Ազգային խաղերի փառատոն

Հունիսի 9-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ ազգային խաղերի փառատոնը: Փառատոնին մասնակցում էին չորս դպրոցների՝ Մուղնու Մեսրոպ Աշճյանի, Աշտարակի Վարդգես Պետրոսյանի, Ներսես Սիսակյանի համար 1 և համար 2 դպրոցները: Խաղերն էին՝ «էծ-էծ», «յոթ քար», «առ ու փախի» և այլն: Խաղերը դիտելու էին եկել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դեկանները, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, Աշտարակի քաղաքապետը: Ի դեպ, խաղերի գլխավոր կազմակերպիչներից էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորն եմ ես ու պետք է ասեմ, որ կամավորությունն ինձ փորձ է տալիս, որը, վստահ եմ, օգտակար կլինի իմ ապագան կերտելու գործում: Կամավորություն անելիս ինչ-որ բան չեմ ակնկալում, դա անում եմ իմ շրջապատը ավելի լավը տեսնելու համար, նաև ինքնավստահություն եմ ձեռք բերում:

Խաղերը սկսվեցին բացման խոսքով: Ամեն դպրոցի մի մասնակից ողջույնի խոսք էր ասում, ապա սկսում էին խաղալ: Ընդհանուր բոլոր խաղերը տևեցին երկու ժամ: Եվ խաղացողները, և դիտողները մեծ հաճույք ստացան: Ինձ թվում է` շատերը նաև վերհիշեցին հին խաղերը: Վերջում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն՝ երեխաներին ոգևորելու համար, որ հաջորդ անգամ ավելի լավ պատրաստվեն: Պարգևատրեց երեխաներին Վահրամ Առաքելյանը: Խաղերը ավարտելուց հետո հյուրերը շրջեցին քաղաքով և հիացան Աշտարակի հրաշք բնությամբ: Նաև փողոցներից մեկում հյուրասիրություն էին կազմակերպել, և բոլորը համտեսեցին Աշտարակի համեղ ուտելիքները ու ամենակարևորը` զարմացան գինու անկրկնելի համից:

Հերի՛ք է

Քննությունից դուրս եկած ուրախ տրամադրությամբ տուն եմ գնում՝ չպատկերացնելով, թե ինչ է դեռ սպասվելու… Ու որքան էլ որ հիմա փորձում եմ ինչ-որ տրամաբանական պատճառ գտնել, որ հասկանամ՝ թե ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ խղճով, միևնույն է, երևակայությունս չի բավարարում։

Երբ խոսքը գնում էր զինվորների մասին, վստահ էի, որ ոչ մի հայ, երբեք անտարբեր չէր անցնի, երբեք մեր տղերքին չէր անտեսի, բայց արի ու տես, որ կան, նման մարդիկ, կան…

Երբ մեր տղերքը իրենց կյանքից երկու տարի վերցնելով ուղղակիորեն նվիրում են բոլորիս, որ մենք հանգիստ ապրենք, որ դուք հանգիստ ապրեք, ու փոխարենը ստանում են չնչինը, որ կարող էինք տալ։ Երբ ցանկացած Զինվոր բոլորիս համար հերոս է, բայց արի ու տես, որ բացարձակապես ուրիշ մարդիկ են ստանում հերոսի կոչում ու այդ մարդիկ հերոս են համարվում այն դեպքում, երբ իրենց «չգիտակցված» արարքների պատճառով իրական հերոս տղերքը անվերադարձ հերոս մնացին…

«Գեներալ» Մանվել Գրիգորյանը քառօրյա պատերազմի ժամանակ, զինվորներին քաջալերող իր խոսքում ասում էր՝ «Բոլորս պետք է պահենք մեր տունը…», հիմա հասկանում եմ, թե ինչ նկատի ուներ. իր տունը պահելով քանդեց շատերի տները, թողնելով այդ տան մայրերի աչքերը արցունքով… Զինվորի բաժինը, որը կարող էր մի ամբողջ ջոկ, դասակ, վաշտ սննդով ապահովել, չգիտես էլ ինչու, բաժին հասավ արջին ու վագրին։

Իսկ մեր փոքրե՞րը, ի՞նչ են զգալու, երբ գտնված նամակների մեջ գտնեն իրենց գրածները, որոնք մեծ ոգևորությամբ էին գրել ու հույս ունեին, որ գոնե այդ կերպ կաջակցեն, կքաջալերեն իրենց պաշտպաններին։ Ամեն նամակի մեջ հոգի էին դրել ու հավատում էին։ Ուզում եմ մի քանի նամակներ հրապարակել, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ հասել են եղբորս՝ Վարդգեսին, ով այդ օրերին ծառայում էր Հադրութի շրջանում։ Ծառայությունն ավարտելուց հետո նա այդ նամակները մեծ խնամքով բերել է իր հետ տուն: Ձեր նամակները հասել են, ձեր ուժն ու ոգին իմ զինվոր եղբորը հասել է, շնորհակալ եմ ձեզ։

Տղերք ջան, հիշեք որ ձեր մայրերը, քույրերը այստեղ են ու սպասում են ձեր գալուն, և եթե որևէ մեկը անարդար վարվի ձեր նկատմամբ, ոչ մի հայ էլ չի՛ լռելու։

Վերջում կասեմ մեկ բան՝ այս ամենն անողը, էլ երբեք հանգիստ չի՛ ապրելու։

Պարը իբրև մասնագիտություն

Հարցազրույց Երևանի մշակույթի համալսարանի պարարվեստի բաժնի ուսանողուհի Լիլիթ Ավետիսյանի հետ

 –Ինչպե՞ս որոշեցիր ուսումդ շարունակել պարարվեստով:

-Անկեղծ ասած, մի քանի տարի առաջ որոշել էի ընդունվել այնպիսի մի տեղ, որը ինձ ապագայում առավել պետք կգա, բայց չէի մտածում, որ դա պարը կլինի: Երբ որոշ ժամանակ հաճախեցի պարի, հասկացա, որ այն ինձ շատ հոգեհարազատ է: Եվ սա հենց այն մասնագիտությունն է, որը ինձ պետք է: Եվ այդպես սկսեցի ավելի լուրջ վերաբերվել պարին: Դեռ այդքան էլ մասնագիտացած չեմ այս ոլորտում, բայց մեկ հարցում վստահ եմ, հետագա կյանքիս ուղեկիցը պետք է լինի պարը:

 –Քանի՞ ուսանող է սովորում պարարվեստի բաժնում

-Հստակ քանակը չեմ կարող նշել, բայց մոտավորապես սովորում է երեսուն և ավելի ուսանող: Եվ այդ թիվը ավելանում է:

Ի՞նչ պարեր են ուսուցանվում համալսարանում:

-Համալսարանում ուսուցանվում են՝ դասական, ժողովրդական, ազգագրական, պարահանդեսային և այլ ոճերի պարեր:

Ինչպիսի՞ նվաճումներ ունեք

-Առաջին մասնագիտական քայլս արել եմ Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում 2016 թվականին՝ շրջանավարտների միջոցառման պարը բեմադրելով: Իհարկե, դա իմ առաջին մասնագիտական աշխատանքն էր, և ես մի փոքր մտահոգ էի,կարծում էի, թե չեմ կարողանա, բայց փառք Աստծո, ամեն ինչ այնքան լավ ստացվեց, որ ինձ առաջարկեցին աշխատել նույն գյուղի «Երեքնուկ» մանկապարտեզում որպես պարի ուսուցչուհի: Դա ինձ համար իրոք մեծ ձեռքբերում էր, քանի որ լինելով շատ երիտասարդ, ոչ բոլորին է հաջողվում գտնել աշխատանք հենց իր մասնագիտությամբ: 2017 թվականին նույնպես բեմադրել եմ դպրոցականների վերջին զանգի պարային համարը: Դա շատ հաճելի է, երբ վստահում և գնահատում են քո կատարած աշխատանքը:

 –Դուք ինքդ ունե՞ս աշակերտներ:

-Ունեցել եմ անհատական աշակերտներ: Աշխատել եմ դպրոցական խմբերի հետ: Բայց ներկա պահին չունեմ: Վայելում եմ ամառային հանգիստս:

–Պատրաստվո՞ւմ ես հետագայում աշխատել այս մասնագիտությամբ: 

-Միայն ու միայն այս մասնագիտությամբ: Ես այնքան մեծ հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը, շատերն ասում են, որ աշխատանքս բարդ է, դժվար, բայց պարն ինձ համար ամեն ինչ է: Ինձ համար հաճելի է աշխատել իմ մասնագիտությամբ: Ապագայում նույնպես պատրաստվում եմ աշխատել իմ մասնագիտությամբ:

Առաջարկում եմ

Լուսանկարը` Ռաֆայել Նաջարյանի

Լուսանկարը` Ռաֆայել Նաջարյանի

Պարապմունքներս արդեն վերջացրել էի, գնացի տուն, սոված չէի։ Մտածեցի, որ հեռուստացույցով հետաքրքիր ֆիլմ կնայեմ, բայց ականջիս հասավ ինչ-որ անիմաստ քրքջոց, նորից անիմաստ սերիալներ էին։ Մեր կյանքը շատ ձանձրալի կլիներ առանց հեռուստատեսության, բայց այն պետք է որակով և գեղեցիկ լինի: Ես բնավ դեմ չեմ սերիալների ցուցադրմանը, բայց դրանք պետք է լինեն որակով և ուսուցողական: Այս սերիալների մեծ մասը չի նպաստում, որ երեխան դաստիարակվի ճիշտ արժեքներով: Երբ փոխում եմ հեռուստացույցի ալիքները, պարզապես չեմ կարող չնկատել սերիալները, որովհետև դրանք ցանկացած ալիքով ցուցադրվում են, այն էլ՝ օրը երեքից չորս անգամ: Կան սերիալներ, որտեղ տխմար և ոչ հարիր բառապաշարով են խոսում:

Ես առաջարկում եմ, որ ստեղծվի այնպիսի սերիալ, որտեղ հերոսները երեխաները լինեն, իրենք էլ դերերը խաղան, իրենց հասակակիցներն էլ կձգտեն նմանվել իրենց: Առաջարկում եմ հեռուստացուցով ցույց տալ ներկայացումներ, որովհետև այն երեխան, ով հնարավորություն չունի թատրոն գնալու, զուրկ է մնում գեղագիտական հաճույք և գեղագիտական դաստիարակություն ստանալուց: Առաջարկում եմ ցույց տալ հաղորդումներ դպրոցական առարկաների մասին, որոնք շատ ավելին կսովորեցնեն և ուսուցողական կլինեն:

Երեխաների հետ պետք է վերաբերվել երեխայի պես, միշտ հիշել, որ պետք է գեղեցիկը ցույց տալ, որպեսզի նրանց մեջ սեր ծնվի դեպի գեղեցիկը։

Lusine Manukyan bazmaghbyur

Ճի՛շտ խոսիր հայերեն

Բարև, ընկեր։ Կարծում եմ, սիրում ես հայերենը, իսկ հայերենը պահպանելու համար ի՞նչ քայլեր ենք անում։ Կարծում եմ, որ հայրենասիրությունը հայերենը պահպանելու մեջ է նաև։ Օրինակ, փորձե՞լ ենք գոնե մեկ անգամ «խալադելնիկ» ասելու փոխարեն ասել՝ սառնարան, կամ «պամիդոր» ասելու փոխարեն ասել՝ լոլիկ։ Մի քանի անգամ ասա՝ կտեսնես, որ արդեն ճիշտը կասես։ Ես էլ եմ շատ սխալներ թույլ տալիս, բայց հենց «բռնում եմ» ինձ սխալի վրա՝ խոստանում եմ, որ հաջորդ անգամ էլ չեմ կրկնի:

Դժվար է ուղղել մարդկանց. մեկը կվիրավորվի, մյուսն էլ՝ «քո թայն եղել ենք, խելք մի սովորեցրու»։ Հայրենասիրությունը հենց այդ փոքր բաներից է սկսում։ Մեր դպրոցում, որտեղ ես սովորում եմ, միշտ պաստառներ են պատրաստում, բաց դասեր են անում, որ նոր սերունդը շարունակի հայապահպան գործընթացը, բայց ամեն ինչ այդ պաստառներով չի որոշվում, ներսում մի բան պիտի փոխվի: Հասարակության մեջ շատ գրագետ և ճիշտ հայերենով խոսող մարդկանց ծաղրում են, հատկապես տղաների համար է շատ դժվար: Դե, պատկերացրեք մի տղա, որը տասը ՝ժարգոնով խոսող տղաների մեջ ասում է. «Վերցրեցի դույլը, որ ջրեմ ծառը»… Ու սկսվե՜ց՝ «վեդրո՞ն»։

Սոցցանցերի մասին չեմ էլ ուզում խոսել, ինչքա՞ն կարելի է կարդալ՝ «es grum em latinatar»: Նույնիսկ հայատառ գրելու օր ունենք՝ փետրվարի 7։ Պե՞տք է այս օրը նշվի, փաստորեն՝ այո: Մարդիկ չեն գրում սոցցանցերում հայատառ և պատճառներ են հորինում, թե ինչու չեն գրում: Մեկը՝ արդեն սովորել եմ լատինատառին, մյուսն ասում է՝ հայերեն տառերը դժվար է գրել: Իսկ եթե փորձե՞ս, ասում են՝ դժվարը սկիզբն է:

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը` թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց։

Օշականի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին

Ամառ է, և Հայաստանի պատմամշակութային վայրերը այցելուների պակաս չեն զգում: Դպրոցական էքսկուրսիաների ամենասիրելի երթուղիներից մեկն էլ մեր գյուղն է՝ Օշականը, ուր գալիս են հարգանքի տուրք մատուցելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցին: Ես նկատել եմ, որ էքսկուրսիաների ժամանակ համարյա չեն պատմում մեր եկեղեցու մասին: Զբոսնում են, լուսանկարվում ու շարունակում ճանապարհը: Այդ պատճառով որոշեցի մի փոքր տեղեկություն հաղորդել:

Օշական գյուղի կենտրոնում կանգուն է Սուրբ Մեսրոպ Մաշտոց բազիլիկ եկեղեցին, որը 443 թվականին Վահան Ամատունու հիմնադրված եկեղեցու տեղում 1875-1879թթ. կառուցել է Գևորգ Դ Կաթողիկոսը: Եկեղեցու Խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է: Մովսես Խորենացին հիշատակում է, որ Մեսրոպ Մաշտոցի թաղումից երեք տարի անց, այսինքն ՝443 թվականին, Ամատունի իշխանի կողմից կառուցվում է վկայարան. «Վահան Ամատունին Քրիստոսի կենդանարար մարմնի ու արյան սեղանի համար վայելուչ, գույնզգույն ոսկով, արծաթով ու քարերով պայծառափայլ անոթներ պատրաստեց՝ ի հիշատակ, և մի տեղ հավաքված բոլոր սրբերի հետ Քրիստոսի խաչակրոն վկայի՝ երանելի Մաշտոցի մարմինը փոխադրվեց տաճարի գերեզմանը: Եվ նրա Թադիկ անունով աշակերտին՝ մի զգաստ ու բարեպաշտ մարդու, եղբայրների հետ, երանության հասած սրբի համար սպասավոր կարգեցին՝ ի փառս Աստծո: Սուրբ Մաշտոցի մահվան հաջորդ տարին իսկ սահմանվեց հատուկ տոն նրա հիշատակին. սրբի գերեզմանը դարձավ ուխտատեղի»:

Սակայն ժամանակի ընթացքում այդ եկեղեցին վերանորոգելու անհրաժեշտություն է առաջանում: Մեզ հասած աղբյուրների վկայությամբ՝ եկեղեցին վերանորոգվել է 17-րդ դարում: Առաքել Դավրիժեցին վկայում է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վերանորոգման աշխատանքներն սկսվում են 1639 թվականին և ավարտվում 1645-ին՝ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի օրոք: Վերանորոգված եկեղեցին իր գոյությունը պահպանել է շուրջ երկու դար: 1840 թվականին Օշականի եկեղեցում կրկին վերանորոգման աշխատանքներ են կատարվել: Այդ մասին տեղեկանում ենք Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանից: Այդուհանդերձ, այդ վերանորոգումն ակնհայտորեն բավարար չի եղել, և եկեղեցին շարունակում է մնալ ողբալի վիճակում: Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցին 1850 թվականին իր մի կոնդակում ցանկություն է հայտնել, առնելով Սինոդի համաձայնությունը, նորոգել Օշականի եկեղեցին, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ հարցը չի լուծվում: 1860-ականներին եկեղեցին դարձյալ անմխիթար վիճակում էր: 1868 թվականից մինչև 1872 թվականը Սուրբ Էջմիածնի Սինոդը նույնպես իրականացրեց վերանորոգմանն առնչվող այլ աշխատանքներ: Գևորգ Դ կաթողիկոսը 1872 թվականին գրում է իր սրբատառ կոնդակը՝ հրավիրելով հայ ժողովրդին նյութապես սատարելու Օշականի եկեղեցու կառուցմանը: 1875-ին հայոց շինարար հայրապետ Գևորգ Դ կաթողիկոսին Սինոդի անդամ Գրիգոր Վարդապետը զեկուցում է, որ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համար Էջմիածնի կողմից քարերն արդեն կտրվել են, հղկվել, և քարերի ընդանուր արժեքն է 7000 ռուբլի: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվում են 1879 թվականին:

Նույն թվականին «Արարատ» ամսաթերթը ուրախությամբ ավետում է հայ ժողովրդին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու շինարարության ավարտի մասին: Եկեղեցու շինարարների անունները չեն հիշատակվում, սակայն օշականցիների պատկերացումների վրա հենվելով՝ նշում ենք այն մի քանի տոհմերի անունները, որոնք իսկապես նվիրատվություն են կատարել Օշականի եկեղեցու կառուցման համար: Դրանք են՝ Ամատունյանց, Ներսեսանց, Մարգարանց տոհմերը: Մարգարանց տոհմից Մարգար Իսրայելի Ավագյանը 20 ոսկի է նվիրաբերել եկեղեցու կառուցման համար: Եվ որպես բարերար թաղված է եկեղեցու հյուսիսային կողմում: Եկեղեցու արևելյան մասում գտնվող երկհարկ զանգակատան կառուցումն ավարտվում է 1884 թվականին: Սա հայկական ճարտարապետության մեջ բացառիկ է ինչպես իր տեղադրությամբ, այնպես էլ գլանաձև ծավալով:

1884 թվականին Սուրբ Մաշտոցի գերեզմանի վրա դրվում է մարմարյա տապանաքար՝ Ղարաբաղի հոգևոր առաջնորդ, պոլսեցի Անդրեաս եպիսկոպոսի միջոցներով և Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանի ձեռքով: Տապանաքարի վրա հետևյալ արձանագրությունն է. «Յամի տեառն 441 փետրվարի 20 Վահան Ամատունի իշխանն ամփոփելով աստ յՕշական ըզմարմին սրբոյ վարդապետին մեծին Մեսրովբայ թարգմանչին՝ կառուցեալ է ի վերայ դամբարանիս յանուն նորին զեկեղեցիս, զոր նորոգեաց յամի 1640 Փիլիպոս կաթողիկոս. եւ ի վերջնումս յամին Դ. կաթողիկոսն օրօք ժողովրդեան հայոց Երեւանայ եւ այլ վիճակացն Ռուսաստանի, իսկ զտապանս կանգնեաց ի յիշատակ Կ. Պոլսեցի Անդրէաս արքեպիսկոպոսն յամին 1882 եւ հայոց ՌՅԼԱ»:

Օշականի եկեղեցին միջին մեծության մի կառույց է, որն իր մեջ կարող է տեղավորել մոտ 800 հոգի: Պատերը բավական բարձր են՝ առանց սյուների: Եկեղեցին ունի մեկ Սուրբ սեղան, խորանի գակ գտնվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը: Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է հրաբխային քարից՝ սև տուֆից, ունի երեք դուռ՝ հարավային, արևմտյան և հյուսիսային, և 11 պատուհան: Եկեղեցու հարավային կողմում Վահան Ամատունի իշխանի գերեզմանն է: Եկեղեցու արևելյան կողմում՝ Սուրբ Սեղանի վերևում, գրված է հայերեն առաջին նախադասությունը, որ թարգմանություն է Աստվածաշունչ մատյանի «Առակաց գրքի» Ա գլխից. «ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»: Նաև նշեմ, որ Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցի այցելում են, շատ զբոսաշրջիկներ, ուխտավորներ և զմայլվում նրա գեղեցկությամբ:

Շաբաթ և կիրակի օրերին հանրապետության տարբեր դպրոցների առաջին դասարանցիներ այցելում են Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի, ծաղիկ դնում Սուրբ Մաշտոցի շիրիմին և իրենց հարգանքը մատուցում:

Օշականի Մշակույթի պալատում ամեն ամառ կազմակերպվում է ասմունքի մրցույթ-փառատոն: Ես նույնպես մասնակցել եմ այդ մրցույթին և ստացել ժյուրիի համակրանք մրցանակը:

Անմահության արահետին

Հայրենիքը սե՜ր է սրբություն, իսկ հայրենիքը պաշտպանելը սուրբ պարտականություն ցանկացած հայ տղամարդու համար: Անմահացման ճանապարհը բռնեց մեր հերոսը:

Փայլակ Աշխարհիկի Բաբկենյան, ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 4-ին Օշականում՝ տնտեսագետ Աշխարհիկ Բաբկենյանի և բուժքույր Անահիտ Կոշեցյանի ընտանիքում: 1977-1987 թվականներին սովորել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: 1992 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Համալսարանում ցուցաբերած բարձր առաջադիմության համար ստացել է Լենինյան կրթաթոշակ, որն այն տարիներին ամենաբարձր խրախուսանքն էր ուսանողին:

Թե՛ դպրոցում, թե համալսարանում «ֆիզիկա» առարկայից անցկացված օլիմպիադաներում նա մի քանի անգամ գրավել է առաջին տեղը: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Օշականի դպրոցում դասավանդել է Ֆիզիկա և մաթեմատիկա: Երիտասարդ ուսուցիչը համագյուղացիների կողմից հարգված էր և սիրված: Համալսարանում անցնելով զինվորական գործ, ավարտելիս ստացել էր կապիտանի կոչում:

1993 թվականին հոկտեմբերին, որպես սպա զորակոչվել էր ազգային բանակ և մասնակցել Արցախի ազատագրման համար մղվող պայքարին: Զոհվել է 1994 թ. մարտի 26-ին Օմարի լեռնանցքում: Նա ապրեց 24 տարի՝ հարուստ ու հետաքրքիր մի կյանք: Մասնագիտությամբ ֆիզիկոս էր, հոգով՝ բանաստեղծ: Հրաշալի երգում էր, հումորի մեծ զգացում ուներ: Նա սիրում էր կյանքը: Բայց պատերազմը թելադրեց իր դաժան օրենքները, և Փայլակը զինվորագրվեց Արցախի փրկության սուրբ գործին: Հրամանատար էր, առաջնորդ, իսկ դա ավելի պարտավորեցնող էր: Փայլակը պատասխանատվության մեծ զգացում ուներ: Զոհվեց իր ջոկատի վիրավոր մարտիկներին փրկելիս:

«Փայլակը այլևս չկա ժամը 13:45-ից…,- Փայլակի մարտական օրագրում գրել է նրա մարտական ընկերը՝ Բորիսը:- Ստիպված ընկերոջս՝ իմ տեղակալի՝ Փայլակի ձեռնարկած գիրքը շարունակում եմ»: Փայլակը պատերազմական թոհուբոհի մեջ այնուամենայնիվ ժամանակ էր գտնում իր շա՜տ փոքրիկ օրագրում գրի առնել օրվա դեպքերը, ինչպես նաև իր մտորումները: «Զինվորը, եթե խելացի կռվի, երբեք չի զոհվի, բացի դիպուկահարի գնդակից և մինամյոտից»,- գրում էր իր օրագրում Փայլակը: «26.03.94թ: Առավոտյան արթնացանք շատ շուտ՝ ժամը 6:30-ին: Պատրաստվեցինք բարձրանալ Օմար: Հետներս վերցրեցինք միայն սնունդ և ցախ: Ես ու Բորիսը 15 զինվորների հետ նորից 2-րդ պոստում ենք: Շատ լավ արևոտ օր էր: Որոշեցինք վրանի տակ կարգի բերել»:

Այսպես էր գրել հերոս Փայլակ Բաբկենյանը իր օրագրում: Սա Փայլակի վերջին գրառումն էր, որ կատարել էր այդ օրվա մարտական գործողություններից առաջ: Դա նրա առաջին մարտը չէր. 1994 թվականի հունվարի 1-ին Քարվաճառում տեղի ունեցած մարտերի ժամանակ 32 հոգի զոհվեց, իսկ մնացած մարտիկները մնացին շրջափակման մեջ: Ընդամենը մի փոքրիկ արահետ էր մնացել: Արագ կողմնորոշվելով ստեղծված իրադրությունում՝ Փայլակը 220 հոգու կյանք է փրկում՝ դուրս բերելով շրջափակումից: Մարտի 26-ին Օմարի լեռնանցքում տեղի ունեցած մարտի ժամանակ նույնպես կարողացան թշնամու նկատմամբ հասնել առավելության, և թշնամին նահանջեց: Որոշ ժամանակ անց Փայլակը նկատում է, որ ընկերներից մեկը վիրավոր է, և չի կարողացել հասնել իրենց: Երկար չմտածելով՝ անմիջապես որոշում է մենակ գնալ վիրավոր ընկերոջը փրկելու. հենց ընկերոջ կողքին էլ մահացավ դիպուկահարի գնդակից:

Օշականի գյուղի բնակչությունը, ըստ արժանավույն գնահատելով Փայլակ Բաբկենյանի անցած կարճատև, սակայն հերոսական ուղին, նրա անունով կոչեց Օշականի հիմնական դպրոցը:

Փայլակ Բաբկենյան, հիվանդության չափ հասնող հայրենասեր, բարի, խելացի և մեծատառով մարդ՝ գյուղացիները նրան այսպես էին բնութագրում:

Այսօր մենք էլ նրա մարտական օրագրում պետք է շարունակենք գրառումներ կատարել:

Նորից ամառն ու «Տոնացույցս»

Երկար ընդմիջումից, դասերից ու քննություններից հետո վերջապես նորից ամառ։

Չեմ պատկերացնում, թե ինչպես էի անցկացնելու դպրոցական վերջին տարիներս, եթե խորհրդանշական մարտի 3-ից հետո իմ կյանք չմտներ «Տոնացույցը»։ Այո՛, այդ ես չեմ մտել «Տոնացույց», այլ «Տոնացույցն» իմ կյանք, որովհետև այն ինձ համար ոչ միայն մշակութային կենտրոն է, այլ նաև ուղեկից կյանքում և կամ՝ դպրոց կյանքի։

Հավանաբար հիա մտածում ես, թե ինչ է «Տոնացույցը»: Փորձեմ մի երկու խոսքով ներկայացնել:

Ազգային տոների և ավանդույթների պահպանման ներկայացման և փոխակերպման նպատակով 1998 թվականին էթնո-երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի կողմից հիմնվեց «Տոնացույց» կազմակերպությունը, որտեղ գործում է ազգագրական խմբերի էթնոդպրոց և ավանդույթ ակումբը։

2014 թվականից կազմակերպությունը տեղափոխվեց Բյուրական։ Գյուղի բնական միջավայրում, մոտ 200 տարվա պատմություն ունեցող տանը հիմնվեց կենտրոնը։ Այստեղ գործունեությանը ավելացան տոների թանգարանը և հյուրատունը։ «Տոնացույցը» իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից են` ժողովրդական տոների և միջազգային փառատոների կազմակերպում, ինչպես նաև կրթամշակութային ծրագրերի իրականացում։

Հատկապես հետաքրքիր ծրագրերն ու համերգները մեզ մոտ շատ են ամռանը:

Այնտեղ ես ոչ միայն ծանոթացա հայկական մշակույթի, երգ ու պարի հետ, այլև սովորեցի շփվել մարդկանց հետ ու լինել անկաշկանդ (դե, որովհետև մեկ օրվա մեջ հանդիպում ու շփվում էի տասնյակծանոթ ու անծանոթ մարդկանց հետ)։

Մի խոսքով, այսքան ասածիցս երևի արդեն զգացվում է, որ «Տոնացույցի» դերն իմ կյանքում շա՜տ մեծ է։

Այսօրվա «Տոնացույց» գնալս նման էր ինչ որ հեռու տեղից հայրական տուն վերադառնալուն։ Գրկախառնությունների ջերմ պահից հետո անցնում ենք մեր մշտական գրաֆիկին։

-Մի քիչ զրուցենք մինչև սկսելը:

- Մի հատ ծրագրի վրայով նորից անցնենք:

-Երգերը հիշո՞ւմ եք:

-Նվարդ ջան, ծրագիրը գրի:

-Հա, երեխեք, էսօր երկու համերգ ունենք, ու երկրորդը մտածեցի բարեգործական անենք, որովհետև հյուրերը ազատամարտիկների երեխաներ են:

Բարեգործական համերգի միտքն ինձ շատ դուր եկավ, ու ես բնականաբար համաձայնեցի, բայց մինչ քննարկում էինք, ժամանակն անցավ չափազանց արագ։

-Վայ, երեխեք, արդեն ժամը 12-ն է, գնացինք հագնվելու։

Ու հենց այսպես խառնված էլ ազդարարում եմ իմ ջերմ, սիրառատ ու համերգաշատ ամառվա սկիզբը:

Համեցեք Բյուրական:

sveta davtyan

Իմ և իմ ընտանիքի անունից

Սիրելի վարչապետ իմ և իմ ընտանիքի անունից գրում եմ Ձեզ այս նամակը: Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, այնուամենայնիվ անբացատրելի և անթաքույց է մեր հուզմունքը, մեր սպասումները, մեր ակնկալիքները, որ կապված են այս հեղափոխության հետ, այս չտեսնված, մինչև հիմա չկրկնված, բոլոր տեղյակ ազգերի մարդկանց հիացմունքին արժանացած, մեր փոքր ազգի համազգային հեղափոխությունը, որի առաջնորդն եք Դուք, քանի որ այդպես ուզեց մեր ողջ ազգը:

Այժմ դուք ստանձնում եք մի դեր, որ, իհարկե, հասկանում ենք, որ ծայրագույնս դժվար է լինելու. այնքան շատ են առաջացած խնդիրները, բացթողումները, չարի արմատները, որոնք լուծելու համար մեծ ջանքեր, եռանդ կպահանջի Ձեզանից, իսկ մեզանից համբերություն, մինչև գարնանային այս սիրո հեղափոխությունը տա իր պտուղները:

Երբ արդեն կենտրոնանաք Ձեր աշխատանքի վրա, նախ խնդրում եմ, հանկարծ չփոխվեք, կմնաք այսպիսին՝ պարզ, հասարակ, ժողովրդի հետ, ժողովրդի մեջ: Դուրս եկեք փողոց ու պարզ ճակատով շրջեք, քայլեք ու զրուցեք, դիտողություն արեք և խրատներ ընդունեք, քանզի դուք էլ նրանց ծոցից եք դուրս եկել ու տեղյակ եք ժողովրդի հոգսից ու ցավոտ կողմերից: Ուշադիր եղեք խնդրում եմ առողջապահության խնդիրներին, որ անապահով մարդը, իրոք, կարողանա անվճար բուժվել և բարեհամբույր վերաբերմունքի արժանանալ: Չնայած որ միջոցները չեն ների, խնդրում եմ ուշադիր եղեք, որ վարձի չմուծման պատճառով ուսանողը թևաթափ չլինի, որպեսզի ծնողը իրեն նսեմացած չզգա, արդարադատությունը թող լինի ամենուր և ամենքի համար հավասար, որպեսզի անարդարության զոհեր չլինեն:

Շատ բան չեմ ցանկանում, միայն ուզում եմ, որ ոգևորությունը, այս զրնգուն տրամադրությունը Ձեզ տանի ի գործ, միայն թե Դուք ուժեղ եղեք, անկոտրում կամքը էլ ավելի զորացրեք, քանի որ մի ողջ ազգի կոտրված թևերի դարմանն եք դարձել:

Ես գիտեմ, Դուք կախարդական փայտիկ չունեք, կամ հրաշագործ չեք, որ իսպառ վերացնեք չարն ու ատելությունը մարդկանց սրտերից, բայց Ձեր ժողովուրդը, Ձեր հպարտ ու այլևս անկոտրում քաղաքացին անվերապահորեն վստահում ե Ձեզ, սիրում է Ձեզ, քանի որ Ձեր խոսքը դարձավ գործ, իսկ գործը տվեց իր բաղձալի պտուղները:

Ես հասկանում եմ, որ ոմանց համար այս հեղափոխությամբ ինչ- որ պարտություն ազդարարվեց, բայց համոզված եմ, որ դրանից միայն երկիրս կծաղկի, զինվորն ավելի վստահ կգնա ծառայելու, բժիշկը ավելի սրտացավ կաշխատի, մանկավարժը ավելի ջանասիրաբար, ուսանողը՝ գիտելիքի ծարավով, թևավորված ապագայի տեսիլներով, երեխան կունենա ապահով և անհոգ մանկություն, իսկ թոշակառուն՝ ապահով ծերություն:

Ուզում եմ ակնկալել, որ Ձեր ու մեր բոլոր երկիրը լքած քույրերն ու եղբայրները մի օր տուն կդառնան, իմանալով, թե հիմա մենք ինչպիսի մարդասիրական երկրում ենք ապրում, ինչպիսի օրինապահ ենք դարձել, ինչպիսի հզոր երկրում ենք ապրում, քանի որ ազգովին լուծելու դեռ էլի խնդիրներ ունենք:

Ես և իմ ընտանիքը հասկանում է Ձեր առջև խոյացած բոլոր դժվարությունները, բայց հավատում է Ձեզ: Դուք եք տվել այդ հույսը և  ակնկալիքները: Գիտենք, հեշտ չի լինելու իրականացնելը, բայց Ձեր թիմով փորձեք քայլ առ քայլ իրագործել մեր երազած Հայաստանի սրբագործված ապագան: