Lilit vardanyan

Սքեյթի, «Բլիչի» ու դիմակի մասին

Մակ սուրճը

-Լիլիթ, ուզո՞ւմ ես «մակկոֆե»,- ամեն ինչ սկսվեց այս խոսքերից: Ավելի շուտ՝ մի բաժակ մակ սուրճից:

«Բլիչը»

-Ինձ թվում ա՝ արդեն կարելի ա սկսել «Բլիչը» նայել,- ասացի ես՝ շատ լուրջ տոնով:

-Ինչի՞,- հարցրեց հայրիկը:

-Որովհետև 366 սերիա ա: Մինչև Հայաստանում կորոնայի ավարտը կվերջացնեմ: Երևի:

Սքեյթը

-Պապ, արդեն գարուն ա, քանի կարանտինը նորից չի սկսել, գնանք սքեյթ առնենք,- ասացի՝ մի շաբաթանոց կարանտինից հետո:

-Էս շաբաթ գնում ենք սքեյթ առնե՜նք: Գոնե սքեյթ քշել սովորեմ, զբաղմունք ունենամ,- ասացի երեկ:

Նինձյայի ուղին

Մի օր նկատեցի, որ էլ մարզվելու մոտիվացիա չունեմ, որովհետև «Տիտանների գրոհի» Միկասան չափից ուժեղ է:

Դիմակը

Երբ հիշում եմ, որ պետք է դիմակ կրել, մարդկանցից հեռու մնալ, ալկոգել օգտագործել, տուն վերադառնալուն պես լվացվել, լվանալ դիմակը, փոխել շորերը, նախընտրում եմ ուղղակի մնալ տանը:

Ամեն ինչ սկսվեց մի բաժակ սուրճից, մի սերիա «Բլիչից», մի օր սքեյթ քշել սովորելու մտքից, մի օր մոտիվացիան կորցնելուց, մի օր բակ իջնել ալարելուց:

Ամեն ինչ սկսվեց կորոնավիրուսից:

milena movsesyan

Կար ժամանակ

Կար ժամանակ, երբ մենք բողոքում էինք գործերը չհասցնելուց։ Այսօր մենք ծով ժամանակ ունենք, բայց գործերը չկան։

Ամիսներ առաջ մենք պլանավորում էինք ամառային հանգիստը, իսկ այժմ մենք ամառ չունենք։

Այն ժամանակ ճամփորդելու համար պետք էր գումար, այսօր գումարը կա, բայց երկրից դուրս գալու հնարավորությունը չկա։

Այնժամ գործերի ու առօրյայի մեջ խրված չէինք նկատում ծառերի ծաղկելն ու կանաչելը, օդում հայտնված ծիծեռնակների մեծ քանակը։ Հիմա մենք միայն դրանք ենք տեսնում։

Մի ժամանակ մենք չէինք հասցնում շփվել ընտանիքի անդամների հետ, միասին ճաշել։ Այսօր արդեն հոգնել ենք երեք անգամ նույն սպասքով ու նույն սեղանի շուրջ սնվելուց։

Ամիսներ առաջ մենք՝ աղջիկներս, զարդարվում ու պատրաստվում էինք երեկույթների ու ծննդյան արարողությունների համար։ Այս ընթացքում մեր զգեստները մնացին չհագած, իսկ մազերը հարդարվեցին խանութ գնալու ժամանակ։

Այնժամ մարդիկ ցանկապատված էին, փակված էին իրենց ներսում, խուսափում էին անծանոթներին ժպտալուց ու զրույցի բռնվելուց։ Հիմա նրանք ունեն հաղորդկացման ու շփման կարիք, բայց դիմակավորված են ու կասկածում են դիմացինի վարակված լինելու մեջ։

Այն ժամանակ մենք աղոթում էինք մեր գործերի հաջողության ու առողջության համար։ Այժմ ուզում ենք, որ մյուսներն էլ առողջ լինեն։

Կար ժամանակ, երբ մեր թշնամին մարդն էր։ Այսօր մի անտեսանելի երևույթ է, որ ուժեղ է բոլորից, իշխում է ու օրակարգ թելադրում։ Այսօր մեր չուզողը, մեզ ծնկի իջեցնողը վարակն է։

Այն ժամանակ մենք երազում էինք մեծ ու դժվար հասանելի նյութականի մասին՝ մեքենա, բնակարան, հանգիստ Մալդիվներում, միլիոններ։ Այսօր մեր ուզածը փոքր ու աննշան պահեր են միայն՝ գրկախառնություն, բաց դեմքեր, ժպիտներ, ժամանց, հավաքույթներ բարեկամների, ընկերների ու հարազատների հետ։

Ես հիմա պարզապես ուզում եմ եղբորս գրկել, մեծ բան չեմ ուզում, չէ՞․․․

maria chichakyan

Զրույց ինձ հետ

Կեսգիշերային աղմուկը չէր թողնում քնել, մյուս կողմից՝ շների հաչոցը, ինչ-որ ազդա՞կ էր, նշա՞ն, թե՞ պարզապես քնել չէի ուզում։ Գիշերը երևի ամենասիրուն ժամանակահատվածն է մենակ մնալու, ծալապատիկ նստելու, թեյդ վերցրած՝ քեզ հետ զրուցելու։

Զրուցակիցս ասում է՝ ոչինչ չի փոխվել, պարզապես ինքն է մեծացել։ Մեծացել ու հասկացել է, որ կիսասառած թեյի շուրջ ինքն իր հետ զրույցը ավելի հաճելի է, քան մի խումբ «ընկերների»։

Երբեմն պետք է ինքդ քեզ թեյի հրավիրես, սեղանին դնես քո իսկ սիրած ուտեստները, ինքդ քեզ նվերներ անես, մի վայրկյան… Ո՞րն էր լավագույն նվերը, իհարկե՝ ժամանակդ։

Ժամանակդ նվիրեցի՞ր նրան, ով գնահատեց, թե՞ վատնեցիր նրա վրա, ով թքեց հոգուդ մեջ։ Ճիշտն ասած՝ ես պիտի չասեմ․ դու ես որոշողը։

Մի կողմից էլ ցուրտը չի թողնում՝ քնես, մի կողմից  էլ՝ գիտակցումդ, որ ունեցածդ գրկախառնությունները կեղծ էին ու ձևական։

Գիշերը տխուր էր, ամենատխուր գիշերներից մեկը։

Ու մի օր, բարեկամս, ես կնստեմ իմ պատշգամբում ՝ թեյը ձեռքիս, իսկ դու քոնում ծխախոտի հերթական գլանակը կծխես, կզրուցենք անցած-գնացածի մասին, կթքենք մեզ վրա «թքողների» վրա ու հեգնական կծիծաղենք՝ չէ՞ որ մենակությունը նույնպես գայթակղիչ է։

Juliabrahamyn12

Դիմորդ 2020

Մեկ տարի առաջ ինչ ասես որ մտքներովդ չէր անցնի, լսո՞ւմ եք, ինչ ասես, ինձ ասեիք՝ կհավատայի, բայց այն, որ ուսանողները կցանկանան ընդունվել ու ավարտել, բայց չեն կարողանա, այն, որ մենք իրար հանգիստ խղճով գրկել կամ համբուրել չենք կարողանա՝ չէի հավատա։

Իրոք, մի շաբաթ առաջ զանգեցի ինձանից մեկ տարով մեծ ընկերուհուս, ով իմ մաթեմատիկական փայլուն հաշվարկներով պետք է արդեն քննությունների պատրաստվեր և ընդունվեր համալսարան, ու պարզվեց, որ դեռ ոչինչ պարզ չէ։ Տանից դուրս գալ ու գնալ համալսարան չեն կարող, միակ լուծումը համալսարանի հետ հեռախոսազանգով կամ համացանցով կապնվելն է, բայց դա էլ չի փրկում։

-Էհ, լավ, մի նեղվի, մի բան կանենք։ Օրինակ՝ ․․․  Չգիտեմ։

-Օրինակ՝ ես էլ չգիտեմ։ Լավ, գնամ տեսնեմ, թե ոնց եմ համալսարան ընդունվում ու կյանքս կարգի բերում։

Մի խոսքով, պարզվում է, որ այս պայմաններում մեկ քննությունով բուհ ընդունվելու համար չարժեր այդքան ուրախանալ, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ։ Միգուցե քննության ժամանակ հնարավոր վարակներ գրանցվեն, միգուցե բուհ ընդունվելն այս տարի ամենամեծ ռիսկերից մեկը համարվի:
Հեռավար քննություններն էլ արդյունավետ չեն։ Հեռակա ուսուցումը, այս դեպքում, առավելություններ ունի, քանի որ քննություն հանձնելու խնդիրներ չեն առաջանում, ամեն ինչ ավելի հեշտ է կազմակերպվում, իսկ առկա ուսուցման համա՞ր։

Եվ ի՞նչ կարծիքի են ապագա ուսանողները։ Եթե մեկ տարի առաջ ապագա ուսանողները պատրաստվում էին քննություններին, ոմանք պատկերացնում էին իրենց ուսանողական չորս տարիներն ու ընկնում երազանքների գիրկը, ապա հիմա, իմ կարծիքով, ոչ մեկը բուհ չի ցանկանում ընդունվել, քանի որ դա ժամանակի կորուստ է համարում։

Կորուստ այնքանով, որ հեռավար ուսուցումն ինչ-որ տեղ ավելի հարմար ու արդյունավետ են համարում, կորուստ այնքանով, որ մինչև հիմա ուսանողները չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց մի քանի ամիս անց։

Նրանք, ովքեր պետք է հանձնեն միասնական քննություն, կարծում են, թե քննությունը կանցկացվի այնպես, ինչպես եղել է նախորդ տարիներին։ Ուղղակի այս անգամ դռան դիմաց ջերմաչափվելով և լսարանում իրարից մեկ մետր հեռավորության վրա նստելով։

Ավելի արդյունավետ չի՞ լինի, եթե ուսանողները երկու-երեք օր շուտ հանձնեն կորոնավիրուսը հայտնաբերող արագ թեստ, որն ինչ-որ չափով վստահություն է ներշնչում, և միայն թեստի պատասխաններից հետո՝ հանձնեն քննությունը։

Բայց կրկին ամեն հարց շոշափելիս՝ կան այլ խնդիրներ։ Ի՞նչ անի այն ուսանողը, ում ընտանիքը չի կարող վճարել արագ թեստի դիմաց։ Կամ ասենք, հենց քննության նախաշեմին պարզվի, որ կոնտակտավոր է, առավել վատ սցենարով` վարակվել է: Ի՞նչ է սպասվում այդ դեպքում դիմորդին: Ռիսկային գոտում գտնվելով՝ հանձնի՞ քննությունը, թե՞ չընդունվի բուհ այս տարի։

Ընկերուհիս դեռ փաստաթղթերը չի հանձնել: Հավանաբար դիմի հեռակա ուսուցման բաժին: Տեսնենք: Նորություն լինի` կտեղեկացնեմ:

suren manukyan

Անզգայության օրեր

Արևի վառ շողերը արտածում էին պատուհանի պատկերը մուգ վարագույրի վրա։ Դրսում լուսավոր էր։ Իսկ ի՞նչ կար ներսում: Ամայի անապատում արդեն քանի օր է լույսը չէր բացվում: Չկային անգամ կապտաճերմակ վառ լույսով վառվող լուսինները: Չկար նաև գիշերային անդորրն ու խաղաղությունը: Անձև փոթորիկները արդեն որերորդ օրն է պտտվում էին այնտեղ, մշուշով ու փոշով պատելով ողջ հորիզոնը: Այո, ամենը տակնուվրա էր եղել և պարզ չէր ոչինչ: Մտքերն ու զգացմունքները միախառնվել էին իրար և գողացել սեփական կյանքը իր տիրոջից:

Առաջվա դեղին ավազի փոխարեն անապատում գորշ ու ճաքճքած հող էր։ Փոշին ու անկանոն իրարանցումը բեռնել էին ամենը թմրածության մեջ: Ոչինչ չէր երևում: Բայց զգացումը, որ ոչինչ չկա բաբախում էր անապատի հողերի տակ՝ իր սրտում: Երբվանից էր ծաղկող այդ քաղաքը վերածվել անապատի, եթե մի քանի օր առաջ դեռ երևում էին սրածայր գմբեթներով ու վառ կանաչ մշտադալարներով պատված աշտարակները: Իսկ գուցե դա պատրանք էր, գուցե իրականում քաղաքը վաղուց էր փլվել ու վաղուց արդեն այնտեղ ոչ մի կենդանի շունչ չկար: Անճոռնի որդեր ու հազարոտնուկներ միայն՝ փլատակների տարբեր անկյուններում:

Արդեն որքան ժամանակ է, ինչ քնելը դարձել էր տառապանք նրա համար: Նա ժամերով շուռումուռ էր գալիս անկողնում ու վերջապես հանձնվելով՝ ձգվում էր դեպի հարազատ էկրանը: Միայնության այս դարում, որտեղ մարդկային հարաբերությունները նման էին դիմակահանդեսի, հեռախոսը դարձել էր նրա միակ այլընտրանքը: Այո, այլընտրանքը, որովհետև հակառակ դեպքում նրա էությունը մնում էր փակված մարմնի պատյանի ետևում։ Եվ ի՞նչ այդ դեպքում: Ո՞րն էր նրա գոյության ապացույցը։ Ո՞վ կասեր, թե նա կա, եթե ոչ ոք չգիտեր դա։ Երևի թե նա շատ էր խորասուզվել կյանքի ու գոյության իմաստի որոնումներում, դրա համար ջնջվել ու լղոզվել էին բոլոր սահմաններն ու եզրագծերը: Ամենը մի մեծ աբստրակտ էր: Այնքան մեծ, որ եթե չլինեին այդ էկրանի հիպնոսացնող ճառագայթներն ու նրանում զետեղված բթացնող բովանդակությունը, որոնց կամովին տրվում էր նա, այդ աբստրակտը ճնշմանը չդիմանալով՝ դուրս կհոսեր նրա աչքերից ու ականջներից, չնայած՝ աչքերում կարմիր աբստրակտի պակաս չէր զգացվում:

Իսկ երե՞կ: Երեկ նրան լքեց ներսում բնակվող միակ մարդը: Երեկը փոխեց ամեն ինչ: Արդյո՞ք փոխեց, թե՞ ամենինչ շուտ էր փոխվել: Արտաքին աշխարհում նա ուներ իր կյանքը՝ ընկերներ, մարդիկ, ովքեր հոգ էին տանում իր մասին: Իսկ ներսում անապատն էր: Այդ ներսը անգամ ինքը չէր հասկանում, ուր է թե՝ ուրիշը: Ո՞վ էր այնտեղ բնակվում: Կամ ովքեր: Նա որոշել էր արհամարհել այն, բայց թաքուն վախենում էր, որ մի օր այն վրա կհասնի։ Եվ նա իրավացի էր:

Երեկ կորավ ախորժակը, քնելը տառապանքից վերածվեց հրեղեն դժոխքի ու կապ չունի, որ նոր բարձ էր գնել: Իսկ գլխացավը նրա անկոչ ընկերն էր դարձել:

Օրերն անցնում էին էկրանների տրամադրած յուրօրինակ կոմայի մեջ, նրա լայն չռած աչքերի հետևում չէր վերլուծվում ոչ մի միտք ու զգացում: Ոսպնյակների միջով անցնում էին տարբեր բնույթի պատկերներ, որոնք ոչինչ չէին փոխում ներսում: Միակ բանը, որ փոխվում էր, ժամանակն էր։ Նրա գոյությունը նախորդ վայրկյանից տեղափոխվում էր հաջորդ:

Երբ տեսա նրան, որոշ ժամանակ հետո նա ժպտում էր, ավելի ճիշտ՝ նրա հագին ժպիտ էր: Իհարկե, ով է սեփական դեմքով դուրս գալիս, ամենավերջին երջանիկը անգամ գոնե կյանքի վատ փորձի քսան դրամ ունի իր գրպանում, որ մի դիմակ գնի իր համար, ամենասովորականը թեկուզ:

Իսկ նա… Նրա դիմակների պահեստը շատ մեծ էր: Դրա համար էլ նա արդեն ի՜նքը չէր տեսնում, թե ով է դիմակի ետևում, և որն էր դրանցից իր իսկական դեմքը:

Նրան չմեղադրեք, չէ՜, ես չեմ մեղադրում: Վերջիվերջո, մեզնից ով է կարողանում տարբերել իր իսկական դեմքը սեփական դիմակների բազմության մեջ: Իսկ կա արդյոք դեմք, թե բոլորս միայն դիմակների բազմություններ ենք: Եթե այո, ապա ով ենք մենք։

Gohar Petrosyan

Հրաժեշտ

Հալվում էր մոմի նման, հանգչում էր, արտաշնչում ու սառում, մոռանում էր շնչելու մասին: Աչքերը մի կետի էին նայում ու ոչ մի շարժ: Միշտ ինչ-որ բանի մասին էր խորացած մտածում: Հիշում էր եղբորը, մորը ու հանկարծ երեխայի նման ասում․ «Երեք աղջիկ են եկել, հետները գնալու եմ»: Ո՞ւր էր գնում… Չնայած, գիտեի ու ասել էի, որ գնար, ինձ ասեր, թե ո՞ւր է հայտնվել, ի՞նչ կա, մթություն-լույս: Չասաց… լուռ հեռացավ, հեռանալուց հետո էլ չասաց: Ճիշտ է, քենախնդիր չէր, ամեն բան ներում էր, բայց չէր մոռանում. ոնց որ թե շաբաթների բացակայությունս այդպես էլ չմոռացավ:

Ուզում էի ձեռքերը տեսնեի. կարոտել էի հաստացած ու կապույտ երակները, չխնամված, բայց միշտ նուրբ ու փայլող եղունգները: Էդ գրողի տարած կտորն էլ էնպես էր փաթաթվել ձեռքերին, որ ասես թե կարոտը խեղդում էր ու ինքը չէր, որ միշտ ձեռքերի վրա էր մնալու: Դանդաղ վառվում էր կողքիս մոմը, հալվում ու իջնում ցած: Կրկնօրինակել էր տատիս դեմքի գույնը: Մի բան մեջս վառվում էր, բայց հաստատ մոմ չէր, ոչ էլ նման մի բան: Ջուրն էլ չէր հանգցնում, միայն թեթևի մեջ կոկորդիս քարն էր մի փոքր ներս գլորում: Նայում էի, հա ուզում էի նայել, չէի կշտանում, ախր ինչի՞ն էի նայում: Հայացք չկար, ի՞նչն էր այդպես աչքերս ուղղում դեպի նրա սառած դեմքը: Չէ, բայց այ անկյունում դրված նկարը իրոք որ կլանում էր ինձ: Հայացք կար, կենդանի էր, շնչում էր, մի կետի չէր նայում, չէ՛… որ կողմ գնայի` ինձ էր նայում: Ուզում էի բոլորին դուրս անել հյուրասենյակից, մնալ տատիս հետ մենակ: Դուրս չէին գալիս՝ հերիք չէր, մի հատ էլ գնալով ավելանում էին: Մտքումս հաշվում եմ. «Մեկ, երկու, երեսունվեց, քսանչորս, հարյուր ութսունվեց, վեց հարյուր վաթսունվեց, ութսունհինգ… մեկ»:

Ըհն, լույսը բացվեց, բայց դե արհեստական կնճռոտ դեմքին ոչ մի շարժ չկար: Չորս կողմս ոչ մի բան չէր փոխվել, ուղղակի մի քանի սև ժապավենով ծաղկեփունջ էր ավելացել: Եկան… տանում են, զգույշ հանեցին, կամաց-կամաց, որ ցավ չզգար, տեղից էլ շատ էր ցավերի մեջ տանջվել: Տարօրինակ էր, չասաց․ «Ամա՜ն, մեջքս…»: Ախր մի շարժ էլ չարեց: Օգնություն էլ չէր խնդրում, ոչ էլ գոնե ձեռքից բռնող: Դուրս հանեցին, երևի երեք տարի էր՝ դարպասների մոտ դուրս չէր եկել ու նստել:

Քայլում էի, չորացած տերևներն էլ ոտքերիս տակ շխկշխկում էին: Քամին դեմքիս էր խփում. էն փոքր ժամանակվա գիժ քամիներիցս չէր, մի տեսակ շատ հոգնած էր: Արդեն մի երկու հարյուր մետր քայլեցինք, խեղճ տատս ե՞րբ էր վերջին անգամ տնից դուրս եկել: Ոնց որ թե հասանք… հա՞ որ: Վե՞րջ: Ինչի՞ բայց, դեռ պետք է որ շատ ճանապարհ լիներ, ժամանակ էլ:

-Հրաժեշտ տվեք… Կանա՛յք, արդեն ետ դարձեք, մեր եկեղեցին արգելում է այլևս առաջ գալը:

Հը՞, ո՞նց թե՝ հրաժեշտ տվեք: Ի՞նչ է նշանակում «եկեղեցին արգելում է», տո շա՛տ բան է անում:

-Գնա՛, բալի՛կ ջան, գնա՛…

Քաշում են ձեռքիցս, հեռացնում, տանում են, տարան, ինչի՞ բայց: Շուտ չէ՞ր: Ուզում էի դեմքին դիպչեի, համարձակությունս չէր ներում. վախենում էի իրականությունից: Ցանկությունս այդպես էլ մեջս մնաց: Ինքն էլ արդեն մնաց մենակ: Վերջին երկու տարում սովորել էր բացակայությանս. հիմա հավերժ էի բացակայելու կողքից, ինքն էլ իմ… Արդեն մենակ էր. ես էլ էի մենակ:

Հալվել էր մոմի նման, հանգել էր, արտաշնչել էր ու մոռացել շնչելու մասին: Աչքերն անշարժ էին, մտածելու բան էլ չուներ. էդ էլ ինձ թողեց…