Կապան

Իմ հերոսը

Լուսանկարը՝ Նարե Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նարե Խաչատրյանի

Իմ հերոսն իմ մայրն է՝ մասնագիտությամբ մանկաբարձուհի Քրիստինան: Ես նրանից շատ բաներ եմ սովորել, օրինակ՝ ճանաչել մարդկանց ոչ թե արտաքինով, այլ ներքինով: Նա ինձ դեռ մանկուց դաստիարակել է լինել քաղաքավարի, բարի, հոգատար, աշխատասեր: Ամեն հարցով նա ինձ աջակցում է: Լսելով նրա խորհուրդնեերը ես շատ բաների եմ հասել: Ես ուրախ եմ, որ ունեմ հիանալի, իդեալական, ինձ հասկացող, ճիշտ խորհուրդներ տվող մայրիկ: Ասում են, որ իդեալական մարդ չկա, բայց մայրս իդեալական է: Ճիշտ է, շատերը կասեն, որ իրենց մայրերը իդեալական են, բայց ես հավաստիացնում եմ ձեզ, որ իմ մայրը իրոք իդեալական է: Նա շատ բարի, հոգատար, աշխատասեր կին է: Ես շատ եմ ցանկանում նմանվել նրան:

Անի Մարտիրոսյան

***

Իմ հերոսը քույրիկս է՝ Վալյան: Երբ նա ծնվեց, բժիշկներն ասացին, որ չի ապրի։ Ծնված օրվանից նա պայքարեց կյանքի համար, որովետև փոքրիկ, հիվանդ երեխա էր։ Վեց տարեկանում նշիկները վիրահատեցին։ Հիշում եմ, երբ փոքր էի ու չափից շատ հետաքրքրասեր, իմ հարցերին պատասխանում էր քույրս։ Տասներեք տարեկանից ծնողներս Վալյային տարան ատլետիկայի։ Երբ մասնակցեց առաջին մրցմանը, գրավեց առաջին տեղը, չնայած՝ սկզբում չէր փայլում կարողություններով։ Եվ այստեղից սկսվեց նրա հաջողությունների շղթան։ Իսլանդիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Մալթայում, Սլովակիայում, ինչպես նաև մեր հարևան պետություններում (բացի Ադրբեջանից) մասնակցել է թիմային և անհատական մրցումների՝ գրավելով մրցանակային տեղեր։ Վալյան հիմա քսանմեկ տարեկան է։ Սովորում է ՖԿՀՊԻ-ի լրագրության բաժնում և դրան զուգահեռ պարապում և աշխատում է։ Ես փորձում եմ նմանվել նրան աշխատասիրությամբ, համառությամբ, նպատակասլացությամբ։

Անուշ Ավագյան

Գեղանուշի պոչամբարը

Լուսանկարը՝ Նարե Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նարե Խաչատրյանի

Պոչամբարը գտնվում է Կապան քաղաքի գյուղերից մեկում՝ Գեղանուշ տանող ճանապարհի մոտակայքում: Պոչամբարը բացվել է 2007 թվականին: Դա շահագործվում է «Դանդի Փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի կողմից, կառուցված է արդեն գոյություն ունեցող` հին պոչամբարի վրա: Գեղանուշ գյուղի բնակիչները դեմ էին պոչամբարի բացմանը, տարբեր դիմումներ ներկայացրին, սակայն մերժում ստացան: Պոչամբարը շատ վնասակար է. այն աղտոտում է օդը, հողը, առաջացնում է տարբեր տեսակի հիվանդություններ: Գեղանուշի բնակիչներից մեկը ասել է, որ պոչամբարը շատ մոտ է իրենց գյուղին և արդեն աղտոտել է իրենց հողը, ինչի պատճառով բերքը առատ չէ: Եղել են դեպքեր, որ անասունները մտել են պոչամբարի մեջ, և ոչ մի կերպ չեն կարողացել նրանց հանել: Պոչամբարը ավելի շուտ ճահճի նման է: Նաև ասում են, որ առանց համազգեստի և առանց համապատասխան ակնոցի չես կարող մտնել պոչամբարի տարածք: Գեղանուշցիները շատ են մտահոգվում այն բանի  համար, որ, հնարավոր է, մի քանի տարի հետո փակվի դեպի Գեղանուշ-Կապան ճանապարհը: Նաև եղել են զրույցներ, որ, հնարավոր է, գյուղի բնակիչներին դուրս հանեն գյուղից, շատերը նաև պոչամբարի պատճառով հեռանում են գյուղից: Իսկ Կապան եկող զբոսաշրջիկները կարծում են, թե դա լիճ է:

Լուսանկարը՝ Անի Մարտիրոսյանի

Լուսանկարը՝ Անի Մարտիրոսյանի

Լուսանկարը՝ Ալեքսան Ջհանգիրյանի

Լուսանկարը՝ Ալեքսան Ջհանգիրյանի

Լուսանկարը՝ Հրաչյա Արզումանյանի

Լուսանկարը՝ Հրաչյա Արզումանյանի

Ես հայ եմ

Ես ապրում եմ փոքր քաղաքում՝ Կապանում։ Ուզում եմ պատմել մեր քաղաքի ամենահետաքրքիր մարդու՝ Նադյա տատիկի մասին։ Նադյա տատիկը ազգությամբ ռուս է։ Նրա ամուսինը մահացել է, իսկ որդին զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ։ Նա շատ բարի է։ Օրինակ՝ երբ մեկը իրեն օգնում է, նա միշտ կոնֆետներ է տալիս։ Ես մեր բակում չեմ ճանաչում այնպիսի մեկին, ով Նադյա տատիկի մասին վատը կասի։ Նադյա տատիկը շատ մաքրասեր կին է։ Նա ամեն աշուն առավոտյան ժամը յոթին վեր է կենում ու ավլում բակի տերևները։ Իմ մեջ միշտ տպավորվել են նրա խոսքերը, նա միշտ ասում էր, այծը որ այծ է, իր տակը մաքրում է։ Իսկ երբ հարցնում ես նրան, թե կցանկանա՞ր արդյոք վերադառնալ ՌԴ, նա պատասխանում է, որ ինքը հայ է ու ՌԴ-ի «բաբուշկաների» հետ գործ չունի։

Հայրեր և որդիներ

Իմ հերոսն իմ հայրիկն է՝ Սահակյան Ռոմանը: Նա աշխատում է փրկարար օգնության անձնակազմում, փոխգնդապետ է: Սակայն, վթարի և արտակարգ դեպքերի ժամանակ նա անձնակազմի հետ միասին մասնակցում է գործողություններին: Շատ դեպքեր են եղել, երբ հայրիկս գիշերվա ժամը չորսին գնացել է և վտանգելով իր կյանքը փորձել է փրկել տարբեր մարդկանց: Երբ նա գիշերը տուն է գալիս, աշխատում է տան վերանորոգման վրա, ոչ թե քնում է: Ես միշտ փորձում եմ օգնել հայրիկիս այն ամենով, ինչով կարողանամ: Իսկ երբ ժամանակ է ունենում, նա նաև մեր դասերն է ստուգում:

Հայրիկս ինձ համար տղամարդու վառ օրինակ է, և ամեն պահ, ամեն հարցում պատրաստ է ինձ օգնել և ճիշտ խորհուրդներ տալ: Ես հպարտանում եմ իմ հայրիկով: Նա ինձ սովորեցրել է, թե ինչ պետք է անել հրդեհի, երկրաշարժի, վերելակի խափանման, կայծակի, ամպրոպի ժամանակ: Ինչպես նաև ինձ սովորեցրել է, թե ինչպես ինձ դրսևորեմ դրսում: Տանը նա խիստ և պահանջկոտ հայր է, բայց մի պահ նա բարի է դառնում: Տատիկիս, պապիկիս, մայրիկիս համար հայրս շատ սիրելի և օրինակելի մարդ է: Եվ նրանք ոլորը ցանկանում են, որ ես նմանվեմ հորս:

Ալեքս Սահակյան, 13տ

Երբեմն իր պահվածքով շատ դաժան և խստապահանջ, այսպիսին է  իմ հերոսը՝ հայրս: Հայրս մեր տան սյունն է, որի ամրության վրա չեմ համարձակվում կասկածել: Նա աշխատում է, միաժամանակ հետևում դասերիս, օգնում մայրիկիս տան գործերում: Հորս բնավորության գծերից առանձնացնում եմ եռանդունությունը, խստապահանջությունը, աշխատասիրությունը, որոնք ես չեմ ժառանգել:  Ինձ համար հենց նա է տղամարդու իդեալը: Հայրս ինձ միշտ նախատում է իմ ամեն փոքր սխալի համար, ինչի շնորհիվ էլ ես ձևավորվեցի որպես մարդ: Հայրս իմ հետ անկեղծ է, իսկ ես՝ երբեմն ոչ: Երբ հայրս տխուր է լինում, ես չեմ կարողանում ուրախ լինել: Հայրս տարօրինակ ազդեցություն ունի ինձ վրա, բայց նա իմ հերոսն է:

Ալեքսան Ջհանգիրյան, 13տ.

Կարատեն, հայրիկս և ես

Կարատեն արդեն տասնհինգ տարի է` գործում է Կապանում: Դպրոցում կա ութսուն աշակերտ: Այս սպորտաձևը ունի շատ բարդություններ, բայց երեխաները սիրով են հաճախում: Կարատեի կարող են հաճախել հինգ տարեկանից սկսած: Կարատե պարապելու համար պետք է նաև հատուկ համազգեստ ունենալ: Սպորտդպրոցը շատ լավ վիճակում է, բայց հովանավորներ չունի: Կարատեի մեր խումբը մրցումների է գնում Եղեգնաձոր, Վայք, Երևան: Լինում է, որ  նաև ուրշի տեղերից են գալիս մեզ մոտ՝ մրցումների: Ես էլ եմ հաճախում կարատեի: Սպորտաձի նկատմամբ սերը սերմանել է իմ հայրիկը, որը կարատեի մարզիչ է:

Ես շատ կուզեի շարունակել հորս գործը: Կցանկանայի դառնալ մարզիկ: Որոշել եմ սովորել ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ կարատեի գծով: Բուհն ավարտելուց հետո կգամ Կապան ու կշարունակեմ հայրիկիս գործը: Որոշել եմ, երբ մեծանամ, մարզադպրոց կկառուցեմ: Ես, նայելով իմ հայրիկին, արդեն պատկերացնում եմ իմ ապագան: Գիտեմ, որ սպորտը դժվար է, բայց ես սիրում եմ պայքարել դժվարությունների դեմ:

Իմ կիթառի ուսուցիչը

Իմ շրջապատի ամենահետաքրքիր մարդը իմ կիթառի ուսուցիչն է` ընկեր Մայիսը, կամ, ինչպես շատերն են անվանում, մաեստրո Մայիսը: Շատերն ասում են, որ լավ ուսուցիչը սովորեցնում է գտնել ճշմարտությունը: Իմ ուսուցիչը, ճիշտ է, ինձ այբուբենը չի սովորեցրել, բայց նրա ամեն դասը ինձ համար բացահայտել է ճշմարտությունը: Ընկեր Մայիսը բազմակողմանի զարգացած, ազնիվ ու խելացի երաժիշտ է: Շուրջ երկու տարի է, նա ինձ կիթառի դասեր է տալիս, ընկեր Մայիսը իմ լավ ընկերն ու խորհրդատուն է: Բացի կիթառի դասերից, նա նաև սինթեզի դասեր է տալիս և ունի շատ աշակերտներ: Մաեստրոն գրեթե իր բոլոր դասերին մեջբերումներ է անում հին ֆիլմերից: Նա շատ հաճախ ասում է Մհեր Մկրտչյանի խոսքերից. «Սովորեք, երեխաներ, արվեստ սովորեք»: Ընկեր Մայիսը կարողանում է նվագել և ջութակ, և կիթառ, և դաշնամուր: Արամայիս Հակոբյանը աշխատում է «Քարավան» ռեստորանային համալիրում: Կապանում բոլորը ճանաչում, հարգում  են ուսուցչիս և ասում են, որ նա մեծ անունով մարդ է: 

Սվարանց

Լուսանկարը՝ Անուշ Ավագյանի

Լուսանկարը՝ Անուշ Ավագյանի

Իմ գյուղը Սվարանցն է։ Պատմական, գեղեցիկ, բարձրադիր Սվարանցը զբոսաշրջիկների մոտ կախվածություն է առաջացնում։ Նա, ով մի անգամ այցելում է, այլևս չի կարող էլի չգալ մեր գյուղ: Սվարանցը Գորիսի տարածքում է, այդ պատճառով էլ հաճախ չեմ լինում այնտեղ։ Գյուղի մեծերից մի պատմություն եմ իմացել, երբ մոնղոլները հարձակվել են մեր գյուղի վրա, գյուղի երիտասարդներն անցել են հակահարձակման անզեն՝ խոտհարքի գործիքներով։ Սակայն, մոնղոլներին օգնության է հասել մի քանի ջոկատ: Սվարանցիները այլևս չեն կարողացել դիմադրել և ստիպված հանձնել են  գյուղը: Այս մասին իմանալով՝ կաթողիկոսը անիծել է մեր գյուղը, ասելով՝ «Սև արած», այսինքն՝ սև սատանայի արարածներ։ Փաստորեն, կաթողիկոսի դաժան անեծքը իրականացավ, որովհետև իմ հայերենի գյուղը դատարկվեց։ 

Կապանի թութը

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Թութը ավելի շատ օգտագործում են գյուղերում: Թթով պատրաստում են չիր: Չիր պատրաստելու համար նախ պետք է թութը թափ տալ: Թութ թափ տալու ժամանակ շատ օգնում են երեխաները. երեխաները բռնում են քյարխանան` հատուկ ծածկոց, որի մեջ պետք է լցվի թափվող թութը, իսկ մեկը, ով ուժեղ է, բարձրանում է ծառը, կանգնում ճյուղի վրա ու սկսում է ոտքով հարվածել:  Թափ տալու ժամանակ թութը ասես կարկուտի նման հարվածում է կտորին` թողնելով հյութեղ հետքեր, իսկ եթե թութը սև է, ապա նաև սև բծեր: Իսկ վերջում թութը լցնում են դույլի մեջ և տանում են տուն՝ չիր պատրաստելու նպատակով: Վերցնում են սկուտեղ, հատիկ-հատիկ  կողք կողքի դասավորում են թութը և դնում են արևի տակ: Թութը թողնում են արևի տակ այնքան, մինչև չորանում է:  Թթից նաև քաղցր օշարակ են պատրաստում` դոշաբ, որը շատ լավ դեղամիջոց է հազի դեմ: Թթից կարելի է նաև ստանալ օղի, գինի: Դե, կարծում եմ թթի օղին հայտնի է ողջ Հայաստանում: Թութն արդեն հասնում է, շուտով բոլոր այգիներում կլսվի ուրախ աղմուկ և ճոճվող թթենիները պար կբռնեն:

Իմ տոհմը

Լուսանկարը՝ Ալեն Ղազարյանի

Լուսանկարը՝ Ալեն Ղազարյանի

Իմ տոհմը շատ մեծ է, այնքան, որ կարեի է նաև անվանել հսկայական: Մեր տոհմապետն է Մելիք Փարսադան Առաջինը: Մեր տոհմի ժառանգներից է Դավիթ Բեկ իշխանը, նա Մելիք Փարսադանի թոռն է եղել: Մենք հաճախ ենք հանդիպում հարազատներով: Իմ պապիկի հայրը՝ Դավիթը, եղել է ցարական բանակի զինվոր, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պապս՝ Օնիկը, տանկիստ է եղել և մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Պապս միշտ ասում է, որ պետք է լինել արդար, վստահ և աշխատասեր: Մեր տոհմի շարունակողներից մեկն էլ ես եմ, և հայրս ուզում է, որ լինեմ իմ ազգին արժանի զավակ: Ես շատ եմ սիրում իմ տոհմը և կլինեմ դրա արժանի շարունակողը: