
Վախեր շատ կային. ինչպե՞ս կառավարել դասարանը, կստացվե՞ր արդյոք, ի՞նչ մեթոդներ կիրառել, արդյոք շփոթմունքս թույլ կտա՞ր դասը ճիշտ ձևով վարել, տեղի՞ն էր արդյոք կազմած դասապլանս: Ինչևէ, պետք էր հավաքվել ու դասարան մտնել: Երկու տարի էր, ինչ աշխատում էի միևնույն դասարանի հետ, աշակերտները կապված էին ինձ հետ, սիրում էին, հարգում: Մտա դասարան, բայց արդեն լուրջ կեցվածքով. առաջին քայլս եղավ այն, որ դասարանում կարգուկանոն հաստատեցի, ի զարմանս ինձ՝ լռեցին, հավաքվեցին, հետևում էին շարժումներիս: Դասի թեման էր «Եղեգնուհին», դասն ընթանում էր դասապլանին համապատասխան, դե ընթացքում եղան շեղումներ երեխաների անակնկալ հարցադրումների պատճառով, բայց հաջողվում էր ընթացքի մեջ դնել պլանս: Դասը բաժանում էի հատվածների, պարբերություն առ պարբերություն հարցնում կարդալ, հարցեր էի տալիս, գրատախտակին ուղղագրական արժեք ունեցող բառեր գրել տալիս, ստուգում էինք, շտկում միասին, բացատրում: Հետո վերարտադրում էին հեքիաթի բովանդակությունը, իրենց պատկերացնում հերոսների դերերում: Որոշված էր, որ բեմականացնեինք հեքիաթը: Դասարանը բաժանեցի երեք խմբի, տվեցի 10 րոպե ժամանակ՝ պատրաստվելու համար: Ինքս հետևում էի ընթացքին, թղթից անհրաժեշտ պարագաներ էին պատրաստում, դերերը բաժանում միմյանց միջև, հագուստները փոխում, կերպարանափոխվում էին. հաճելի խառնաշփոթ էի: Ժամանակը լրանալուն պես ցուցադրեցին իրենց պատրաստածը, ամեն խումբ յուրովի էր բեմականացրել հեքիաթը, ծիծաղում էինք, շտկում, ուղղություն տալիս: Գործադրածս դերային մեթոդն արդարացված էր:
Հնարավորություն ունեի նաև գնահատելու աշակերտներին, հիշում եմ, թե ինչպես մեկը վազելով մոտեցավ և ասաց.
-Ընկե՜ր Նավասարդյան, ի՞նչ ենք ստանում:
Ըստ ակտիվության՝ գնահատականներ ստացան բոլորը։ Գոհ էին, ուրախ ու զվարթ: Զանգը հնչելուն պես վազեցին, գրկեցին ինձ, համբուրում էին՝ ասելով, որ ուզում են ես իրենց դասավանդեմ, ինձ և համակուրսեցուս համար հասցրել էին բանաստեղծություն գրել:
Ու այսպես իրականացրի մի քանի դասեր, ավելի ինքնավստահ էի, անկաշկանդ, ոգևորված: Սիրում եմ մասնագիտությունս, հուսով եմ, որ ավարտելուց հետո արժանապատվորեն կրելու եմ ուսուցչի այդքան պարտավորեցնող պաշտոնը: Ես ևս պատրաստ եմ իմ ուսերին կրել եկող սերնդի դաստիարակության և կրթության կարևորագույն գործը:


-Պարոն վարչապե՞տ։










Արագածոտնի մարզի Ագարակ գյուղը հարակից գյուղերի համեմատությամբ մշտապես աչքի է ընկել ակտիվ երիտասարդներով ու պատանիներով։ Նրանք, որպես կանոն, իրենց քաղաքացիական ակտիվությունը ցույց են տալիս ոչ միայն համայնքի ներսում, այլև մարզկենտրոնում և ողջ հանրապետությունում։ Նրանց ակտիվությունը խրախուսվում է դեռ դպրոցական նստարանից` շնորհիվ շրջահայաց ուսուցիչների, ովքեր ջանք ու միջոցներ չեն խնայում քաղաքացիներ դաստիարակելու գործում։ Նրանց հետևողական աշխատանքի շնորհիվ ցանկացած նոր ուսումնական ծրագիր կիրառվում է Ագարակում։ Ասվածիս ապացույցն է 2017 թվականից աշակերտների կողմից տնտեսագիտություն առարկայի ուսումնասիրությունը։ Առարկան հետաքրքրում էր ոչ միայն աշակերտներին, այլև ուսուցիչներին։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ այս տարի Հայաստանի Պատանեկան Նվաճումներ ՀԿ-ի կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական կրթությունը դպրոցներում» ծրագրի շրջանակներում ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան իրենց գիտելիքները գործնականում կիրառելու։ 
Շահույթի մի մասով աշակերտները զբոսաշրջային գրավչություն հանդիսացող պատմամշակութային կոթողների մոտ տեղադրելու էին QR ծածկագրերով վահանակներ, որոնց վրա ընդամենը հեռախոսը պահելով զբոսաշրջիկը կարող է եռալեզու տեղեկատվություն գտնել։ Նման ծածկագրերով հագեցած են նաև ընկերության արտադրանքները` փայտե կազմով նոթատետրեր, քանոններ, բաժակներ, սառնարանի մագնիսներ, շապիկներ և օրացույցներ։


