Ամառը լավ անցկացնելու տարբերակներից մեկը տարբեր ֆորումների, իվենթների, ֆեսթերի մասնակցելն է: Էլ չեմ ասում, որ բոլորս սիրում ենք ոչ ֆորմալ կրթության տարբերակը, ու հավես է, երբ ծեծված` «հաճելին համատեղել օգտակարի հետ» նախադասությունը արդիական է լինում:
Հուլիսի 28-ին մեկնարկեց Սևան Ստարտափ Սամիթը, որին ես մասնակցում էի, որպես ստարտափեր: Մեր ստարտափը՝ 4hars.com (for brides) իրենից ներկայացնում է օնլայն հարթակ, որտեղ ներկայացված են լինելու Երևանի բոլոր հարսանյաց խանութների զգեստները, իրականացվելու է առաքման ու խորհրդատուի ծառայություններ, որի միջոցով հարսնացուները խնայելու են գումար, ժամանակ, նյարդեր ու էներգիա՝ ամենաթանկ բաները:
Սևանա լճի ափին վրանային ճամբար` 7 հագեցած օրերով: Սամիթին մասնակցում էին 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից: Ավելի քան 100 հաջողակ մենթորներ Հայաստան էին ժամանել իրենց փորձով կիսվելու, դասախոսություններ իրականացնելու, օգնելու՝ բացահայտել առավել արդյունավետ զարգացման գաղտնիքներն ու դրանց լավագույն միջոցները միջազգային շուկաներ մուտք գործելու համար:
Առաջիկա օրերին ստարտափերներին օգնում են պատրաստել իրենց ելույթները, որոնցով ներկայանալու էին շաբաթվա վերջին տեղի ունեցող բաթլին: Սամմիթի շրջանակներում campfire talk-երի ժամանակ հյուրերը պատմում էին իրենց հաջողության գաղտնիքներից, կիսվում փորձով, պատասխանում մասնակիցների հարցերին: Խարույկի շուրջ զրույցներից մեկի ժամանակ Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը պատմում էր կոնտենտի ստեղծման ճանապարհներից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը պատմում էր, թե ինչպես հասավ այն կետին, որում հիմա է` բանակում պարապելով և ծառայությունից հետո համալսարան ընդունվելով:
Սկայպ տեսազանգ ունեցանք հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում ամենահետաքրքիր երկկողմանի սելֆիները եղան, հյուրընկալեցինք Հանրապետության վարչապետին և կառավարության անդամներին:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, առողջապահություն նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը:
Վերջին օրը մասնակիցներին հանձնվեցին իրենց մրցանակները սամիթի և նրա հովանավորների կողմից: