Ամանորյա ծեսի ավանդույթները

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Վայոց Ձորի Մարզային գրադարանի մանկական բաժնի աշխատակցուհիները երեխաների համար կազմակերպել էին ամանորյա միջոցառում: Նվերներ, Ձմեռ պապ, տոնական երգ ու պար…

Հանդեսին մասնակցում էին ուսուցիչներ, երեխաների ծնողները, գրադարանի սպասարկման բաժնի և գրապահոցի աշխատակցուհիները:
Երեխաները ներկայացրեցին Նավասարդի տոնը, որ տոնել են հին ժամանակներում, արտասանեցին բանաստեղծություններ, պարեցին մեր հայկական պարերը:
Հետո պատմեցին ցանկությունների ծառի մասին.
-Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում, զարդերը եղել են բնության պարգևներ:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Նոր տարվա երեկոյան ձիթենու հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվել: Տան անդամները ընդեղենով զարդարում էին ճյուղը, հետո տանում էին եկեղեցի՝ օրհնություն առնելու, ապա բերում և ամրացնում էին գերանին:
Նաև կենաց ծառի մասին խոսեցին, որն ի նշան առատության, զարդարում էին մրգերով, մարդակերպ և կենդանակերպ թխվածքներով, կոպեկներով, փոքրիկ քսակներով: Այդ ծառի կողքին կար ևս մի փոքրիկ ծառ, որի վրա մոմեր էին դրվում և ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր համար մոմ էր վառում:
Երեխաները նույնպես մրգեր և կոնֆետներ կախեցին կենաց ծառից, յուրաքանչյուը վառեց իր մոմը:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Պատմեցին նաև տարեմուտին թխվող կարկանդակի մասին, մեջբերելով Ղազարոս Աղայանի՝ «Հոնի կորիզը» բանաստեղծության տողերը:

«Տարեմուտի երեկոյան
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ
Իբրև բախտի նշանակ:

«Կորիզն,-ասաց,-ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
Ու՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կստանա»:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Հերթը հասավ կարկանդակը կտրելուն, կտրեցին կարկանդակը, և ով իրեն բաժին հասած կտորում հոնի կորիզ գտավ, շատ ուրախացավ:
Այս ամենից հետո երեխաները մեծ ոգևորությամբ կանչեցին Ձմեռ պապին, որն էլ ներս մտավ նվերների պարկը շալակին: Լսեց երեխաների ասմունքը, հետո բաժանեց նրանց համար նախատեսված նվերները: Երեխաներն էլ իրենց հերթին նկարվեցին Ձմեռ պապի հետ: