- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
- Լուսանկարը` Անի Ավետիսյանի
Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի
Լուսանկարը` Զառա Թորոսյանի
Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
Լուսանկարը` Ջուլի Աբրահամյանի
Լուսանկարը` Հայկ Սարգսյանի
Մարդիկ ավելի շատ այն են, ինչ թաքցնում են, քան այն, ինչ ցույց են տալիս:
Բեռլինյան փողոցներում շատ պատմություններ են թափառում, միակ հարցը այն է, թե տեսնո՞ւմ ես դու դրանք։ Քայլելիս առաջին բանը, որն աչքի էր ընկնում, ու ինչին ես ամենաուշադիրն էի, դրանք մարդիկ էին, որոնցից յուրաքանչյուրը ինքնին մի պատմություն է, մի երկրի մշակույթի ներկայացուցիչ։ Մեծ քաղաքներում մարդիկ տարբեր են, նրանք խենթ են ու հետաքրքիր։ Նայելով նրանց ես երևակայորեն պատկերացում էի նրանց կյանքը, ապրելակերպը, առօրյան։ Հաճախ կորչում էի բեռլինյան փողոցների անկյուններից մեկում ու հետևում անցուդարձին, հետևում քաղաքի արագ տեմպին ու կառուցում նրանց կյանքերը։
Յուրաքանչյուր մարդ մի չբացահայտված պատմություն է, ու իմ լուսանկարները հենց այն պատմություններն են, որ ինքս եմ կառուցել: Գուցե տեսնողներից յուրաքանչյուրն էլ կառուցի իր պատմությունը։ Նրանք իմ հերոսներն են, մարդիկ են, որոնց հետ ես ապրում եմ և երբեմն զգում եմ, որ ճամփորդում եմ այն հետքերով, որոնք բացահայտում եմ։
—Կներեք, դուք ֆրանսերե՞ն եք խոսում,- զարմացած հարցրի ես ու փայլող հայացքով նայեցի ներս մտնող մի տարեցի, ով դուռն իր հետևից փակելով ներս մտավ ֆրանսերեն բարևելով։
Ժպտաց։ Մի բաժակ գարեջուր վերցրեց ու նստեց մեր կողքին։ 80-ամյա ծերունին միայնակ էր ու խոսելու կարիք ուներ, նստեց ու սկսեց պատմել իր մասին, իսկ ես նույնիսկ չէի հասցրել հարցս ձևակերպել։ Լսում էի Նյու Յորքում, Կանադայում, Բեռլինում անցկացրած տարիների մասին, հաջողությունների ու հիասթափությունների մասին, պատմում էր Նյու Յորքյան փողոցներից մեկում գտնվող իր փոքրիկ տան ու ջազի մասին, ու էլի շատ բաների մասին էր պատմում, որոնք ես կլանված լսում էի։ Գեղեցիկ էր խոսում ֆրանսերեն, ու մի պահ Գերմանիայի սրտում նստած մոռացել էի որտեղ եմ։ Ես մեկ Կանադայում էի, մեկ` Ֆրանսիայում, կամ Նյու Յորքի փոքրիկ բնակարանում վայելում էի երաժշտության վերջին նոտաները։
Գուցե ամեն օր այստեղ նստած նա պատահաբար հանդիպած մեկին պատմում է իր պատմությունը։ Բայց ինձ համար դա միևնույնն էր, ես պատահական մեկը չէի զգում ինձ, ես ինձ հարազատ էի զգում։
Հետո, ինչ որ բան հիշելով, արագ խմեց գարեջրի վերջին կումերը ու գնաց։ Ես դեռ Նյու Յորքում էի, դեռ լսում էի երաժշտությունը․․․
Լուսանկարը` Անահիտ Բադալյանի
Տիպիկ ուսանողի կյանքով ապրելուն արդեն սովորել եմ Ադրիատիկի դպրոցում․․․Դեռ ընթացքի մեջ եմ, դեռ շատ ու շատ նրբություններ կան յուրացնելու, բայց կարող եմ ասել՝ ապրում եմ իմ երազած ուսանողական կյանքով։ Նկատած կլինեք՝ հաճախ եմ ժամանակի մեջ սավառնում, որովհետև երկար ժամանակ է պահանջվել հասնելու այն ամենին, ինչն ունեմ հիմա ու այս պահին, ու եթե անցած ժամանակս աչքիս առաջ անընդհատ չունենամ, չեմ կարողանա ըստ արժանվույն գնահատել ձեռք բերածս։
Դասերը, եռուզեռը, խմբակները, ժողովները, համերգներն ու միջոցառումները, որոնք արդեն իմ առօրյայի անբաժանելի մասն են, ավելի ու ավելի հաճելի են դառնում մշակութային այցերի շնորհիվ։ Ես ուզում եմ անպայման ասել, որ էստեղ եղած էս ամիսների ընթացքում ինձ անբացատրելի երջանիկ եմ զգում՝ հենց Իտալիայում սովորելու համար։ Այն մշակույթն ու պատմությունը, որ էստեղ կա, արժե տեսնել, ճանաչել ու սիրել։ Այս շաբաթ այցելել էինք Պադովա։
Լուսանկարը` Անահիտ Բադալյանի
Պադովան Իտալիայի հնագույն քաղաքներից է, իսկ համալսարանը երկրորդն է հնությամբ՝ Բոլոնիայի համալսարանից հետո։ Ուսանողական քաղաք է, մեծաթիվ ուսանողներ կան։ Ամենաշատը այն եմ սիրել, որ քաղաքը կյանքով լի էր, եռուզեռ կար, անցուդարձ։ Չէ, աղմուկ ու աղաղակ չէր․․․ Էդպես չէի սիրի․․․ Ես սիրում եմ, երբ քաղաքը խաղաղ է, հանգիստ, բայց մարդիկ կան, քայլում են, վազում են, շտապում են, զանգում են ճանապարհին, մեքենա են վարում, ականջակալներով երաժշտություն են լսում, ավտոբուսի կանգառում կանգնած են, կամ գնումների ծանր պայուսակներով ճեմում են։ Պադովայում շուկա կար․․․ Կապանում էլ․․․Գիտե՞ք՝ շուկան ուրիշ մաքրություն ու անկեղծություն ունի, այն բաց է բոլորի առաջ, դռներ ու ցուցափեղկեր չկան, վերելակներ կամ աստիճաններ՝ նույնպես․․․ Ու էստեղ էլ, Հայաստանի նման, շուկայում, խորամանկ լինելու դեպքում, սակարկել կստացվի․․․ Ես, ավաղ, երբեք ինքս ինձ էդ տաղանդը մեջս բացահայտելու հնարավորություն չեմ տվել․․․ Շուկայի հարևանությամբ կրակ էին վառել, ինչ-որ մրգեր էին կրակի վրա պատրաստում ու վաճառում․․․ Քոլեջի իտալացիների ասելով՝ դա ձմեռվա սկիզբն է ազդարարում․․․ Ջերմություն զգացի, ես ջերմանում եմ ձմեռվանից (ցուրտը խոչընդոտ չի): Եկեղեցիների մասին չեմ խոսում․ նայելուց կշտանալ հնարավոր չէ։ Համալսարանում էլ եղանք։ Կառույցը հին էր, պատմության ու դարերի շունչն էր զգացվում, հին ու արժեքավոր, թանկ ու մնայուն․․․
Լուսանկարը` Անահիտ Բադալյանի
Ու գիտե՞ք, ավտոբուսով վերադառնալիս միշտ նայում եմ մայրամուտին․․․Մայրամուտներն իմ տեսած ամենաշքեղ գեղեցկությունն են էստեղ․․․ Մայրամուտին նայելիս կարող ենք հիշել ամեն ինչ, այդ թվում՝ ամենամոռացվածը, ամենահինը, ամենաանցածը․․․ Երկար ճանապարհ գնալիս իմ ամենաշատ հիշածը Թասի ոլորաններն են, Վայքի բենզալցակայանն ու այն մե՜ծ, կարմիր հինգ տառերը, որոնք իրար միացնելիս իմ քաղաքի անունը կտեսնենք` Կապան․․․ Իմ ամենաերկար ճանապարհների վերջին կետը միշտ էդ հինգ տառերն են եղել, երբ սիրտս կարծես համաչափորեն ու հանգիստ իր տեղն է ընկել, սկսել եմ շնչել ավելի ազատ ու ժպտալ ավելի լայն․․․ Բայց էստեղ էլ հինգ տառ կա, որոնք տեսնելիս էլի հարազատություն ու ջերմություն եմ զգում, էստեղի վերջին կետս, էստեղի տունս ու էստեղի «ջերմատեղիս»՝ իմ Դուինոն․․․ Ու ամեն գիշեր քնելիս, ամեն առավոտ արթնանալիս ու ամեն-ամեն անգամ, ես շնորհակալ ու երջանիկ եմ: Երկու վերջակետ ունեցող նախադասության ու, Վարդգես Պետրոսյանի ասած՝ բազմաթիվ անհայտներով հավասարման նման երջանիկ․․․
Նորից իմ գյուղի արիշտան։ Այս թեման շոշափում եմ արդեն երրորդ անգամ, և ամեն անգամ ինձ թվում է, թե վերջին անգամն է։ Ուրեմն սկսեմ նրանից, որ մյուս տարիների համեմատ՝ այս տարի մենք արիշտա պատրաստել ենք երեք անգամ։ Դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ էր և ավանդական-գյուղական։ Առաջին անգամ արիշտան պատրաստել ենք սեպտեմբերին։ Պատճառն այն էր, որ տանը ունեինք սև ալյուր, և որ տատիկիս փոքր քույրը գտնվում էր Հայաստանում և արդեն երկար տարիներ է, ինչ չէր մասնակցել արիշտա պատրաստելու գործին, չնայած, որ միշտ բաժին է ունեցել և բոլոր իր հյուրերին հյուրասիրել ու զարմացրել է արիշտայով։ Առաջին անգամվա խմորը հունցել են տատիկս ու իր երկու քույրերը, նրանց օգնության էին հասել հարսները և տատիկիս փոքր քրոջ թոռնուհին, որը երբեք չէր տեսել արիշտա, և իր համար խմորը տրորելը բատուտի վրա ցատկոտելու պես մի բան էր։ Կեսօրից հետո պատրաստման ղեկավարները` քույրերը, գործը բաժանեցին հարսների, աղջիկների ու թոռների միջև, և հետաքրքիր պատմություններ պատմելով ու կատակելով՝ այնպես վերջացավ գործը, որ կարծես չէինք էլ սկսել, պարզապես մի փոքր ալյուրոտվել էինք։ Այս արիշտան ուներ իր պատրաստման նպատակը։ Պետք էր այն վաճառել և գումարով խնջույք կազմակերպել։ Իհարկե, խնջույքը իր ժամկետից հետ չմնաց, քանի որ եթե կա արիշտա, ուրեմն կա գնորդ։
Երկրորդ անգամ արիշտա պատրաստեցինք հոկտեմբերի սկզբին։ Այս անգամ ղեկավարներից միայն երկուսն էին, և թոռները տանը չէին։ Խմորը հունցել էր տատիկս` պատրաստելու նախորդ գիշերը, և առավոտյան մեզ դպրոց ճանապարհելուց հետո սկսել էին պատրաստել։ Տատիկս, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս խաբել էր բոլորին և ասել, որ հունցել է մեկուկես-երկու փութ խմոր, իսկ իրականում այն երեք փութից ավելի էր։ Մինչև մենք դասից վերադարձանք տուն, մնացել էր մի քանի գունդ խմոր, և արդեն վերջացնում էին։ Առաջին բանը, որ տուն գալուն պես ինձանից ուզեցին, սուրճն էր։
Երկրորդ անգամվա պատրաստած արիշտան արդեն վերջացել է։ Դրա մի մասը տատիկս վաճառել է, մի մասը՝ տվել հարազատներին։ Երկրորդ և երրորդ անգամվա արիշտան պատրաստել ենք արդեն նոր աղացած ալյուրով: Նոր ալյուրի որակը բավականին բարձր է և արիշտայի համար հարմար։ Երրորդ անգամ տատիկս խմորը էլի հունցեց պատրաստման նախորդ երեկոյան և այս անգամ՝ ռեկորդային չորս փութ, ինչի մասին խոստովանեց ամբողջությամբ պատրաստելուց հետո։ Այս անգամ բոլորը տանն էին։ Ես պատրաստման ողջ ընթացքում մասնակցում եմ բոլոր ենթագործերին։ Ես կտրում եմ խմորը կտորների, բացում եմ դրանք, տալիս եմ կտրտման և տանում եմ փռելու վայրը։ Կարելի է ասել՝ այդ գործի «փոքրիկ մրջյունը» ես եմ, և փորձում եմ բոլոր գործերը հասցնել։ Իհարկե, այդ ամենը ես մենակ չեմ անում, և անում եմ հաճույքով։ Պատրաստման ողջ ընթացքում ես շրջում էի ամենուր և ինչ-որ ֆոտոներ անում, փորձում լուսաբանել ողջ ընթացքը։ Բնականաբար, քույրերը չէին ցանկանում, որ իրենց նկարեմ, բայց դե, արիշտան էլ խոսել չգիտի։ Երրորդ անգամվա արիշտան կիսով չափ բովված է, սա էլ նախատեսված է վաճառքի, հարևանների և տան համար։
Բարև, Տավուշ։ Անցնում ես թունելը, ու ոսկեզօծ աշուն։ Դիլիջան, անտառ և մառախլապատ եղանակ։ Մինչ հայրենի գյուղ Բաղանիս հասնելս զմայլվում եմ Տավուշով: Երբ գյուղ հասնելուն մոտ մեկ կիլոմետր է մնում, ուզում եմ վճարել տաքսու գումարը և այդ մեկ կիլոմետրը վազելով ու նկարելով անցնել։ Այս անգամ գիշերը հասա գյուղ։ Չէի ուզում շտապել, որովհետև մութ էր։ Իսկ այ առավոտը՝ ֆոտո անելու։ Ճիշտ է, քիչ են ֆոտոները, բայց դա էլ բավական է զգալու համար, թե ինչ է ոսկե բնությունը։ Հաճելի է նման ֆոտոներ անելը և նաև շատ թանկ՝ կարծես կյանքի գնով նկարած։
Այո, այո, ճիշտ հասկացաք՝ ինձանից ձախ 800 մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանական դիրքերը։