Վանդալիզմի անխոս զոհերը

1985 թվականին Իջևանում բացվեց ամենամյա քանդակի սիմպոզիում և շարունակվեց մինչև 1991 թվականը: Այդ տարիների ընթացքում քաղաք եկած քսան երկրների շուրջ իննսունհինգ քանդակագործների գործերը տեղադրվեցին Իջևանի գլխավոր զբոսայգում: Արդյունքում զբոսայգին դարձավ թանգարան բաց երկնքի տակ, որը յուրաքանչյուր իջևանցու հպարտությունն էր:

Երբ սիմպոզիումը փակվեց, մի քանի տարվա ընթացքում հուշարձանները սկսեցին կորցնել իրենց հետաքրքրությունը, և նրանց վրա նստեց հնության փոշին: Անխիղճ քաղաքացիները սկսեցին ավիրել հուշարձանները: «Ընկերական» հիմար գրազներ, թվացյալ հաճույք, անբանների զբաղմունք և այլն: Եվ քանդակներ ջարդելու դեպքերը սկսեցին շատանալ՝ վերածվելով վանդալիզմի: Հասկանալի էր, որ սա կտաներ քանդակների վերացման:

Եվ հանկարծ հուշարձանները փրկելու հույս ծագեց:

2010 թվականի սեպտեմբերի երեսունին Իջևանում կայացած կառավարության արտագնա նիստում որոշվեց, որ քանդակի Իջևանի սիմպոզիումը կվերականգնվի: 2011 թվականն ավարտվեց, սակայն քանդակի սիմպոզիումն այդպես էլ չկայացավ՝ հուսախաբ անելով բոլորին:

2011-ը մոտենում էր ավարտին: Դեկտեմբերի իննին ջարդած գտան Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը: Մայիս ամսին նույն զբոսայգում տեղադրված պատմամշակութային արժեք ներկայացնող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի տասնյոթին և նոյեմբերի տասներեքին պոկված էին գտել Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:

2012 թվականի առաջին գարնանային օրը նույնպես սկսվեց վանդալիզմով: Վնասել էին երկու քանդակ և մեկ նստարան: Քանդակների ու նստարանի վրա փրփուր են փչել, քանդակված կնոջ արձանի վրա ջարդած աթոռ էին դրել, իսկ բերանին՝ քարի կտոր: Զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանի խոսքերով, դեպքերը տեղի են ունեցել գիշերը:

Ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Հիմա պարզ է, թե ինչու չեն հուշարձաններին ուշադրություն դարձնում: Ո՞ւմ պետք է հետաքրքրեն արձանները՝ առանց ձեռք ու գլխի, մասնատված վիճակում: Առավել ևս, գետնին տապալված և մամուռով պատված քանդակները:

Եթե այս խնդրին շուտափույթ լուծում չտրվի, ապա շուտով քանդակները կվերածվեն քարի կտորների, որոնք արագ կհեռացվեն զբոսայգուց՝ իրենց տեղը զիջելով կրպակներին ու սրճարաններին: Ահա այսպիսին կլինի զբոսայգու անշունչ բնակիչների ճակատագիրը:

Մեր քաղաքի սեփականությանը մենք պիտի տեր կանգնենք: Որպես ապագա քաղաքացիներ մենք պիտի պայքարենք, որ մեր միակ զբոսայգին չվերածվի կրպակների ու սրճարանների երկար շարքի, այլ գեղեցկանա և նորից սկսի ուշադրություն գրավել՝ հպարտություն հանդիսանալով քաղաքացիների համար:

 

Իմ պապերն ու հայրերը

Ողջույն: Ես Աստղիկն եմ: Ինչպես պապիկիս մոր, այնպես էլ Ամայիս մոր անունը Աստղիկ է եղել: Պապիկս ասում է, որ իր մոր անունն է, իսկ տատիկս` իր մոր: Երկու Աստղիկն էլ և ֆիզիկապես, և հոգեպես շատ ուժեղ են եղել: Երևի ես նրանց եմ քաշել, բայց մի տարբերությամբ. ես հոգեպես այդքան էլ ուժեղ չեմ: 1937 թվականին մեր ընտանիքը երկակի գլխատվեց. Աբրահամ և Գրիգոր պապիկներս աքսորվեցին, և առ այսօր նրանցից ոչ մի տեղեկություն չունենք: Աբրահամը Ամայիս հայրն է: Նա աքսորվել է ղաչաղներին օգնելու, ուտելիք տրամադրելու համար: Եղել է գերբնական ուժի տեր մարդ: Գրիգորը` պապիկիս հայրը, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի ժամանակ մի թուրք  փորձել է սպանել նրա հրամանատարին: Այդ տեսնելով Գրիգորը սպանել է թուրքին և փրկել հրամանատարի կյանքը: Պարզվել է, որ մահափորձ կատարողը կին է եղել: Որպես խրախուսանք պապիկս ստացել է իր հրամանատարի թուրը, որը հիմա կախված է Երեմ պապիկի սենյակի պատից:

Իսկ հիմա անդրադառնամ Երեմ պապիկին: Նա կենդանի լեգենդ է: 1952թ. նա դարձել է Անդրկովկասի ձիարշավի չեմպիոն: Պատմեմ մի հետաքրքրաշարժ դեպք: Մեր գյուղում հարսանիք է եղել, որին մասնակից է եղել նաև պապիկս: Հարսանիքի ցուլը փախել է, ամբողջ գյուղը վրա է հասել, չի կարողացել բռնել: Վերջը պապիկս հասել, ցուլի պոզերից բռնել է ու գետնին տապալել:

Այս ուժեղ գեները փոխանցվել են երեք հայրիկներիս, բայց ավելի շատ միջնեկ հայրիկիս` Կամոյին, որին ընտանիքում Կակայ ենք անվանում: Ինձ թվում է, այս աշխարհում նրա նման աշխատասեր մարդիկ շատ քիչ են: Նա առավոտից երեկո աշխատում է, սակայն իր աշխատածի դիմաց շատ չնչին է վարձատրվում:

Այս ամենը կարդալով կմտածեք, թե գլուխ եմ գովում, բայց ոչ, ես գրում եմ զուտ իրականությունը:

 

Իմ ընտանիքը

Չզարմանաք, խնդրում եմ, բայց իմ ընտանիքը մի փոքրիկ պետություն է պետության ներսում:  Չեմ ստի, եթե ասեմ, որ նման ընտանիքներ Հայաստանում շատ քիչ են, իսկ եթե կան, ապա միայն գյուղերում: Քաղաքի մարդիկ շատ են հեռացել մեր արմատներից, ինչու չէ, նրանք նույնիսկ ամաչում են ավանդական սովորույթներից, և հակված են դեպի Եվրոպա: Թե ինչ են ուզում դրանով ապացուցել իրենց, ինձ համար անհասկանալի է: Այս դժվար և բարդ աշխարհում մենք ապրում ենք մեկ հարկի տակ տասնհինգ հոգով:

Մեր պետության նախագահը տատիկս է, ում կոչում ենք Ամայ  բարբառային բառով, որը նշանակում է մայր: Ինձ թվում է, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ կօգտագործենք  նման  բարբառային բառերը: Բայց  շատ ցավալի է.  կամաց-կամաց  դրանց  հետ մեկտեղ կվերանան հին  բարի  սովորույթները: Չէ՞ որ հենց այդ լեզվով է գրել մեծն Թումանյանը: Շեղվեցի մի քիչ, բայց ես այդպես եմ կարծում:

Վերադառնանք մեր ընտանիքին:

Տատիկս նաև ֆինանսների նախարարն է: Ինչպես սիրում ենք մենք կատակով ասել,  տան փողերը գտնվում են Ամայի շվեյցարական բանկում: Ցավոք, պետք է նշեմ, որ մեր պետությունն ապրում է տնտեսական ճգնաժամ, ինչպես Հայաստանը կամ ամբողջ աշխարհը: Մեր բյուջեն նույնպես ճեղքվածք է տվել: Հուսամ, որ այս տարի կհաղթահարենք այդ դժվարությունները, այսինքն, պետք է ավելի շատ աշխատենք:

Մի քանի օր առաջ տատիկս գումարեց արտահերթ ժողով: Օրակարգում դրված էր  ամբողջ հողերը մշակելու հարցը: Միաձայն ընդունվեց այդ առաջարկը: Չէ՞  որ եթե բերքը շատ լինի,  դա ահագին օգնություն կլինի մեր ընտանիքին:

Մենք մեր ստացած բերքը չենք վաճառում, մեզ  հազիվ է հերիքում:

Հիմա կմտածեք, թե ես ինչու եմ այսպիսի թեմաներից խոսում: Սակայն ինչու  չանհանգստանամ, չէ որ կյանքը հիմա շատ դժվար է: Ես կցանկանամ մենք այնպիսի պետություն լինենք, որ իմ հասակակիցներն իրենց անձնական հոգսերով ապրեն, այլ ոչ թե մտածեն այսպիսի բաների մասին: Օրինակ, իմ ընտանիքում վեց մարդ չի աշխատում, իսկ եթե աշխատատեղ լիներ և աշխատեին, ապա կյանքը հիանալի կլիներ: Մեր պետական այրերը պետք է մտածեն այդ մասին:

Հարգելի ընթերցող, ես ձեզ շատ ձանձրացրի իմ ընտանիքի հոգսերի մասին պատմելով: Հիմա կփորձեմ խոսել  ուրախ բաների մասին: Կներեք, մոռացա ներկայացնեմ իմ ընտանիքի  անդամներին: Ինչպես նշեցի, տանն ապրում ենք  15 հոգով: Ես ունեմ տատիկ, պապիկ, 3 հայր, 3 մայր, և 3 եղբայր ու 3 քույր: Չզարմանաք հայրեր,  մայրեր բառերից, բայց ինձ համար տարբերություն  չկա` հայրս է, թե հորեղբայրս, մայրս,  թե հորեղբորս կինը: Փոքր ժամանակ ես գիտեի, թե մայրիկներս  երեք քույրեր են, դե, հայրիկներս եղբայրներ են, դա գիտեի: Երբ առաջին անգամ իմացա, որ նրանք հարազատ քույրեր  չեն, շատ զարմացա: Եվ նրանք երեխաների միջև տարբերություն չեն դնում:

Ինչպես նշեցի, նախարարական բոլոր աթոռները պատկանում են տատիկիս: Պապիկս ընդդիմադիր դաշտում է, հաճախ ձգտում  է նախարարական  որևէ  աթոռի, այդ ժամանակ նրա հետ  կոալիցիա են կազմում  հարսները, բայց այդ խռովությունները շատ կարճ ժամանակում  ճնշվում են:  Սա,  իհարկե, կատակի ձևով, բայց մենք բոլորս շատ  հարցերում սիրում ենք  և տատիկիս, և պապիկիս:

Մեր ընտանիքը նման է  մեղվափեթակի, որտեղ ամեն մեկը գիտի իր գործը: Յուրաքանչյուր օր մեր տանն անցնում է տոնի նման: Ապրում ենք շատ համերաշխ և սիրում ենք  միմյանց: Եվ կարծում եմ, որ դա է մեր երջանկության բանալին: Չեմ կարող խոսքերով նկարագրել մեր ընտանիքում տիրող հիանալի մթնոլորտը, պետք է մի քանի ժամ գտնվել մեր  տանը, որպեսզի  հասկանաք ինձ: Այսքանով ավարտում եմ իմ շարադրությունը, խնդրում եմ ինձ հիշեք` Գետահովիտ գյուղ (Երեմանց ընտանիք):

Պաղջրի ծանր օրերը

Մեր գետը` Պաղջուրը, գյուղի հպարտությունն է, զարդը: Այն հոսում է երկու ժայռերի արանքով: Երբ վերևից նայում ես, ասես ադամանդակուռ արծաթյա գոտի լինի: Առաջ գնում էինք գետ` լողալու, բայց մարդիկ այնքան շատ էին, որ տեղ էլ չէր լինում: Իսկ հիմա … Այն հսկա գետը դարձել է առու:

Եվ այս ամենի պատճառն այն մարդիկ են, ովքեր կառուցեցին այն երկու չարաբաստիկ ՀԷԿ-երը: Եվ սա դեռ քիչ չէ, ասում են, մի քանիսն էլ պիտի  կառուցեն:

Հէկ-երի կառուցման հարցում ամբողջ գյուղը դեմ էր: Գյուղը շատ պայքարեց. ամեն օր ցույցեր, ընդվզումներ: Բայց, քանի որ ՀԷԿ կառուցողների թիկունքում իշխանավորներ էին կանգնած, ամեն ինչ ապարդյուն էր. գյուղը պարտվեց: Եվ Պաղջուրը սկսեց ցամաքել…

 

astghik ghazaryan

Քաղցր հուշեր

Երբ պապիկս ջահել էր ու հարուստ, հաճախ էր գնում Իջևան՝ առևտրի: Մեզ էլ՝ իր չորս թոռներին՝ ինձ, Սարգսին, Դավթին ու Մարիամին, հետն էր տանում: Ավելի ճիշտ, չէր տանում, այլ մենք էինք մեքենայում թաքնվում ու հենց տանից հեռանում էինք, այն ժամանակ դուրս էինք գալիս:
-Վայ, ես ձեր…,- այս էր լինում նրա արձագանքը, երբ տեսնում էր մեզ:
Բայց շուտով պապիկը սկսեց ստուգել՝ մեքենայի մե՞ջ ենք, թե՞ չէ: Մեզ էլ մնում էր նրան համոզելը: Երբ ճանապարհին խելոք չէինք մնում, պատժվում էինք. հաջորդ օրը, որքան համոզում էինք, չէր տանում:
Մեր Իջևան գնալու գլխավոր պատճառն այն էր, որ պապիկը էնտեղ մեզ համար համով բաներ էր առնում. պաղպաղակ, քաղցրավենիք, ըմպելիք և շատ ուրիշ բաներ:
Մի օր էլ առաջին մեթոդով, այսինքն, թաքնվելով, ճամփա ընկանք: Բայց ճանապարհի կեսից հասկացանք, որ չենք գնում այնտեղ, որտեղ որ ամեն անգամ տանում էր մեզ պապս: Պարզվեց, որ գնում ենք գազալցակայան: Հետդարձին մեքենան կանգ առավ:
-Հը՞, պապ:
-Երեխեք, պետք ա հրենք:
Պապիկը միայնակ չէր կարող հրել, ու մենք անցանք գործի, իսկ պապը նստեց մեքենայի ղեկին: Մինչև գյուղի տակը՝ մոտ մեկ կիլոմետր, հրեցինք, և պապը մի պահ կանգ առավ ու ասաց.
-Թու՛, «տումբլերը» մոռացել եմ բացեմ:
Այդ օրվանից արդեն հարցնում էինք, թե ո՞ւր է գնում: Չնայած մենք հիմա այդ պատմությունը հիշելիս մի լավ ծիծաղում ենք, բայց այդ պահին այդքան էլ ծիծաղելի չէր:

 

Ազատամուտ

Ինձ հուզում է իմ ծննդավայրի՝ Ազատամուտի անցյալը, ներկան և ապագան: Ազատամուտը հիմնադրվել է 1970 թվականին «Բետոնիտ» գործարանի աշխատողների համար:  Ազատամուտը  ավան էր, սակայն Սովետական Միության փլուզումից հետո Ազատամուտը դարձավ գյուղ, «Բետոնիտը» փակվեց: Դրանից հետո Ազատամուտի բնակիչները սկսեցին արտագաղթել: Ազատամուտից շատերը հեռացան: Մարդիկ, ովքեր մնացել էին, տուժեցին հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ: Շատ-շատերը թողեցին իրենց ընտանիքները և գնացին պատերազմ: Շենքերի վրա երևում են ռմբակոծության հետքերը: Գյուղն անընդհատ ռմբակոծվում էր: Հրետակոծությունից շատերը զոհվեցին:

Բնակչության մեծ մասը մեկնեց արտագնա աշխատանքի, իսկ մյուս մասը որոշեց զբաղվել ածխագործությամբ: Մինչև օրս էլ նրանք այդ գործով են զբաղվում: Սակայն այդ կերպ նրանք աղտոտում են մեր գյուղով հոսող Աղստև գետը: Երեկոյան գալիս է մի պահ, որ գյուղի օդը պատվում է ծխով: Մոտակա գյուղերից մեր գյուղի շենքերը չեն երևում, քանի որ օդը պատված է ծխով: Ածխագործությամբ զբաղվողներն անտառից ապօրինի փայտ են կտրում: Մարդիկ գետի մոտակայքում տեղադրում են մետաղյա տակառներ, փայտը դրանց մեջ վառում, մի փոքր բոցավառվելուց հետո փայտի վրա ջուր են լցնում, մարում կրակը և այդ կիսաածխացած փայտը տանում, վաճառում: Այդպես են  գոյատևում: