lilit vardanyan

Գարնանային արձակուրդներ

Երբեք չեմ սիրել գարնանային արձակուրդները: Արդեն ուսումնական տարվա ավարտն է: Մնացել է երկու ամիս: Էլ ի՞նչ իմաստ ունի մեկ շաբաթ հանգստանալը: Երբ ես դպրոց էի գնում, գարնանային արձակուրդներից հետո ալարում էի գնալ դասի ու դաս անել: Հետո էլ գարնանը սկսվում էին վարակները, արձակուրդները երկարացնում էին, հետո էլ ասում՝ շաբաթը վեց օր գնացեք դասի, կամ էլ շաբաթվա մեջ ամեն օր ութ դասաժամ արեք:

Հիմա ես քոլեջում եմ սովորում: Մենք չունենք այդ անիմաստ արձակուրդները: Տարվա վերջ է, բայց ես լավ էլ դիմանում եմ դասերին: Եվս մեկ առավելություն՝ կիրակի Զատիկ է, իսկ երկուշաբթի՝ ոչ աշխատանքային օր: Բոլոր դպրոցականները շաբաթ օրը գնալու են դասի, իսկ մեր քոլեջում այդ օրն էլ դաս չկա: Այդպիսի արձակուրդներին ես դեմ չեմ:

elza zohrabyan

Ճանապարհին

Միշտ, երբ քայլում եմ փողոցով, տեսնում եմ ինչ-որ ծանոթի, որին ոչ ուզում էի տեսնել, ոչ էլ սպասում էի, որ կհանդիպեմ իրեն: Մի կերպ փորձում եմ շրջանցել այդ մարդուն և ստիպված գնում եմ ավելի երկար ճանապարհով, միայն թե այդ մարդը չտեսնի ինձ, չմոտենա, չբարևի, չհարցնի՝ ինչպես եմ, և չասի, թե ինչքան եմ բոյովացել: Միակ բանը, որ այդ պահին հանգստացնում է, այն է, որ ավելի երկար ճանապարհին է գտնվում իմ ամենասիրած նկարչական խանութը, և ես կարող եմ մտնել և տեսնել, թե ինչ նոր իրեր կան այնտեղ: Հետո շարունակում եմ ճանապարհս, և երբ անցնում եմ նոր կառուցվող շենքի մոտով, սկսում եմ փռշտալ․փոշուց ալերգիայի հետևանքն է: Եվ հաճախ, երբ զբոսնում եմ ընկերներիս հետ, նրանք սկսում են հաշվել, թե քանի անգամ եմ փռշտացել։ Այդ պատճառով միշտ մոտս ունենում եմ ալերգիայի դեմ դեղ, խմում եմ և շարունակում ճանապարհս:

Միշտ տեսնում եմ մարդկանց, որոնք փողոցում նվագում են։ Այդ ձայնն ինձ այնքան հաճելի է, որ ուզում եմ ուղղակի նստել և լսել, բայց ինչպես միշտ, այս ամենն էլ ինչ-որ մեկը պետք է փչացնի: Հիմնականում դրանք այն մարդիկ են, որոնք ամբողջ փողոցով շատ բարձր բղավում են միմյանց վրա, կամ հեծանվորդները, որոնք փողոցում մարդկանց միջով երթևեկում են, և թվում է, թե ամեն վայրկյան վրայովդ կարող են անցնել: Մի կերպ այդ հեծանվորդների միջից դուրս գալով՝ հասնում եմ այնտեղ, որտեղ կարող եմ այդ ամենից կտրվել․ «Մանանա»։

zara torosyan

Երբ է գարունը գալիս

Վաղ առավոտյան արթնացա տատիկիս բարկացած ձայնից: Ջղայնանում էր, որ ինչպես միշտ, ես ու եղբայրս երկար ենք քնել, և չենք հասցնի պատրաստվել: Սկզբում չէի հասկանում` ինչին չենք հասցնի, բայց հետո արևի շողերն ընկան աչքերիս, և հիշեցի, որ ամեն տարի, երբ արևը դուրս է գալիս, մենք գնում ենք ամառանոց: Արագ պատրաստվեցինք, դուրս եկանք, և ի վերջո, տեղ հասանք: Ամառանոց մտնելուն պես միանգամից բոլորն անցան աշխատանքի: Մեկն ավլում էր, մյուսը ծառերն էր մշակում: Ես նույնպես ցանկացա օգնել, գնացի, որ ծաղիկները մշակեմ: Արևը գնալով ուժեղանում էր, իսկ ես գնալով ավելի էի կարմրում ու փռշտում: Նայեցի եղբորս կողմ և տեսա, որ նույն վիճակում էլ նա էր` ամբողջ դեմքը կարմիր էր, և չէր դադարում փռշտալ:

Արևն այնքան ուժեղ էր, որ չէի կարողանում գործ անել: Բոլորը բողոքում էին։

-Թե դուք ինչի՞ եկաք, մեզ չեք օգնում, հա ընկնում եք ոտքի տակ։ Մյուս անգամ էլ չեք գա,- ամեն տարի ասում է տատիկս։

Արդեն գարուն է։

ella mnacakanyan yerevan

Բա ո՞նց կլինի

-Էն երգի մեջ ո՞նց են ասում, չէ՞, «հայի աչքեր»,- տատիկը նայում է իր առջև նստած դպրոցահասակ աղջկան, բայց դիմում նրա մորը,- հիմա իրանն են:

Մայրն, ի պատասխան, ժպտում է, և ես, որ հենց նոր եմ միացել իրավիճակին, նույնպես ռեֆլեքսորեն ժպտում եմ:

-Էդքա՜ն աղջիկ ուզի-ուզի, երկուսն էլ տղա եղան,- տատիկը ձեռքի մի հուսահատ շարժումով հարվածում է ծնկին,- թոռներս էլ սաղ տղա,- նա հոգոց է հանում ու տարուբերում գլուխը՝ ասես ինքն էլ չհասկանալով, թե ինչի համար է այդքան ափսոսում, ապա մի քանի վայրկյան լռությունից հետո շարունակում,- հիմի որ սենց մազ եմ տեսնում…,- նա ձեռքն այս անգամ մեկնում է իր կողքին նստած կնոջ գրկի աղջնակի՝ մաթեմատիկական ճշգրտությամբ կապած պոչիկներին ու էլի ժպտում:

Երկու աղջնակներն էլ շփոթված ու հարցական հայացքով նայում են իրենց մայրերին՝ կարծես ցանկանալով իմանալ, թե ինչ է այդ տատիկն իրենցից ուզում: Մինչդեռ մայրերը նրանց հայացքներին պատասխանում են ժպիտով ու լռությամբ. նրանք անպայման կբացատրեն իրենց ձագուկներին տատիկի տարօրինակ խոսքերը, բայց քիչ անց, երբ կիջնեն երթուղայինից: Ու քանի դեռ մեկ կանգառ է մնացել այդ պահին, տատիկը շարունակում է իր խոսքն ու զրույցը.

-Էս տատիկը մի հատ աղջիկ չունի, կգա՞ս՝ տանեմ քեզ,- նա հարցնում է «հայի աչքեր»-ով աղջկան ու աչքի տակով նայում նրա մորը,- ես էստեղ մոտիկ եմ ապրում, կգա՞ս:

Աղջնակն էլի շփոթված նայում է իր մորը՝ թերևս ակնկալելով մի խելամիտ պատասխան ստանալ տատիկի հարցերի համար, ախր, նա դասից ուշանում է, ինչպե՞ս գնա: Ու մինչ այս հայացքները հանդիպում են իրար, վարորդն արգելակում է: Դպրոցի կանգառն է: Երկու կանայք էլ իրար հետևից իջնում են մինչև ամենավերջին անկյունը լիքը երթուղայինից:

-Է՜հ, լավ նայեք ձեր երեխեքին,- տատիկն ասում է հազիվ լսելի ձայնով՝ աչքերով ճանապարհելով նրանց դեպի դպրոց:

Մեկ կանգառ հետո նա էլ է իջնում երթուղայինից (փաստորեն, իրոք մոտ էր ապրում), մինչդեռ ես մնում եմ՝ առջևումս մոտ 40 րոպեանոց ճանապարհով ու իրենցից մնացած բազում մտքերով: Որոշ մարդիկ երազում են աղջիկ ունենալու մասին ու նույնիսկ մեծ տարիքում, երբ արդեն իրենց թոռների ծնող դառնալու ժամանակն է մոտենում, չեն դադարում ափսոսալ իրենց երիտասարդության չիրագործած երազանքի համար, իսկ ի՞նչ ենք անում մենք: Մենք շարունակաբար ու հաջորդաբար սպանում ենք նրանց՝ դեռ չծնված անգամ: Մենք անում ենք ինչ-որ տարօրինակ ու սնահավատ հաշվարկներ, որոնք, իհարկե, միայն բախտի բերմամբ կարող են ճիշտ դուրս գալ, ապրում ենք ինչ-որ հիմար կարծրատիպերով ու հարևանների բամբասանքներով, ասում ենք՝ բա ո՞նց կլինի, տոհմը շարունակող է պետք, ազգանունը պահող է պետք: Բա ո՞նց է լինելու, որ հետո էլ տոհմը շարունակող արու զավակ ծնող չլինի, բա այդ դեպքում ի՞նչ ենք անելու մենք, ո՞ւմ ենք մեղադրելու, ո՞ւմ կարծիքն է օգնելու: Մենք, մենք, մենք… Արատավոր հասարակություն ենք մենք: Ու երևի ամենաանարատները այն փոքրիկ աղջնակներն են, որ դեռ չեն առճակատվել մեր հորինած հիմար կարծրատիպերին և խտրական մոտեցումներին ու այն տատիկը, որ երևի տարիներ շարունակ ապրել էր դրանցով, իսկ հիմա հասկացել, որ արատավոր էին թե՛ դրանք, թե՛ էն հասարակությունը, որից ծնունդ էին առել։

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Ծաղկազարդ 2018

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

elza zohrabyan

Ես չեմ ուզում

Երեկո էր։ Արդեն պետք է գնայի քնելու, երբ պատահական լսեցի ծնողներիս և քրոջս խոսակցությունը: Նրանք ասում էին, որ Հայաստանում ապագա չկա, որ յուրաքանչյուր եվրոպական երկրում ավելի շատ հնարավորություններ կան, նույնիսկ մտածում էին Կանադա գնալու մասին:

Երբ լսեցի դա, խառնաշփոթ առաջացավ իմ մեջ: Ամբողջ գիշեր չէի կարողանում քնել, քանի որ անընդհատ մտածում էի իմ, ընկերներիս, ուսմանս մասին: Մտածում էի, թե ինչպես եմ շարունակելու շփումը ընկերներիս հետ, հիշեցի ընկերուհուս` Մարիկային: Նա հիմա ապրում է ԱՄՆ-ում: Ես, Նարեն և Մարիկան մտերիմ ընկերուհիներ էինք և մտածում էինք, որ Մարիկայի գնալուց հետո ոչինչ չի փոխվի, որ միևնույնն է, մենք ամեն օր կխոսենք, բայց դա այդքան էլ այդպես չեղավ: Մարիկայի գնալուց հետո մեր շփումը տևեց մոտ երկու շաբաթ, որից հետո խոսելու թեմաները վերջացան: Ես և Նարեն խոսում էինք դպրոցից, երեխաներից, մեզ հետ եղած դեպքերից, իսկ Մարիկային դա այդքան էլ հետաքրքիր չէր: Հիմա անցել է գրեթե մեկ տարի, իսկ մեր շփումը սկսվում է և վերջանում սոցկայքերում հրապարակած նկարների տակ մեկնաբանություններ թողնելով:

Իսկ ես չեմ ուզում, որ ինձ հետ էլ այդպես լինի: Շատերն ասում են, որ այնտեղ էլ շատ ընկերներ կունենամ, բայց, միևնույնն է, ինձ համար շատ ծանր է նույնիսկ այդ ամենի մասին մտածելը:

ella mnacakanyan yerevan

Չիրագործված երազանքիս ճանապարհին

«Mesdames, Messieurs…»:
Այս բառերով էր սկսվում այն նամակը, որը փշրեց իմ երազանքը հենց այն պահին, երբ թվում էր՝ արդեն այդքա՜ն մոտ էի դրա իրագործմանը: Չէ՛, ավելի ճիշտ՝ երազանքս չկոտրվեց (երազանքները միայն ներսից են կոտրվում, չէ՞), այլ այն հույսը, որը դրդել էր մտովի արդեն դասավորել ճամպրուկս, ընտրել զգեստներս, որոշել, թե Փարիզի կամ Մարսելի որ անկյունում ինչպես եմ լուսանկարվելու ու թե ինչքա՜ն եմ հասցնելու կարոտել մերոնց այդ ընթացքում:

Ը՜, մի քիչ խառն եմ խոսում, չէ՞: Լավ, ուրեմն, եկե՛ք ամեն ինչ պատմեմ սկզբից:
Մարտի սկզբին «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիա»-ն և «Ֆրանսիական միջազգային կենտրոններ Լեո ակումբ»-ը կազմակերպել էին մրցույթ, որին կարող էին մասնակցել 18-25 տարեկան ուսանողները, և որի հաղթողն ամռանը մեկնելու էր Ֆրանսիա՝ երեքշաբաթյա շրջայցի: Ես, իհարկե, դեռ 18 չկամ, բայց քանի որ ներսիս 17-ամյա հրեշտակները (կամ գուցե սատանաները) ինձ հանգիստ չէին տալիս ու անընդհատ «բզբզում էին», որոշեցի ես էլ մասնակցել մրցույթին՝ տարիքային շեմից բացառության կարգով: Ու չնայած թերահավատ էի նրանում, որ 46 մասնակիցներից հենց ես կհայտնվեմ հաջորդ փուլ անցած յոթնյակի մեջ, բայց մրցույթի գրավոր փուլից 2 օր հետո ստացա դա ավետող մի նամակ, որն, ի դեպ, սկսվում էր «Madame Mnatsakanyan»-ով: Մադա՞մ: Էդ ե՞րբ եմ հասցրել ամուսնանալ: Ահագին ծիծաղեցի «մադամ»-ի վրա։ Դե՜, անսովոր էր այդպես լսել ազգանունս, բայց ա՜խ, այդ ֆրանսիական քաղաքավարությունը…
Իսկ բանավոր փուլի մասին ավելի լավ է՝ չխոսեմ, որովհետև բոլորովին չեմ հիշում՝ ինչ եմ ասել դրա ընթացքում: Անկեղծ: Միայն հիշում եմ, որ պիտի համոզեի մի ֆրանսիացու տոնել իր ծննդյան տարեդարձը, իսկ ինքն էլ էնքա՜ն համառ էր իր որոշման մեջ: Բայց, ի վերջո, համոզեցի, ասաց՝ կտոնի: Միայն չհասկացա, թե ինչու չկարողացա նաև համոզել, որ ծննդյան օրը տոնելուց բացի հենց ի՛նձ ուղարկեն Ֆրանսիան տեսնելու: Փաստորեն, չհասա երազանքիս, երբ արդեն չափազանց մոտ էի դրան, և ընդամենը մի քայլ էր մնացել հաղթահարելու, բայց… Միշտ կա մի «բայց»։ Ինչևէ, ես չհաղթեցի, բայց ես ամենակրտսերն էի մասնակիցներից, և ուրեմն ես ամենաշատ ժամանակն ունեմ «կրկին փորձելու»: Ու քանի որ իմ երազանքը չի ստացվել կոտրել (երազանքները ներսից են միայն կոտրվում), կոտրել են միայն հույսս, ես անկասկած նորից եմ բռնելու երազանքս իրագործելու ճանապարհը՝ հավատով, որ վերջին քայլն, ի վերջո, կկարողանամ հաղթահարել:

Milena movsesyan yerevan

Երթուղային-հիվանդանոց

-Ես էդքան դեղի փող որտեղի՞ց տամ: Թողեցի, եկա:

Երբ խոսում են երկրում տիրող աղքատության մակարդակի մասին, հայտնում են ինչ-որ տոկոսային թվեր, իրապես չես պատկերացնում երևույթի լրջությունն ու ցավը: Իսկ երբ սեփական աչքերով ես տեսնում, ավելի քան համոզվում ես:

Վերջերս ականատես եղա մի տարօրինակ դեպքի: Երթուղային բարձրացավ մի ծերունի: Հագին կիսաթև վերնաշապիկ էր, իսկ դրսում՝ ձմեռ: Ողջ մարմնով դողում էր: Նրան նայելով՝ ուղևորներն էլ սարսուռ զգացին: Նկատեցինք, որ կաթիլային է միացված ուռած ձեռքին: Բարեբախտաբար, բժշկությունից հասկացող մի կին կար, որն ապահովեց սարքի ճիշտ աշխատանքը: Մյուսները քաղցրավենիք և միրգ հյուրասիրեցին քաղցած հիվանդին: Չեմ մոռանա, թե ինչպիսի ագահությամբ էր ուտում: Պարզեցինք, որ հիվանդանոցից ինքնակամ դուրս է եկել՝ դեղերի գումար չունենալով: Իսկ տանը նույնիսկ խնամող չունի: Բարկացած տատիկները խորհուրդ էին տալիս միանգամից քաղաքապետարան գնալ:

Մտածում եմ՝ կգտնվի՞ որևէ մեկը, ով կհնչեցնի մեղավորների անունները, կասի պատճառների մասին ու կառաջարկի լուծումներ:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Ա՜խ, Վերնիսաժ, ա՜խ, Վերնիսաժ

Լրագրության այսօրը

Հարցազրույց «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ


-Պարոն Նալբանդյան, շատերն ասում են՝ լրագրությունը մոդայիկ մասնագիտություն է դարձել: Որքանո՞վ է դա փոխել լրագրային դաշտի պատկերը:

-Մոդայիկ լինելը կապ չունի որևէ բանի հետ: Ժամանակին իրավաբանական կրթություն ստանալն էր մոդայիկ, բայց դրանից շատ բան չէր փոխվում կրթության որակի առումով: Պարզապես կոնկուրսն էր մեծանում: Ենթադրում եմ, որ լրագրությունը դարձել է մոդայիկ, որովհետև ավելի հեշտ է դարձել լրագրող դառնալը, հնարավորություններն են շատացել: Համացանցը տալիս է այդ հնարավորությունները: Ասենք, 20 տարի առաջ մարդիկ կարող էին աշխատել միայն հեռուստատեսությունում, ռադիոյում և թերթերում: Հիմա ավելացել են նաև կայքերը, սոցիալական ցանցերը: Այդ պատճառով ավելի շատ երիտասարդներ են կարողանում իրենք իրենց ռեալիզացնել կայքերում և սոցիալական ցանցերում: Գուցե սա մոդայիկ է, գուցե ժամանակի պահանջն է: Երբ առաջարկը լինում է պահանջարկից ավելին, կարող է լինել լճացում: Լճացման հետևանքով ապրանքը, ծառայությունը և մասնագիտական որակը կարող է կորցնել հատկանիշներ, որոնք մի ժամանակ կարևոր էին: Հետսովետական շրջանում առաջին տասնամյակում ավելի կարևոր էր բովանդությունը, հիմա՝ ձևը: Անկախության առաջին շրջանում ավելի կարևոր էր լուրը խորապես ուսումնասիրելը և հետո դրա մասին գրելը, հիմա ավելի կարևոր է շատ արագ, մակերեսային լուրերը տեղ հասցնելը: Լրագրության մեջ լուրի ճշգրտությունը, կարևորությունը, բազմակողմանիությունը և տարբեր տեսակետների համար հնարավություն ստեղծելը շատ ավելի կարևոր է, քան արագությունը: Կայքերում սովորաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնում հնարավորին չափ շատ նյութ արագ տարածելու վրա: Մենք դեռևս համարում ենք, որ սա լրագրողական որակների կորուստ է: Գուցե կգա ժամանակ, որ դա ստանդարտ կդառնա:

-Այսօր յուրաքանչյուրը կարող է համացանցի միջոցով լրագրությամբ զբաղվել, նկատի ունեմ քաղաքացիական լրագրությունը, այս դեպքում լրագողի մասնագիտություն ստանալը, արդյո՞ք, կարևոր է:
-Լրագրողի մասնագիտություն ստանալը, կարծում եմ՝ կարևոր է, բայց դա միակ չափանիշը չէ լրագրողի աշխատանքով զբաղվելու համար: Ես գիտեմ, որ բազմաթիվ հեռուստաընկերություններում աշխատանքի են ընդունում մարդկանց ոչ թե ըստ այնմ, թե նրանք լրագրողական մասնագիտություն ստացել են, թե ոչ, այլ ըստ այնմ, թե կարողանում են այդ աշխատանքը կատարել թե ոչ, լավ են անում, թե վատ:

-Հայաստանում լրագրողի նկատմամբ վստահությունը 1-5 բալային սանդղակով որքա՞ն կգնահատեք:
-Չկա որևէ սոցիոլոգիական հետազոտություն, որով կարողանանք առաջնորդվել: Կարող ենք ընդամենը ենթադրել, որ լրագրողի նկատմամբ վստահությունը ընկել է Սովետական Միության համեմատ: Բայց Սովետական Միությունում լրագրողներ չկային. բոլորը քարոզիչներ էին: Էնպես որ շատ դժվար է համեմատել, թե որ ժամանակաշրջանի համեմատ ինչքան է բարձրացել կամ ընկել լրացրողի հանդեպ վստահությունը: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ լրագրողի դեմ կատարվող բռնություններն են պակասել: Օրինակ՝ 90-ականներին ավելի շատ էին բռնությունները, քան հիմա: Բայց դա խնդրի մի կողմն է, որովհետև մենք կարող ենք միայն հարուցված քրեական գործերով դատել: Մյուս կողմից լրագրողներին կաշառելը և’ 90-ականներին, և’ հիմա եղել է և մնում է արատավոր երևույթ: Բայց այս դեպքում քրեական գործերի հետ չենք առնչվում, որովհետև շատ քիչ են: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ լրագրողին կաշառելու հոդվածով որևէ մեկը դատապարտվեր: Բայց այդ արատավոր երևույթը կա: Նկատի ունեմ՝ գուցե լրագրողին ծեծելն ու սպանելը պակասել է, բայց կաշառելն է ավելացել: Մենք կարող ենք ընդամենը ենթադրել:

-Վերջերս Ա. Նոտոմբի «Մարդասպանի հիգիենան» գրքում հանդիպեցի հետևյալին. «Լրագրողներն անխուսափելիորեն անտակտ են: Դա նրանց մասնագիտությունն է»: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ: Որո՞նք են սկզբունքներն ու սահմանները, որոնք պետք է պահպանել:
-Կարող եմ ենթադրել, որ գրքում միտքը եղել է այն, որ լրագրողները շատ հաճախ թողնում են լկտի, լպիրշ, անտակտ, ցինիկ մարդու տպավորություն: Բայց դա չի նշանակում, որ նրանք իրականում լկտի, անտակտ, ցինիկ և լպիրշ են: Լրագրողի մասնագիտությունը ստիպում է հարցերը ձևակերպել ուղիղ և տալ, ինչը շատ հաճախ այլ մասնագիտությունների տեր մարդիկ չեն անում: Լրագրողները հարց տալիս են պետական պաշտոնյային, քաղաքական գործչին, իշխանության, ընդդիմության ներկայացուցիչներին և բնական է, որ պետական պաշտոնյաները, ընդդիմության լիդերները, իշխանության լիդերները լրագրողին բնորոշում են հենց այդ հատկանիշներով: Ասում են՝ նա լկտի, ցինիկ, լպիրշ, անտակտ անձնավորություն է, որովհետև ինձ տալիս է հարցեր, որոնք ինձ դուր չեն գալիս: Հետևաբար պետք է պատկերացնենք, թե ցինզմ, լկտիություն ու՞մ տեսանկյունից: Անտակտության մասին պատկերացումներն էլ որևէ տեղ արձանագրված չեն, անտակտությունը քրեական օրենսգրքով սահմանված չէ: Դրա մասին կարող ենք դատողություններ անել: Օրինակ՝ եթե լրագրողը մոտենում է վարչապետին և ասում՝ «Ես տեղեկություն ունեմ, որ դուք սիրուհի ունեք և նրան ծառայեցնում եք ձեր պետական մեքենան»: Բնականաբար, վարչապետը կարող է ասել՝ դուք անտակտ եք: Եվ բնական է, որ անտակտությունը կարող է արժանանալ ապտակի կամ քրեական հետևանք ունենալ: Եթե սիրուհի ունենալու հանգամանքը ուսումնասիրվում է, ոչ թե մտնելով մարդու անձնական կյանք, այլ առաջնորդվելով հասարակության գերակա շահերով, դա արդեն անտակտության խնդիր չէ: Նույն հարցը մեկ ուրիշ կոնտեքստում փոխում է իր հանդեպ վերաբերմունքը:

-Պարոն Նալբանդյան, խոսենք հեռուստատեսության մասին: Հայկական հեռուստատեսությունը գրաքննության ի՞նչ փուլեր է անցել և այժմ ի՞նչ փուլում է:
-Սովետական իշխանության տարիներին տոտալ գրաքննություն էր, հետսովետական շրջանում գրաքննությունը հայտարարվեց օրենքից դուրս: Հիմա մեր Սահմանադրությամբ էլ այն արգելված է, բայց կա: Գրաքննությունն ունի մի քանի տեսակ, արտահայտվում է մի քանի ձևով՝ ինքնագրաքննության տեսքով, խմբագրության ներսում և խմբագրությունից դուրս կառույցների գրաքննական փորձերի տեսքով: Նախ պետք է հասկանանք՝ ինչ է գրաքննությունը: Ինֆորմացիոն տեքստը քաղաքական նկատառումով փոխելը, կրճատելը, ավելացնելը կամ արգելելը գրաքննություն է: Ոչ թե մասնագիտական առումով, այլ քաղաքական, որովհետև լրագրողի տեքստը խմբագիրը կարող է մասնագիտական առումով փոփոխությունների ենթարկել, կարող է նույնիսկ արգելել դրա հրապարակումը: Յուրաքանչյուր լրագրող ինքը  պետք է որոշի՝ թույլ է տալիս քաղաքական առումով միջամտություն իր տեքստին, թե ոչ: Լրագրողները սովորաբար 18 տարին լրացած անձինք են և իրենք են պատասխանատվություն կրում իրենց հոդվածների համար: Եթե լրագրողը չի ցանկանում պայքարել իր ազատության համար՝ մնում է գրաքննության գործին: Եթե ցանկանում է՝ դժվար է լինելու պայքարելը: Գուցե զրկվի աշխատանքից: Բայց դա մի որոշում է, որ պետք է կայացնի յուրաքանչյուր ոք անձամբ: Պետությունը երաշխավորում է նրա իրավունքների պաշտպանությունը գրաքննության դեպքում: Նշանակում է՝ լրագրողը, որը ցանկանում է թոթափել գրաքննության լուծը, պետք է նույնքան գրագետ լինի, որ կարողանա դիմել պետական մարմիններին իր իրավունքները պաշտպանելու համար:

-Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացել են, հիմա համացանցն ավելի արագ է գտնում, արձագանքում, հրապարակում, ի՞նչ պետք է անի հեռուստատեսությունը հետաքրքիր մնալու համար:
-Օրինակ: BBC-ն վաղուց հասկացել է, որ չի կարող մրցել համացանցի հետ այդ առումով և չի էլ ցանկանում: BBC-ն ասում է՝ «Ես համացանցից տարբերվում եմ նրանով, որ իմ լուրերը հավաստի են, աղբյուրները վստահելի են, հայտնած տեղեկությունները ճշգրիտ են և իմ հայտնած լուրերի մեջ ամեն ինչ համակողմանի է ներկայացված: Այսինքն՝ որակը, կոնտենտը, բովանդակությունը ավելի կարևոր է BBC-ի համար: Կարծում եմ, որ հեռուստաընկերությունները Հայաստանում էլ պետք է առաջնորդվեն այս սկզբունքով, որովհետև համացանցի հետ արագության առումով մրցելն անիմաստ է: Մյուս կողմից՝ հեռուստատեսությունը չպետք է մտածի համացանցի հետ մրցակցության մասին, այլ պետք է համացանցն օգտագործի իր շահերի համար: Հեռուստաընկերությունների մեծ մասն այդպես էլ անում է. համացանցն օգտագործում են իրենց պատրաստած հեռուստատեսային ապրանքը երկրորդային շուկայում վերավաճառելու նպատակով:

-Լինելով մեդիա դաշտում հնաբնակ՝ կոփվելու ի՞նչ փուլեր եք անցել:
-Կարծում եմ, որ լրագրողը պետք է առաջին մի քանի տարիները՝ 6-7 տարի, բազմապրոֆիլ լինի, այսինքն՝ ամենատարբեր թեմաներով գրի, կրթություն, քաղաքականություն, սպորտ, քրեական պատմություններ, որպեսզի ծանոթանա դաշտին: Հաջորդ փուլում կարող է մասնագիտանալ որևէ ոլորտում՝ դառնա ոլորտային լրագրող: Այս փուլը հաղթահարելուց հետո նա կրկին կարող է անցնել բազմոլորտ լրագրությանը: Ստացվում է մոտ քսան տարվա փորձառություն: Առաջին էտապը թույլ է տալիս, որ նա ծանոթանա բոլոր գործող անձանց, երկրորդը՝ ծավալվել ոչ միայն հորիզոնական, այլև ուղղահայաց՝ դեպի խորքը գնա, իրերի արմատները գտնի, և երրորդ էտապում արդեն հորիզոնական ծավալվում է՝ մեծ խորություն պահպանելով: Քսան տարի դաշտում լինելուց հետո նա կարող է տրանսֆորմացվել՝ դառնալ մեկնաբան, վերլուծաբան, տեսաբան, այսինքն՝ կարող է ի հայտ գալ մեկ այլ կարգավիճակով:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա և սկսնակ լրագրողներին:
-Մասնագիտական խորհուրդը հետևյալն է. որևէ խմբագրությունում աշխատանքի տեղավորվելուց առաջ ուսումնասիրեք այդ խմբագրության արժեքային համակարգը, տեսեք՝ էնտեղ ովքերն են աշխատում, ինչպես են աշխատում և ինչու են նրանք էդտեղ աշխատում, որպեսզի կարողանաք գլխի ընկնել՝ դուք ուզո՞ւմ եք աշխատել այդ խմբագրությունում այդ նպատակների համար, այդ թիմի հետ: Եթե չեք ուզում՝ ավելի լավ է չտանջվեք, գտեք այն խմբագրությունը, որտեղ դուք կկարողանաք ձեզ ռեալիզացնել՝ պահպանելով ազատության  կամ արդարության մասին ձեր պատկերացումները: Իսկ ավելի լավ է՝ ինքներդ որոշեք ինչ-որ բան անել: Ոչ թե մեկ ուրիշի մոտ մտնել աշխատանքի, այլ ստեղծել համակարգ, որ ինքներդ կարողանաք ռեալիզացնել ձեր հնարավորությունները: