Ani Ghulinyan

Դրսի տոնածառը

Մեր բակում երկու մեծ ծառ կա: Իրար կողքի, միմյանցից ոչնչով չտարբերվող: Դպրոցից նայելիս այդպես եմ որոշում մեր տան տեղը: Մի ուրիշ ծառ էլ ունենք, մյուսներից անհամեմատ ավելի փոքր, անմիջապես պատուհանիս տակ: Մի քանի տարի առաջ տան եղևնին զարդարելուց հետո մնացած խաղալիքներով էլ դրսի փոքրիկ ծառը զարդարեցի, հետո լույսեր դրեցի, բավականին լավ էր ստացվել:

Փողոցով երկու հոգի էին անցնում: Մեկը սայլակն էր քաշում, վրան` ալյուրի պարկը, մյուսը` երեխան, անընդհատ փորձում էր ծառս լինել սայլակից, բայց ամեն անգամ հայրն ավելի արագ էր քշում, ու նա թավալվում էր նոր եկած ձյան մեջ: Հանկարծ երեխայի աչքն ընկավ իմ զարդարած տոնածառին:
-Պապ, պապ, բա մենք մեր տոնածառը ե՞րբ ենք զարդարելու:
-Երբ որ փող լինի:
-Բա ե՞րբ ա փող լինելու:
-Չգիտեմ:
Երեխան լռեց: Հետո հայրն ինձ նայեց մի տեսակ չարացած աչքերով: Դեկտեմբերի վերջն էր, Ամանորին երեք օր էր մնացել… Չգիտեմ, հաջորդ տարի փող եղավ թե չէ, բայց էլ նրանց մեր գյուղում չտեսա, ասում են՝ Ռուսաստան են գնացել: Դրսի տոնածառը էլ չեմ զարդարում:

Mariam barseghyan

Գեղասահքի քաղաք Վանաձոր

Ըստ իս, գեղասահքը ամենագեղեցիկ սպորտաձևերից մեկն է: Ես միշտ հետաքրքրվել եմ այդ սպորտաձևով: Մի քանի տարի առաջ առաջին անգամ հագա չմուշկներ և արեցի իմ առաջին քայլերը սառույցի վրայով: Եվ այդ օրվանից միշտ ցանկացել եմ, որ Վանաձորն էլ սահադաշտ ունենա: Բայց պատմությունս ամենևին էլ գեղասահքի մասին չէ: Ես չէի պատկերացնում, որ մի փոքրիկ սահադաշտի փոխարեն ամբողջ Վանաձորը կվերածվի սահադաշտի, չէ’, ավելի շուտ սառցե դաշտի: Նման պայմաններում Եվգենի Պլյուշենկոն անգամ իր գեղեցիկ չմուշկներով չէր կարող սահել այն սահադաշտում, որը ձևավորվել է Վանաձորում ցրտի պատճառով: Եթե նա չի կարողանա, ի՞նչ եք կարծում, սովորական ձմեռային կոշիկներով վանաձորցիները կկարողանա՞ն հաղթահարել սառցե դաշտը: Չգիտեմ՝ դուք ինչ եք կարծում, բայց ես կարող եմ հաստատել, որ ո’չ, չեն կարողանում: Հունվարի 5-ին երեկոյան ինչպես բոլորը, այնպես էլ մենք` վանաձորցիներս, գնում ենք եկեղեցի՝ պատարագին մասնակցելու: Եվ ցավալին այն է, որ նույնիսկ այդ օրը, եկեղեցու տարածքը մաքրված չէր: Դե լավ, մաքրելը մի կողմ, կարելի էր չէ՞ գոնե աղ, ավազ լցնել, որպեսզի մարդիկ վայր չընկնեն սառույցի վրա: Իհարկե կարելի էր, բայց փաստը մնում է փաստ, որ ոչինչ էլ արված չէր: Ի դեպ, նշեմ նաև այն փաստը, որ ավտոմեքենաներն էլ էին դժվարությամբ մոտենում եկեղեցուն: Միակ գովելի բանը, որ տեսա քաղաքում, դա տոնական տրամադրությունն էր, որ ստեղծվել էր քաղաքում գեղեցիկ լուսավորման շնորհիվ: Բայց երբ վայր ես ընկնում սառույցի վրա, ո’չ գեղեցիկ լուսավորվածության, ո’չ դիմացի զարդարված եղևնու մեջ ոչ մի գովելի բան էլ չես տեսնում: Չեմ կարող ասել ի՞նչ են մտածում այս հարցի շուրջ մնացած վանաձորցիները, բայց անձամբ ես նախընտրում եմ առանց կոտրվածքների տուն հասնելը, այլ ոչ թե գեղեցիկ լուսավորվածությունը:

Ani Ghulinyan

Չգիտեմ, նկատե՞լ եք, թե ոչ

Չգիտեմ, նկատե՞լ եք, թե ոչ (հաստատ նկատած կլինեք), որ հայկական հեռուստաալիքները ամեն Նոր տարի դեպի առաջ քայլ կատարելու փոխարեն, դեռ մի բան էլ հետ են գնում: Ամեն տարի, իրենց խոսքով ասած` աննախադեպ, երբեք ոչ ոքի կողմից չկրկնված ամանորյա նախագիծ են պատրաստում: Մի քանի հայտնի երգիչ գալիս, երգում են ,դա համեմում են որոշ հումորային դրվագներով, հետո թողնում են հնանա, ու եթե բախտները բերում է, ու այն որոշ հաջողություն է ունենում լսարանի կողմից, հաջորդ տարիներին էլ չեն չարչարվում` հումորային տարրերով նախագիծը լցնելու վրա, մի համերգ են ցույց տալիս, հետո կրկնում անցյալ տարիներինը: Մի հեռուստաալիքով 2011 թվականի Ամանորը Armenia TV-ում է, մյուսով` 2010-ինը, ու այդպես շարունակ: Չեն մոռանում նաև նախորդ տարիների թարգմանած ֆիլմերն ու մուլտֆիլմերը ցուցադրել, որ «տոնական» տրամադրություն ապահովեն: Այդ օրերին ո՞վ ժամանակ ունի նոր ֆիլմ թարգմանելու:

Ամեն տարի, պարտադիր այս օրերին «Մեր բակն» են հիշում: Մի ուրիշն էլ շաբաթներ առաջ տեղի ունեցած միջոցառումը «թթու է դնում», թարգմանում, որ հունվարի սկզբին գիշերային եթերը լցնի: Նախօրոք համացանցով իմանում ենք, թե ով է Միսս Տիեզերքը դարձել կամ տարվա լավագույն մարզիկ, հետո նստում սպասում ենք, երբ է պահը գալու, որ մեր իմացած մարդուն մրցանակ տան, վերջացնենք:

Հա, մեկ էլ հայկական հումորային ֆիլմերը չեն մոռանում: Էնքան են ցույց տալիս տարբեր հեռուստաալիքներով, որ մարդ երբեմնի իր սիրելի ֆիլմից սկսում է զզվել: Հիմա մեկն էլ կասի` դուրդ չի գալիս, անջատիր: Ախր, ո՞ր մեկը անջատեմ, հնարվոր չէ անընդհատ ռուսական ու եվրոպական ալիքներ դիտել: Մեր սխալները պիտի  ցույց տանք, որ մի օր էլ դրանք շտկվեն:

Չորս նյութ, ու վե՞րջ…

Չորս նյութ, ու վե՞րջ: Ինչքան ժամանակ է` ինձ հարց եմ տալիս. «Չորս նյութ, ու վե՞րջ»: Ախր, թեմաները գալի՜ս-գնում են:

Նկատած կլինեք, որ բավական երկար ժամանակ չէի գրում: Բա չե՞ք հարցնում՝ ինչու: Ամեն անգամ վերցնում էի հեռախոսս, բացում Word ծրագիրն ու հիշում որևէ բան, որի մասին կարելի է նյութ գրել: Գրում էի սկիզբը, պահպանում ու թողնում: Հետո, երբ բացում էի նույն Word ծրագիրը, որ շարունակեմ, մի խեթ հայացք էի նետում նյութիս վրա ու այդպես կիսատ թողնելով՝ անցնում մյուսին:

Այսօր էլ, երբ հերթական անգամ կարդում էի 17.am-ի նյութերից, մտածեցի՝ գրեմ այս նյութս:

Այս նյութս գրելու պատճառներից մեկն էլ իմ խառնվածքն է: Ես, իմանալով իմ բնավորությունը, շատ զարմացա, երբ տեսա նյութերիս քանակը, որովհետև, եթե կարող եմ, ինչո՞ւ չգրեմ: Ախր, թեմաները գալիս-գնում են. ֆեյսբուքյան սխալներ, զրույց ուրվականների հետ, դառը իրականություն…

Գուցե նյութերս կարճ են ստացվում, բայց կարծում եմ՝ կարևորը ծավալի մեջ չէ: Վե՜րջ, էլ չեմ կորչի:

Mariam barseghyan

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքը

Զրույց աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիթ Դադիկյանի հետ

-Քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել բազկամարտով, ի՞նքդ ես ընտրել այս սպորտաձևը:

-Սպորտի նկատմամբ իմ մեջ սեր է սերմանել հայրս, ով ժամանակին զբաղվել է ծանրամարտով: Հենց նա էլ 6 տարեկան հասակում ինձ տարել է ըմբշամարտի դասընթացների: Արդեն 15 տարեկանում ես ինքս եմ կայացրել բազկամարտով զբաղվելու որոշումը:

՞ր մրցումներն ես համարում քո մարզական կարերիայի գլխավոր նվաճումները:

-Յուրաքանչյուր մրցույթ, յուրաքանչյուր հաղթանակ և պարտություն կարևոր դեր են խաղում իմ կյանքում: Կարևոր մրցույթներից մեկը դա Լոռու մարզի բազկամարտի առաջնությունն էր, որտեղ դարձել եմ բացարձակ չեմպիոն: Հաջորդ նվաճումս Հայաստանի մեծահասակների առաջնությունում, 15 տարեկան լինելով հանդերձ, երկրորդ հորիզոնական զբաղեցնելն էր: 17 տարեկանում դարձել եմ Եվրոպայի չեմպիոն: Հաջորդ և ինձ համար ամենակարևոր  նվաճումը Աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչմանը արժանանալն է:

՞նչ էիր զգում, երբ կանգնած էիր պատվանդանի վրա:

-Ամեն անգամ պատվանդանի վրա կանգնելիս, սեփական հաղթանակից չափազանց ուրախանալով, ես երբեմն չեմ էլ հասկանում` ինչ է կատարվում, ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում: Սակային այս անգամ ես հպարտություն էի զգում և գիտակցում էի հաղթանակիս կարևորությունը: Ես հպարտ էի, որ այդ օրը հնչեց հենց Հայաստանի օրհներգը, և բարձրացավ իմ երկրի եռագույնը: Ուրախ էի, որ բարձր եմ պահել երկրիս, քաղաք Վանաձորիս և մարզչիս անունը:

-Իսկ ո՞վ է մարզիչդ և ի՞նչ դեր է խաղում քո կյանքում:

-Չնայած նրան, որ ես Վանաձորից եմ, բազկամարտով զբաղվել եմ քաղաք Արմավիրի «Օլիմպ» մարզասրահում: Եվ մարզիչս էլ Արման Փիրոյանն է` սպորտի վաստակավոր գործիչ և հիանալի մարզիչ: Այն մասին, թե ինչ դեր է խաղում իմ կյանքում, կարող եմ ասել միայն մի բան, եթե չլիներ նա, ես այսօր չէի զբաղվի նրանով, ինչով զբաղվում եմ:

-Ու՞մ ես համարում քո ամենաուժեղ մրցակիցը:

-Կարծում եմ ամենաուժեղ մրցակիցներիս հանդիպել եմ Աշխարհի բազկամարտի առաջնության ժամանակ: Մրցակիցներիցս մեկը ազգությամբ ռուս Զախար Բադաևն էր, մյուսը` ուկրաինացի Ալեգ Դանիլովը: Սակայն կամքի ուժը և վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, թույլ տվեցին հեշտությամբ հաղթել երկու ուժեղագույն մարզիկներին էլ:

-Որտե՞ղ եք սովորում այժմ և ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար:

-Այժմ սովորում եմ Երևանի ՖԿՀՊԻ-ի  երկրորդ կուրսում: Հաջորդ 2 տարիների ընթացքում պլաններս ամբողջությամբ պատկանում են ՀՀ բանակին, իսկ հետո կշարունակեմ ուսումս և կսկսեմ պատրաստվել նոր առաջնություններին, որոնք դեռ շատ կլինեն իմ կյանքում:

Հարցազրույցը վարեց Մարիամ Բարսեղյանը

Ani Ghulinyan

Կյանքը հիասքանչ է

Պատերազմների մասին երբեք չենք կարող պատկերացում կազմել դրանց մասին ֆիլմեր դիտելով, կամ պատմություններ լսելով: Թերևս միայն կարդալով, որովհետև կարդալիս ամեն մարդ յուրովի է իր մտքում պատկերացնում այն գուցե ավելի լավ, քան կարող է պատկերացնել որևէ ռեժիսոր: Մինչև վերջերս մտածում էի, որ Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող լավագույն գիրքը «Աննա Ֆրանկի օրագիրն»է, որովհետև այն հիմնված է իրական փաստերի վրա, ու չունի հեղինակ, հեղինակը հենց ինքը` տասներկուամյա Աննա Ֆրանկն է: Շատ լավ գիրք է, անպայման ազատ ժամանակ ընթերցեք: Բայց դրա մասին չեմ ուզում խոսել, այլ նույն պատերազմի մասին պատմող մեկ այլ, Ռեմարկի` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքի: Այն պատմություն է պատերազմի վերաբերյալ, բայց եթե խորը մտածենք, դրա հետ այդքան էլ կապ չունի: Պատմություն է մի մարդու մասին, որին Աստված սիրում էր, բախտն էլ երես չէր թեքում: Բայց երբ գեթ մեկ վայրկյանով ճակատգիրը նրան հանձնեց կյանքոմ լուրջ որոշում կայացնելու իրավունքը, նա սխալվեց ու … Լավ, էլ չբացեմ փակագծերը, գուցե մեկը որոշի կարդալ: Գրքի առաջին էջերը կարդալուց հետո հօդս կցնդեն պատերազմի մասին ձեր բոլոր իմացած բաները: Ըստ իմ ընկալման, պատերազմը բթացնում է մարդու բոլոր զգացմունքները` իրավունք չտալով նրան ոչ կարգին տխրել, ոչ էլ լիարժեք երջանիկ լինել, այն մարդկանց պահում է մի անորոշ վիճակում` կյանքի ու մահվան արանքում: Բայց մեր հերոսը կարողանում էր պատերազմի թոհուբոհի մեջ կախվել երջանկության փոքրիկ, հազիվ երևացող թելից ու մի երկու շաբաթում հասցնում է սիրել, սիրվել, ամուսնանալ: Ախր, շատ բան կա գրելու ֆյուրերի, սիրո, հրեաների, ռազմաճակատի մասին, բայց վախենամ, հետագայում գիրքը կարդացողները ինձ չներեն այդպիսի բացահայտումներ անելու համար:
Մեզ եղած-չեղածը երկու շաբաթվա արձակուրդ են տվել (Գրեբերին էլ էին նույնքան տվել): Դե ասենք, մի երեք օր Նոր տարվա նախապատրաստական աշխատանքներին, չորս օր էլ հյուրեր կգան-կգնան, վերջում ահագին ժամանակ է մնում: Կարելի է Ամանորից հետո, չորացած թխվածքները ու փչացող աղցանները ուտելուն զուգահեռ այս գիրքը կարդալ: Հաստատ կհասցնեք, դեռ առաջին էջը չթերթած, վերջին կհասնեք:

Հ.Գ. Համացանցից կամ ծանոթների, մեկ-մեկ հետաքրքիր մեջբերումներ եք լսում ու չեք էլ մտածում, որ այն հենց այս գրքից է: Օրինակ` «Խիղճը սովորաբար տանջում է նրանց, ովքեր անմեղ են», «Ատելությունը անզգույշ է դարձնում մարդուն», «Զգուշությունն ավելի լավ է, քան ուշացած զղջումը», և այլն:

seda mkhitaryan

Ձմեռային ավանդույթներ

Կան ավանդույթներ ու արարողություններ, որոնք բնորոշ են ձմռանը։ Օրինակ՝ Նոր տարվան պատրաստվելը։ Բայց, մինչ Նոր տարին կան մի շարք գործողություններ, որոնք դարձել են ավանդույթ մեր գյուղում։ Դեկտեմբերի կեսերից դուք կարող եք մեր գյուղի տարբեր ծայրերից լսել մորթվող խոզերի վերջին կաղկանձները։

Մեր խոզն էլ մորթեցին վերջերս, ու ամեն տարվա պես, այս տարի էլ դա դարձավ մի մեծ իրադարձություն։ Մեր բակում էին հավաքվել մեր թաղի բոլոր տղամարդիկ՝ իրենց սուր դանակներով։ Երբ նրանք «հարձակվեցին» կենդանու վրա, ես ականջներս փակեցի ու տուն վազեցի, որ չլսեմ խեղճ կենդանու ճվաղոցը։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Հետո խոզը հանձեցին, ու այդ ժամանակ եկավ իմ ամենասիրելի պահը՝ «կաշի ուտելու» ժամանակը։ Դա շատ հետաքրքիր ու համեղ գործընթաց է։ Խոզի կաշին՝ մաշկը մաքրում են մազերից, ու դա դառնում է անմահական ուտելիք և խոզ մորթելու գործընթացի խորհրդանիշը։

Հետո այդ միսը մենք մշակում ենք ու պատրաստում զանազան կերակուրներ, որոնց մեծ մասը հայրիկիս սեփական բաղադրատոմսով են պատրաստվում։

Համեցեք…

Ani Ghulinyan

Նոր քննակարգը

Ավարտական դասարանների նոր քննակարգի հետ կապված արդեն շատ աշակերտների կարծիքներ ենք լսել: Հիմա հերթը ուսուցիչներինն է: Իմ դպրցի մի քանի ուսուցիչների հետ ես հարցում եմ անցկացրել, իմացել նրանց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ստորև ներկայանցնում եմ նրանց կարծիքները.

Մաթեմատիկայի ուսուցչուհի Ջեմմա Վարդանյան.

-Գտնում եմ, որ այս նոր օրենքը լավ արդյունքներ կարող է գրանցել միայն ավագ դպրոցում: Իսկ հանրակրթականում կիրառելը վատ գաղափար է ու անարդյունավետ: Ավագ դպրոցներում կան հոսքային դասարաններ, որտեղ գրեթե բոլորը հետագայում բարձրագույն կրթություն են ստանալու, նրանց հետ առարկան ընտրելը, խորացնելը, կիսամյակի վերջում էլ քննություն տալը ավելի հեշտ է:

Աշխարհագրության ուսուցչուհի Արևհատ Ղուլինյան.

-Այս օրենքի գործածության մեջ մտնլուց առաջ աշակերտներին պետք է տեղեկացնեին սպասվելիք քննությունների մասին, քանի որ ամեն դեպքում պետք է պատրաստվել: Մի կողմից լավ է, քանի որ երկրորդ կիսամյակում միասնական քննությունների պատրաստվողների հետ խորացված աշխատելն ավելի հեշտ կլինի: Մյուս կողմից էլ՝ պարտադիր քննական դարձած՝ հայոց պատմություն, հայոց լեզու և մաթեմատիկա առարկաները, որոշ չափով խանգարում են հստակ առարկայական ուղղվածություն ունեցող աշակերտների կենտրոնացմանը:

Հայոց լեզվի ուսուցչուհի Էդիտա Խաչատրյան.

-Կրթական համակարգում դեպի դրականը փոփոխություններ կատարելու փոխարեն, այն ավելի են վատացնում: Ավագ դպրոցը նախատեսված է նրա համար, որ երեխաները բուհ ընդունվելու համար չգնան արտաժամյա պարապմունքների, իսկ այսպես՝ նրանք չեն կարող կենտրոնանալ իրենց անհրաժեշտ առարկաների վրա: Իսկ այն աշակերտները, ովքեր հետագայում բարձրագույն կրթություն չեն ստանալու, դասարան գալով, հնարավորություն չեն տալիս մյուսներին, ընտրած առարկաների վրա ավելի խորացված աշխատել: Մեր դպրոցի երեխաներից ոչ մեկը չի պատրաստվում կիսամյակի վերջում քննություն տալ:

12-րդ դասարանցի մի քանի աշակերտի հետ զրուցելուց հետո էլ պարզ դարձավ, որ աշակերտներն էլ կողմ չեն նոր փոփոխություններին, նույնիսկ դեռ հստակ պատկերացում չունեն, թե այս ամենն ինչպես է կատարվելու:

seda mkhitaryan

Ձյունը փափուկ է

Մի քանի օր առաջ դասից տուն վերադառնալիս քայլում էի ձյան միջով ու հրճվում ոտքերիս տակ ճռճռացող ձյան ձայնով։ Ականջիս հասան մանկական չարաճճի քրքիջներ։ Շարունակեցի առաջ գնալ ու հանդիպեցի երեք փոքրիկ աղջիկների: Նրանք ոտքից գլուխ ձյան մեջ կորած էին։ Անմիջապես ինձ հիշեցի: Այդ տարիքում, ձմռանը ես էլ էի տուն հասնում ձյան մեջ թաթախված ու արժանանում մորս կշտամբանքին։ Երեխաները խաղում էին ձյան հետ, ընկնում, բարձրանում, հրում միմյանց ու ծիծաղում։ Հասա նրանց ու հարցրեցի.

-Էրեխե՛ք, որ ընկնում եք, չի՞ ցավում։

-Չէ՜, ձյունը փափուկ է, չի՛ ցավում,- եղավ պատասխանը։

Զարմանալին այն է, որ այդ տարիքում իսկապես չի ցավում, ավելի ճիշտ՝ չես զգում այդ ցավը։

Աղջիկներից երկուսը մեր թաղամասից էին, իսկ այ, մյուսը՝ բավականին հեռու է ապրում, բայց ընկերուհիների հետ խաղալու համար եկել հասել էր գրեթե նրանց տան մոտ։

-Հասմի՛կ, դու ինչո՞ւ ես այս ճամփով գալիս։

-Խաղալու համար,- ասաց վառվռուն աչքերով ու ցրտից կարմրած քթով Հասմիկը։

Երանի ես էլ դեռ այդ տարիքում լինեի, այն տարիքում, երբ ընկնելուց հետո բարձր ծիծաղում ես: Պատրաստ ես ճանապարհդ կրկնապատկել, միայն թե մի քիչ երկար խաղաս ընկերներիդ հետ: Երբ քեզ չի հետաքրքրում ցուրտը, տանը սպասող մայրիկի զայրույթը և, առհասարակ, դու ունես սեփական աշխարհդ և ապրում ես ներկայով ու ներկա պահով։

Ani Ghulinyan

Հաղթահարելի դժվարություններ

-Звезда полей, во мгле заледенелой
Остановившись, смотрит в полынью…

Սա իմ ռուսերենի անգիրից 2 տող է, որը ես սովորեցի 2 րոպեում, իսկ ամբողջ բանաստեղծությունը՝ կես ժամում, որովհետև մինչև մի քառատողը սովորում, մյուսը՝ մոռանում էի: Էլ չասեմ, որ ոչ լավ առոգանություն ունեմ, ոչ էլ կարողանում եմ բառերը ճիշտ արտասանել:
Բոլոր դասերս միշտ էլ արագ եմ սովորել: Դասը մի անգամ կարդալով՝ արդեն այն պատմել գիտեի, բայց օտար լեզուների հետ խնդիրները այլ են: Դասերին տրամադրած ժամանակի յոթանասուն տոկոսը հատկացնում եմ օտար լեզուներին, մնացած երեսունը՝ մյուսներին: Չգիտեմ՝ ինչո՞ւ է այսպես: Երևի նրանից, որ հիշողությունս լավը չէ, ու սկզբում էլ շատ ժամանակ չեմ տրամադրել դրանց:

Այս ամենին զուգահեռ կրթական ծրագրի մեջ երբեմն որոշ անհամապատասխանություններ էին լինում: Օրինակ, երբ գերմաներենից Akkusativ հոլովն էինք անցնում, ուսուցիչս բացատրում էր, որ այն համապատասխանում է հայերենի հայցական հոլովին: Այս ամենը անցնում էինք չորրորդ դասարանում, մինչդեռ հայերենի հոլովները սկսեցինք անցնել միայն յոթերորդ դասարանում: Այդպես երեք տարի միայն անգիր անելով, որ կան սեռական, տրական, բացառական հոլովներ, հասա յոթերորդ դասարան: Իսկ երբ վերջապես հասկացա` ինչն ինչոց է, պարզվեց, որ ընդհանուր ծրագրից հետ եմ մնացել, ու համադասարանցիներիցս շատերի համար հոլովներն արդեն անցած թեմա են:
Հիմա արդեն լեզուները սովորելու հեշտ ձև եմ գտել: Երբ ինձ հարազատ թեմաներ ենք անցնում, ավելի մոտիվացված եմ սկսում սովորել: Սկսել եմ ֆուտբոլի մասին նորությունները ռուսերենով ու գերմաներենով կարդալ, հետո համեմատել հայերենի հետ: Այդպես ավելի արագ եմ սովորում: Հուսով եմ դպրոցն ավարտելիս ավելի լավ կիմանամ լեզուներ, ու այս մի դժվարությունն էլ կհաղթահարեմ: