Խին-խին պաներ

Նախապատմություն

…Շեքսպիրյան հերոսի ողբերգական  ոճով՝ ձեռքը ճակատին և ունքերը կիտած, մի անկյունում նստած էր տատս: Գրե՞լ, թե՞ չգրել. այս էր մեր տան այդ օրվա գերխնդիրը:

-Քեզի կասեմ չկյրես,- հաստատ, բայց աղերսական պահանջեց տատս:

…Ես, դասը չսովորած աշակերտի նման՝ գլուխս կախ ու «հնազանդ», կանգնել էի տատիս դատաստանի առջև:

-Տա՛տ, տատ,  լավ էլի, կասե՞ս` Ճավկի Էդոն ո՞վ ա,- ասացի ես՝ անգամ այդ «օրհասական» պահին փորձելով մի նոր նյութի թեմա գտնել:

-Էսի ընձի ծեռ ա կառնի, ճժե՛ր,-դարձավ տատս դեպի սեղանակիցները,- հերիք չի մեզի ցնոտ նկարեց տվեց կամպուտրի մեջ (Տատս նախորդ նյութիս մասին էր խոսում), հըմի էլ կուզի սաղ գեղի խետ թուր-թվանք անի: Էտ մարդերի թոռներըն, որ ըտոնց հեվլի անուններըն կարդացին, քեզի կանիծեն, քֆուր կտան (Սիրում եմ տատիս այսչափ պարզ միամտությունը):

-Է՜, ա՛յ մեր, բան էլ չեն անի,- մեջ մտավ քեռիս՝ ինձ օգնելու,-սաղ էլ ուրախ կլնեն, որ իրանց պապիկների մասին գրեն: Գյուղի մեջ սաղ էտ են խոսում: Նստում են, ընտանիքներով կարդում են, խաբա՞ր ես:

-Ա՛յ մեր, մի բան պատմի թող էս էրեխեն գրի,- փորձեց տատիս համոզել մորաքույրս,- կարողա՞ վատ բան ա անում: Գյուղի հին-հին պատմություններն ա հավաքում: Պիտի մոռացվեին, գնային, էլի:

-Թող էթա ռնդամալցիքի, ախպարեցիքի մասին կյրի: Մեր կեղացիքից հեռու մինակ,- նորից նեղսրտեց տատս,- կամ էլ ի՞նչ ա կկյրի որ: Բառադի պաներն են էլի: Մեկն էն վախտ շատ ա ճավիկ գողցե կերե, անուն տրած են Ճավիկ, էն մեկելն էլ շտուկ ա շատ խմե, անուն տրած են Շտուկ: Ասեյ Խլսուկն էլ շատ հարուստ ու չաղ մարդ ա էլել, «շփոթված»  անուն տրեր են Խլսուկ՝ պայսուկ, պրծուկ (Ես մտովի հրճվում էի. տատս առանց գիտակցելու ինձ նոր նյութ էր տալիս): Ասեյ ըտու մեջըն ի՞նչ կա:

Հանկարծ տատիս դեմքի կնճիռները մի  քանիսով էլ ավելացան, և նա տվեց իր հանկարծակի հղացած հարցը՝ կարծես սարսափելով լսել պատասխանը.

-Ճժե՛ր, էտի Բարաք Օբի մոտն էլ կկարդա՞ն:

-Խա՛, բա ոնց: Առանց ըտու ոնց կլնի,-ասաց պապս, որ մինչ այդ ծխում էր՝ հանգիստ սպասելով մեր զրույցի հանգուցալուծմանը:

- Վա՛յ, ըտեղ էլ խայտառակ արեց մեզի շան տղի աղջիկըն: Ամերկան՝ Ամերկա, բայց հարգանքըն լավ պան ա: Ըտե են ասե ճժին մե պան ասա` սաղ աշխարհըն հիմընա: Դուք ընձի արդեն նեռվախան կանեք,- գլուխն ափերի մեջ առավ տատս:

-Իմ կնգան չջղայնացնեք,- ձեռքը սեղանին խփեց պապս:

-Պապի՛, լավ էլի, տատիին ասա, թող մի բան պատմի, կամ էլ դու պատմի,-սկսեցի ես իմ ձևերը,- էս տատին չի ուզում, որ ես հայտնի դառնամ, Բարաք Օբաման իմ հոդվածնեը կարդա, Օսկար շահեմ, Հոլիվուդում իմ աստղն ունենամ…Լավ է, դուք ինձ մի ճանճի չափ չեք սիրում: Վեր՛ջ, ես նեղացա:

- Թոռիս չնեղացնեք,- նորից ձեռքը սեղանին խփեց պապս,-Լալա՛, շու՛տ արա, էն խին-խին պաներից պատմի:

-Լա՛վ,- ասաց տատս ու սեղանի կեղտոտ շորը գցեց հեռախոսիս վրա:- Ըսենց չես կանա ձայնագըրես: Ես էլ յավաշ իմ պատմությունըն  կանեմ:

 

Կուռուղչի Յաշան, տատիս հընգերուհի Ժենոն ու

-Ջահել ժամանակ շատ էր կէթինք Զանգուն լողկնալու,-սկսեց տատս իր պատմությունը,-էն ժամանակ էտենց պաներ չկար: Աղջիկ, տղա շորներս կխանինք կմտնինք ճուր: Մե անգամ էլ ըտենց կլողնինք Զանգուն, մեկ էլ էս իմ խրոխպոր տղա Յաշան ծիով էկավ: Էտի իմ հընգերուհի Ժենոյն էր կսիրեր, ազի՛զ: Էն էլ կխավներ ըտուն, բայց… (Տատս երկար մտածում էր, թե ինչ անուն տա նրան, ինչին մեր օրերում «ձևեր տալ» են ասում, հետո շրջանցեց այդ պահը):

…Էկավ, ծեռն թալեց, Ժենոյ շորերըն վերուց, տրեց ծիու քամկին: Մեյ՝ սաղս, հելայ, խաքայ, էս Ժենոն մացեր ա ճրի մեջ: «Էշի՛ քուռակ, էշի՛ քուռակ, շորերս տուր»,- կասի: Էս էլ բա. «Չե՛մ տա»: «Քեզի կասեմ, տու՛ր», «Չե՛մ տա: Մինչև ընձի չառնես, չե՛մ տա»…

Էտ  ժամանակ ես պստի ճիժ իմ: Էն վախտ, որ Յաշան Ժենոյ խետ տարվուկ կխոսար, ես յավաշ կյացիմ, հմա ծիու քամկից շորերն առամ, մտամ ճուր, ասիմ.«Ժենո, արի հես եմ»: Յաշան, որ տեսավ, տառը նայեց աշկերիս մեջ ասեց. «Լալա՛, տու իմ բարեկամն իր, չպտի ըտենց պան անիր…»:

-Տա՛տ, բա հետո ի՞նչ եղավ, ամուսնացա՞ն,-հարցրեցի ես:

-Խա, բա ոնց. փախցըրինք: Ես ի, Յաշան էր, Աշխարհն էր, խրոխպորս տղեն էր, մեր հարևնի տղեն էր. ըտենց մե քսան խոքի: Էն վախտ սաղ գեղով ին աղջիկ փախցնում:

Էս Ժենոյ, որ կպռնեն, կկպնի կռավաթին, կքյաշի, կխասցու մինչև տուռըն: Էնենց էր կճվար, էնենց էր կճվար, որ իմ սիրտըն կմրմռար, ասիմ. «Տնա՛շեններ, մե քիչ կամաց եք»: Ըտենց կտանեն Դիլիջան, ճամփին կլնի կփախնի, կմտնի քյարերի արանք: Կպռնեն, կտանեն մե երկու օր կպախեն, ըտենց կհամաձայնվի: Էլ ճարըն ինչ. մարդիկ կասին պանը պանից հնցե:

Տատս մի քանի վայրկյան հիշողությունների գիրկն ընկավ: Հետո դեմքին կենդանացավ անցյալի ժպիտն ու  երեսը երկինք հառած և արցունքոտ աչքերով  վերջացրեց պատմությունը.

-Բայց, որ կհիշեմ ըտոնց, շատ սերով մարդ-կնիկ ին, է՜, շա՜տ,- տատիս արցունքոտ հայացքի մեջ կարոտ կար: Եվ դա երևի նրանից էր, որ այս պատմության հերոսներից շատերն էլ չկան, ու նրանց մասին այս պատմությունը մեզ համար այդպես էլ կմնա առասպել: Առասպել՝ միամիտ սիրո մասին:

 

 

Դուրսն հըլնեմ՝ անբախտ եմ, ներս մտնեմ՝ անբախտ եմ

-Մեր Սիլվան շատ խորոտ աղջիկ էր: Շատ ուզողներ ուներ…

Մե օր էլ ժամի տուռ կոլոնվուկ կլնեն, էսա մեր Հրազդանի մերըն կասի. «Սիլվա՛ ջան, արի քեզի ուզեմ իմ Վալոդին»: Էս էլ կվերու կասի. «Չէ՛, չեմ խավնե քու տղին»: Էս մեր Հրազդանն էլ կկյա մորս կասի` քու աղջիկըն էսենց-էսենց պաներն ա կասի:

-Յա՛, Լալա՛,- ասաց Սիլվա տատիկը՝ կարծես վիրավորվելով իր «հեղինակային» իրավունքների խախտումից,- ես էտենց պան չեմ ասե: Ես ասեր եմ՝ ես քու տղին կթալեմ թումբընիս մեջ, կխեղդեմ: Էզդա պան: Էլ մեկել անգամ ընձի սուտ չխանես: Ոնց ասեր եմ, էտենց ասա: Ճժերին ընչի՞ ա կխաբես…

Մի լավ ծիծաղելուց հետո հայացքս հանկարծ որսաց  երկու հպարտ ու գոհ հայացքներ. մեկը՝ Սիլվա տատիկինը, որ իշխող, բայց անթաքույց սիրով նայում էր ամուսնուն, իսկ մյուսը՝ Երեմ պապիկինը, որ կարծես գոհ էր կնոջ տված պատասխանից: Կարծես հենց այդ «ճիշտ» պատասխանից էր կախված եղել տարիներ հետո ճակատագրով կանխորոշված նրանց ամուսնությունը:

 

 

Կոլխոզն ու՞մ ա պատկանում

-Որդկարած Շաշինի Վազգեն կէթա ընդունվի կոմունիստ: Խարց կտան. «Կոլխոզն ու՞մ ա պատկանում»: «Հընգեր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ»,- կասի: Հընգեր Հակոբյանը մեր կոլխոզի նախակահն էր: Էն վախտ մեզի կասին, որ կոլխոզըն ժողովրդինն ա, բայց դե Շաշինի Վազգեն ի՞նչ հիմընար կոլխոզն ումն ա: Ծնված օրից զոմից տուն չէր էկե. որդիկ էր կարածցներ: Ըտենց էլ ըտուն չընդունին կոմունիստ: Քննությունըն կըդրվեր էր, էլի…

 

Դու չգիդե՞ս, որ ստե ճնջուղ զանելու տեղ չի

-Քոչինյան մեր թագավորն էր՝ Դեմրճյանից հառեճ: Մե օր կեթա Հանքավան՝ անտառի փեշեր, ախոտնի հրացանով թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ. ճնջուղ ա զանի…

Սովխոզ էր էտ վախտ: Սովխոզի որդիկներն էլ ըտե կարածին: Էտ անգլուխ Երամն էլ որդկարած էր: Էդ, որ ճնջուղ զանի որդկներն խրտնի փախնի: Կեթա ինչ քֆուր գիդի կասի. «Ես քու ըսենց ընենցը, ես քու ծնողը, ես քու…Լոպազ շան որդի ըստե ճնջուղ զանելու տեղ ա՞…»

Էն յանից մեր Ալոյ Լուկաշըն, ծանոթ ին էլի, կասի. «Ա՛յ տղա Անկլոխ, դու գիդես էտի ո՞րն էր»: «Որն կուզի հլնի: Որդկներս խրտնցրել ա»: «Էտի մեր թագավորն ա, գիդե՞ս, հընգեր Քոչինյանն ա: Կնա՛, ներողություն խնդրի»: Կեթա չոքի դեմը. «Ես քու բալեքին մեռնեմ: Ես չիմ գիդե տու ոն իր»: Քոչինյանն էլ կվերու կասի. «Ոչինչ, ոչինչ, տղա՛ ջան, վեր կաց: Բա հորթերդ խրտնեցրել եմ, պիտի ուշունց տաս»: Կասեն Երամն մինչև լուս ըտենց չոքուկ ա մացե: Շվարե մացեր էր… Բա, ըտուն Քոչինյան կասեն…

 

Թե ինչու էր հեքիաթը կիսատ մնում

-Հմա մութըն կընգներ, սաղ դաշտից կկյին, կժողովվին մեկի տուն, ոտներ կկախին թունդիր ու մեծից պստիկ հեքիաթ էր անգաջ կանին: Էն ժամանակ ըտենց պաներ չկար. էտի մեր խմա հա՛մ տելեվիզըր էր, հա՛մ ինտերնետ, հա՛մ թերթ ու ռադիո: Ըտով էր հիմնիյ աշխարհն ինչ կա, ի՞նչն ա լավ, ինչ՝ չէ, ոն ա լավ մարդըն, որն՝ չէ…

Գեղի ամենալավ հեքիաթ ասողըն Հայդո Երամն էր: Շատ բոյով, դռբով, խորոտ մարդ էր: Ըտու խմա էլ կասին Հայդո: Լավ-լավ հեքիաթներ գիդեր, նաղլ, մասալա ու էտենց պաներն էլի: Բայց հմա կկյար կխասներ հեքիաթի ամենալավ տեղըն, կասեր. «Լավ է, կյացեք քնեք, ուշ ա»: Կասին. «Չէ՛, պըտի պատմես: Չարի չպատմես չեյ էթա», կասեր. «Չէ՛, քյունս կտանի, կեսն էլ առավոտ…»: Սաղ գիդին, թե հինքըն գիդեր՝ կպատմեր, տու մի ասա մինչև ըտե էր հորինե: Կկյար կխասներ հեքիաթի ամենամեթավուր տեղըն. «…Տուռըն կզանեն. գյըմփ, գյըմփ, գյըմփ: Մեկ էլ մե խատ ճոչ-ճոչ ատըմներով պառավ…»

Շարունակելի… 

Իմ Մալիշկան

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Ես Աստղիկն եմ՝ 16 տարեկան: Ապրում եմ Մալիշկա գյուղում: Այն շատ մեծ է և միաժամանակ շատ գեղեցիկ: Համեմատած գյուղական այլ համայնքների` մեր գյուղում կա 2 դպրոց և 2 մանկապարտեզ, որտեղ աշխատում են կրթված և խելացի մարդիկ, ովքեր գիտեն երեխաների հետ շփվելու հմտությունները:

Մալիշկա գյուղի բնակիչները տարբերվում են բոլորից: Նրանք աշխատասեր են և չեն սիրում ապրել ուրիշի հաշվին: Նրանք ինքնահավան չեն, այլ շատ համեստ են: Նրանք իրենց արժանիքներն ու առավելությունները չեն բարձրաձայնում, այլ ցույց են տալիս գործով: Մեր գյուղացիները շատ հյուրասեր են: Երբ այլ գյուղերից կամ քաղաքներից նրանց հյուր են գալիս, նրանք մտնում են մառանը և բերում ամենահամեղ բարիքներից: Գեղեցիկ սեղան են գցում և հյուրերին ստիպում, որ ուտեն: Լավ հյուրասիրում են, այնուհետև ճանապարհում:

Գյուղում աշխատատեղեր չկան, և գյուղացիները ստիպված գնում են արտերկիր աշխատելու: Հնարավոր է` մի օր էլ մենք հեռանանք գյուղից, սակայն ես շատ եմ սիրում մեր գյուղը և չեմ ցանկանա հեռանալ այստեղից:

 

Իջևան` իմ քաղաք

Շատ եմ սիրում իմ քաղաքը: Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս տնից, ուշադիր սկսում եմ հետևել՝ ինչ է փոխվել, քանդվել կամ կառուցվել, ավելացել կամ պակասել: Գիտեք, մարդիկ են պակասել: Վերջերս միայն դա եմ նկատել: Օր-օրի փողոցները դատարկվում, տները տարիներով կողոպտվում, մի խոսքով, մարդիկ հեռանում են: Գրեթե ամեն օր լսում եմ, թե ինչպես է մեր դպրոցից ինչ-որ մեկը գնում: Դպրոցում էլ երեխաներն են պակասում: Փողոցներում տեսնում եմ հատուկենտ մարդկանց՝ հիմնականում տանջված, դժգոհ հայացքներով: Բակերում երեխաներ չեն խաղում, ոչ թե համակարգչով զբաղված լինելու պատճառով, այլ ուղղակի երեխա չկա, որ խաղա…

Ուզում եմ մի անգամ դուրս գամ ու տեսնեմ, որ Իջևանս նորից ապրում է, որ փողոցները կրկին լի են երջանիկ մարդկանցով, բակերը՝ երեխաներով, և քաղաքս ապրում է իր երբեմնի կյանքով: Տեսնես` կտեսնե՞մ…

«Ես շատ եմ սիրում կյանքը»

Սոնիկ տատիկը յոթանասունհինգ տարեկան է: Ես հաճախ եմ տեսնում նրան պատշգամբում նստած: Նա ապրում է երկրորդ հարկում, և ամեն երեկո հենց պատշգամբից ջրում է բակի ծաղիկները: Միշտ բարի ժպիտով զրուցում է ծանոթների հետ, զրուցում: Նա երբեք բակ չի իջնում, որպեսզի հիանա իր պարտեզի ծաղիկներով, քանի որ գամված է հաշմանդամի սայլակին: Միշտ հիանում եմ նրա լավատեսությամբ և բարությամբ, դրա համար էլ որոշեցի այցելել նրան և զրուցել

-Դպրոց հաճախե՞լ եք:

-Ոչ, ես դպրոց չեմ հաճախել: Երկու տարեկան հասակում ստացա մանկական ուղեղային կաթված, և այդ ընթացքում՝ 1941թ-ին, հայրս մեկնեց Հայրենական Մեծ պատերազմ, և ես դպրոց չգնացի:

-Ինչպե՞ս և ու՞մ օգնությամբ եք սովորել գրել, կարդալ, հաշվել և այլն:

-Ես տառերը ինքնուրույն եմ սովորել իմ հասակակից երեխաներից`տուն-տունիկ խաղալով, կամ երբ նրանք դպրոցից գալիս էին, ցույց էին տալիս, թե ինչ տառեր են սովորել: Ես էլ ցանկություն ունեի սովորելու և նրանց հետ սովորում էի և հայերեն, և ռուսերեն տառերը:

-Ո՞ր տարիքից եք մենակ ապրել և կարողացել ինքնուրույն հոգալ Ձեր կարիքները:

-Միշտ ապրել եմ իմ հայրական տանը, եղբորս մահից հետո ինձ բնակարան տվեցին, և ես էլ որոշեցի մենակ ապրել, որպեսզի եղբորս ընտանիքին չխանգարեմ: Մայրս նույնպես եկավ ինձ հետ, և մենք միասին ապրեցինք մինչև 1993 թվականը: Հետո մայրս մահացավ, և ես սկսեցի մենակ ապրել: Բայց երբեք չեմ հուսահատվում, քանի որ շատ եմ սիրում կյանքը, սիրում եմ բնությունը, կենդանիներին, մարդկանց:

-Ո՞րն է տան Ձեր ամենասիրած անկյունը:

-Իմ ամենասիրած անկյունը իմ պատշգամբն է, որտեղ ես կարողանում եմ մաքուր օդ շնչել և նայել փողոցով անցնող մարդկանց:

-Ինչո՞վ եք զբաղվում ողջ օրը:

-Ես տառերից բացի նաև ինքնուրույն կարուձև եմ սովորել: Ազատ ժամանակ կարուձևով եմ զբաղվում: Այն ժամանակ խանութներում հագուստեղեն չկար, միայն կտորեղեն էր, մարդիկ իրենց հագուստները այլ երկրներից էին գնում կամ իրենք էին կարում: Այդ ժամանակ ես կարում էի հագուստներ և տալիս խանութներին: Այդ գումարով խնամում էի նաև մորս: Ես նաև զբաղվում եմ ասեղնագործությամբ: Դա նույնպես ինքնուրույն եմ սովորել: Եթե ինչ-որ բան սիրում ես, ապա շատ  հեշտությամբ կարող ես սովորել, միայն պետք է մի քիչ սիրես և պատկերացնես:

-Ցուցահանդեսների մասնակցե՞լ եք:

-Երևանում տեղի է ունեցել հաշմանդամների աշխատանքների ցուցահանդես, և ինձ ասել էին, որ մասնակցեմ: Ես այդ ցուցահանդեսից դիպլոմ եմ ստացել:

-Ի՞նչ երաժշտություն եք լսում և ո՞վ է Ձեր սիրելի երգիչը կամ երգչուհին:

-Ես գուսանական երգեր եմ լսում, հատկապես՝ Սայաթ-Նովա: Իմ սիրած երգչուհիներն են Օֆելյա Համբարձումյանը, Արաքսյա Գյուրզադյանը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր շատ հուսահատված են:

-Ես ունեմ շատ հաշմանդամ ընկերներ, ես նրանց հետ հեռախոսով խոսում եմ, ասում եմ, որ չամաչեն իրենց վիճակից, խոսում եմ արվեստից և լավ-լավ խորհուրդներ եմ տալիս: Ես ողջ կյանքում չեմ հուսահատվել: Միշտ աշխատել եմ, չեմ ցանկացել որևէ մեկին նեղություն տալ: Ձեռքի աշխատանքներով ոչ միայն իմ կարիքներն եմ հոգում, այլև երբեք պարապ չեմ մնում:

-Ի՞նչ կմաղթեք ինձ և իմ հասակակիցներին:

-Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, լավ սովորեք և լավ մարդ դարձեք: Նաև կավելացնեմ` լավ վարվեք մարդկանց հետ, ուշադրություն դարձրեք տան և շրջապատի գեղեցկությանը:

Մամաջանյանի խաշը

Լուսանկարը՝ Լաուրա Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լաուրա Գրիգորյանի

Ասում են` տարիներ առաջ Եղեգնաձոր է գործուղվել մի դատավոր` պարոն Մամաջանյանը: Այդ ժամանակ նա վաթսունին մոտ, քիչ կորացած, բարձրահասակ մարդ էր: Ասում են, թե այնքան է խաշ կերել և օղի խմել, որ այդպիսի հաղթանդամ տղամարդ է դարձել: Նրա վարած դատերը հումորով էին ընթանում, թատերական գործողություններով: Մամաջանյանի ժամանակ մարդիկ հասկացան, որ դատարանում վեճերի լուծումը կախված էր ոչ թե փաստերից, այլ`պարզապես դատավորի կամքից: Իր գործողությունների մեջ ազատ էր և չէր վախենում աշխատանքը կորցնելուց: Նրա կարծիքով,  հանրապետությունն այնքան շրջան ուներ, որ եթե ամեն տեղ երեք տարի աշխատեր, ամբողջ կյանքում աշխատանքով ապահովված կլիներ: Մամաջանյանը խաշի մեծ սիրահար էր: Կովերի նախիր կամ ոչխարների հոտ տեսնելիս` նրա ոտքերն սկսում էին դողալ: Նա դրանց մարմինը չէր տեսնում, նայում էր դրանց գլխին ու ոտքերին, հիացմունքով ու ափսոսանքով ասում. «Գյոզալ խաշը վերցրել են, ու՞ր են տանում»: Ուտում էր ոչ թե սովորական ամանով, այլ հատուկ մեծ ամանի մեջ, որը մի քանի անգամ մեծ էր խաշի սովորական ափսեից: Նրա համար խաշը սեզոն չուներ. ուտում էր կլոր տարին: Պատմում են, թե մի անգամ էլ առավոտյան հեռախոսազանգը արթնացնում է Մամաջանյանին քնից և հրավիրում խաշի: Շփոթված Մամաջանյանն ասում է, որ հեսա կգա ու դնում է խոսափողը: Շտապ լվացվում է, հագնվում, որ դուրս գա տնից ու հանկարծ… Կարծես սառը ջուր լցրեցին գլխին. մեխվեց տեղում. «Ո՞վ  էր կանչողը, ու՞ր եմ գնալու»…

Գողացված Ֆեմիդան

Հոգնեցրել էին այդ խանութի փափուկ խաղալիքներն ու անիմաստ շարված գունավոր տետրերը: Բայց սկզբից մի անտարբեր հայացքով շոշափեցի, իսկ հետո մոտեցա ու սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրել արձանը: Այդ արձանի մետաղե դեմքը ծանոթ էր, չնայած աչքերը փակված էին «մետաղե լաթով» : Մի քանի վայրկյան ևս և…
- Ֆեմիդա˜ն…,-բարձր ու զարմացած ճչացի ես:
Սկզբից մայրս մոտեցավ, հետո աշխատակիցները:
-Մա՛մ, մա՛մ նայիր, Ֆեմիդան, արդարության Ֆեմիդան…
-Ի՞նչ Ֆեմիդա, ո՞ր Ֆեմիդան…
Ես մատնացույց արեցի գեղեցիկ արձանը:
- Արդարության, օրինականության Ֆեմիդան:
Մորս վախվորած աչքերը լցվեցին ուրախությամբ, որովհետև ես ուրախացել էի. գտել էի երկու շաբաթ փնտրած Ֆեմիդային:
-Սա Ֆեմիդան չէ, սա կշեռք համաստեղությունն է:
-Ի՞նչ կշեռք, սա Ֆեմիդան է , աստվածուհի է, հասկանո՞ւմ եք…
Ու երկար-բարակ սկսեցի պատմել Ֆեմիդայի մասին: Բայց աշխատակցի անտարբեր հայացքից հասկացա, որ նա արձանի մեջ միայն կշեռքն է նկատել, իսկ Ֆեմիդայի մասին չի հասցրել կարդալ…
-Դե՛, մի երկարացրու , ես սա գնում եմ քեզ համար, ուղղակի նվեր…
-Չէ՛, մամ , ես սա իմ փողերով պետք է գնեմ:
-Դու չես աշխատում, չէ՞:
-Բուֆետի փողերը  չեմ ծախսի, կհավաքեմ:
-Իսկ դպրոցում սոված կմնա՞ս, առողջությանդ հետ խա՞ղ ես անում:
-Առավոտյան կուտեմ, կքայլեմ, առողջ ապրելակերպ, և կխնայեմ նաև տրանսպորտի փողը:
-Իսկ ինչքա՞ն է արձանը:
-2000 դրամ, 10 աշխատանքային օր, 2 շաբաթ, հա մա՛մ , խնդրում եմ, արդարության աստվածուհու արձանը մայրիկիդ փողերով չէ , որ պետք է գնես:
-Լավ, լավ, լավ…
Խանութը դադարեց լսել մեր խոսակցությունը, և շարունակվեց այնտեղ տիրող անառևտուր լռությունը:
«Երկու շաբաթ: 2000 դրամ: Ամեն ինչ ճիշտ է»:
Ուրախ, առողջ, և որ ամենակարևորն է, նպատակասլաց երկու շաբաթ: Ամենադժվարը երկուշաբթին էր. մի քիչ հոգնեցուցիչ, բայց հարմարվեցի 200+200+200…=2000: Այդ երկու շաբաթվա ընթացքում Ֆեմիդան այնքան սիրալիր հայացքներ ստացավ, որ երբևէ չէր ընդունել: Ինչ լավ է , որ նրա աչքերը փակ էին, թե չէ մետաղե արձանը կշիկներ…
…-Բուֆետ կգա՞ս:
-Չէ՛, բուֆետ չէ,- ասացի ես ու կիսաուրախ, կիսահեգնական նայեցի դրամապանակիս 2000 դրամին:
-Գոնե դուրս գանք՝ մաքուր օդ շնչելու:
-Լավ, լավ գնացինք:
Եթե չլսեի ընկերուհուս և դուրս չգնայի  կամ եթե դրամապանակս սեղանին չթողնեի, ապա այդ օրը տուն վերադառնալիս կգնեի Ֆեմիդայի արձանը: Բայց ամեն ինչ այդպես չեղավ, ու դրամապանակս այդ օրը դատարկվեց գողության պատճառով: Չհետաքրքրվեցի, թե ով է վերցրել, չէի ուզում ինչ-որ մեկին մեղադրել գողության մեջ…
Խանութի կողքով անցնելիս Ֆեմիդայի վրա մի արհամարհական հայացք էի ձգում…Ինչ լավ էր, որ աչքերը փակ էին , և ավելի լավ էր, որ աչքերը փակ էին «մետաղե լաթով»: Մանկական պատկերացումներս կյանքի արդարության մասին բախվեցին անարդար կյանքին…Անարդար կյանք, որտեղ Ֆեմիդան ոչինչ փոխել չի կարող:

Վանաձոր

Ես ապրում եմ Վանաձորում: Վանաձորը մեծությամբ  3-րդ քաղաքն է հանրապետությունում: Ի տարբերություն միայն քսաներորդ դարում կառուցված քաղաքների, Վանաձորը հարյուրամյակներ առաջ է հիմնադրվել: Իմ քաղաքն ունեցել է մի քանի անուն` 13-րդ դարում  քաղաքը անվանել են Ղարաքիլիսա, որը նշանակում է Սև եկեղեցի, հետո 1935-ին վերանվանվել է Կիրովական, իսկ 1991-ից` Վանաձոր: Ոչ բոլորը  կարող են պարծենալ, որ իրենց քաղաքը և’ առողջարանային, և’ արդյունաբերական կենտրոն է: Իմ բնակավայրը չեմ կարող ասել, որ թերություններից զերծ մնացած քաղաք է, մանավանդ 1988-ի երկրաշարժից հետո Վանաձորը նույնպես դարձավ աղետի գոտի, և մինչև այսօր էլ կարող եք տեսնել երկրաշարժից հետո մնացած փլատակներ, բազմաթիվ տնակավաններ, որտեղ դեռևս շարունակում են ապրել աղետյալ ընտանիքներ: Ասացի` արդյունաբերական քաղաք, բայց երևի սովորույթի ուժով, քանի որ այսօր չեն աշխատում նաև գործարանները, ու նախկին բանվորներն ու ինժեներները կամ զբաղվում են մանր առևտրով, կամ վաղուց բռնել են արտագաղթի ճամփան: Մենք` վանաձորցիներս, չնայած այս ամենին, սիրում ենք մեր քաղաքը և կարծում ենք, որ ցանկացած մարդ այցելելով Վանաձոր, հեռանում է լավ տպավորություններով: Վանաձորը հարուստ է հնագիտական հուշարձաններով: Վանաձորում գործում է երկու բարձրագույն ուսումնական հաստատություն: Չնայած դրան, երիտասարդների մեծ մասը ձգտում է գնալ մայրաքաղաք սովորելու: Մեղմ կլիման և զովաշունչ բնությունը Վանաձորը դարձնում է բուժման և հանգստի համար ցանկալի վայր: Հատկապես ամառվա ամիսներին քաղաքը աշխուժանում է, երիտասարդանում, քանի որ Վանաձոր են վերադառնում ուսանողները, արտագաղթած վանաձորցիների երեխաները, ինչպես նաև բազմաթիվ հովեկներ, որոնք երեկոյան խումբ-խումբ զբոսնում են, զրուցում, ծիծաղում: Երանի միշտ այդպես լիներ:

Պատանի թղթակիցներն աշխատելիս

Լուսանկարները՝ Անի Կարապետյանի, Աննա Այվազյանի, Արմենուհի Ունուսյանի, Արսեն Մկրտչյանի, Արշակ Խուդավերդյանի, Աշխեն Ճաղարյանի, Հրաչ Արզումանյանի, Տաթևիկ Սարգսյանի, Լիլիթ Մկրտչյանի, Ծովինար Տալյանի, Հովնան Բաղդասարյանի, Լիլիթ Կարապետյանի