Գյումրի՝ քաղաք Հայաստանի հյուսիս-արևմուտքում:
Իյա~, էդ օ՞վ ըսավ, օր Լեննագանը Հայաստանի հյուսիս չէ, էն էլ հյուսիս-արևմուտքում է. Լեննագանը աշխարհի կենտրոնը էղել է, աշխարհի կենտրոնն էլ կմնա, երկրագունդն էլ Լեննագանի շուրջը կֆռռա, կամ սպասե, սպասե, մեր Պոլոզը ավելի լավ է ըսէ.
«Աշխրհքի իսկագան կենտրոնը Լեննագանն է, հմը շատ պետություններ չտեսնելու կուտան…»:
Այո´, թե գյումրեցու, ներողություն, ներողություն, լեննագանցու կհանդիպես, մեկ էլ նման բաներ չասես, որովհետև շա~տ կջղայնացնես ադաթով լեննագանցուն:
Եվ, իրոք, գյումրեցին իր վարք ու բարքով, նիստուկացով, բարբառով, երգ ու պարով, անթիվ-անհամար հետաքրքիր պատմություններով իսկական մաքրարյուն հայ է հիշեցնում, ով անցել է բազմաթիվ փորձությունների միջով, բայց անկոտրում է մնացել…
Մենք՝ գյումրեցիներս, խոսում ենք հրաշակերտ մի բարբառով, որն ավելի մոտ է գրական հայերենին, քան այդպիսին թվացող շատ բարբառներ:
Օրինակ՝ միայն մեր բառապաշարում կհանդիպես այնպիսի բառեր, ինչպիսիք են, ասենք, չախլամա, որ նշանակում է թան, փուրչուլուխ՝ գազար, կնիկ մարդ՝ կին, թոմարի՝ բոլորը, զաբուն՝ նիհար, ցվետնո՝ ծաղկակաղամբ, փեշկիր՝ սրբիչ, ի՞նչ խես՝ ո՞նց ես, ի՞նչ կէնէս՝ ի՞նչ ես անում, և այլն…
Ըստեղ էլ կռնամ Պոլոզին հիշեմ. «Էրեվան ի՞նչ բըդի էղնի. էն գյոզալմ մառոժնուն պաղպաղակ կըսեն, բազարին՝ շուկա, ուլիցներուն՝ փողոց, հայերեն խոսող վո՞վ կա օր»:
Իսկ գյումրեցու պես հագնվել շատերը կերազեին. գյումրեցի կանայք՝ «խանըմ-աբլաները», սիրում էին պճնվել և հագնում էին գրեթե միատեսակ թանկագին հագուստներ, գլխներին երկշար ոսկի՝ մարգարիտներով հանդերձ, վզներին՝ ոսկի, ձեռներին՝ ոսկի: Գյումրեցի տղամարդը սիրում էր հագնել մահուդե չուխա, գլխին՝ ֆուռաշկա, ոտներին՝ նայած կարողության, չուստեր կամ ծուղիներ: Միջին կամ ավելի խոնարհ դասը՝ արհեստավոր, բոստանչի, սիրում էին հագնել մինչև ծունկը հասնող սպիտակ գոգնոց՝ որպես դրոշակ: Ու այդ գոգնոցից հայտնի էր լինում գյումրեցին:
Դե, մեր հանճարներն էլ հո գովել չիդե՞ն, ինչղ կսե Ջիվանին. «Մի քաղաք գիտեմ ժամին սիրահար, բնակիչները մոտ յոթ-ութ հազար, իրենք օրվա հաց չունեն ուտելու համար, յոթ հատ ժամ են կառուցել՝ խե´լքի աշեցեք»:
Եվ, իրոք, քաղաքում շատ են և եկեղեցիները, և մատուռները, և ճարտարապետական կոթողները, որոնց նայելիս չես կարող անտարբեր մնալ:
Գյումրեցին հայտնի է իր աննման հումորով: Մեր հումորային կերպարներից էլ հայտնի են Ծիտրո Ալեքը ու օրիորդ Վարսենիկը, Վարդանիկն ու ընգեր Մարգոն, երկար Վարոսն ու կարճ Ավոն, Ջղեր Խաչիկը, Չոփուռ Սուրենը, Րախի Գրիշը, դե, Պոլոզ Մուկուչի մասին էլ չխոսամ:
Դե, ըսքանից ավել էլ ի՞նչ ըսեմ, կամ էլ կռնամ էլի Պոլոզին հիշեմ.
«Աստված ընչի՞ է Գյումրին սարի պես բանցր ստեղծել»:
«Աստված իրա ստեղծածն բանցր մարդկանց համար բանցր տեղ բդի ստեղծեր»:
Նորից պիտի քո գիրկը գամ, քեզ գովելու հավես ունիմ…
-Սամվելը շատ շուտ կոգեշնչվի: Հանկարծ մե կերպարըմ հանդիպավ, ինքը անմիջապես կսկսե մտածել էդ կերպարի վրա, ու ըդոր համար էլ իրա միտքը միշտ զբաղված է: Շատ ժամանակ ես կխոսամ-կխոսամ, բայց գիտեմ, օր ինքը ընձի չի լսե, իրա միտքը ինչ-որ նոր բան կստեղծե,- ասում է քանդակագործի կինը,- իրան դու երբեք պարապ չես տեսնի: Անընդհատ թուղթն ու մատիտը ձեռքը ինչ-որ բաներ կգծե, շատ ժամանակ նկարածը ցույց կուտա ու կհարցնե, թե որ մեկն է լավը: Ինքը չափից դուրս մոնումենտալ է:
Հուսիկ կամ նկարիչ Հուսիկ. այսպես են կոչում նրան համաքաղաքացիները: Հուսիկը ծնվել և ապրել է Կապանում: Հասուն տարիքում նրա մեջ ի հայտ են եկել նկարչին բնորոշ տվյալներ: Հուսիկը զգալով, որ իր ծննդավայրում գործերն առաջ չեն գնում, հեռանում է Հայաստանից և բնակություն հաստատում ՌԴ-ում: Այնտեղ նա ձեռք է բերում ամեն ինչ` փող, տուն, բիզնես: Սակայն նրան խորթ էին այս ամենը, քանի որ նա գտնվում էր հայրենի ծննդավայրից հեռու: Արդեն հայտնի նկարիչ դարձած Հուսիկը վերադառնում է Հայաստան: Հենց այստեղ էլ նրա կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Հուսիկը կորցնում է ամենը, ինչ ուներ և իրեն տալիս խմիչքին: Նրան փողոցներում ամենուր կարելի էր տեսնել՝ տաք բաճկոնը հագին, կոճակներն արձակած, թափթփված հագնված, և նրանից սուր ալկոհոլի հոտ էր փչում: Մարդիկ նրան նայում էին զզվանքով, իսկ նա իրեն շրջապատող անցորդների վրա դառը հայացքներ էր նետում: Երբ նկատում էր, որ ինչ-որ մեկն իրեն է նայում, հաստ հոնքերն իրար էր միացնում, աչքերն ավելի էր խոշորացնում, և նրա դեմքը վախենալու տեսք էր ստանում: Խոշոր աչքերը, որ շագանակի գույն ունեին, մշտապես կարմրած և լացակումած տեսք ունեին:
Մի անգամ փողոցում պատահական հանդիպեցի Հուսիկին, քայլում էր իրենից մեծ կոշիկները քարշ տալով: Հետո նկատեց ինձ, պտտվեց և դեմքիս նայեց: Ես նրան նայում էի ոչ թե զզվանքով, ինչպես բոլորը, այլ խորը ափսոսանքով: Նրա աչքերը ինչպես միշտ կարմրած էին, դեմքի խոշոր կնճիռներից ու աչքերի տանջված տեսքից կարելի էր ենթադրություններ անել նրա ոչ այնքան հաճելի անցյալի մասին: Սովորականի պես նա հոնքերը չմիացրեց իրար և վախենալու հայացք չընդունեց, այլ նայում էր անթարթ. երկու րոպեի ընթացքում ընդամենը մեկ անգամ թարթեց աչքերը: Մեր թիմին հայտարարել էին ֆիլմ նկարել միգրացիայի թեմայով, և ես որոշել էի Հուսիկին ֆիլմիս մեջ ընդգրկել: Օրեր անց ես անցնում էի այն նույն տեղանքով, որտեղ առաջին անգամ տեսել էի նրան, սակայն այդպես էլ չգտա: Հարցուփորձ արեցի: Անցորդներից մեկը պատասխանեց՝ տեսնես որ մի անկյունում է լռվել, հաստատ հեռու գնացած չի լինի: Հետո խանութի պատին մատնացույց արեց մի գեղեցիկ որմնանկար և ասաց՝ նա է նկարել: Եվս կես ժամ ես փնտրեցի Հուսիկին, սակայն փնտրտուքներս իզուր էին: Շաբաթներ անց, երբ մենք վերջացրել էինք մեր ֆիլմի նկարահանումները առանց Հուսիկի, մեր ականջին լուրեր հասան, որ Հուսիկը մահացել է: Հարևանները նկատել էին նրա շարունակական բացակայությունը, այցելել նրա բնակարան և գետնին ընկած, մահացած գտել: Նա օրեր շարունակ այդպես ընկած է եղել իր աղքատ բնակարանում, մինչև հետաքրքրասեր հարևանները կայցելեն նրան… Այսպիսի վախճան ունեցավ նկարիչ Հուսիկը:
Ես մեծանում եմ մի միջավայրում, որտեղ սպանությունները անպակաս են։ Կապանում հաճախ կարող եք քնից արթնանալ կրակոցի ձայնից, իսկ առավոտյան տեսնել արյան հետքեր։ Ցավալին այն է, որ մարդիկ արդեն դրանից ո՛չ վախենում են, ո՛չ զարմանում։ Ասում են, որ շուն է, էլի։ Այդ շները առանց մահանալու էլ արդեն դժբախտ են. տեր չունեն, կեր հայթայթել չեն կարողանում։ Բակի երեխաների մի մասը վախենում է նրանցից, մյուս մասն էլ կապվում է շների հետ ու նրանց անուն դնում։ Ցավով եմ հիշում մեր բակի Սևուկին, Շարիկին, Թեքսիին։ Նրանք ձգտում էին բարեկամանալ մարդկանց հետ։ Մի քանի օր առաջ ընկերս ասաց, որ հինգից ավել շներ սպանված ընկած են աղբանոցում։ Գնացի բակ, տեսա մենակ Սևուկին։ Տխուր գնացի տուն, որտեղ մայրս խոսում էր հարևանուհու հետ, որին առաջին անգամ էի տեսնում մեր տանը։ Նա մայրիկիս ասում էր.