shushanik papazyan

«Իմ օրագրի անունը Կիտտի չէ»

Բարև, իմ սիրելի օրագիր,

ես նորից քեզ գրում եմ, որովհետև մի կարգին անելու բան չի մնացել։ Դու արդեն գիտես՝ ինձ որևէ մեկը չի խնդրել գրել ու ոչ էլ գովաբանել է, թե գրել գիտեմ։ Ուղղակի այս առավոտ մեջս այնպիսի ուժեղ զգացողություն էր, ասես համակերպվեցի, որ գլուխս դնելու տեղ չունեմ։ Կընդունե՞ս ինձ։ Շատ ասելու բան էլ չունեմ։

Ամանորը ընտանիքիս հետ դիմավորեցի ու հասցրի մի գիրք ավարտել (Զամյատինի «Ջհանդամում»-ը)։ Չգիտեմ, էդ ոնց է ստացվում, բայց ընտրածս գրքերը ինչ-որ բանով գլխիս են տալիս, ես էլ թիթիզանում ու մտածում եմ՝ վա՜յ, իսկը ես եմ հերոսը։

Իմ սիրելի օրագիր, գիտե՞ս, այս անգամը շատ տխուր ստացվեց։ Ինձ համար հանգիստ կարդում էի, մեկ էլ Իվանիչն ասում է. «Ինքս ինձ հետ՝ դեմ դիմաց մնալու ուժ չկա»։ Թիթիզություն կանեմ, բայց իսկն իմ մասին է։

Քաղաքում այս տարի ձմեռը շատ զզվելի ու ցուրտ է, դրսում մնալու ուժ չեմ ունենում, տանն էլ ուժերս հատում են ու անկողնուց չեմ կարողնում վեր կենալ։ Իսկ անելիքներ շատ կան, ու ինձ թվում է, թե դրսում իմ կարևորությունը գնալով նվազում է։ Ի տարբերություն նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների, ես շատ քիչ եմ զբաղված, քնելու շատ ժամանակ ունեմ ու օրվա մեջ կարգին՝ երեքանգամյա սնունդ ընդունելու։ Մայրս ասում է, որ արդեն ժամանակն է ինձ հետևելու՝ նախորդ 4 ամիսների ընթացքում կարգին հոգնել եմ։ Գիտե՞ս՝ չեմ ուզում գրել նախորդ ամիսների մասին։ Չնայած չէր խանգարի մի երկու բանով կիսվելը։

Նախքան որևէ բան պատմել սկսելը, ուզում եմ քո էջերում թողնել նախորդ գիշերների բոլոր վատ երազները, որ նստել են շնչիս ու փախցնում են քունս։

Իմ սիրելի օրագիր, զգացողություն ունեի, որ եթե չպատմեմ որևէ մեկին անքուն գիշերներիս մասին, դրանք կկորչեն։ Արդեն մի քանի ամիս է, ես նորմալ չեմ քնել, ու օրերս ինձ ասացին, թե տեսքս շատ վատ է՝ աչքերս սովորականից ուռած են ու գույնն էլ կարծես կապույտին է տալիս։ Ես անընդհատ լսում եմ ինքնախնամքի մասին, բայց ուշքի գալ չի ստացվում։ Հիմա ժամանակներ են, երբ գիտակցում եմ ՝ վաղն այսօրվանից ավելի ցավոտ կարող է լինել։ Ու գիտե՞ս վատը որն է, որ հենց այդպես էլ պատահում է։ Չի կարելի ասել, թե համակերպվել եմ, որովհետև ամեն օրվա հետ կորստի ու ցավի նոր կետեր են բացվում մարմնիս վրա, ու ես զարմանում եմ։

Իմ սիրելի օրագիր, ես չեմ կարող պատասխանել, թե սա ի՞նչ կյանք է, և ի՞նչ եմ անում դրա հետ ես։ Այս առավոտվա պես առավոտներին ես սովորականի պես խմում եմ մեկ բաժակ թեյ ու անցնում գործերիս։ Իսկ գիշերները մեկը մյուսից տարբերվում են։ Դրանք գալիս են,  և ուղեղիս ծալքերում թառում են անցած-գնացած օրերի տաք հիշողությունները։ Ցուրտ գիշերներին դեմքիս տաք արցունքներն են մաղվում։

Ես կարծեմ քեզ պատմել եմ, թե ինչպես պատերազմը սկսվելու պահից դարձա ընկեր Շուշանիկ, բայց հիմա դրա մասին չեմ ուզում գրել՝ շատ եմ խոսել։

Իմ սիրելի օրագիր, կներես, որ քո էջերին վերջերս գրում եմ միայն տխուր ու հիմար բաներից։ Ուզում եմ, որ ընդունես ինձ ու գուրգուրես։ Երբ փոքր էի, տատս մատները սահեցնում էի մազերիս միջով, ու աշխարհում ամեն փոթորիկ թափվում էր ականջներիցս, ու ես խաղաղվում էի։ Ինչի մասին էլ ուզում եմ գրել, գալիս ու կանգնում եմ լուսեղեն իր առաջ։ Չեմ թաքցնի, որ միակ անհարմարությունը, որի հետ չեմ համակերպվում, իր չլինելն է։

Իմ սիրելի օրագիր, ինձ մոտ չի ստացվում չգրելը պատերազմի մասին։ Այս առավոտվա պես առավոտներին, ուզում եմ գրոտել քո էջերն։ Ընդամենը ասա քեզ կարդացողներին, որ իմ միջի բոլոր կանայք հոգնել են։ Ու որքան էլ տհաճ է խոստովանելը, այս առավոտվա պես առավոտները ամենաիսկականն են թուլանալու համար։

Իմ սիրելի օրագիր, ինձնից չե՞ս նեղանա, եթե քո էջերին արտագրեմ 12 ամյա մի աղջնակի օրագրից, ում հետ ծանոթացա պատերազմի սկզբից։ Գիտե՞ս, երբ դասասենյակում էի (որը բնավ էլ դասասենյակ չէր եղել նախկինում՝ գրում էի իրերի պահարանի վրա, որպես գրատախտակ), իսկական ուժեղ աղջիկ էի ու թույլ չէի տալիս՝ տեսնել, որ ամենաշատն այդ պահին ուզում էի թեքվել բարի մեկի ուսին ու դատարկել արցունքներս։

Քեզ այսօր ուզում եմ ծանոթացնել Միրայի հետ, ով եկել է Հադրութից, իսկ այժմ վարձով բնակարանում է ընտանիքի հետ։ Իմ սիրելի օրագիր, ես չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց դասարանիս հետ արագ մտերմացա ու դարձա իսկական խորհրդատու՝ օգնելու կյանքի դաժանություններին դիմանալու։ Մի ծիծաղիր, դու միակն ես, որ գիտես՝ ինքս չեմ դիմանում, ուր մնաց` օգնեմ ուրիշին։ Ես քեզ գրում եմ ու մենակությունս կոտրվում է։ Իրենց համար էլ օրագրեր գնեցի ու դարձրի իսկական Աննա Ֆրանկներ։ Միրան էլ մեծ սիրով ընդունեց խնդրանքս՝ գրել ամեն օրը ժամանակավոր կացարանում։

Իմ սիրելի օրագիր, միակ լավ նորությունն այն է, որ այժմ դասարանիս օրագրերը վստահելի ձեռքերում են և սպասում են հրատարակման։ Բայց այս մասին ավելի ուշ կպատմեմ քեզ։ Ինչպես ես եմ քեզ գրում, այնպես էլ երեխաներս իրենց օրագրերին, ու գիտե՞ս, ինձ համար ամենազարմանալին այն էր, որ օրվա վերջում դրանք ինձ էին հանձնում։

Իմ սիրելի օրագիր, բանից պարզվում է, որ ես միակը չեմ, ով ամեն օր կարող է զգալ ցավի ու կորստի զզվելի զգացողությունը։ Բայց հասկանո՞ւմ ես մտահոգությունս՝ նա ընդամենը 12 տարեկան աղջնակ է։ Երբեմն թվում է, թե իր օրագրությունները կարդալու ուժ չունեմ, բայց ես եմ չէ՞ խնդրել։

«Դեկտեմբերի 14: Շուտով Նոր տարի է, և ես լսել եմ, որ Ամանորին բոլորի երազանքները կատարվում են։ Դե երևի դու արդեն գիտես, որ ես երազանք կպահեմ, որ պատերազմը վերջանա, և իմ հայրենիքը ինձ վերադառնա։ Այսօր ինձ համար ցավալի օր էր։ Չնայած այսօր բոլորով գնացել էինք Գյումրին տեսնելու։ Երբ դեռ գնում էինք, մեքենան կանգնեց, բայց բարձրանալիս մայրս կանչեց ինձ ու ասաց, որ պապիկս մահացել է։ Ես շատ տխրեցի, բայց մայրս ասում է, որ պապիկը մահացել է կորոնավիրուսից, բայց ես չեմ հավատում։ Իմ կարծիքով, նա ոչ թե կորոնայից է մահացել, այլ իր տան կարոտից։ Մինչև մահանալը նա հորս ասում էր՝ ինձ իմ տուն տարեք։ Մենք նրան չէինք կարողանում բացատրել, որ այլևս Հադրութ չկա. նա մեզ չէր լսում ու իր ուզածն էր կրկնում։ Ես շատ եմ սիրում իմ պապիկին, նա միշտ մեզ համար ամեն ինչ անում էր, մենք ոչ մի անգամ դժգոհ չէինք։ Բայց նա հիմա չկա, և ես դրանից ազդվում եմ։ Նա միշտ մորս ասում էր. եթե մահացա, երեխաներին լավ կնայես։ Երբ ուշ էինք տուն գնում, նա անհանգստանում էր։ Թեկուզ հիմա նա չկա, իր սրտում մենք միշտ կմնանք։Պապիկ, թող քո հոգին ճախրի երկնքում։ Գիտե՞ս՝ մայրս էլ է համաձայն, որ պապիկս կարոտից է մահացել։ (Նկարել է սրտիկ՝ Հադրութ, իմ ծննդավայր։ Մի քանի տեղ ընդգծել է գրածը, ես էլ արտագրելիս նույնությամբ կրկնել եմ)»:

Իմ սիրելի օրագիր, հասկանո՞ւմ ես, էս աշխարհում մի բան սխալ է, ինքն ընդամենը 12 տարեկան է։

Այստեղ ուզում եմ քեզ հրաժեշտ տալ, դեռ պատմելու շատ բաներ կան։ Խոստացիր ինձ, որ կընդունես ու կգուրգուրես ինձ, ինձ թվում է՝ սիրտս էլի կոտրված է։

Իմ զենքն իմ դեղն էր

Արտյոմը` եղբայրս, 19-ը տարեկան երազող էր, ով երազում էր նվաճել աշխարհը։ Տեսակով անկոտրուն, չհանձնվող, էությամբ` արժանապատիվ ու պայքարող։ Ավարտելով բժշկական քոլեջը` 2019 թվականին զորակոչվեց բանակ, վերապատրաստվեց ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում` դառնալով բուժակ, կրտսեր սերժանտ։ Անմնացորդ նվիրվեց իր կոչմանը։

Երկրորդ տունը դարձավ Կուբաթլուն: Միշտ ուրախ էր, որ գնում էր զորավարժությունների` Ջաբրաիլ։ Վերջին զորավարժության ժամանակ սկսվեց պատերազմը…

Օր 1. զանգ Արտյոմից

-Մամ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ ա, նորմալ ա չմտածեք, որ անհասանելի լինեմ: Իմացեք` կապ չկա։

Օր 2

-Մամ,  էստեղ շատ վիրավորներ կան: Իրենցով եմ զբաղված, հասկանո՞ւմ ես, մամ, էս սովորական կռիվ չի, մամ: Սովորական հիվանդներ չեն. մեկի ձեռքը չկա, մյուսի` ոտքը։(Ձայնի մեջ կար տագնապ, անհանգստություն: Լսվում էր ցավից գոռացող զինվորների ձայներ)։

Օր 3

-Մամ, ես ինձ չեմ կորցնում: Լավ ա, սենց պահերին ուղեղս հարյուրի տակ ա աշխատում: Խոսացնում եմ տղերքին, որ գիտակցությունը չկորցնեն: Հարցնում եմ` ծխո՞ւմ ես, ու սիգարետը կպցնում դնում եմ բերանը, որ ցավը մեղմեմ: Հաց եմ տալիս հիվանդներիս։ Կաթիլայինի ծայրից կտրել ձողիկ եմ սարքել, որ ջուր խմեն։

Էստեղ բոլորն ասում են` բժիշկ, ապրես, բժիշկ, դու կարաս…

Օր 4

Արտյոմը զանգեց: Չհասկացա` լացո՞ւմ էր, թե՞ ծիծաղում…

-Մամ, ես վիրավոր չեմ։ Մամ, պատկերացնո՞ւմ ես` ընկերներս չկան` Մաթևոսյանը (գումարտակի հրամանատարը) չկա, մամ…

Արտյոմի հեռախոսը դարձավ անհասանելի, բայց երեկոյան` զանգ Արտյոմից։ Արդեն իր սիրելի զորամասում էր: Լավ էր, պատմեց, որ զանգը պահի թուլություն էր. տանկի մեջ էր, ընկերոջ` Գոռի հետ, որ տանկը պայթեցրել էին, ոտքից թեթև վիրավորվել է, ինքն իրեն վիրակապել է, լուրջ բան չկա։ Պատմում էր, որ Գոռի հետ տասնյակ վիրավորների թեժ կռվի ընթացքում երկուսով առանց վախի «Ուրալ» մեքենայով Ջաբրաիլից սարերի, ձորերի միջով տեղափոխել են Կապանի հիվանդանոց։ Այնուհետև կրկին վերադարձել զորամաս։

Այդ օրերին, երբ Արտյոմը Կուբաթլուում էր, զորամասն անդադար ռմբակոծվում էր, նույնիսկ այդ պահին նա ասում էր.

-Պետք է բուժկետը կարգի բերեմ։ Արդեն ամեն ինչ կարգավորվում է։

Անդադար խնդրում էի, որ էլ ոչ մի տեղ չգնա: Հրաշքով փրկվել է: Ինքն էլ ի պատասխան հանգստացնում էր` ասելով, որ ոչ մի տեղ չի գնալու, հանգիստ լինենք, որ պատերազմը մոտ 10 օրից կավարտվի, ու հարցնում էր.

-Գալու եք, չէ՞:

Բայց իր պատերազմն ավելի շուտ ավարտվեց։ Հոկտեմբերի 15-ին, համոզված  լինելով, որ ետ է վերադառնալու, գնում է իր 7 ընկերների հետ և անմահանում։

Այդպիսին էր կրտսեր սերժանտ Արտյոմ Բաբայանը` եղբայրս, ոչինչ երբեք անավարտ չթողնող։

Հերոս Աշոտ Մաթևոսյան

Հայրենիքի պաշտպաններից ու անմահ հերոսներից է Աշոտ Կոստիայի Մաթևոսյանը, ծնված 1978 թվականին, արմատներով Բերդից էր, բայց ապրել և մեծացել էր Երևանում, սովորել էր Տնտեսագիտական համալսարանում, ամուսնացած էր, ունի երեք հրաշք բալիկներ, այժմ ընտանիքն ապրում է Զովունիում:

Հարազատները մեծ հիացմունքով են խոսում հերոսի մասին, ցավը շատ մեծ է, բայց նրանք ապրում և մխիթարվում են նրա մասին վառ հիշողություններով: Հարազատները պատմում են.

-Նրան սեպտեմբերի 29-ին զորակոչել են, որպես բանակում լավ ավագ լեյտենանտ, նա հպարտ ու հաղթական մեկնեց ռազմաճակատ: Անչափ սիրում էր Հայաստանը, միշտ բարձր էր պահում հայրենիքի անունն ու պատիվը, հայրենիքի հպարտ զինվորն էր, ով մեկ վայրկյան անգամ չերկմտեց, կյանքը զոհեց հանուն հայրենիքի, ձուլվեց իր հայրենիքին,- հուզմունքը կոկորդում խեղդելով շարունակում են հարազատները պատմել,-Նրան տարել են Ջաբրայիլի (Ջրական) տարածք, հպարտ ու անվախ մասնակցել է կռիվներին, ու մի օր էլ կռվի ժամանակ զինամթերքը վերջացել է: Երբ որոշել են, թե ով կարող է գնալ զինամթերք բերելու, նա առանց երկմտելու, նստել է շտապ օգնության մեքենան ու որոշ ժամանակ անց վերադարձել է` բերելով անհրաժեշտ զինամթերքը: Եվ այդ օրը ճակատագրական դարձավ հերոսի կյանքում, նրան վստահեցին շտապ օգնության մեքենան, ու մեր վիրավոր զինվորներին: Հարյուրավոր կյանքեր է փրկել, անգամ առաջին բուժօգնություն է ցույց տվել վիրավորներին, օգնել է բժիշկներին: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, բայց ոչ մեկին չի ասել, երբ հարցրել են ինչու՞, պատասխանել է.‹‹Այստեղի երեխաներին ինչպե՞ս թողնեմ գամ››:

42-ամյա  հերոսը անմահացավ  հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայում, հերթական անգամ վիրավոր զինվորներին տեղափոխելու ժամանակ, իր ծառայակից բժշկի հետ,- երբ հարազատները շարունակում են պատմել հերոսի մասին, ասում են.

-Աշոտը շատ լավ գիտեր Հայոց պատմությունը, Հայաստանի ամեն անկյունին ծանոթ էր, ուր գնում էինք` փաստերով էր խոսում: Շատ էր սիրում բնություն, եկեղեցի, շրջագայություն: Ուներ գեղեցիկ, հայեցի ընտանիք: Շատ էր սիրում կնոջը և  երեխաներին: Տղաներին տանում էր որսորդության, ձկնորսության, պատմում էր հայրենիքի մասին, որ երեխաները շատ լավ իմանան իրենց հայրենիքի պատմությունը: Աղջկա հետ նույնպես շատ կապված էր, հաճախ ինքն էր քնեցնում աղջկան:

Շրջապատում միշտ նրա մասին հարգանքով են խոսում, հարգում ու սիրում էին հերոսին և բնութագրում էին այսպես. ‹‹Աշոտը իդեալական մարդ էր, մեծատառով անձնավորություն, բարի, կամեցող, մեծին ու փոքրին հարգող,  անչափ հայրենասեր, ով կյանքը չխնայեց հանուն հայրենիքի››:

Պատմում են նաև, որ վերջին շրջանում շատ տխուր էր, ու մի անգամ, երբ այգում էր եղել, տեսել էր, թե ինչպես է սալորենին սեպտեմբեր ամսին ծաղկել, տխրել էր ու ասել. ‹‹Պատերազմ է լինելու››: Երևի թե հերոսը զգացել էր…

Հայրենիքի զինվորը հաղթեց պատերազմում, որովհետև հաղթեց վախին, հաղթեց թշնամուն և անմահացավ:

Հավերժ Փառք քեզ, անմահ հերոս, հայրենիքի նվիրյալ զավակ:

Երբեք չմոռացվողը

Տասներկու տարվա ընթացքում մեզ սովորեցրել են, մենք սովորել ենք: Մենք սովորել ենք պատմություն, մենք սովորել ենք տարիներով տևած պատերազմների մասին կարդալ ընդամենը մի քանի էջ ու վերջ, սովորել ենք հայ դավաճանների, նրանց դավաճանությունների մասին:  Իսկ ինչո՞ւ մեզ չեն սովորեցրել դիմադրել ցավին, դիմանալ ընկերոջ կորստին, ինչո՞ւ  մեզ այդպես էլ չսովորեցրին մինչև վերջ սպասել ու սիրել, գնահատել ամեն պահն ու ակնթարթը:  Թե՞ մենք չսովորեցինք: Չսովորեցինք, քանի որ չմտածեցինք, որ ամիսներ առաջ մեզ հետ քննությունների պատրաստվող ընկերը ամիսներ անց՝ այսօր, կարող է ֆիզիկապես էլ չլինել: Չսովորեցինք, քանի որ մտքներովս անգամ չանցկացրինք, որ մանկության ընկերներին բակում իրենց նստարաններին նստած էլ չենք տեսնի:

Պատմությունը միշտ էլ դաժան է եղել: Ու ամեն անգամ դաժան էջերի դասերը սովորելու փոխարեն զբաղվել ենք ուրիշ բաներով, իսկ դրանք պատասխանելու փոխարեն ուղղակի ասել ենք. «Էսօր չէ, էլի: Մնա` հաջորդին կպատասխանեմ»: Պատմությունը միշտ էլ դաժան է եղել, բայց դրա դաժանությունը զգում ենք այն դեպքում, երբ ապրում ենք այդ պատմության մեջ ու այդ պատմությունով: Դաժանությունը կզգանք, երբ մի քանի տարի անց պատմության նոր գրքերում կտեսնենք այն երկուէջանոց պատմությունը, որի միջով անցանք մենք: Այն պատմությունը, որը տարավ շատերից ամենաթանկը: Այն պատմությունը, որը ստիպեց մեծանալ վերջնականապես: Այն պատմությունը, որ ստիպեց համակերպվել ցավին:  Այն պատմությունը…

Մենք երեխաներ էինք, ովքեր նոր էին կյանք մտել, սակայն նայեցին ուղիղ ցավի, տառապանքի, մահվան աչքերի մեջ: Նայե՛ք մեր աչքերի մեջ ու հասկացե՛ք, թե աշխարհում, ուր մենք ծնվել ենք ու  ապրում ենք, որտեղից այդքան նենգություն, ցասում ու նախանձ: Նայե՛ք ու փնտրե՛ք բարության նշույլներ մեր աչքերում:

Մենք սերունդ ենք՝ չկոտրվող սրտերով: Մենք շարունակում ենք ապրել մեր ընկերների կիսատ մնացած երազանքներով: Մենք շարունակում ենք ցավով լցված սրտերով առաջ շարժվել: Շարժվել առաջ՝ բոլորին ապացուցելով, որ մենք կարող ենք անգամ անհնարինը:

Պատճառներն ու լուծումները փնտրենք մեր մեջ, անենք հետևություններ: Իսկ  հոդվածն էլ ավարտեմ ավստրիացրի գրող Կառլ Կրաուսի հանճարեղ խոսքերով. «Ինչպե՞ս է կառավարվում աշխարհը, և ինչպե՞ս են բռնկվում պատերազմները: Դիվանագետները ստում են լրագրողներին և հավատում են իրենց իսկ ստերին՝ կարդալով դրանք թերթերում»:

Լուսանկարները` Սերյոժա Առաքելյանի

Foldink

Զրույց Foldink ընկերության համահիմնադիր՝ Համլետ Խաչատրյանի հետ։

Գիտություն, նորագույն տեխնոլոգիաներ և համարձակ գաղափարներ, հենց այս երեք հենասյան վրա է պետք կառուցել ապագան։ Կարծում եմ համաշխարհային համաճարակի այս շրջանում, բոլորս հստակ կարողացանք տեսնել, որ գիտության և տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է ընդունել ցանկացած մարտահրավեր և հաղթահարել այն, կամ էլ համապատասխան գիտելիքը չունենալով՝ պարտվել։

Շարունակելով բացահայտել IT ոլորտը, այս անգամ զրուցել եմ ներկայի և ապագայի startup`  Foldink ընկերության համահիմնադիր Համլետ Խաչատրյանի հետ։

- Foldink-ը բիոտեխնոլոգիական ընկերություն է, որը միավորում է հյուսվածքային ինժեներիան 3D տպագրության հետ։ Սա հայկական առաջին և միակ ընկերությունն է, որը զբաղվում է 3D Bioprinting տեխնոլոգիայով։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում 3D Bioprinting-ը։

-3D Bioprinting-ը հյուսվածքային ինժեներիայի ճյուղերից մեկն է, որը հնարավորություն է տալիս լաբորատոր պայմաններում տպագրել կենսունակ հյուսվածքներ։ 3D Bioprinter-ի աշխատանքի մեջ հիմնականում օգտագործվում են այսպես կոչված բիոթանաքները, որոնք իրենցից ներկայացնում են բջիջների և կենսանյութերի խառնուրդ։ Տեխնոլոգիան օգտագործելով այդ բիոթանաքները  տպագրում  է ապրող հյուսվածքներ, որոնք հնարավորություն են տալիս նմանակել մարդու օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական պրոցեսները  լաբորատոր պայմաններում։

- Ի՞նչ ոլորտներում է կիրառելի այս տեխնոլոգիան, և ի՞նչ խնդիրներ կարող են լուծվել դրա միջոցով։

-Տեխնոլոգիան կարող է օգտագործվել վերականգնողական բժշկությունում,  դեղանյութերի և կոսմետիկայի արտադրության մեջ, ինպես նաև ամենատարբեր լաբորատորիաներում գիտական փորձերի համար։

Առհասարակ յուրաքանչյուր նորաստեղծ դեղանյութ շուկայում հայտնվելուց առաջ անցնում է փորձարկումների  որոշակի փուլերով, որոնցից մեկը փորձարկումն է կենդանիների վրա (առնետներ և այլն)։ Բայց առնետի ու մարդու օրգանիզմները իրարից տարբերվում են, այսինքն, փորձարկման արդյունքները միշտ չէ, որ ապահովում են պրոդուկտի անվտանգությունը և արդյունավետությունը մարդու օրգանիզմի համար։ 3D bioprinter-ի միջոցով հնարավոր է դառնում մարդու օրգանիզմին մոտ հյուսվածքներ ձևավորել, հետևաբար այստեղ փորձերի ճշտության գործակիցը մեծ է։ Բացի այդ ապագայում անոթավորված ապրող օրգաններ ստանալու դեպքում, հնարավոր կլինի լուծել նաև դոնորական օրգանների պակասորդի խնդիրը։

- Եթե պատկերացնենք, որ ուզում ենք նապաստակի հյուսվածքներ ստանալ՝ ինչպիսի՞ն պետք է լինեն մեր գործողությունները։

-Հիմնականում 3D Bioprinting-ը ընթանում է երեք փուլով։ Առաջին փուլում պետք ստեղծենք տվյալ դեպքում՝ նապաստակի, անհրաժեշտ  հյուսվածքի 3D մոդելը, այնուհետև նապաստակից վերցնելով համապատասխան հյուսվածքի նմուշ, ստանում ենք բջիջները՝ աստիճանաբար դրանց քանակը ավելացնելով։ Երկրորդ փուլում արդեն, ինչպես նշել էի, bioprinter-ի մեջ տեղադրվում է համապատասխան բիոթանաքը՝ միախառնված ստացված բջիջների հետ, և մեր մոդելի հիման վրա սկսվում է տպագրությունը։ Իսկ երրորդ փուլում անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ հյուսվածքի ամբողջականությունն ու աճը ապահովելու համար։

Կենսաբանություն առարկան դպրոցական տարիներին չսովորելու արդյունքում հարցազրույցի հենց այս հատվածում գրեթե «գիտակցությունս կորցրեցի», վստահ եմ, ձեզնից շատերն էլ, բայց գիտությամբ հետաքրքրվող ընթերցողիս խնդրելու եմ ինձ հետ առաջ շարժվի։

Foldink ընկերությունը ստեծվել է երեք երիտասարդ բժիշկ ընկերների կողմից, բայց startup-ի զարգացմանը զուգընթաց թիմում ավելացել են մի շարք այլ մասնագետներ, օրինակ՝ ծրագրավորողներ, մարքեթինգի մասնագետներ, իսկ այժմ թիմում ներգրավված են մոտ 12 էնտուզիաստներ։

- Ի՞նչպես ստեղծվեց Foldink-ը։

-Ի սկզբանե մեր աշխատանքը իրենից միայն գիտական ուսումնասիրություն էր ներկայացնում։ Բայց հետո հասկացանք, որ պրոյեկտը իրականում  բիզնես ծրագիր լինելու պոտենցիալ ունի, որովհետև այս տեխնոլոգիան շատ քիչ լաբորատորիաներ են օգտագործում  ամբողջ աշխարհում,  հիմնական արտադրությունն էլ կենտրոնացած է ԱՄՆ-ում և Եվրոպական որոշ երկրներում։ Եվ ի տարբերություն մեր տեխնոլոգիայի, որը համեմատաբար մատչելի է և ունիվերսալ իր տեսակով, ԱՄՆ-ում արտադրված սարքավորումը գնելու համար ահռելի գումարներ են անհրաժեշտ։

Մոդելավորման տեսանկյունից այս տեխնոլոգիան ավելի ունիվերսալ է, որովհետև Foldink-ը տեխնոլոգիան գնող լաբորատորիային bioprinter-ը տրամադրում է այն չափանիշներով, որը անհրաժեշտ է տվյալ հետազոտությունը  իրականացնելու համար։ Օրինակ՝ դա կարող է լինել տպագրության ընթացքում կենսաանվտանգության բարձր աստիճան  ապահովող bioprinter։

Մի խոսքով, սկսեցինք փորձել ինքնուրույն հավաքել սարքը: Իհարկե գումարի խնդիր ունեինք և անհրաժեշտ դրամական միջոցները ձեռք բերելու համար մի շարք accelerator-ների, incubator-ների ենք մասնակցել, օրինակ՝  Beeline Startup Incubator, FAST- ի (Foundation for Armenian Science and Technology) “Startup studio”, EU-ի և Oxygen Foundation-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագիր և այլն։ Բայց իրականում կարևորը գաղափարն էր, որ ունեինք և այդ գաղափարի շուրջ հավաքված թիմը, հետևաբար ցանկացած գումարային և այլ խնդիրներ հաղթահարելի էին։

Այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ մարդկային ռեսուրսները գիտության զարգացման համար, Համլետը պատասխանեց, որ մենք ունենք մեծ ներուժ, որը պետք է զարգանա։

Բայց ավաղ, ինչպես բոլորս էլ գիտենք, այդ ռեսուրսը զարգանում է մեր երկրի սահմաններից դուրս։ Եվ սրան իրականում շատ պարզ բացատրություն կա։ Հարցազրույցի վերջում ես եկա այն եզրահանգմանը, որ զրուցակցիս նման ուսանողները, ովքեր զբաղվում են գիտությամբ, իրենց ցանկացած գաղափարի ռեալիզացիայի համար պետք է դիմեն անհատների կողմից կազմակերպվող դրամաշնորհների, այնինչ՝ արժանի գաղափարները պետք է անմիջական պետական աջակցություն ստանային։ Իհարկե, նրանց համարձակ, նպատակասլաց լինելը խոչընդոտներ չի տեսնում, բայց այն պետությունը, որը չի նպաստում գիտության զարգացմանը, պարտվելու է, և այդ պարտությունը իրեն երկար սպասել չի տա։

Հաղթելու համար պետք է գործել հենց այսօր, հենց հիմա․․․

Հերոս Վարդան Նորիկի Մնացականյան

Հայրենիքը պաշտպանելը դարձավ մի սուրբ գործ, իսկ պատերազմը չհարցրեց ո′չ մեծ ու փոքր, ո′չ զինվոր ու կամավոր, մեր քաջորդիները անձնուրաց պայքարեցին, իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը:  Բայց ոչ բոլորը հետ եկան, պատերազմը շատերին խլեց մեզանից, նրանք անմահացան, հանուն մեր վաղվա խաղաղ օրերի:

Շուշիի մատույցներում անմահացած հերոսներից էր Վարդան Նորիկի Մնացականյանը: Հերոս Վարդանի կինը` Թամարան, անսահման հիացմունքով ու  հպարտությամբ պատմում է. ‹‹Իմ Վարդանը 29 տարեկան էր, չափազանց անկեղծ ու պարզ մարդ էր, հոգատար էր, կենսուրախ, անվերջանալի ուժով էր օժտված, բոլորի նկատմամբ լցված էր բարությամբ ու կարեկցանքով: Չեմ հիշում նրան մեկ անգամ, որ ասի` հոգնեցի: Վարդանը թե տանը, թե աշխատավայրում կոկիկ էր շատ, մի փոքր նեղացկոտ էր, բայց րոպեների ընթացքում անցնում էր նեղացած մնալը››:

Թամարան խոսելիս հաճախ հուզվում է, հետո հիշում է, որ ամուր պիտի մնա, ձգվում է, ու էլի ընկնում քաղցր հիշողությունների գիրկը ու շարունակում է պատմել. ‹‹Վարդանն իմ անմահ հերոսն է, նա ձուլվեց իր հայրենիքին, ամեն մի բջիջով սիրում էր իր հայրենիքը, ու հավերժ սիրահարված էր Հայաստանին: Իմ հերոսի համար պատերազմը ավարտվեց նոյեմբերի 7-ին, նա հերոսաբար կռվեց Շուշիում ու անմահացավ: Իմ Վարդանը ամեն ինչից շատ առաջնային համարում էր ընկերությունն ու ընտանիքը: Նա Ոստիկանական զորքերում էր աշխատում ավելի քան 8 տարի, մեկ տարի դադարից հետո, նորից հետ վերադարձավ Ոստիկանական զորքեր և շարունակեց ծառայությունը: Ինձ շատ էր պատմում աշխատանքից, չնայած տեսակով փակ մարդ էր, բայց երևի թե իր կյանքում միակ մարդն եմ եղել, ով իմացել է իր մասին ավելին, քան կարելի էր››:

Թամարան կրկին չի կարողանում թաքցնել արցունքները, հուզվում է և արցունքախառն պատմում է, ձայնը սկսում է նվաղել, հետո մի պահ դադար, սթափվում է ու շարունակում է պատմել. ‹‹Երկու տարի, երեք ամիս է ամուսնացած ենք, ունենք մեկ արև` Արփին, մեր կյանքի լույսը: Վարդանն իդեալական ամուսին լինելուց զատ, անզուգական հայր էր, անսահման երջանիկ էր, երբ իմացել էր, որ աղջիկ երեխա էր ունենալու, շատ էր սիրում իր ընտանիքին, Արփիին, ամեն վայրկյանը ուզում էր մեզ հետ անցկացնել: Արփիին նա ինձ հետ հավասար պահել է, մենք միասին շատ ուրախ-տխուր պահեր ենք ունեցել, մեկս մյուսի մասին հոգ տանելով, մեկս մյուսի ցավը կիսելով ապրել ենք: Մեր մեջ չկար ես ու դու, կար մենք: Որոշել էինք մեծ շուքով նշել մեր Արփիի ծնունդը, որը նոյեմբերի 6-ին էր, բայց ավաղ, ինձ և աղջկաս փոխարեն սև հողը գրկեց իմ հերոսը»,- ասում է Թամարան ու մի պահ լռում, հավաքում է իրեն ու պատմում է, որ զրուցել է առաջնագծից վերադարձած Վարդանի ընկերների հետ, ընկերները պատմել են, թե առաջին օրվանից ինչ անվախ է եղել, իրեն բնորոշ ժպիտով ինչպիսի համառ մարտեր է տարել, երգել ու հետ մղել թշնամուն, անհաշվելի թվով թշնամիներ ոչնչացրել: Անգամ վիրավոր ժամանակ պայքարել է իր և իր ընկերների համար:

Թամարայի հետ զրույցում պարզ դարձավ, որ իր փոքրիկ մարմնում չափազանց մեծ ուժ կա: Նա արժանապատիվ էր իրեն պահում, իսկ աչքերն իր թուլությունը մատնում էին, ու լուռ վկան էին այն մեծ ցավի, որի միջով հիմա անցնում է:

Թամարան, երբ շարունակում է պատմել, ասում է. ‹‹Վարդանիս մասին անվերջ կարող եմ պատմել, բայց բառերով նկարագրելը անհնար է, բառերը չեն հերիքում զգացածս, ապրածս պատմելու, և իմ հերոսին նկարագրելու համար:

Ամեն արևածագին նայում եմ Վարդանի նկարին և հիշում եմ, թե  ինչպես էինք միասին զինվորական պարտականությունները սովորում, թե ինչպես ամեն օր ծառայության համար մի գծով արդուկում էի համազգեստը: Սկզբում ստուգում էր, ինչպես եմ արդուկել, «քննություն» էի անցնում, հետո արդեն չէր ստուգում, հագնում էր,- ժպտում է Թամարան ու շարունակում ,-արդեն գիտեր` ամեն ինչ կարգին էր, ճիշտ արդուկած: Անգամ պատերազմ  գնալիս հետը տարավ ‹‹բատինկաները›› փայլեցնող միջոցները, երբ հարցրեցի` ինչո՞ւ, նայեց ինձ ու ասաց. ‹‹Թամու′շ, հո փոշոտ տուն չե՞մ գալու››, երանի  թե գար, թեկուզ փոշոտ ու անխնամ, միայն թե ետ գար,- ասում է Թամարան, և շարունակում,- ես մինչև օրս սպասում եմ նրան, երևի թե միշտ կսպասեմ…

Իր հեռախոսահմարն եմ վերցրել և ամեն առավոտ նամակ եմ գրում` ‹‹բարի լույս››, եթե իհարկե, այն բարի է: Ես սպասում եմ իմ հերոսին, իսկ իր վերջին նամակը սա  է.

‹‹Թամս, դուխդ չգցես, Ձեզ շատ եմ սիրում, պաչում եմ››:

Պատասխան ուղարկեցի, բայց նամակս ավաղ, չհասավ…

Հետո պատմում է, որ ասել է, երբ աղջիկս ‹‹պապա›› ասի, տուն եմ դառնալու: Փոքրիկ Արփին դեռ հոր սահմանին գտնվելու ժամանակ ասաց ‹‹պապա››, բայց նա այդպես էլ չլսեց ու տուն չդարձավ, անմահացավ իմ հերոսը:

Իմ հերոսը հուղարկավորվել է Եռաբլուրում, նրա շիրիմը ևս անբաժան մնաց Ոստիկանական զորամասից, այնտեղից պարզ երևում է Ոստիկանական զորամասը: Խոստացել եմ Վարդանիս,- շարունակում է հերոսի կինը,- որ Արփիիս հետ միասին միշտ իր մոտ ենք գնալու, ու մեր հերոսին կարմիր վարդեր ենք տանելու, որը ժամանակին միշտ նա էր ինձ նվիրում…

Կարոտս կարոտով է խեղդում մի նոր կարոտի: Երանի եմ տալիս այն պահերին, որ եղել եմ նրա կողքին ու վայելել եմ այդ պահերը, կարոտել եմ իր լույս ժպիտը,- արցունքները չկարողանալով թաքցնել, ասում է Թամարան և շարունակում,- երանի ինչպես ինքը չվախեցավ պատերազմից, այնպես էլ ես չվախենամ առանց իրեն ապրելուց: Նա հավերժ մնաց իմ սրտում, աչքերում, ափերս սառչում են առանց նրա, իսկ աչքերս միշտ սպասում են իմ հերոսին,- ավարտում է Թամարան››:

Lilit vardanyan

Խառնաշփոթ

-19916…

Լարված ու շատ կարևոր պահ էր: Մայրը հուզվեց ու սկսեց լաց լինել:

-Բայց սկզբում վեց ամիս Երևանում ա լինելու,-փորձեցինք հանգստացնել իրեն:

2019թ, հուլիս:

Եղբայրս չասաց 19916: Ժպիտով ճանապարհեցինք բանակ: Եղբայրս Ղարաբաղում չի ծառայելու:

2020, փետրվար:

-Տեսնես էդ կորոնան Հայաստան կհասնի՞: Կարող ա անգամ արդեն իսկ վարակված կա, ուղղակի դեռ չգիտենք: Բայց դիմակ դնելը հավես ա, ես ուզում էի մի օր դնել:

2020, մարտ:

Մի շաբաթ տևող կարանտին, որը հետագայում կդառնա անվերջ շարունակվող հոգեվիճակ:

2020ը հոգեվիճակ է: Անընդհատ մարդկանց ճնշման ենթարկող, վատ լուրերով լի, ամեն անգամ ավելի զարմացնող: Հոգեվիճակ, երբ դու ուղղակի չգիտես, թե այսօր ինչ կարող է տեղի ունենալ: Արդեն ոչինչ չի զարմացնում:

2020, ամառ:

Անկեղծ եմ ասում՝ ոչինչ չեմ հիշում: Սքեյթ, քննություն, դիմակ:

2020, սեպտեմբեր:

Գնում եմ համալսարան, իսկ երեկոյան միանում եմ օնլայն դասերին:

19916: Ինչու՞ եմ մինչև հիմա հիշում: Երևի որովհետև ամեն երկրորդից դա էի լսում:

Կուրսով գնացել էինք Գյումրի: Ամեն ինչ չափից լավ էր: Հետո մի պահ տխուր մթնոլորտ տիրեց: Առանց տրամադրության ճաշեցինք:

-Էրեխեք, արդեն մեկուկես ամիս ա դասի ենք գնում: Հուսով եմ՝ օնլայն չեն սարքի:

2020-ը հոգեվիճակ է:

-Ի՞նչ դիմակ, պատերազմ ա:

-Էրեխեք, երևի արդեն գիտեք մեր Գոռի մասին:

-2-րդ հարկի Արթուրն էլ…

-Էդ էրեխեն մեջներից ամենախելոքն էր:

2020, հոկտեմբեր:

-Լիլիթ, վաղը գնում եմ,-ասաց հայրիկը:

-Ու՞ր:

-Ստեփանակերտ: Լրագրողների հետ:

-Իիի…

-Չգնա՞մ:

-Չէ, մի գնա:

Առավոտյան գրկեցի մինչև դասերի սկսելը ու նրա գնալը:

-Պապ, էս ինչ տաք ես…

«Համալսարանը տեղեկացնում է, որ դասերը կանցկացվեն օնլայն ձևաչափով մինչև կիսամյակի վերջ»:

Եղբայրս Մեղրիում էր: Ամեն օր երեկոյան զանգում էր:

-Ապեր, ո՞նց ես:

-Լավ, դու՞:

Երկու օր չէր զանգում:

-Չէ, Արամը երկու օր ա չի զանգում: Էն օրն էլ ցերեկը զանգեց: Հաստատ Ջաբրայիլ են տարել:

-Տատ, հանգիստ, էդ մարդը հաստատ չգիտի:

«Լիլիթ, լավ եմ, Ստեփանակերտում ենք»:

«Լավ, պապ»:

2020-ը քաոս է: Գլխումս խառնաշփոթ է: Միակ բանը, որ գիտակցում եմ՝ 2020-ը անվերջ կարանտինային վիճակ է:

-Սիրտս հանգստացավ, փաստորեն Ջաբրայիլում չեն,- ասաց տատիկը երկու անհանգիստ գիշերից հետո,- բայց բարձր դիրքերում են:

«Պապ, կոնտակտավոր եմ»:

«Ես էլ»:

Հայրիկը վերջապես եկավ տուն:

-Լիլիթ, մի գրկի, կարող ա վարակված եմ:

-Պապ, հերիք ա դեղ խմես:

Երկու օր անց նորից գնաց:

2020թ., նոյեմբեր:

-Տատ, արդեն նոյեմբե՞ր ա: Ես հոկտեմբերը չզգացի: Ոնց որ հոկտեմբերին ապրած չլինեմ:

Արթնացա հեռուստացույցի ձայնից: Այդ օրը ես այն մարդկանցից էի, որ հանգիստ քնել էր՝ առանց իմանալու տարածքներ հանձնելու ու պատերազմի ավարտի լուրը:

Չգիտեի, որ ամբողջ ընթացքում այդքան ճնշում էի զգացել, բայց ուղղակի թեթևացած շունչ քաշեցի:

-Տատ, գիտե՞ս չէ, երազումս տեսել էի, որ հասել են Մեղրի: Ապերին էի տեսել:

Երևի երազի ազդեցությունից դուրս գալու շնորհիվ պատերազմի ավարտվելու փաստը այդ պահին հանգստացրեց:

-Տատ, նենց եմ ուզում գրեմ կուրսեցուս: Բայց համ էլ մտածում եմ հարմար չի լինի իրան:

«Լիլիթ, ես ամենաշուտը երկու օրից կգամ»:

-Պապ, էսօր գալու՞ ես:

-Երևանում եմ, բայց թեստ եմ հանձնել: Մեկը դրական էր, մյուսը` բացասական: Վաղը պետք ա մի անգամ էլ հանձնեմ:

Թեստը բացասական էր, բայց երկու օր անց նորից գնաց:

2020, նոյեմբերի 21:

«Կարո՞ղ ա էսօր չիջնենք, ցուրտ ա դրսում»,-գրեց ընկերուհիս:

Նայեցի պատուհանի կողմը: Մառախուղ էր: Հագա աշնանային շորիկս ու իմ սիրած վերարկուն:

-Լիլիթ, Երևանում եմ, բայց երեկոյան կգամ:

-Յեյ, լավ, պապաս:

Հեռախոսիս նամակ եկավ, բայց մտածեցի կարևոր չի: Հինգ րոպե անց կարդացի: Կուրսեցիս էր:

-Լա՞վ ես: Ամեն ինչ լա՞վ ա:

-Հա, լավ եմ:

-Բայց ձայնդ հոգնած ա թվում:

-Չէ, ուղղակի էսօր շատ բան եմ արել, հոգնել եմ:

Հետո բացեցի ֆրանսերենի չատը: Դասախոսը ուղարկել էր քննության ձևաչափը:

-Լավ բայց ինչի՞ են մեր քննությունները օնլայն ու էսքան շատ:

-Դաժան ա,- ասաց ընկերուհիս:

2020-ը խառնաշփոթ է: 2020-ը շարունակվում է: