Իմ 2017-ը

2017 թվականին իմ ցանկությունների ու երազանքների մի մասը կատարվեց, իրականություն դարձավ, մի մասն էլ մնաց ուղղակի երազանք: Բայց ես գոհ եմ իմ 2017-ից, գրեթե ամեն ինչ դրական կերպով անցավ, ճիշտ է՝ եղան չնչին դժվարություններ, բարդություններ, ինչ-որ բան նաև չկատարվեց, սակայն դրանք արդեն մնացել են անցյալում, և 2017-ն արդեն փակել է այդ էջը: Մնաց մի քանի օր, և 2017 թվականը կանցնի պատմության գիրկը և այլևս երբեք չի կրկնվի, չեն էլ կրկնվի նրանում եղած բոլոր պատմությունները, իսկ 2018-ը մեզ համար կլինի ավելի կատարելագործված տարբերակ, ուղղակի պետք է վերցնել ամուր զամբյուղ և օգտվել այդ բարիքներից, հավաքել դրանք ու քիչ-քիչ օգտագործել հարկ եղած ժամանակ:

2018 թվականը թող կատարի ողջ հայության ամենամեծ բաղձանքը՝ խաղաղություն լինի, չլսվեն ոչ մի արտառոց ու տխուր լուրեր:

Ասում են, որ եթե ինչ-որ բանի մասին շատ ես մտածում, խոսում, ապա այն իրականություն է դառնում, և այսպիսով ուզում եմ հանրայնացնել իմ մեծագույն երազանքը՝ դառնալ լավ ուսանող և կարողանալ իմ մասնագիտության շնորհիվ կերտել իմ ապագան:

Մասնագիտությամբ խոպանչի

Ամեն տարի սեզոնային արտագաղթի պատճառով բազմաթիվ երեխաներ մեծանում են իրենց հայրերից հեռու։ Գավառում և հարակից գյուղերում սեզոնային արտագաղթը տարեցտարի ավելանում է։

-Մենք ենք մեղավոր,- զայրանում է տիկին Նինան (անունը փոխված է),- մենք ենք մեղավոր, որովհետև չենք կարողանում բռնել իշխանությունների կոկորդից, ստիպել, որ մեր ժողովրդավար պետության մեջ միջոցներ ստեղծեն գործազրկությունից ազատվելու համար։ Գործազրկությունը չարիք է։ Դա է պատճառը, որ ստեղծող հայը թողնում է երկիրը, գնում արտերկիր, աշխատում ու ստեղծում է օտար հողի վրա՝ հայրենիքի, ընտանիքի, հարազատ միջավայրի կարոտը սրտում։
Մենք վեց երեխա ունենք, ես գործազուրկ եմ, ամուսինս արդեն տասը տարուց ավելի է՝ աշխատում է արտերկրում։ Դժվար չէ պատկերացնել մի կնոջ առօրյա հոգսերը, ով պետք է կատարի ոչ միայն ֆիզիկական ուժ պահանջող տղամարդու գործեր, այլև միայնակ դաստիարակի վեց երեխաների։
Ձմեռը եկավ, ու մեր կյանքն ավելի դժվարացավ։ Դե, պետք է երեխաներին տաք շորեր գնել, վառելափայտ գնել տան ջեռուցման համար։ Գնեցի՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, մինչև ամուսինս գումար կուղարկեր։ Փայտը ինքս կոտրեցի՝ հարևանների օգնությամբ։ Հիմա սպասում ենք ամուսնուս վերադարձին, որ Նոր տարին ողջ ընտանիքով դիմավորենք։ Տարիներ առաջ հավատում էինք, որ ինչպես տարին սկսենք, այնպես էլ կշարունակվի այն։ Ուրախանում էինք, որ ամուսինս մեզ հետ է նշում տարեմուտը, նշանակում է՝ ամբողջ տարին մեզ հետ կլինի։ Բայց… Էդպես ստացվեց։ Կարոտում ենք, ի՞նչ խոսք, կարոտում ենք։ Զանգով կարոտդ չես առնի։
Հիշում եմ՝ մի օր երեխաներից մեկին դպրոցում հարցրել էին հոր մասնագիտությունը, պատասխանել էր, որ խոպանչի է։ Շատ էր նեղվել դասընկերների ծիծաղից։
Գնալու ենք մենք էլ։ Չենք ուզում, բայց ավելի կարևոր է ամբողջական ընտանիքը պահպանելը։ Գուցե երկրի վիճակը լավանա, գուցե վերադառնանք…

Տիկին Նինան էլ ոչինչ չհավելեց, միայն խոստովանեց, որ լավատեսորեն է նայում ապագային, հույս ունի, որ երկիրը չի դատարկվի, որ աշխատատեղեր կբացվեն, հայրենասեր մարդիկ գործազրկության պատճառով չեն լքի երկիրը, որ բոլոր հայ երեխաները հայկական կրթություն կստանան…

Շուտով տան հայրը վերադառնալու է, բայց այն հավատը, որ Նոր տարին կատարում է երազանքները, հրաշքներ է գործում, քիչ-քիչ մարում է։

405 թվականից սկսած

Ամեն ինչ սկսվեց 405 թվականին: Այդ ժամանակ էր, որ Մեսրոպ Մաշտոցը Եդեսիայում ճգնելով ստեղծեց հայոց տառերը, ու այսօր էլ առաջին դասարանցիները ճգնելով ու ծեծվելով սովորում են (խիստ չդատեք, այժմ ինձ համար այդ տարիները կյանքիս ամենավառ տարիներն են): Իրականում խնդիրը մինչև այդ էլ կար, բայց միայն 405 թվականին լուծվեց: Այդ թվից սկսած՝ շատերը՝ նեղվելով, մյուս մասը ուրախությամբ սովորում են Հայոց տառերը: Իրականում ես ինքս մինչև այսօր էլ չհասկացա՝ նեղվողների՞, թե՞ ուրախացողների մեջ էի: Բայց հաստատ գիտեմ՝ հաջորդ տարվանից տխրողների ցանկում եմ լինելու, քանի որ փակելու եմ կյանքիս ամենալուսավոր էջը: Ես փակում եմ, շատերը նոր բացում են ու պիտի բացեն: Երբ մայրերը, թողած իրենց ամենօրյա գործերը, զբաղվում են երեխային տառեր սովորեցնելով, դա ամենաբարդ գործերից մեկն է՝ շատ մեծ աշխատանք պահանջող, որովհետև հիմնաքարերը շարելիս պետք է հաշվի առնել ամեն տեսակ ճշգրտություն: Ա՜խ, գիտեմ՝ հիմքը դնելու ժամանակ երեխաների մեծամասնությունը տխրողների շարքում է, դժվար է, երբ ընկերներդ դրսում խաղում են, իսկ դու ինչ-որ տառեր ես սովորում, որով հետագայում ապագա պիտի կառուցես: Մայրիկն էլ մի փոքր բարկանում է, երբ իր ասածները մի ականջիցդ մտնում ու մյուսից դուրս են գալիս:

Այսօր էլ դպրոցում առաջին դասարանցիներ կան, շատերը չեն սիրում մենակ գալ դպրոց ու այսպես ասած՝ իրենց ծնողներին էլ իրենց հետ դարձնում են դպրոցական: Իմ բարեկամներից մեկի երեխան հենց այդպես էլ անում է՝ մի օր մայրիկին է դպրոց բերում, հաջորդ օրը՝ պապին: Մի օր էլ կրկին մոտեցա բարևելու ու հարցրի.

-Հըն, էլի չի՞ ուզում մենակ գա:

-Չէ,- պատասխանեց տատը,- մեզ դարձրել ա իր պես դպրոցական: Որ ասեմ՝ ընդունակ չի, չի սովորում, սուտ կլինի, բայց ասում ա՝ իմ հետ եկեք: Բա, Լիլո ջան, կգնաս կգրես՝ ընդունակ Սերոն մենակ դասի չի գնում…

Նման դեպքեր ամեն տեղ կհանդիպեն, այն մեկն էլ՝ չսովորող ու չարաճճի, միշտ ծնողի հետ է դասի գալիս, որովհետև ուսուցիչն է ծնող կանչել:

Իսկ ես մի քանի ամսից արդեն միայն հիշողություններ կունենամ իմ մանկության տնից՝ դպրոցից: Ժպիտով կհիշեմ դասարանս և այդ «ծանր օրերը»: Բայց ոչ մեկն էլ չի մոռանա, որ ամեն ինչ սկսվեց 405 թվականին ու կշարունակվի հավերժ: Ու կրկին կղողանջի «սովորիր» խոսքը ու կշարունակվի՝ սովորիր, որ սովորեցնես:

Մթությունը ստիպում է երազե՞լ, թե՞ մտածել

Ամեն ինչի մասին սկսում ես մտածել գիշերը, երբ մութ է: Բոլոր մտքերդ ու իղձերդ կատարելագործվում են գիշերը, երբ պառկած ես կամ էլ մթության մեջ ես գտնվում: Մթությունը ամբողջ գիշեր հավաքում, գտնում ու բերում է ողջ երազանքներդ և ստիպում մտածել դրանց մասին: Առանց քեզ հարցնելու, դուռը թակելու՝ մտնում է ներս, նվաճում ուղեղդ ու սիրտդ և սկսում է ծակծկել ու տանջել քեզ: Այնուհետև վարում մեքենան ու քեզ տանում է դեպի ապագա՝ երազելու, կամ էլ անցյալ՝ մտածելու: Անգամ մթության մեջ խորհում ես անհնարինի մասին, փորձում այն իրականացնել, հասանելի դարձնել ու ապացուցել բոլորին, որ այն իրագործելի է:

Մթության ծովը շատ խորն է ու անծայրածիր: Մի փոքր իրավիճակ հիշելով՝ վերհիշում ես մի հսկա պատմություն: Մի բառը մտաբերելով՝ հիշում ես ողջ անցյալին վերաբերող փաստերը: Ահա, թե ինչ է մթությունը: Մթության ծովի մեջ մարդիկ խեղդվում են երազելուց ու մտածելուց:

Մթությունն էլ ունի իր պայծառությունը, գեղեցկությունն ու լուսաշողը, որը տեսնելով՝ արագ ձեռք ենք մեկնում, որ բռնենք, բայց ավա՜ղ, նա մեզ բռնեց և գցեց հուշերի գիրկը: Նույնիսկ մթության մեջ կարելի է երջանկություն գտնել, միայն չպետք է մոռանալ լույս վառել: Բայց եկեք մտովի վառենք լույսը, որպեսզի իղձերը չփախչեն:

Մթությունն էլ ունի իր դրական կողմերը: Միայնակ ես մնում մտքերիդ հետ ու ավելի խորն ես մտածում: Երբ մթության մեջ ես լինում ու մտածում ես ինչ-որ բանի իրագործման մասին, ապա հաջորդ օրը այն արագ իրականանում է, իսկ ցերեկը հակառակն է՝ օրերով մտածում ես ու դժվարությամբ ես կարողանում իրականացնել: Չգիտեմ՝ ուրիշների մոտ ոնց, բայց ինձ մոտ հենց այդպես է: Նույնիսկ երբ փորձում եմ նյութ գրել, բոլոր մտքերս գիշերն են գալիս, գնում, փոփոխվում, իսկ ցերեկը կա՛մ անհետանում են, կա՛մ էլ դժվարությամբ եմ վերհիշում:

Գիշերն ուրիշ է: Նստում ես քո համարի ավտոբուսն ու ուղևորվում քո ուզած հասցեով: Անգամ քնելդ էլ չես հիշում՝ ոնց եղավ: Ախր, դու ողջ գիշեր երազում ու երազում, մտածում ու մտածում էիր, և մեկ էլ հոպ. արդեն առավոտ է:

Ցերեկն էլ լավն է, բարի: Մի մոռացեք, որ եթե ցերեկը չլիներ, ապա ձեր գիշերվա իղձերը չէիք կարողանա ցերեկը կատարել: Ցերեկն էլ կարող եք մտածել, հիշել, բայց գիշերվա մթության համն ու հոտն ուրիշ է: Պետք է լավ գնահատենք «գիշերվա լույսի» և «ցերեկվա մթի» արժեքը:

Նրանք խնդրանք ունեն

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Գյուղի երեխա լինելով, էլի ուզում եմ խոսել գյուղական կյանքի մասին:

Գյուղացու կյանքը փոքր-ինչ դժվար է, գործերը՝ հոգնեցուցիչ, բայց կան պահեր, որոնք երջանկություն են պարգևում:

Ես ինքս շատ եմ սիրում կենդանիներ, նրանց մեջ միշտ տեսնում եմ հատկանիշներ, որոնք քչերն են նկատում: Մարդիկ իրենց վերապահում են հարվածել կենդանուն, երբ ցանկանան և որքան ցանկանան: Շատերը հաճույք են ստանում կենդանիներին տանջելուց, նրանք իրենց այդպես ուժեղ են զգում: Ես կենդանիներին ինձ բարեկամ եմ համարում, ինչ կարևոր է, որ խոսել չգիտեն, որ չեն կարող իրենց խնդիրների և ցավերի մասին բարձրաձայնել, դա դեռ ոչինչ չի նշանակում: Նրանք լսում են, տեսնում, հասկանում, ցավ են զգում, կարոտում…

Մայրիկս մի քանի ամիս առաջ փոքրիկ ճուտիկներ էր գնել: Երբ փոքր էին, շատ անգամներ ագռավները հասցնում էին գողանալ, իսկ մայրիկս սկսում էր նեղսրտել: Չէ որ այդքան հոգի էր դնում այդ ճուտիկներին մեծացնելու համար: Այսօր արդեն նրանք մեծացել և հավեր են դարձել:

Մի օր այնպես ստացվեց, որ հավերին ես պետք է կեր տայի: Վերցրեցի գարու ամանը, որ տանեմ գարի լցնեմ, մեկ էլ թիկունքից ոտնաձայներ լսեցի: Գլուխս թեքեցի և ի՞նչ տեսնեմ. հավերի խումբ հետևիցս գալիս է, ինչպես հրամանատարի հետևից…

Գիտե՞ք ինչ հաճելի պահ է դա, երբ այդ կենդանիները քեզնից խնդրանք ունեն և իրենց պաշտպանված են զգում քո կողքին:

Չգիտեմ, ուրիշները՝ ոնց, բայց ես ինձ լավ զգացի և շատ կարևոր:

Ես սիրում եմ բոլոր կենդանիներին: Լավ և վատ կենդանիներ չկան, բայց կան վատ մարդիկ, որոնք ամեն ինչի մեջ վատն են տեսնում: Մենք կենդանական սանդղակի գագաթին ենք գտնվում, բայց չպետք է մոռանանք, որ պատասխանատու ենք նրանց համար:

Ձմեռ է, եթե քաղաքում ես ապրում, ուշադիր նայրի շուրջդ. Նրանք մրսում են և սոված են:

Ինքնուրույնության ձգտում

-Մա՛մ, էս անգամ ես մենակ եմ գնալու, պլաններս չխառնես, հա՞: Հենց մեկնումեկդ որոշի հետս գալ, միանգամից ասեմ՝ ես չեմ գնալու:

-Վերջացրու, մենակ ոչ մի դեպքում, կա՛մ ես եմ գալու հետդ, կա՛մ չես գնալու:

Այս խոսակցությունն ամեն անգամ ծագում է մեր միջև ինչ-որ տեղ գնալուց առաջ, ինչն ինձ աննկարագրելի զայրացնում է: Կարծում եմ՝ բոլորի մոտ էլ ինչ-որ տարիքում ինքնուրույն լինելու ցանկություն է առաջանում: Վերջին տարիներին ես շատ եմ ցանկանում ինչ-որ չափով ինքնուրույն լինել, շրջապատում ինքնուրույն կողմնորոշվել, ունենալ անձնական կարծիք, գործել որոշ չափով ծնողներիցս անկախ: Սակայն բոլորս էլ գիտենք, որ մեր ծնողները, հատկապես՝ մայրիկները, դժվար են համակերպվում այդ փաստի հետ՝ մոռանալով, որ այդ տարիքում իրենք էլ են ձգտել ինքնուրույնության: Նրանք կարծում են, որ դա ուղղակի մեր կողմից ավելորդ ինքնավստահություն է: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Իմ կարծիքով՝ կյանքի այդ հատվածում ինքնուրույնությունը շատ մեծ ու որոշիչ դեր է խաղում, քանի որ հաշված տարիներ հետո դուրս ենք գալու մեծ կյանք, որն էլ պահանջելու է ինքնուրույնություն ու ինքնավստահություն:

Իսկ ինքնուրույնությունից զուրկ մարդը երբեք չի կարողանա հեշտությամբ հարմարվել օտար կյանքին, գտնել իր տեղը անծանոթ շրջապատում: Նա կսկսի թերագնահատել սեփական ուժերը, ինչն էլ պատճառ կդառնա որոշակի տարիքում ծնողներից կախվածություն ունենալուն:

Սակայն ծնողներին էլ է պետք հասկանալ: Նրանց համար մենք միշտ երեխա ենք, նրանք երբեք չեն դադարում հետևողական լինել, նրանց մոտ մեր հանդեպ հոգատարությունը, վստահ եմ, երբեք չի մարի: Համենայնդեպս, չեմ կարող ճշգրիտ բնութագրել ծնողական զգացողությունը զավակների հանդեպ, մինչև ինքս էլ ծնող չդառնամ: Այնուհանդերձ, ես ըմբռնումով եմ մոտենում ծնողներիս անհանգստությանը և ինքնուրույնության ձգտելու հետ մեկտեղ՝ աշխատում եմ զերծ մնալ ավելորդ քայլերից, փորձում եմ յուրաքանչյուր արարք կատարել մտածված և իմ պահվածքով անհանգստություն չպատճառել նրանց, խուսափել նրանց հետ ավելորդ բախումներից:

Մի քանի ճամբարային օր

Հունիսի 13-ն էր՝ ճամբար գնալու երկար սպասված օրը: Նախորդ երեկո արդեն հավաքել էի իրերս, ֆեյսբուքում ճամբար գնացող երեխաներով զրուցարան էինք ստեղծել և քննարկում էինք դեռ չեկած, սպասումներով լի վաղվա օրը։ Բոլոր այն երեխաները, ովքեր պետք է գնային վիքիճամբար, հավաքվելու էին Երևանում, իսկ այնտեղից մեկ ընդհանուր ավտոբուսով գնալու էինք Աղվերան։ Ավտոբուսի մեջ բոլորը ժպտերես, մի քիչ զննող հայացքներով նայում էին իրար։ Մեքենայում մի աղջկա նկատեցի՝ փոքրիկ, գեղեցիկ Սյուզիին: Ճամբարում իմ հարևան սենյակում էր մնում, իրար տեսնելիս գոչում էինք «Հարևա ՜ն», իմ ջոկատից էր՝ ամենափոքրիկն ու ամենաաշխույժը։ Եվ ահա, վերջապես հասանք Աղվերան՝ «Ոսկե Գետակ» հյուրանոց։ Շուտով բարձրացանք մեր սենյակները, տեղավորվեցինք, այնուհետև կրկին հավաքվեցինք նախասրահում։ Ծանոթացա երեխաների հետ, զրուցեցինք մեր ջոկատավարի՝ ընկեր Աշխենի հետ։ Այնուհետև դուրս եկանք զբոսնելու և որոշեցինք, թե մեր ջոկատում ով ինչ «պաշտոն» է զբաղեցնելու։ Ես ընկեր Աշխենի օգնականն էի, բայց հենց առաջին օրն ուշացել էի։ Ճամբարում ձեռք բերեցի նոր ընկերներ, ովքեր կարճ ժամանակում դարձան ինձ հարազատ մարդիկ։ Մեր ջոկատն ունի անվանում և կարգախոս՝ «Վիքի առաջնորդներ», որը Աննայի առաջարկած տարբերակն է: Հիշում եմ՝ այնքան մեծ սիրով և բարձր ձայնով էինք արտասանում այս խոսքերը։

Ճամբարում իմ ամենասիրելի պահը խմբագրելու ժամերն էին։ Խմբագրում էի մեծ հաճույքով։ Յուրաքանչյուր ջոկատ ուներ իր վիքիօգնականը, որը մեզ օգնում էին ամեն հարցում՝ կապված խմբագրելու հետ։ Ինձ ամենաշատը ճամբարում դուր են գալիս վիքիօգնականները, շատ մեծ ցանկություն ունեմ ինքս վիքիօգնական դառնալու, բայց, ցավոք, դեռ տարիքով փոքր եմ։ Իմ ջոկատի վիքիօգնականը ընկեր Նարեկն էր, որը կարճ ժամանակում դարձավ ինձ հարազատ մարդ։

Անմոռանալի են այն պահերը, երբ ընկերներով հավաքվում էինք մի սենյակում, զրուցում, ֆլեշմոբի փորձեր անում: Յուրաքանչյուր օր անցնում էր նորովի: Նախավերջին օրը տեղի ունեցավ ճամբարի փակման արարողությունը, որից հետո դրսում խարույկ վառեցինք։ Դժվար էր հրաժեշտ տալը, միմյանցից բաժանվելը:

Ծովազարդի երկար ձմեռը

Ձյունը ծածկել է գյուղս, հետո վերածվել ցեխի, հիմա էլ նորից փորձում է ծածկել: Բոլորը հիանում են ձյան փաթիլներով, իսկ ես, տաք հագած, թեյը՝ ձեռքիս, պատուհանից նայում եմ դուրս, ու կռիվ եմ անում ձյան հետ: Բոլորը սպասում են Նոր տարվան, իսկ ես ցրտից գոռում եմ՝ երբ պետք է գա մարտի վերջը: Դե, մեզ մոտ` Գեղարքունիքում, ձյունը հալվում է մոտավորապես այդ ժամանակահատվածում: Շրջապատիս մարդիկ ասում են, թե ձմեռը շատ գեղեցիկ է և հեքիաթային, իսկ իմ կարծիքով այն ոչ թե հեքիաթային է, այլ հանելուկային, որովհետև ինչ անում ես՝ չես տաքանում: Ինքս ինձ ստիպում եմ ժպտալ ու սիրել ձմեռը, չէ՞ որ ծնունդս նույնպես ձմռանն է, փորձում եմ ինձ համոզել, որ ձյունը գեղեցիկ է, մխիթարվում եմ այն փաստով, որ հա՜-հա, հիմա տոնածառ ենք զարդարելու: Այն էլ կեսից էլի բողոքում եմ, որ չեմ կարողանում առանց աթոռին կանգնելու աստղը դնել տոնածառի գագաթին: Իբր ձմեռվանից շատ գոհ էինք, հիմա էլ արձակուրդները, որոնք ամենևին էլ հանգստանալու համար չեն, այլ սովորելու ռուսերենի և գրականության երկար անգիրները, քիմիայի դասը, որին ես երբեմն անվանում եմ «գերմաներեն», քանի որ ոչ մի բառ չեմ հասկանում:

Առհասարակ, ձմռանն ամեն ինչ ծածկվում է սառնությամբ և տխրությամբ, և հենց սա է պատճառը, որ ես չեմ սիրում այս «գեղեցիկ» ձմեռը:

Հ.Գ. Թող ներեն ինձ բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են Ամանորն ու ձյունը:

Իշխանությունը սեփական միջոցներ չունի

Վերջերս մասնակցեցի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի տեղական ինքնակառավարման մասին դասընթացին և,  մտովի դասակարգելով ստացած գիտելիքներս, սկսեցի անհատական հետևություններ անել։ Զարմանում եմ, թե ինչքան  բան չգիտեի մինչ այդ, իսկ այժմ հարցնում եմ ձեզ՝
Իսկ դուք գիտեի՞ք, որ.

1. Հայաստանի 914 համայնքներում քաղաքացիները մեծամասնական ընտրակարգով ընտրում են ինքնակառավարման երկու մարմին՝ Ավագանի և համայնքապետ, բացառությամբ Երևանի, Գյումրու և Վանաձորի։ Այստեղ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, և ընտրվում է միայն Ավագանին, որն իր կազմից համայնքապետ է ընտրում։
Թյուրըմբռնում կա, որ մարզպետը, վարչապետը կամ պետական իշխանությունները համարվում են տեղական իշխանությունների վերադասը։ Ուշադրությու՛ն։ Համայնքապետը և Ավագանին չունեն վերադաս։

2. Հայաստանի բոլոր համայնքների բյուջեի հանրագումարը երկրի համախառն բյուջեում 2017թ.-ի դրությամբ եկամտային մասով կազմում է 10, 71%, որից 6,71%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ 3,94%-ը բախշվում է մնացած համայնքներին։
Որպես մարզաբնակ քաղաքացի, ես կարծում եմ, որ չնայած այս դրույթն օրինական է, այնուամենայնիվ, թերություններ և վերանայման կարիք ունի, քանի որ իրենից ներկայացնում է խտրականություն մարզերի և մայրաքաղաքի միջև։ Այդ է պատճառը, որ մարզերում դիտվում են մի շարք համայնքային խնդիրներ, որոնք, սակայն, չեն հարթվում համայնքի բյուջեի սակավության պատճառով (ճանապարհների անմխիթար վիճակ, քաղաքի լուսավորության, աղբահանության խնդիրներ…):

3. Ի տարբերություն մյուս համայնքների, Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետները նաև ավագանու անդամ են, ինչը նշանակում է, որ նիստերի ժամանակ (նիստերն անցկացվում են բաց և միայն ներկաների 2\3-ի որոշումով է այն փակ գումարվում) որոշում ընդունելիս վերջիններիս քվեները հաշվի են առնվում։ Կայացրած որոշումները պարտադիր հրապարակվում են։

4. Ավագանու հերթական նիստերից առաջ՝  7 օր շարունակ, համայնքի ղեկավարությունը պարտավոր է իրազեկել հանրությանը համացանցում համայնքի պաշտոնական էջում հայտարարության, ցուցանակների, ավագանու նստավայրում փակցված ծանուցման միջոցով։

5. Ավագանու լիազորությունների մեջ մտնում է հանրային մասնակցության կարգեր հաստատելը, այսինքն՝ համայնքապետին կից խորհրդակցական մարմնի ստեղծում, հանրային լսումների անցկացման կարգի հաստատում և քաղաքացիների ստորագրությամբ ավագանու որոշումների նախագծերի ներմուծում՝ ավագանու օրակարգ (մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքներում բնակչության 4%-ի, 1001-10000 բնակչությամբ համայնքներում 2%-ի, իսկ 10001-ից ավելի բնակչությամբ համայնքներում բնակչության 1%-ի ստորագրություններով)։
Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջական մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարմանը՝ չմոռանալով, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։

Այժմ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին նոր տեղեկությունների ստացումով՝ կարող ենք և պետք է վերահսկենք նրանց աշխատանքը, մասնակցություն ունենանք տեղական ինքնակառավարմանը և պահանջատեր լինենք՝ մտապահելով այս եզրույթը. «Իշխանությունը սեփական միջոցներ չունի, իշխանությունը միշտ օգտագործում է մեր միջոցները»։

Հիշողությունների ցուցահանդես-վաճառք

Վարորդը հարմար տեղավորվեց և գործի գցեց շարժիչը: Անձրևը չէր դադարել, աշնանային այդ օրը մի տեսակ շատ թաց էր, ասես մտածված չէր դադարում, ու ասես դա էությունները կապելու փորձ էր, ես հաստատ չգիտեմ: Ինչպես չգիտե՞մ՝ ինչո՞ւ պատուհանից չնայեցի այդ կնոջը՝ գոնե աչքերով նրան ուղեկցելու համար: Հավանաբար, դա կապված էր վերջին հայացքից ունեցածս վախի հետ: Դա այն վերջին հայացքն էր, որ քեզ հաշվետու էր դարձնում: Գուցե մի քանի քայլ ցեխոտ ճանապարհով անցնելուց հետո նա իր արցունքների հետ մաղվի ու վերջանա:

Տիկին, ես գիտեմ, որ Դուք սա երբեք չեք կարդա: Չնայած դրան՝ չեմ գրում Ձեր վերջին խոսքերն ու մահվան մասին Ձեր տեսակետը: Կգրեմ մի քանի բան ընդամենը՝ ոչ մեկին չնեղացնելու համար:

Որոշել էի հանգստյան օրերս անցկացնել հարազատներիցիս մեկի տանը ու գլուխս մի քանի օրով ազատել դասերի մասին մտածմունքներից: Շնչակտուր ինձ ներս գցեցի մեքենան և ուշացողի դժկամ հայացքս բոլորի վրա սահեցնելով հասկացա, որ ոտքի վրա պետք է անցնեմ ոչ երկար ճանապարհը: Այդ պահին մի երիտասարդ, միանգամայն գոհ իր արարքից, ոտքի կանգնեց, ու հայացքով առաջարկեց նստել: Շնորհակալություն ասացի ու նստեցի:

Շունչս դեռ տեղը չէր եկել, երբ վերջապես վարորդը հիշեց իր առաքելության մասին: Նկատեցի կողքիս նստած կնոջ պաղ հայացքը, որը կարծես մանրամասն ուսումնասիրում էր շրջապատը: Գուցե մտածում էր՝ ինչ գեղեցիկ է աշխարհը անձրևի տակ, կամ ինչու են մարդիկ սարսափահար փախչում ու թաքնվում անձրևից: Սկսեցի չդադարող անձրևի մասին մի քանի բան ասել, բայց նա ձևացրեց, թե չի լսում ու շարունակեց դուրս նայել պատուհանից: Փաստորեն, ես անգամ մի հայացքի չարժանացա: Ահ, իր գործն է:

Որոշեցի էլ հայացք չմուրալ ժլատ կնոջից ու ինքս իմ վրա թեթևակի բարկացած՝ աչքերս կախեցի: Մտածում էի՝ ինչպես կանցնեն այդ մի քանի օրերը, ու ես արդյո՞ք կկարողանամ վերջացնել ու ճիշտ ժամանակին վերադարձնել գրադարանից վերցրած գիրքը: Անձրևը շարունակում էր համառել:

-Սիրո՞ւմ ես անձրևը:

-Ոչ այնքան շատ:

-Ինչո՞ւ:

-Մի բան ինձ վանում է:

-Իսկ աղջիկս քո տարիքում շատ էր սիրում: Ուրիշ էր, շատ էր տարբերվում իր ընկերներից: Բայց հաճախ դրա համար նրան ապտակում էի:

Կանգ է առնում: Թույլ ժպիտով նայում ինձ ու շարունակում.

-Մի անգամ դասերի վերջանալուց մեկ ժամ ուշ եկավ տուն: Ամբողջովին թրջված էր, բայց բարձր տրամադրութամբ: Հարցրի՝ ինչու է ուշանում, երբ տանը այդքան գործ կա անելու: Հաջորդ օրը ծննդյանս օրն էր, ու հյուրեր էին գալու: Չպատասխանեց: Մի քանի անգամ էլ հարցրի, էլի չպատասխանեց, բարկացա ու ապտակեցի: Նա սկսեց լաց լինել, պայուսակից հանեց ինչ-որ գեղեցիկ փաթեթավորված տուփ ու տվեց ինձ: Հասկացա, որ ամեն ինչ փչացրի ու անտանելի վատ զգացի: Բայց դա ոչնչով չօգնեց. նա արցունքները սրբելով գնաց իր սենյակ: Մի քանի օր հետո նա չէր էլ հիշում՝ ինչ էր եղել այդ օրը: Չնայած՝ լավ էլ հիշում էր, ուղղակի կարողանում էր լավ ձևացնել: Ես այդ ապտակը երբեք չմոռացա: Ու գիտե՞ս, դա այն հիշողությունն է, որը ոչ մի կերպ իր սրությունը չի կորցնում, ամեն անգամ ծակում է:

Նա լռեց: Հոնքերը մոտեցան իրար, ձեռքը տարավ աչքերին, բայց չնկատեցի արցունքները: Գուցե էությունն էր լացում, դրա համար արցունքներ չկային: Այդքանով հիշողությունները չվերջացան: Թվում է՝ ամբողջ ճանապարհը, չդադարող անձրևը նրան հնարավորություն էին տվել ասելու տարիներ շարունակ իրեն տանջած խոսքերը, թվում էր՝ իր համար նշանակություն չուներ՝ ով կնստեր իր կողքին, նա, միևնույնն է, կխոսեր, նա կփորձեր հանգստանալ: Ինչևէ:

Զգացմունքները երբեք տառերի չեն վերածվելու, իսկ եթե ցանկանում ես վերածել, ուրեմն պետք է ժլատ գտնվես, որ քեզ էլ մի բան մնա, որ քո մութ խորքերում միշտ արձագանքի նրա ձայնը:

Շուտով հիշողությունների ճանապարհը վերջացավ, նա նայեց ինձ մի վերջին հայացքով: Չժպտաց: Կարծես գիտեր, որ տխրությունն իր դեմքին սազում է: Իջավ մեքենայից ու արագ կորավ մարդկանց մեջ: Ես, չգիտեմ՝ ինչու, չնայեցի նրա ուղղությամբ մի վերջին անգամ:

Տիկին, այժմ ինչքան կուզեի, որ այդ օրը անձրևոտ չլիներ, ու ես երբեք քեզ ժլատ անվանած չլինեի: