքեր իրավաբանական թեմաներով

Նախ ասեմ, որ ցանկանում եմ ուսումս շարունակել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում: Այս տարի սկսեցի պարապել կրկնուսույցների մոտ: Դե, ամեն կրկնուսույց ամսական պահանջում է 30 000 դրամ: Երեք առարկայի համար՝ 90 000 դրամ:  Պետք է պարապեմ երկու տարի, այդ դեպքում վճարը կկազմի 1 980 000 դրամ: Եթե ընդունվեմ, ապա տարեկան պետք է վճարեմ 800 000 ուսման վարձ: Ցավոք, չգիտես ինչու, իրավաբանականում բարձր առաջադիմության դեպքում անգամ անվճար տեղեր չկան: Բակալավրիատի չորս տարիների համար դա կկազմի 3 200 000 դրամ: Մագիստրատուրայի համար 1 600 000 դրամ: Եվ այսպես միայն ուսման վճարները կկազմի 6 780 000 դրամ: Չեմ հաշվում մարզից Երևան գալ-գնալու, բնակարան վարձելու, սնվելու և մյուս անհրաժեշտ ծախսերը:

Մի՞թե այսքանից հետո իմ մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ և իմ աշխատավարձով կկարողանամ հետ բերել ուսմանս վրա ծնողներիս ծախսած գումարը:

Իմ ընտանիքը

Ընտանիքը մեծ հասկացություն է: Տարիքի հետ այդ հասկացության իմաստը էլ ավելի է մեծանում: Իմ ընտանիքն էլ է նման բոլորի ընտանիքներին, և միևնույն ժամանակ, տարբերվում է բոլորինից: Իմ ընտանիքը միշտ լի է, ու այդտեղ հնարավոր չէ մրսել: Լի՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Երբ փոքր էի, ինձ թվում էր, թե դա սովորական ընտանիքի մոդել է, բայց իմ մանկական պատկերացումները լիովին փոխվեցին, երբ սկսեցի այցելել իմ այն ընկերուհիների տները, որոնց ընտանիքի անդամների թիվը չէր անցնում երեքից: Զարմանալի է, նույն մեծության տները ինձ թվում էին ավելի մեծ ու ճնշող, որտեղ միշտ մրսում ես, չնայած լավ ջեռուցմանը: Ընտանիքի իմ պատկերացումներից միայն մի երկու դեպք եմ հիշում իմ մանկությունից (դե, մանկությունը այն ժամանակահատվածն է, երբ ամեն ինչ դրոշմվում է քո ենթագիտակցության և վարքի վրա): Առաջինը, երբ երկրորդ դասարանում իմ ուսուցչուհին մեզ հանձնարարեց նկարել մեր ընտանիքները: Իսկ իմ նկարած նկարը ոչ միայն ուղղակի նկար էր, այլ, կոպիտ ասած, դասակարգում, ըստ տարիքի ու վայելած հարգանքի: Բազմոցին նստած էին տատիկն ու պապիկը, բազկաթոռներին՝ մայրիկն ու հայրիկը, իսկ մենք՝ ես, քույրս ու եղբայրս` աթոռներին ու գետնին: Դա է իմ երազած ընտանիքի իդեալը: Հարգանք, սեր, մեկը մյուսին զիջելու ունակություն… Ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտանիքներին, հայկական ընտանիքներին: Իսկ մյուսը երևի ավելի լավ է տպավորվել իմ մեջ:

Մի վիրավոր ճնճղուկ ձեռքս փողոցից եկա տուն: Մայրս զայրացավ՝արգելելով տանը պահել թռչունին, իսկ ես լացակումած ու

ի հակադրություն մորս, վերցրի թռչունին և փակվեցի սենյակումս: Ընտանիքիս մնացած անդամները հավաքվել էին կողպված դռան մյուս կողմում և խնդրում էին, ինչու չէ, նաև պարտադրում, որ դուռը բացեմ և ազատեմ թռչունին: Բայց ասեմ, որ փոքր ժամանակ էլ էի համառ ու չէի բացի, եթե չլսեի տատիկիս ասածը:

-Տոտոն (այդպես էին ինձ դիմում), տե՛ս, հիմա դու նեղսրտած ես, և

մենք բոլորս անհանգստանում ենք քեզ համար, իսկ այդ ճնճղուկի ընտանի՞քը, չէ՞ որ նրանցն էլ է ընտանիք, նրանք էլ են անհանգստանում, երևի իրենց վիրավոր երեխայի համար կեր պիտի հայթայթեն, իսկ դու նրան վերցրել ու բերել ես տուն:

Ես լցված աչքերով նայեցի ճնճղուկին, հետո կողպեքին, բացեցի դուռը, դուրս հանեցի միայն ձեռքս, ճնճղուկը ափիս մեջ դրած, տվեցի տատիկին, հետո շարունակեցի լաց լինել: Բայց ոչինչ, փոքրիկ ընկերս ինձնից չէր նեղանա, ես կարող էի լաց լինել նաև ցածր գնահատական ստանալու պատճառով: Բայց այդ պատմությունը վառ օրինակ էր ընտանիքի միասնականության:

Այո՛, սա իմ ընտանիքն է, և միևնույն ժամանակ, երջանիկ ընտանիքի իդեալը: 

25 տարի առաջ

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Ես և իմ սերնդակիցները չենք տեսել 1988-ի ահավոր ու աղետաբեր երկրաշարժը: Սակայն Գյումրիում դեռ շատ կան երկրաշարժից ավերված շենքերի փլատակներ, որոնք ամեն օր հիշեցնում են մեզ 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին: Բացի այդ, այնքան շատ են պատմել, որ թվում է, թե ես եղել եմ ականատես: Տատիկս համարյա ամեն օր հիշում է դեկտեմբերի 7-ը: Բայց ավելի տխուր են այն հիշողությունները, որոնք կապված են աղետից հետո փլատակված քաղաքում ապրելու հետ: Մի դեպք տատիկիս մեջ շատ է տպավորվել: «Երկրաշարժից այնքան էինք վախեցած, որ մի փոքրիկ առիթ էր պետք նորից սարսափի մեջ ընկնելու: 1989 թվականի հունվարի 25-ից մեր դպրոցը սկսեց գործել վրանների մեջ,- պատմում է տատիկս, որը թե այն տարիներին, թե հիմա դասվար է աշխատում դպրոցում,- Գրատախտակը հարմարեցրել էին վրանում: Գարուն էր, սկսվել էին ուժեղ քամիները, բոլորը խոսում էին, որ իբր նորից ավելի ուժեղ երկրաշարժ է լինելու…

Աշակերտներին հանձնարարություն տալուց հետո նստեցի դասամատյանը լրացնելու: Ու հանկարծ լսեցի երեխաների ոտնաձայներ՝ թփթփոցներ: Ինձ թվում էր, թե ես արդեն գետնի տակ եմ, երեխաներն էլ են ընկնում անդունդը: Այդ պահին մի փոքրիկ աղջիկ՝ Սյուզաննան, գոռաց.

-Ո՞ւր եք վազում, ընկեր Անանյանը մնաց գրատախտակի տակ:

Ես բացեցի աչքերս, հասկանալով, որ գրատախտակն է պոկվել ու ընկել ինձ վրա:

Ինձ թվում է, բոլորին հասկանալի կլինի երկրաշարժի թողած ազդեցությունը մարդու վրա: Անցել է արդեն 25 տարի, չեմ մոռանում այդ աղետալի օրն ու ժամը: Ուզում եմ , որ ոչ մի սերունդ չտեսնի աղետ, ոչ մի մարդ վախեցած չապրի իր կյանքը»:

Մեղրաձորի ոսկու հանքը

Մեղրաձոր գյուղում, Փամբակի լեռնաշղթայում, վաղուց ի վեր հայտնաբերվել են ոսկու հարուստ պաշարներ: Դեռևս 19-րդ դարից կառուցվել և շահագործման է հանձնվել ոսկու փակ հանք: Մինչև այսօր այն որոշ խափանումներով աշխատում է և մեծ քանակությամբ ոսկի ապահովում ողջ Հայաստանին: Այն իր չափերով և ծավալած գործունեությամբ գերազանցում է Սոթքի ոսկու հանքին:

Չնայած հանքավայրը գյուղի բնակչության հիմնական մասի համար ապրուստի միջոց է, բայց այնուամենայնիվ, շատ վտանգավոր աշխատանք է: Հանքահորերը գտնվում են ոչ այնքան լավ պայմաններում, և շատ հաճախ հնարավոր չի լինում խուսափել փլուզումներից ու ցավալի պատահարներից: Դրանցից երկուսը ինքս եմ մտաբերում՝ 2008 և 2013 թվականներին: Բացի փլուզումներից, էլի շատ վտանգներով է լի հանքափորի աշխատանքը: Հանքերում արտանետվում են թունավոր, կյանքի համար վտանգավոր նյութեր: Դրանք վնասաբեր են ոչ միայն հանքում աշխատողների կյանքի համար, այլև ողջ գյուղի բնակչության, և նպաստում են շրջակա միջավայրի աղտոտմանը:

Դուրս բերված ոսկու հանքաքարը գնացքներով տեղափոխվում է Արարատ, ենթարկվում քիմիական և մեխանիկական մշակման և կորզվում ոսկին:

2012 թվականի դեկտեմբերից գյուղում սկսեցին լուրեր շրջանառվել, որ ցանկանում են ոսկու հանքին կից ոսկու կորզման գործարան բացել: Մեր գյուղի անդորրը խախտվեց: Ամենուրեք, անկախ տարիքից և սեռից, խոսում էին այդ մասին, անգամ երբեմն վեճեր էին ծագում դրա շուրջ: Գյուղի բնակչությունը բաժանվել էր երկու մասի՝ մի մասը կողմ էր գործարանի բացմանը, մյուս մասը, ընդհակառակը, կտրականապես դեմ էր դրան: Ավելի ուշ խոսակցությունները փոխվեցին գործնական քայլերի: Նախ, դեմ արտահայտվողները հանրահավաք կազմակերպեցին գյուղպետարանի դիմաց, իրենց բողոքի մասին տեղեկացրին գյուղապետին և ավագանուն: Նշեմ, որ դեմ արտահայտվողները դեմ էին գործարանի աշխատելուն, քանի որ, ըստ նրանց, գործարանն աշխատելիս կարտանետեր ցիանաթթու, ինչը շատ վտանգավոր է շրջապատի համար: Մյուս կողմը չէր ժխտում ցիանաթթվի արտանետման հանգամանքը, բայց և պնդում էր, որ այդ քանակությամբ վտանգավոր չէ:

Ի վերջո, վեճերը թեժացան: Շուտով գյուղ եկան բնապահպաններ, քիմիկոսներ, գիտնականներ, ովքեր ևս տարբեր կարծիքներ ունեին: Անց էին կացվում բուռն քննարկումներ, ուսումնասիրություններ: Ողջ համացանցը հեղեղված էր այդ լուրերով, «Մեղրոձոր-գոլդ» ՓԲԸ-ի տնօրենը ևս լուրջ քննարկումների մեջ էր: Շուտով վիճակն էլ ավելի թեժացավ, և հարցը հասավ ՀՀ նախագահին:

Ամեն դեպքում, գործարանի բացումը գյուղին  աշխատատեղեր կապահովեր, գյուղի սոցիալական դրությունը կբարելավվեր:

Այնուամենայնիվ, այս պատմությունը չի հանգել իր վերջնակետին: 

Համիկ պապի հեքիաթը

Սա հեքիաթ չէ, այլ իրական պատմություն:

Տարիներ առաջ, երբ սովորում էի ութերորդ դասարանում, բարեգործական նպատակով գնացել էինք Գյումրիի ծերերի տուն-ինտերնատ: Մենք հավաքեցինք` ինչ կարող էինք, ու գնացինք ծերերին այցելության: Շատ ճնշող էր այնտեղ. բոլորը ծեր էին, հիվանդ և մի տեսակ անպաշտպան: Երբ բաժանում էինք մեր տարած քաղցրավենիքը, իմ ուշադրությունը գրավեց մի պապիկ, որը հեռվում կանգնած լուռ նայում էր և չէր էլ մոտենում մեզ… Ես զգացի ինչ-որ պահանջ մոտենալու ու զրուցելու պապիկի հետ, սակայն չստացվեց, և ես մոռացա նրա մասին: Այդ այցելությունից անցավ երկու  տարի: Երբ հաճախեցի «Մանանա» կենտրոն, և ինձ առաջարկեցին  նկարահանել մի հետաքրքիր պատմություն, ես անմիջապես հիշեցի ծերերի տուն-ինտերնատի  բարի պապիկին, ով այդ օրը գրավել էր իմ ուշադրությունը: Եվ ես որոշեցի, որ իմ ֆիլմը հենց նրա մասին է լինելու:  Գնացիք տուն-ինտերնատ, գտանք իմ բարի պապիկին:  Նա ինձ հիշեց: Հարցրի՝ ինչպես է, ինչի կարիք ունի, նա պատասխանեց.

-Շատ լավ եմ, բալա ջան, ոչ մի բանի կարիք չունիմ:

- Ձեր անունն ի՞նչ է,- հարցրի պապիկին:

-Համիկ պապ,- պատասխանեց նա,- բայց երբ եկա էստեղ, հեչ պապ չէի:

-Իսկ ինչպե՞ս և ե՞րբ եկաք,- հարցրի  Համիկ պապին:

-Է~, բալամ, երկար պատմություն է,-ասաց Համիկ պապը, -մի վեպ կարելի է գրել իմ կյանքի մասին:

-Ոչինչ, պատմեք, Համիկ պապ,  հետաքրքիր է:

- Որ էդպես է, բալա ջան, նախ քեզ տանեմ, ցույց տամ, թե ես ոնց եմ խնամում էս այգին, էս պարտեզը:

Համիկ պապը հպարտությամբ ցույց տվեց ծերանոցի բակում իր աճեցրած այգին.  խնամված ծառերը, բանջարանոցը, պարտեզի գեղեցիկ ծաղիկները: Ամբողջ օրը նա զբաղված է այգին փորելով, ծառերը ջրելով, փոցխ անելով, մոլախոտերը պոկելով: Մի խոսքով, Համիկ պապը առավոտից մինչև ուշ երեկո զբաղված է:

- Համիկ պապ, այս բոլորը դո՞ւք եք խնամում,- հարցրի ես:

-Էս, օր կտեսնիս, բալա ջան, սաղ մեր ճաշարանի համար է; Ես կխնամեմ, հոգ կտանիմ, գեղեցիկ ծաղիկներ կաճեցնեմ: Չնայած՝ կյանքը դաժան գտնվավ իմ հանդեպ,  բայց սիրուն բան շատ կսիրեմ: Երկրաշարժին կորցրի  տունուտեղս, կնոջս ու միակ աղջկաս: Էդքան մեծ չէի, ընդամենը  քառասունյոթ տարեկան: Ուզում էի ինքնասպան լինել, ասի՝ էլ ում համար  եմ ապրում:  Բայց Արցախյան պատերազմը սկսվեց, ասի՝ գնամ, պատերազմի դաշտում զոհվեմ, գոնե մի բարի գործ արած կլինեմ հայրենիքիս համար: Բայց «գյուլլեն» ինձ չառավ: Շուշին գրավելուց հետո վերադարձա: Երկրաշարժից հետո մի «դոմիկ» էին տվել, բայց պատերազմում եղած ժամանակս էն էլ էին տարել: Ու էդպես մնացի անտեր ու անտուն:  Ասի՝ գնամ ծերանոց, բայց տարիքս էն չէր, հիսուներկու տարեկան էի: Եկա, տնօրենը բարի մարդ էր, իմացավ իմ պատմությունս, վերցրեց ինձ, տանիք եղավ գլխիս: Ես էլ ասի, մի հանրօգուտ գործ անեմ: Սկսեցի խնամել այգին, ծառ տնկել, բանջարանոց ստեղծեցի, որ մեր մրգերն ու բանջարեղենն ուտենք: Շներին ու կատվներին տիրություն  կենեմ: Անլեզու հայվաններ են, մեղք են, մեկը պիտի լինի՞ օր տիրություն անի նրանց: Սրանց մեջ էլ, ինչպես մարդկանց մեջ, կան բարի և համակերպվող, չար և իրարից փայ փախցնող կենդանիներ:  Այ ըսենց, բալա ջան, արդեն մոտ քսան տարի կապրիմ էստեղ: Իմ հարազատներն էս այգին, պարտեզը, շներն ու կատուներն են: Մի կին կար, մի քիչ «թլդիկ» էր, էստեղ էնքան էին նեղում նրան, որ մեղքս տվեց, ասի՝ արի ամուսնանանք իրար հետ, որ քեզ տիրություն անող լինի: Հիմա իրար հետ ապրում ենք, մեր կյանքի օրերը մաշում…

Լսեցի Համիկ պապի պատմությունն ու տխրեցի: Մտածում եմ՝ մարդը չունի ոչինչ, ոչ տունուտեղ, ոչ ընտանիք, ոչ երազանք, բայց այդքան  բարի է:  Նա ամբողջ օրը խոսում  է շների ու կատուների, ծաղիկների և ծառերի հետ, նրանց խնամում: Այդ ամենից հետո, նա ոչ թե չարանում, այլ ուրախանում է կյանքով: Չէ որ նա, ինչպես իմ պապիկը, կարող էր ունենալ երեխաներ ու թոռնիկներ, հարազատներ, հպարտանար նրանց հաջողություններով: Կյանքում տեսնել այդքան դառնություն և մնալ այդքան բարի, լինել իսկական քրիստոնյա…

Այդ օրը ինքս ինձ համար հայտնաբերեցի, որ մեծ, բարի ու անհատակ է մարդու հոգին`անկախ ամեն ինչից:

 

shushan nor

Ժամանակի հերոսը

Գրողին պիտի իր գրքերում փնտրեսԼևոն Խեչոյան

Ամիսներ առաջ էր, որ ծանոթացա Լևոն Խեչոյանի հետ: Որոշել էի ֆիլմ նկարել նրա մասին: Երբ այդ մասին ասացի ծանոթներիս, մի քիչ թերահավատությամբ նայեցին դրան: Ասացին, որ իզուր չգնամ նրանց տուն ու հարցնեմ նրան. նախ, որովհետև դեռ փոքր եմ, փորձ չունեմ, և հետո` ինձնից առաջ քանի՜- քանի՜ լուրջ ռեժիսորների է մերժել…

Բայց ես չլսեցի ոչ-ոքի ու որոշեցի անձամբ գնալ նրանց տուն ու իրենից ստանալ կամ մերժում, կամ համաձայնություն:

Իմանալով միայն, որ ապրում է Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գտնվող հիվանդանոցի մոտակայքի ինչ-որ շենքում, որի վրա գրված է «Հարություն», ես, ամիսներ առաջ ճամփա ընկա մեծ գրողի տուն: Շփոթված էի, չգիտեի` ինչ էի ասելու նրան, որտեղից էի սկսելու. «Բարև ձեզ: Ես Շուշանիկն եմ: Տասնվեց տարեկան եմ: Ձեզ հետ միասին ապրում եմ Հրազդանում և ուզում եմ ֆիլմ նկարել Ձեր մասին, չնայած ոչ ոք չի հավատում, որ կստանամ Ձեր համաձայնությունը, բայց ես եկել եմ անձամբ դա Ձեզնից լսելու…»: Այդ ժամանակ իմ մտքերը ինձ ծիծաղելու աստիճան սարսափելի էին թվում: Ես որոշեցի ոչինչ չմտածել այդ պահին, բացի իրենց տունը գտնելուց: Հուզմունքս ավելի էր ավելանում, երբ ճանապարհին ում հարցնում էի, թե չգիտե՞ն արդյոք որտեղ է ապրում Լևոն Խեչոյանը, բոլորը տարակուսած նայում էին ինձ, կարծես, թե ինձ բարկացնելու համար, եւ դա նրանց հաջողվում էր: Փոքր ժամանակ ես մտածում էի, որ հայտնի մարդիկ (գրողները, դերասանները, երգիչները…) մի տեսակ անիրական, ոչ շոշափելի էակներ են: Ինձ թվում էր` նրանք ո՛չ հաց են ուտում, ո՛չ ջուր խմում, ո՛չ էլ սովորական մարդու կյանքով ապրում: Նրանց հանդեպ ունեցած խորը ակնածանքս ստիպում էր ինձ առասպելականացնել մտավորական ասված կերպարը: Ես, այդ պահին, երբ մարդիկ շշմած նայում էին ինձ` Խեչոյանի անունը լսելիս, մխիթարվում էի այն մտքով, որ գուցե նրանք չեն կարող երևակայել անգամ, թե Խեչոյանի նման մեծ գրողը կարող է ապրել իրենց հետ կողք-կողքի:

Վերջապես գտա շենքը: Թակեցի առաջին հարկի բնակարաններից մեկի դուռը.

-Կներեք, Լևոն Խեչոյանն այստե՞ղ է ապրում,- հարցրեցի ես:

-Վերև, – ասաց դուռը բացած կինը` մատը վեր ուղղելով:

-Լավ, շնորհակալություն,- ասացի ես ու բարձրացա վեր:

Հաջորդ դուռը:

-Կներեք, Լևոն Խեչոյանն այստե՞ղ է ապրում,- հարցրի ես երկրորդ անգամ:

-Մի հարկ վերև բարձրացեք,- եղավ պատասխանը:

-Կներեք, Լևոն Խեչոյանն այստե՞ղ է ապրում: Ինձ ասացին…,- խոսքը բերանումս կիսատ մնաց:

-Այո, այո, համեցեք ներս,- ասաց մեղմ դիմագծերով ու շարժուձևով մի կին: Այնպիսի տպավորություն էր, կարծես, թե ինձ վաղուց սպասում էին այնտեղ: Հետո ինձ ուղեկցեց Լեւոն Խեչոյանի աշխատասենյակ: Շատ յուրահատուկ վայր էր դա: Սենյակն ամբողջությամբ լցված էր արվեստի գործերով: Պատերը գրքերի ու կտավների առատությունից չէին երևում: Կային նաև կիրառական արվեստին առնչվող բավականին հին իրեր: Մի խոսքով, դա ավելիշատ նման էր թանգարանի, քան աշխատասենյակի:

Գրքերի ծանրությունից կռացած գրասեղանի առաջ նստած էր ինքը՝ Լևոն Խեչոյանը: Բարևեցի, հետո ներկայացա, թե ով եմ: Ասացի` ուզում եմ ֆիլմ նկարել իր մասին: Պատմեցի ամեն ինչ՝ սկսած մարդկանց թերահավատությունից բռնածս գործի հանդեպ: Ժպտաց, հետո ասաց, թե ճիշտ եմ արել, որ չեմ լսել ոչ ոքի ու եկել եմ, ավելացնելով, որ, եթե մարդը ուզում է ստեղծագործել, չպիտի մերժես նրան: Հետո երկար, զննող հայացքով նայեց ինձ ու հարցրեց.

-Գիտե՞ս, թե ինչքան դժվար է արվեստի ուղով քայլելը:

-Գիտեմ,- ժպտալով պատասխանեցի ես,- բայց ուզում եմ զգալ այդ հաճելի դժվարությունը:

Նա նորից ժպտաց: Կարծես թե նրան իմ պատասխանը դուր եկավ: Հետո հարցրեց, թե ինչու եմ ուզում հենց իր մասին ֆիլմ նկարել: Ես էլ անկեղծ պատասխանեցի, որ այդ ֆիլմով նախ իմ, հետո էլ իմ ընկերների համար ուզում եմ բացահայտել Լևոն Խեչոյան մարդուն ու գրողին: Չձևացրի, փորձեցի լինել պարզ, առանց այլևայլությունների: Անկեղծ մարդկանց դուր է գալիս պարզությունը: Չասացի, որ ինչ-որ լուրջ վավերագրող ռեժիսոր եմ: Չթաքցրի նաև, որ դա իմ առաջին լուրջ գործն է լինելու, բայց դա չխանգարեց նրան, որ համաձայնվի: Միայն ասաց, որ առողջական խնդիրներ ունի ու երկու օրից գնում է Գերմանիա բուժման անորոշ ժամանակով, և ֆիլմը նկարահանել հնարավոր կլինի միայն իր վերադարձից հետո: Փոխանակվեցինք հեռախոսահամարներով: Խեչոյանը խոստացավ, որ վերադառնալուց հետո անպայման կզանգի: Ես էլ կատակեցի, թե, եթե ինքը չզանգի, ես անհամեստություն կանեմ ու առաջինը կզագեմ: (Էլ ինչ իմանայի, որ հավերժ լռելու էր նրա հեռախոսը, և իմն էլ երբեք հնարավորություն չէր ունենալու զանգել նրան): Հետո խոսեցինք մի քիչ արվեստից, գրականությունից, դպրոցից… Եկավ հրաժեշտի պահը: Նա ինձ իր գրքերից նվիրեց: Հետո ճանապարհեց մինչև աստիճանները՝ չնայած ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէր: Հրաժեշտ տվեցինք միմյանց: Վերջում ժպիտով նայեց ինձ ու ասաց.

-Ես քեզ հաջողություն եմ մաղթում:

-Շնորհակալ եմ,- ասացի ես՝ կարծես օդի մեջ զգալով կորստի հոտը: Երևի մի ժամ էի մնացել նրանց տանը, բայց ասես այդ աշխատասենյակում՝ գրողի աշխարհում, ժամանակն ու տարածությունը այլ կերպ են ընթանում: Մի ժամում մի տարվա տպավորություններ էի ստացել: Հիմա եմ հասկանում, որ ես հայտնվել էի այն տարօրինակ «գործարաններից» մեկում, որտեղ արվեստագետը՝ գրողը, ստեղծում է հերոսներ և նրանց պահ է տալիս գրքի էջերին: Երբ մենք գիրք ենք կարդում, այդ հերոսները, զգացմունքներն ու հույզերը դուրս են գալիս գրքի էջերից և լցնում մեր տները, այնտեղից անցնում են մեր էության մեջ, և առասպելն ու տեսիլքը դառնում են իրական: Ինչքա՜ն շատ են զգում արվեստագետները ու ինչքա՜ն նուրբ, և դրանից այնքան շատ է հասնում մեզ, ու դեռ էլի քիչ ենք զգում նրանց զգացածից: Հենց դրանում է կայանում արվեստագետի ու սովորական մարդու տարբերությունը:

Մեր հանդիպումից հետո ես ակտիվ կերպով սկսեցի կարդալ Խեչոյանի գործերը, գլխումս սցենարներ գրել- ջնջել: Աչքերիս առջևով անցնում էին ֆիլմի կադրերը, բայց ես զանգ չէի ստանում գրողից: Իմ ոգևորությունը փոխանցվել էր բոլոր ծանոթներիս, ընկերներիս, հարազատներիս: Բոլորը փորձում էին տեղեկություններ բերել ինձ գրողի մասին. ճիշտ, թե սխալ, նրանց համար կարևոր չէր, միայն, թե գոհացնեին ինձ: Եվ այսպես, մի օր ինձ տեղեկություն հասավ, թե Խեչոյանը վերադարձել է Գերմանիայից: Ես նորից գնացի նրանց տուն, բայց պարզվեց սուտ լուրեր էին: Բավականին երկար զրուցեցի կնոջ՝ տիկին Ամալյայի հետ: Մենք նստել էինք գրողի աշխատասենյակում, և ես ուշադրությամբ լսում էի տիկին Ամալյայի պատմությունները ամուսնու մասին: Հանկարծ աչքս ընկավ անկյունում դրված հսկայական թղթերի կույտին:

-Ի՞նչ է սա, տիկի՛ն Ամալյա,- հարցրեցի ես հետաքրքրությամբ:

-«Մհերի դուռը» վեպի սևագրերն են: Գրասեղանի վրա էլ մաքրագիրն է: Լևոնն ամեն ինչ պատրաստեց, գնաց: Ասաց` Գերմանիայից գամ, նոր կտպենք,- պատասխանեց նա խորին հավատով:

Ես էլ շարունակում էի անհամբեր սպասել նրա վերադարձին, ու մի օր…

Երբեմն մահը այնքան ծիծաղելի և փոքր երևույթ է դառնում, երբ փորձում է սպանել կյանքը: Կյանքը հզոր երևույթ է, և ոչ մի մահ երբեք չի կարող հաղթել նրան…

Մի քանի օր առաջ գրախանութում էի: Մի աղջիկ կար այնտեղ: Երևի կլիներ իմ տարիքին: Գրախանութից գնեց Լևոն Խեչոյանի գրքերից մեկը ու շտապով դուրս թռավ խանութից՝ կարծես չհամբերելով ծանոթանալ գրքի բովանդակությանը:

-Տարօրինակ աղջիկ է,- ասաց գրավաճառը,- այսօր արդեն երկրորդ անգամն է գնում նույն հեղինակի գիրքը:

Թվում է՝ թե մարդը չկա, և նա չպիտի ապրի, բայց արի ու տես, որ նա ապրում է և նույնիսկ արժեքներ է դաստիարակում: Այդ ժամանակ դու ևս մեկ անգամ հասկանում ես, որ, իրոք, մահը ծիծաղելի երևույթ է, երբ հիշողություններն ու մարդը, արվեստն ու գրականությունը դառնում են չխամրող արժեքներ:

Հ.Գ. Այսօր բավականին շատ է խոսվում Լևոն Խեչոյան գրողի ու մարդու մասին: Բոլորը փորձում են ինչ-որ բան հիշել, պատմել: Չեմ ուզում, որ նյութս դասվի դրանց շարքին, չնայած, որ բավականին զիջում է: Ուզում եմ, որ պատմությունս կարդացողները մի պահ կանգ առնեն մտածելու այն իսկական արժեքների մասին, որոնցով պիտի դաստիարակվեն: Գրքերի մեջ փնտրեք իրական արժեքները: Նրանք Ձեր կողքին են:

 

Իմ պապի հերոս հայրը

Հարցազրույց պապիկիս` Աշոտ   Թադևոսյանի հետ, իր հայրիկի՝ Ավետիս Մխիթարյանի  մասին, ով մասնակցել է  Երկրորդ   համաշխարհային   պատերազմին

- Պապիկ, քանի՞ տարեկանում է հայրդ մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին:

-1939 թվականին զորակոչվել է բանակ: Երեք տարի հետո, երբ սկսվեց  Մեծ Հայրենականը, հայրս քսանմեկ տարեկան էր:

-Պատերազմի ընթացքում ի՞նչ կոչումներ է ստացել:

-1939-1945 թվականներին մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին և Մեծ հայրենականին, շարքային զինվորից հասել է ավագ լեյտենանտի կոչման:

-Պատերազմի ընթացքում վիրավորվե՞լ է:

-Պատերազմի ընթացքում վիրավորվել է երեք անգամ: Առաջին անգամ վիրավորվել է 1941 թվականի հոկտեմբերի տասին` ձախ ոտքից, երկրորդը` 1942 թվականի փետրվարի հինգին` գոտկատեղից,  և երրորդ անգամ` 1944 թվականի հոկտեմբերի հինգին, թիկունքից: Վերջինը շատ ծանր էր, ինչպես նշում է իր ինքնակենսագրականում, թշնամու տանկային գրոհը կասեցնելու ժամանակ նետվելով առաջ, նռնակով պայթեցրել է հակառակորդի տանկը, սակայն պայթյունից առաջացած բեկորներից խուսափելն անհնար է եղել:

-Պատերազմի ավարտից հետո շարունակե՞լ է ծառայությունը:

-Այո, պատերազմից հետո զորակոչվել է Հունգարիայի Բեկեշ քաղաք, որտեղ շարունակել է ծառայությունը ներքին զորքերում:

-Ինչ որ հուշեր կա՞ն՝ կապված Ավետիս Մխիթարյանի բանակային և պատերազմական ընկերների հետ:

-Այո, օրինակ նրա բանակային ընկեր Դանչիշին Նիկոլայը 1945 թվականին պատերազմի ավարտից հետո նրան նվիրել է մի ալբոմ իր իսկ գրած ոտանավորներով և երգերով: Կան նաև շատ նկարներ իր պատերազմական տարիներից:

-Ի՞նչ շքանշաններ է ստացել:

-Ստացել է շատ շքանշաններ, որոնցից են, օրինակ, «Կարմիր աստղի», Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշաններ և այլ հուշամեդալներ:

 

Ձկների ու մարդկանց մասին

Լուսանկարը՝ Էլմիրա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Էլմիրա Հովհաննիսյանի

-Մամ, կարո՞ղ եմ քեզնից հարցազրույց վերցնել:

-Այո, իհարկե:

-Ինձ կպատմե՞ս, թե ինչպես ես ծանոթացել հայրիկիս հետ:

-Ես ապրում էի Շամշադինի շրջանի Բերդ ավանում, սակայն սովորելու համար գնացել էի Երևան: Հինգ տարի սովորելուց հետո ավարտեցի Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, և ինձ Կրասնոսելսկի շրջանում նշանակեցին պետական նոտար:

-Դժվա՞ր էր քեզ համար օտար միջավայրում ապրելը:

-Դժվար չէր, բայց ես անհանգստանում էի: Անհանգստանում էի, որովհետև Կրասնոսելսկի շրջանում ոչ մի ծանոթ չունեի: Մենակ էի ամբողջ օրը: Միայն հաճախորդներն էին գալիս-գնում:

-Իսկ շա՞տ երիտասարդներ էին գալիս քեզ սիրո խոստովանություն անելու:

-Ոչ, աղջիկս: Ես շատ խիստ էի նման հարցերում:

-Ինձ թվում է` այս պատմության ավարտը շատ հետաքրքիր է լինելու:

-Ուսանողական տարիներին ես մի ակվարիում ունեի, շատ էի սիրում ձկներ պահել: Երբ գնացի Կրասնոսելսկ, այդ ակվարիումն էլ էի ինձ հետ տարել: Իմ աշխատասենյակում էլ պահում էի:

-Շարունակիր, շատ հետաքրքիր է:

-Օրերից մի օր մի երիտասարդ մտավ գրասենյակ ու ներկայացավ. Սարգսյան Մինաս: Նրան շատ հետաքրքրեցին իմ ակվարիումի ձկները: Այդպես ձկները դարձան մեր հանդիպումների պատճառը: Հայրդ այնքան գնաց-եկավ, մինչև ձկներս սատկեցին:

-Ձկների սաատկելուց հետո, հայրս ուրիշ ձկներ չբերե՞ց:

-Ոչ, չբերեց: Նա հասավ իր ուզածին, և վերջ:

-Ուզում ես ասել, որ ձեր հանդիպման պատճառը ձկնե՞րն էին:

-Այո, սիրելիս, հենց ձկներն էին: Այդպես մենք սկսեցինք հանդիպել և ամուսնացանք:

-Իսկ կարո՞ղ ես հիշել, թե դա տարվա ո՞ր եղանակն էր, ո՞ր ամիսն էր:

-Ամռանն էր, ամռանը, ավելի կոնկրետ, հուլիս ամիսն էր:

Պաղջրի ծանր օրերը

Մեր գետը` Պաղջուրը, գյուղի հպարտությունն է, զարդը: Այն հոսում է երկու ժայռերի արանքով: Երբ վերևից նայում ես, ասես ադամանդակուռ արծաթյա գոտի լինի: Առաջ գնում էինք գետ` լողալու, բայց մարդիկ այնքան շատ էին, որ տեղ էլ չէր լինում: Իսկ հիմա … Այն հսկա գետը դարձել է առու:

Եվ այս ամենի պատճառն այն մարդիկ են, ովքեր կառուցեցին այն երկու չարաբաստիկ ՀԷԿ-երը: Եվ սա դեռ քիչ չէ, ասում են, մի քանիսն էլ պիտի  կառուցեն:

Հէկ-երի կառուցման հարցում ամբողջ գյուղը դեմ էր: Գյուղը շատ պայքարեց. ամեն օր ցույցեր, ընդվզումներ: Բայց, քանի որ ՀԷԿ կառուցողների թիկունքում իշխանավորներ էին կանգնած, ամեն ինչ ապարդյուն էր. գյուղը պարտվեց: Եվ Պաղջուրը սկսեց ցամաքել…

 

Նոր կյանք Գոմարանում

Լուսանկարը՝ Ալեն Ղազարյանի

Լուսանկարը՝ Ալեն Ղազարյանի

Սումգայթի ջարդերից անմիջապես հետո 1988 թվականին սկսվեց Բաքվի ցեղասպանությունը։ Այդ նույն թվականին զոհվեցին և բռնությունների ենթարկվեցին մի շարք հայ ընտանիքներ։ 1988 թվականի դեկտեմբերին ծանր իրավիճակ սկսվեց։ Շատ ընտանիքներ կարողացան հեռանալ Բաքվից, և ազատվել անգութ թշնամու ճանկերից։ Բաքվից հեռանալուց հետո տասնութ ընտանիք հանգրվան գտան Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի փոքրիկ գյուղում՝ Գոմարանում։ Այդ գյուղը գտնվում է Հայաստանի տարածաշրջանում, սակայն, համարվում էր ադրբեջանական գյուղ։ Գոմարանցիները սկսեցին զբաղվել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, որոնք էլ դարձան նրանց գոյատևելու միջոցները։ Նրանք սկսեցին համակերպվել նոր միջավայրին, յուրաքանչյուրը զբաղվում էր իր գործերով։ Գործերը ավարտելուց հետո բոլորը հավաքվում էին գյուղի կենտրոնում և սկսում զրուցել կորցրած անհոգ կյանքի մասին։ Այդ զրույցների ժամանակ պարզ էր դառնում, որ ընտանիքների բոլոր անդամները աշխատում էին գործարաններում։ Նոր շրջապատ ներխուժեց սերը, այդ սիրուն հաջորդեցին ամուսնությունները ու նոր ընտանիքների կազմավորումները։ Այդ երջանիկ ընտանիքներից մեկն էլ կազմեցին իմ հայրն ու մայրը։ Գյուղը դարձավ մի ընտանիք, որտեղ միասին էին  նշում ուրախության բերկրանքը ու ապրում կորստի ցավը։

Ես ծնվել եմ Գոմարանում, բռնագաղթի մասին միայն մեր համագյուղացիների պատմածներով գիտեմ: Երևի մի անգամ արդեն տեղահանություն ապրած իմ համագյուղացիները կուզենային մնալ գյուղում, հիմնավորվել… Սակայն ցավոք, շատերը աշխատատեղերի բացակայության պատճառով նորից են արտագաղթում, և գյուղը նորից դատարկվում է: