jenya abgaryan

Գունավոր շենքերով քաղաք

-Դեռ չե՞նք հասնում։ Հոգնել եմ, ու դեռ այսքան էլ պետք է անցնենք տուն վերադառնալու համար․․․

Հենց այսպիսի տրամադրությամբ էլ ամռանը մուտք գործեցի Արցախի Հանրապետություն։ Մոտ 5 ժամ տևած ճանապարհն անցնելուց հետո հայտնվում ես մի բլրի վրա, որը Շուշիից դարպասներ է բացում դեպի գունավոր շենքերով քաղաք։ Այո՛, Ստեփանակերտն իմ մտքում տպավորվել և մնում է հենց այդպես՝ գունեղ։ Թեև առաջին անգամ էի այցելում, սակայն այնքան հարազատ էր, կարծես ամբողջ մանկությունս այնտեղ անցած լիներ։

Այցս տևել է մոտ մեկ շաբաթ, բայց այդ մեկ շաբաթն էլ է շատ քաղաքին սիրահարվելու համար։

Սկզբում ծրագրել էի, որ ուղղակի կանեմ անելիքս ու արագ հետ կգամ, որովհետև դեռ ճանապարհին կարոտում էի Երևանը, իսկ արդեն այնտեղ գտնվելու երկրորդ օրն սկսեցի մտածել բնակարան ձեռք բերելու մասին։
Թե ինչու սիրեցի Ստեփանակերտը, դժվարանում եմ բացատրել։

Նախ, լինելով տարբեր տեսակի շենքերով հիացող և լուսանկարող մեկը, չէի կարող չգնահատել տեղի ճարտարապետական ոճը։ Որքան էլ որ շատ են և առանձնանում են գունավոր շենքերը, առանձնահատուկ է  Ազգային ժողովի շենքը, որն իր յուրօրինակ գմբեթի շնորհիվ բոլորին ՝ բացի տեղացիներից, թվում է, թե եկեղեցի է։

Շենքերից նարնջագույն չորսհարկանին է ամենից շատը տպավորվել, որովհետև կանգնել էի ուղիղ մայթեզրին ու փոքր ինչ խափանում էի փողոցի երթևեկությունը, որ գոնե մի նկար ունենամ շենքի ֆոնին: Իսկ վարորդները, կարծելով թե անցնում եմ փողոցը, ինձ զիջում էին ճանապարհը։ Այդպես ամոթից դրդված ստիպված եղա մի քանի անգամ անցնել փողոցը։ Իրավիճակը մի փոքր խորթ է, բայց քաղաքի բնակչությունն իրոք գիտի հյուրընկալության բոլոր գաղտնիքները, և սա բազմիցս են ապացուցել։ Եթե հյուր գնալիս մեզ մոտ առաջինը սուրճ են հյուրասիրում, ապա Արցախում հաճախ զարմանում էին, երբ մենք սուրճ էինք առաջարկում իրենց։ Այնտեղ բոլորը թեյի սիրահարներ են և սրճարաններում էլ գլխավոր մենյուի հետ անպայման մոտեցնում են նաև թեյերի մենյուն։ Դե, էլ չեմ խոսում թեյերի բազմազանության և համի մասին։

Բացի ճարտարապետությունից, թեյասիրությունից և հազարավոր այլ հատկանիշներից, Ստեփանակերտն իդեալական է հանգստություն սիրող և աղմուկից փախնող մարդկանց համար, քանի որ չկա քաղաքային ակտիվ եռուզեռ, և իրեն հատուկ ներդաշնակ լռություն է տիրում, իսկ փողոցներում էլ եվրոպական երկրներին հատուկ կատարյալ մաքրություն է։

Ցանկությունս այնքան մեծ է ընթերցողիս ամեն մանրուքի մասին պատմելու, որ մոռացա ամենակարևորը․ ես բացահայտեցի աշխարհահռչակ «Ղարաբաղ» կարպետի գաղտնիքը։ Հասկացա, որ երբ գորգագործներն այդքան տարատեսակ գույներ են օգտագործում, դրանք պարզապես գույներ չեն, այլ հենց իրենց հոգու երփներանգության արտացոլանքը։

Կարծում եմ՝ նկատեցիք, որ հիշողություններս ներկա ժամանակով եմ պատմում ձեզ, քանի որ ես այսպիսի վառ տպավորություններով եմ եկել հարազատ դարձած Արցախ աշխարհից, Ստեփանակերտն այսպիսինն եմ թողել մոտ 317 կմ այն կողմ և երբ օրերից մի օր այցելեմ կրկին, հենց այսպես՝ մտապատկերներիցս էլ ավելի վառ ու շատ ջերմ է նա ինձ գրկաբաց ընդունելու։

Երբ մահդ կտեսնիս…

Դավիթը Արցախյան պատերազմի հերոսներից է, ծնվել ու մեծացել է Գյումրիում, ծառայել Արցախում և մարտի ամենաթեժ կետերից մեկում է եղել հենց սկզբից: Ծառայության է անցել 1.5 տարի առաջ, 20 տարեկան է՝ հրետանավոր: Ասում է` պատերազմի սկսվելուց անմիջապես անցել է գործի, սակայն, երբ զենքի հետ անսարքություն է եղել, սկսել է բարձրացնել ընկերների մարտական ոգին՝ որպես հին ծառայող: Բարձրացրեց, ու այդպես ուժեղ ոգով էլ սկսեցին կանոնավոր մարտ վարել:

Դավիթը մինչ այդ շատ անգամներ է հերթապահել դիրքերում, ասում է, մտածել է իր ապագայի, մասնագիտության մասին, ծառայության վերաբերյալ պատկերացումների և իրականության մասին, սակայն պատերազմի ժամանակ արդեն մտքին միայն հստակ քայլերով դեպի հաղթանակ գնալն էր, և առանձնապես ոչ մի բան էլ չէր զգում, այլ սպասում էր հրամաններին ու հաջողությամբ կատարում դրանք:

Չնայած բարձր մարտական ոգուն ու լավ տրամադրվածությանը, մեր հերոսը Հադրութում՝ պատերազմի 10-րդ օրը՝ մարտական հանձնարարությունը կատարելիս, բեկորային վնասվածք ստացավ, որից հետո նրան տեղափոխեցին Գորիս, վիրահատեցին, ապա տեղափոխեցին Երևան: Հենց այս ժամանակ համացանցում լայն տարածում գտավ մի տեսահոլովակ, որտեղ հենց Դավիթը շտապ օգնության մեքենայի մեջ պառկած երգում էր «Գետաշեն» հայրենասիրական երգը: Դե իհարկե, չկարողացա չհարցնել, թե ինչու էր երգում, սակայն այսպիսի պատասխան ակնկալել չէի կարող:

-Ճիշտն ասած, ես չեմ զգացել, թե ինչ է կատարվել ինձ հետ: Ինձ հետո են պատմել, թե ինչպես է եղել, որ երգել եմ: Ես, Գորիսի վիրահատությունից հետո, գրեթե անգիտակից վիճակում եմ եղել: Բժիշկն ասում է, որ Երևան տեղափոխվելու ժամանակ ամեն ինչ արել են, որ գիտակցությունս չկորցնեմ, սկսել է երգել Գետաշենը, հետո, երբ վերջացրել է երգը, ես եմ սկսել երգել. չգիտեմ՝ ինչու կամ ինչպես:

Հիմա հերոսն ապաքինվում է, մտածում ապագայի մասին: Հայրենիք բառի նշանակությունը մանկուց է դրվել նրա մեջ, իսկ պատերազմը միայն բազմապատկել է պարտավորվածությունը վերջինիս հանդեպ: Կյանքի փոփոխության մասին էլ կարճ է կապում.

-Երբ մահդ կտեսնիս ու ամեն վայրկյան կսպասես, որ կարող է վերջինը լինել, կյանքի հանդեպ վերաբերմունքին չի կարող փոփոխություն չտա…

Ցավը բոլորինս է, սակայն պետք է նայել առաջ: Դավիթն արդեն սկսել է: Ասում է, ամեն հարցի հիմա ավելի լուրջ է մոտենում, բացի այդ, մտածում է մասնագիտության փոփոխության մասին: Եթե առաջ ցանկանում էր քաղաքից հեռու մի վայրում դպրոց բացել և ժողովրդական պարեր դասավանդել, կամ էլ դառնալ ֆուտբոլիստ, այժմ սկսել է ուսումնասիրել ՏՏ ոլորտը: Հենց դա էլ համարում է գլխավոր փոփոխությունը, որ մինչ այս երբևէ չէր մտածել:

Որպես ուղերձ՝ Դավիթը բարեհամբույր ավելացնում է.

-Իրավիճակից դուրս գալու համար մի բան է պետք՝ համախմբվել, թե չէ` մեր երկրից պոկվող տարածքներից բացի, մարդկանց արտագաղթն էլ կշատանա, ու մեր կռվածը իմաստ էլ չի ունենա: Ամեն մարդ, եթե զբաղվի իր գործով, բոլոր ոլորտներում միայն զարգացում կլինի… Իսկ սխալներ բոլորն են անում: Աշխատենք ուղղակի դասեր քաղել:

Դավիթը հերոս է, դա բոլորը գիտեն, իսկ ինձ չի մնում այլ բան, քան հպարտանալ, որ այսպիսի հերոս ընկերներ ունեմ և շնորհակալություն հայտնել նրանց՝ անշահախնդիր ու անվերապահ նվիրվածության համար: Չէ՞ որ հայրենիքը սկսել և սկսվում է սահմանից ու մեր գործերից:

Ձյուն է իջնում քո շիրիմին

Ձյուն է իջնում քո շիրիմին,
Ծածկում հողը ծանրացած,
Ու սրտիս է քար ծանրանում
Քեզ հետ տարած կարոտից։

Իջնում է մեղմ, առանց ձայնի
Իր մեջ պահած ցավ ու վիշտ,
Ու դառնում է ճերմակ սավան
Քո չարթնացնող մահճակալին։

Սպիտակ, ինչպես դեմքդ անգույն,
Ու լուռ` վերջին հանդիպման պես,
Որ բաժանեց մեզ իրարից`
Ինձ խոր անցյալ, քեզ` դեպի վեր։

Եվ ապրելով լոկ անցյալով
Ներկաս թողնում եմ ձյան տակ,
Որ սավանիդ ընկեր դառնա
Ու չթողնի քեզ մենակ։

Միտքս թմրած խնկի բույրից
Ու քայլերս անորոշ
Քեզ են փնտրում այն անցյալում,
Որ ձյան տակ է մինչ այսօր։

Եվ կհալչի ձյունը ճերմակ,
Ու կբացվեն գարուններ,
Բայց կյանքը քո ձյան հետ անդարձ
Կհեռանա դեպի վեր։

Կբերեմ ճերմակ մեխակներ
Ձյան փոխարեն շիրիմիդ,
Որ իր բույրով կյանք հիշեցնի
Քեզ հետ ննջող հուշերին։

Ձյուն է իջնում քո շիրիմին
Ծածկում հողը ծանրացած,
Ու սրտիս է քար ծանրանում
Քեզ հետ տարած կարոտից

shushanik papazyan

«Իմ օրագրի անունը Կիտտի չէ»

Բարև, իմ սիրելի օրագիր,

ես նորից քեզ գրում եմ, որովհետև մի կարգին անելու բան չի մնացել։ Դու արդեն գիտես՝ ինձ որևէ մեկը չի խնդրել գրել ու ոչ էլ գովաբանել է, թե գրել գիտեմ։ Ուղղակի այս առավոտ մեջս այնպիսի ուժեղ զգացողություն էր, ասես համակերպվեցի, որ գլուխս դնելու տեղ չունեմ։ Կընդունե՞ս ինձ։ Շատ ասելու բան էլ չունեմ։

Ամանորը ընտանիքիս հետ դիմավորեցի ու հասցրի մի գիրք ավարտել (Զամյատինի «Ջհանդամում»-ը)։ Չգիտեմ, էդ ոնց է ստացվում, բայց ընտրածս գրքերը ինչ-որ բանով գլխիս են տալիս, ես էլ թիթիզանում ու մտածում եմ՝ վա՜յ, իսկը ես եմ հերոսը։

Իմ սիրելի օրագիր, գիտե՞ս, այս անգամը շատ տխուր ստացվեց։ Ինձ համար հանգիստ կարդում էի, մեկ էլ Իվանիչն ասում է. «Ինքս ինձ հետ՝ դեմ դիմաց մնալու ուժ չկա»։ Թիթիզություն կանեմ, բայց իսկն իմ մասին է։

Քաղաքում այս տարի ձմեռը շատ զզվելի ու ցուրտ է, դրսում մնալու ուժ չեմ ունենում, տանն էլ ուժերս հատում են ու անկողնուց չեմ կարողնում վեր կենալ։ Իսկ անելիքներ շատ կան, ու ինձ թվում է, թե դրսում իմ կարևորությունը գնալով նվազում է։ Ի տարբերություն նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների, ես շատ քիչ եմ զբաղված, քնելու շատ ժամանակ ունեմ ու օրվա մեջ կարգին՝ երեքանգամյա սնունդ ընդունելու։ Մայրս ասում է, որ արդեն ժամանակն է ինձ հետևելու՝ նախորդ 4 ամիսների ընթացքում կարգին հոգնել եմ։ Գիտե՞ս՝ չեմ ուզում գրել նախորդ ամիսների մասին։ Չնայած չէր խանգարի մի երկու բանով կիսվելը։

Նախքան որևէ բան պատմել սկսելը, ուզում եմ քո էջերում թողնել նախորդ գիշերների բոլոր վատ երազները, որ նստել են շնչիս ու փախցնում են քունս։

Իմ սիրելի օրագիր, զգացողություն ունեի, որ եթե չպատմեմ որևէ մեկին անքուն գիշերներիս մասին, դրանք կկորչեն։ Արդեն մի քանի ամիս է, ես նորմալ չեմ քնել, ու օրերս ինձ ասացին, թե տեսքս շատ վատ է՝ աչքերս սովորականից ուռած են ու գույնն էլ կարծես կապույտին է տալիս։ Ես անընդհատ լսում եմ ինքնախնամքի մասին, բայց ուշքի գալ չի ստացվում։ Հիմա ժամանակներ են, երբ գիտակցում եմ ՝ վաղն այսօրվանից ավելի ցավոտ կարող է լինել։ Ու գիտե՞ս վատը որն է, որ հենց այդպես էլ պատահում է։ Չի կարելի ասել, թե համակերպվել եմ, որովհետև ամեն օրվա հետ կորստի ու ցավի նոր կետեր են բացվում մարմնիս վրա, ու ես զարմանում եմ։

Իմ սիրելի օրագիր, ես չեմ կարող պատասխանել, թե սա ի՞նչ կյանք է, և ի՞նչ եմ անում դրա հետ ես։ Այս առավոտվա պես առավոտներին ես սովորականի պես խմում եմ մեկ բաժակ թեյ ու անցնում գործերիս։ Իսկ գիշերները մեկը մյուսից տարբերվում են։ Դրանք գալիս են,  և ուղեղիս ծալքերում թառում են անցած-գնացած օրերի տաք հիշողությունները։ Ցուրտ գիշերներին դեմքիս տաք արցունքներն են մաղվում։

Ես կարծեմ քեզ պատմել եմ, թե ինչպես պատերազմը սկսվելու պահից դարձա ընկեր Շուշանիկ, բայց հիմա դրա մասին չեմ ուզում գրել՝ շատ եմ խոսել։

Իմ սիրելի օրագիր, կներես, որ քո էջերին վերջերս գրում եմ միայն տխուր ու հիմար բաներից։ Ուզում եմ, որ ընդունես ինձ ու գուրգուրես։ Երբ փոքր էի, տատս մատները սահեցնում էի մազերիս միջով, ու աշխարհում ամեն փոթորիկ թափվում էր ականջներիցս, ու ես խաղաղվում էի։ Ինչի մասին էլ ուզում եմ գրել, գալիս ու կանգնում եմ լուսեղեն իր առաջ։ Չեմ թաքցնի, որ միակ անհարմարությունը, որի հետ չեմ համակերպվում, իր չլինելն է։

Իմ սիրելի օրագիր, ինձ մոտ չի ստացվում չգրելը պատերազմի մասին։ Այս առավոտվա պես առավոտներին, ուզում եմ գրոտել քո էջերն։ Ընդամենը ասա քեզ կարդացողներին, որ իմ միջի բոլոր կանայք հոգնել են։ Ու որքան էլ տհաճ է խոստովանելը, այս առավոտվա պես առավոտները ամենաիսկականն են թուլանալու համար։

Իմ սիրելի օրագիր, ինձնից չե՞ս նեղանա, եթե քո էջերին արտագրեմ 12 ամյա մի աղջնակի օրագրից, ում հետ ծանոթացա պատերազմի սկզբից։ Գիտե՞ս, երբ դասասենյակում էի (որը բնավ էլ դասասենյակ չէր եղել նախկինում՝ գրում էի իրերի պահարանի վրա, որպես գրատախտակ), իսկական ուժեղ աղջիկ էի ու թույլ չէի տալիս՝ տեսնել, որ ամենաշատն այդ պահին ուզում էի թեքվել բարի մեկի ուսին ու դատարկել արցունքներս։

Քեզ այսօր ուզում եմ ծանոթացնել Միրայի հետ, ով եկել է Հադրութից, իսկ այժմ վարձով բնակարանում է ընտանիքի հետ։ Իմ սիրելի օրագիր, ես չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց դասարանիս հետ արագ մտերմացա ու դարձա իսկական խորհրդատու՝ օգնելու կյանքի դաժանություններին դիմանալու։ Մի ծիծաղիր, դու միակն ես, որ գիտես՝ ինքս չեմ դիմանում, ուր մնաց` օգնեմ ուրիշին։ Ես քեզ գրում եմ ու մենակությունս կոտրվում է։ Իրենց համար էլ օրագրեր գնեցի ու դարձրի իսկական Աննա Ֆրանկներ։ Միրան էլ մեծ սիրով ընդունեց խնդրանքս՝ գրել ամեն օրը ժամանակավոր կացարանում։

Իմ սիրելի օրագիր, միակ լավ նորությունն այն է, որ այժմ դասարանիս օրագրերը վստահելի ձեռքերում են և սպասում են հրատարակման։ Բայց այս մասին ավելի ուշ կպատմեմ քեզ։ Ինչպես ես եմ քեզ գրում, այնպես էլ երեխաներս իրենց օրագրերին, ու գիտե՞ս, ինձ համար ամենազարմանալին այն էր, որ օրվա վերջում դրանք ինձ էին հանձնում։

Իմ սիրելի օրագիր, բանից պարզվում է, որ ես միակը չեմ, ով ամեն օր կարող է զգալ ցավի ու կորստի զզվելի զգացողությունը։ Բայց հասկանո՞ւմ ես մտահոգությունս՝ նա ընդամենը 12 տարեկան աղջնակ է։ Երբեմն թվում է, թե իր օրագրությունները կարդալու ուժ չունեմ, բայց ես եմ չէ՞ խնդրել։

«Դեկտեմբերի 14: Շուտով Նոր տարի է, և ես լսել եմ, որ Ամանորին բոլորի երազանքները կատարվում են։ Դե երևի դու արդեն գիտես, որ ես երազանք կպահեմ, որ պատերազմը վերջանա, և իմ հայրենիքը ինձ վերադառնա։ Այսօր ինձ համար ցավալի օր էր։ Չնայած այսօր բոլորով գնացել էինք Գյումրին տեսնելու։ Երբ դեռ գնում էինք, մեքենան կանգնեց, բայց բարձրանալիս մայրս կանչեց ինձ ու ասաց, որ պապիկս մահացել է։ Ես շատ տխրեցի, բայց մայրս ասում է, որ պապիկը մահացել է կորոնավիրուսից, բայց ես չեմ հավատում։ Իմ կարծիքով, նա ոչ թե կորոնայից է մահացել, այլ իր տան կարոտից։ Մինչև մահանալը նա հորս ասում էր՝ ինձ իմ տուն տարեք։ Մենք նրան չէինք կարողանում բացատրել, որ այլևս Հադրութ չկա. նա մեզ չէր լսում ու իր ուզածն էր կրկնում։ Ես շատ եմ սիրում իմ պապիկին, նա միշտ մեզ համար ամեն ինչ անում էր, մենք ոչ մի անգամ դժգոհ չէինք։ Բայց նա հիմա չկա, և ես դրանից ազդվում եմ։ Նա միշտ մորս ասում էր. եթե մահացա, երեխաներին լավ կնայես։ Երբ ուշ էինք տուն գնում, նա անհանգստանում էր։ Թեկուզ հիմա նա չկա, իր սրտում մենք միշտ կմնանք։Պապիկ, թող քո հոգին ճախրի երկնքում։ Գիտե՞ս՝ մայրս էլ է համաձայն, որ պապիկս կարոտից է մահացել։ (Նկարել է սրտիկ՝ Հադրութ, իմ ծննդավայր։ Մի քանի տեղ ընդգծել է գրածը, ես էլ արտագրելիս նույնությամբ կրկնել եմ)»:

Իմ սիրելի օրագիր, հասկանո՞ւմ ես, էս աշխարհում մի բան սխալ է, ինքն ընդամենը 12 տարեկան է։

Այստեղ ուզում եմ քեզ հրաժեշտ տալ, դեռ պատմելու շատ բաներ կան։ Խոստացիր ինձ, որ կընդունես ու կգուրգուրես ինձ, ինձ թվում է՝ սիրտս էլի կոտրված է։

Իմ զենքն իմ դեղն էր

Արտյոմը` եղբայրս, 19-ը տարեկան երազող էր, ով երազում էր նվաճել աշխարհը։ Տեսակով անկոտրուն, չհանձնվող, էությամբ` արժանապատիվ ու պայքարող։ Ավարտելով բժշկական քոլեջը` 2019 թվականին զորակոչվեց բանակ, վերապատրաստվեց ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում` դառնալով բուժակ, կրտսեր սերժանտ։ Անմնացորդ նվիրվեց իր կոչմանը։

Երկրորդ տունը դարձավ Կուբաթլուն: Միշտ ուրախ էր, որ գնում էր զորավարժությունների` Ջաբրաիլ։ Վերջին զորավարժության ժամանակ սկսվեց պատերազմը…

Օր 1. զանգ Արտյոմից

-Մամ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ ա, նորմալ ա չմտածեք, որ անհասանելի լինեմ: Իմացեք` կապ չկա։

Օր 2

-Մամ,  էստեղ շատ վիրավորներ կան: Իրենցով եմ զբաղված, հասկանո՞ւմ ես, մամ, էս սովորական կռիվ չի, մամ: Սովորական հիվանդներ չեն. մեկի ձեռքը չկա, մյուսի` ոտքը։(Ձայնի մեջ կար տագնապ, անհանգստություն: Լսվում էր ցավից գոռացող զինվորների ձայներ)։

Օր 3

-Մամ, ես ինձ չեմ կորցնում: Լավ ա, սենց պահերին ուղեղս հարյուրի տակ ա աշխատում: Խոսացնում եմ տղերքին, որ գիտակցությունը չկորցնեն: Հարցնում եմ` ծխո՞ւմ ես, ու սիգարետը կպցնում դնում եմ բերանը, որ ցավը մեղմեմ: Հաց եմ տալիս հիվանդներիս։ Կաթիլայինի ծայրից կտրել ձողիկ եմ սարքել, որ ջուր խմեն։

Էստեղ բոլորն ասում են` բժիշկ, ապրես, բժիշկ, դու կարաս…

Օր 4

Արտյոմը զանգեց: Չհասկացա` լացո՞ւմ էր, թե՞ ծիծաղում…

-Մամ, ես վիրավոր չեմ։ Մամ, պատկերացնո՞ւմ ես` ընկերներս չկան` Մաթևոսյանը (գումարտակի հրամանատարը) չկա, մամ…

Արտյոմի հեռախոսը դարձավ անհասանելի, բայց երեկոյան` զանգ Արտյոմից։ Արդեն իր սիրելի զորամասում էր: Լավ էր, պատմեց, որ զանգը պահի թուլություն էր. տանկի մեջ էր, ընկերոջ` Գոռի հետ, որ տանկը պայթեցրել էին, ոտքից թեթև վիրավորվել է, ինքն իրեն վիրակապել է, լուրջ բան չկա։ Պատմում էր, որ Գոռի հետ տասնյակ վիրավորների թեժ կռվի ընթացքում երկուսով առանց վախի «Ուրալ» մեքենայով Ջաբրաիլից սարերի, ձորերի միջով տեղափոխել են Կապանի հիվանդանոց։ Այնուհետև կրկին վերադարձել զորամաս։

Այդ օրերին, երբ Արտյոմը Կուբաթլուում էր, զորամասն անդադար ռմբակոծվում էր, նույնիսկ այդ պահին նա ասում էր.

-Պետք է բուժկետը կարգի բերեմ։ Արդեն ամեն ինչ կարգավորվում է։

Անդադար խնդրում էի, որ էլ ոչ մի տեղ չգնա: Հրաշքով փրկվել է: Ինքն էլ ի պատասխան հանգստացնում էր` ասելով, որ ոչ մի տեղ չի գնալու, հանգիստ լինենք, որ պատերազմը մոտ 10 օրից կավարտվի, ու հարցնում էր.

-Գալու եք, չէ՞:

Բայց իր պատերազմն ավելի շուտ ավարտվեց։ Հոկտեմբերի 15-ին, համոզված  լինելով, որ ետ է վերադառնալու, գնում է իր 7 ընկերների հետ և անմահանում։

Այդպիսին էր կրտսեր սերժանտ Արտյոմ Բաբայանը` եղբայրս, ոչինչ երբեք անավարտ չթողնող։

Հերոս Աշոտ Մաթևոսյան

Հայրենիքի պաշտպաններից ու անմահ հերոսներից է Աշոտ Կոստիայի Մաթևոսյանը, ծնված 1978 թվականին, արմատներով Բերդից էր, բայց ապրել և մեծացել էր Երևանում, սովորել էր Տնտեսագիտական համալսարանում, ամուսնացած էր, ունի երեք հրաշք բալիկներ, այժմ ընտանիքն ապրում է Զովունիում:

Հարազատները մեծ հիացմունքով են խոսում հերոսի մասին, ցավը շատ մեծ է, բայց նրանք ապրում և մխիթարվում են նրա մասին վառ հիշողություններով: Հարազատները պատմում են.

-Նրան սեպտեմբերի 29-ին զորակոչել են, որպես բանակում լավ ավագ լեյտենանտ, նա հպարտ ու հաղթական մեկնեց ռազմաճակատ: Անչափ սիրում էր Հայաստանը, միշտ բարձր էր պահում հայրենիքի անունն ու պատիվը, հայրենիքի հպարտ զինվորն էր, ով մեկ վայրկյան անգամ չերկմտեց, կյանքը զոհեց հանուն հայրենիքի, ձուլվեց իր հայրենիքին,- հուզմունքը կոկորդում խեղդելով շարունակում են հարազատները պատմել,-Նրան տարել են Ջաբրայիլի (Ջրական) տարածք, հպարտ ու անվախ մասնակցել է կռիվներին, ու մի օր էլ կռվի ժամանակ զինամթերքը վերջացել է: Երբ որոշել են, թե ով կարող է գնալ զինամթերք բերելու, նա առանց երկմտելու, նստել է շտապ օգնության մեքենան ու որոշ ժամանակ անց վերադարձել է` բերելով անհրաժեշտ զինամթերքը: Եվ այդ օրը ճակատագրական դարձավ հերոսի կյանքում, նրան վստահեցին շտապ օգնության մեքենան, ու մեր վիրավոր զինվորներին: Հարյուրավոր կյանքեր է փրկել, անգամ առաջին բուժօգնություն է ցույց տվել վիրավորներին, օգնել է բժիշկներին: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, բայց ոչ մեկին չի ասել, երբ հարցրել են ինչու՞, պատասխանել է.‹‹Այստեղի երեխաներին ինչպե՞ս թողնեմ գամ››:

42-ամյա  հերոսը անմահացավ  հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայում, հերթական անգամ վիրավոր զինվորներին տեղափոխելու ժամանակ, իր ծառայակից բժշկի հետ,- երբ հարազատները շարունակում են պատմել հերոսի մասին, ասում են.

-Աշոտը շատ լավ գիտեր Հայոց պատմությունը, Հայաստանի ամեն անկյունին ծանոթ էր, ուր գնում էինք` փաստերով էր խոսում: Շատ էր սիրում բնություն, եկեղեցի, շրջագայություն: Ուներ գեղեցիկ, հայեցի ընտանիք: Շատ էր սիրում կնոջը և  երեխաներին: Տղաներին տանում էր որսորդության, ձկնորսության, պատմում էր հայրենիքի մասին, որ երեխաները շատ լավ իմանան իրենց հայրենիքի պատմությունը: Աղջկա հետ նույնպես շատ կապված էր, հաճախ ինքն էր քնեցնում աղջկան:

Շրջապատում միշտ նրա մասին հարգանքով են խոսում, հարգում ու սիրում էին հերոսին և բնութագրում էին այսպես. ‹‹Աշոտը իդեալական մարդ էր, մեծատառով անձնավորություն, բարի, կամեցող, մեծին ու փոքրին հարգող,  անչափ հայրենասեր, ով կյանքը չխնայեց հանուն հայրենիքի››:

Պատմում են նաև, որ վերջին շրջանում շատ տխուր էր, ու մի անգամ, երբ այգում էր եղել, տեսել էր, թե ինչպես է սալորենին սեպտեմբեր ամսին ծաղկել, տխրել էր ու ասել. ‹‹Պատերազմ է լինելու››: Երևի թե հերոսը զգացել էր…

Հայրենիքի զինվորը հաղթեց պատերազմում, որովհետև հաղթեց վախին, հաղթեց թշնամուն և անմահացավ:

Հավերժ Փառք քեզ, անմահ հերոս, հայրենիքի նվիրյալ զավակ:

Երբեք չմոռացվողը

Տասներկու տարվա ընթացքում մեզ սովորեցրել են, մենք սովորել ենք: Մենք սովորել ենք պատմություն, մենք սովորել ենք տարիներով տևած պատերազմների մասին կարդալ ընդամենը մի քանի էջ ու վերջ, սովորել ենք հայ դավաճանների, նրանց դավաճանությունների մասին:  Իսկ ինչո՞ւ մեզ չեն սովորեցրել դիմադրել ցավին, դիմանալ ընկերոջ կորստին, ինչո՞ւ  մեզ այդպես էլ չսովորեցրին մինչև վերջ սպասել ու սիրել, գնահատել ամեն պահն ու ակնթարթը:  Թե՞ մենք չսովորեցինք: Չսովորեցինք, քանի որ չմտածեցինք, որ ամիսներ առաջ մեզ հետ քննությունների պատրաստվող ընկերը ամիսներ անց՝ այսօր, կարող է ֆիզիկապես էլ չլինել: Չսովորեցինք, քանի որ մտքներովս անգամ չանցկացրինք, որ մանկության ընկերներին բակում իրենց նստարաններին նստած էլ չենք տեսնի:

Պատմությունը միշտ էլ դաժան է եղել: Ու ամեն անգամ դաժան էջերի դասերը սովորելու փոխարեն զբաղվել ենք ուրիշ բաներով, իսկ դրանք պատասխանելու փոխարեն ուղղակի ասել ենք. «Էսօր չէ, էլի: Մնա` հաջորդին կպատասխանեմ»: Պատմությունը միշտ էլ դաժան է եղել, բայց դրա դաժանությունը զգում ենք այն դեպքում, երբ ապրում ենք այդ պատմության մեջ ու այդ պատմությունով: Դաժանությունը կզգանք, երբ մի քանի տարի անց պատմության նոր գրքերում կտեսնենք այն երկուէջանոց պատմությունը, որի միջով անցանք մենք: Այն պատմությունը, որը տարավ շատերից ամենաթանկը: Այն պատմությունը, որը ստիպեց մեծանալ վերջնականապես: Այն պատմությունը, որ ստիպեց համակերպվել ցավին:  Այն պատմությունը…

Մենք երեխաներ էինք, ովքեր նոր էին կյանք մտել, սակայն նայեցին ուղիղ ցավի, տառապանքի, մահվան աչքերի մեջ: Նայե՛ք մեր աչքերի մեջ ու հասկացե՛ք, թե աշխարհում, ուր մենք ծնվել ենք ու  ապրում ենք, որտեղից այդքան նենգություն, ցասում ու նախանձ: Նայե՛ք ու փնտրե՛ք բարության նշույլներ մեր աչքերում:

Մենք սերունդ ենք՝ չկոտրվող սրտերով: Մենք շարունակում ենք ապրել մեր ընկերների կիսատ մնացած երազանքներով: Մենք շարունակում ենք ցավով լցված սրտերով առաջ շարժվել: Շարժվել առաջ՝ բոլորին ապացուցելով, որ մենք կարող ենք անգամ անհնարինը:

Պատճառներն ու լուծումները փնտրենք մեր մեջ, անենք հետևություններ: Իսկ  հոդվածն էլ ավարտեմ ավստրիացրի գրող Կառլ Կրաուսի հանճարեղ խոսքերով. «Ինչպե՞ս է կառավարվում աշխարհը, և ինչպե՞ս են բռնկվում պատերազմները: Դիվանագետները ստում են լրագրողներին և հավատում են իրենց իսկ ստերին՝ կարդալով դրանք թերթերում»:

Լուսանկարները` Սերյոժա Առաքելյանի