Քաղաքային բնանկար

maria chichakyan

Մոտիվացիա է պակասել

I will be waiting here,

For the grey sky to cry,

For your suspicions to die

For you to really try.

Կյանքում լինում են պահեր, որ պարտականություններդ ու երազանքներդ մերժում ես, բայց, եթե անկեղծ՝ մերժում ես ինքդ քեզ։ Պատճառը, թե ինչու դու հիմա չես աշխատում քո նպատակների վրա, կախված է քո զգացմունքներից, լավ, եթե դու չես ուզում արթնանալ, ապա՝ ո՞վ անի դա։

Կյանքում հստակ քայլերի մի պարզ մեխանիզմ կա, որը մեզ դարձնում է թերևս ավելի լավը, ու դրանից մեկը, անշուշտ, ընդունելն է, որ որևէ բան սխալ է քո մեջ, քեզ մոտ, քո գլխում ու մտքում։

Ամեն խնդրի մեջ թաքնված մի հնարավորություն կա։ Իզուր չի , որ ասվում է ՝ “When life gives you lemons, make lemonade”։ Երբ մեր կյանքում ամեն ինչ Բաբելոնյան աշտարակաշինության պես քարուքանդ է լինում, վերածվում Սոդոմ-Գոմորի, մենք մեր առջև պատի փոխարեն անգամ պարիսպ ենք կառուցում ու վստահաբար ասում, որ մենք մենակ էլ գլուխ կհանենք։ Իսկ եթե` չէ՞։

Իսկ եթե` չէ՞… Պետք է բռնել խնդրի հանգույցը ու կտրելու փոխարեն փորձել այնքան ջանասիրությամբ քանդել, որ վերջապես ուղղվի։ Նույնը մեր մտքերն են. մեր մտքերը կարիք ունեն քանդվել-հավաքվելու ՝ հասարակ փազլի պես։

Ամեն առավոտ հոգնած աչքերով, չհարդարված մազերով հայելու առաջ նայելիս պետք է հստակ պատկերացնես քեզ աշխարհը գրավելիս, հստակ ծրագրես, որ այսօր ավելի մոտ ես լինելու երազանքին, ավելի շատ սիրես քեզ։ Որովհետև դու ես դա, չէ՞։

Ինչպես հայտնի “Lucifer” սերիալի հերոսը՝ Լուցիֆերն էր,  ամեն վայրկյան պայքարում իր «հրեշի» հետ, նույնն էլ մենք ու ամեն օր։Մինչ հրեշին սպանելը պետք է հրեշի հետ ընկերություն անել, որովհետև դա էլ է քո մասնիկը։ Իսկ քո մասնիկները պիտի փշուրներից հավաքվեն ու դառնան այն, ինչ դու քեզ կդարձնես։

I will be waiting here

For the moments to pass,

For the memories to last,

For you to break that glass…

Ֆրանսիական օրագիր, մաս 6

Գիտեի՞ք, որ Նյու Յորքը ժամանակին Նոր Ամստերդամ են անվանել։ Ես էլ չգիտեի ու չէի էլ իմանա, եթե արագ հոլանդերեն խոսող նավաստու խոսքը չթարգմաներ ոչ այդքան արագ խոսող հորեղբայրս։ Բայց լավ, շատ առաջ չընկնեմ։

Սկսվեց մեր փարիզյան հերթական շաբաթը՝ վեցերորդը։ Սկսվեց սովորականի նման տրամվայ-RER-մետրո-մետրո-ոտք կոմբինացիայով, բայց այս անգամ նույն ձևով չշարունակվեց։

-Լա՞վ անցավ դեսպանի հետ հադիպումը,- հարցրեց բնիկ ֆրանսիացի Պասկալը։

-Դեսպանը չէր, համալսարանի ռեկտորն էր,- շարունակում էի ուղղել նրան։ -Բայց մի քիչ մոտ եք՝ վաղը դեսպանատուն եմ այցելելու։

-Օ՜, ինչ հայտնի ես այստեղ։ Դեսպանն անձամբ հրավիրել է դեսպանատուն։

-Երբեք դեսպանի չեմ հանդիպել,- ավելացրեց Վեղոնիկը։

-Էլի զգեստ ես հագնելու, չէ՞։

-Դե սա ավելի օպաշտոնական հանդիպում է։ Զգեստ չեմ հագնի այս անգամ։

-Էդ ինչու՞։ Ռեկտորի համար կհագնես, իսկ դեսպանի` ոչ։

Բարեբախտաբար հեռախոսը զանգեց, և հաշվապահն իր օգնականի հետ ստիպված էին շեղել իրենց ուշադրությունը դեպի ավելի «հետաքրքիր» թեմա։

Ինչպես արդեն հասկացաք, այս երեքշաբթի հրավիրված էինք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատուն, որտեղ մեզ դիմավորեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ պարոն Գևորգյանը։ Ջերմ զրույցներ, տպավորություններ աշխատավայրերից, համեղ քաղցրավենիք և ֆոտո դրոշի մոտ։ Կարճ ժամանակով մեզ տանը զգացինք։ Հաճելի էր, ինչ խոսք։

-Հը՞, ո՞նց անցավ երեկվա հանդիպումը,-Պասկալը կրկին չէր կարողանում հետաքրքրությունը թաքցնել։

-Լա՞վն էր դեսպանը։

-Քանի՞ հոգով էիք։

Այս երկուսի հարցերի շարանն ավարտ չունի։ Սակայն բախտս միշտ բերում է, ու կամ հեռախոսը կամ էլ արտահանման բաժինն ինձ փրկում են։ Երևի դրա համար եմ այդքան սիրում այդ երկուսին, հատկապես երկրորդին։

Ամենասկզբում երևի մտածեցիք՝ էլի Ամստերդամ ենք գնացել։ Լավ կլիներ, իհարկե, ավելի լավ եղանակով տեսնել այդ քաղաքը։ Տեսնել, ոչ թե վազել մինչև մոտակա ծածկը։ Սակայն այս շաբաթ ոչ ես, ոչ Մարիամը, ոչ էլ Անուշը միասին չէինք հանգստյան օրերին։

Մարիամի պլանների մեջ էր` հասցնել Ռոդենի և Պիկասոյի թանգարաններ, իսկ ես ու Անուշը հանգստյան օրերը նվիրեցինք ընտանիքին։ Անուշի՝ ջրահարսի հուշարձանի նկարներից կհասկանաք, թե որ քաղաք է այցելել (դե բոլորիս հայտնի Անդերսենի քաղաքը՝ Կոպենհագեն)։

Իսկ ես առավոտյան ուսապարկիս ծանրությունից մի կերպ հավասարակշռություն պահելով հասա կայարան։ Գնացք, պատուհանի մոտ տեղ ու 2,5 ժամ ու 2 րոպե ճանապարհ։ Հասա Անտվերպենի կայարան, որը նման չէր իմ տեսած և ոչ մի կայարանի։ Փարիզում նման մի կայարան պատկերասրահի են վերածել։ Իսկ այստեղ սա իսկապես գործող շենք է, 5 հարկ և ավել, որտեղից ամեն ժամ և րոպե գնացքներն ուղևորներ են տեղափոխում մի երկրից մյուսը։ Աննկարագրելի է։ Բայց գեղեցկությամբ հիանալու ժամանակ չկար․ պետք էր մի կերպ դուրս գալ այստեղից։ Եվ հենց այդ պահին ես հակացա, որ գտնվում եմ Բելգիայի հոլանդական մասում։ Լիովին անծանոթ մի լեզու, որը նույնիսկ մոտավոր չեմ հասկանում։ Հասա ինֆո կենտրոն, կոտրտած ֆրանսերեն բելգիական ոճով, և ահա ելքը։ Հայացք աջ, հայացք ձախ։ Մի հատ էլ հայացք աջ․ տեսա ինձ այդքան հեռու, բայց միաժամանակ այնքան մոտ երեքին: Հենց այս երեքն էին այսքան անհամբեր սպասել այս պահին։ Եվ հենց այս երեքն էլ երեք օրից այս նույն վայրից ինձ կասեն «Աստված քեզ հետ, մինչ նոր հանդիպում»։

goharpetrsoyanervn

Կրակայրիչս

Դուք հաճախ էիք կասկածում իմ կրակայրիչի վրա. մի փոքր բանը ինչպե՞ս ի վիճակի կլիներ հրդեհելու շա՜տ բաներ:

Ես սիրում եմ կրակայրիչս: Ես հաճույքով եմ դրանով այրում ամեն բան. բարք ու վարք, բառեր, բաներ, բամբասանքներ ու բամբասողներ: Այնքա՜ն բան կա այս կյանքում վառելու:
Դուք հաճախ էիք կասկածում իմ կրակայրիչի վրա. մի փոքր բանը ինչպե՞ս ի վիճակի կլիներ հրդեհելու շա՜տ բաներ: Դե հա, ոնց հասկացաք, ես շատ եմ օգտագործում «բան» բառը: Դրանք այնքան շատ են: «Բան»-ը իրականում փուչ բառ է, երևույթ, որ չունի իրեն բնութագրող անուն, հատկանիշ, կարծես փուչիկ լինի՝ լցված օդով: Դուք նույնպես փուչիկ եք, որոնց ես մեծ հաճույքով այրում եմ: Չէ՜, կներեք, հրկիզում եմ անխղճորեն: Դուք հաճախ էիք ձեր «բան»-երով փորձում ինքնահաստատվել, ձեր «բան»-երով փորձում ճանապարհս բարդացնել, մեջիս փոքրիկ կրակը մարել, բայց դե ինչպես տեսաք՝ փոքրիկ կրակն այսօր կրակայրիչ դարձավ ու հրկիզեց ձեր «բան»-երը:
Վստահ եմ, որ հիմա հասկանում եք, թե ինչ բան է բարդությունը, երբ այն խեղդված է սեփական «բան»-երով: Գիտեք, դատարկ փուչիկը, որը լցված է օդով, ոչ թե կարող է մարել կրակը, այլ ավելի թեժացնել այն: Բայց ավելի քան թեժանում է, երբ դրան ավելանում են թունավոր գազերով լցված փուչիկները: Է՜խ… Ձեր նախանձը: Ինձ հոգնեցրին չակերտներս, ինչպես որ հոգնեցրել և ձանձրացրել են ձեր չստացված խոսքերով լցված փուչիկները, որոնք ի վնաս ձեզ եղան: Դուք կասկածու՞մ էիք, ինձանից հեռու ինչ-որ չստացված վայրերում փորձում էիք շտկե՞լ և թո՞զ փչել ձեր չստացվածության վրա: Ցավում եմ, բայց չստացվեց… Իմ կրակը դեռ բոցեր և հրդեհներ է առաջացնելու, որպիսին միայն արևի վրա տեսնել կարելի է, բայց այն հաստատ ձեզ չի ջերմացնելու:

Ձմեռը վատ եղանակ չէ, բայց ոչ ամռան երազկոտությունից հետո: Երազկոտնե՜րս, ձեր երազկոտությունը ինձ  միայն ու միայն առաջ է մղում: Շարունակեք երազել, ինչպես փուչիկը կերազեր լցված լինել  հելիումով և օդ բարձրանալ: Ցավոք, մի հելիում էլ ձեզ չհասավ:
Ես սիրում եմ կրակայրիչս: Ես հաճույքով եմ դրանով այրում ամեն բան. բարք ու վարք, բառեր, բաներ, բամբասանքներ ու բամբասողներ: Այնքա՜ն բան կա այս կյանքում վառելու: Կներեք, թե այրվածքները շատ ցավոտ են…

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Կյանքի մեկ րոպե. Անմահները

-Ափսոս, որ չեք կարող ծանոթանալ իմ ընկերոջ հետ: Հոյակապ տղա էր, բոլորը նրան շատ սիրում էին: Գիտե՞ք, այդպիսի մարդիկ կան, որ թշնամիներ չեն ունենում: Այսինքն` ոչ թե չեն ունենում, որովհետև խեղճ են, կամ ոչ մեկի չեն հետաքրքրում, այլ ուղղակի բոլորը նրանց հավանում են և ուզում են այդպիսի ընկեր ունենալ: Նա էլ հենց այդպիսի մարդկանցից էր. բոլորի հետ կարող էր ընդհանուր լեզու գտնել:

Եթե ես ինչ-որ դժվար իրավիճակում էի հայտնվում, կամ ուղղակի ուզում էի ինչ-որ մի բանով մեկի հետ կիսվել, միշտ նրա հետ էի զրուցում: Դե, գիտեք էլի, բաներ կան, որ ծնողներին չես պատմի: Այսինքն` հիմնականում ծնողներին աշխատում ես ոչինչ էլ չպատմել, ճիշտ չե՞մ ասում: Այդ դեպքերում գնում էի ընկերոջս մոտ: Նա շատ յուրահատուկ բնավորություն ուներ. նույնիսկ եթե ինչ-որ բան լավ չէր հասկանում, միևնույն է, կարողանում էր շատ օգտակար խորհուրդ տալ, կամ այնպես ոգևորել, որ հասկանում էիր` քեզ տանջող խնդիրը դատարկ բան է:

Հետո` խաղերից էր շատ լավ գլուխ հանում: Համակարգչային խաղերից նկատի ունեմ: Մեր քաղաքում դա միակ հետաքրքիր զբաղմունքն է, ուրիշ անելու շատ բան չունենք: Միասին ժամերով կարող էինք խաղալ, նա համարյա միշտ հաղթում էր: Եթե ինչ-որ դժվար մակարդակի էի հասնում ու չէի կարողանում խաղալ, միշտ նրան էի կանչում օգնության: Որ հարցնում էի` ինչպես ես այդքան լավ խաղում, որ մեզ չեն սպանում, միշտ ասում էր` որովհետև մենք անմահ ենք:

Ես նրա գերեզմանին հաճախ եմ այցելում: Նայեք, փոշին նոր է մաքրած: Երևի իր մայրն է եկել առավոտյան: Նա ամեն օր գալիս է այստեղ, ես աշխատում եմ ուշ ժամերի գալ: Ամաչում եմ նրանից, որ տեսնում եմ` չգիտեմ, թե ինչ ասեմ:

Երբ կռիվները սկսվեցին, ես վստահ էի, որ մեզ հետ ոչինչ չի լինի: Վստահ էի, որովհետև դրանք մեր հարևաններն էին: Պատկերացրեք` ձեր կողքի տանն ապրող մարդիկ մի օր գան ու հարձակվեն ձեզ վրա: Հիշում եմ` քեռիս եկել` համոզում էր, որ փախնենք: Փախեք այստեղից, փախեք, ասում էր: Բայց չփախանք: Ընկերոջս ընտանիքն էլ չփախավ: Ո՞ւր փախնեինք, ամբողջ կյանքում այստեղ ենք ապրել:

Սկզբում շատ էի ուզում վրեժ լուծել: Ուղղակի մեռնում էի, ուրիշ բանի մասին չէի կարող մտածել: Գիտեի, որ ինձ էլ կսպանեն, բայց դա ինձ շատ չէր հետաքրքրում: Բայց հետո հասկացա, որ այդ ամեն ինչը հիմարություն է:

Ի՞նչ ծաղիկներ: Մենք ծաղիկներ չենք դնում գերեզմանին: Դուք քրիստոնյա՞ եք: Տեսնո՞ւմ եք, այդ պատճառով էլ չգիտեք: Մահմեդականները գերեզմաններին ոչինչ չեն դնում: Նայեք շուրջը, գերեզմաններից ոչ մեկի վրա ծաղիկ չկա: Մեր շիրմաքարերին նկարներ էլ չկան: Միայն անունն է գրած, ու վերջ: Մարդիկ գալիս են այստեղ, աղոթում ու գնում են: Մենք մարդկանց մեր մտքում ենք պահում, ոչ թե նկարներում ու ծաղիկներում: Միայն սա եմ բերել ծրարով` մեր սիրած խաղն էր: Բայց շիրմաքարի վրա չեմ դնի, այս քարին կդնեմ: Մտածեցի` բերեմ, թողնեմ իր մոտ: Չգիտեմ` ինչի համար, ուղղակի, էլի: Ես մի հատ էլ ունեմ, թող այս մեկն էլ այստեղ մնա: Բացի այդ` ես ուզում եմ գնալ Ամերիկա` սովորելու, իսկ այնտեղ խաղեր շատ կլինեն: Ամերիկայում եղե՞լ եք: Իսկ ես մեր քաղաքից բացի ուրիշ տեղ դեռ չեմ եղել: Բայց անպայման կգնամ սովորելու, եղբայրս խոստացել է, որ կօգնի: Սցենարիստ պետք է դառնամ: Ու կդառնամ, դա դժվար չէ, ես արդեն մի քանի սցենար ունեմ գրած: Կսովորեմ ու կդառնամ հայտնի սցենարիստ, Հոլիվուդում կաշխատեմ: Դա խաղի պես է` անընդհատ փորձում ես, մինչև ստացվի, ու կարևոր չէ, թե քանի անգամ քեզ կսպանեն, չէ՞: Որովհետև մենք անմահ ենք:

 

Խոջիագբար, 17 տարեկան: Ղրղզստանի Օշ քաղաքում տեղի ունեցած միջէթնիկ բախումների ժամանակ այրել են մտերիմ ընկերոջն ու սպանել են բազմաթիվ ազգակիցների:

«Թատրոնն անընդմեջ ստեղծագործական ընթացք է». Երվանդ Մանարյանի հիշատակին

-Մենք կարդացել ենք, որ Դուք ծնվել եք Իրանում և Հայաստան եք գաղթել երիտասարդ հասակում: Գաղթելու որոշումն ու՞մն էր, Հայաստանը Ձեզ դուր եկա՞վ, հե՞շտ էր արդյոք հարմարվել Հայաստանի պայմաններին:

-Գաղթել եմ 21 տարեկան հասակում: Հայաստանը սկզբից էլ ինձ շատ դուր եկավ: Աստված մարդուն այդպես է ստեղծել, նա պետք է հայրենիք ունենա, որտեղ նրա պապերն ու պապերի պապերն են ապրել: Պարսկաստանում մենք շատ լավ էինք ապրում, պարսիկները շատ լավ մարդիկ են: Մեզ միշտ լավ են վերաբերվել, ուղղակի նրանք տան տերերն էին, դա էր միակ տարբերությունը: Մենք հյուր էինք, նրանք մեզ լավ էին վերաբերվում, բայց ուզում էինք մերն ունենալ: Եկանք Հայաստան և ունեցանք հայրենիք: Դժվարությունները չափազանց շատ էին: Երիտասարդը հենց դրանով է լավ, որ դժվարությունները հաղթահարել կարողանում է, չի նկատում դրանք: Միշտ եղել եմ Հայաստանում, լքել եմ միայն զինվորական ծառայության ժամանակ և մի քանի անգամ աշխատանքային գործուղումների պատճառով:

-Ինչու՞ որոշեցիք ընդունվել թատերական ինստիտուտ:

-Ծնողներս դերասաններ էին: Եվ հայրս, և մայրս պարսկահայ բեմի գործիչներ էին: Մորաքույրս այստեղ էր ապրում: Վանաձորի թատրոնում էր աշխատում, հանրապետության ժողովրդական արտիստուհի էր: Այդ միջավայրում եմ ես մեծացել, հակումներ էլ կային: Շատ լավ բան է դերասանությունը: Թատրոնը և ուրախ տեղ է, և շատ պատասխանատու: Օրինակ` երբ նստած են երեխաները և ներկայացում են նայում, շատ հեշտ է նրանց ապակողմնորոշել, սովորեցնել այնպիսի բաներ, որ հետագայում իրենց պետք չի գա, կամ կխանգարի: Այդ առումով շատ պատասխանատու բան է թատրոնը:

-Կպատմե՞ք ձեր ուսանողական տարիներից մի հատված, որը վառ է մնացել ձեր հիշողության մեջ:

-Իմ երիտասարդության տարիների բոլոր հիշողությունները ես աշխատում եմ շատ վառ պահել մտքումս: Աշխատում եմ չմոռանալ և լավ, և վատ դեպքերը: Կյանքը այսպես է. և դառնություններ են լինում, և ուրախություններ: Դրանք բոլորը քոնն են, ավելի շատ ինքդ պետք է կողմնորոշվես, թե որը շարունակես, որից հրաժարվես: Դժվար բան է, բայց լավ է, երբ արդեն կյանքիդ երկրորդ կեսն է սկսվում, և հետ նայելով տեսնում ես, որ վատ բաներն ավելի քիչ են: Պետք է սովորել դժվարություններին, իմանալ, որ դու ունես քո կեցվածքը և ինքդ քեզ պետք է չդավաճանես, չխաբես: Դա է ամենակարևորը: Եթե ինքդ քեզ խաբեցիր, գործերդ շատ վատ կգնան, զղջալուդ ժամանակը շատ շուտ վրա կհասնի, իսկ ուղղել հնարավոր չի լինի այլևս, որովհետև Աստված ոչ մեկին հնարավորություն չի տալիս ամեն ինչ նորից սկսել:

-Մենք գիտենք, որ Դուք աշխատել եք թե Պարոնյանում, թե Սունդուկյանում, որոնք ժանրային առումով շատ տարբեր թատրոններ են: Որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգացել: 

-Սունդուկյանում իմ աշխատանքը այլ բնույթի էր: Վարդան Աճեմյանը թատրոնի տնօրենն էր, իսկ ես` նրա ասիստենտը: Դա ուրիշ տեսակի աշխատանք է: Այդտեղ մի հետաքրքիր դեպք պատահեց: Այն ժամանակ այսպես էր` կենտրոնական կոմիտեից պետք է գային, ներկայացումը դիտեին և հավանություն տային, մանավանդ եթե ժամանակակից պիես ես բեմադրում: Այսինքն քո թատրոնի համար գրված պիես է, քո ժամանակի մասին: Բեմադրում էինք կոլխոզի գյուղական ակումբի մասին ինչ-որ պիես: Եվ մի տեսարան կար, որ պետք է զուռնա-դհոլ մտներ բեմ: Երբ եկավ այդ պահը, ես շատ մեծ ոգևորությամբ երաժիշտներին (դրսից եկած երաժիշտներ էին) նշան արեցի, որ դուրս գան բեմ, իրենք էլ ոգևորված միանգամից զուռնան փչեցին և շատ բարձր երաժշտությամբ դուրս եկան բեմ: Շփոթություն առաջացավ և բեմի վրա, և դահլիճում: Առաջին քարտուղար Թովմասյանը շատ վրդովվեց, Աճեմյանի հետ ծանր խոսակցություն ունեցավ: Արդյունքում ներկայացումն արգելեցին: Մոտ մի ամիս անցավ, որպեսզի նորից թույլ տային, ուղղակի երաժշտությունը մի քիչ մեղմ պիտի բեմադրվեր: Նման դեպքեր շատ են պատահել:

Թատրոնի աշխատանքը ինձ համար շատ հետաքրքիր աշխատանք է: Ամեն կերպար մի մարդ է, իսկ թատրոնում աշխատող դերասանը քանի կերպար է կերտում, այդքան մարդ է ներկայացնում հասարակությանը: Դա բարդ աշխատանք է: Լուրջ աշխատանք է կատարվում և, երբ հասարակությունը որևէ դերասանի հավանում է, ի վերջո նրա համակրանքը կանգնում է այն դերասանի վրա, ով կարողանում է կյանքը ճիշտ ներկայացնել: Սուտը հետք չի թողնում, իսկ ճշմարտությունը` ներկայացված ուրախ, կամ տխուր տարբերակով, հետք թողնում է:

-Դուք աշխատել եք և թատրոնում, և կինոյում: Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Թատրոնը: Թատրոնը արվեստի որևէ այլ ճյուղի հետ դժվար է համեմատել: Կինոյում ինչ-որ դեր են հանձնարարում, կատարում ես: Եթե ռեժիսորը չի հավանում, նորից ես փորձում: Սկզբունքը դա է, և դերասանը ներքին զգացողություն ունի, գիտի, որ եթե սխալ բան արեց, հնարավոր է ուղղել: Իսկ թատրոնում հնարավոր չէ ուղղել: Դուրս եկար բեմ` վերջ: Հանդիսատեսը` նստած, լույսերը` մարած, և բոլորը սպասում են, թե դու ինչ պիտի անես: Եվ դու պիտի անես այն ամենն, ինչ կարող ես, ինչ ճիշտ ես գտնում: Պատասխանատվությունը շատ մեծ է: Թատրոնում աշխատանքը անընդմեջ ստեղծագործական ընթացք է, որը ընդհատումների ենթակա չէ:

-Ե՞րբ որոշեցիք դառնալ դերասան:

-Ես աչքերս բաց անելու պահից սկսած դերասանություն եմ տեսել: Երբ ես և եղբայրս փոքր էինք, դերասանները գալիս, մեր տանն էին փորձերն անում, մենք էլ դիտում էինք: Այդ ժամանակվանից արդեն որոշել էինք դառնալ դերասան: Հայաստան գաղթելիս ես ծնողներիցս մի քանի ամիս առաջ եմ եկել, և դրվածքն այնպես էր, որ ես կարող էի էլ չտեսնել նրանց: Հայրս վատառողջ էր, ինձ խնդրեց, որ անեմ` ինչ ուզում եմ, միայն թե թատրոնի հետ գործ չունենամ, որովհետև դերասան մարդը, ընդհանրապես, շատ է տուժում: Արտաքինից միայն ուրախությունն է երևում, բայց իրականում այսպես չի, ծանր կյանքով է ապրում թատրոնի մարդը: Ես այստեղ ընդունվեցի համալսարան և իմանալով, որ թատերական խմբակ կա, ցանկացա մասնակցել: Մի քանի անգամ մտա ռեկտորի` Հրաչիկ Բունիաթյանի մոտ, որ հարցնեմ, թե երբ է սկսվելու խմբակի աշխատանքը: Ըստ երևույթին, նա հասկացավ, որ ես սխալ, պարտադրված ընտրություն եմ կատարել: Երբ նույն խնդրանքով երրորդ անգամ մտա նրա մոտ, իմ ներկայությամբ զանգեց թատերական ինստիտուտի ռեկտորին և ասաց, որ Պարսկաստանից մի երիտասարդ սխալմամբ իր մոտ է եկել, պիտի նրա մոտ գնար: Եվ ինձ ուղարկեց թատերական ինստիտուտ: Գնացի ռեժիսուրայի ֆակուլտետը: Իմ շրջապատում ես միակն էի, որ ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվեցի: Իմ մյուս Պարսկաստանից եկած ընկերները` Զարեհ Տեր-Կարապետյանը, Հայկ Վարդանյանը և Իշխան Ղարիբյանը, դերասանականում էին: Ավարտելուց հետո երկար աշխատել եմ Գորիսի թատրոնում: Երբ առիթ եղավ Սունդուկյանում ասիստենտ աշխատելու, իսկ հետագայում նաև տիկնիկային թատրոնը գլխավորելու, ես անմիջապես ընդունեցի այս առաջարկը: Գնացի և մնացի այդ արվեստի ասպարեզում մինչ այսօր: Այս ասպարեզը շատ բարդ է, որովհետև երեխային խաբելը հանցագործություն է, իսկ նրան ընդառաջ չգնալը` անհնար: Շատ հետաքրքիր է նաև նրանով, որ երեխա հանդիսատեսը եկել է թատրոն և պետք է դիտի ներկայացումը: Ինչ էլ եղած լինի, նրան հետաքրքիր չէ: Նա եկել է, և դու պետք է բեմադրես այն, ինչ ուզում է նա տեսնել:

-Դուք աշխատել եք որպես դերասան, ռեժիսոր և սցենարիստ: Ո՞ր աշխատանքն է Ձեզ ավելի դուր գալիս:

-Իհարկե, դերասանի աշխատանքը հիմնական աշխատանքն է: Եթե դերասանը չլինի, մյուս բաներն ավելորդ են: Դրամատուրգը գրում է պիես, բայց դերասան չկա, որ խաղա, պիեսն արդեն ավելորդ է: Թատերական ինստիտուտի մեր դասախոսներից մեկի` Լևոն Քալանթարի, իր ուսանողների հետ ունեցած հենց առաջին զրույցը այդ մասին էր: Օրինակ բերեց այսպես` ասենք թե Մոսկվայից մի խումբ պիտի գա ներկայացում խաղալու: Խումբը առանձին մեքենայով է գալիս, իսկ դեկորները և մյուս պարագաները` այլ: Ճանապարհին ինչ-որ բան է պատահում, և դեկորները տեղ չեն հասնում: Դերասաները կան, մի բան խաղում են, և հանդիսատեսը դա տեսնում է: Ասենք թե հակառակն է լինում: Դեկորները գալիս են, իսկ դերասանները չկան: Ո՞վ պիտի խաղա: Ներկայացումը չի կայանում:

Այս փոխհարաբերությունը, այս դրվածքը թատրոնում զգալի երևում է: Երբ դերասան ես, դու զգում ես, որ դու ես պատասխանատուն, հանդիսատեսի և դրամատուրգի, բեմադրիչի միջև կապը: Եթե դու չլինես, հանդիսատեսը չի գա, նստի դահլիճում:

Դերասանությունը մեր ժողովրդին շատ վաղուց է ծանոթ: Մովսես Խորենացին նկարագրում է, որ բամբիռը ուսներին գցած, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք էին շրջում ստեղծագործողները և երգով, պարով ինչ-որ բան էին ներկայացնում: Դա հենց դերասանությունն է: Եվ դա առավել տարածված է եղել Ագուլիսի, Նախիջևանի շրջաններում: Իսկ եթե հայրդ արմատապես այդ շրջաններից է, քեզ կարող է թվալ, ինչպես ինձ է թվացել, որ իմ նախնիներից մեկը այդպիսի մարդ է եղել: Նա թափառել է գյուղից գյուղ, որովհետև ինձ հետ շատ հաճախ է պատահել, որ, ունենալով իմ հիմնական աշխատանքը Երևանում, թողել գնացել եմ շրջանային թատրոն: Շրջանային թատրոնում հետաքրքիր է շատ, որովհետև շրջում ես գյուղից գյուղ, ավանից ավան: Շաբաթը մեկ անգամ ներկայացում ես բեմադրում Գորիսում, իսկ մյուս օրերը` գյուղերում: Իսկ գյուղերում ներկայացում բեմադրելը շատ հետաքրքիր է, որովհետև այնտեղի հանդիսատեսը շատ անկեղծ, լավ հանդիսատես է: Նրան թվում է, որ այն, ինչ դու բեմի վրա ցույց ես տալիս, իրականում տեղի է ունենում:

Դերասանի մասնագիտությունը նաև շատ հետաքրքիր է նրանով, որ դու ցույց ես տալիս տարբեր կերպարներ: Ուրիշ ոչ մի մասնագիտություն այդ հնարավորությունը չունի:

-Դուք աշխատել եք Ձեր եղբոր հետ: Տարաձայնություններ ունենու՞մ էիք, արդյոք դժվար չէ՞ր: 

-Տարաձայնություններ շատ հաճախ էինք ունենում: Եթե դու քո գործին նվիրված մարդ ես, կատարում ես այն, ինչ քեզ է Աստված տվել: Դու քո ցանկություններն ունես, իսկ եղբայրդ` իրենը: Չես կարող նրան ընդառաջ գնալով մի տեսարան գրել, որը գիտես, որ պետք չէ: Պետք է գալ ընդհանուր հայտարարի, գտնել ոսկե միջինը և ստեղծել: Երբ այդպես չես վարվում, խոտան ես ստեղծում: Իսկ հանդիսատեսը անմիջապես նկատում է խոտանը: Դեպքեր են լինում, որ ֆիլմը նկարելուց հետո հանդիսատես չի լինում: Իսկ պատճառն այն է, որ անկեղծ չէր: Հետաքրքիր է միշտ անկեղծությունը:

-Ինչո՞ւ թատրոնը որոշեցիք անվանել «Ագուլիս»:

-Ծնողներս Ագուլիսից են: Ագուլիսը առայժմ մեզնից հեռացած շրջան է, բայց դա մեր Գողթան գավառի շեն կենտրոններից մեկն է եղել: Ցանկացա այդպես անվանել թատրոնը:

-Ինչու՞ որոշեցիք հիմնել հենց տինկինային թատրոն, ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց «Ագուլիսը»:

-Տիկնիկային թատրոնում դու ես ամեն ինչն անում: Դա շատ հետաքրքիր գործ է: Ամենամեծ թատրոնում, ենթադրենք, կա հիսուն կամ վաթսուն դերասան, որոնք կարող են ստեղծել երկու հարյուր, կամ երեք հարյուր կերպար: Իսկ տիկնիկային թատրոնում, եթե պետք լինի, կարող ես հազար կերպար ստեղծել: Տարբերությունը դա է: Մի բան է, երբ դու խաղում ես և տեսնում ես քո հանդիսատեսին, մեկ այլ բան, երբ դու զգում ես նրան: Շատ հետաքրքիր պրոցես է, երբ ձեռքդ բարձրացրած տիկնիկին ես խաղացնում և չես տեսնում հանդիսատեսին, այլ զգում ես նրան: Տիկնիկային թատրոնի դերասանի ամբողջ էությունը գալիս, մատների ծայրին է հավաքվում: Ընդհանրապես, ստեղծագործական առումով, տիկնիկային արվեստը շատ հետաքրքիր արվեստ է, հանդիսատեսին շատ բան կարող է ասել:

-Դուք աշխատել եք շատ դերասանների հետ: Արդյոք դժվար չէ՞ր նրանց հետ լեզու գտնել:

-Դերասանների հետ լեզու գտնելը շատ դժվար բան է: Նրանցից յուրաքանչյուրն անհատականություն է: Որքան էլ տարօրինակ է, հետաքրքիր է աշխատել այն դերասանի հետ, որը վիճում է: Ասածներդ կատարող դերասանը հետաքրքիր չէ, իսկ վիճողը` շատ հետաքրքիր է, իհարկե, դա էլ իր չափը պիտի ունենա: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում մի դերասան ունեինք` Պավլոս անունով: Նա տիկնիկային արվեստի մեծ երախտավորներից էր, հայրենադարձ էր: Բեմադրում էինք «Ակամա երաժիշտները»,  ինքը էշի դերակատարն էր: Փորձի ընթացքում ինչ-որ բան արեց, չհավանեցի,  դիտողություն արեցի: Չընկալեց, կամ չցանկացավ անել: Վիճեցինք, կերպարը ստեղծվեց վիճելու պրոցեսում, ի վերջո ես կարգադրեցի: Ասացի` ես կարգադրում եմ, որ սա այսպես պետք է անես: Վեճը վերջացավ: Սկսվել է ներկայացումը, նայում եմ, այդ տեսարանից հետո ինչ-որ անիմաստ դադար կա: Գնացի բեմի հետևը, հետաքրքրվեցի: Վիրաբ Հարությունյանից, ով թատրոնի տեր-տնօրենն էր, հարցրեցի, թե ինչո՞ւ է այդ տեսարանում անհարկի դադար: Ասաց, որ ես եմ մեղավոր: Ես Պավլոսին դիտողություն եմ արել, նա այդ դիտողությունը չի ընդունել և ամեն անգամ այդ խոսքերն ասելուց հետո, ցածրաձայն ասում է. «Այսպես է կարգադրել գլխավոր ռեժիսոր Երվանդ Մանարյանը»:  Շատ հետաքրքիր անձնավորություն էր Պավլոսը:

-Մեր հասարակության մեջ այժմ շատ հաճախ է հանդիպում անտարբերությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում անտարբերությանը:

-Չեմ սիրում անտարբեր մարդկանց: Նրանց հետ չես կարող վստահ աշխատել: Հետաքրքիր մարդիկ չեն: Քաղաքացիական կեցվածք ունեցող մարդանց հետ շատ հետաքրքիր է գործ ունենալ, թեկուզ, եթե հակոտնյա դիրքերում կանգնած լինեք:

-Դուք ակտիվ քաղաքացի եք, ինչու՞ երբևէ չեք զբաղվել քաղաքականությամբ:

-Քաղաքականությամբ զբաղվելը շատ լուրջ մասնագիտություն է: Քաղաքականությամբ զբաղվել` այսինքն, դառնալ քաղաքական գործի՞չ: Չէ, պետք չի, ես դերասան եմ, ես թատրոնի մարդ եմ: Բայց, իհարկե, որպես քաղաքացի անտարբեր չեմ: Երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան իմ կարծիքով սխալ է, ասում եմ դա: Երբեմն էլ գնում եմ հանրահավաքների, ելույթ եմ ունենում: Կարծում եմ, որ դա ճիշտ է: Իմ ընկերներից ոմանք կարծում են, որ պետք չէ դերասանը մասնակցի քաղաքական կյանքին, իսկ ես գտնում եմ, որ իրենք սխալ են, ես եմ ճիշտ: Ամեն մեկս մեր դիրքորոշումն ունենք:

Հարցազրույցը գրի առավ` Մարիամ Նալբանդյանը

2013թ.