Ես սովորում եմ Էջմիածնի պետական քոլեջում բանկային գործ մասնագիտությամբ: Քոլեջում կա մոտ 600 ուսանող: Սկզբում ես չէի ուզում գնալ այնտեղ և նույնիսկ լացելով էի գնում, որովհետև տանել չէի կարողանում այդ քոլեջը, ուսանողներին էլ չէի սիրում: Բայց հետո սկսեցի հարմարվել և հիմա նույնիսկ սիրում եմ իմ կրթօջախը: Մեր դպրոցում շատ լավ են սովորեցնում, և դասախոսներն էլ տիրապետում են իրենց մասնագիտությանը: Հիմա արդեն ավարտական կուրսում եմ: Մեր կուրս քչերն են եկել սովորելու համար. մի մասը եկել է ժամանակ անցկացնելու, մյուսները` դիպլոմ ունենալու, և միայն մի մասն է ուզում լավ մասնագետ դառնալ: Բոլորն էլ ցանկանում են շարունակել կրթությունը բուհում (շատերի համար դա հեղինակության հարց է), իսկ ես ցանկանում եմ լավ մասնագետ դառնալ:
Վազաշենս
Դուք գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Վազաշեն գյուղը: Վազաշենը գտնվում է Տավուշի մարզում: Ես յոթ տարի սովորել եմ Վազաշեն գյուղում: Իսկ 2014 թվականին եկել եմ Մեծամոր: Վազաշենում ուսումը լավ չէր, շատ առարկաներ ուսուցիչ չունեին: Եկա այստեղ ուսման մեջ առաջադիմություն ձեռք բերելու համար: Հայրս, եղբայրս և մայրս գյուղում են: Քույրս, ով ինձանից երկու տարի է մեծ, լավ ուսում ստանալու համար արդեն չորս տարի է սովորում է Մեծամորում: Հիմա ես ու քույրս այստեղ միասին ենք ապրում:
Ինձ շատ հուզում է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի վիճակը: Այնտեղ չկան աշխատատեղեր, մարդիկ աշխատանք չունեն և միայն փարոսների ու թոշակների միջոցով են իրենց ընտանիքները պահում: Ամեն օր մտածում եմ նրանց մասին: Եթե կարողանայի ինչ-որ բան ավելացնել գյուղում, ապա առաջինը աշխատատեղեր կստեղծեի: Եթե մարդիկ աշխատանք ունենան, իրենք էլ բոլորի պես կապրեն, ու ինձ նման ստիպված չեն լինի հեռանալ գյուղից ու ամբողջ օրը ընտանիքս, գյուղս, ընկերներիս կարոտել:
Զբոսանք ինտերնետում

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի
Արձակուրդների վերջին օրն էր: Այդ ամբողջ օրը անցկացրի սոցիալական կայքերում, գրում էի ընկերներիս` բամբասում էինք, նկարներ և տեսահոլովակներ էինք տեղադրում ցանցում, հետո էլ այդ նկարները և տեսահոլովակները քննարկում: Օրս շատ աննկատ անցավ, նույնիսկ չէի նկատել, որ արդեն երեկո է: Իսկ երեկոյի մասին էլ ինձ հիշեցրեց իմ ընկերուհին, որը եկել էր մեր տուն, որպեսզի գնանք զբոսնելու:
-Հայ, հերիք ա, անջատիր ինտերնետը: Արի գնանք զբոսնելու, ինձ հրելով աթոռից ասում էր նա:
-Հա, հա: Հեսա սպասիր՝ տեսնեմ ինչ է եղել Աննային, ինձ տխուր «սմայլ» է ուղարկել:
-Լավ, բայց ընդամենը հինգ րոպե,- ասաց նա և նստեց կողքս:
Մենք երկուսով սկսեցինք գրել մեր ընդհանուր ընկերներին, չնկատելով, թե ինչպես թռավ ժամանակը: Հանկարծ ընկերուհուս մայրը զանգահարեց.
-Մայ, որտե՞ղ եք:
-Մամ, զբոսնում ենք,- ասաց նա՝ թաքցնելով, որ մենք տանն ենք և գրում ենք մեր ընկերներին, որոնք նույնպես պետք է գնային զբոսնելու: Սակայն, երբ մտել էին համացանց, նույնպես ժամանակի մասին մոռացել էին: Բայց եթե նրա մայրը իմանար, որ ինտերնետում ենք, կարգելեր դուրս գալ տնից կասեր, որ համացանցից նա կարող է օգտվել նաև տանը:
-Տուն արի, արդեն ուշ է:
-Լավ շուտով կգամ,- ասաց նա ու կախեց լսափողը,- Հայ, ես գնում եմ տուն, մայրս կանչում է:
-Լավ,- մի պահ հայացքս կտրելով համակարգչից ասացի ես:
- Հայ, մենք էլի չզբոսնեցինք,- փնթփնթալով ասաց նա:
-Խոսք եմ տալիս, վաղն անպայման դուրս կգանք զբոսնելու,- ասացի ես և ճանապարհեցի նրան մինչև դուռը, հետո էլի վերադարձա սենյակ և կրկին նստեցի համակարգչի առաջ:
Ով եմ ես և ինչն է ինձ հուզում
Ես՝ Օֆելյան եմ: Ծնվել և ապրում եմ Մեծամորում: Սիրում եմ ընկերներիս հետ զրուցել: Ունեմ քույր՝ Հերմինեն: Բնավորությամբ բարի եմ, աշխատասեր, հոգատար, ընկերասեր, բայց և կռվարար եմ: Չեմ սիրում, երբ ինձ ստիպում են, որ «վատը» դառնամ իմ շրջապատի մեջ: Հաճախում եմ կենտրոն, որտեղ ինձ շատ լավ եմ զգում, այնտեղ սիրում եմ զբաղվել տիկնիկային թատրոնով, նկարչությամբ: Սիրում եմ հետաքրքիր նկարներ դիտել, ուսումնասիրություններ կատարել: Բնավորությամբ համառ եմ և սիրում եմ հասնել իմ ուզածին ամեն գնով:
Ինձ հուզում են իմ քննությունները, որովհետև վստահ չեմ իմ ուժերի վրա կամ այն, որ տարբերություն են դնում աշակերտների միջև: Չեմ սիրում, երբ ուսուցիչները դասերի ժամանակ երեխաներին վիրավորում են: Ինձ հուզում է նաև մեր դպրոցի վիճակը: Մեր դպրոցը վերանորոգված չէ, ամեն ինչ հին է ու քանդված: Ինձ դուր չի գալիս վատ միջավայրում սովորել:
ՕՖելյա Կիրակոսյան
Ես Արմինեն եմ, ընկերներս ինձ Արմինկայով են դիմում: Սիրում եմ երգել: Ազատ ժամանակ ստեղծագործում եմ: Սիրում եմ դպրոց հաճախել, բայց չեմ սիրում առավոտյան շուտ արթնանալ: Բնավորության գծերս մասամբ դուր են գալիս մյուսներին, մասամբ՝ ոչ: Հաճախում եմ «Փալանչո» տիկնիկային թատրոն, «Արևածաղիկ» երգչախումբ, նաև Կենտրոնի մնացած առարկաներին: Մասնակցել ու մասնակցում եմ տարբեր մրցույթների: Դպրոցում սովորում եմ գերազանց: Աշխատում եմ չբարկացնել ծնողներիս:
Ինձ հուզում է երկրի խաղաղության հարցը: Եվ թե ինչո՞ւ են մարդիկ մահանում: Ինչո՞ւ են ստեղծվել հեռախոսները: Ինչո՞ւ է ստեղծվել մարդը: Եվ շատ այլ հարցեր…
Արմինե Կիրակոսյան
Բնավորությամբ համառ եմ, միշտ հասնում եմ իմ ուզածին: Շատ շուտ եմ նեղանում: Նաև շատ եմ խոսում, այդ պատճառով տիկնիկային թատրոնում ինձ ասում են չաչանակ: Սիրում եմ անել այն, ինչ ինձ չի վերաբերվում: Աշխատասեր եմ: Սիրում եմ դիտել շատ ֆիլմեր:
Ինձ հուզում է այն, որ դպրոց գալիս ենք ինը ամիս, իսկ հանգստանում երեք ամիս: Բայց գոնե հավասար լիներ:
Լիանա Ասատրյան
Չեմ սիրում իրենց մասին մեծ կարծիք ունեցող մարդկանց, հատկապես, երբ նրանք վիրավորում են մյուսներին: Ինձ հուզում են իմ դասարանի ամենօրյա կռիվները: Աղջիկներն ու տղաները անընդհատ ամեն հարցով կռվում են իրար հետ և, մենք մեր դասը չենք կարողանում պարապել:
Մոնիկա Խուդինյան
Ով եմ ես և ինչն է ինձ հուզում
Ապրում եմ Մեծամորում: Սիրում եմ անկեղծ մարդկանց, ունեմ շատ ընկերներ և նրանք ինձ ասում են Ամոկ: Բնավորությամբ շատ նեղացկոտ եմ և շատ շուտ լաց եմ լինում: Ընկերասեր եմ և ամեն պահի ընկերներիս կողքին եմ : Սիրում եմ նկարել և հուսով եմ ապագայում կդառնամ լավ նկարիչ: Ժպտերես եմ, բարի, անկեղծ բոլորի նկատմամբ:
Ինձ դպրոցում հուզում է այն հարցը, թե երեխաներին ինչո՞ւ են տարբերակում արտաքինով կամ սովորելու ունակությամբ: Շրջպատում փոքրերին անտեսելը, վատ վերաբերվելն ու ճնշելը նույյպես ինձ հուզում են:
Արմինե Գևորգյան
Սիրում եմ աշխատասեր մարդկանց, բայց չեմ սիրում անպարտաճանաչ, շատախոս, ինքնահավան, ստախոս մարդկանց: Շատ եմ սիրում պարել և երաժշտություն լսել: Դպրոցում սովորում եմ հարվածային: Սիրում եմ հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ և երկրաչափություն առարկաները:
Ինձ հուզում է մեր անգլերենի ժամին ուսուցչուհուն բարկացնելու հարցը, որը մեզ խանգարում է լավ վարել դասը:
Աշխեն Ավետիսյան
Ես շատ հանգիստ բնավորության տեր մարդ եմ: Սովորում եմ յոթերորդ դասարանում, սիրում եմ կենսաբանություն առարկան: Սիրում եմ լրատվական տեղեկություններ կարդալ և լուսանկարել:
Ինձ ամենաշատը հուզում է արտագաղթի հարցը, քանի որ ծնողներս գնում են ուրիշ երկիր՝աշխատելու:
Սեդա Գրիգորյան
Ես շատ եմ սիրում նկարել և ուզում եմ դառնալ նկարչուհի: Իմ անունը Անի է, իսկ ազգանունս՝ Կարապետյան: Ես հաճախում եմ կենտրոն, որտեղ շատ լավ է մեզ. նրանք շատ լավ բաներ են մեզ սովորեցնում:
Ինձ հուզում է, թե մեր դպրոցը ինչու վերանորոգված չէ:
Անի Կարապետյան
Ես Անի Կիրակոսյանն եմ՝ բնավորությամբ ընկերասեր, բարի, բայց շատ դեպքերում նաև համառ: Ես ունեմ մի քանի նախասիրություն, սիրում եմ երգել, պարել, նկարել, նաև ստեղծագործել: Ես միշտ ձգտում եմ հասնել իմ նպատակներին: Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ երգչուհի և դերասանուհի, նաև պարուհի: Ես ամբողջ օրս անցկացնում եմ դպրոցում և Կենտրոնում, բացի շաբաթ և կիրակի օրերից: Ես նաև ամեն կիրակի գնում եմ եկեղեցի, մասնակցում բոլոր արարողություններին: Ես բացի Կենտրոնում երգելուց, նաև երգում եմ եկեղեցում: Ահա իմ մասին բոլոր կարևոր տեղեկությունները:
Իսկ ինձ հուզում է, թե ինչու են մարդիկ մահանում: Ես կարծում եմ, որ եթե մարդիկ չմահանան, երկրագունդը մարդաշատ կլինի, քանի որ ինչքան մարդաշատ, այնքան բնությունը աղտոտված կլինի: Բայց կարծում եմ, որ բոլորի համար երկնքում ավելի լավ կլինի, քանի որ այնտեղ երջանկությունը փողի մեջ չէ, այլ բարի և ընկերասեր լինելու մեջ: Ահա ինձ հուզող հարցը:
Անի Կիրակոսյան