Շեքսպիրի նորօրյա հերոսը

Ներքին կեղեքող լռությունը սղոցեց ամբոխի աղմուկն ու բարձր երաժշտության ձայնը՝ թողնելով նրա մտքերում լռության անդորրի մեջ մեխի պես մխրճված մի բառ՝ չգնաս։ Հայացքը գետնին հառած՝ նա փորձում էր շպարի տակ թաքցնել զգացմունքների ազդեցության տակ ծնված այն աղի հեղուկը, որին մարդիկ արցունք են անվանում։

Կինը գեղեցիկ էր, ավելի գեղեցիկ, քան այդ համերգասրահում գտնվող մյուս պճնազարդ գեղեցկուհիները և միաժամանակ ավելի լարված էր ու անհանգիստ։ Նրա հայացքը, որ սկսեց սահել սրահում հավաքված ամբոխի մի մարդուց մյուսը, լցված էր զարհուրանքով ու կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։
Մի պահ կինը կարծես մեխվեց տեղում, գունատվեց, երաժշտության ռիթմի տակ շարժվող ձեռքերը սկսեցին դողալ։ Ցանկացավ դուրս գալ սրահից, բայց չհամարձակվեց։ Ամբոխի միջից սևազգեստ ու խոժոռադեմ մի փոքրամարմին տղամարդ ինքնավստահ քայլերով մոտեցավ կնոջը։
Տղամարդը կանգնեց ուղիղ կնոջ դիմաց, կոպիտ ձեռքով կնոջ ականջի վրայից մի կողմ տարավ մազափունջը ու, թեքվելով նրա վրա, շշնջաց ականջին.
-Կարծես թե դու ինձ չհասկացար։

Կինը չշարժվեց, դողացող շուրթերը շարժելով՝ հազիվ արտաբերեց.
-Միջոցառման ներկա գտնվելը հանցագործություն չէ։
-Դու իմ սեփականությունն ես։ Կա՛մ կենթարկվես ու տուն կգնաս, կա՛մ բաժանվում ենք։
-Չեմ կարող լքել աշխատանքային կոլեկտիվս ու գնալ։ Փորձիր հասկանալ, ամոթ է։
-Ամո՜թ է, ինչպես չէ, ամո՜թ է,- սպառնալից հայացք նետելով կնոջ վրա՝ վերջինս արագորեն անհետացավ ամբոխի մեջ։
-Օթելլոդ էլի նեղացրե՞ց,- կնոջը մոտեցավ մի շիկահեր աղջիկ, որը, հավանաբար, նույնպես նույն աշխատանքային խմբին էր պատկանում։
-Ես երևի տուն գնամ։
-Չէ, մի գնա, համերգը դեռ նոր է սկսվել, մի քիչ ուրախանանք, կգնաս,- շիկահերը բռնեց նրա ձեռքից ու տարավ պարող խմբի մոտ։
Տղամարդը չէր գնացել։ Կանգնել էլ անկյունում, ամբողջ ընթացքում հայացքով հետևում էր կնոջը, անկարողությունից ժպտում՝ ձեռքերը բռունցքների վերածած, ուզում էր մոտենալ կնոջը, ասել ամենը, ինչ որ կար ներսում, զայրույթից գուցե և խփել, բայց զսպում էր իրեն։ Չէ՞ որ ամո՜թ էր։
Կինը ռոբոտի նման այս ու այն կողմ էր շարժվում՝ իբր պարում էր, ժպտում էր՝ թե ուրախ է։ Ո՞վ կհասկանար, որ ներսում ինքնասիրությունն ու ազատության ձգտումը կռիվ էին տալիս սիրո հետ, որն այլևս չկար, մարել էր ամուսնությունից շատ չանցած։ Ո՞վ կհասկանար։ Մարդիկ գրեթե միշտ մնում են չհասկացված, իսկ դիմացինը միշտ հմտորեն ու կարեկցանքով համոզում է, լցնում մեր ուղեղը, թե հասկանում է, պատմում, որ ավելի վատ բաներ են իր գլխով անցել։
Տղամարդու համբերությունը սպառվեց։ Մոտեցավ, ամուր բռնեց կնոջ թևից ու դուրս տարավ։
Դեպքը պատահեց ակնթարթորեն, ամենայն հավանականությամբ՝ քչերը հասկացան, որ խանդի, անվստահության ու անհնազանդության պատճառով քայքայվեց երիտասարդ ընտանիքը։ Քչերը հասկացան, բայց բոլորն էլ իրենց համոզեցին, թե հասկացել են։ Ճիշտ են հասկացել։ Միշտ են հասկանում։ Չեն սխալվում։ Կարեկցում են։ Մարդի՜կ։ Նրանք Շեքսպիրին էլ են հասկանում, երբեմն նաև խրատում են, քննադատում, չէ՞ որ մենք միշտ հասկանում ենք բոլորին։ Մարդի՜կ։ Մարդիկ ամենուր ու բոլոր ժամանակներում նույնն են. օթելլոներ էլ են ծնվում, վերթերներ էլ, նարցիսներ ու դիոգենեսներ էլ…

Ամեն ինչ ու ամեն ոք կրկնվում է, միայն թե մեկ աստիճանով «կատարելագործված»։

Նայենք մեր շուրջը, գուցե կիսագրագետ շեքսպիրներին ու գյոթեներին էլ նկատենք։

Ժպիտի տակ թաքնված արցունքներ

Երբ նայում եմ տատիկիս, նա միշտ ժպտում է ինձ: Դրանով նա ցույց է տալիս, որ ուրախ է և ոչ մի բանի կարիք չունի: Սակայն վերջին ժամանակներս տատիկս այլևս այն ժպիտով չի նայում ինձ: Հասկանում եմ, որ եթե կար ժամանակ, որ տատիկս թաքցնում էր իր տխրությունը, հիմա դա շատ դժվար է դարձել: Արդեն 20 տարի է, ինչ տատիկս կորցրել է քեռուս: Նա այնքան է պատմում քեռուս նախասիրությունների, ունակությունների մասին, որ ինձ միշտ թվացել է, թե ես տեսել եմ նրան: Քեռուս մահից 3 տարի անց ծնվեցի ես Ոուսաստանի Դաշնության Կիսլովոդսկ քաղաքում: Տատիկս, մենակ մնալով, որոշում է գալ մեզ մոտ, սակայն 6 ամիս հետո ինձ հետ վերադառնում է Հայաստան: Արդեն 16 տարի է, ինչ ես ապրում եմ տատիկիս մոտ: Ամեն անգամ, երբ հաջողությունների եմ հասնում, տատս ինձ ասում է.

-Ռուսլանս էլ էր քո նման սովորում դպրոցում, բայց ինքը քո նման միամիտ ու խելոք չէր, աշխույժ, ճարպիկ ու կատակասեր էր Ռուսլանս:

Տատս պատմել է, որ մի անգամ ուշ երեկո էր, քեռիս դեռ տուն չէր եկել և չէր էլ տեղեկացրել, թե ուր է գնացել: Տատիկս որոշում է դուրս գալ և դրսում փնտրել, սակայն ոչ մի տեղ չի գտնում: Հիշում է, որ երկու օր առաջ քեռիս ինչ-որ խնջույքի մասին է խոսել: Տատիս մտքով անցնում է գնալ քեռուս մտերիմ ընկերոջ տուն: Հասնելով նրանց տան մոտ՝ տատս լսում է քեռուս ձայնը, թե ինչպես է երգում, իսկ իր երգի տակ բոլորը պարում և ուրախանում են: Տատիկս, չուզենալով խանգարել նրանց, հետ է վերադառնում տուն և մտնում անկողին: Քեռիս, տուն վերադառնալով, մոտենում է տատիկիս անկողնուն և բարձր ծիծաղելով ասում է.

-Անուշիկ ջան, գիտեմ, որ քնած չես: Ես գիտեի, որ կանհանգստանաս, կգաս հետևիցս, դրա համար էլ շատ բարձր էի երգում, որ լսես տղայիդ ձենը, հանգիստ լինես ու չանհանգստանաս:

Այս պատմությունը, որը շատ հետաքրքիր է ինձ համար, տատս մեծ դժվարությամբ պատմեց: Չեմ կարողանում քեռուս մասին շատ հարցեր տալ: Ամեն մի բառից, որը արտասանում եմ նրա մասին, տատս հուզվում է:

Մեր բակում կա մի ցայտաղբյուր, որը նվիրված է քեռուս հիշատակին: Քեռիս մահացել է բանակում: Երեկ նայում էի քեռուս հուշատետրը: Նկատեցի մի քանի բանաստեղծություններ, որոնք նա գրել էր բանակում: Ինձ դուր եկած բանաստեղծություններն արագ վերցրի և դրեցի իմ հուշատետրում:

Գիշերով նստած խավար լույսի տակ՝

Գրում եմ մի փոքրիկ նամակ,

Չգիտեմ՝ ինչպես սկսեմ երկտողս,

Ինչ նամակ գրեմ արտասվող մորս:

Արցունքս լցված կոկորդս է խեղդում,

Ձեռքերս դողում են, էլ չեմ գրում,

Հուշերով մի պահ ընկա ես մեր տուն

Դրսից ձայն տվի, ներսից բաց արին,

Տեսա իմ դիմաց հյուսերով մորս:

Սիրելի մայրս՝ որդուն կարոտած,

Քարացանք մի պահ իրար դեմ կանգնած:

Դանդաղ արցունքներ գլորվեցին ցած,

Սթափվեցի, տեսա՝ նստած եմ հուզված,

Կիսատ նամակս՝ առաջս դրած…

Երբեմն կարդում եմ քեռուս գրածները: Անհնար է դրանք կարդալ առանց հուզվելու: Թեև ես չեմ զգա այն ցավը, որը գրելու ընթացքում նա է զգացել, բայց միևնույնն է՝ սիրով եմ կարդում նրա բոլոր գրածները:

Ոսկորս կանեմ գրիչ,

Արյունս կանեմ թանաք,

Մայրիկ ջան, քեզ համար

Կգրեմ մի լավ նամակ:

Քեռուս մահից հետո տատիկս տառապում է շաքարային դիաբետով: Գնալով նոր բարդություններ են առաջանում, սակայն անգամ այդ ժամանակ տատս չի դադարում պատմել քեռուս մասին, ինձ մեծացնելու դժվարությունների մասին, և այլևս չի կարողանում թաքցնել արցունքները:

«Եկանք բանակ նոր զգացինք

Քաղցրությունը ծնողի,

Շատ դժվար է մարդու համար

Երբ ծնողը կողքին չի»,- գրել է քեռիս:

Ռասելի թեյնիկը

Բարև: Այսօր խոսելու ենք թեյնիկի մասին… Կրոնական տեսանկյունից:

1952 թվականին անգլիացի փիլիսոփա Ռասելը գրում է մի հոդված, որի բովանդակությունը մոտավոր այն էր, որ եթե ինքն ասի, թե Երկրի և Մարսի մեջ կա մի ճենապակյա թեյնիկ և այդ թեյնիկը այնքան փոքր է, որ նույնիսկ ամենաուժեղ հեռադիտակը այն չի կարող բացահայտել, մարդիկ չեն կարող հակառակը համոզել: Եվ եթե այդ ուսմունքը որպես սրբազան ճշմարտություն դասավանդվեր, նրա գոյությանը հավատալու տարակուսանքը արտառոց երևույթ կդիտվեր:

Ես քրիստոնյա եմ: Ամեն դեպքում ինձ այդպես են ասել:

Եթե ծնվեի Հնդկաստանում, անկախ իմ կամքից բուսակեր կլինեի: Դե, կենդանիների մեջ հնարավոր է ամփոփված է աստվածներից մեկի հոգին, հո չե՞մ ուտելու:

Այ, եթե շատ հետ գնամ ու ծնվեմ կենտրոնական Եվրոպայում, կհավատամ փերիներին ու էլֆերին (ափսոս՝ էդպես չի): Իսկ Գերմանիայում Ք.ա. 4-րդ դարում նույնիսկ մերոնք առանց ֆիլմ նայելու կհավատային Թորին ու նրա մուրճին (զվարճալի է):

Եգիպտոսում կոկորդիլոսին սրբազան կենդանի համարելու մասին բան չեմ ասում, այ թե իմանային, որ Հայաստանում Նոր տարվա սեղանին են դրել…

Մարդիկ հավատացել են էս ամենին, մարդիկ կհավատային նաև Ռասելի թեյնիկին: Ես նույնպես կհավատայի, եթե մի շարք խելոք մարդիկ գիտական ոլորտում լիքը հայտնագործություններ չանեին, ու ես, իրենց հայտագործություններից օգտվելով, չսկսեի մտածել՝ ինչն է տրամաբանված, ինչը՝ ոչ:

Մարդիկ ստեղծեցին ու հավատացին էս ամենին, որովհետև լիքը անպատասխան հարցեր ունեին: Տարիների ընթացքում որոշ հարցեր քչացան, ըստ դրա՝ հավատալիքներն ու աստվածների քանակը՝ նույնպես: Հավատը դարձավ տրամաբանված, բայց հավատը ինչ-որ գերագույնի հանդեպ կլինի էնքան ժամանակ, քանի մարդկությունը չի ստացել բոլոր հարցերի պատասխանները, կամ քանի դեռ չի կարողացել ապացուցել, որ Ռասելի թեյնիկը գոյություն չունի:

Աշնան ապտակ

-Աշունը դեռ չէր ավարտվել, բայց անսպասելի ցրտերը վրա հասան, դրա հետ մեկտեղ էլ առաջին ձյունը դրեց: Գյուղացու հոգսը միայն սարից անասուններին բերելն էր, որը առաջին ձյան դնելու հետ մեկտեղ դժվարացավ:

Գյուղի հերթական ցուրտ առավոտն էր: Արթնացա ու տեսա, որ գյուղը ճերմակին ա տվել: Ինքս իմ վրա մի լավ բարկացա ՝ ինչի շուտ չեմ բերել անասուններին սարից: Ախր, հարևան Մեսրոպը երեք օր առաջ էր բերել իր անասուններին, հլա մի բան էլ խնդրել էր, որ հետը գնամ: Բայց ո՞ւր գնայի, տան միակ տղամարդը ես էի, մեծ ախպերս ու հերս անցած տարի էին մեռել: Ախպորս կնոջ, երեք երեխի, ծեր մորս՝ Ազնիվի հոգսը ուսերիս էր մնացել: Մեսրոպի գնալու օրը ես ախպորս մեծ տղու՝ տասնչորս տարեկան Սուրիկի հետ հանդից բերած խոտն էի տեղավորում հացատան տանիքին, որ հենց անասուններին բերեմ, գործս էլ չծանրանա:

Որ էդ առավոտ տեսա ձյուն ա եկել, արագ վերցրի մի երկու տաք շոր, մի երկու օրվա ուտելիք ու ասի՝ գնում եմ անասունը սարից բերեմ: Մերս բա՝ տղա ջան, մենակ մի գնա, սպասի էս երկու օրն էլ, ձյունը հալվի, հովիվները սարից կբերեն: Ես բա՝ չէ: Ողորմած հորս բնավորությունն էր վրաս, մի բան որ ասի, էլ տեր չի փրկի, պիտի անեմ: Մերս տեսավ, որ ինձ հետ չի համոզի, ախպորս մեծ տղուն դրեց հետս: Բա՝ գոնե երկուսով գնացեք:

Էդ առավոտ կանուխ ոտով ճամփա ընկանք: Ճանապարհի կեսն էլ չէինք անցել, երբ տեսա, որ էս երեխեն հազիվ ա հասնում ինձ: Հիմա, դե, տասնչորս տարեկան երեխա, վրան բարկանաս՝ էն չի, ստիպես քայլի՝ մեղք ա: Մենք էլ դեռ գետ ունենք կտրել անցնելու, գոնե լուսով հասնենք, հա: Մեկի տանը կքնենք, առավոտը կգնանք: Վերջը խիղճս տանջեց, ասի՝ լավ, արի մի քիչ հանգստանանք ու մի կտոր հաց ուտենք: Մեծ քարերից մեկի վրայի ձյունը ձեռքով մաքրեցինք ու դողալով սկսեցինք հաց ուտել: Քիչ էլ անցավ, ու անսպասելի սկսեց ձյուն գալ: Արագ հավաքվեցինք ու սկսեցինք քայլել: Հիմա սիրտս վախ ա ընկել, էս անաստված ձյունը քանի գնում շատանում ա, դրա հետ մեկտեղ՝ մեր քայլերը դանդաղում են: Աշնան օրն էլ ի՞նչ օր ա, աչքդ թարթեցիր՝ մթնեց: Քայլում եմ ինձ ու իրան ռիսկ տալու համար ասում, որ հեսա կհասնենք յայլայի տներն ու չենք շարունակի քայլել: Քայլում ու մտածում եմ՝ հիմա մերս ոնց ա վախեցել: Ամուսինն ու տղեն սարի ճամփին մեռան, հիմա էլ կրտսեր տղեն:

Մի քիչ էր քայլեցինք, հասանք խորը ձորի մոտ, որ գիլու ձոր էին ասում: Հիմա ուշադիր նայում եմ, հանկարծ էս օրվա հետ մի անիրավ կենդանի չպատահի:

Ոնց նայեցի՝ ձորը դատարկ էր, ասի՝ լավ ա, շուտ կանցնենք, մի ժամից արդեն հաստատ տուն կպատահի: Շարունակեցինք գնալ: Հիմա ինձ ու ինձ սրտնեղում եմ՝ էս անտեր ձյունը հիմա՞ պիտի գար, ու հիմա՞ պիտի ես ճամփա ընկնեի: Բա որ գել պատահի, ես հեչ, բա էս երեխեն: Շատ չէր անցել, երբ Սուրենս վախից գոռաց՝ գելը: Ես էլ ինձ միանգամից կորցրի, ասի՝ վերջ, մեռանք: Հույս չկա:

Շրջվեցի, ասի՝ տեսնեմ, որ կողմից ա վրա տվել ու քանի հատ են: Հլա չէի հասցրել էդ սպիտակի մեջ բացի Սուրենից ուրիշ բան տեսնել, երբ էս կենդանին հասավ ու քսմսվեց ոտքերիս: Սիրտս հանգստացավ: Մեր հին ծանոթ Արծրուն պապի (ով դեռ յայլայում էր) շունն էր՝ Չուկմանը: Մի լավ ուրախացա, որ համ փորձանքից պրծանք, համ սպասվածից շուտ հասանք տներին: Գնացինք Արծրուն պապին հյուր ու գիշերն էլ մնացինք էնտեղ: Առավոտը հանգիստ խղճով շարունակեցինք մեր ճամփան ու անասուններին անփորձանք բերինք հասցրինք: Էդ երեկո վառարանի կողքին նստած, տաք կաթի բաժակը ձեռքին՝ Սուրենը ծիծաղելով պատմում էր՝ ոնց էր շնից էդքան վախեցել:

-Սարո պապ, իսկ դրանից հետո էլ ձյունով գնացի՞ր սար:

-Չէ, էդ առաջին ու վերջին անգամն էր:

Հայաստանի գյուղերը. Զոլաքար, Գեղարքունիքի մարզ

Հինգ զգայարաններս

Հենց պարապ եք մնում, սկսեք ձեզ ուսումնասիրել։ Էնքան հետաքրքիր բաներ են ի հայտ գալիս, որ չեք էլ պատկերացնի։

Ես ենթադրում եմ, որ ամեն զգայարան իր առանձնահատկությունն ունի։ Ամեն զգայարան ունի իր նախասիրությունները։

Լսողությանս համար, օրինակ, թմբկաթաղանթի չափ անհրաժեշտ են երգերը։ Ինքնագլուխ կազմակերպած երաժշտական «քուիզերի» շնորհիվ զգացել եմ, որ ամբողջ օրը երգում եմ՝ մտքում կամ քթիս տակ։ Մի անգամ էլ, երբ էլի մտքում երգում էի ու դրան զուգահեռ հաց ուտում, հայրիկս ասաց. «Էդ երգո՞ւմ ես»։ Ես էլ ինձ չհասկացողի տեղ դրեցի ու ասացի՝ չէ։ Հետո պարզվեց, որ գլուխս շարժում էի տակտով։ Արդյունքում եկել եմ էն եզրակացությանը, որ ամեն մեկն էլ իր կյանքի «սաունդթրեքն» ունի։ Էն ֆոնի երգը, որ միշտ հետդ է, ոնց որ կինոներում է լինում։ Ու ամեն պահի, ամեն տրամադրության համար առանձին երգ կա։

Երգ կա, որ տրանսպորտում լսես, երգ կա, որ երեկոյան տուն գնալիս լսես փողոցում, երգ էլ կա, որ դրա տակ ատամներդ լվաս ու մի պահ դադար տաս, որ ողողում անես, հետո էլի շարունակես։ Երգեր կան, որ միայն բաղնիքում ես երգում, որովհետև այլ հավասար պայմաններում դրանք ազդում են նյարդերիդ։ Դե, եսիմ, քանի տարի առաջ ավելացրածներն են, որ ձեռքդ չի բռնում ջնջել։

Ամեն անգամ, որ պիտի մի բան գրեմ, երգ եմ միացնում, մի երկու րոպե երգում եմ հետը, հասկանում եմ, որ չէ, էդպես չեմ կարողանում կենտրոնանալ։ Անջատում եմ ու հետո անցնում գործի։ Ամեն անգամ։

Մի պահ էլ զգացի, որ իրականում ուղղակի բզիկներով մարդ եմ, ով ցանկացած սարքի ձայնը մենակ կլոր թվերի վրա է դնում, կամ եթե թիվ չի, այլ պատկեր (շրջանաձև կամ հեռախոսակապի անտենայի պես), պատկերի ուղիղ մեջտեղում։ Դե, սիմետրիա կա, հազար ու մի ուրիշ բան, որ պարտադիր են թվում լսողությանը։

Եթե հոտառությանն անդրադառնանք, ասեմ, որ մի անգամ փակ սենյակում էնքան նստեցի, օդը տաքացրի իմ արտաշունչով, որ արդեն բոված պիստակի հոտ էր գալիս։ Շատ հաճելի էր, իհարկե, բայց տարօրինակ։ Երևի ամեն մեկը տարբեր ձևով է ընկալում իր արտաշնչածը։

Երբ սենյակում եղբայրս օծանելիք է ցանում, ռեֆլեքսորեն կռանում եմ, աշխատում եմ մի բանով ծածկել գլուխս, որ եթե հանկարծ էլի որոշի իմ վրա ցանել, ինչպես տարիներ առաջ էր անում, պատրաստ լինեմ հարվածին։ Չեմ դիմանում էդ հոտին։ Չէ, էլի սիրում եմ, բայց ուրիշի վրա, ու էն աղջիկների չափ չէ, որ իրենց պապաների օծանելիքը տանում են, ու իրենք սկսում օգտագործել։ Չափի մեջ, էլի։

Համից բերեք չխոսենք, դեռ չեմ հասել դրան։

Ինչ վերաբերում է տեսողությանը, էդ իմ թույլ տեղն է։ Ոչ թե վատ եմ տեսնում, այլ վախենում եմ սկսել վատ տեսնել։ Ու դրանից ամեն անգամ ավելի շատ եմ լարում աչքերս, հենց վախը սրվում է։ Երևի հոգեբանական բան կա էս ամեն ինչի մեջ։ Օրինակ՝ երբ կարոտում ես մեկին կամ ուղղակի շատ ես մտածում մեկի մասին, ում վաղուց չես տեսել կամ սպասում ես, աչքերիդ առաջ հա ինքն է գալիս։ Մանավանդ օրվա մութ ժամերին, որ էլ նորմալ չես էլ տարբերում դեմքերը, ամեն հաջորդը քո սպասած մարդն է դառնում։ Կամ եթե չսպասես էլ, ուղղակի մտածես, մեկ է, աչքերիդ առաջ կգա, իր դեմքը մեկին կհագցնի ու քեզ կհամոզի, որ ինքն է, մինչև չթարթես ու նորից չնայես։ Ինքդ քեզ համոզում ես, որ ուզածդ մարդն է, որ հետո հետ համոզես, թե սխալ ես տեսել։

Մնաց շոշափելիքը, չէ՞։ Պարզ օրինակ. ձեռնոցներս էնպես եմ դնում, որ օդ չմնա մաշկիս ու ձեռնոցի արանքում։ Այսինքն՝ որ շատ-շատ կիպ նստի, հնարավորինս քիչ շարժվի ձեռքի վրա։ Կամ էլ պայուսակը դասավորելիս էնպես պիտի շարեմ ամեն ինչ, որ որևէ բան չցցվի, դրսից «բլուր» չառաջացնի պայուսակիս մակերեսին։ Ակնոցն էնպես եմ դնում, որ թարթիչներիս չկպչի, ականջօղերս էնպես եմ հագնում, որ ականջներիս վրա հավասար ճնշում գործադրեն։ Ու որ մի քիչ էլ պատմեմ, հաստատ ավելի տարօրինակ բաներ կասեմ։ Ձեզ պե՞տք է։

Հենց վեցերորդ զգայարանս հայտնաբերեմ, կամ կայծակը խփի ինձ, ու էդ ժամանակ ի հայտ գա, լրացում կգրեմ նյութիս։

Կալավանում ձմեռ է

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Կալավանում արդեն եկել է առաջին ձյունը, գեղեցկացրել առատ բնությունն ու իր հետ բերել բազում խնդիրներ ու հոգսեր: Ամենամեծ խնդիրը վառելիքն է, որը շատ ընտանիքներ չեն հասցրել հայթայթել: Ծառահատումներն արգելված են, իսկ անտառից չորացած ճյուղեր ու փտած կոճղեր հավաքելը բավականին դժվար է, և ոչ բոլորի համար հասանելի: Առաջին ձյան հետ միշտ սկսվում են նմանատիպ խոսակցություններ գյուղացիների մեջ.

-Հը՞ն, հասցրի՞ք ձմեռվա փետ պիրեք:

-Է՜, եսիմ, մի հնարով իրար ենք արել…

Մարդիկ, ովքեր բեռնատար մեքենա ունեն, մի կերպ հավաքում են անտառից, մյուսները գնում են բավականին թանկ գնով, իսկ նրանք, ովքեր ո՛չ բավականին գումար ունեն, ո՛չ էլ մեքենա, հավաքած փայտը ավանակով կամ ձիով են բերում: Ու այսպես, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, ցրտի դեմ պայքարելով անցկացնում են ողջ ձմեռը:

Կարևորը հոգու ջերմությունն է, որը կալավանցին երբեք չի կորցնում:

Երբ դեռ 19 տարեկան էլ չկաս, բայց արդեն հավես չունես

Գրելուցս դեռ երկու րոպե առաջ նստած նայում էի նոութբուքիս էկրանին, մտքերս էի հավաքում, որ կողմնորոշվեմ, թե ինչ գրեմ։ Ինձ ու նյութ շարադրելուն իրարից բաժանում էին տարբեր բաներ։ Հիմնականում էդ լինում էր մի բաժակ թեյը, շարքից դուրս եկած մարտկոցը, որ ոտքով-ձեռքով կապում էր ինձ հոսանքի աղբյուրից, ավելի հազվադեպ՝ հանկարծակի եկած նամակներն ու էս-էն խմբերում արված հրապարակումները։ Բայց գլխավորը չասացի…

«Անցան տարիներ», ու թեման ընտրվեց հավեսը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։

Հասկանում եք՝ երբ ուսանողի մոտ գալիս է նոյեմբեր ամիսը, այն անպայման հիշեցնում է, որ հաջորդն էլ դեկտեմբերն է, ու արդեն ժամանակ չի մնում, որ սկսես ուղեղիդ մեջ դարակներով տեղավորել մի կիսամյակ շարունակ ուսումնասիրած նյութերը։ Իսկ մինչև դու փորձես էդ անել, քեզ ծանրաբեռնում են լիքը-լիքը առաջադրանքներով ու ռեֆերատներով։

Նոյեմբերն էն շրջանն է, որի ընթացքում հնարավորություն է առաջանում բոլորի ռեֆերատներին ծանոթանալու ու ներկայացնողից ավելի լավ տիրապետելու էդ նյութերին։ Դու ման ես գալիս ոչ քո խմբեցիներին, որ իրենց առաջ պարապես, իրենք էլ քեզ են փնտրում, որ քսերոքսը պահես, մինչև պատմեն, վերջացնեն։

Ամեն տեղ անպայման ու առանց բացառության լինում է մեկը, որ ամեն օր ասում է «քննություն» ու սարսափեցնում բոլորին։ Հետո տասը րոպե փորձում եք «նախաքննական-նախապարապողական» շոկից դուրս գալ, հանգստանալ, որ վերջապես դասի վրա կենտրոնանաք։

Քննությունները ավելի մոտ են դառնում, լարվածությունը մեծանում է, պատասխանատվության զգացումը դանակը դնում է կոկորդիդ, ու դու դառնում ես կամ կրկնուսույց մնացածի համար, կամ մեկի ուսերին բեռ, որ սովորեցնի քեզ ամեն ինչ։ Մարդկային տեսակի հատուկ առանձնյակներն էլ մենակ են դաս անում։ Էդ ընդհանուր մասսայի մեջ կան մարդիկ, որ առհասարակ չեն պարապում ու բացարձակ ոչ մի բան չգիտեն։ Բայդ էդ կարևոր չի, իրենք քեզնից էլ, ինձնից էլ բարձր են ստանալու։

Քանի որ ես խմբով պարապողներից եմ, գիտեմ, թե ինչ տիպի տանջանք է լեկցիաներից հետո լսարանից դուրս գալն ու մաքուր օդի ելնելու տեղը մի ուրիշ լսարան կամ գրադարան գնալը, որ նորից պարապես, չարչարվես, տանջվես, ուզես արդյունքի հասնել, հետո կես ոգևորված- կես հիասթափված նոր-նոր տուն գնաս ժամը չորսի կողմերը։

Որ ասում եմ՝ խումբ, չպատկերացնեք լիքը մարդկանց։ Ես եմ ու Անետան։ Ու վերջ։ Վա՞տ խումբ ենք։ Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում։ Իսկական օրինակ վերցնելու ուսանողներ ենք։

Ինչպես արդեն ասացի՝ քննություններն ավելի մոտ են դառնում։ Բայց ո՞վ ասաց, որ էլ թեմա չկա անցնելու։ Ամեն շաբաթ առնվազն մի դասախոս կլինի, ում դասերից հետո կլորացրած ու բան չհասկացող աչքերով ես տուն գնալու։ Կլինի գոնե մեկը, ով անպայման կզարմանա, թե ինչու դու չես կարողանում էդ հեշտ բանաձևը դուրս բերել, կգա, մարկերը կխլի քեզնից ու ինքը կգրի ամեն ինչ։

Գիտե՞ք՝ ուսանողները շատ քիչ են քնում։ Հա, իրոք։ Էս լարված վիճակից ուզում ես կտրվել, մի քիչ «բզբզում» ես ինտերնետում, հետո հոպ, ու պարզվում է, որ գիշերվա ժամը 11-ն է։ Մինչև մի քիչ էլ դաս ես անում, լույսը բացվում է։ Դե, լույսը բացվելը ո՞րն է, առավոտները գիշերներից էլ ավելի մութ են։

Ու էս ամենի արդյունքում հավես չի մնում։ Կորում է, անհետանում, չքանում, ի չիք դառնում, անէանում, հօդս ցնդում ու նման այլ հոմանիշներ այս բառերին (մի տեղ պիտի երևա, որ հայոց լեզու եմ պարապել, թե չէ)։

Էսքան որ գրեցի, բողոքի նոր ակցիա չէր, չէ, ուղղակի շատ դաս ունեի անելու, մի բանով պիտի զբաղվեի, որ դրանց չանդրադառնայի։

Լավ մնացեք։ Մինչ նոր հանդիպումներ։

Հայաստանի գյուղերը. Վաղաշեն, Գեղարքունիքի մարզ