anahit badalyan (kapan)

Ուսուցչուհի եմ

Ես սիրում եմ հանգիստն ակտիվ կազմակերպել ու այն համեմել հագեցած օրերով: Վերջին տարիներին իմ ամառային
արձակուրդներն իմ կամքից անկախ այդ սկզբունքով են ընթանում: Ես աննկարագրելի ուրախ եմ, որ իմ հայրենի
քաղաքում կարողանում եմ անընդհատ հետաքրքիր զբաղմունքներ գտնել ու երբևէ չձանձրանալ: Արդեն երկրորդ
տարին է, ինչ ես Կապանում հանդես եմ գալիս իբրև կամավոր: Ես այստեղի ամերիկյան անկյունում ու նորաբաց
էլեկտրոնային գրադարանում երեխաներին անգլերեն լեզու եմ դասավանդում: Դա անչափ հաճելի ու դուրեկան
զբաղմունք է ինձ համար: Շնորհիվ կամավորության ես անընդհատ սովորում եմ, ուսումնասիրում, փնտրում, որոնում:
Սովորեցնելու համար նախ պիտի անընդմեջ ինքդ սովորես: Ես փորձում եմ ամեն անցնող դասընթացի հետ բարելավել
դասավանդելու իմ մեթոդները, նյութը մատուցելու տեխնիկան, երեխաների հետ շփվելու մշակույթը և այլն: Այդ
փոքրիկներն ինձ անընդհատ նոր դռներ բացելու բանալիներ են տալիս: Նրանցից յուրաքանչյուրը օժտված է
բնավորության այնպիսի գծերով, որոնք բնորոշ են հենց միայն իրենց, և հենց այդ բնավորությունների
բազմազանությունն է, որ առաջ է բերում բոլորին հասանելի ու ընդունելի ձևով ներկայանալու անհրաժեշտություն:
Նորագույն տեխնոլոգիաներն այսօր շատ են օգնում. դասընթացների մեծ մասը ձգտում եմ վարել՝ երեխաներին
տարբեր տեսանյութեր ցուցադրելով: Դրանք մարզում են նրանց ոչ միայն տեսողական հիշողությունը, այլ նաև
լսողությունը, ու ականջը կարծես «ընտելանում» է անգլերենին:

Լուսանկարը՝ Էնն Սթուարթ Լինքի

Լուսանկարը՝ Էնն Սթուարթ Լինքի

Օրեցօր ավելի եմ կապվում աշակերտներիս հետ և
զգում եմ, որ նրանք նույնպես հասցրել են սիրել մեր դասերը ու, ինչո՞ւ ոչ, նաև՝ ինձ: Ամեն անգամ ստուգողական
աշխատանք հանձնարարելիս ուրախանում եմ՝ տեսնելով, որ թեման յուրացրել են: Սիրով և ոգևորությամբ եմ
պատասխանում երեխաների ամենատարբեր հարցերին, ինձ դուր է գալիս, որ նրանք ազատ են ու անկաշկանդ:

Մանուկ հասակում հաճախ եմ երազել ուսուցչուհի դառնալու մասին, բայց մեծանալով հասկացել եմ, որ ծանր գործ է
և ամենևին էլ ինձ համար չէ: Հիմա մեծ հաճույքով եմ դասավանդում երեխաներին, ուրախ եմ, որ կարողանում եմ
ծառայեցնել գիտելիքներս խելացի և ուսումնատենչ երեխաներին: Ամռան շոգն ի վիճակի չեղավ կոտրել նրանց և իմ վճռականությունը, ու մենք ամեն շաբաթ պարապեցինք: Շոգի դեմ մենք մեր մեթոդներն ունեինք. դասերից մեկը կազմակերպեցինք բնության գրկում:

Լուսանկարը՝ Էնն Սթուարթ Լինքի

Լուսանկարը՝ Էնն Սթուարթ Լինքի

Արդեն 10-րդ դասարան եմ, բայց միայն հիմա եմ գիտակցում ուսուցչի գործի պատասխանատվությունն ու
կարևորությունը: Ու այս ամենի հետ մեկտեղ բախվել եմ մի պարզ ճշմարտության. ուսուցչի գործը ծանր ու խրթին չէ,
այլ՝ հաճելի և պատասխանատու: Եթե դու սիրով ես անում այն, ապա ծանրությունը վերածվում է թեթևության և
հաճույքի, իսկ դժվարությունը՝ պատասխանատվության:

Sose Zaqaryan

Եկեք չխորանանք

Ինչպես բոլոր ազգերը, այնպես էլ հայերը, սիրում են սուրճ խմել: Բայց, ի տարբերություն մնացած ազգերի, հայերը սիրում են նաև սուրճի մրուրով գուշակություններ անել, իսկ թե որքանով է դա ճիշտ՝ չգիտեմ:

Կան, չէ՞, մարդիկ, որոնց «փեշակը» բաժակ նայելն է: Հիմա՝ ի՞նչ, դա արհե՞ստ է, թե՞ արվեստ, դժվար է ասել: Դե, պատկերացրեք. եթե ձեր բաժակի մեջ կա հինգ թիվը, ուրեմն, լավ է ու հաջողություն է սպասվում, ինչը չես կարող ասել 7-ի մասին: Չորս թիվը բաժակում նշանակում է փոքր սեղանի մասնակցություն: Արտահայտություններ կան, որոնք օգտագործում ենք միայն բաժակ նայելուց: Օրինակ՝ «դանդաղ եկող հաջողություն», կամ՝ «բախտդ բացի»: Արագիլը նշանակում է նորություն: Մի խոսքով՝ բավականին դժվար և հետաքրքիր մասնագիտություն է:

Ինձ թվում է՝ բաժակ նայելը հատուկ հորինել են հայ տնային տնտեսուհիները, որոնք ամեն օր հարևաններով սուրճ են խմում ու ավելի հետաքրքիր և երկար իրար ներկայությունը վայելում: Դրա համար նրանք ստեղծել են այդ «փեշակը»: Դե, այն, որ կրիան դանդաղ հաջողությունն է, մի տեղ կարելի է հասկանալ, բայց որ ձին խորհրդանշում է մուրազը, արդեն անհասկանալի է: Երևի ձիու թռիչքը նմանեցնում են մարդկային մտքի թռիչքին, բայց խոսքը մեր մեջ, ոչ ձին է ուղղակի իմաստով թռչում, ոչ էլ մարդկային միտքը: Մի անգամ բարեկամներիցս մեկը, որը դեմ էր բաժակ նայելուն, ասաց.

-Բաժակը շրջելիս՝ բախտն էլ եք շրջում:

Սա էլ է, չէ՞ հնարավոր: Չեղավ, չեղավ. կարծես՝ ես էլ եմ սկսում գուշակություններ անել՝ տողատակերում խորհուրդ ու նշանակություն փնտրելով:

Դե, քանի դեռ չեմ խորացել այս ասպարեզում, ավելի լավ է վերջացնեմ ու լվանամ սուրճի բաժակները առանց շրջելու:

anahit badalyan (kapan)

Գործելու արվեստը

Աշխարհի ամենակախարդական ձեռքերը իմ տատիկին են պատկանում: Նրա ոսկե ձեռքերով են գործվում իմ ձմեռային գուլպաներն ու տաքուկ ժիլետները: Դե, իհարկե, այդ ձեռքերը լավագույնը համարելու էլի պատճառներ կան, բայց այսօր, թերևս, կխոսեմ միայն դրանցով ստեղծված գործվածքների մասին:

Իմ ամբողջ մանկությունն անցել է տատիկիս գրկում: Ես մեծացել եմ նրա պատմած «Կարմիր գլխարկի» ու նրա երգած երգերի ներքո: Մանկության իմ ամենասիրուն հուշը հենց նա է՝ տատիկս: Երբ ձմեռ էր լինում, այն աստիճանի ցուրտ, որ վերմակի տակ տաքանալն անգամ դժվար էր թվում, միանգամից վազում էի տատիկիս տուն, որ ջերմանամ պապիկիս վառած վառարանի մոտ: Մեր տանն էլ էր տաք, բայց ես հենց այդ վառարանն էի ուզում, հենց այդ մեկը, որ տասը րոպեն մեկ «թարմացվում» էր փայտերի նոր կույտով, բայց ամենևին էլ ոչ այն պատճառով, որ չափազանց ցուրտ էր, այլ նրա համար, որ ես էի այնտեղ: Պապիկս ասում էր. «Խոխան մրսե վեչ» (երեխան չմրսի): Եվ հիմա էլ է այդպես: Քիչ է մնում ամռանն էլ վառարանը վառեն ու ինձ նստեցնեն անմիջապես դրա հարևանությամբ: Իսկ ես լուռ ու հնազանդ կնստեմ այնքան, մինչև այտերս կարմրեն, ու պապիկս ինքն ասի՝ վեր կաց վառարանի մոտից, թե չէ կվառվես:

Այս ջերմ ու խաղաղ երեկոներն ինձ այդ աստիճան երանելի չէին թվա, եթե տատիկս, ակնոցն աչքերին, հայացքը մերթընդմերթ հեռուստացույցին հառելով, շյուղերը բռնած, անընդմեջ ձեռքերը չաշխատեցներ: Ու երկու օր շարունակ ձեռքերը շարժելով՝ ամեն անգամ մի նոր գլուխգործոց էր ստեղծում: Նրա գործած գուլպաներն ու ժիլետները առաջինը ինձ են բաժին հասնում, հետո միայն՝ մյուսներին: Նախ ես կհագնեմ այդ ժիլետը, հետո՝ գուլպաները, ապա կվազեմ վառարանի մոտ, որ հանկարծ չմրսեմ: Ահա այսպես է լինում ամեն անգամ, երբ ես տատիկիս տանն եմ լինում:

Մի օր ասացի.

-Տա՛տ, էդ ո՞նց է լինում, որ դու էդպես արագ կարողանում ես և՛ ձեռքերդ շարժել, և՛ հեռուստացույց դիտել:

-Ձեռքերս արդեն վարժվել են,- ամենաքնքուշ ձայնով պատասխանում է տատիկս:

-Ինձ էլ կսովորեցնե՞ս,- հետաքրքրվում եմ ես:

-Արի՛:

Եթե անգամ ես թելերի մի ամբողջ կծիկ փչացնեի, ու այդպես էլ բան դուրս չգար, միևնույն է՝ տատիկս արագ կվերցներ, իր կախարդական հնարքներով կարգի կբերեր ու «կվերակենդանացներ» իմ ապագա գուլպաները: Բայց ես ընդունակ երեխա էի, արագ յուրացրի:

-Սկզբում բռնում ես ճաղերը, դրանցից մեկը անշարժ ես պահում: Դա հենց այն մեկն է, որի վրա կառուցվելու է քո գործվածքը, հետո աշխատեցնում ես մյուս ճաղն ու գործի դնում թելերը,- ամենայն ոգևորվածությամբ բացատրում էր տատիկս,- դե, վերցրու, ինքդ փորձիր:

Գուցե մեկ այլ դեպքում համարձակությունս չներեր, բայց կողքիս տատիկս էր նստած՝ աշխարհի ամենաներողամիտ ու բարի արարածը, ում համար իմ ամենաաններելի չարաճճիությունն անգամ արդարացված էր:

Փորձեցի գործել, ստացվե՜ց: Շատ ուրախ էի: Կլանվեցի, տարվեցի գործելով ու մեկ օրում մի հաստ թևնոց գործեցի ինձ համար: Տատիկս սովորեցրեց «աբադոկներ» գործել: Սկզբի համար լավ էր: Ես լավ աշակերտ էի, տատիկս էլ գոհ էր: Ես աշխարհի ամենաերջանիկ թոռնիկն եմ:

-Լավ եմ, չէ՞, գործում, տա՜տ…

anahit badalyan (kapan)

Գնդակով պահմտոցին

-Գնդակով պահմտոցի ենք խաղում:

-Չէ, եկեք էս անգամ «գոռըզ-նա-գոռըզ» խաղանք:

-Գնդակով պահմտոցի խաղացողները ձեռք բարձրացնեն…

Ու այսպես ամեն երեկո բակի երեխաներով վիճում էինք. ի՞նչ խաղալ այսօր: Ու վեճերի արդյունքում գրեթե միշտ իմ չսիրած «գնդակով պահմտոցին» էր «հաղթում»:

Վեցից տասնհինգ տարեկան տղա-աղջիկներով ամռանն ամեն օր բակ էինք իջնում ու խաղում: Մեծերը լավ էին խաղում, իսկ փոքրերը, այդ թվում՝ նաև ես, զիջում էին: Երբ մենք՝ յոթ տարեկաններս, մոտենում էինք, որ գնդակի վրա «թքենք» ու «ազատենք» մեր ընկերներին, մեծերը չէին խոչընդոտում.

-Դու քեզ թքի, անցի:

Հետո, երբ արդեն շատ մութ էր լինում, նստում էինք բակի նստարանին ու իրար հետ «փչացած հեռախոս» էինք խաղում: Երբ հանկարծ մի բան սխալ էինք անում, մեզ ասում էին՝ դուք փոքր եք, չեք կարողանում խաղալ, ու մենք շատ էինք տխրում: Բայց երբ մեզ էլ էին «խաղացնում», ուրախությունից գլուխներս կորցնում էինք:

Հիմա մենք ուրիշ թաղում ենք ապրում, բայց տատիկիս տունն էլի իմ մանկության բակերում է: Էնտեղ գնալիս երեկոյան նստում եմ պատշգամբում ու նայում էն բակին, որ ինձ ու ինձ նման շատ փոքրիկների է մանկություն տվել: Նայում եմ՝ երեխաներն էլի խաղում են, կռվում, հաշտվում: Բայց նրանք ուրիշ են, նրանք իմ՝ «փչացած հեռախոս» խաղացող «մեծ» ընկերները չեն: Իմ ընկերները հիմա ուսանող են, շատերը շուտով բժիշկներ ու տնտեսագետներ կդառնան: Ես էլ շուտով կթակեմ համալսարանի դռները: Ես՝ այն նույն յոթ տարեկանը, որն ամեն անգամ նեղանում էր, երբ «մեծերն» իրեն չէին «խաղացնում»:

Ամեն ինչ փոխվել է, փոխվել եմ և ես: Ու եթե հիմա ինձ նորից հարցնեն՝ ի՞նչ խաղանք այսօր, ես միայն կփակեմ աչքերս, որ թափվող արցունքներիցս ոչ ոք չկռահի, թե ինչքան եմ կարոտել իմ այն չսիրած «գնդակով պահմտոցին»:

anahit badalyan (kapan)

15-րդ տարեդարձը

-Դե, եկեք որոշենք՝ ինչ ենք անելու, ոնց ենք անելու, բան չմնաց:

-Ընկերուհիներիցդ ո՞ւմ ես հրավիրելու:

-Մամ, պապ, դե եկեք սկզբից տեղը որոշենք, հետո կմտածենք հյուրերի մասին:

Մի քանի օրից լրանալու էր 15 տարեկանս: Իմ տարեդարձները միշտ ուրախ և հետաքրքիր են անցնում, հիմնականում՝ ընկերական միջավայրում: Վերջին տարիներին տանն էինք նշում, էդպես ավելի հարմար ու անմիջական էր: Ընկերներս էլ արդեն սովորել էին ծննդյանս սեղանի «մշտական անդամներին»՝ մայրիկիս պատրաստած թփով տոլմային ու իմ պիցային: Ու հաշվի առնելով այս ամենը՝ ասացի.

-Կարո՞ղ ա էս տարի էլ տանը նշենք, ի՞նչ վատ կլինի:

-Չէ, 15-ամյակդ պիտի շատ մեծ նշենք, ի՞նչ իմանամ՝ 20 տարեկանիդ որտեղ կլինես…

Ու մայրիկիս այս խոսքերին միանգամից հաջորդեցին հազիվ նշմարվող նուրբ արցունքները: Մայրիկս միշտ կարողանում էր ուրախության ու տխրության պահերին հավասարակշռված կերպով զսպել արցունքները: Այս անգամ չհաջողվեց:

18 տարեկանում ես արդեն կավարտեմ դպրոցն ու կլքեմ իմ հայրենի քաղաքը` Կապանը, տունը, ընկերներին ու ծնողներին: Ու իմ՝ 300 կմ հեռու լինելու ու 20 տարեկանս այդ հեռավորության վրա անցկացնելու մասին միտքը արցունքոտեց մայրիկիս աչքերը: Ու այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ է մայրս զգում ամեն անգամ՝ իմ ապագայի մասին մտածելիս. հիացմունք, ուրախություն ու թախիծ:

Անհայտ տաղանդը

Ես սովորում եմ մեր գյուղի բանաստեղծի՝ Մայուլիս պապիկի թոռնուհու հետ, և մենք շատ մտերիմ ենք: Ես հաճախ եմ լինում նրանց տանը, զրուցում Մայուլիս պապիկի հետ: 

Մայուլիս պապիկը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 5-ին Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում: Սովորել է Անգեղակոթի միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սիսիանի պրոֆտեխուսումնարանում՝ որպես տրակտորիստ-կոմբայնավար: Այնուհետև սովորել է ավտոդպրոցում, ծառայել սովետական բանակում: Ծառայությունից վերադառնալուց հետո 37 տարի աշխատել է որպես վարորդ:

Մայուլիս պապիկն ունի ստեղծագործական մեծ ձիրք: Նա գրել է բանաստեղծություններ, որոնցից շատերը, ցավոք, անտիպ են մնացել: Երբ Մայուլիս պապիկի տանն էի, որոշեցի նրան մի քանի հարց տալ:

-Ո՞ր թվականին գրեցիք Ձեր առաջին բանաստեղծությունը: 

-1967 թվականին գրեցի առաջին բանաստեղծությունը «Խաբուսիկ սեր» վերնագրով: Այնուհետև առաջացավ նորանոր բանաստեղծություններ գրելու հակում:

-Քանի՞ բանաստեղծություն եք գրել: 

-Գրել եմ 36 բանաստեղծություն, սակայն կան նաև անտիպ մնացած բանաստեղծություններ:

-Ե՞րբ են տպագրվել ձեր բանաստեղծությունները: 

-Իմ բանաստեղծությունների գիրքը տպագրվել է 2013 թվականի ամռանը: Գրքի հիմնական գաղափարը հայրենասիրությունը և մարդու էությունն են:

Նաև ասեմ, որ Մայուլիս պապիկը զբաղվում է Անգեղակոթի հուշարձանների, կոթողների պահպանմամբ ու մաքրությամբ:

arevik mkrtchyan syunik

Պաուլոն ու Չուչին

Նրանք իմ ձկնիկներն են: Մի օր, երբ վերադարձա ընկերուհուս հետ զբոսնելուց, սեղանին՝ թասի մեջ, ձկնիկներ
տեսա: Այդ ժամին բոլորը սերիալ էին նայում: Ձկնիկներին տեսնելով՝ շատ ուրախացա:
-Պապ, էս ի՞նչ ձկներ են, որտեղի՞ց:
-Սերոբ պապին ա բերել:
-Հա՜: Պապ, իսկ կլինի՞ սրանցից մեկին պահեմ:
-Հա, ինչի՞ չի լինի:
-Բայց ինչի՞ մեջ պահեմ, կլինի՞ բանկայի մեջ:
-Հա, բայց մեծ բանկայի մեջ գցիր, որ կարողանան ազատ լողալ:
Ես նրանց չէի կարողանում բռնել և գցել բանկայի մեջ: Վախենում էի: Ի վերջո բռնեցի, բայց ոչ թե մեկին, այլ
երկուսին, որովհետև դժբախտ էր ձկնիկս առանց ընկերոջ:
Ես նրանց մանրացրած չոր լավաշ տվեցի, միանգամից կերան: Խոսում էի նրանց հետ և որոշեցի նրանց անուններ
տալ. անհետաքրքիր էր առանց անունների: Ձկներիցս սևին կոչեցի Պաուլո, իսկ սպիտակին՝ Չուչի: Այսպես նրանք
դարձան իմ ընկերները, որոնց հետ ես խոսում եմ այն ժամանակ, երբ տխուր եմ լինում: Նրանք առանց շարժվելու,
շատ ուշադիր լսում են ինձ:

marta minasyan

Իմ «5-րդ դասարանը»

Ես սովորելու ընթացքում փոխել եմ չորս դասարան, որոնցից յուրաքանչյուրն էլ յուրահատուկ է եղել, սակայն այս ընթացքում ամենայուրահատուկ դասարանը եղել է «TEDxkids2017»-ի դասարանը: Հանդիպում էինք շաբաթը մեկ անգամ՝ 2-3 ժամով: Մեր «դասարանի» 80%-ը գալիս էր ամենատարբեր մարզերից: Եվ քանի որ կային նաև գյումրեցի աշակերտներ, առանց հումորի անհնար էր:

Մենք այնտեղ չէինք սովորում թվեր գումարել կամ հանել, հիշել, թե ինչ-որ մեկը ինչ սխրանք է գործել, չէինք պատրաստվում քննությունների: Մենք սովորում և հիշում էինք մեր դասարանի երեխաների մտքերը, լսում կարծիքները, հասկանում նրանց էությունը, ծիծաղում, նկարներ անում: Իսկ լանչի ժամանակ 20 րոպեով բոլոր դասարանների պես խմբվում էինք սեղանների շուրջ ու զրուցում: Բայց այդ զրույցներն այնքան լավ չէին ընթանում, ինչքան դասերի ժամանակ: Ու գիտե՞ք, ամեն լանչի ժամանակ նույն խմբով չէինք նստում, ինչպես դպրոցներում, այլ հակառակը՝ ամեն անգամ տարբեր խմբերով, տարբեր թեմաներով ու թարմ լուրերով:

Դե, այդպես երեք ամիս անցավ ու եկավ «վերջին զանգի» օրը: Բոլորս պետք է ելույթ ունենայինք մեզ հուզող խնդիրների մասին ու ցույց տայինք մեր 3 ամսվա աշխատանքը: Հերթով ամեն մեկս մեր ասելիքն ասացինք ու վերջապես ծանոթացանք ծնողների հետ: Այստեղ ուսուցիչները չէին ներկայացնում մեր աշխատանքը, այլ մենք ինքներս:

Եկավ հրաժեշտի պահը: Մեր միջի գյումրեցին վերջին րոպեին բացականչեց.

-Ո՜ւխ, պրծամ սրանցից, ես գնացի:

Ես էլ հետևից կատակը շարունակեցի՝ ասելով.

-Դավաճա՜ն:

Բոլոր դասարանների պես կապը պահում ենք ու առիթ ենք փնտրում հանդիպելու համար. կլինի դա փառատոն, համերգ կամ մի այլ բան: Ափսոս, որ հաճախ հավաքվում ենք ոչ բոլորով:

Հարսին բերեցին

Այսօր մեր թաղամասում հարսանիք էր: Երեխաներով անհամբերությամբ սպասում էինք, թե հարսին երբ են բերելու, որպեսզի ավանդույթի համաձայն, շղթա կապենք: Երբ արդեն վերադարձան, շղթա կապեցինք և փող պահանջեցինք, որ թողնենք՝ հարսին տանել ամուսնու տուն:

Այս հարսանիքին մի քիչ քիչ գումար հավաքեցինք, որը հավասար բաժանեցինք մեր՝ շղթա կապող չորս հոգու մեջ, իսկ մնացած մասով, որը խանգարում էր հավասար բաժանելուն, կոնֆետներ գնեցինք:

iza Astsatryan

Երբ աշխարհը բաժանվում է երկու մասի

Հերթական օր, հերթական ժամ ու «Էլ կլասիկո», երբ աշխարհը բաժանվում է երկու մասի, երբ քույրերով դառնում ենք մրցակիցներ, երբ ողջ մոլորակում քաոս է տիրում… Քաոս էր տիրում նաև մեր տանը. քույրս Բարսելոնային է երկրպագում, իսկ ես՝ Ռեալին: Ամեն անգամ «Էլ Կլասիկո» նայելիս մեր տանը «պատերազմ» է սկսվում: Այս անգամ խաղը հուլիսի 29-ին էր, ժամը 4:00-ին, հետաքրքիր է, տեսնես՝ ինչքա՞ն մարդ է այդ օրը անքնությամբ տառապել, կամ ինչքան մարդ է 3:30, 3:35, 3:55 զարթուցիչը միացրել խաղը դիտելու համար: Ես ու քույրս էլ էինք այդպես արել:

Մինչև ժամը 4-ը հազար անգամ անկողնու մեջ աջ-ձախ, վերև-ներքև արեցի, վերջապես խաղն սկսվեց: Տրամադրվածությունը մարտական է, չմոռանամ նշել, որ հեռախոսի լույսի վրա եկած մոծակների տրամադրվածությունն էլ ավելի մարտական էր: Ֆեյսբուքում գրառում արեցի, ու ինչքան արթուն մարդ կար, հավաքվեց՝ Ռեալի ֆաները #HalaMadrid, իսկ Բարսայի ֆաները՝ #ViscaBarca հեշթեգերով: Առաջին խաղակեսն ավարտվեց 2-2 հաշվով: Պայքարը թեժ էր, արդեն ժամը 5:15 էր, որոշեցինք դուրս գալ և պատշգամբից լուսանկարել Հալիձորի արևածագը, մի քանի լուսանկար արեցինք ու գնացինք երկրորդ խաղակեսը նայելու: Մինչև վերջին րոպեները շունչներս պահած էինք նայում, մի փոքր նյարդայնանում էի, որովհետև այդ ռուս մեկնաբաններն իրենց խոսքի մեջ ակնհայտ ցույց էին տալիս, որ իրենք Բարսելոնային են երկրպագում: Խաղն ավարտվեց ի ուրախություն Բարսելոնայի երկրպագուների. Բարսելոնան հաղթեց 3-2 հաշվով:

Արդեն ժամը 6-ն անց էր, երբ որոշեցինք գնալ և մի փոքր քնել… Հավատացեք, չկա ավելի ինքնավստահ մարդ, քան ամբողջ գիշերը չքնած ու «Էլ Կլասիկո» նայած մարդը:

Հիշում եմ, մեկ տարի առաջ, երբ պատրաստվում էի Ռեալ Մադրիդ-Բարսելոնա խաղին, որոշեցի տունը զարդարել Ռեալ Մադրիդի պաստառներով: Գիշերը զարդարեցի, առավոտյան գնացի դպրոց, իսկ երբ դպրոցից վերադարձա, տեսա, որ քույրս, որը Բարսայի ֆան է, իմ ողջ աշխատանքը «ջուրն է գցել»: Մի քիչ տխրեցի, բայց փոխարենը Ռեալը հաղթեց 2-1 հաշվով, սիրտս տեղն ընկավ: Ամեն խաղի ժամանակ նույն իրավիճակն է տանը, իսկ դպրոցում բոլոր դասաժամերին քննարկում ենք խաղը: Եթե խաղը ուշ ժամի էր լինում, մեր աչքերից երևում էր, որ դիտել ենք…

Չեմ ուզում երկար-բարակ խոսել Ռեալի մասին, միայն կասեմ՝ Hala Madrid: