Աղջիկները խաղում են ֆուտբոլ

Երեկ ավարտվեց Լոռու մարզի աղջիկների ֆուտբոլի գարնանային առաջնությունը: Ոչ առաջնության, ոչ էլ ավարտի մասին համոզված եմ տեղյակ չեք, որովհետև հեռուստատեսությամբ այդ մասին չեն խոսում, երևի թե անկարևոր թեմա են համարում: Չէ որ նշանավոր ֆուտբոլիստների անձնական կյանքի մանրամասները հանրությանը տեղեկացնելը ավելի առաջնային ու հետաքրքիր է:

Բայց առաջնությունից պատմեմ: Մասնակցում էին ութ թիմեր, երկուսը՝ Տավուշի, մնացածը՝ Լոռու մարզից: Բոլոր թիմերն էլ պայքարել են հաղթանակի համար, ու մինչև վերջին վայրկյանը հաղթողի անվան վերաբերյալ ինտրիգը պահպանվում էր: Վերջին որոշիչ խաղն էլ անցավ դրամատիկ ու անզիջում պայքարում: Հավաստիացնում եմ, այս խաղը դիտելով էլ երբեք չէիք ասի, որ աղջիկները ֆուտբոլ խաղալ չգիտեն: Ի վերջո մեկ միավորի տարբերությամբ հաղթեց Ալավերդու առաջին թիմը:
Թե հաղթողներին, թե մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ խորհրդանշական հավաքականում ընդգրկվածներին` լավագույն հարձակվող, դարպասապահ և այլն, հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ:
Հետևելով վերջին օրվա զարգացումներին, զրուցեցի մարզիչների, կազմակերպիչների ու երեխաների հետ:
Օրինակ, Մանեն արժանացավ լավագույն դարպասապահի մրցանակին:

-Ողջույն, Մանե, կարո՞ղ ես մի քիչ պատմել քո մասին:
-Ես Այդինյան Մանեն եմ, խաղում եմ Ալավերդի 1 թիմում որպես դարպասապահ:

-Դու ֆուտբոլում ընտրել ես դարպասապահի դիրքը, ի՞նչն է քեզ գրավում այդ դիրքում:
-Կարծում եմ, որ դարպասապահը կատարում է գլխավոր դերը թիմում, և շատ դեպքերում լավ դարպասապահը ստացված խաղի հիմնական գրավականն է: Եթե դարպասապահ չլինեի, պաշտպանի դիրքում կխաղայի:

-Ո՞րն է ձեր թիմի հաջողության գրավականը:
-Թիմային աշխատանքը, համարձակությունը և նպատակին հասնելու ձգտումը:

- Ի՞նչ տվեց քեզ այս առաջնությունը:
-Նախ և առաջ, գիտելիքներ մինի ֆուտբոլի մասին, կանոններ, որոնց մասին մինչ այդ անտեղյակ էի:

-Ի՞նչ անձնային հատկանիշներ են պետք մարդուն լավ դարպասապահ լինելու համար:
-Կատարյալ ուշադրություն, ինքնավստահություն և ճարպկություն:

-Մեծ ֆուտբոլում ո՞ր դարպասապահն է քեզ ոգեշնչում:
- Ջանլուիջի Բուֆոնը:

Իսկ Հասմիկը և իր խաղընկեր Նելլին առաջնության ամենաակտիվ խաղացողներ ճանաչվեցին:

-Բարև ձեզ: Ես Հասմիկ Ղազարյանն եմ՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղից, և խաղում եմ համանուն ֆուտբոլի թիմում:

- Հասմիկ, ի՞նչ տվեց քեզ ֆուտբոլը և, մասնավորապես, այս առաջնությունը:
- Այն ինձ սովորեցրեց, որ երբեք պետք չէ հուսահատվել, ստիպեց մտածել, որ ես կարող եմ խաղալ ֆուտբոլ, և որ երբեք ուշ չէ սիրած գործով զբաղվելու համար: Սովորեցի համագործակցել թիմի հետ, միշտ նրանց կողքին լինել ու պայքարել երազանքի համար:

-Իսկ ի՞նչ ես կարծում, ինչո՞վ է առանձնանում աղջիկների ֆուտբոլը տղաների ֆուտբոլից:
- Միայն նրանով, որ մարդիկ չեն հավատում, որ աղջիկները կարող են ֆուտբոլ խաղալ տղաներին հավասար, դեռ մի բան էլ ավելի: Այսօր Հայաստանում աղջիկներին պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու համար պետք է հաղթահարել մի շարք կարծրատիպեր, իսկ այս առաջնությունը լրացուցիչ վստահություն է հաղորդում նրանց:

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր ցանկություն ունեն սպորտով զբաղվելու, բայց կոմպլեքսավորվում են:
-Խորհուրդ կտամ հաշվի նստել միայն սեփական կարծիքի հետ, ամեն գնով հասնել դրված նպատակին: Ոչ մի նշանակություն չունի, եթե ասեն, թե իբր աղջիկը սպորտի համար չէ, կամ աղջիկը ֆուտբոլի համար չէ:

Աղջիկներին մարզելու դժվարությունների մասին զրուցեցի նաև Ալավերդի 2-ի մարզիչ`Վարուժան Մկրտչյանի հետ:

- Որքան գիտեմ, մարզել եք նաև տղաներին: Ի՞նչ տարբերություն եք տեսնում նրանց մարզելու միջև. որքանով է հեշտ կամ դժվար աղջիկներին մարզելը:
-Զուտ ընկալման հարցն է: Ես համարում եմ ֆուտբոլը տղաների սպորտաձև, այս հարցով աղջիկներին սովորեցնելը մի փոքր ավելի դժվար է ստացվում, քան տղաներին:

- Իսկ ինչո՞վ է առանձնահատուկ աղջիկների ֆուտբոլը:
-Գեղեցիկ սեռն է ֆուտբոլ խաղում:

-Գեղագիտական հաճո՞ւյք:
-Իհարկե:

-Ըստ ձեզ, ի՞նչ հատկանիշներ են հարկավոր աղջկան ֆուտբոլային կարիերա ստեղծելու և այս ասպարեզում առաջ գնալու համար:
-Նախ, ֆիզիկապես պատրաստ լինել, հետո չլինել կաշկանդված: Մեր աղջիկների մի մասը շատ է «ռամկաների» մեջ, ավելի անկաշկանդ լինելը չէր խանգարի, որին հասնելու համար և՛ մենք, և՛ ծնողները մեծ աշխատանք ունենք կատարելու:

-Ֆուտբոլի մեջ ձեր կարծիքով կարևոր է շատ գոլեր խփելն ու հաղթելը, թե՞ որակյալ ու դիտարժան խաղ ցուցադրելը:
-Ինձ համար՝ որակյալ խաղը, իսկ երկուսը միասին ուղղակի կատարյալ կլինի:

- Ինքներդ ֆուտբոլով զբաղվե՞լ եք:
-Ես բասկետբոլով եմ զբաղվել 20 տարի, բայց ֆուտբոլի մեծ սիրահար եմ` Բարսելոնայի, Հենրիխ Մխիթարյանի, մեր ազգային հավաքականի:

-Եթե խաղայիք ֆուտբոլ, ո՞ր դիրքում կփորձեիք ձեր ուժերը: Եվ ո՞վ է այդ դիրքում աշխարհում լավագույնը:
-Կենտրոնական պաշտպան և, միանշանակ, Պույոլ:

Նախաձեռնության մասին խոսեցի նաև պատասխանատուներից մեկի՝ Բրայան Լեոպոլդի հետ:

-Ո՞ր կազմակերպություններն են հովանավորում առաջնության անցկացումը, և արդյո՞ք այն լինելու է շարունակական:
-COAF-ը և GOALS-ը: Առաջնությունը անց է կացվում երեք մարզերում` Սյունիք (Գորիս), Տավուշ (Իջևան), Լոռի (Ալավերդի): Մտադրություն ունենք շարունակել աշնանային մրցաշրջանով:

-Ի՞նչ է սպասվում առաջնություններում առաջին տեղ գրավածներին:
- Նրանք այլցելելու են Երևան` ԱՄՆ դեսպանատուն, ու մրցելու են միմյանց հետ:

- Ո՞րն է առաջնության անցկացման նպատակը:
- Ցանկանում ենք զարգացնել աղջիկների ֆուտբոլը Հայաստանում, մանավանդ որ, այն քիչ տարածում ունի մարզերում: Ու նաև ցույց տալ, որ աղջիկները ունակ են տղաներին հավասար ֆուտբոլ խաղալու:

-Որևէ տարբերություն նկատո՞ւմ եք երեխաների մեջ:
-Իհարկե, նրանք սկսել են ավելի լավ խաղալ, քան առաջ, նոր ընկերներ են ձեռք բերել ու ավելի ինքնավստահ են դարձել:

Լիգայի խաղերին հետևելով կարող եմ ասել, որ այնտեղ տիրում էր ընտանեկան մթնոլորտ: Բոլորը ընկերացել էին և հակառակորդներ էին բացառապես միայն խաղադաշտում:

Իսկ եթե դու մինչև հիմա կարծում ես, որ ֆուտբոլը միայն տղաների սպորտաձև է, ուրեմն… Ես չգիտեմ, ուղղակի չգիտեմ…