27.09.2020թ. 07:20 Արցախ

2020 թվականի սեպտեմբերի 26-ի երեկոն էր՝ սովորականի նման բանակային կրկնվող մի օր, երեկոյան ժամ, բայց ինձ համար սովորականից մի քիչ տարբերվող, որովհետև ընկերս էր գալիս, ու բացի ընկերոջս տեսնելուց, պիտի վերցնեի տնից ուղարկված ծանրոցը, որի մեջ էր մորս ձեռքով պատրաստված համեղ պահածոն: Մի տարի չէի կերել, համարյա մի տարի:

Զորքը շարված էր շարահրապարակում անվանականչի, իսկ ես հսկայական զորամասի լուսավոր նեղ ճանապարհով անդորրի ու ինձ մատնող արագ քայլվածքով արագորեն աննկատ քայլում եմ դեպի զորամասի հսկիչ անցագրային կետ` ընկերոջս տեսնելու ու ծանրոցը վերցնելու համար: Ընկերոջս տեսնելուց, ծանրոցը վերցնելուց հետո հրաժեշտի պահին ասացի, որ գնան. հակառակորդը չափից շատ կուտակումներ է իրականացրել սահմանին, ու առավոտը, վախենում եմ, բարի չլինի, գնա, քանի շուտ ա: Իսկ ընկերս լուրջ չընդունելով ու սարկազմի վերածելով ասաց` լավ, էսա շուտ գնում եմ: Վերջում էլ երևի իր վրա թողեցի վախեցած զինվորի տպավորություն, ով ամեն պահի վախենում էր պատերազմից, բայց այդպես էլ մինչև կռվի սկիզբը լուրջ չընդունեց: Գրկելուց, հաջող անելուց անմիջապես հետո էլի լույսերի ու նեղ ճանապարհի միջով գողեգող քայլեցի դեպի գումարտակ: Գումարտակում ես միայնակ էի: Մեր գումարտակը մարտական հերթապահության էր, իսկ ես մի քիչ ջերմության պատճառով մնացել էի զորամասում: Զինակից ընկերոջս հետ սենյակում նստելուց ու ծանրոցը բացելուց հետո, ուշադրություն չդարձնելով հազարավոր շոկոլադներին, ամենատակից հանեցի փոքր բանկայով լիմոնի աղով պատրաստված փոքր վարունգի թթուները և բացեցի: Կծու լինելով ու երկար ժամանակ չկերածի կարոտով համտեսում ենք, և Արմենը ինձ հարցնում է.

- Սերոժ, ի՞նչ կա-չկա, է: Հլը մի երկու բառով պատմի` նորություն, բան, ի՞նչ կա:

- Եսիմ, անկապ, էլի: Ասում են` առավոտ կռիվ ա սկսելու:

- Հա՞ որ…

Դե հա, առավոտից ես տենց եմ հասկացել:  Չգիտեմ, ճի՞շտ եմ հասկացել, թե՞ չէ, բայց ամենաշատը էդ վարկածի վրա եմ հակված:

Խոսքի կեսին Ստյոպն ա ներս մտնում, ասում.

- Դիվիզիոնին տագնապով հանին պոստեր:

Իմ մեջ վերլուծելուց, մտածելուց հետո, որ ամեն ինչ լուրջ է, կեղծ ժպիտով սկսում եմ շփվել տղերքի հետ, հետո մի ժամ անց գնացինք քնելու:

Առավոտ 07:16 էր: Մինչև հիմա հիշում եմ ժամը: Թեթևակի գմփոցից ու դուռը պատին խփվելուց վեր թռա ու ասացի.

- Տղերք, մի քիչ կամաց. քնած եմ:

Ասացի ու շրջվեցի դեպի ձախ: Օրն էլ կիրակի էր, ոչ ծառայողական: 07:20 փոխվեց ամեն ինչ, առանց ինչ որ մի բանի  հակառակորդի  «Գրադ» հրետանային զինատեսակի քսանից ավելի հրթիռները մտան զորամասի ներս ու շախմատաձև հարվածելուց հետո, հարվածային ալիքից հակառակ կողմի վրա բացվեցին բոլոր լուսամուտները հարվածելով պատին ու փշրվեցին գետնին: Վեր թռնելուն պես կես վայրկյանում հիշում եմ երեկվա ողջ խոսակցությունները ու համարյա լցված աչքերով աղոթում, որ երազ լինի: Բայց չէ, դեռ ուշքի չեկած, զորամաս են մտնում հաջորդ հրթիռները, որոնք արդեն ավելի դիպուկ էին ու վտանգավոր:

Վազելով գնում եմ Արմենին խփում քնած ժամանակ ու միանգամից գոռալով ասում.

- Արմեն, վեր կաց, կռիվը սկսեց, շուտ արա:

Բոբիկ վազում եմ սենյակ, որ վերցնեմ կոշիկներս ու վերնաշապիկը: Սենյակի ճանապարհին ներս են մտնում վախեցած, բարձր գոռալով ու բարձր լացի ձայնով ճաշարանի բոլոր կանայք, ովքեր հազիվ էին ճաշարանից դուրս եկել և եկել մեր շենք: Վազում էին մի տեղից մյուսը, լացում, աղոթում, բայց մեկ է, վայրկյանը մեկ ամեն ինչ լրջանում էր:

Դժվարությամբ իրար գլուխ հավաքելուց հետո խնդրում եմ, որպեսզի բոլորով կքանստենք մուտքի ձախ կողմի պատի տակ, որը հանդիսանալով գումարտակի հիմք ու հիմնական պատ, համեմատաբար ապահով է: Բոլորս շունչներս պահած սպասում ենք, հետո տեսնում ենք, որ մոտավորապես երեք րոպե հանգիստ է, վազում ենք դեպի հինգերորդ գումարտակի նկուղ, որն ապահով է: Ճանապարհին էինք, երբ էլի գրադը խփեց զորամասի տարբեր հատվածներում: Հինգերորդին դեռ երկար ճանապարհ կար, ու որպեսզի ճանապարհին չմնայինք, մտանք մեկ այլ գումարտակ, որը հին շինություն էր, պատուհանները ոչ եվրոպական, այլ հին փայտից, սովորական ապակիներով, կապակցված սքոչի օգնությամբ: Մտնելով գումարտակ, արդեն սպայակազմին ու զորքին միախառնվելով լսում ենք օդում եկող քամու դիմադրությունը ճեղքող հրթիռի ձայնը, որի ժամանակ բոլորս պառկեցինք դեմքով դեպի գետինը, և  աղոթում էինք, որպեսզի շենքին չկպներ: Հակառակ դեպքում հետևանքները անդառնալի կլինեին:

5 րոպե անց զորամասի հրամանատարի տեղակալն է գալիս` փոխգնդապետ Հարությունյանը՝ շնչակտուր ու վատ լուրով, ասելով, որ ավտոպարկում գտնվող բոլոր մեքենաները ու զինամթերքը չկան, ամբողջությամբ այրվում հալվում են:

Տղաները պիտի գնային դիրքեր, քանի որ հակառակորդը ամեն կերպ արդեն սկսում էր ներթափանցել մեր առաջնագիծ թե տանկերով, թե դիվերսիոն խմբերով: Մեր տղաները մեքենաների այրվելու պատճառով, պարտավոր էին զորամասից ոտքով շարժվել դեպի դիրքերը: Բայց մինչև զորամասից դուրս գալը պետք էր կարողանալ անվնաս մնալ, բաժին չդառնալ սուր բեկորների: Բայց կար ավելի մի դաժան բան, երբ տեսնում ես` զինվորը բարձրանում է կռիվ տալու երբ չգիտես հետ կգա թե չէ ու էտ ամենին ներկա է զինվորի մայրը, ով գրկելով չափից շատ ամուր, իր որդուն չի թողնում, որպեսզի հեռանա իրենից: Բայց պատերազմ էր. երկուսով լցված աչքերով միմյանց նայեցին մինչև վերջին պահը: Իսկ զինվորի մայրը ճաշարանում աշխատող կանանցից մեկն էր, ով ամեն օր կերակրում էր բոլոր զինվորներին, այդ թվում նաև իր որդուն, ով գնաց առաջնագիծ:
Էլի համեմատական հանգիստ տիրելուց հետո փորձեցինք վազել դեպի ապահով նկուղ, բայց ճանապարհին տեսածը ուղղակի ստիպեց ինձ կանգնել ու լռությունից քարանալ: Կռիվը 15 րոպե էր, ինչ սկսել էր, բայց արդեն զոհվել էին 30 հոգի: 30 անմեղ զինվոր, ովքեր ծառայել էին ընդամենը ամիսուկես:

Դրսում գտնվելու պատճառով զինծառայողները հրաման են ստանում մտնել թաքստոցները: Երբ ամբողջ անձնակազմը մտնում է թաքստոց,  անօդաչուի հրթիռը հարվածում է թաքստոցին, պայթում` իր հետ տանելով 30 անմեղ զինվորի կյանք, 30 զինվորի, ովքեր անգամ չգիտեին դեռ` ինչ է ծառայությունը: Ես ուղղակի չկարողացա քայլել ոչ հետ, ոչ առաջ: Ապշած նայում էի ողջ-ողջ թաղված զինվորներին, ովքեր մահացել էին: Նրանց հողով կիսածածկ մարմինները մինչև հիմա չեմ կարող մոռանալ: Կարծես մղձավանջ լիներ, որ չէիր ուզում հավատալ, անգամ հավատալ, որ դա դու տեսնում ես: Թե ոնց են մարդիկ ողջ-ողջ մեռնում տոննաներով հողի տակ: Ինձ ուղղակի հարցնում էի ու ինքս ինձ խոսում. «Աստված ջան, ո՞նց կարող է 15 րոպեում 30 մարդ զոհվի: Ի՞նչ ա կատարվում: Ախր, մի՞թե սա իրական է»:

Մի քանի վայրկյան անց ինձ թափ տալուց հետո ընկերոջս հետ մտնում եմ նկուղ ու փոխգնդապետին փնտրելով ուզում հարցնել, թե ինչ ենք անելու չունենալով զենք, զինամթերք, զրահաբաճկոն և սաղավարտ: Ի՞նչ պիտի անենք, երբ մեր առողջական խնդիրների պատճառով չէինք բարձրացել դիրքեր, մնացել էինք ներքևում, իսկ մեր զինամթերքը և անհրաժեշտ ամեն ինչ տղաները դիրքեր էին տարել: Փոխգնդապետն ասաց սպասենք: Մի քանի րոպե անց տեսնելով իր խառնված նյարդայնացած վիճակը, վախվորած նորից մոտեցանք ու  կրկին հարցրեցինք:

Նա բարկացած պատասխանեց.

- Սերոժ, ի՞նչ ես ուզում հիմա անենք: Հիմա խառն ա: Ուզո՞ւմ եք դիրքեր գնալ:

Ես ու Արմենը իրար ենք նայում մի պահ ու առանց մեկ վայրկյան մտածելու, ասում.

-Այո, մենք պիտի գնանք: Մենք ուզում ենք, բայց զինամթերք չունենք: Վերևում է, տղերքի մոտ, տարել են:

- Դե սպասեք մինչև ձեր գումարտակի մոբը համալրվի, որ իրենց հետ գնաք:

Խոսակցությունը ավարտելուց հետո Արմենը ասում է.

- Սերոժ, ճիշտ ա, ոչինչ չունենք մենք` զենք, կասկա-ժիլետ, բայց ճիշտը գնալն է, պիտի գնանք, ուրիշ տարբերակ չկա: Տղերքը վերևում են:

-Հա, Արմ, միանշանակ,- իրար գրկելուց հետո սպասում էինք, որ մեքենան գար, որպեսզի մենք նույնպես գնայինք դիրքեր:

Մոտ քառասուն րոպե անց տեսանք մեքենա, որտեղ անձնակազմ է նստում, վազելով մոտիկացանք ու էլի հանդիպելով փոխգնդապետին, հարցնում ենք.

-Պարոն փոխգնդապետ, այս անձնակազմը ո՞ւր է գնում:

- Դիրքեր է գնում, երրորդի անձնակազմն ա, դուք ո՞րն եք:

-Երրորդինը:

- Նստեք, շուտ արեք:

Արագ նստելով մեքենան, իրար ձեռք ձեռքի տալով նստում ենք, աղոթում ու շարժվում դեպի առաջնագիծ: Ճանապարհին զինամթերք բեռնելուց արդեն վախ էր մեջներս, որովհետև օդում անօդաչու կար, ու մեքենային ոչնչացնելը վայրկյանների հարց էր: Գումարած, երբ այն բեռնված է ծանր զինամթերքով: Բարեհաջող անցնելուց հետո շարունակում ենք էլի շարժվել դիրքեր, արդեն ավելի մեծ արագությամբ: Ճանապարհին նայել եմ գրպանիցս հանած Սբ Աղոթագրքին, որը նվիրել էր մեր Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը ու ասել, որ այդ Աղոթագիրքը և կրծքիս խաչը պահապան են լինելու ինձ: Աջ կողմումս նստած էր ճաշարանի աշխատող տղան, ով հաց էր դատարկում, իսկ հիմա զենքով ու զինվորական համազգեստով կողքս նստած է: Դիմացս պապիկ է, ով թեև ծեր էր, բայց պնդում էր` մեր հողը մերն ա, էդ արտերը ու հասկերը մերն ա, իսկ մյուս կողմում մարդ, ով ուղղակի բոլորիս իր հայրենասիրական երգով ու քաջալերող խոսքերով ուժ էր տալիս ու հրետանու ձայնի հետ բարձրացնում նաև իր ձայնը: Արդեն դիրքերի ճանապարհին հասնելուց մեքենայի ավագը ասաց, որ ամեն դիրքում երկուական մարդ թող իջնի: Անձնակազմի իջնելուց հետո հետո հերթը եկավ մեզ, որ իջնենք:

Իջանք, բա ո՞ւր գնանք հիմա:

- Քել գնանք Գսպոենց մոտ` 52:

Գնացինք:

Մինչ 52 ճանապարհը երկար էր, ու վազում էինք, որ հասցնենք: Վազելու ընթացքում տղաներից մեկն ասաց.

- Դիտարկվող ենք, արագ վազեք էս հատվածը:

Դեղին հողի ու մանր քարերի միջով ու հողաթմբից այն կողմ արկի հարվածի ալիքի մեջ աղմկելով վազում էինք, երբ վերջապես հասանք ու տեսանք դիրքը, որը հարվածից որոշ չափով հողերի մեջ էր, իսկ տղերքի մոտ, փառք Աստծո, ամեն ինչ լավ, ուղղակի մի քիչ վախեցած ու լարված տղաներն էին, ինչը ուղղակի նորմալ էր այդ պահին կամ այդ օրից սկսած:

Քիչ ժամանակ էր անցել, երբ քամու մեջ ծանրության ձայն լսեցինք ու վայրկյաններ անց պայթյուն: Արդեն մութ էր, բայց ականանետը շարունակում էր հարվածել, իսկ մենք սպասում էինք տղաներին, ովքեր պիտի հասնեին դիրքեր: Նրանք ոտքով էին ճանապարհ ընկել դիրքեր, իսկ եթե հիշում եք. մեքենաներն ամբողջությամբ այրվել էին հրթիռակոծությունից: Գիշերը ժամը 11:50 տղաները հասան տեղ` մոտ 30կմ քայլել էին իրենց վրա կրելով ծանր բեռը: Իրենց ժամանելուց հետո մենք պիտի հանձնեինք դիրքը իրենց ու տեղափոխվեինք մեկ այլ վայր:

Գիշեր էր: Քայլում էինք մութ ճանապարհով դեպի նշված վայրը` մեզ հետ վերցնելով զենքեր, տաք համազգեստ և զինամթերք: Պիտի մեքենայի սպասեինք, որ մեզ վերցներ: Մեքենայի ձայնը գալիս էր, բայց մեքենան չկար: Լույսերը մարած էին, որպեսզի հանկած չնկատվեր հակառակորդի կողմից: Գիշերը 03:10 տեղ հասնելուն պես արագ իջնում ենք, մտնում հողի տակ գտնվող տնակը, մեքենան հեռու տանում ու կքանստած դիրքով քնում` հենվելով բետոնին:

Լույսը բացվելուն պես արդեն շատանում էր հրետանու ձայնը: Օրը փոխվելուն պես մեծանում էին զենքերի տեսակները, զոհերի ու վիրավորների թիվը: Երրորդ օրն էր կռվի: Արդեն բոլորս անցել էինք մեր լուրջ ծառայությանը: Ժամանակն էր ցույց տալ այն, ինչին տիրապետում ենք, ցույց տալ այն, ինչը պետք է: Հերթափոխի ժամանակ, երբ կարճատև հանգիստ էր լինում, չգիտեմ ինչի, անկախ ինձանից միացնում էի Ռուբեն Հախվերդյանի «Զինվոր» երգը: Ու անընդհատ մտքումս մեխվել էին երգի այս հատվածները.
«Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին, հրետանու ձայնը լսվում էր հեռվում»,
«Տղան ծվաց, հասկի պես ընկավ, ձեռքերում սեղմած նամակը ծակված: Հայացքը ուղղած կապույտ երկնքին»: Սրանք այն հատվածներին էին, որը լսելուց, մեկը տեսնում էի իրականում, իսկ մյուսը` մտածում, որ ուշ թե շուտ լինելու է:

Նման մի քանի օր ու հետո արդեն մեզ էր հասել օգնությունը, երբ քաղաքացիները մեզ համար ուղարկել էին: Ջրեր, հյութեր, քաղցրավենիք, ճաշեր, որոնք ուղղակի երջանկություն էին և ուժ` դիմադրելու: Հիշում եմ, երբ շշից ջուրը խմում էինք ջրի կափարիչով, որ բոլորիս հասներ: Վաֆլին չբացած փշրում էինք տուփի մեջ, հետո բացում, որպեսզի բոլորիս մի պտղունց քաղցր հասնի: Անգամ հիշում եմ, երբ երկար ժամանակ ջուր չէի խմել ու էդ ժամանակ մեզ «պերյանիկ» էին տալիս, ամեն մեկիս մեկ հատ, մի հատ կծելուց հետո չկարողացա ուտել, որովհետև բերանս չորացել էր ու չէի կարողանում կուլ տալ: Պերյանիկը նետեցի դաշտի մեջ, ընկերս նայեց ինձ ու հարցրեց.

- Սերոժ, էդ գցի՞ր…

- Հա, չկարողացա ուտել, կոկորդիս մնաց էնքան ծարավ եմ:

- Մոտավորապես ո՞ւր գցեցիր:

Զարմացած նայելով հարցրեցի, թե ինչի՞: Ասաց, որ ուզում ա գտնի և ուտի` սոված ա: Էդ ժամանակ ես ինձ վատ էի զգում, որ ասեմ, թե որտեղ է, որովհետև չէի կարող նայել, թե ոնց ա ինքը ուտում իմ նետած պերյանիկը, բայց մյուս կողմից` չէի կարող չասել, որովհետև սոված էր: Մինչ ես մտածում էի, արդեն գտել էր խոտերի միջից ու իր մոտ էր: Չգիտեմ, անգամ ծիծաղս է գալիս, որ պատմեմ, բայց ես սովածությունից սկսել էի ծխել: Միշտ գլուխ էի գովում, որ 21 տարեկան եմ ու կյանքում մեկ անգամ ծխած չկամ, բայց պատերազմը ստիպեց, որ ծխեմ ու անգամ ֆիլտրը սեղմեմ ատամիս տակ` մտածելով, թե կհագեցնի որոշ չափով: Մինչև հիմա, տեսնելով կարմիր BOND ծխախոտը, հիշում եմ այդ ամենը:

Սովորական մի օր էր, երբ կեսօրին կապ տվեցին ու ասացին, որ էս-էս մարդիկ պիտի գնան նշված վայր` խնդիր կատարելու, այդ թվում նաև ես: Ամեն ինչ վերցրած սպասում էինք մեքենային: Մեքենան եկավ, վարորդը Գագոն էր: Օգնեց, արագ ամեն ինչ դրեցինք ու շատ արագ գնացինք այդ հատվածը: Ճանապարհին մի քանի կետ մտնելուց հետո ասացին, որ հաջորդ բազայում կանգնենք. պիտի զինամթերք, արկեր տանք իրենց, չունեն: Մեքենան  քշելով դեպի բազա, արագ կանգնեց և վայրկենական սկսեցինք դատարկել: Վերջինն էր մնացել, մեկ էլ էն կողմից մի զինվոր գոռալով եկավ ու ասաց.

- Արա~ , մեր վրա ա գալիս, արա~, շուտ արեք, եկավ…
Ասաց ու պառկելով գետնին, փակեց ականջները, իսկ մենք վախից արագ գետնին դնելով վերջին հրթիռը, արագ փակում ենք բեռնախցիկի դուռը ու փորձում նստել մեքենան, որպեսզի մեքենայով գնանք, ու մեքենան էլ չխոցեն: Իսկ Գագոն գոռում էր, ասելով.

- Տղեք, շուտ արեք, եկավ-եկավ, մեր վրա ա:

Վերջինը ես էի նստում, երբ մի ոտքս դեռ դրսում, նա արագ տեղից պոկվեց, մի քանի անգամ պտտվեց, փոշու ամպ բարձրացնելով տեղից պոկվեց: Վայրկյաններ անց փոշու ամպին մի բան հարվածեց… Այդ ժամանակ կարծես երկրորդ անգամ ծնվեի: Բայց չէի էլ պատկերացնում, որ հետո ոչ թե երկրորդ, այլ երևի հինգ անգամ եմ դեռ ծնվելու Աստծո ողորմությամբ:

Հասնելով տեղ, նշանառելով զենքը, փորձում էինք ոչնչացնել հակառակորդի խմբավորումը, բայց հեռավորությունը չէր ներում: Ի՞նչ պիտի անենք: Պիտի գնանք ավելի առաջ, որպեսզի կարողանանք կրակել, շատ հեռու է: Հետո հրաման ենք ստանում, որ պիտի զենքը տանենք «Դպրոց» կոչվող շինության մոտ, որը հեռու էր մոտ 1կմ: Մտածեցինք` մեքենա կգար, բայց դե չէ, ի՞նչ մեքենա: Պիտի ոտքով գնայինք առաջ: Առանց ժամանակ կորցնելու ու անկախ ճանապարհի դժվարությունից ու հեռավորությունից, պիտի գնայինք, ու անգամ արագ, որովհետև ամեն վայրկյանը ճակատագրական էր: Առջևից ես եմ, հետո` Գևորգը, Արմենն ու Խչոն: Արդեն ամբողջությամբ քրտնած, հոգնած, ուժասպառ քայում էինք ու փորձում վազել անգամ, բայց չէր ստացվում: Դիտարկվող հատվածում կրակեցին իմ դիմաց, մի քանի մետր հեռու, ճանապարհի վրա: Երևացին հարվածող փամփուշտները՝ ես նրբորեն գրկելով ձեռքիս վտանգավոր արկերի «ցինկը», կողքի գլորվեցի ու անշարժ պառկեցի գետնին, որպեսզի չկրակեն: Գևորգը հետևից գոռում էր անհանգստացած.

- Արա Սերոժ, Սերոժ, խփե՞լ են…

- Չէ, չէ, չեն խփել: Մի քիչ հետ գնացեք, դիտարկվում ենք: Հենց ես ելնեմ վազեմ` կգաք:

Մոտ 5 րոպե անշարժ, զինամթերքը կրծքիս սեղմած պառկած էի փոքր հողաթմբի հետևում: Ճիշտ ա, վախեցա, բայց համ էլ պատճառ էր մի քիչ շունչ քաշելու: Քիչ անց արագ կանգնելուց ու վազելուց հետո շարժվում ենք առաջ, որտեղ նոր-նոր կիսում էինք ճանապարհը: Մի քանի հարյուր մետր անց մեզ բուժօգնության մեքենան է հանդիպում, որին կանգնեցնելուց հետու ուղղակի խնդրում ենք, որ զինամթերքը կամ գոնե զենքը մեքենայով առաջացնեն, էլ իվիճակի չենք: 2 հոգի իրերը տանում են, իսկ երկուսս մնում, որ մնացած զինամթերքը ճանապարհից հավաքենք: Ճանապարհից հավաքեցինք ես ու Խչոն, հավաքեցինք ու վազեցինք: Ճանապարհին հինգ լիտրանոց շիշ տեսանք, մոտավորապես երեսունից ավել փամփուշտի անցքերով, իսկ տակը` մոտ կես լիտր փոշուց պղտորված ջուր:

- Խմե՞նք:

- Ճար չկա, բա ի՞նչ անենք՝ բեր:

- Բայց սպասի հոտ քաշենք, կարող ա ջուր չի:

- Լավ, բայց ինչ ուզում ա լինի` խմելու ենք: Արդեն չորությունից խեղդվում ենք:

Շիշը մի քանի ձևով շրջելով,  մի կերպ փամփուշտի անցքերից թափվելով, կարողացանք ջուրը հասցնել կոկորդներիս: Համը վատն էր, բայց որոշ չափով հագեցրեցինք ծարավը, չջրազրկվեցինք: Սկսեցինք վազել, համարյա տեղ էինք հասնում, երբ հրետանու արկի օդում եկող ձայնին զուգահեռ պառկեցինք հողի մեջ ու պառկելուց  2 վայրկյան հետո արկը պայթեց մի քանի մետր հետ` հակառակ կողմում: Մի քանի վայրկյան հետո լսվեց էլի արկի ձայն, որը այս անգամ մեր գլխի վրայով անցավ, բայց պայթեց մյուս կողմում:

- Խչո, վազեցինք, արի…

Մի քիչ վազելուց հետո տեսա, որ միայնակ եմ վազում: Շրջվեցի տեսա Խչոն դեռ հողաթմբի մոտ ականջները փակ սպասում ա, չէր լսել ասածս ու էլի գոռացի.

- Խչո~, արի, արի, անցել ա գլխներիս վրայով, արի, արի, նորմալ ա…

Միասին հասնելով տեղ, արդեն տեսում ենք հակառակորդի հրդեհվող տանկեր, իսկ տանկերի հետևում` ադրբեջանական զորք, որ կրակ էր բացում մեզ վրա: Մեր մյուս երկու ընկերը, որոնք շուտ էին հասել, արդեն դիրքավորվել էին, բայց երբ հասանք, տարածքի սպան՝ վաշտի հրամանատար Մարգարը Սարիբեկյանը հրամայեց.

- Գնացեք էստեղից, շուտ հետ գնացեք:

Մենք ասում էինք, որ եկել ենք օգնելու, ո՞նց գնանք, ո՞նց թողնենք:

- Արա, դե չե՞ք լսում` ինչ եմ ասում: Գնացեք, շուտ արեք, չե՞ք ուզում ապրել, արա: Գնացեք, շուտ արեք, մտեք թաքստոց:

Էլի հակաճառելուց հետո, նա ավելի բարձր տոնով էր խոսում` անհանգստանալով մեր կյանքի համար, ու երբ այդ ժամանակ մեր մոտ ընկնում է ականանետի արկը, բոլորս մտնում ենք թաքստոց, որտեղ ամբողջությամբ փոշի ու մութ էր: Թաքստոցում մի քանի րոպե մնալուց հետո մեր անձնակազմին կանչում են: Էլի հետ ուղարկում մեր վայրը, որտեղից ոտքով եկել էինք, այնտեղ դիրքավորվելու ու հրամանի սպասելու: Էլի այդ ճանապարհով սկսեցինք արկերի տակով քայլել, բայց արդեն հակառակ ուղղությամբ: Տեղ հասնելուց ու մինչև գիշերը 02:00 սպասելուց հետո, մենք էլի հետ ենք գնում այն տեղը, որտեղից եկել էինք: Մեքենան եկավ՝ գնացինք, բայց ճանապարհին, չգիտես ինչի, թեքվեցինք ձախ: Ի՞նչ ա եղել, ինչի՞ կանգնեցինք: Զոհ ունենք, պիտի տանենք մեզ հետ: Աստված իմ, էլի զոհ, ինչքա՞ն կարելի ա…

- Մի հոգի ա զոհվել:

- Ինչի՞ց:

- Էն, որ դուք մեքենայով գնացիք, ձեր գնալուց վայրկյաններ հետո մեքենայի տեղն ա բան խփել, մահացավ:

Այդ ժամանակ առաջին անգամ էր, երբ ես նստած էի մեքենայի մեջ, իսկ ինձնից 10սմ հեռու, հատակին դրված էր զոհված զինվոր, ով ծածկված էր դարչնագույն կտորով, բայց կտորը արդեն կարմիր էր ամբողջությամբ: Մի տեսակ վախեցած ու չգիտեմ ինչ զգացողությունով, նայում էի զոհվածին, բայց միաժամանակ անընդհատ հայացքս փախցնում, որովհետև դա այնպիսի մի զգացողություն էր, որ ես երբեք չեմ կարող նկարագրել ինչ որ մեկին: Միայն այն հասկացա, որ եթե տեսնելով անծանոթին, այդպիսի ապրումներ ունեցա, պատկերացնում եմ այդ զինվորի ծնողներին, ովքեր տեսնելու էին այն, ինչը որ ես եմ տեսել: Տեսնելու են իրենք, խոր ցավ ապրելով:

Մեքենայով տեղ հասնելուց հետո առաջին բանը, որ արեցինք, քնելն էր պատի անկյունում սպիտակ տուֆի վրա, որի վրա դրված էր հին զինվորական բաճկոնի օձիքի մորթին: Լուսանալուն պես արդեն ամեն օր զանգը դեպի տուն դարձել էր մի սուրբ արարողություն, զանգ, որն ուղղակի տալիս էր այդ օրը ապրելու ու ժպտալու ուժ: Իսկ պատճառը, դե պարզ է, երբ Ղարաբաղի լարված սահմանից ու հազարավոր դեպքերից հետո ամեն ինչ նորմալ է, ու դու կաս, զանգում ես տուն:

- Մամ ջան, ո՞նց ես: Ամեն ինչ լա՞վ ա: Ի՞նչ կա, ի՞նչ նորություն կա: Ե՞րբ ա ավարտվելու էս լարվածությունը:

Սա ասում էի ես, երբ կռիվը մի քանի օր էր, ինչ սկսել էր ու պատկերացում անգամ չեմ ունեցել, որ սա կտևի 45 օր ու օր օրի ավելի զարգացող…

-Վայ, բարև, ցավդ տանեմ: Էս խի՞ չես զանգում, այ բալա: Ինչ ասես` մտածեցինք, է… Մենք` հեչ, դու ասա, դու ո՞նց ես: Էդ կռիվ ա՞ սկսել, առավոտից ասում են, որ Ղարաբաղի ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում ա:

- Ցավդ տանեմ, մամ ջան, սաղ լավ ա, արխային, ամեն ինչ  նորմալ ա: Ուղղակի ինտերնետին էդքան մի հավատա: Հենց որ մի լավ բան կարդաս, որ դադարում ա, վերջ, ավարտվում ա` դու ինձ ասա դրա մասին ու վերջ: Մնացածը սաղ լավ ա, մամ ջան:

Ու այդպես ամեն օր, կարճատև զանգեր, հարցեր կրկնվող, «Ո՞նց ես» ու «Ե՞րբ ա ավարտվելու» արտահայտությունները անպակաս, մինչև որ կապերն ամբողջությամբ վերացան, ու միայն կապ պահելը ու տեղեկացնելը, որ ամեն ինչ նորմալ է: Օրեկան մեկ անգամ, օրվա վերջին` ուղարկելով բջջային համարից «էսեմես» հաղորդագրություն, մեծ դժվարությամբ, անգամ ոչ մի տեքստ, ընդամենը մեկ «սմայլիկ», որը ուղարկվում էր իմ անունից, ինչը նշանակում էր` ինձ մոտ ամեն ինչ լավ է: Անգամ հիշում եմ, երբ ամբողջությամբ սպառվել էր մարտկոցի լիցքը բոլորիս մոտ, օգտվում էինք մեր ընկերոջ՝ Գասպարի հեռախոսից, ուղարկելով սմայլիկ ու անուն, որովհետև արդեն տուն նամակը հասնում էր անծանոթ համարից: Կար անգամ մի պահ, երբ այդ չնչին սմայլիկը չէր գնում, էլի կապի պատճառով:

Անցավ մի ամիս, երբ սովորականի նման հերթափոխը հանձնելուց հետո եկա ու 27 օրվա մեջ առաջին անգամ, երբ հանեցի «սապոգները» ու պառկեցի, ոտքերիս հանգստությունից վայրկենական անջատվեցի քնեցի: Երևի հաշվված րոպեներ էի քնել, համոզված եմ, տասը րոպե չէր անցել, երբ վաշտի հրամանատարը արագ վազելով, սայթաքելով եկավ ու դռանը խփելով ասաց.

- Տղերք, հելեք, տղերք, շուտ արեք, տղերք… Մտել են, եկել մտել են մեր դիրքեր, վազեք: Ամեն ինչ վերցրեք, ամեն ինչ, անգամ վերջին փամփուշտը վերցրեք: Վազեցինք, շուտ արեք…

Արագ հանդերձավորվելուց հետո տեսա, որ սաղավարտս չկա, ուրիշն էր շփոթվել  վերցրել, թողնելով իր սաղավարտը, որը կոճկելու հնարավորություն չուներ, ու ես ստիպված մի ձեռքով վերցրեցի ցինկը, իսկ մյուսով սեղմած պահում էի գլխիս սաղավարտը, որ մի քիչ գոնե պաշտպան լիներ շիկացած բեկորից:
Վազում էինք, դաշտի միջով գնում էինք դեպի ձախ, առաջ ու դեպի դիրքեր: Ամբողջությամբ ցեխ էր, վազում էինք կոշիկների տակից կպած կիլոգրամ կշռող ցեխի ու հարդի խառնուրդով: Ցուրտ էր, բայց շոգում էինք վազելուց, դժվարությամբ էինք վազում ցեխերի միջով, բայց վերևից նկարում էր անօդաչուն ու կոորդինատներ փոխանցում, որտեղից էլ մեզ վրա կրակում էին ականանետով: Արկերը խփում էին ձախ, աջ, առաջ, հետ ու բախտի բերմամբ, ոչ դիպուկ, քանի որ մեր վազքը ու շարժվելը խանգարում էր հակառակորդին դիպուկ խփել: Անցնելով մեր բազայի մոտով, տեսնելով տղերքին, առաջինը գոռացի ասելով.

- Ախպեր, Վահեին կասես Սերոժը ասում ա`  լավ մնա, պինդ կաց:

Ցեխոտ խրամատից ժպտալով պատասխանեցին.

- Անպայման, ախպեր ջան, անպայման: Անփորձանք, զգույշ եղեք, ախպեր:

Ժպտացի ու շարունակեցի վազել: Մի քանի մետր հեռու, երբ արդեն սկսում էր սար բարձրանալու ճանապարհը,  հենց այդ հատվածում մի քիչ հեռու, իմ դիմաց ընկավ արկ, որի պայթյունից անհասկանալի մի ձայն լսեցի: Զարմանալի է, բայց էնքան բարձր էր, որ ոչինչ չլսեցի, ուղղակի հարվածի ալիքը  հետ շպրտեց: Ընկա ու մի պահ հասկացա, որ ոչինչ չեմ լսում: Կանգնեցի, որպեսզի քայլեմ, վախենում էի առաջ գնալ, մտածում էի մի քանի վայրկյանից աչքերս կմթնեն ու էլ չեմ կարողանա քայլել: Անգամ առաջին քայլս անելուց մտածում էի` ոտքս որ շարժեմ, կամ արյուն կգա, կամ էլ անգամ կպոկվի: Բայց ամեն ինչ կարգին էր, փառք Աստծո, հրաշքով ոչինչ չէր եղել, քանի որ արկը ինձնից բարձր  հատվածում էր պայթել, իսկ բեկորների ցրվելու շառավիղը ներքևից դեպի վերև էր, այդ իսկ պատճառով բեկորները անցել էին գլխիս վերևով:

Քայլում էի, էլ ուժ չկար վազելու՝ քայլում էի խիճի վրայով, աղմուկ պիտի գար, փոքր քարերի աղմուկ, բայց չկար ձայնը: Ականջներս փակվել էին, խլացել էի, ու մի պահ կարծես երկինքը ներքևում էր, հողը վերևում: Ամենակարճ ու պարզ բառն անգամ դժվարությամբ էի ասում, չէր ստացվում:

Ճանապարհին ասում են, որ պետք է գնանք աջ կողմում գտնվող դիտակետի թաքստոցում սպասենք, մինչև հանդարտվի, նոր շարունակենք ճանապարհը, բայց դա վերաբերվում էր վերջում գտնվող մի քանի հոգուս: Ամենասկզբում շարժված տղաներն արդեն հասել էին դիրք, ու հակառակորդը արդեն մաքրվել էր մեր տղաների շնորհիվ: Ամբողջ օրը հարվածի ուժ էր ապրում հողը, հարվածային ալիք, որից շունչդ կտրվում էր, կրծքավանդակդ սեղմվում:

Հաջորդ օրը մի քանի ժամյա հրադադար եղավ դիակների փոխանակման հետ կապված, ու էլի նույնը: Իսկ մեզ թվում էր, թե այդ մի քանի ժամյա հանգիստը հավերժ է, բայց ժամը լրանալուց մեկ վայրկյան հետո, երբ հարվածում էր հրետանին, կարծես հուսահատվում էիր  ու ասում, որ սա կշարունակվի ողջ կյանք: Անգամ մեկ-մեկ, երբ տուն էի խոսում և ուզում էի խաբել, թե հանգիստ է, հակառակի նման խոսելու ժամանակ պայթում էր հրանոթը ու մատնում, որ դեռ շարունակվում է, անկախ ժամից ու վայրից: Մի անգամ էլ, անկախ ինձնից, պատասխանեցի էսպես. «Հա, հա, արխային եղեք, կրակոց չկա ահագին ժամանակ ա, մի տասը րոպե կլինի` չեն կրակում»:

Օր օրի լարվում էր, օր օրի շատանում էր մեր ընկերների բացակայությունը, ու հավատը, որ լավ կլինի: Բայց բոլորիս հոգու խորքում կար մի փոքր լույս, որը չէր մարում, ու ներքին գիտակցությամբ զգում էինք անգամ, եթե վատ ավարտ լինի` լավ է լինելու ամեն ինչ: Հավատացեք, շատ եմ ուզում մանրամասնել, բայց տեսածս, ապրածս ու զգացածս չեն թողնում արտահայտել տառերով, բառերով, տեքստով: Անգամ ռեալ շփման ժամանակ դժվար է պատմել, խոսել ու ամեն խոսքից հետ գնալ, վերապրել այդ ամենը: Անգամ հիմա, երբ այս նյութը դու կարդում ես,  գրել եմ երեք օրում: Սովորաբար գրում էի մեկ կամ երկու ժամում, առանց որևէ խնդրի: Բայց ես փոխվել եմ, ես չեմ կարողացել գրել, կեսից փակել եմ համակարգիչը ու հեռացել, որովհետև ամեն անգամ գրելուց հիշել եմ ընկերներիս, Արմանին, Սերժիկին, Գագոյին, ով այն մեքենայի վարորդն էր, երբ միասին գնում էինք` կյանքներս վտանգած այդ սև ճանապարհով, ու նման տղաների, ովքեր հիմա չկան: Հիշում եմ, թե ոնց իրենք զոհվեցին կռիվը ավարտվելուց ժամեր առաջ, երբ կռվի ավարտի մասին լուրը լսելուց չգիտեիր` ուրախանա՞ս, թե՞ անես անհնարը, որ այդ չնչին մի քանի ժամը հետ բերես, տղերքը էլի մեզ հետ լինեն… Այդ պահին հիշում ես իրենց զոհվելուց առաջ ասած վերջին խոսքերը: Մինչև հիմա հիշում եմ, երբ Գագոն ուրախ-ուրախ պատմում էր, թե ոնց ա սպասում հաջորդ օրվա երեկոյին, որ իջնի քաղաք ու Ռուսաստան խոսա իր հավանած աղջկա հետ, ու հիշում եմ, երբ ժպիտով պատմում էր.

- Սերոժ, սաղ լավ ա, է: Խուճուճի հետ լավ եմ, ամեն ինչ դեպի լավն ա գնում: Անգամ պայմանավորվել ենք, վաղը իջնելու եմ երեկոյան հետը տեսազանգով խոսեմ: Դու պատրաստ եղի, որ կռիվը պրծավ, դիմանկարը նկարելու ես, որ ուղարկեմ իրեն նվեն:

Ես էլ խոստացա, բայց ոչ հասցրեցի նկարել, ոչ էլ ինքը կարողացավ այդ ուրախ զանգը կատարի: Հաջորդ օրը ժամը 17:50 լսեցինք այդ վատ լուրը. տղերքը չկան: Միշտ ասում էր. «Ես ոչ վախում եմ հրետանուց, ոչ դիվերսիայից, ոչ ինքնաթիռից, ոչ էլ ականանետից: Ամենաշատը անօդաչուից եմ վախում»,- ու հենց անօդաչուից էլ զոհվեց Գագոն, որ մինչև հիմա չենք հավատում ու սպասում ենք, որ մութը հենց ընկնի, մեքենայի լույսերը թղթե սկոչով փաթաթած մեզ հաց, հալած պանիր ու էն փոքր կտոր երշիկն է բերելու ու էլի ժպտալով պատմի, թե ոնց փրկվեցինք էն օրը, երբ մեքենան հենց շարժվեց, մեքենայի տեղը պայթեցրին…

Չեմ կարողանում շատ բան հիշել, չեմ կարողանում շատ բան արտահայտել, ու այդ 45 օրվա ամեն մի պահը չեմ կարող գրել, որովհետև այդ մտածմունքները, իրոք, ինձ սեղմում են: Ես մինչև հիմա հիշելուց վեր եմ թռչում, երբ հիշում եմ, որ ականանետի արկը դիմացս պայթեց: Երբ ասում էին` զգուշացեք, օդում ինքնաթիռ կա, ու խոսքը կիսատ, երկնքից ընկնում էին ռումբեր, որոնց քաշը 500կգ է, իսկ 8կմ բարձրությունից, երբ հարվածում էր գետնին, մեկ մետրից ավելի խորը փոս էր ընկնում ու հարվածում երկուսուկես տոննա հարվածի ուժգնությամբ, որի միայն հարվածային ալիքը բացում էր մեքենայի փակ դռները, ավիրում պատերը, ճմրթում թիթեղյա ծածկերը, ու բոլորիս պատում էր անբացատրելի վախ, որը չես կարողանում արտահայտել, երբ ողջ ես մնում: Չես կարողանում լիարժեք ուրախանալ, որովհետև մի քանի րոպե հետո էլի նույնն էր սպասվում:

Ուզում եմ մի քիչ խոսել վերջին օրվա մասին, երբ հակառակորդը արդեն հասել էր Շուշի, ու թեժ մարտեր էին ընթանում, ու արդեն կարծես թե մի պահ համակերպվում էիր այն մտքի հետ, որ դու էլ չես ապրելու, դա քո վերջին օրն է: Երբ համակերպվում էիր, որ էլ չես շարունակի համալսարանդ, չես տեսնի այն աղջկան, ում մասին մտածել ես, չես կազմի քո ընտանիքը, չես աշխատի, վերջիվերջո, գլուխդ չես դնի մորդ գիրկն ու քնես: Եվ թերթում նկարներ մարդկանց, ում կարծես թե վերջին անգամ ես տեսնում, այն էլ`  նկարներով: Կեսգիշեր էր, ուղիղ միապաղաղ, երկու կողմից` աջից ձախ, ձախից աջ, գնում էին հրետանու արկերը, միաժամանակ պայթելով երկու կողմում, բայց եկավ պահ, երբ հակառակորդը քառապատկեց իր ողջ ուժը` մեկ ժամ մաղեց ամեն ինչ, օգտագործելով ամեն զինատեսակ և ամեն ինչ` մեզ վնասելու համար:

Ժամը 01:00 էր: Ամեն ինչ լռեց կես վայրկյանում: Անգամ լսվում էր քամուց չորացած խոտերի ձայնը ու կիլոմետրերով հեռու մեքենայի թույլ ձայնը: Րոպեներ անց ասացին` վերջ, ավարտվեց ամեն ինչ, ըստ պայմանագրի կետերի ավարտվեց ամեն ինչ: Հա~, դրա համա՞ր ամեն ինչ ուղարկեցին մեզ վրա, որ անգամ ամենավերջին վայրկյանը օգտագործեն մեզ ոչնչացնելու համար: Հիմա ի՞նչ, ավարտվեց, հա՞, ո՞նց: Չեմ հավատում, էլի սուտ ա ամեն ինչ: Հեսա էլի կասեն` ավարտվել ա, ու առավոտ էլի կսկսի:

Ուշ էր, բայց առանց մտածելու զանգել եմ տուն, որպեսզի մի բան իմանամ: Տեսնեմ` իրո՞ք ճիշտ է, թե՞ չէ, որովհետև հավատներս կորցրել էինք: Անհնար էր հավատալ, երբ դու ողջ մնացիր քո մահից մեկ օր առաջ: Գիտե՞ք ինչի մեկ օր, որովհետև արդեն հակառակորդը, որը միայն Ադրբեջանը չէր, այլ թուրքական բանակը վարձկանների հետ, գրավում էին ողջ Ղարաբաղը, ու արդեն 18 տարեկան զինվորը ի վիճակի չի եղել պայքարելու, որովհետև արդեն ամեն ինչ սպառվել էր: Զինատեսակները, ամեն ինչ վերացված էր, որովհետև օդը, չգիտես ինչի, պաշտպանված չէր այսքան տարիներ: Մեր բոլոր ծանր զենքերը արդեն ի վիճակի չեն եղել պայքարելու, և մենք` զինվորներս անմարդկային պայքարի մեջ էինք մեր տարիքի համեմատ:

Ես մինչև հիմա ասում եմ, որ Աստծուն եմ պարտական ինձ հինգ անգամ փրկելու և  երկրորդ կյանք տալու համար: Ուզում եմ նաև ասել, որ բոլորիս համար մեծ ցավ է հողեր կորցնելը, հարգելի ժողովուրդ, բայց կռվի ամենասկզբից դադարեցնելուց հետո մարդիկ կմտածեին, թե մենք թույլ էինք, չպայքարեցինք, իսկ պայքարելու դեպքում ուժերը անհամեմատելի անհավասար էին, որովհետև մենք կռվել ենք մի քանի պետության դեմ: Ու չկանգնեցնելու դեպքում, հավատացեք, անգամ մի քանի հատվածներ չէին լինի: Չէին լինի էն զինվորները, ովքեր հիմա կան, և չէր լինի նաև այս նյութը, որ կարդում ես դու:

Որպես խնդրանք ուզում եմ ասել, բոլոր նրանց, ովքեր մինչև հիմա կարդացել են առանց ալարելու և պատրաստ են ամեն կերպ օգնել` ոտքի կանգնեցնել մեր երկիրը: Վերջ տանք հին արարքները հիշել, վարկաբեկել, քանի որ էսօր տղաները չկան, անիմաստ է: Դրա փոխարեն եկեք լռությամբ հիշատակ հարգենք, ու աղմկելու փոխարեն մտածենք մեր ապագա երկրի մասին, որպեսզի բոլոր զինվորները դիրքերից իջնեն ու ապրեն երջանիկ այն երկրում, որը պահել են կյանքի գնով: Ու էլի եմ ասում. ապրեն երջանիկ, ոչ թե մտադրվեն գնալ երկրից:

Անցած անգամ էլի նյութս գրել եմ արձակուրդին, բայց ուղղակի ոչինչ էր, բանակային սովորական առօրյայի մասին, որտեղ դժվարություններից էի խոսում, բայց դրանք դժվարություն չեն էսքանից հետո: Դժվար է ոչ թե նախկինում ցեխերի միջով սողալը, հետո շոր լվանալը, այլ ցեխոտ, սոված-ծարավ ու կեղտոտ համազգեստը հագդ՝ կարոտը ծնողներիդ հանդեպ ու ընկերներիդ զոհվելը աչքիդ առաջ, ապրել, երբ դու անկարող ես: Մինչև հիմա ես շոկի մեջ եմ, որ ողջ եմ, ես չեմ հավատում: Աստված շատ չհամարի: Ես չեմ հավատում, որ հիմա նստած գրում եմ սա, որ արդեն համակերպվել էի այն մտքի հետ, որ էլ չեմ գրելու: Բայց չգիտեմ, ուղղակի գերադասում եմ լուռ գրել, համեստորեն ներսում ժպտալ, որ ես ողջ եմ ու միաժամանակ նեղվել, որ չկան հարազատ տղաները:

Ժամը 03:14 է, կարծես նույն կարգացուցակն է: Ես հիմա նյութը ուղարկում եմ ու երկուսուկես ժամից էլի շարժվելու եմ Ղարաբաղ, էլի հնարավոր ա` չտեսնեմ նյութս հրապարակած: Տեսնեմ էլի շատ ուշ, բայց ես ուրախ եմ, որ էս նյութը հրապարակելու եմ ու իմ միջից ջնջեմ ամեն ինչ: Ու երբ հարցնեն` Սերոժ, մի երկու բառով ասա, ի՞նչ էր կատարվում, անկարողությունից ու վերհիշելուց չլռեմ, բացեմ 17-ում հրապարակված պատմությունս, ասեմ` կարդա:

Ես երազել եմ էս պահի մասին, որ գրեմ էս ամենը, երբ ամեն ինչ ավարտվի, որ բոլորը իմանան, թե ովքեր են մեր զինվորները, ովքեր ոչինչ չունենալով, ովքեր դեռ պատանի`  նոր կյանք մտած, կռվել են ու պայքարել: Ովքեր հիմա ավելի հեշտ են նայում կյանքին, ովքեր ավելի հասուն են մտածում, քան մի շարք հասուն մարդիկ:

Ես հպարտ եմ, որ հայ զինվոր եմ: Ես մեկ-մեկ ինձ հարցնում եմ` ո՞նց էլի, ես 21-րդ դարի 2020 թվականի 5-րդ սերնդի պատերազմի մասնակից եմ ու գումարած, պարտված պետության կողմից ողջ մնացած զինվոր: Բայց հետո մտածում եմ, որ չէ, ես պարտված չեմ, որովհետև ծառայելով Մարտակերտի՝ 5-րդ պաշտպանականի 3-րդ գումարտակում և հակառակորդին չտալով 1սմ հող, ես ինձ արդեն հաղթած եմ համարում: Ու ոչ միայն ես, բոլորս, որովհետև անհամեմատելի ուժերի դեմ նման կռվում մենք հաղթել ենք: Իսկ մնացածը, ինչը պատճառ է հանդիսացել այս ամենի, չապահովված զինամթերքի, ժամանակին օդային սահմանը չպաշտպանելու, անմեղ զոհերի՝ դա արդեն Աստծո դատաստանին թողնենք: Մենք կատարել ենք մեր պարտքը` պաշտպանելով հողը կյանքի գնով:

Խոնարհվում եմ զոհված ընկերներիս ու բոլոր այն տղաների առջև, ովքեր արյուն են թափել մեր բոլորիս ապահով ապագայի համար:

Մնաց 223 օր…

Լուսանկարները` Սերյոժա Առաքելյանի

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Աստված պահապան քեզ, Սերյոժա, մենք ամեն օր աղոթելու ենք քեզ համար, 223 օր: Պինդ մնա…

Լուսաբացները

Անցած ամիսների դեռ չլավացած վերքերը սրտում, այսօր կիսով չափ ընկած, կիսով չափ ուրախ, կիսով չափ սպառված դիմավորում ենք լուսաբացները հույսով լցված, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։ Որպես կանոն դիմավորում ենք մայրամուտները, որոնք շատ ցավոտ են լինում, խավարը ամեն ինչ իր մեջ քաշելու, պինդ թաքցնելու վատ սովորություն ունի

Զգացածս, չէ, չէ իրականում այդքան էլ չեմ զգում, ցավը թմրեցնող հատկություն ունի, լսում եմ զոհերի արյան կանչի ձայնը, սիրտս վեր է թռչում, ուզում եմ հոգիս տալ, ուզոոմ եմ սիրտս տալ, բայց արդեն անտարբեր հայացքով ու պահվածքով, նստում եմ մի տեղ ու սառած նայում մի կետի: Տավուշ աշխարհից մտքերով գնում եմ Արցախ աշխարհ, բայց արդեն արցունք էլ չկա, արդեն հոգի էլ չկա, արդեն չկա․․․

Ու էլի մնում են չասված խոսքեր ու անավարտ մտքեր, ասում են`  մահը կյանքի մասն է, ժամանակը՝ կյանքի սպասավոր․․․

Այսօր ուզում եմ մտածել  աշխարհի մասին, ուզում եմ խոհերիս մեջ Աստված ներկա լինի, ուզում եմ ինձ համոզել, որ այլևս չի կրկնվի այն, ինչ եղել էր․․․

Այսօր ուզում եմ ապրել այնքան, որ իմ շնչից մահը վերանա, և այնքան մեռնել, մինչև նորից ծնվեմ, և գուցե այդ ժամանակ չիմանամ պատերազմ բառի նշանակությունը․․․

Երանի թե, ոչ ոք չիմանար:

Երբ արևը մայր է մտնում, սպասում ենք նրա նոր գալստյանը, ավելի վառ գալստյանը, որպեսզի բոլոր օրերը տարբերվեն իրարից իրենց գուներով, ջերմությամբ:

Հայ զինվոր, դու բարձրացար երկինք, դիպար արևին, բռնեցիր հավերժության ճանապարհը, որ մեր լուսաբացները ավելի վառ լինեն, դու չհեռացար, ուղղակի կյանքը ուշացավ: Դու ամեն լուսաբացի գալիս ես, որովհետև գնացողներից չես:

Եվ գիտե՞ս, այսօր դու հաղթեցիր: Հաղթեցիր ու ասացիր.

-Հայը պարտվել չգիտի:

Բարև, անծանոթ

Դու հիմա երևի ինչ որ տաքուկ ռեստորանում նստած սուրճ ես ըմպում: Դու գաղափար էլ չունես, թե ինչ է պատերազմը: Իսկ իմ երկիրը համարյա մեկուկես ամիս է պատերազմի մեջ է: Դե, էլ ավելի հարմարավետ տեղավորվիր քո տաքուկ անկյունում, որովհետև երկար եմ խոսելու:

Քանի որ ուսման նպատակով Տավուշս լքել ու տեղափոխվել էի Երևան, սեպտեմբերի վերջին շաբաթ օրը որոշեցի հետ վերադառնալ հայրենի սահմանամերձ Այգեհովիտ (բայց, մեր մեջ ասած, շատ բացասական զգացողություններ ունեի): Առավոտյան արթնացա ու լսեցի.

-Պատերազմ է սկսվել:

Սկզբում մտածում էի, դե, ոնց միշտ կրակում են, էլի, կանցնի: Չանցավ… Մի ամսից ավել է` չի անցնում, անծանոթ ընկեր:

Մեր ոխերիմ թշնամին սրբապիղծ է. վանքեր է քանդում, ծննդատուն է խոցում, խաղաղ բնակչությանն է ռմբակոծում, իսկ դու լռում ես, չէ՞, դեռ: Երկա՞ր ես լռելու: Դեռ երկա՞ր է քեզ միայն քո տաքուկ սուրճը հետաքրքրելու:

Քեզ համար հերոսը երևի «Դիսնեյի» մուլտֆիլմից ինչ-որ արքայազն է, իմ հերոսը` 18 տարեկան զինվորը, ով գիտե՞ս, ինչ է անում: Թշնամու տանկեր ու ԱԹՍ է ոչնչացնում, ով իրեն զոհում է իր զինակիցներին շրջափակումից դուրս բերելու համար:

Քեզ համար ցավը երևի նոր գնած շորիդ պատռվելն է, մեզ համար ցավը փողոցներում կախված անվանական սև ժապավենները: Չես հասկանա, անծանոթ մարդ, Աստված տա երբեք չզգաս էն, ինչ զգում է քո տարեկից հայը: Հայ լինելը չափազանց դժվար է, բայց հայը անպարտելի է:

Գիտե՞ս երբ թշնամին հային ծնկած կտեսնի… Միայն աղոթելիս:

Գիտե՞ս, անծանոթ, մի ամիս է եղբորիցս լուր չունենք, բայց այնքան հույսով ու հավատով ենք սպասում նրա հայտնվելուն, որ ոչ մի օդանավակայանի պատեր չի տեսել այդ սպասումը:

Դժվար ժամանակներ ենք ապրում: Հերոսներ ենք նվիրում երկնքին, որ երկինքը հավերժ աստղազարդ լինի:

Ու հիմա փողոցում, եթե անգամ շշնջաս պատերազմ, բոլորը կհեծկլտան ցավից:

Որովհետև պատերազմը չարիք է, որովհետև պատերազմը հավերժ փոխում է քեզ, որովհետև պատերազմից հետո կյանքին նույն աչքերով չես նայում:

Կներես, անծանոթ, որ սառեց սուրճդ, իսկ դու շարունակիր լռել, քանի դեռ արյունարբու ոսոխը քեզ էլ ձեռք չի գցել:

Մեր հոգիներում հավիտենական աշուն կլինի

Չգիտեմ, կկարողանա՞մ երբևէ կրկին սիրել աշունը, որն իր հետ շատ շատերին տարավ: Մեր հոգիներում հավիտենական աշուն կլինի, քանի որ ընդմիշտ կհիշենք  կորցրածը: Այս մեկ ամիսը ապրեցինք զանգերով, սպասումով, անհագ կարոտով… Չէ, մենք չապրեցինք, մեզ ապրեցրին սահմանին կանգնած մեր հայրերը, մեր եղբայրները:  Մեր հոգիներում դեռ շատ փոթորիկներ կլինեն: Դժնդակ օրեր են, որոնք այլևս չպետք է կրկնվեն:

Պատերազմը մեզ սովորեցրեց գնահատել ունեցածի արժեքը և սիրել առանց «եթե»-ների, սիրել էությամբ, բայց այն մեզնից խլեց կարևորը՝ մեր ներկան. Մենք ապրում ենք անցյալի հուշերի մնացորդներով և խաղաղ ապագայի երազանքով: Քանի-քանիսը կորցրեց իր մանկությունը, դա ամենասարսափելին է: Նա, ով պետք է խաղար, երազեր, հասունացավ վայրկենապես:

Նկատե՞լ եք, որ խաղաղությունը իր գույներն ունի, համը, հոտը: Երբ պատերազմը ավարտվի, վայելի՛ր բնության գեղեցկությունը, փնտրի՛ր անտեսանելին ու սիրի՛ր, շատ սիրի՛ր, քանի որ չգիտես` վաղվա օրը կգա՞:

Յուրաքանչյուր օրը, որն ապրում ենք, նվեր է, որին պետք է արժանի լինենք: Երբեք չենք մտածում, որ այս օրը կարող է լինել վերջինը, հենց միայն այդ պատճառով այնքա՜ն չասված խոսքերը կանգնում են կոկորդիդ և շնչահեղձ անում:

Մարդը, հագնելով զինվորի սուրբ համազգեստը, կտրվում է իր անցյալից՝ մաքրվելով, ինչպես  նոր լույս աշխարհ եկած մանկիկը: Տեսե՞լ եք որքա՜ն խոսուն են զինվորի աչքերը և որքա՜ն լուռ են նրանց շուրթերը: Նրանք ամենաթանկ հարստությունն ու գանձն են, որ ունենք մենք:

Ես վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու, քանի որ մեր կողքին կանգնած են նման հերոսներ:

Կիսատ կյանք

Ասում են` ապրում ենք ձեր կյանքի գնով։ Ապրում ենք ձեր չապրած կյանքը։ Բայց ապրու՞մ ենք արդյոք։ Այդ ինչպե՞ս ենք ապրում։ Կասե՞ք։ Մենք չենք ապրում։ Մենք օրեր ենք մթնեցնում ու լուսացնում, բայց չենք ապրում։ Արթնանում ենք, զբաղվում առօրյա գործերով, բայց չենք ապրում։ Ուղղակի չենք կարող ապրել։

Ամեն օր, լսելով հեռուստացույցի ձայնը, անմիջապես ամուր փակում եմ ականջներս կրկին նոր զոհված հերոսի անուն չլսելու համար, նորից մարած ճրագի մասին չիմանալու համար։ Ամեն գիշեր սեղմում եմ աչքերս և խնդրում, որ առավոտյան լավ լուր ստանանք՝ «Պատերազմն ավարտվեց։ Արցախն անկախացավ»։ Մի պահ մտածեք քանի մարդ կա աշխարհում, ովքեր ապրում են այս բառերը լսելու անհագ ցանկությամբ։

Ամեն վայրկյան հեռախոսը ձեռքումս, զանգի եմ սպասում։ Սպասում եմ, որ հեռախոսի այն կողմից միայն մեկ բառ լսեմ` լավ ենք։ Որքան մարդիկ կան, չէ՞, այս բառին սպասող։

Ամեն վայրկյան վախը սրտումս լուրի եմ սպասում և հույս ունենում, որ լուրը բարի կլինի։

Հիմա խնդրում եմ պատասխանեք.

Ինչպե՞ս ենք ապրում։ Կամ ապրո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ախր, այսքան չապրած, վաղ ավարտված, այսքան կիսատ նպատակներով կյանքերի արանքում չենք կարող ապրել։ Պատճառն ակնհայտ է։ Մարդն իր էությամբ այնպիսին է, որ չի կարող իդեալական ճիշտ ապրել։ Իսկ եթե ասում ենք, որ պետք է ապրենք կիսատ կյանքերի փոխարեն, պետք է նաև գիտակցենք, որ անսխալական ենք ապրելու, հերոսներին արժանի ենք ապրելու։ Այդ դեպքում միայն կապրենք մեր լույս ՀԵՐՈՍՆԵՐԻ կիսատ մնացած կյանքը։

Վերջում մի փոքր խոսք էլ ուղղեմ մեր սահմանին կանգնած քաջ ու անվախ հերոսներին։ Մի պակասեք, տղերք, տանը սպասող ունեք։ Վերադարձեք, տղերք, անպայման վերադարձեք։ Մեզ անմահացած հերոսներ պետք չեն, տղերք, մեզ դուք եք պետք, ձեր կյանքն է պետք, ձեզ ողջ ու առողջ տեսնել է պետք։ Մի պակասեք, տղերք, մի հեռացեք։ Ախր, շատ գործեր ունեք դեռ անելու։ Ինչպե՞ս ենք ապրելու ձեր կյանքի գնով։ Ինչպե՞ս ենք քնելու, երբ գիտենք, որ մեր հանգիստ քնի համար դուք հավերժ քնած եք մնալու։ Մի պակասեք, տղերք, մի պակասեք։ Ես հավատում եմ, որ հետ եք գալու հաղթանակած։ Միասին մեր պապական հողի վրա քոչարի պիտի պարենք։ Ես սպասում եմ ձեզ։

ՄԵՆՔ սպասում ենք ձեզ տղերք։

#հաղթելու_ենք

Իրար շատ սիրելու օրեր

Պատերազմ: Երբեք չեմ պատկերացրել այս բառի խորությունը, երբեք չեմ գիտակցել այս երևույթի հետքերն ու հետևանքները:

Պատերազմ բառը ինձ համար միշտ գրքային եզրույթ է եղել: Միշտ պատկերացրել եմ միմյանց դեմ մարտնչող թագավորների, կայսրերի, որոնք իրենց զորքն ունեն և պայքարում են տարածքային ամբողջականության համար:

Հիշում եմ, հենց մեզ մոտ` Տավուշում, կրակոցներ էին լինում, տատս դողում էր վախից, ասում էր.

-Բալա ջան, Աստված տա չտենաք էն, ինչ մենք ենք տեսել էն թվերին (90-ականներին):

Բայց արի ու տես, որ մտավախությունները իրականություն դարձան:

Պատերազմը անխնա կյանքեր է խլում, ու բոլորիցս մի մասնիկ տանում իր հետ:

Էս բառի խորությունը ոչ մի երկրում ապրող իմ տարիքակից չի հասկանա: Չի հասկանա, թե ոնց ենք խեղդվում անզորությունից, երբ կարդում ենք հերոսների անուները, չեն հասկանա, որ սեպտեմբերի 27-ից մենք չենք ապրում:

Եվ օդը ճնշող է դառնում, երբ գիտակցում ես, որ անկարող ես փոխել իրականությունը, ու սկսում ես համակերպվել ու անտարբեր դառնալ աշխարհի հանդեպ:

Այս օրերին շատ սիրեք իրար, մարդիկ:

Հենց այդ սիրով ու ջերմությամբ ենք հաղթելու չարիքին:

Ձեր ամեն ինչը ՍԻՐՈՎ թող լինի։

(Ա Կորնթ. 16)։

Պատերազմը ստիպում է

Դպրոցական տարիներին հայրենասիրական միջոցառումների ժամանակ տղաները չէին մասնակցում: Նրանք միշտ կանգնում էին իրենց համար նախատեսված պատի տակ ու ծափահարում էին մեզ, իսկ ուսուցիչս միշտ բարկանում էր, թե ինչու տղաները ցույց չեն տալիս իրենց տաղանդը, նամանվանադ, հայրենասիրական միջոցառումների ժամանակ:

Ո՞վ կմտածեր, որ այդ նույն պատի տակ շարված տղաները, որոնց անվերջ կշտամբում էին, մի օր իրենց տաղանդը ցույց են տալու պատերազմի դաշտում:

Եթե ինձ բախտ վիճակվեր ժամանակը հետ տալու, ես կցանկանայի, որ կյանքը կանգներ սեպտեմբերի 26-ում, և առաջ չգնար, երբ մեր կյանքի ամենամեծ հոգսը դիմակ դնելն էր, ծանրաբեռնված տրանսպորտը կամ մի թեթև կոնֆլիկտը ընտանիքի անդամների հետ:

Առհասարակ պատերազմը մեզնից յուրաքանչյուրիցս տանում է մի մաս, որը տարիների ընթացքում չի լրացվելու:

Պատերազմը ստիպում է հավատալ Աստծուն, միևնույն պահին, հավերժ սպանում մյուսի մեջ հավատը:

Պատերազմը ստիպում է սիրել ու գնահատել կյանքդ, միևնույն պահին, սպանում մյուսի մեջ կյանքի իմաստը:

Պատերազմը ստիպում  է սպասել ինչ որ մեկի սպասված վերադարձին, միևնույն պահին, թողնում մյուսին հավերժ սպասված:

Պատերազմը ստիպում է սիրել միակիդ ավելի ուժգին, միևնույն պահին, հանուն քաղաքի տաք բնակարանում նստած քո սիրո, դժոխք հիշացնող ինչ որ հատվածում կռվել մահվան դեմ:

Պատերազմը ստիպեց բոլորիս, որ ապրենք նորից, որ ապրենք հանուն այն երազանքների, որոնց հասցեատերերը գնացին հավետ, հանուն իմ ու քո երեխաների խաղաղ երկնքի…