susanna ghazoyan gyumri

Վարդան Մամիկոնյանը, շապիկն ու 16-դարյա թակարդը

Իմ շատ երկար ու ձանձրալի ընդմիջումներից մեկն էր, ու ես էլի չգիտեի, թե ինչ անել այդ երկարուձիգ երկու ժամվա ընթացքում։ Որոշեցի գնալ կաֆետերիա՝ իմ քաղցած ստամոքսի պահանջը հագեցնելու (ոչ թե իմ, որովհետև եթե ինձ մնար, ես հաց չէի ուտի): Ճանապարհին մեր առաջին կուրսեցիներից մեկին հանդիպեցի, սկսեցինք զրուցել դեսից-դենից, ու այդ ընթացքում նա փորձում էր շատ մեծ դժվարությամբ գտած իմ «Երևան» ամսագրից պոկել սթիքերները, բայց դա նրան չհաջողվեց։

Ու հանկարծ մեզ մոտեցավ նա՝ նույնը ինքը Վարդան Մամիկոնյանը, կամ ավելի շուտ Վարդան Մամիկոնյանի նկարով շապիկ հագած աղջիկը։ Ես հարցրի՝

-Վա՛յ, էս Վարդանն Մամիկոնյա՞նն է։

-Yes, that’s him.

Դե ես էլ մտածեցի անգլերենով շարունակել, եթե նրան էդպես էր հարմար։ Բայց մեր խոսակցությունը հայերեն կգրեմ։ Ես՝

-Իսկ էդքան համոզվա՞ծ ես, որ ինքը գոյություն է ունեցել։

-Իսկ համոզվա՞ծ ես, որ գոյություն չի ունեցել։ Ախր, ինքը հերոս էր։ Ինքը կռվեց հանուն երկրի, ինքը զոհաբերեց ինքն իրեն։ Լավ, եթե տենց է, քո հերոսն ո՞վ է։

-Ես հերոս չունեմ․․․

Ես հերոս չունեմ։ Ու առհասարակ տանել չեմ կարողանում հերոսի գոյության կարևորությունը։ Հերոսը ծնվում է ճգնաժամից, իսկ մենք արդեն էնքան ենք հոգնել ճգնաժամերից։ Ցանկացած պատերազմից կամ աղետից հետո տրավմատիկ իրավիճակի միակ մխիթարանքը ձեռք բերված հերոսներն են։ Մենք վերցնում ենք հերոսներին, «դնում գլխներիս վրա», աստվածացնում, մինչդեռ նրանք դա չէին ուզում։ Նրանք ուղղակի ուզում էին ապրել, որովհետև դա շատ քաղցր է։ Հերոսներին աստվածացնելով, մենք իրականում նրանց արժեքը գցում ենք։

Ես հերոս չունեմ, որովհետև չեմ հավատում Վարդան Մամիկոնյանին։ Որովհետև 16 դար շարունակ մեզ խաբել են։

-Վարդանի նման եղե՛ք։ Վարդանը հերոս էր։

Վարդանը մեր ներսի եղած պաթոսի հայրն է։ Առանց մտածել, գնալ ու կռվել, միայն թե վերջում քո կենացը խմեն։ Մեզ կենաց խմողներ պետք չեն, ոչ էլ մարդիկ են պետք, որոնց կենացը խմենք։ Մենք հոգնել ենք կենացներից, որոնք էնքան դատարկ են։ Արդեն հոգնել ենք հերոսներ ունենալուց․․․

Վարդան Մամիկոնյանի մասին խոսելիս միշտ «Կարգին հաղորդումն» եմ հիշում։ Մենք էլ էդ խեղճ հովիվի նման Վարդանից բացի էլ հերոսներ չգիտենք։

Վերջում Վարդանի շապիկով աղջկան խորհուրդ տվեցի գնալ ու էդ «Կարգին հաղորդումը» նայել։ Պատասխանն ընդամենը եղավ՝

-I don’t watch that kind of trash.

Ու իր հերոսի հետ հերոսական կեցվածքով հեռացավ։

tatev nurijanyan

Առաջին քայլս

11-րդ դասարանում էի սովորում, երբ սկսեցի լրջորեն մտածել մասնագիություն ընտրելու մասին: Մտքիս գալիս էին աշխարհի բոլոր մասնագիտությունները՝ ոստիկանից մինչև բժիշկ, խոհարարից մինչև դերասան, վարսահարդարից մինչև հոգեբան: Դժվարին ու բարդ այդ տարբերակների մեջ կանգ առա «վերամբարձ» ու առաջին հայացքից շատ դժվար թվացող պատմաբանի մասնագիտության վրա:

Պատմությունը միակ առարկան էր, որտեղ ես ինձ զգում էի ինչպես ձուկը՝ ջրում:
Պատմության հանդեպ սեր իմ մեջ արթնացրել է իմ պատմության ուսուցիչը, որը նաև իմ կնքահայրն է: Նա է եղել իմ ոգեշնչման աղբյուրը, ու որքան էլ տարօրինակ էր, նա դեմ էր իմ ընտրությանը: Փորձում էր համոզել հրաժարվել այդ բարդ ուղի ունեցող մասնագիտությունից: Խորհուրդ էր տալիս ընտրել ավելի ժամանակակից մասնագիտություն, բայց ես իմ որոշման մեջ մնացի անսասան: Դա ինձ համար արդեն ոչ միայն երազանք էր, այլև նպատակ:
Հիմա ես Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող եմ: Կատարվել է երազանքս, որին հասնելու ճանապարհին ես անդադար աշխատել եմ՝ ոչնչի առաջ կանգ չառնելով, որովհետև գիտեի, որ եթե կատարվի իմ երազանքը, դրանից ինձնից շատ կուրախանան ծնողներս ու կնքահայրս:
Երազանքները միշտ էլ կատարվում են, եթե պայքարում ենք արդեն նպատակ դարձած երազանքի համար:

Արտախլեզ

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Նախորդ հոդվածներիցս մեկում անդրադարձել էի գյուղական ծանր աշխատանքներին, մասնավորապես՝ խոտհունձին։

Առաջներում այդ աշխատանքներն ավարտելուց հետո գյուղացիները մեծ խնջույքներ էին կազմակերպում և տոնում դրանց ավարտն ու երկար սպասված հանգիստը։ Այդ խնջույքներին մեր մեծերը տվել են «արտախլեզ» անվանումը։

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Արտախլեզի մասին պատմում է մեր գյուղի տատիկներից մեկը.

«Առաջներում խոտքաղի ավարտից հետո գյուղացիներով հավաքվեինք գը մե աղբըրիմ մոտ, մեր մեջի ջոջը ոտի կկանգնիր ու կըսեր.

-Գյուղացինե՛ր ջան, եկուց արտախլեզ է, լա՜վ ականջ էրեք։

Էդ վախտ գյուղացիները հերթով ոտի կկանգնեին ու կըսեին, թե ով ինչ կրա բերե իրա հետ։ Եքսի օրը ուտելիքները շալակներիս կէրտայինք դաշտ, մեր որոշած տեղը կնստեինք ու արտախլեզ կենեինք՝ կուտեինք, կխմեինք, կշնորհավորեինք մեկս մեկիս ու Աստծուն էլ շնորհակալություն կհայտնեինք, օր վերջապես պրծանք էդ գործերից։ Արտախլեզ բառն էլ կնշանակե, օր արտերից եզներով բերքը խլեցինք, բերեցինք, հասցրեցինք մեր տները»։

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Այժմ սակայն գյուղերում ոչ բոլորն են խնջույքներ կազմակերպում և տոնում, այդպես կոչված, արտախլեզը։

Մեր գյուղում բացի արտախլեզից մեկ ուրիշ հետաքրքիր միջոցառում էլ կա։ Երբ գյուղում կարտոֆիլի քանդման սեզոնը բացվում է, գրեթե բոլորի տնամերձներից ծուխ է բարձրանում։ Մարդիկ փուռ են վառել: Աթարի խորանարդիկներից փոքրիկ բուրգեր են պատրաստում և վառում այն, հետո միջին չափի կարտոֆիլներ են լցնում այդ բուրգի մեջ, իսկ վերջում բացում են կիսաքանդ բուրգը և հանում արդեն եփված և կրակից սևացած կարտոֆիլները, որոնք էլ համտեսում են հենց արտի մեջ։

Համեցե՛ք և համտեսեք ինքներդ։

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

svetameliqyan

Հոգով ջահել

Հերտրուդ Ստայնը մի անգամ ասել է. «Ինչքան էլ ծերանանք հոգում, միևնույն է բոլորս նույն տարիքին ենք»:

Չնայած համաձան եմ, որ տարիքով մարդիկ էլ են ջահել, բայց արդեն հոգնել են ցավից, կորուստներից ու անվերջ հուսալուց: Առաջ էս թեմայի մասին չէի մտածում, չէ որ ես ջահել եմ, դեռ նոր եմ սկսում սավառնել կյանքում, դեռ նոր եմ սովորում վստահ բացել թևերս և չտատանվել անցողիկ քամիներից:

Մի քանի օր առաջ գնացել էինք Մասիվի հանրակացարաններ, և քանի որ ես Կարմիր խաչի կամավոր եմ, իմ պարտքն եմ համարում օգնել կարիքը ունեցող մարդկանց: Այդ օրը այցելությունների օր էր՝ պետք է զրուցեինք տատիկների ու պապիկների հետ, պատմեինք մեր ու մեր կյանքի, նպատակների մասին ու մտովի նրանց հասցնեինք իրենց անցյալը: Երկար զրուցում էինք բոլորի հետ, իսկ նրանք անընդհատ ընկնում էին հուշերի գիրկը: Հիշում էին անցած գնացած, լավ ու վատ օրերը և թե ինչպես են առաջին անգամ սիրահարվել, դպրոց գնացել ու համբուրվել: Հանդիպման ընթացքում բերում ու հյուրասիրում էին իրենց ամենահամեղ շոկոլադներն ու կոնֆետները, որ գիտեմ ինչքան դժվարությամբ են ձեռք բերել: Քայլում էի մութ միջանցքով ու աչքերս ծանրացած էին աղի ջրով, որ պատրաստ էր ամեն պահի կաթիլ դարձած աննկատ հոսել այտիս վրայով ու ընկնել հատակին, քանդված ու ոտքերի տակ ծեծված հատակին, որ տեսնում ու զգում էր նույնիսկ այն, ինչը իմ սիրտը չկարողացավ: Մի տատիկի հետ էի խոսում: Պատմեց իր կյանքից, ու թե ոնց են իր ամուսինը, որդին ու աղջիկը մահացել ու վերջում ծիծաղով ավելացրեց. «Չեմ հասկանում, թե ինչի եմ մինչև հիմա ողջ մնացել, թե ինչի Աստված ինձ ողջ թողեց»:
Շատ ազդվեցի: Տուն գալուց ամբողջ ընթացքում լսում էի այդ բառերը: Ծիծաղով ասաց, որ ինձ վատ չզգայի, բայց չէր կարող էլ մեջը պահել, պիտի արտահայտվեր: Սիրեցի էդ տատիկին:
Բայց չէ որ տարիքը իրոք կապ չունի հոգում մեռած կամ դեռ ողջ լինելու հետ: 20 տարեկանում էլ կարող ես արդեն կործանված լինել, իսկ 60-ում դեռ վայելել կյանքի ամեն մի ակնթարթը: Տարիքը կապ չունի ապրելու ցանկության հետ: Մի բան ևս հասկացա: Պետք է գոհ լինենք նրանից, ինչ-որ ունենք՝ սիրենք մեր շրջապատի մարդկանց ու փորձենք հասկանալ նրանց ու նրանց պահվածքը: Կյանքին այլ տեսանկյունից նայենք ու վստահենք մեր սրտին, որ երբեք չի խաբի և կզգա այն, ինչը այնքան լավ թաքնված է աչքից:

harutyun hayrapetyan portret 2

Ուսանողը Երևանում

Այն ժամանակ, երբ բոլոր քննությունները հանձնված էին, և ամառն արդեն ավարտվում էր, եկավ մի պահ, որ ուսանողները սկսեցին պատրաստվել դասերին։ Դե պարզ է, արդեն սեպտեմբերի 1-ն էր մոտենում։ Ոմանք այդ օրը հուզվում են՝ ուղղակի հիշելով իրենց ուսանողական տարիները։ Որոշ ուսանողների համար ձանձրացնող մի բան է այն, որովհետև նրանք արդեն կամ 4-րդ կուրսում են, կամ մագիստրատուրայում, ոմանք ոչ էլ մտածում են այդ մասին, իսկ ոմանք էլ այդ օրվան սպասում են մեծ ոգևորությամբ, որովհետև առաջին կուրս են գնալու։

Առաջին կուրս, մի քիչ պատասխանատու է, չէ՞։

Մի քիչ դժվար է գյուղից եկած ուսանողին հարմարվել քաղաքային կյանքին։ Ես օրինակ Ամասիա գյուղից եմ տեղափոխվել Երևան:

Առավոտյան արթնացա 7-ին, որ վազեմ դասի։ Հագա նախօրոք արդուկած ու պատրաստած շորերս, հարդարեցի մազերս, մի խոսքով պատրաստվեցի ու դուրս եկա տանից։ Գնացի կանգառ ու սկսեցի սպասել երթուղայինին։

Առաջինը եկավ մի 10 րոպե անց, որը դիմավորեց ինձ լիքը մարդկանցով։ Ստիպված բաց թողեցի, որ հաջորդով գնամ։ Երկրորդը մոտեցավ ինձ 15 րոպե անց։ Այն ավելի լիքն էր, քան առաջինը, անգամ պատուհանից դուրս եկած մարդիկ կային։

Այս մեկն էլ բաց թողեցի։ Մոտ 15 րոպե անց ինձ մոտեցավ երրորդ երթուղայինը։ Ու ես հասկացա, որ ավելի լավ կլիներ առաջինով, լավ գոնե երկրորդով գնայի։ Նայեցի ժամացույցին՝ 9.10 է, ու հասկացա, որ ուզած թե չուզած պիտի «նստեմ» երթուղային։ Նստելը որն է, պիտի մի կերպ «խցկվեմ» ներս։ Մի կերպ ներս սողոսկելով ու ներողություններ խնդրելով, գնացի մի քիչ առաջ, որ դռները փակվեն։ Հետևիցս մի կին գոռաց.

-Մի քիչ առաջ խտացեք, որ ես էլ բարձրանամ։

Ափսոս, տեղ չկար, և նա մնաց այդտեղ կանգնած ուրիշ մարդկանց հետ։

Հաճախ մտածում եմ՝ մի կողմից լավ է, որ շատ մարդ կա երթուղայինում, ճիշտ է կանգնած ես, բայց կարիք չկա բռնվելու։ Մարդիկ այնքան խիտ են կանգնած, որ հնարավոր չէ որ ընկնես, ընկնելու տեղ որ լիներ, մի 3 հոգի շատ մարդ կբարձրանային երթուղային։ Ու ես հասկանալով այդ, բաց թողեցի բռնակը և ուզում էի ձեռքս ներքև իջեցնել, ինչ որ ձայն եկավ։

Արմունկով հարվածեցի ինչ որ մեկի գլխին։

-Ներողություն,- ասացի ես ու անձայն ծիծաղելով կամաց շարունակեցի գործս։

Եվ վերջապես երթուղայինը կանգ առավ համալսարանիս դիմաց։ Մի քանիսի ոտքերի վրայով, բայց իջա…

Իջա ու հասկացա, որ շորերս արդուկելու տալ, գեղեցիկ հագնվել, մազեր հարդարել ուղղակի պետք չէր։ Մեկ է, այդ ամենից բան չէր մնալու։ Եվ այդպես «մոդայիկ» հագնված, գեղեցիկ կերպով գզգզված մազերով գնացի համալսարան։ Համալսարանի բակում այնքան մարդ կար հավաքված, որ ակամայից թախիծով հիշեցի ինձ տեղ հասցնող երթուղայինը։

Ռեկտորի, դեկանի խոսքերից հետո մեզ ներս տարան, ու ես իմացա որ ինձ հետ սովորելու են ևս 21 ուսանող։ 6 հոգանոց դասարանից հետո դա ինձ համար մի քիչ մեծ թիվ է, էլի։ Ծանոթացա համալսարանի կանոնակարգի և ուսանողների հետ։

Երբ ամեն բան վերջացավ, էլի նույն ձևով տուն գնացի։

Դժվար է, իհարկե, հարմարվելը մեծ քաղաքին, բայց դե հետաքրքիր է ուսանողական կյանքը։

marine nikoghosyan

Քեֆլին իմ երազանքն է

Հաճախ մտածում եմ և փորձում տարբերություն գտնել գյուղի և քաղաքի միջև։ Ի՞նչ յուրահատկություն ունի այսպես կոչված «քաղաքը», որ բոլորը ձգտում են տեղափոխվել այնտեղ։

Ես իմ կյանքում շատ գյուղերում և քաղաքներում եմ եղել, բայց երբեք տարբերություն չեմ գտել դրանց միջև, և ընդհակառակը, որտեղ էլ որ եղել եմ, միշտ ցանկացել եմ վերադառնալ իմ հարազատ գյուղը՝ իմ Քեֆլին։

Գյուղում թե՛ մեր համագյուղացիներից, և թե՛ մյուս գյուղերի բնակիչներից հաճախ եմ լսում արտահայտություններ, որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Գրեթե բոլորն ասում են, որ գյուղում կյանք չկա։ Կյանքը քաղաքում է, իսկ գյուղերում տանջվելով էլ բանի չենք հասնի։ Չգիտես՝ ինչու, բոլորին թվում է, թե քաղաքում ավելի հեշտ է ապրելը։

Այս արտահայտություններն ամեն անգամ լսելով՝ ես թևաթափ էի լինում և մտածում, որ կգա մի ժամանակ, երբ գյուղերում միայն լքված տներ և ամայի փողոցներ կլինեն։ Սակայն մտածելակերպս փոխվեց, երբ մի օր հայրիկիս ընկերներից մեկը ընթրիքի ժամանակ ասաց.

-Քեֆլին իմ երազանքն է։

Իմ կյանքում այս խոսքերը ես առաջին անգամ էի լսում. Քեֆլին իմ երազանքն է: Այս երեք բառերն ինձ ոգևորեցին և հույս տվեցին, որ ինչքան ժամանակ էլ անցնի, միևնույնն է՝ գյուղերում կլինեն ծխացող օջախներ, միգուցե մեկ-երկուսը, բայց՝ կլինեն։ Եվ ես վստահ եմ դրանում:

Կկարոտեմ այդ օրերը

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

20 օր առանց հեռուստացույցի, համակարգչի, հեռախոսի ու առավել ևս, համացանցի:

Հիմա երևի կասեք՝ էս երեխան ի՞նչ է արել, որ ծնողները նման պատիժ են տվել: Ասեմ, որ ամենևին էլ պատժված չեմ եղել, այլ ամառային հանգստիս մի մասը՝ 20 օր, անցկացրել եմ Հանքավանի «Արագած» ճամբարում ու ասեմ, որ օրը առանց թվարկածս սարքավորումների ավելի հետաքրքիր է անցնում: Ճամբարում կտրվում ես քաղաքի եռուզեռից, նոր ծանոթներ ու ընկերներ ես ձեռք բերում, որքան ամբողջ տարվա ընթացքում չէիր կարող ձեռք բերել:

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Այդ 20 օրվա  ընթացքում ճամբարակաները դառնում են ընտանիքի անդամներ որոնց հետ անցկացնում ես ամբողջ օրը՝ արթնանում ու քնում ես նույն սենյակում, ճաշում ես միևնույն սեղանի շուրջ: Այս օրերի ընթացքում ոմանք սիրահարվում են, ոմանք ընկերանում, ոմանք էլ իրենց չարաճճիություններով բարկացնում ջոկատավարներին:

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Այս 20 օրը կարծես 20 մասից բաղկացած 24 ժամյա ֆիլմ լինե, որից ես շատ բաներ սովորեցի, որոնք կօգտագործեմ կյանքիս ընթացքում:

Ճամբարում կատարվում էին մի շարք միջոցառումներ, որոնց ժամանակ մեր ջոկատը համարյա միշտ առաջին տեղն էր զբաղեցնում: Հաղթեցինք թենիսի, շաշկու ու վոլեյբոլի թիմային առաջնությունը և, որ ամենակարևորն էր, հաղթեցինք նաև գիտակների մրցույթը, որին մասնակցում էր 8 ջոկատ:

IMG_3611Լավ, մի քիչ էլ իմ կատարած գործերից  պատմեմ: Լինելով ճամբարում՝ չէի կարող այնտեղի երեխաներին չսովորեցնել ազգագրական պարեր: Դե, ինչպես արդեն ասել եմ, ես պարում եմ «Կարին» ավանդական երգի պարի խմբի շառավիղը հանդիսացող «Հրայրք» ավանդական պարի խմբում, որը գործում է Գյումրիում: Օգտվելով առիթից, ասեմ, որ «Հրայրք» ավանդական պարի խումբը սեպտեմբերի 21-ին կազմակերպում է ֆլեշմոբ, որի ժամանակ պարելու ենք ազգագրական պարեր, ու հիմա «Հրայրք»-ի յուրաքանչյուր անդամ տարբեր տեղերում սովորեցնում է այդ պարերը: Դե, ես էլ որոշեցի ճամբարում սովորեցնել ու ձեզ էլ հրավիրում եմ Գյումրի, որպեսզի դուք էլ մասնակցեք ֆլեշմոբին:

IMG_3536Լավ, ոնց որ շեղվեցինք: Վերադառնանք ճամբարին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ճամբարի բոլոր աշխատակիցներին, բայց կուզեի առանձնացնել իմ սիրելի ջոկատավարներ ընկեր Քրիստինեին, ընկեր Լիաննային, ընկեր Գայանեին և հատկապես ընկեր Վիկտորին, ովքեր մի կերպ էին մեր ձեռքը դիմանում:

Ջոկատավարներս դարձան իմ ավագ ընկերները, ումից ես շատ բան սովորեցի: Բարևում ու ամուր գրկում եմ իմ բոլոր ճամբարական ընկերներին, ես ձեզ շատ եմ  կարոտում: Այն 20 օրերը, որ անցկացրեցի ձեզ հետ, երբեք չեմ մոռանա ու հույս ունեմ, որ դուք էլ ինձ չեք մոռանա:

Նրանց, ում գրիչ եմ նվիրել որպես հուշ, հանկարծ չկորցնեք, հույս ունեմ մի օր անպայման կհանդիպենք:

marine nikoghosyan

Կառավարողները

Վախ, անհանգստություն, սպասում. սրանք այն երեք զգացողություններն են, որ զգում է ցանկացած առաջին կուրսեցի սեպտեմբերի մեկի առավոտյան։ Այդ զգացողություններն այս տարի ինձ էլ այցելեցին։

Ես ընդունվել և այժմ էլ սովորում եմ Շիրակի պետական համալսարանի Կառավարում բաժնում։ Բազում ակնկալիքներ և նպատակներ ունեմ կապված այս չորս տարիների հետ։

Երբ իմ հարազատները և բարեկամները հարցնում էին, թե որ բաժինն եմ ընդունվել, պատասխանս լսելուց անմիջապես հետո գրեթե բոլորը մի փոքր խռպոտ ձայնով, և մի փոքր էլ կատակով հարցնում էին.

-Ըբը, էդ ո՞ւմ բդի կառավարես։

Եվ ամեն անգամ այս տարօրինակ հարցը լսելով ես սկսում էի ամենասկզբից ներկայացնել մասնագիտությանս բնույթն ու կարևորությունը։

Իսկ արդեն սեպտեմբերի մեկի առավոտյան ես և ընկերուհիս (նա նույնպես «կառավարողներից» է) շփոթված մտանք համալսարանի բակ։ Այնտեղ մի փոքր սպասելուց և նոր ընկերներ ձեռք բերելուց հետո առաջացանք հաստատություն այն ոգևորությամբ, որ դաս ենք անելու և ծանոթանալու ենք մյուս «կառավարողների» հետ։ Սակայն պարզվեց, որ «կառավարողներս» այդ օրը դաս չունեինք, և մեզ մնում էր միայն վերցնել դասացուցակը և պատրաստվել հաջորդ հանդիպմանը։

Այս երկինքը միայն մերն է

Լուսանկարը՝ Տաթև Նուրիջանյանի

Լուսանկարը՝ Տաթև Նուրիջանյանի

Ծովի մակերևույթից 2400 մետր բարձրության վրա են գտնվում իմ գյուղը և իմ երկինքը, այո՛, հենց իմ: Շիրակի մարզ, գյուղ Թավշուտ: Չէ՛, դե լավ, չլինեմ այդքան եսասեր, մեր, մեր գյուղն ու մեր երկինքը։

Կյանքի որոշ փուլերում եղել եմ Հայաստանի շատ մարզերում, ու ոչ մեկ-երկու օրով։ Եղել եմ շատ գյուղերում ու քաղաքներում, ու այն, որ բոլոր տեղերում ամեն ինչ տարբեր էր, բնական էր ու հասկանալի, բայց երկի՞նքը: Չէ՞ որ այն նույնը պետք է լինի։ Շարունակ մտածում էի դրա մասին ու ի վերջո հասկացա՝ երկինքն ամեն տեղ տարբեր է, ու բոլոր մարդկանց համար էլ է տարբեր:

Ես սիրում եմ իմ (մեր) գյուղի իմ երկինքը: Ոչ մի տեղ երկինքը այդպիսին չէ, ոչ մի տեղ այդքան գեղեցիկ չէ: Երբ նայում եմ երկնքին (հա, ի դեպ, ես այն եզակիներից եմ, ով երբեք չի երազել թռչելու մասին), մտքերս թռչում են, տարածվում ամենուր, հոգիս խաղաղվում է, ժպտում եմ, տխուր պահերին երկինքն ինձ ուրախություն է պատճառում: Ես սիրում եմ հենց այս երկինքը:
Մի քանի օրից տեղափոխվելու եմ Երևան՝ սովորելու, ու ինձ՝ բացի հայրական տնից հեռանալն ու ծնողներիս կարոտելը տանջում է այն միտքը, որ չեմ տեսնելու այն, ինչը միշտ ինձ հետ է, այն, ինչն ինձ պետք է: Կդիմանա՞մ:

Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է կոռուպցիան (մաս 3)

Լուսանկարը` Եվա Հախվերդյանի

Լուսանկարը` Եվա Հախվերդյանի

-Գիտե՞ք, թեինչ է կոռուպցիան: 

-Այո: (Ժորա Հովհաննիսյան, Արագածոտն, 15 տարեկան, աշակերտ):

-Իհարկե գիտեմ (Արփինե Գրիգորյան, Արագածոտն, 39 տարեկան, տնային տնտեսուհի):

-Այո (Լիաննա Խաչատրյան, Արագածոտն, 17 տարեկան, ուսանող):

-Կոռուպցիան կյանքի ամենավատ երանգներից է, երբ դու չես ուզում ինքնազարգանալ: Օրինակ, երբ գումար ես տալիս, որ ընդունվես աշխատանքի կամ ուսման: Էդտեղ կորում ա առողջ մրցակցությունը, քո զգացումը խանգարվում ա: Գիտելիք էդպես ձեռք չես բերի, հետո կհասկանաս, որ ամենաթույլ մասնագետը կամ աշխատողը դու կլինես, համ էլ՝ հոգեպես խեղճ կլինես, էլ ուր մնաց որակը (Սասուն Տոնապետյան, Արմավիր, 17 տ., դիմորդ):

-Կոռուպցիան պաշտոնի չարաշահումն է: Երբ պաշտոնատար անձինք ինչ-որ բանի դիմաց գումար են պահանջում դիմացինից (Նաիրա Սահակյան, Արմավիր, 16տ., աշակերտուհի):

-Կոռուպցիան միայն փողերի մասին փաստված վկայությունը չի: Անգամ անհատը, որը չունի եկամուտ, կարող է իրականացնել կոռուպցիա՝ սպասելով որևէ շահ իր նման հասարակ մարդուց: Ես շահ ունենամ քեզանից, և դու ինձանից, դա նույն կոռուպցիան է (Նելլի Տոնոյան, Արմավիր, 17տ., դիմորդ):

-Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ միշտ եղել ա կոռուպցիա: Մարդիկ շատ են սիրում իրար հետ մրցակցել, անգամ քաղաքականության ոլորտում: Հենց այդ կոռուպցիա ասվածի հետևանքն է, որ մեր ժողովուրդը գնում է կործանման, հիասթափված լքում է երկիրը (Լիանա Մխիթարյան, Արմավիր, 25տ., բանասեր):

-Հիմա առանց կոռուպցիայի ոչ մի բան էլ չի լինում, ուր գնաս՝ առանց դրա չի լինում: Գործի ընդունվես՝ նույնն ա, քննություն տաս՝ նույնն ա, երեխայիդ մանկապարտեզ տանես՝ էլի նույնն ա: Մեր երկիրը կոռուպցիայի երկիր ա: Օրենքով չի թույլատրվում, է բայց հիմա ո՞վ ա օրենքին հետևում: Որ քաղաքականության մեջ չհետևեն օրենքին, էլ ումի՞ց ինչ ես պահանջում (Վիկտորիա Մարկոսյան, Արմավիր, 43տ., հացթուխ):

-Ինչ ծնվել եմ, կոռուպցիան տեսել եմ: Մանկապարտեզից սկսած: Մինչև մի բան չես տալիս, երեխային մանկապարտեզ չեն վերցնում, կամ պիտի ամիսը մեկ քաղցր բան տանեիր, որ երեխայիդ լավ նայեին: Հիվանդանոցում պիտի քույրերին գումար տաս, որ հիվանդին ինչպես հարկն ա՝ հետևեն: Հասարակ մի տեղեկանք վերցնելու համար էնքան են տանում-բերում, մինչև մի բան տաս (Նաիրա Մխիթարյան, Արմավիր, 44 տ., տնային տնտեսուհի):

-Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է: Այն ունի մի շարք դրսևորումներ, որոնցից է՝ կաշառակերությունը, կաշառք ստանալը, կաշառք տալը, ինչու չէ, նաև կաշառքին միջնորդ հանդիսանալը: Կարծում եմ ՀՀ-ը համալրում է կոռուպցիոն երկրների շարքը (Մանե Նիկողոսյան, Երևան, 18 տարեկան, ուսանողուհի, ապագա իրավագետ):

-Իմ կարծիքով կոռուպցիան ամբողջ աշխարհում տարածված երևույթ է: Կոռուպցիան, ըստ իս, տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Կոռուպցիան արգելակում է ժողովրդավարությունը, կառավարումը և մարդու իրավունքների իրացումը` թուլացնելով պետական հաստատությունները, որոնք արդար և իրավահավասար հասարակության հիմքն են: Կոռուպցիայի պատճառով շատ կարևոր ծառայություններ չեն հասնում իրենց նպատակին: Դա էլ իր հերթին բխում է մարդկանց անտեղյակությունից: Մարդիկ այսօր, անտեղյակ լինելով, գնում են քայլերի, որոնք հանգեցնում են կոռուպցիայի: Օրինակ` շատ ծնողներ, չիմանալով, որ իրենց՝ մինչև 7 տարեկան երեխաների բժշկական ծառայություններն անվճար են, հենց իրենք են բժշկին գաղտնի գումար առաջարկում գործն արագ անելու համար (Արաքս Գարեգինյան, Շիրակ, 23 տարեկան, կենսաբան):

-Կոռուպցիան իշխանական լիազորությունների չարաշահումն է (Կարինե, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Օրենքը խախտող քայլն արդեն իսկ կոռուպցիա է (Աստղիկ, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Կոռուպցիան կաշառակերությունն է, իսկ ավելի կոնկրետ՝ երբ գումար ես տալիս ինչ-որ մեկին և դրա դիմաց նրանից ինչ-որ բան սպասում: Վանուհի, Տավուշ, 16 տարեկան, աշակերտ):

-Կոռուպցիան դա այն է, երբ մարդը չարաշահում է իր իրավունքները և իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, որոնք օրենքից դուրս են, օրինակ` կաշառք վերցնելը (Յանա, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Կաշառք տալ, կաշառք վերցնել (Ալիսա, Տավուշ, 19 տարեկան, ուսանող)

-Հավատու՞մ եք, որ Հայաստանում մի օր կվերանա կոռուպցիան: 

-Չեմ կարծում (Ժորա Հովհաննիսյան, Արագածոտն, 15 տարեկան, աշակերտ):

-Ո՛չ, երբեք չի վերանա: Քանի մարդկությունը կա, կոռուպցիան կլինի (Արփինե Գրիգորյան, Արագածոտն, 39 տարեկան, տնային տնտեսուհի):

-Այո, հավատում եմ: Ինչին շատ ես հավատում, անպայման կատարվում է. ես լավատես անձնավորություն եմ (Լիանա Խաչատրյան, Արագածոտն, 17 տարեկան, ուսանող):

-Այո, հավատում եմ, որովհետև ամեն մեկի համար կյանքը իրենով ա սկսվում: Եթե ուզում ես արդյունքի հասնել, հաղթող լինել՝ դու պետք ա առաջին քայլը անողը լինես (Սասուն Տոնապետյան, Արմավիր, 17 տ., դիմորդ):

-Շատ հնարավոր է, որ կգա մի օր, երբ կոռուպցիա հասկացությունը կվերանա Հայաստանից: Չէ՞ որ այդպիսի երկրներ կան: Ինչպես գիտենք՝ Հայաստանում կոռուպցիան քրեորեն պատժելի է: Պատժի խստացման, զգոն հետևողականության, ինչպես նաև՝ ցանկության դեպքում կոռուպցիայի ելքով դեպքերը աստիճանաբար կնվազեն (Նաիրա Սահակյան, Արմավիր, 16տ., աշակերտուհի):

-Ինչ վերաբերվում է կոռուպցիայի՝ Հայաստանում վերանալուն, ապա կարող եմ ասել, որ հարաբերական է. կարող է արդարությունը ուժ գտնել ու ծածկել կոռուպցիայի ուժը (Նելլի Տոնոյան, Արմավիր, 17տ., դիմորդ):

-Ես չեմ կարծում, որ երբևէ կվերանա կոռուպցիան Հայաստանում: Ախր, ամեն քայլափոխի դա է: Ընտրության ժամանակ ընտրակաշառք ա բաժանվում, ժողովուրդն էլ ո՞նց կարա չվերցնի դա, պիտի ապրի՞, թե՞ ոչ: Եթե մեր երկրում վերանա կոռուպցիան, ինձ թվում է՝ ամեն բան կսկսի հարթվել, նախ՝ զանգվածային արտագաղթը: Մարդիկ աշխատանք են փնտրում, իսկ աշխատանքի ընդունվել առանց կաշառքի չի լինում: Մարդիկ էլ իրենց հացը գնում և այլ երկրներում են փորձում ստեղծել: Մեր երկրի պատկերը հիմա սա է: (Լիանա Մխիթարյան, Արմավիր, 25տ., բանասեր):

-Այո: (Վիկտորիա Մարկոսյան, Արմավիր, 43տ., հացթուխ):

-Ո՛չ, չեմ հավատում (Նաիրա Մխիթարյան, Արմավիր, 44 տ., տնային տնտեսուհի):

-Ոչ (Կարինե, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Ոչ (Աստղիկ, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Ոչ (Վանուհի, Տավուշ, 16 տարեկան, աշակերտ):

-Այո (Յանա, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Ոչ (Ալիսա, Տավուշ, 19 տարեկան, ուսանող):

-Ինչո՞ւ չի վերանա: 

-Քանի դեռ ժամանակակից աշխարհում կոռուպցիա կա, կլինի նաև Հայաստանում: Կարծում եմ, որ չի վերանա. կվերանա միայն այն դեպքում, երբ մարդիկ իրար հավասար լինեն, ինչը անհնար է (Ժորա Հովհաննիսյան, Արագածոտն, 15 տարեկան, աշակերտ):

-Որովհետև մարդու բնույթի մեջ է: Եթե կա մարդկային փոխհարաբերություն, անպայման կա կոռուպցիա: Դրանց տարբեր տեսակները կան. եթե հարևանդ քեզ լավությոն է անում, և դու ջանում ես անպայման փոխհատուցել, դա նույնպես կոռուպցիա է: Եթե բժիշկը քեզ բարեհամբույր է վերաբերվում, ակնկալում է շնորհակալությունդ. կրկին կոռուպցիա (Արփինե Գրիգորյան, Արագածոտն, 39 տարեկան, տնային տնտեսուհի):

-Հնարավոր չէ: Կոռուպցիան եղել է, կա, ու կշարունակի մնալ: Քանի դեռ մեր ժողովուրդը, մեր ազգը իրեն չի փոխել, դա չի վերանա: Ամեն բան մարդկանցից ա կախված (Նաիրա Մխիթարյան, Արմավիր, 44 տ., տնային տնտեսուհի):

-Կոռուպցիան եղել է ու կլինի, քանի կան մարդ արարածը և չկիրառվող ու զուտ թղթին մնացող օրենքները: Դժվար է հաղթահարել, երբ չունենք բարձր գիտակցության եկած հասարակություն, որը հասկանում է՝ ինքն է իր իրավունքների պաշտպանը և իր երկրի տերը (Արաքս Գարեգինյան, Շիրակ, 23 տարեկան, կենսաբան):

-Որովհետև այն իրենից բավականին բարդ խնդիր է ներկայացնում (Կարինե, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Քանի որ այն կարծես բնավորության գիծ է դարձել (Աստղիկ, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

-Որովհետև այն մարդը, ով մտնում է իշխանութուն, իր պարտականությունների մեծ մասը անում է կաշառքի դիմաց: Իսկ կաշառակերությունն էլ արդեն իսկ կոռուպցիա է (Վանուհի, Տավուշ, 16 տարեկան, աշակերտ):

-Քանի որ, ցավոք սրտի, կան մարդիկ, ովքեր փորձում են հենց դրա միջոցով ապրուստ հայթայթել (Ալիսա, Տավուշ, 19 տարեկան, ուսանող):

-Եթե կվերանա, ի՞նչ է դրա համար պետք: 

-Պետք է պետության ֆինանսական վիճակը բարելավել (Ժորա Հովհաննիսյան, Արագածոտն, 15 տարեկան, աշակերտ):

-Երբ մենք ապրենք այնպիսի երկրում, որ մեզանից ոչ մեկը չունենա դիմացինի օգնության կարիքը, եթե, օրինակ, մանկավարժը ստանա բավարար աշխատավարձ, երբեք կոռուպցիայի չի դիմի (Արփինե Գրիգորյան, Արագածոտն, 39 տարեկան, տնային տնտեսուհի):

-Նախ, պետք է փոխել պետական այն մարմիններին, որոնց մեջ դա կա, որովհետև նրանցից է կոռուպցիան տարածվում, և ինչպես ասում են՝ ինչքան ունես, ավելիին ես ձգտում (Լիանա Խաչատրյան, Արագածոտն, 17 տարեկան, ուսանող):

-ՀՀ-ում կոռուպցիան (կաշառակերությունը) կվերանա այն ժամանակ, երբ կդադարեն իշխանությունները կեղծիքի ու ստի հիման վրա կառավարել երկիրը: Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ կոռուպցիան կլքի ՀՀ-ը մոտակա մի քանի տարիների ընթացքում: Օրենքի երկիր է ՀՀ-ը, բայց օրենքը ազդում է հասարակ ժողովրդի և պետական ցածր դիրքում գտնվող մարմինների վրա (Մանե Նիկողոսյան, Երևան, 18 տարեկան, ուսանողուհի):

-Կփոխվի, եթե մարդիկ հավատան իրար: Էս նոր սերունդը կփոխի: Հավատում եմ: Հիմա մարդիկ կան՝ առաջ են գնում, էդ կոռուպցիայի հետևից էլ չեն ընկնում: Ճիշտ ա, կոռուպցիան մեր երկրում շատ ա տարածված, բայց մեր էսօրվա ու վաղվա սերունդը էնքան խելացի ա, որ ինձ թվում ա՝ իրենք կփոխեն (Վիկտորիա Մարկոսյան, Արմավիր, 43տ., հացթուխ):

-Անհրաժեշտ է, որ ընտրեն արժանի մարդկանց, ովքեր պետք է զբաղեցնեն տարբեր պաշտոններ (Յանա, Տավուշ, 15 տարեկան, աշակերտ):

Հարցումները անցկացրեցին՝ Նաիրա Մխիթարյանը, Նարե Տիգրանյանը, Սոնա Մխիթարյանը, Մարինե Նիկողոսյանը